Սերժանտ եւ... միանգամից լեյտենանտ...

01.02.2021 12:17
8057

Տոհմը հին, շատ հին է, գորիսյան` Դադունց: Մեծ պապը Հին Գորիս-Վերիշենի հայտնի զուռնաչի Ռուբենն է եղել: Պապը` Սեյրանը, որ հինգ եղբոր ու մեկ քրոջ փոքրն է, դեռ 7-8 տարեկան հասակից հոր նվագի հետ դհոլն էր խփում: Տատը` Եպրաքսյան, հերոսուհի մոր դուստր է, 12 երեխաների վերջինը, Զդին տոհմից:

Դադունցները գյուղում տարբերվում ու աչքի են ընկնում ոչ միայն հաղթանդամ կեցվածքով, ֆիզիկական կարողությամբ, այլեւ` «ձեռքաջրով», բազմաշնորհ վարպետությամբ, աշխատասիրությամբ...

Իմ սերնդի լավ մարդկանցից մեկին` Սեյրան Դադունցին հեռախոսով հարցնում եմ,  թե թոռը` Սամվելը, ե՞րբ պիտի արձակուրդ գա:

- Սպասում ենք, - ասում է, - օրը չգիտեմ...

Մի ժամ հետո զանգ եմ ստանում.

- Եկել է...

- Էսօր, վաղը ձեզ նվեր, հետո, որ ազատ լինի` թող ինձ հանդիպի, - ասում եմ:

- Չէ', ասում է Սեյրանը, - դու կասես, թե քեզ երբ է հարմար, կհանդիպենք մեր տանը: Հանգիստ կնստենք, պզկաթան կուտենք, համ էլ կզրուցենք...

Ծիծաղում եմ:

- Լավ բան ես ասում... Որ տիկին Եպրաքսյայի պատրաստած թանն էլ նմանը չի ունենա` չեմ կասկածում, բայց համավարակը զսպաշապիկ է հագցրել բոլորիս, դու էլ, ես էլ ռիսկի գոտում ենք, արի մեր հանդիպումը տեղափոխենք գալիք լավ օրերին...

 

                                                  *     *     *

Պատերազմ էր... Գյուղը, շունչը պահած, սպասում էր ռազմաճակատից եկող լուրերի: Տեսածն ու լսածը մաշկի վրա էր, հոգու մեջ, աչքի շողում. ողբում էր, հրճվում, հպարտանում, ձեռք մեկնում... Սպասում էր հավատով, հույսով, սպասում էր միայն մի բանի` հաղթանակի... Մեծ կորուստի տերն էլ հասկանում էր, որ կռվի դաշտում սխրանք գործելն ու նահատակվելն իրարից անբաժան են, որ առանց դրանց հաղթանակ չի լինում... Լավ լուրի սպասումով էր ապրում գյուղը` մեր տղերքի մեծ ռիսկի, անվախ լինելու, հերոսության... Այդպիսի մի օր էլ գյուղ հասան Սամվել Դադունցի ու նրա ջոկատի տղաների գործած սխրանքների մասին պատմություններ...

Սամվելի 20 տարին լրացավ դեկտեմբերի 27-ին: 2018 թվականին ավարտել է Վերիշենի միջնակարգ դպրոցը եւ ձմեռային զորակոչին կանչվել պարտադիր զինվորական ծառայության: Վիճակահանությունը նրան տարել է ՊԲ-ի 18-րդ հրաձգային դիվիզիայի 9-րդ պաշտպանական շրջան (Ջաբրայիլ): Ծառայության հենց առաջին օրերին Սամվելն արժանացել է հրամանատարության ուշադրությանը: Զինվորական երդումից անմիջապես հետո 2-րդ հրաձգային գումարտակում նշանակվել է ջոկատի հրամանատար: Շուտով նրան տրվել է սերժանտի կոչում: Պատերազմը սկսվելուց առաջ 101-108 մարտական դիրքերը եղել են վաշտի պաշտպանական գոտու տարածքները: Այստեղ էլ Սամվելը նշանակվել է 105 մարտական դիրքի ավագ: Ջոկատի հրամանատարը եւ իր 6 տղաները` Գարիկ Աղանյանը (Գյումրի), Համլետ Օսեյանը (Մարտունի), Դավիթ Խաչատրյանը (Մարտունի),  Գոռ Ներսիսյանը (Կապան), Աբել Պետրոսյանը (Հրազդան), Արթուր Պողոսյանը (Վանաձոր) հենց սկզբից պայմանավորվել են, որ լինելու են լավ ընկերներ եւ օրինակելի զինվորներ: Առաջինը, որ նրանք ձեռնարկել են, դիրքը պաշտպանության եւ հարձակման համար ապահով եւ անխոցելի դարձնելն էր, զինվորի հերթապահության եւ հանգստի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Տղաներով խելք-խելքի են տվել, վերակառուցել ու վերափոխել են իրենց պաշտպանությանը հանձնված տեղամասը: Հրամանատարությունը տեսել, հավանել է: Հետո վերափոխված դիրք այցի է եկել գլխավոր շտաբի պետը,  գովել, ոգեւորել է տղաներին, դիրքն էլ ստացել է ցուցադրական եւ օրինակելի անվանումը:

Պատերազմի հենց առաջին օրը նշված դիրքերից նահանջելու հրաման է տրվել: Տղաները դա խիստ ցավալի են ընդունել, միաձայն որոշել են դիրքը չհանձնել, կռվել մինչեւ վերջ: Երեք օր անդադար տարբեր զինատեսակներից, ԱԹՍ-ներից եւ ուղղաթիռներից բարձունքը ենթարկվել է հրետակոծության, բայց տղաները չեն նահանջել, կռվել են հերոսաբար, օրինակելի պոստը կանգուն է մնացել: Չորրորդ օրը նրանք հայտնվել են շրջափակման մեջ: Հրաման է տրվել հնարավոր տարբերակով դուրս գալ շրջափակումից: Ջոկատը դուրս է եկել եւ երկրորդ պաշտպանական գոտում միացել է վաշտին: Մի քանի օր այստեղ, ինչպես նաեւ զորամասի տարածքում կռվելուց, շրջափակումների մեջ ընկնելուց եւ դուրս գալուց հետո, զորամասը մեկնել է պաշտպանելու Հադրութը: Պաշտպանական շրջան է եկել Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը: Նա հարցրել է թե ո՞վ է եղել 105 մարտական դիրքի ավագը: Ներկայացրել են Սամվելին:

- Ներկայացի՛ր, - ասել է հրամանատարը:

- 105 մարտական դիրքի ավագ, սերժանտ Դադունց, - ներկայացել է Սամվելը:

- Շնորհավորում եմ, լեյտենանտ Դադունց, այսօրվանից դու լեյտենանտի զինվորական կոչում ունես եւ նոր պաշտոն` 6-րդ հրաձգային վաշտի, առաջին հրաձգային դասակի հրամանատարն ես...

Փաստորեն Սամվել Դադունցին տրված լեյտենանտի զինվորական նոր կոչումը, որ նա ստացել է իբրեւ 105 դիրքի ավագ` դիրքը չթողնելու եւ 3 օր պաշտպանություն իրականացնելու համար, ունի թռիչքային 5 աստիճան (սերժանտից`ավագ սերժանտ, ավագ, ենթասպա, ավագ ենթասպա, կրտսեր լեյտենանտ, նոր միայն լեյտենանտ):

Երկու օր հետո զորամիավորումը կրկին շրջափակման մեջ է հայտնվել: Սկսվել է խառը մարտը: Եղել են զոհեր, վիրավորների թիվը հասել է երկու տասնյակի: Նահանջի ժամանակ Սամվելը ետ է ընկել, տեսել է, որ  ճամփեզրի ձորակներում ու փոսերում անօգնական ընկած են մի կերպ գլխավոր մայրուղի հասած վիրավոր զինվորներ ու կամավորականներ: Ճանապարհին կանգնած է եղել «Նիվա» մակնիշի մի ավտոմեքենա: Վարորդին սպասել է մի քիչ, բայց` ապարդյուն: Մտածել է կտրել փականի լարերը, ուղիղ միացում տալ, բայց զարմացել եւ ուրախացել է, երբ տեսել է, որ բանալին փականի մեջ է: Հրետակոծության տակ նա երեք ուղերթ է կատարել 20-25 կմ հեռավորության վրա Տող գյուղում տեղակայված հոսպիտալ. տեղ է հասցրել ճամփեզրին հանդիպած բոլոր 15 վիրավորներին: Սամվելի պատմածով հրետակոծությունն այնքան ուժեղ է եղել, որ այդ ընթացքում ճանապարհին այլ մեքենայի չի հանդիպել: Վերջին երթուղուց հետո նա ավտոմեքենան կանգնեցրել է հոսպիտալի մոտ, ապակուն կպցրած ԱՊՊԱ թերթիկից վերցրել է տիրոջ հեռախոսահամարը, զանգահարել, շնորհակալություն է հայտնել մեքենայից օգտվելու համար, պատմել է, թե ինչ նպատակի է ծառայել այն, ասել է մեքենայի կայանատեղը... Պարզվել է, որ մեքենայի տերը ՊԲ-ի գնդապետ է...

Այստեղից զորքը տեղափոխվել է Մարտունու Սարաշեն գյուղ: Հաջորդ օրը նրանց տարել են Ֆիզուլի` մարտերի: Տասը օր անց  եղել է ՊԲ հրամանատարի հրամանը` Սամվել Դադունցին վաշտի հրամանատար նշանակելու մասին:

Այս մարտական գոտում եւս տղաները նահանջի հրաման են ստացել, գումարտակը դիրքավորվել է Ճարտար գյուղի մերձակայքում: Երեք օր հետո եղել է հրադադար...

Սամվելը գյուղ էր եկել՝ օգտվելով հրադադարից հետո ժամկետային զինծառայողներին տրված կարճատեւ արձակուրդի իրավունքից: Գյուղը նրան դիմավորեց իբրեւ իր հերոսի...

Մի քանի օր անց նա զորամաս վերադարձավ` շարունակելու ծառայությունը: Քիչ ժամանակ է մնում, կավարտի, տուն կգա եւ կպատրաստվի զինվորական ակադեմիայում հանձնելու ընդունելության քննություններ...

Այսպես են ծնվում զորահրամանատարները...

 

                                                                                         Գագիկ Հայրումյան

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք այս երկու պատերшզմների բոլոր նահшտակների արյшն համար․ Մոջթաբա Խամենեի

11.07.2026 15:26

Նավակատիք եւ վերաօծում՝ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցում

11.07.2026 11:36

Կապանի միջազգային երաժշտական փառատոն. օր յոթերորդ

11.07.2026 10:25

Արեն Հայրապետյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկել Եվրոպայի մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ

10.07.2026 20:46

Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել

10.07.2026 17:06

Վանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքում

10.07.2026 16:37

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան պրոպան գազ և պարարտանյութ կմատակարարվեն

10.07.2026 16:34

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

10.07.2026 15:12

Իրավապաշտպանը Ռուբեն Վարդանյանի գործով կդիմի ՄԻԵԴ. 15 գերիների դատավճիռները Բաքուն մերժում է տրամադրել․ «Ազատություն»

10.07.2026 15:09

Սյունիքում տոնեցին Ընտանիքի, սիրո և հավատարմության օրը

10.07.2026 14:53

Սևանա լճի էկոհամակարգի պահպանման 2027 թվականի տարեկան ծրագրով նախատեսվել է 19 միջոցառում

10.07.2026 14:28

Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը

10.07.2026 14:26