Շաքե հրաշքը կա, մնում է պահպանել այն

14.08.2017 08:47
2004

«Հակոբջանյան եւ Գալստյան» ՍՊ ընկերությանը պատկանող հէկ-ի համասեփականատեր Աղասի Հակոբջանյանի հետ զրույցը մի շարք կարեւոր հարցեր է ընդգրկում. Շաքեի ջրվեժի գրաֆիկային գործարկումը, տարածաշրջանի առանձնահատուկ տեսարժան վայրի հանրային նշանակության գերադասումը հէկ-ի շահերից, կառուցող հայի ոդիսականը, Սֆինքսի լռությունը եւ այլն:

                                                          

- Պարոն Հակոբջանյան, տեղյակ ենք, որ Շաքեի ջրվեժը՝ որպես հանրապետության ամենաուշագրավ տեսարժան վայրերից մեկը, այսօր նոր ռեժիմով է գործարկվում:
Ինչպիսի՞ն էր Շաքեի ջրվեժի երեկվա եւ ինչպիսի՞ն է նրա այսօրվա կարգավիճակը:


- Ի սկզբանե մենք պարտավորություն չունեինք ջրվեժի հետ կապված, իսկ հէկ-ը գործընկերոջս հետ քսան տարի առաջ գնել ենք պետությունից: Ոչ մի պարտավորություն չկա եւ չի էլ եղել, որ ջրվեժն ապահովեինք շուրջօրյա աշխատանքով: Սա՝ զուտ մեր իրավունքների տեսանկյունից, բայց որպես հայ, որպես երկարամյա պետական գործունեություն ունեցող մարդ եւ ամենակարեւորը՝ որպես սիսիանցի, սյունեցի հայ, իհարկե, միշտ էլ գնահատել եմ ջրվեժի դերակատարությունը: Այդ առումով՝ միշտ էլ ինձ համար առաջնային է եղել նրա գոյությունը եւ ոչ թե մեր անձնական շահը:


Ուղղակի մի հարց կա. մարդիկ չեն ուզում մի հարթության մեջ տեսնել ջրվեժը եւ հէկ-ը՝ մտածելով, որ վերջինս մենք գնել ենք, որպեսզի ջրվեժի գոյությունը խափանենք, որպեսզի այն դադարի ջրվեժ լինելուց: Ավելի անհեթեթ միտք, քան դա է, հնարավոր չէ պատկերացնել:


- Այսինքն, լինելով հէկ-ի բաժնետեր, Դուք կարեւորել եք Շաքեի ջրվեժի նշանակությունը, նրա գեղեցկությունն ու զուտ զբոսաշրջային դերը, նույնիսկ՝ ի վնաս ընկերության շահի՞…


- Այո, ես դեռ կանդրադառնամ այդ հարցին: Այնպես չի եղել, որ ջրվեժն անհասանելի է եղել մեր ազգաբնակչությանը, ուղղակի կանոնակարգված չի եղել նրա գործունեությունը, ազատ ռեժիմով աշխատել ենք, բայց այդ պայմաններում էլ՝ չի գտնվի մեկը, ով կվկայի, թե ինքը հասել է Շաքեի ջրվեժ եւ առանց նրա գեղեցկությունը վայելելու, տեսնելու, հետ գնացել: Գուցե եղել են բացառիկ դեպքեր, բայց չի կարելի դա ընդհանրացնել եւ մատի փաթաթան դարձնել:

Բոլոր դեպքերում, ես նույնիսկ բարձրաձայնել եմ, գործընկերոջս հետ՝ անձնական նախաձեռնությամբ, վերջին 10-15 տարիների ընթացքում դիմել ենք բոլոր վարչապետերին, տարածքային կառավարման նախարարներին, մարզպետներին՝ պետական մակարդակով խնդիրը կարգավորելու համար, եւ, ինչպես ասում են, ձայն բարբառո հանապատի:

Այն տպավորությունն էր միշտ, ասես Շաքեի ջրվեժը միայն մեզ համար էր ինչ-որ բան նշանակում:
Հարգանք ու պատիվ բնապահպանության գործող նախարար Արծվիկ Մինասյանին, ով լսելու եւ խնդիրը հասկանալու մշակույթ ունի: Տեղեկանալով մեր ընդհանուր մտահոգության մասին՝ նստեցինք կլոր սեղանի շուրջ, հրավիրվեց նախարարին կից խորհրդի նիստ՝ Շաքեի ջրվեժի հարցը հանգամանորեն քննարկելու համար:

Ի դեպ, խորհրդի անդամներից մեկն էլ ես եմ:

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ մենք պետք է անպայման ապահովեինք ջրվեժի աշխատանքը՝ ընթացքում դիմելով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ նաեւ որոշակի փոփոխություններ կատարելով՝ դրական իմաստով, որպեսզի ֆինանսապես շատ չտուժենք:

Մեր կազմակերպությունը դիտարկել միայն որպես հէկ, եւ սահմանափակել հարցը, սխալ է, կարելի է ասել՝ ոչինչ չանել. այստեղից սնվում են ընտանիքներ, աշխատատեղեր են գործում: Անմասն չենք մնում նաեւ համայնքային գործընթացներին, միջոցառումներին, օգնում ենք պատերազմի վետերաններին, Արցախյան, ապրիլյան պատերազմների մասնակիցներին, նրանց ընտանիքներին, բոլոր տոնական, նաեւ հիշատակի միջոցառումներին հէկ-ն իր մասնակցությունն ու աջակցության մասնաբաժինն է ունենում:

Արդյունքում՝ դեռեւս գարնան սկզբից ջրվեժը գործում է արդեն իսկ նախատեսված ժամերով:

Բարեբախտաբար, բնապահպանության նախարարությանը կից գործող խորհրդի անդամ է նաեւ տուրիզմի գործակալության տնօրեն Զարմինե Զեյթունցյանը, նրա հետ էլ հանդիպել ենք, լսել բոլոր տուրիստական գործակալությունների տնօրենների, օպերատորների կարծիքը:

Վերջին շրջանում մեծացել է զբոսաշրջիկների հոսքը: Սահմանված գրաֆիկը ցերեկվա ժամը 11-ից 19-ը ընկած ժամանակամիջոցն է, բայց դա քարացած չէ. եթե զբոսաշրջիկն այստեղ է գալիս, ասենք, ժամը 11-ից առաջ կամ երեկոյան ժամը 7-ից հետո, մենք դարձյալ ապահովում ենք նրա հանգիստը, նա առանց ջրվեժի հմայքը վայելելու՝ այստեղից չի հեռանում:


- Պարոն Հակոբջանյան, ջրվեժի լիակատար գործարկման ընթացքում աշխատու՞մ է հէկ-ը, արդյո՞ք թույլատրելի են պարբերական անջատումները՝ հնարավոր խափանման առումով:


- Ագրեգատը շարունակում է աշխատել՝ առանց հզորություն հավաքելու, այդ պարապուրդ ժամերին էլեկտրաէներգիա չենք արտադրում, ուղղակի տեխնիկական նկատառումներով այն աշխատեցնում ենք, որպեսզի ներս ու դուրս անելով՝ չվնասվեն սարքավորումները:

Ջրվեժը, նորից ասեմ, լիարժեք ընթացքի եւ իր տարերքի մեջ է, ապահովված է նրա գործունեությունը, թեպետ եւ արդյունքում հէկ-ը տուժում է՝ ամսական երկու միլիոն դրամի չափով: Այսինքն՝ չորս ամիսների ընթացքում կորցրել ենք շուրջ 8 միլիոն դրամ:

Մենք հաշվի ենք առնում հանգամանքը, որ ջրվեժը հանրային նշանակության կառույց է, եւ մեր՝ այս ընդառաջող քայլից ոչ միայն տեղացի, նաեւ արտերկրից ժամանող զբոսաշրջիկներն են շահում՝ հիանալով մեր շրջանի ամենադիտարժան վայրի բնական գեղեցկությամբ:


- Ստացվում է այնպես, եւ դա իրականում այդպես էլ կա, որ ջրվեժն ու հէկ-ն անքակտելի կապով կապված են միմյանց հետ, մեկի գործունեությունն անմիջականորեն առնչվում է մյուսի գոյության հետ:

Հնարավոր չէ ՞, որ ջրվեժն ինքն էլ ներառվի հէկ-ի խնամակալության եւ հոգածության ներքո: Չէ՞ որ նրա պահպանությունն ու զբոսավայրային գործարկումը ոչ պակաս կարեւոր խնդիր է:


- Այդ հարցը քննարկման փուլում է, գործընթացի մեջ, նաեւ՝ բնապահպանության նախարարի առաջարկությամբ, եւ, ամենայն հավանականությամբ ջրվեժը սկզբունքների համակարգման եւ կառավարման կարգով կտրվի մեզ, որպեսզի պատասխանատվություն կրենք նաեւ նրա պահպանության, մաքրության, շրջակայքի կանաչապատման, ծառատնկման, տեղում ծագող այլ խնդիրների, որպես զբոսավայր՝ նրա հետագա զարգացման համար:


- Հետաքրքիր է, ինչպե՞ս են կարգավորվել այդ հարցերը խորհրդային ժամանակներում: Չէ՞ որ այն ժամանակ էլ կար ջրվեժը՝ մշտապես դիտարժան, եւ՝ կար հէկ-ը:


- Խորհրդային ժամանակներում համակարգն ուրիշ էր, նման հարցեր չեն եղել, չեն քննարկվել: Ճիշտ է, երկուսն էլ կային, բայց նման սրությամբ դրված չի եղել ջրվեժի հարցը: Հավանաբար, դարձյալ փոխհամաձայնություն է եղել, ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը չեն տուժել: Կամ տուժել են մասամբ՝ առանց էական վնասի:

Ասեմ, որ նախքան սեփականաշնորհումը, հէկ-ը չէր աշխատում, վնասված էր, ագրեգատները շարքից դուրս եկած էին: Նրա գործարկման համար բավականին լուրջ ներդրումներ ենք կատարել, որպեսզի կարողանանք վերականգնել արտադրությունը: Այնպես որ՝ մինչ այս պահը, կարելի է ասել, տուժում ենք:

Չգիտեմ, չար լեզուներն ի՞նչ են բարբաջում, դա իրենց խնդիրն է, բայց ես խոսքս քամուն տվող մարդ չեմ, իմ ժողովրդի հանդեպ շարունակում եմ նույն սրտացավն ու պատասխանատուն մնալ:

Նախարարի խոսքը գետնով չենք տվել, ոչ էլ մատների արանքով ենք նայում պայմանավորվածությանը:

Այսօր էլ, տեսնում եք, ունենք այն, ինչ ունենք. ժողովրդի հոսքը, ինքներդ էլ տեսնում եք, շատ ակտիվ է, բավականին աշխուժացել են այցելությունները:

Ասեմ՝ նաեւ հակված ենք այս ձորը դարձնել մի հրաշալի վայր, որը կարելի է նաեւ անվանել հանգստյան գոտի, զբոսաշրջիկներին ընդունելու, ժամանցի վայր, որը կունենա ռեստորանային համալիր, հյուրանոց-հյուրատներ…

Հէկ-ի ճանապարհը, որը մայրուղուց մեկ կիլոմետրից ավելի է, ինչպես նաեւ՝ ջրվեժ տանող ճանապարհը, որոշել ենք բարեկարգել, բայց, ցավոք, այդ հարցը դեռ քննարկման փուլում է: Նախորդ տարիներին բավականին միջոցներ ենք ծախսել այդ նպատակով, սակայն, հարկային մարմիններից եկել, արձանագրել են, որ այդ իրավունքը չունենք՝ պատճառաբանությամբ, որ ճանապարհը մեզ չի պատկանում:

Փորձեցի բացատրել նրանց, որ ներդրումներ ենք կատարում, որովհետեւ մտահոգված ենք նորմալ ճանապարհ ունենալու խնդրով, հաշվի չառան: Կարծում եմ, աբսուրդի ժանրից է, երբ գործ անող մարդուն նման անհեթեթ պատճառաբանությամբ արգելում են գործ անել, իր կազմակերպության տարածք կամ զբոսավայր՝ ջրվեժ տանող ճանապարհը վերանորոգել:

Մենք լուրջ ծրագիր ունենք այստեղ՝ շրջակա միջավայրի պահպանության եւ զարգացման հեռանկարների առումով, եւ այդ ծրագիրը պետք է համաձայնեցնենք բնապահպանների, հասարակական կազմակերպությունների հետ:

Այս գեղատեսիլ եւ բացառիկ միջավայրը չէի ցանկանա վերածվեր, այսպես ասած, մանղալային, խորոված-քյաբաբային «գորոդոկի»:

Այդ մեկը թույլ չեմ տա, բացառվում է: Առանց այն էլ որոշ զբոսաշրջիկներ սկսել են սննդի մնացորդներն անարգել աջ ու ձախ նետել, աղտոտել շրջակայքը: Ջրվեժն իր ողջ տարածքով՝ վերից-վար, պետք է պահպանվի, որպեսզի նրա գեղագիտական մթնոլորտը կատարյալ եւ անթերի լինի, չվնասվի բնությունը:

Այն ամենը, ինչ մենք ենք անում, բնությանը, նրա տեղանքին եւ նշանակությանը մազաչափ չի վնասում:


- Պարոն Հակոբջանյան, շատ գեղեցիկ ձեռնարկումներ ենք տեսնում, հետաքրքիր, կանաչ գոտու սկիզբ եք դրել: Պատմեք այդ մասին:


- Մենք շատ հյուրեր ենք ունենում հանրապետության տարբեր վայրերից, Արցախից, նրանք նաեւ այցելում են հէկ, նստում մերձակա տարածքում, հանգստանում:


Տեսնում եք, շրջակայքում ռեստորանային համալիր է կառուցվում, ներսում եւ դրսի տարածքում այցելողների համար առկա է ամեն անհրաժեշտ կառույց:


Ընդամենը ցանկանում ենք, որպեսզի զբոսաշրջիկն այստեղ լիարժեք հանգստանա, սառնորակ ջուր ճաշակի, հիանա գեղատեսիլ ձորով, որը հետագայում կդարձնենք իսկական դրախտավայր՝ իր բոլոր հավելում-կառույցներով:


Զբոսաշրջիկը կարող է այստեղ գիշերել, սնվել, երեկոյան նստել գետի ափին եւ ցանկության դեպքում՝ նույնիսկ ձուկ որսալ:


Արդեն երկու տարի է, ինչ սկսել եմ շուրջ 70-100 հոգու համար նախատեսված ռեստորան- կառույցի շինարարությունը՝ բնության կանաչ գորգով շրջապատված:


Գրեթե ավարտված են հիմնական աշխատանքները, կահավորանքը՝ գնված, պատրաստ, մնում են որոշակի կոսմետիկ սրբագրումներ, որից հետո կսկսենք գետի մաքրումը, նրա պիտանելիությունը կդարձնենք բացարձակ: Ողջ տարածքը՝ որպես հանգստի գոտի, կծառայի ե՛ւ մեծերին, ե՛ւ երեխաներին:

Կարճ ժամանակում ավարտին կհասցնենք տարածքի նախնական աշխատանքները եւ արդեն կփորձենք հյուրեր, զբոսաշրջիկներ ընդունել: Իհարկե, մեր սկսած գործը զարգանալու, ընդլայնվելու տեղ ունի:


- Կա՞ն լուրջ խոչընդոտներ՝ գեղեցիկ նպատակն ավարտին հասցնելու, ծրագիրն ամբողջությամբ կատարելու գործում:


- Վերջին տասը տարվա ընթացքում շուրջ երկու միլիոն դոլարի ներդրումներ ենք կատարել Սիսիանի տարածաշրջանում: Դա չենք բարձրաձայնել, չենք էլ ցանկանում մեր գովեստով զբաղվել:

Խոչընդոտներ եւ արհեստականորեն դրանք ստեղծողներ, ցավոք, կան, մեկը՝ հենց փաստաթղթային հարցերում: Տարիներ շարունակ այդ քաշքշուկը չի լուծվում՝ նախորդ մարզպետից մինչեւ գործող մարզպետ…

Այսպես ասեմ, տարածքը երկարաժամկետ վարձակալությամբ վերցրել ենք, հէկ-ի տարածքը մերն է, խոսքը նրա շրջակա տարածքի մասին է: Ցանկանում ենք նաեւ մեր վարձակալած տարածքում համապատասխան աշխատանքներ տանել: Դիմել ենք համայնքային իշխանությանը, Շաքեի համայնքի ավագանու որոշմամբ թույլտվություն է տրվել, որպեսզի դիմենք մարզպետարան՝ հողի գործառնական նշանակությունը փոխելու նպատակով:

5-6 տարի է՝ ոչ մի արձագանք չկա: Երեւի շատ դժվար է անխնամ, ոչնչով չգրավող այս հողատարածքը կառուցելու, գեղեցկացնելու նպատակով օգտագործելու մասին որոշում կայացնելը: Հարց է ծագում՝ ո՞րն է ավելի լավ մարդկանց, այստեղ այցելողների համար. գեղեցկությունն ու օգտակարությու՞նը, հանգստանալու նորմալ, քաղաքակիրթ մշակու՞յթը, թե՞ քարուքանդ վիճակը:

Մենք, նկատի ունեմ՝ մեր ընկերությունը, պետական քաղաքականություն սիրող մարդիկ ենք, պետության, շրջակա միջավայրի հանդեպ ոչ մի ավելորդություն թույլ չենք տվել, հարկերն ու աշխատավարձերը ժամանակին վճարում ենք: Մեր աշխատողի ամենացածր աշխատավարձը կազմում է 120 հազար դրամից ոչ պակաս: Ինչու՞ եմ սա ասում. դիմում ենք մեր ղեկավարությանը՝ թույլ տալ այս անկյունը դարձնել մի հրաշալի վայր՝ մեր միջոցներով, որից առաջինը կշահեն ժողովուրդը, զբոսաշրջիկները: Ի վերջո, 25 մարդ է աշխատում հէկ-ում, ովքեր 7-8 հոգանոց ընտանիք են պահում:

Նրանք նույնպես իրավունք ունեն հանգստի, եւ, ինչու՞ ոչ, տարվա մեջ մի քանի օր հանգստանալու հենց իրենց կազմակերպության շրջակայքում:

Զարմանալի է. մարզպետարանում այս բարի առաջարկին, որ երկու անգամ հաստատվել է Շաքե համայնքի ավագանու որոշմամբ, ոչ միայն զլանում են ընդառաջել, որն է՝ ընդամենը փոխել հողի գործառնական նշանակությունը, նաեւ՝ չեն էլ մերժում:


- Այո, իսկական սֆինքսյան հանելուկ է: Երեւի զարմացել եւ զարմանքից դեռ ուշքի չեն եկել. ինչպե՞ս կարելի է համատարած աղբի եւ ավերակների մեջ գեղեցիկ անկյուն ստեղծել… Այն դեպքում, երբ բոլորը ցանկանում են միայն աղտոտել եւ սպառել, ավերել՝ որքան հնարավոր է շատ:


- Երեւի, ես չգիտեմ, գոնե մերժեին, իմանայինք մեր անելիքը: Հէկ-ի երբեմնի աղբանոց-տարածքը վեր ենք ածել կանաչ գորգի: Վա՞տ է, որ արել ենք: Երեւի դրան էլ նախանձողներ, չկամեցողներ կան՝ ուրախանալու փոխարեն:


Հէկ-ի գործընկերս ու ես շրջակայքը գեղեցկացնելու, կառուցելու եւ ծառեր տնկելու հարցում միատեսակ ենք մտածում: Նա 12 հազար հոլանդական տեսակի խնձորենի է տնկել Իշխանասարի այգում, 1000 հոլանդական տեսակի խնձորենի էլ ես եմ տնկել Շաքեի ջրվեժ տանող ճանապարհին, որն ունի կաթիլային ոռոգում: Իսկ տեսարժան վայր տանող ողջ ճանապարհի աջ ու ձախ եզրերին դիլիջանյան եղեւնիներ ենք տնկել, որոնք շատ շուտով գեղեցիկ ու զով տարածք են ապահովելու ջրվեժ այցելողների համար, բացի նրանից, որ գեղագիտորեն կզարդարեն, ես կասեի, ուխտագնացության ճանապարհը:


- Հապա, խնդիրն ինչու՞մ է, այսքան պարզ, ջրի պես թափանցիկ հարց:


- Որքան հասկանում եմ, խնդիրն իմ մեջ է, այդ ես եմ խնդիր նրանց համար: Վստահ եմ, միշտ էլ օգտակար գործ եմ կատարել իմ հայրենի քաղաքի, սիսիանցու համար, հիմա էլ ճանապարհ եւ զբոսավայր կառուցելն եմ համարում հոգուս պարտք ու նվիրում:

Հպարտ եմ, որ ծնվել եմ Սիսիանում, ապրել ու մեծացել այստեղ, այսուհետ էլ միայն բարին եմ անելու իմ ժողովրդի համար: Նա տեսնում, գնահատում է, իմ գործունեությունը հստակ երեւում է նրա հոգու հայելու մեջ: Ինչպես ասում են՝ գործ, ոչ թե՝ խոսք: Սիսիանցին լավ գիտե, որ էլի պատրաստ եմ անձնական շահը ստորադասել հանրային կարեւորությանը, ինչը եւ փաստացի արել ենք Շաքեի ջրվեժի մշտադալար կարկաչի եւ նրանով հիացողի համար:


Ինձ համար կարեւորը ոչ թե իմ բիզնեսն է, այլ այն, որ սիսիանցին այցելի իր հայրենի քաղաքի ջրվեժ, հիանա, հանգստանա, հմայվի նրանով եւ նորից վերադառնա տուն:


Թող գան բոլորն էլ տեսնեն, թե ինչպես է Շաքեի ջրվեժը նախկին գեղեցկությամբ եւ հզորությամբ ջրվեժում, իսկ չար լեզուներն էլ թող պապանձվեն. ջրվեժը գործում է, կա եւ ավելի է հզորանալու:

Վերջում հստակեցնեմ ասելիքս, եւ քայլենք դեպի ջրվեժ: Տարածքը, որը մենք ցանկանում ենք հանգստավայրի վերածել, ըստ էության երկու մասի է բաժանվում. առաջինը հէկ-ի հարակից, սեփական տարածքն է, երկրորդը՝ երկարաժամկետ վարձակալությամբ վերցրած շրջակա տարածքը, որն ուզում ենք կառուցապատել, զբոսավայրին վայել գոտի դարձնել:

Գուցե պետք է դա ավելի շուտ կատարեինք, բայց այն ժամանակ պատրաստ չէինք դրան:

Հիմա, կընդառաջե՞ն, կփոխե՞ն հողի գործառնական նշանակությունը՝ շնորհակալ կլինենք, կշարունակեն լռել՝ Աստված իրենց հետ, թող լռեն, ինչպես ասացիք՝ Սֆինքսի լռությամբ:

Ես իմ բարի գործն արել եւ միշտ էլ անելու եմ, քանի որ դա գեղեցիկ է, աչքահաճո, հետաքրքիր հանգիստ է խոստանում թե՛ իմ երկրացուն, թե՛ այստեղ այցելող, աշխարհին իր հիացմունքի մասին պատմող եւ մեր շրջանի փառքը տարածող օտարերկրացուն:

Հ.Գ. Երեւաց Շաքեի ջրվեժը… Կա Շաքե հրաշքը եւ, համոզված եմ, այն ավելի է գրավիչ դառնալու տարածքի զբոսավայրային նախադուռ հէկ-ից սկսած՝ հետագա կառուցմամբ, զարգացմամբ:

«Ոչ ոք չի այցելում, ցամաքել է, ջրերը խմում է հէկ-ը». կատարյալ սուտ է: Առաջվա պես ջրվեժի արծաթե ցայտերն անգամ քշում են քեզ, ողողում սառնաշունչ ջրերով, հիացնում:

Օրական ութ պիկ ժամ նույն հզորությամբ Շաքեի ջրվեժը ջրվեժվում է, իսկ երեկոյան նրա վարսափնջերից քաղած լույսը զրուցում է մարդկանց տներում: Սիսիանցի է տերը, լավ հայ, Շաքե գեղեցկությունը, հայրենյաց շենությունը գնահատող սյունեցի հայ:

Մնում է զարմանալ, որ օգտակար գործ անելն էլ կուսակցական պատկանելություն պետք է ունենա մեր այս փոքրիկ, առանց այն էլ՝ այնքան զարկված եւ զրկված հայրենիքում…

ՍՈւՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25