Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը հանդիսավորապես նշվեց Գորիսի Շառլ Ազնավուրի անվան դպրոցում

27.05.2024 11:55
405

Երբ Գորիսի հերոսների պանթեոնի ճանապարհի մոտ գտնվող նախկին պիոներ պալատի շենքում տեղակայվեց քաղաքի երկրորդ երաժշտական դպրոցը, կարճ ժամանակ անց այն կոչվեց Շառլ Ազնավուրի անունով: Դա մարդու կենդանության օրոք անվանակոչության բացառիկ երևույթ էր Հայաստանում (հետագայում՝ դպրոցի հիմքի վրա, վերակազմավորվեց Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցը):  Ազնավուրը ողջ էր, և ոչ ոքի մտքով երբևէ չէր անցնի, թե նա մինչև կյանքի վերջը մի քանի անգամ կայցելի Գորիս: Շատերի համար այսօր էլ անբացատրելի է, թե Սյունիքի մարզի ողջ բնակավայրերից ինչու՞ Ազնավուրի սիրտը շահեց հենց մեր զարմանահրաշ Գորիսը:

Դպրոցի տարեգրության հիշարժան դեպքերից է 1994թ. այն օրը, երբ Շառլ Ազնավուրն առաջին անգամ ժամանեց  Գորիս: Նրա պատվին Գորիսի թատրոնի լեփ-լեցուն դահլիճում կազմակերպվեց հանդիպում քաղաքի հասարակության հետ, որն ուղեկցվում էր գրական-գեղարվեստական համադրությամբ: Միջոցառման ժամանակ հանդիսության մասնակից մի փոքրիկ աղջիկ բարձրացավ բեմ և մեծ շրջանակով գեղեցիկ նկար նվիրեց Ազնավուրին: Անակնկալից զգացված՝ Ազնավուրը վերցրեց նկարը, գրկեց աղջնակին: Քանի որ բեմահարթակից չհնչեց, թե աղջիկն ով էր և նրա տվածն ինչ էր, Գորիսի Շառլ Ազնավուրի անվան երաժշտական դպրոցի աշխատակցուհի Սուսաննա Հովհաննիսյանը հանկարծակի բեմ բարձրացավ և խոսափողով հնչեցրեց.

- Սիրելի Շառլ Ազնավուր: Ձեզ նվիրածը Գորիսի՝ Ձեր անունը կրող երաժշտական դպրոցի սան Լուիզա Ադամյանի նկարած կտավն է:

Ազնավուրը ցնցվեց.

- Ինչպե՞ս ... Այս քաղաքում իմ անունով երաժշտական դպրո՞ց...

Դահլիճն ակտիվացավ, թնդացին  ծափահարություններ....

***

Գորիսի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի տարեկան հաշվետու համերգն այս անգամ այլ իմաստ, նպատակ և խորագիր ուներ: 2024թ. մայիսի 22-ը Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի օրն էր, և դպրոցի տնօրինությունն ազնավուրյան տարվա միջոցառումների զարդը համարեց հենց այդ ցերեկույթը:

Դպրոցի առաջին հարկի ընդարձակ ճեմասրահը տոնական տեսք էր ստացել: Վերևում դպրոցի կերպարվեստի բաժնի դասատու Լիլիթ Մեժլումյանիհեղինակած՝ Ազնավուրի մեծադիր գծանկարն էր: Աջ և ձախ կողմերում՝ «ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ-100. ՀԱՎԵՐԺ ՍԵՐ» խորագիրը: Այս արտահայտիչ բառերի աջ և ձախ կողմերում, համապատասխանաբար, Հայաստանի և Ֆրանսիայի պետական դրոշներն էին: Ուշագրավ դիպված. միջոցառումը փակ դահլիճում չէր անցկացվում. թեև բաց դուռ չկար, բայց, ո՜վ զարմանք, թեթև միջանցիկ քամին ողջ միջոցառման ընթացքում մեղմորեն ծածանում էր Հայաստանի և Ֆրանսիայի դրոշները, ու, իրարից հեռու, բայց այնքան համաչափ, որ կարծես խորհրդանշում էին հայ-ֆրանսիական ամուր ու օրեցօր ավելի ամրապնդվող կապերը: Բեմի երկու կողմում դրված էին կերպարվեստի բաժնի դասատուներ Ռուզաննա Հովսեփյանի և Մերի Բունիաթյանի՝ Ազնավուրի խոշոր դիմապատկերով երկու գծանկարը, ամեն մի նկարի մոտ՝ դպրոցի սաների պատրաստած հայաբույր կավե ինքնատիպ սափորների ցուցասեղաններ, որոնց ճեղքերից մոմն այնպես էր մութը ճեղքում, ասես Ազնավուրի միջոցով հայ մշակույթի լույսի հաղթանակն էր տոնվում՝ ընդդեմ խավարի:

Դպրոցի սաների հաղորդավարական մուտքն ու տեքստային անցումներն ամբողջապես շաղախված էին Ազնավուրով. ծնունդ, դժվարին կյանք, երգարվեստի հաղթարշավ, համաշխարհային ճանաչում, համբավ ու փառք, բայց միշտ իրեն պարզ ու հասարակ պահող մի մահկանացու… Մեծ հայ, բարեգործ, Հայաստանի հետ կապերը միշտ ամուր պահող երևույթ:

Համերգացանկում ընդգրկված էին Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան», «Հավերժ սեր», «Լա Բոհեմ», «Ավե Մարիա» ստեղծագործությունները: Սրտից բխած սեր տարածեցին դպրոցի երգչախմբի ղեկավար Էմմա Ղազարյանի դիրիժորությամբ՝ դպրոցի երգչախումբը, Գոռ Դադալյանի ղեկավարությամբ՝ փողային քառյակը   (շեփոր՝ Գոռ Դադալյան, բարիտոն՝ Մարտին Սաթունց, բաս՝ Մարտուն Դադալյան, կլարնետ՝ Հովսեփ Հովհաննիսյան), Նարինե Բաղդասարյանի ղեկավարությամբ, Նելլի Մանուչարյանի նվագակցությամբ՝ նվագարանների համույթը:

Երգարվեստի բազմաբնույթ ճյուղեր ընդգրկող միջոցառման հագեցած ծրագրում ընդգրկված էին հայ և համաշխարհային երգարվեստի գլուխգործոցներ՝  Սայաթ-Նովա՝ «Քամանչա», Սպենդիարյան՝ «Հիջազ», Ա.Խաչատրյան՝ «Դիմակահանդես», Մավիսակալյան՝ «Ջան, Հայաստա՛ն», Պետրոսյան՝ «Կոնցերտային Էքսպրոմտ», Նաղդյան՝ «Կլոր պար», Խ.Ավետիսյան՝ «Կակաչներ», Պետրոսյան՝ «Հայկական ժողովրդական երգերի շարան», Դ.Հալաջյան՝ « Յար կկոնդաս», Ռ. Ամիրխանյան՝ «Երազի իմ, երկի՛ր, Հայաստան», Շմիտց՝ «Ամերիկյան ջազ», Չիարա՝  «Իսպանական Բոլերո», Միշել Մանգան՝ «Ռոմանս», Վիվալդի՝ «Կոնցերտ Լյա մինոր 2 ջութակի համար», «Փարիզի երկնքի տակ»,  Քայլերգերի շարան: Իրենց կատարողական արվեստը բարձր մակարդակով ցուցադրեցին դասատուներ Նելլի Մանուչարյանը, Մերի Ջավահիրյանը, Նաիրա Գրիգորյանը, Հովսեփ Հովհաննիսյանը, Անահիտ Հովհաննիսյանը, Ռոմիկ Օհանջանյանը, նվագակցողներ Էմմա Ղազարյանը, Նելլի Մանուչարյանը, Նաիրա Գրիգորյանը, դպրոցի սաներ  Տաթև Մանգասարյանը, Արևիկ Առուստամյանը, Մոնիկա Մալինցյանը, Ֆրիդա Բաղդասարյանը, Հարութ Ասատրյանը, Կարինա Միրաքյանը, Մարիետտա Գևորգյանը, Եսթեր Արզումանյանը, դպրոցի երգչախումբը, վոկալ համույթը (ղեկավար՝ Էմմա Ղազարյան), ջութակահարների համույթը (ղեկավար՝ Անահիտ Հովհաննիսյան), նվագարանների համույթը (ղեկավար՝ Նարինե Բաղդասարյան), փողային քառյակը (ղեկավար՝ Գոռ Դադալյան), փողային նվագախումբը (ղեկավար՝ Արմեն Գրիգորյան):

Հ.Գ.-1 Իբրև վերջաբան, Ազնավուրի ծննդյան օրվան համահունչ պատշաճ համարեցի «Սյունյաց երկրի» ընթերցողին հիշեցնել մեծանուն երգչի մահվանից 7 տարի առաջ, 2011թ. հոկտեմբերի 7-ին «Նուվել դԱղմենի» թերթի թղթակցի հարցերին Շառլ Ազնավուրի մի քանի ցնցող պատասխանները.

«Մեր հակառակորդները մեզանից սպասում են, որ նրանք, ովքեր դեռ հիշողություն ունեն, մեռնեն, որպեսզի դրանից պրծնեն:

… Ո՞ւր ենք գնում մենք: Այս ընթացքում Հայաստանը տառապում է, ամեն օր: Հայաստանը դատարկվում է: Քիչ ժամանակ անց այն կդառնա մի դատարկ խխունջ: Ո՞ւմ է դա ձեռնտու...

Հայաստանը մեծ վտանգի մեջ է…»:

Հ.Գ.-2 Գորիսի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցը՝ Մայիս Գալստյանի ղեկավարությամբ, հիրավի, դարձել է Գորիսի մշակութային կենտրոններից մեկը, ինչի հերթական ապացույցն էր նաև մայիսի 22-ին կազմակերպված գեղեցիկ ցերեկույթը՝ նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին։

Վաչե Մկրտչյան

 

Ֆինանսական աջակցություն Սյունիքի 125 միկրո, փոքր ու միջին ձեռնարկատերերի՝ բիզնեսը զարգացնելու համար

24.01.2025 23:11

Գորիս համայնքի Որոտան գյուղի խմելու ջրի խնդրի մասին

24.01.2025 23:05

Որոտան գյուղը ազդակիր համայնք է, և ՀԷԿ-ը պետք է համապատասխան սոցիալական ծրագրեր իրականացնի

24.01.2025 22:48

Հայաստանի անվտանգության հիմնաքարը ՀԱՊԿ-ն է, իսկ ԵԱՏՄ-ն՝ նրա տնտեսական բարեկեցության բանալին․ Սերգեյ Լավրով

24.01.2025 19:14

Հայաստանը Ռուսաստանի բնական ռազմավարական գործընկերներից և դաշնակիցներից մեկն է. ՌԴ ԱԳՆ

24.01.2025 19:11

ՖԻԴԵ-Ի ՎԱՐՊԵՏ ԱԼԵՔՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ՝ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ

24.01.2025 17:45

ՌԴ-Ուկրաինա հակամարտությունը կդադարի, եթե նավթի գները նվազեն․ Թրամփ

24.01.2025 17:12

ԱԺ հանձնաժողովի արտահերթ նիստի շրջանակում քննարկվում է ՀՀ-ի կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու նախագիծը

24.01.2025 14:48

Հարցազրույց Լևոն Սահակյանի հետ՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ

24.01.2025 11:35

Տասնամյակներով կուտակված խնդիրների թնջուկի մասն է․ Զախարովան՝ հայ գերիների վերադարձի մասին

23.01.2025 21:29

Մոսկվան պաշտպանում է Բաքվի ու Երևանի ուղիղ երկխոսությունը․ Մարիա Զախարովա

23.01.2025 20:12

Սեյրան Օհանյանը, ըստ մեղադրանքի, մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ բանակը ներգրավել է քաղաքական գործընթացում

23.01.2025 16:57