Շուշիի հայերի 1920 թվականի  ջարդերի անդրադարձը «Մշակ» թերթում[1]

22.03.2021 15:02
1067

Շուշիի հայ ազգաբնակչության 1920թ. ջարդերի վերաբերյալ բազմաքանակ վավերագրերի շարքում մեծ նշանակություն ունեն այդ ժամանակաշրջանում հրատարակված հայ և օտարերկրյա պարբերական մամուլի նյութերը:

20-րդ դարասկզբին արևելահայ իրականության մեջ առավել ազդեցիկ պարբերականներից էր «Մշակը», որ, հիմնադրվելով 1872թ.-ին Թիֆլիսում՝ ժամանակի ամենահայտնի մտավորականներից Գրիգոր Արծրունու կողմից,  գործեց մինչև 1921թ.-ը՝ ընդհուպ մինչև Վրաստանի խորհրդայնացման առաջին օրը՝ փետրվարի 25-ը՝ ուրույն հետագիծ թողնելով հայ պարբերական մամուլի պատմության մեջ: Ուսումնասիրողները լրագրի անցած ճանապարհը բաժանում են երեք փուլի՝ 1. 1872-1883 թթ., 2. 1884-1892 թթ., 3. 1893-1921 թթ.: Երրորդ փուլը «Մշակ»-ն անցնում է առանց հիմնադիր խմբագրի: 1892 թ. դեկտեմբերի 19-ին Արծրունին կնքում է մահկանացուն՝ լրագրի հրապարակման գործը թողնելով կնոջը՝ Մարիամ Մելիք-Աղամալյան Արծրունուն և եղբորը՝ Անդրեասին: Արծրունու մահից հետո մոտ երեք տասնամյակ «Մշակ»-ը խմբագրեցին Ալեքսանդր Քալանթարը (1895-1913 թթ.), Համբարձում Առաքելյանը (1913-1918 թթ.), Տիգրան Հախումյանը (1918-1919 թթ.), Լևոն Քալանթարը և Լեոն (Առաքել Բաբախանյան, 1920-1921 թթ.): Նրանցից յուրաքանչյուրն իր գաղափարական կնիքն է թողել «Մշակ»-ի գործունեության վրա:

1918-1920-ական թթ.-ին «Մշակ»-ն աչքի է ընկնում համազգային մտահոգություններով, հայության պատմաքաղաքական դրության և դրա բազմակողմ զարգացումների լայնախոհ քննարկումներով: Թերթի էջերում, առավել քան արևելահայ որևէ պարբերականում, լայնորեն լուսաբանվել են 20-րդ դարասկզբի իրադարձությունները (Առաջին աշխարհամարտը, Թուրքիայի հայահալած քաղաքականությունը, Արևմտյան Հայաստանի հայաթափումը, Եղեռնը, հայերի նկատմամբ մեծ տերությունների քաղաքականությունը, Արևելյան Հայաստանում տեղի ունեցող պատմաքաղաքական իրադարձությունները և այլն): Լրագիրը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել  Արցախի պատմական ճակատագիրը՝ անդրադառնալով 20-րդ դարասկզբին Արցախում ու Սյունիքում տեղի ունեցող դրամատիկ իրադարձություններին, այդ թվում՝ Շուշիի 1920 թ.-ի եղեռնագործությանը: Թերթի հաղորդած տեղեկություններն ունեն սկզբնաղբյուրային նշանակություն ու ճանաչողական արժեք՝ Արցախի պատմության այդ ծանրագույն շրջանի ուսումնասիրության համար:

Թերթը, թեև ոչ կանոնավոր, 1918-1919 թթ.-ից արդեն անդրառանում է նորաթուխ Ադրբեջանի մուսավաթական կառավարության՝ պատմական Հայաստանի մի շարք տարածքները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղը բռնազավթելու հավակնություններին, որոնց բացահայտ կերպով օգնում էին Օսմանյան Թուրքիան, որոշ ժամանակ անց` Անգլիան, իսկ ավելի ուշ` Խորհրդային Ռուսաստանը: «Ահա ձեզ Ղարաբաղի հարցը, որին կամենում է տիրանալ Ադրբեյջանը և այդ ձգտումը չի խեղդվում դաշնակիցների կողմից: Ընդհակառակը, մեզ հասած տեղեկություններին նայած, Ադրբեջանը համառում է շնորհիվ այն բարյացակամության, որ ցույց է տալիս դեպի նրա նվաճողական ձգտումները Բագուի անգլիական հրամանատարությունը։ Ինչո՞ւ է անգիտացվում մեր իրավունքը Ղարաբաղի նկատմամբ: Նրա համար, որ այժմ մենք թույլ ենք: Մենք սպառեցինք մեր ույժերը Ռուսաստանի համար, որը հեղափոխությունից առաջ տմարդի ու խարդախ էր հայության նկատմամբ, իսկ հեղափոխությունից հետո շատ խոստացող, բայց թույլ և ապիկար: Եվ այժմ հնձում ենք մեր սխալ քաղաքականության պտուղները: Հայաստանի կառավարությունը թող չընկրկի անիրավության հանդեպ: Կա դեռևս դիմադրության կորով հայ ժողովրդի մեջ: Ղարաբաղի հարցում մենք զիջող չենք կարող լինել: Միմիայն բռնությունը կարող է կաշկանդել մեր ձեռքերը և փակել մեր բերանը»,- գրում է «Մշակ»-ը 2019 թվականի մարտի 11-ի համարում[2]:

Այդ շրջանում թերթը «Վերջին տեղեկություն» խորագրի ներքո պարբերաբար ընթերցողին տեղեկացնում է Արցախում տիրող խառնակ իրադրության մասին՝ անդրադառնալով Ադրբեջանի կառավարության 1919 թ. հունվարի 15-ի տխրահռչակ որոշումով Արցախ-Զանգեզուրի գեներալ-նահանգապետ նշանակված հայատյաց Խոսրով բեկ Սուլթանովի դիվանագիտական ճնշումներին, սպառնալիքներին, խաղաղ բնակչության վրա զինված ուժ գործադրելու՝ պարբերաբար կրկնվող դեպքերին, որոնց նպատակը արցախահայությունից Ադրբեջանին հպատակվելու համաձայնություն կորզելն էր: «Ադրբեջանական զորքերը, թուրք ասկերները և տեղական հրոսակախմբերը  թվով մի քանի հազար մարդ, թուրք օֆիցերների առաջնորդությամբ գրավելով Զաբուղի կիրճը, ձեռնարկել են արշավանքի Ջեբրայիլի(Դարեագինի) գավառի հայկական գյուղերի վրա», - հաղորդում է թերթը 1919թ. հունվարի 28-ի համարում: Ականատեսների վկայությունների հիմքով մանրամասներ են հաղորդվում Ասկերանի գյուղերում ադրբեջանական զորքերի ոչնչացրած ջրաղացների, հացի մթերքների հափշտակության, հայ ազգաբնակչությանը ալյուրն աղալու հնարավորությունից զրկելու և այլ ոտնձգությունների մասին, որոնց հետևել էր Ջեբրայիլի հայ ազգաբնակչությանն ուղղված «հնազանդվելու և զենքները հանձնելու» վերջնագիրը: 1919 թվականի փետրվարի 15-ի համարում անդրադառնալով Խոսրով Բեկ Սուլթանովին Ղարաբաղի գերենալ-նահանգապետ նշանակելու ցավալի փաստին՝ դրանից բխող դառնաղի հետևանքներով՝ «Մշակ»-ը մեջբերում է «Ադրբեջան» թերթում նրա մի հրապարակումը, որում «ռուս վարձկան գրչակը» փորձում է ապացուցել, որ «հայերի թիվը այդ երկրում անհամեմատ պակաս է թուրքերից, որ հայերը բնիկներ չեն, այլ գաղթած Պարսկաստանից ու Թուրքիայից, որ մելիքները ծագում են առել Չինգիզ Խանից» և այլն: «Սակայն բառերն ու պատրանքները կորչում են, փաստերը մնում», -հակադարձում է «Մշակ»-ի թղթակիցը, - այդ կուռ փաստը Ղարաբաղի համառ հայ գեղջուկն է, որ մերժել է Ադրբեջանը և պիտի անսասան մնա իր որոշման մեջ: Պատմական կեղծիքներն անույժ են այս կուռ փաստի առաջ»[3]: «Ղարաբաղի ընդհանուր նահանգապետ Սուլթանովը սկսել է գործել: Թվով 2000 մարդ, Խանքեդիի շուրջը փորում են խրամատներ և կառուցանում են ամրություններ: Հայերը այդ համարում են նշան թուրքերի ապագայ յարձակողական գործողությունների Ղարաբաղի դեմ»[4], - կարդում ենք «Մշակ»-ի 1919 թվականի մարտի 29-ի մեկ այլ հրապարակման մեջ:

Արցախում 20-րդ դարասկզբին տիրող իրավիճակի շուրջ լրագրի 1919 թվականի օրախնդիր հրապարակումներից ուշարժան են հատկապես «Ինչու է Ադրբեջանը աչք տնկել Ղարաբաղի վրա» խորագրով վերլուծականները[5], «Հայկական Ղարաբաղը»[6], «Ղարաբաղ»[7], «Շուշում»[8], «Կյանքը Շուշում»[9], «Լուրեր Շուշուց»[10], «Բռնության դեմ»[11], «Ղարաբաղի դրության մասին»[12] վերլուծականներն ու հաղորդագրությունները:

«Մշակ»-ը պարբերաբար հրապարակում է նաև Շուշիից ստացվող «Նոր կյանք» շաբաթաթերթի նյութերը: Թեմայի ուսումնասիրության ծիրում հատկապես հետաքրքրական են «Ղարաբաղ. ուղևորի դիտողությունները» շարքը, որը ստորագրել է թերթի թղթակից Դ. Անանունը՝ Թիֆլիսից Արցախ իր ուղևորության տպավորությունների փոխանցմամբ՝ որպես ականատեսի վկայություններ, որոնք հատկանշվում են ինքնատիպ դիտարկումներով և ունեն ճանաչողական զգալի արժեք: Թերթում տեղեկություններ կան նաև Արցախի հայության 2-րդ և 3-րդ համագումարների անցակցման և «տիրողի լեզու բանեցնող» թուրքերին զսպելու մի քանի կարևոր որոշումների մասին: «Ժողովներում» խորագրի ներքո մանրամասներ են հաղորդվում նաև այդ ծանր շրջանում Ղարաբաղի հայրենակցական միության ժողովների մասին՝ օրեցօր բարդացող իրավիճակի շուրջ «Ղարաբաղի գործիչների մտքերի փոխանակության» և որոշումների քաղաբերումներով:

1920 թ. սկզբներին Արցախում իրավիճակը սրվում է: Սուլթանովը Արցախի Հայոց Ազգային Խորհրդից պահանջում է վերջնականապես ենթարկվել մուսավաթական Ադրբեջանին: Միաժամանակ նա հրամայում է մուսավաթական բանակը տեղաշարժել ու կենտրոնացնել ռազմական նշանակություն ունեցող կետերում` Սյունիք ներխուժելու միտումով: «Մշակ»-ը տագնապով հետևում էր իրադարձությունների զարգացմանը Սյունիքում ու Արցախում և 1920 թվականի փետրվարի 10-ի համարում գրում է. «Մահմեդականների սարքած գազանային կոտորածները Ագուլիսում Ղարաբաղի հայության մեջ թողել են շատ ճնշիչ գրգռուած տրամադրություն: Շրջանի մի քանի տներում սկսվել են յուզմունքներ: Դրությունը հղի է վերջին աստիճանի բարդ հետևանքներով: Գլուխ է բարձրացնում յուզված ժողովրդի մեջ ավազակաբարոյ տարրին շրջանից ընդմիշտ արտաքսելու տրամադրություն: Յամենայն դեպս Ղարաբաղի խնդիրը մոտ է իր լուծման»[13]:

Ստեղծված իրավիճակը քննարկելու համար 1920թ. փետրվարի 28-ից մինչև մարտի 5-ը Շոշ գյուղում հրավիրվում է արցախահայության ութերորդ համագումարը, որը մերժում է Սուլթանովի պահանջը և հավաստում, որ օգոստոսի 22-ի համաձայնագիրը Ադրբեջանի կողմից պարբերաբար խախտման հետևանքով կորցրել է իր ուժը: «Մշակ»-ը, ձեռքը պահելով իրադարձությունների զարկերակին, հաղորդում է, որ «Հայաստանի արտաքին գործերի մինիստր Խատիսյանը հեռագրով բողոքել է Ադրբեջանի կառավարության այդ տմարդի գործողությունների դեմ, որոնք չեն համապատասխանում անցեալ տարվա նոյեմբերի 23-ին երկու պետությունների միջև կապուած համաձայանության, որի համաձայն տերիտորիալ հարցերը վճռվելու են խաղաղ ճանապարհով»[14]: Որևէ զսպող միջոց չէր կարող կանխել Ադրբեջանի կողմից վաղօրոք կանխամտածված հայասպան ծրագրերը: «Մշակ»-ը միանգամայն իրավացի էր Ղարաբաղի իրավիճակը նկարագրելու հարցում՝ դրա նկատմամբ Ադրբեջանի քաղաքականությունը որակելով իբրև իմպերիալիստական, որ իրականացվում էր Անգլիայի ու Թուրքիայի օգնությամբ: 1920 թվականի փետրվարի 29-ին թերթը «Ղարաբաղը նոր աղէտի առջեւ» խորագրով փոխանցում է Հայաստանի կառավարության պաշտոնական հաղորդագրությունը, ըստ որի՝ Նուրի փաշան գնացել է Շուշի՝ Արցախն ու Զանգեզուրը սրով նվաճելու համար: Հոդվածագիրը ցավով հիշեցնում է, թե ով է Կովկասում հայտնի Նուրի փաշան. «Բագուի մեջ 30000 հայ կոտորողը, ապա Անգլիացիների ձեռքով Բաթումում կալանավորված իբրև ոճրագործ, ապա Անգլիացիների աչքի առջև բանտից փախած մի  Ժեոն-Թիւրք, Էնվեր փաշայի եղբայրը և այլն, և այլն: … Մինչև Բագուն վերցնելը նա մի կոչ ուղղեց Ղարաբաղի հայերին, հպատակության հրավիրեց, յանձնարարելով, հակառակ դէպքում, յիշել Ադանան, այսինքն՝ 30000 հայերի ջարդը»: «Մշակ»-ի խմբագրության համար այլևս անկասկած է դառնում, որ Ղարաբաղը մի նոր աղետի առջև է կանգնած, որը լինելու է պատմության դառը փորձին առերեսվելու ևս մեկ իրողություն. «Աղետ է սպառնում նրա քաջարի ժողովրդին, որ ունի իր գեղեցիկ պատմությունը, որ տարիների ընթացքում միակն է եղել, որ պահպանել է ազատության և անկախության գաղափարը հայութեան մեջ, բայց որ անցյալ տարի տրագիքական դրության մեջ ընկավ ոչ թե այն պատճառով, որ թուլացել էր և անարի դարձել, այլ որովհետև այդպես կամեցան Բագվում նստած անգլիական գեներալները: Բացի դրանից, օրհասական վտանգի միջոցին հրապարակ իջավ Ղարաբաղի պատմական դժբախտությունը»[15],-գրում է թերթը՝ հիշեցնելով, որ Ղարաբաղը, դժբախտաբար, ոչ միայն Մելիք Հաթումի, Մելիք Մեժլումի, Մելիք Յովսեփի և այլ ազնվագույն մարդկանց հայրենիքն է, այլ նաև Մելիք Շահնազարի, որի շառավիղները կան ու գործում են անգամ այդ չարաղետ ժամանակներում: Հոդվածագիրը մեղադրում է նաև Հայաստանի կառավարությանը, որ ապիկար գտնվեց իր ժողովրդի ու երկրի առաջնակարգ շահերը պաշտպանելու մեջ: «Սա այնպիսի աղետ է, որի առջև պիտի նսեմանան բոլոր նախընթաց սարսափները: Պիտի վերանայ այնուհետև դրացիության ամեն մի հասկացողություն, և մշտնջենական անեծքը պիտի ծանրանա Կովկասի բոլոր ազգերի վրա»: Քանի ուշ չէ, պետք է փրկել սկզբունքները, գաղափարը, հավատն ու վստահությունը, հորդորում է թերթը, պետք է փրկել Ղարաբաղը: Պետք է նկատել, որ ադրբեջանցիների ու թուրքերի ճնշման պայմաններում Ղարաբաղի առանձնահատուկ վիճակի գնահատման հարցում «Մշակ»-ը պաշտպանում էր Հայաստանի Հանրապետության կառավարությանը, հորդորում նրան հիմնավորել Ղարաբաղի չեզոքությունը: Հետաքրիր է նաև, որ Հայաստանի կառավարության և Անդրանիկի հակադրությունների պարագայում «Մշակ»-ը պաշտպանում էր Անդրանիկին, բայց և քննադատեց նրա համակերպումը անգլիացիների ցանկությանը՝ Արցախ արշավելուց ձեռնպահ մնալու հարցում:

1920 թվականի մարտի սկզբից սկսած՝ «Մշակ»-ի էջերը ողողվում են Արցախում տեղի ունեցող ահազդեցիկ իրադարձությունների մասին հաղորդագրություններով: Մարտի 7-ին թերթը, ծանուցելով արցախահայերի օրհասական դրության մասին, նկարագրում է Ղայբալիշեն գյուղի կոտորածը: «Ղարաբաղի մարդակեր նահանգապետը դեն է դրել իր դիմակը և ձեռնարկել է Ղարաբաղի նվաճման: Նորերս նա Բագուի վոկզալում խրոխտանքով ասել է իր հայ բարեկամներին, թե մինչև որ ամբողջ Ղարաբաղը չչոքեցնե իր առջև, չպիտի հանգսատայ: Սուլթանովը, այո՛, Հայ բարեկամներ էլ ունի, ինչու ծածկել մեր ամոթը- ցավով արձանագրում է «Մշակ»-ի թղթակիցը, - դրանց մեջ կա մեկը, որ անորակելի դավաճան Մելիք –Շահնազարի սերունդից է և պաշտոնեայ է Սուլթանովի մոտ: Իր նման մի քանիսների հետ նա թուղթ է շինել, իբր թե Ղարաբաղի հայութեան անունից, որով պահանջում է, որ Հայոց կառավարությունը չմիջամտէ Ղարաբաղի գործերին: Կրկնվում է Հայ մելիքությունների պատմությունը ամենայն ճշտությամբ»[16],- դառնորեն եզրակացնում է «Մշակ»-ի թղթակիցը:

Գրեթե անսխալ ու դիպուկ ներկայացվում են այն նպատակները, որոնք իր առջև դրել էր Ադրբեջանի կառավարությունը՝ ունենալով համապատասխան փորձառություն և օգտվելով իր համար նպաստավոր պայմաններից ու անպատժելիության մթնոլորտից: «Թուրքերը, ոտնատակ տալով իրանց ստորագրած պայմանները, զորքեր են կենտրոնացնում Ղարաբաղում՝ հայկական մասերը գրավելու համար: - գրում է թերթը 1920 թվականի մարտի 7-ի համարում: - Ամենից նշանավորը իր ռազմագիտական դրությամբ հանդիսանում է Ջրաբերդի գաւառը, և այդտեղից էլ թուրքերը պիտի սկսեն նվաճումը՝ ոչնչացնելով այդտեղի հայությանը: …. Միաժամանակ Ադրբեջանի կառավարությունը միլիոններ է բաց թողել Ղարաբաղի հայութեանը զինաթափ անելու համար: Հայերին խաբում են և նրանց զենքերը գնում թանկ գնով»[17]: Մարտի սկզբին «Մշակ»-ը հաղորդում է, որ «Շուշիի հայկական մասը ենթարկուած է բլոկադայի և հաղորդակցությունը դժվարացել է»: Մարտի 21-ի համարում «Վերջին ժամ» հատկանշական խորագրով թերթը հրապարակում է Շուշիից ուղարկված մասնավոր մի նամակ՝ հետևյալ բովանդակությամբ «Շատ սարսափելի և ծանր դեպքեր են գալիս մեր գլուխը: Ոչ մի ապահովություն թե կեանքի և թէ գույքի: Օր չէ լինում, որ քաղաքից դուրս, 5-10 ճամբորդ հայերի դիակ չընդունուին այստեղ ու այնտեղ ընկած: Վերջին երկու ամսուայ ընթացքում քանի-քանի հայ ընտանիքներ մնացին որբ ու անտիրական: Դիմումներն ու գանգատները խորամանկ Սուլթանովի կողմից մնում են անհետևանք: Տաճկական հայակեր եաթաղանը ամեն մի րոպե կանգնած է մեր աչքերի առաջ: Մտնում ենք անկողին՝ յոյս չունենալով, թէ հետևեալ առաւոտը կենդանի կըմնանք թէ ոչ: Չենք իմանում մեր այս կրիտիքական դրութեան մասին սկի այդտեղ մտածող, հոգ տանող կա՞յ, թէ չէ»[18]։ «Մշակ»-ը հրապարակում է նաև թիֆլիսաբնակ ու երևանաբնակ ղարաբաղցի հայերի միությունների նախագահներ Լեոի և Գ.Բալայանի հուշագիրը՝ ուղղված դաշնակից պետությունների կովկասյան ներկայացուցիչներին ու Վրաստանի կառավարությանը, որում  հիշեցնում է 1919 թվականի օոստոսյան համաձայնագրի մասին, ըստ որի՝ «Ղարաբաղը ճանաչեց պ.նահանգապետի ժամանակավոր իշխանությունը, իսկ ադրբեջանյան կառավարությունը երաշխավորեց հայերին ժողովրդի կուլտուրական ու ֆիզիկական կյանքը, ինչպես նաև քաղաքական իրավունքները ապահովող սահմանադրություն», որը, սակայն, կոպիտ կերպով խախտվեց:  Հուշագրում մեջբերվում են բոլոր այն կետերը, որոնք այդ ամբողջ ընթացքում խախտվել են ադրբեջանական կառավարության կողմից՝ ողբերգական հետևանքներով հանգեցնելով ներկայի՝ «խստորեն վատթարացած դրությանը»: «Ադրբեջանը պահանջում է Ղարաբաղից անպայման ճանաչել իր իշխանությունը, զինաթափ անել ազգաբնակչությանը և զորամասեր մտցնել հայկական գյուղերը: Այդ նպատակով Խալիլ-փաշան և Սուլթանովը նորից դիմում են ջարդերի ու ահաբեկման քաղաքականության՝ յուսալով ուժասպառ անելով ու երկիւղ ներշնչելով հասնել իրանց նպատակին»[19]:

Ադրբեջանական բանակին պատրաստվում էին դիմադրել Արցախի ինքնապաշտպանական շրջանները՝ Վարանդան, Խաչենը, Ջրաբերդն ու Դիզակը: Բայց թուրք-ադրբեջանական յաթաղանի սպառնալիքի դիմաց Շուշին մնացել էր անպաշտպան, որտեղ հայության դրությունը անտանելի էր: Բոլոր քայլերը վկայում էին, որ Շուշիի հարաբերական խաղաղությունն ապրում է իր վերջին ժամերը: 1920 թվականի ապիլի 4-ի համարում արդեն «Մշակ»-ն արձագանքում է Շուշիի մարտի 22-ի զարհուրելի կոտորածին և հետագա դեպքերին. «Խեղճ Շուշի… Դժբախտ իր խաղաղասիրութեամբ, դժբախտ՝ որ մի կտոր կեանք վայելելու համար պատրաստ էր խնդրել ամենքին, նույնիսկ և Սուլթանովին: Այսօր նա վերածուած է մի հսկայական սպանդանոցի: Այսօր նա մի լուռ գերեզմանատուն է, ուր բորենիներն են խնդում դիակների հոտից»[20]: Ներկայացվում են այն քայլերը, որոնք ստեղծված իրավիճակում ձեռնարկեց Հայաստանի կառավարությունը՝ հույս ունենալով, որ «Ադրբեջանի կառավարությունը կդադարեցնի արշավանքը և վիճելի հարցերը կլուծի Հայաստանի կառավարության հետ ոչ զենքի ուժով»: «Մշակ»-ը լայնորեն լուսաբանում է Հայաստանի Արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Խատիսյանի պաշտոնագիրը՝ ուղղված դաշնակից մեծ պետությունների Կովկասյան ներկայացուցիչներին և Վրաստանի կառավարության արտաքին գործերի նախարար Եվգենի Գեգեչկորիին, որում ներկայացնում է այն դավաճանական հարձակման ու կոտորածների մասին, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի կառավարությունը անպաշտպան Արցախի հայության դեմ: Պաշտոնագրում Խատիսյանը հայտնում է, որ սրի է քաշված Շուշիի ամբողջ հայությունը և ավելացնում, որ Ղարաբաղի ու Զանգեզուրի դեմ սկսված արշավանքի նպատակն է բնաջնջել այդ երկու հայկական նահանգների հայ ազգաբնակչությունը և Նախիջևանի վրայով միանալ Թուրքիայի հետ՝ «շրջապատելով այդպիսով Հայաստանը թուրք-թաթարական թշնամի օղակով»[21]: Խատիսյանը Գեգեչկորիից խնդրում է ազդել Ադրբեջանի կառավարության վրա, որպեսզի արյունահեղությունը դադարի և Անդրկովկասյան երեք հանրապետությունների ներկայացուցիչների ծրագրած խորհրդակցությունը Թիֆլիսում կայանա: «Մշակ»-ը երկրորդում է «Ադրբեջան» թերթի մարտի 31-ի մի հաղորդումը, ըստ որի՝ «հայերի հարձակումները Շուշու, Խանքենդի վրայ յետ են մղուած»[22]: «Ադրբեջանի կառավարության արտաքին գործերի մինիստր Խան-Խոյսկին Ղարաբաղի դեպքերին տալիս է բոլորովին այլ լուսաբանություն, մատնանշելով, թե իբր նախահարձակ հայերն են եղել»[23]: 1920 թվականի ապրիլի 11-ին «Մշակ»-ը «Վերջին ժամ» խորագրի ներքո դարձյալ անդրադառնում է Շուշիի կոտորածին. «Շուշուց Թիֆլիս եկած մի թուրք վաճառական հաղորդեց մեզ, թե Շուշում ցավոք սրտի տեղի ունեցել հայկական կոտորած թուրք գազանացած խուժանի և զորքերի ձեռքով Ասկերանը գրավելուց յետոյ: Կոտորածին ենթարկվել են գլխավորապես անպաշտպան հայ կանայք, երեխաներ և ծերունիներ: Հրդեհուած են մի քանի հայ տներ: Ներկայումս Շուշում համարեա հայ չկայ»:

1920 թվականի ապրիլ-մայիս ամիսներին թերթը շարունակում է լուսաբանել ու սուր քննադատության ենթարկել մուսավաթականների անսանձ կամայականությունները Լեռնային Ղարաբաղում՝ իրավիճակը դիտելով տարբեր կողմերից: Ներկայացվում են այդ իրադարձություններին առնչվող մի շարք հուշագրեր, հեռագրեր, պաշտոնագրեր: Շուշիի եղեռնագործության մասին ուշագրավ հրապարակումներ են հատկապես ականատեսների վկայությունները: Մեջբերենք հատվածներ 1920 թվականի ապրիլի 5-ին Հադրութից «Մշակ»-ին հասցեագրված մի նամակից. «…. Մի երկու ժամվայ ընթացքում քաղաքը այրվում էր կազարմի մոտ, Կանաչ ժամի մոտ և ներքևի հանգստարանում: … Սրբազանին ու քահանային թուրքերը գլխատում են և տունը իսկույն այրում: Աթաբեգյանների ամբողջ ընտանիքին, Խալոնց Ալխենքի բոլոր ընտանիքներին թիքա-թիքա են անում և տան մեջ այրում: Մենք Սաքօյի (բժ. Համբարձումյան) խորհրդով այն տնից, որի մեջ ապաստանել էինք, անմիջապես երեխաների հետ դուրս եկանք, անկարող լինելով վերցնել նույնիսկ մի թաշկինակ: … Շուշու հայ բնակիչների կեսը ոչնչացավ ամբողջ ընտանիքներով: Երեք ժամվա ընթացքում Շուշին կործանվեց: Ամբողջ քաղաքը այրված ու կողոպտված է, բացառությամբ թուրքական թաղամասի և Ձահուր-Ղալայի: … Շատերին կենդանի այրել են, մոտ 12000 հոգի հրաշքով ազատվեցին և գտնվում են գավառում առանց դրամի ու շորի. 2500 հոգի գերի ընկան, նրանց վիճակը հայտնի չէ»[24]։

Թերթում տեղեկություններ կան նաև Շուշիի դեպքերից հետո Թիֆլիսում անցկացված բազմամարդ միտինգների մասին, որ կազմակերպել է ղարաբաղցիների հայրենակցական միությունը և օրախնդիր բանաձևեր ընդունել՝ «Անմիջապես դադարեցնել յանցավոր և անմիտ արիւնահեղությունը երկու դարավոր հարևան ժողովուրդների միջև», «Բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ ճանապարհով»[25], որոնք այդպես էլ ազատության դուռ չբացեցին Արցախի համար:  Թերթում առանձին ուշագրավ նյութեր կան գաղթականների հետագա ճակատագրի մասին:

Այսպիսով՝ ամփոփելով արձանագրենք, որ Արցախում, մասնավորապես Շուշիում 1918-1920 թթ. տեղի ունեցած ռազմաքաղաքական իրադարձությունները լայնորեն արտացոլված են «Մշակ»-ի էջերում: Սկզբնաղբ­յու­րային ար­ժեք ու­նե­ցող այդ հրապարակումները առատ նյութ են տալիս Արցախի պատմության այդ ծանրագույն շրջանի ուսումնասիրության համար։

 

Ծանոթություն

[1] Հոդվածը ներկայացվել է 2020թ. հուլիսի 13-15-ը Շուշիում տեղի ունեցած «Ադրբեջանի ցեղասպան վարքը. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային առցանց գիտաժողովին՝ նվիրված Շուշիի հայ բնակչության ցեղասպանության 100-րդ տարելիցին:

[2] «Մշակ», Թիֆլիս, 1919, մարտի 11, թիվ 54։

[3] «Մշակ», Թիֆլիս, 1919, թիվ 36:

[4] «Մշակ», 1919, թիվ 69։

[5]  «Մշակ», 1919, թիվ 47։

[6]  «Մշակ», 1919, թիվ 51։

[7]  «Մշակ», 1919, թիվ 54։

[8]  «Մշակ», 1919, թիվ 56։

[9]  «Մշակ», 1919, թիվ 59։

[10] «Մշակ», 1919, թիվ 61։

[11] «Մշակ», 1919, թիվ 60։

[12] «Մշակ», 1919, թիվ 62։

[13] Դրությունը Ղարաբաղում, «Մշակ», 1920, թիվ 1։

[14]  «Մշակ», 1920, թիվ 3:

[15] «Մշակ», 1920, թիվ 4, էջ 3:

[16] «Մշակ», 1920, մարտի 7, թիվ 5:

[17]  Նույն տեղում։

[18]  Նույն տեղում։

[19] «Մշակ», 1920, թիվ 9:

[20] Նույն տեղում։

[21] Նույն տեղում։

[22] Նույն տեղում։

[23] Նույն տեղում։

[24] «Մշակ», 1920, թիվ 13։

[25] «Մշակ», 1920, թիվ 10:

Թեհմինա Մարության

Բանասիրական գիտությունների թեկնածու,

դոցենտ, Գորիսի պետական համալսարանի պրոռեկտոր

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25