Սիսիանում ծառատունկ էր, որին մասնակցում էին նաեւ Կապանի, Վայոց ձորի անտառտնտեսության աշխատակիցները

29.04.2021 14:46
5212

Կիրակի օրը՝ ապրիլի 25-ին, Սիսիանի հայտնի «Զորաց քարերի» տարածքի հարևանությամբ՝ Երեւան-Ստեփանակերտ մայրուղու աջակողմյան հատվածում, ծառատունկ էր, որին մասնակցում էր ավել քան հարյուր հոգի:

Կիրակնօրյակին իրենց պատվիրակներն էին ուղարկել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» եւ «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղերը, Շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների օգտագործման ու կառավարման տեսչության Սյունիքի մարզային մարմնի, ինչպես եւ Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը:

Առաջին խումբը, որին մոտեցանք՝ կապանցիներն էին՝ 24 հոգի. նրանք ներկայացնում էին Կապանի անտառտնտեսությունը (ղեկավար՝ Սասուն Մանուկյան) եւ Շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների օգտագործման ու կառավարման տեսչության Սյունիքի մարզային մարմինը: Նշված երկու կազմակերպությունն էլ ունեն արհեստական անտառների հիմնելու, խնամքի ու պահպանության օրինակելի փորձ, իսկ Ռուբիկ Մկրտչյանը, ով Սյունիքի տեսչության աշխատակիցների կազմում էր, հետխորհրդային ամբողջ տարածքում հայտնի  Սոսիների պուրակի պահպանության, բուսական ու կենդանական աշխարհի հարստացման գործում  իր արգասաբեր գործունեությամբ հայտնի անձնավորություն է:

Միջոցառումն իրականացվում էր «10 մլն ծառ» համահայկական ծառատունկի շրջանակներում. նախատեսվում է Սիսիանի անտառտնտեսության զբաղեցրած մակերեսների վրա գարնանային ծառատունկին տնկել 30 հազար տնկի:

Մինչև այս հրաշալի նախաձեռնության «մեղավոր» Արման Արշակյանին հանդիպելը, ցանկանում ենք իմանալ գործընկերների կարծիքը նրա մասին:

Սասուն Մանուկյան (Կապան): Հայրն աշխատասեր է, նպատակասլաց: Նրան վաղուց եմ ճանաչում, որդուն էլ եմ ճանաչում: Ակնհայտ է՝ պտուղը ծառից հեռու չի ընկել: Սիրում է իր աշխատանքը, իսկ դա կարևոր, շատ կարևոր է: Ամեն ինչ լավ է լինելու...

Նմանատիպ կարծիք հայտնեցին Ռուբեն Մկրտչյանը եւ Վայոց ձորի անտառտնտեսության տնօրեն Էդիկ Հարությունյանը:

Մոռացանք ասել, որ Արմանն այս աշխատանքում փոխարինել է հորը՝ Արկադիա Արշակյանին:

...Բանական էակի կողմից առաջին գործիքով՝ քարե կացնով, առաջին ծառը կտրելուց հազարավոր տարիներ ի վեր մարդը բնությունից անընդհատ վերցրել է՝ փոխարենը ոչինչ չվերադարձնելով նրան: Միայն տասնյակ հազարավոր տարիներ անց է փորձել փոքր-ինչ շտկել իր սխալը: Շատերի նման ես էլ գիտեմ, որ մեր Խոսրով արքան դեռևս 4-րդ դարում անտառ է հիմնել, որը հասել է մեզ: Փորձեցի ճշտել, թե էլ որ ազգերն են նման աստվածահաճո գործ կատարել: Համացանցում ոչինչ չգտա, բայց դրա փոխարեն պարզեցի, որ մեր նախնիները մ.թ.ա. առաջին հազարամյակում Արմավիր մայրաքաղաքի մերձակայքում տնկել են Սոսյաց, իսկ Քրիստոսի ծննդից առաջ 3-րդ դարում՝ Ծննդոց անտառը՝ Շիրակում:

Մեր երկրում արհեստական անտառահատվածների դաշտապաշտպան անտառաշերտերի ստեղծման օրինակներ շատ կան, բայց կան, եւ այն էլ բավականին շատ, անօրինական անտառահատման, հրդեհների պատճառով անտառային մակերեսների զգալի կրճատման օրինակներ: Դրանք համատարած բնույթ ստացան հատկապես անցած դարի 90-ական թվականներին: Վառելիքաէներգետիկ ճգնաժամի պատճառով, օրինակ, մայրաքաղաքի Սարի թաղի արհեստական անտառը, Ծիծեռնակաբերդի նորատունկ այգին վերացան: Մեր փոքր երկրի կանաչապատ մակերեսներին՝ մասնավորապես բազմամյա տնկարկներին անասելի վնաս հասցրեց նաեւ սեփականաշնորհումը: Ի դեպ, նման թերություններն ակնհայտ են նաեւ Սյունիքում:

Եկել է ժամանակը հետ բերելու կորցրածը, կամ էլ գոնե փոքր-ինչ շտկելու իրավիճակը...

Սիսիանի նշված հատվածում ծառատունկն իրականացվում է 10 հա մակերեսի վրա: Բացված խրամուղների երկարությունը, որտեղ շարքերով տնկվում են ծառերը, ձգվում են 150-200 մ երկարությամբ:

Տողերիս հեղինակը լրագրի խմբագիր Սամվել Ալեքսանյանի հետ, ով այդ օրը նաեւ մեր լուսանկարիչն էր, խմբից խումբ ենք անցնում, զրուցում մարդկանց հետ: Նման աշխատանքները գնահատելուց սովորաբար առաջին տպավորությունը որոշիչ է լինում: Միանգամից ասեմ՝ մեր ստացած տպավորությունը դրական էր: Զգացվում էր՝ այդ օրվան նախորդել է նախապատրաստական լուրջ աշխատանք: Արդյունավետ գործելակերպի համար ստեղծվել էին անհրաժեշտ պայմաններ. տարածքը բաժանվել էր աշխատող օղակների միջև: Վերջիններս ապահովվել էին անհրաժեշտ գործիքներով, տնկանյութով, մասնագետները հետեւում էին, որպեսզի շարքում լինեն միայն մի տեսակի տնկիներ, ոռոգման համար պատասխանատուներն աշխատում էին նորատունկ շիվերին առաջին ջուրը հասցնել:

Վերջապես հանդիպում ենք Արման Արշակյանին:

  • Չորս տեսակի շիվեր ենք տնում՝ կաղնի, հացենի, վայրի տանձ ու խնձոր...

Նկատում ենք, որ հարեւանությամբ՝ տարածքի վրա, նույն ծառատեսակների հետքեր կան: Պարզում ենք, որ այդտեղ՝ անցած դարի 70-80-ականներին, նույն ձեւով ծառատունկ է իրականացվել: Իսկ իրականում այն է, ինչ կա՝ գաճաճ, չափազանց նոսր, հիվանդոտ, ոչ թե ծառեր, այլ ուղղակի թփեր: Ինչո՞ւ է Սիսիանի անտառտնտեսության երիտասարդ տնօրենը համոզված, որ իրենց այսօրվա տնկածը նույն բախտին չի արժանանալու: Ձեռքին բռնած տնկիների տրցակը՝ մեկնում է մոտիկ կանգնածին ու ժպտալով՝ իմ հարցին հարցով պատասխանում՝ ի՞նչն է մտնում բանջարաբոստանային մշակաբույսերի մեջ: Ես էլ եմ ժպտում, հիշում եմ հայտնի անեկդոտը: Նա շարունակում է իմ չարտաբերած պատասխանը՝ ճիշտ է, եթե ցանկապատ չի լինում՝ էշն էլ մտնում, ոչխարն էլ: Ասել է թե՝ անասունի ոտնատակին ծառ չես աճեցնի: Այդ խոսքերի հետ նաեւ հայացքով ցույց է տալիս փշալարերով ցանկապատը. մոտ 2 կմ երկարությամբ նման ցանկապատ են տեղադրել, հետո էլ շարունակում՝ նախկինում տնկված ոչ մի շիվի տակ մի բաժակ ջուր չի լցվել: Նկատած կլինեք՝ Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի մեքենան: Այսօր երրորդ ուղերթն է կատարում: Պայմանավորվածություն ունենք՝ այդ օգնությունը մշտական է լինելու: Բացի այդ՝ նախարարության օժանդակությամբ տրակտոր եւ համապատասխան ջրի տարողություն ենք ձեռք բերել, շուտով դրանք էլ այստեղ կլինեն: Այնպես որ՝ ոչ մի տունկ ծարավ չի մնալու...

Վերեւում ակնարկված, նախկինում տնկված, բայց այդպես էլ ծառ չդարձած թփերի միջով անցնելիս նկատել էի նոր բարձրացող կանաչի վրա թրթուրների կուտակումները: Վայոց ձորի անտառտնտեսության մասնագետները լուսավորեցին ինձ՝ անտառի հատկապես կաղնուտների ոխերիմ թշնամի Ոսկետուտն է: Եթե ժամանակին միջոցներ չձեռնարկվեն, հաշվեք՝ այսօրվա աշխատանքը ջուրն է թափվելու:

Արման Արշակյանը հավատացնում է՝ հստակ պայմանավորվածություն ունենք նախարարության հետ՝ փոքր ավիացիայի օգնությամբ պրոֆիլակտիկ միջոցառումներ ձեռնարկել այդ չարիքի դեմ: Անցյալ տարի նման ձեռնարկումը Կապանում հրաշալի արդյունք է տվել:

Հրաժեշտ ենք տալիս կիրակնօրյակի մասնակիցներին...

Հեռվում՝ Սիսիանի հեռուստաշտարակի ստորոտում, սարալանջի արեւհայաց փեշին, աչք շոյող տեսարան է՝ այսօրվա ծառատունկի մասնակից սիսիանցիների հայրերի ձեռամբ ստեղծված սոճիների անտառակն է: Հուսանք, որ տարիներ անց այսօրվա աշխատանքի արդյունքն էլ այդպիսին կլինի...

 

Ռեդիկ Հայրապետյան

 

   

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25