Սպորտային Սյունիքի լեգենդ-մարդը. Աղվան Հակոբյան

30.10.2024 17:14
224

Վոլեյբոլը Սիսիանում սիրված և մասսայական մարզաձև էր, մարզադպրոցը համալրված էր լավագույն և բարձրագույն կրթությամբ մասնագետներով

Պատահական չէ, որ համահայկական բոլոր խաղերին վոլեյբոլի աղջիկների թիմը մեծ հաջողություններ է ունեցել՝ գրավելով պատվավոր տեղեր:

Սիսիանի վոլեյբոլի հավաքականը մեկն էր այն թիմերից, որ միշտ մասնակցում էր հանրապետության բարձրագույն խմբի կանանց առաջնությանը՝ գրանցելով բարձր արդյունքներ:

Աղվան Հակոբյանը եղել է սկզբում՝ Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն, այնուհետև, երկար տարիներ՝ մարզիչ:

Մերօրյա լեգենդար մարդ է, իր ողջ ընտանիքով սպորտի վաստակավոր աշխատողներ են:

Նա մեզ կպատմի Սիսիանի մանկապատանեկան սպորտդպրոցի անցած պատվավոր ուղու, նրա ձեռքբերումների և նվաճումների մասին։

 

Աղվան Հակոբի Հակոբյան

Ծնվել է 1943 թվականին, Գորիսի Բարձրավան գյուղում:

Երկար տարիներ հայրը, որպես դարբին, աշխատել է Գորիսի Շուռնուխ գյուղի երբեմնի փայտամշակման գործարանում:

1951 թվականին ընտանիքը տեղափոխվել է Սիսիանի Դաստակերտ, որտեղ նա սովորել է տեղի միջնակարգ դպրոցում:

1966-ին ավարտել է Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտի վոլեյբոլի բաժինը, վերադարձել և աշխատանքի է նշանակվել Սիսիանի սպորտդպրոցում՝ տնօրեն, որտեղ աշխատել է 1966-72 թթ.:

Մարզական կենսագրության ամենանշանավոր դրվագներից մեկն էլ այն է, որ տասը տարի համատեղությամբ՝ 1963-73 թթ., խաղացել է վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականում, այդ ընթացքում մասնակցել  նախկին ԽՍՀՄ վոլեյբոլի բարձրագույն խմբի առաջնություններին՝ միութենական տարբեր քաղաքներում:

1967-ին թիմը մասնակցել է Մոսկվայում կայացած սպարտակիադային, գրավել պատվավոր տեղեր:

1972-82 թթ. Սիսիանի սպորտկոմիտեի նախագահն էր, այնուհետև՝ մարզիչ, մինչև 2018-ը:

Որտեղ էլ աշխատել է՝ միշտ գրանցել է սպորտային մեծ հաջողություններ, բազմիցս (իր թիմով) նվաճել հանրապետության վոլեյբոլի չեմպիոնի տիտղոսը, իր տարբեր տարիքային թիմերով խաղացել Հայաստանի բարձրագույն խմբում, մասնակցել հանրապետական մրցումների:

Աղվան Հակոբյանը ամուսնացած է, ունի չորս զավակ՝ երեք աղջիկ և մեկ տղա:

Նրանք բոլորն էլ խաղացել են վոլեյբոլի ազգային հավաքականում։

***

- Պարոն Հակոբյան, Ձեր ընտանիքը համարվում է սպորտային ընտանիք, ինչպե՞ս է դա եղել. զուգադիպությու՞ն էր, թե՞ արյան կանչ:

- Աշխարհում ոչինչ պատահական չի լինում, ամեն ինչ սկսվեց նրանից, որ ինստիտուտում սովորելու տարիներին հանդիպեցի ապագա կնոջս, ով նույնպես վոլեյբոլի բաժնում էր սովորում, աղջիկների թիմում լավագույն վոլեյբոլիստուհիներից էր:

Ավարտելուց հետո վերադարձանք Սիսիան, ամուսնացանք, երկուսով աշխատանքի անցանք մարզադպրոցում:

Տարիների ընթացքում ծնվեցին մեր չորս զավակները, ովքեր հետագայում գնացին մեր ճանապարհով, դարձան վոլեյբոլիստներ, գերդաստան-թիմ:

Այ, սա արդեն արյան կանչ էր:

Ես ու կինս սպորտի վաստակավոր աշխատողներ ենք, որդիս սպորտի վարպետ է, Արցախում ուսանած դուստրս խաղում էր տարածաշրջանի վոլեյբոլի թիմում:

Տղաս ու կինս երկար տարիներ խաղացել են ազգային հավաքականում, որդիս ընդգրկվել է նաև նախկին ԽՍՀՄ հավաքականում, աղջիկներս էլ ընդգրկվել են դպրոցական հավաքականներում:

Ես ինքս գլխավորել եմ Հայաստանի վոլեյբոլի հավաքական թիմը՝ ապրելով Սիսիանում, եղել եմ ազգային հավաքականի մարզիչ:

Վոլեյբոլի թիմիս անդամները հիմնականում եղել են Սիսիանի հավաքականի աղջիկները, մասնակցել ենք նախկին ԽՍՀՄ և բալթյան երկրների մրցումներին, ինչի հիման վրա էլ ՀՀ սպորտի ֆեդերացիան վստահել և ինձ նշանակել է հանրապետության վոլեյբոլի հավաքական թիմի մարզիչ:

Երեք տարի շարունակ ԱՊՀ երկրների վոլեյբոլի հավաքականների հետ խաղալով՝ միշտ էլ գրանցել ենք մեծ արդյունքներ, գրավել պատվավոր տեղեր:

1968-ին մասնակցել եմ Մոսկվայում անցկացված «Ոսկե գնդակ» սպարտակիադային, նորից գրավել ենք պատվավոր տեղ:

Մասնակցել ենք նաև աշխարհի առաջնությանը, Բաթումիում կայացած ծովափնյա վոլեյբոլի մրցումներին, երկու հոգով խաղացել ավազի վրա ու պատվավոր տեղ գրավել:

Այդ ժամանակ թիմի մարզիչը ես էի, ԱՊՀ հավաքականի կազմում մեկնել ենք նաևՊորտուգալիա և Չեխոսլովակիա:

- Սիսիանում ինչպե՞ս սկսեց նվազել վոլեյբոլի տասնամյակների փառքը...

Կխնդրեինք՝ մի քիչ անդրադառնալ անցյալի փառավոր էջերին...

- Ասեմ, որ Սիսիանում՝ ինձանից առաջ էլ,  միշտ բարձր հիմքերի վրա է եղել սպորտը, հատկապես՝ վոլեյբոլի հավաքական թիմը, որը փառք ու պատիվ է բերել ոչ միայն քաղաքին, նաև հայտնի ենք եղել Սյունիքում, ողջ հանրապետությունում, նրա սահմաններից դուրս:

Մանկապատանեկան սպորտն ինձնից առաջ էլ ունեցել է հրաշալի մարզիչ՝ Մանվել Ամիրխանյանը, ով եղել է նաև իմ մարզիչը, ում գլխավորությամբ տասնամյակներ շարունակ  սպորտային առողջ և հաղթանակող սերունդ է մեծացել, պարբերաբար մասնացել հանրապետական մրցումների:

Հետո եկավ իմ սերունդը ու շարունակեց Սիսիանում սպորտի բարի ավանդույթները:

Ինչպես այն ժամանակ, այսօր էլ մարզադպրոցը կա՝ ավելի լավ հարմարություններով, կան գործող խմբակներ՝ ֆուտբոլի, բասկետբոլի, շախմատի, բայց, ցավով եմ ասում՝ Սիսիանը հիմա վոլեյբոլի կայացած թիմ չունի՝ որպես այդպիսին:

Քառասուն տարի շարունակ  մրցումների մասնակցող երբեմնի մեր հզոր թիմն այսօր չունենք:

Փաստորեն, այն գործել և հռչակված է եղել՝ շնորհիվ կոնկրետ պրոֆեսիոնալ մարդկանց նվիրական աշխատանքի։

Մեր գործունեությունն ու փառքը սկսեցին խամրել դեռ այն օրից, երբ ֆինանսական խնդիրներ առաջացան, համայնքի ու մարզային իշխանությունները սկսեցին փող խնայել …

Այն ժամանակ թերթերից մեկում ասել էի, հիմա էլ նույնն ասեմ՝ մեծ սպորտում ամեն ինչ կախված է համայնքի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցներից: Այլապես, տպավորություն էր ստեղծվում, թե միայն վոլեյբոլի աղջիկների թիմն է հաջողություններ ունենում, բայց  ունեինք նաև լավ խաղացող տղաների թիմ:

Գումարի պակասի պատճառով մրցումներին չէինք կարողանում մեկ թիմից ավելի ուղարկել, ինչն աստիճանաբար դարձավ վատ սովորություն, որի մեղավորը սպորտդպրոցը չէր, ոչ էլ՝ նրա մարզիչը:

Ֆուտբոլն էլ լավ մարզավիճակում էր, բայց հանրապետական փուլին չէինք կարողանում մասնակցել, որովհետեւ ֆինանսավորում չունեինք:

Եթե տղաների թիմն էլ հաճախակի մասնակցեր մրցումներին, հաղթանակներն ավելի շատ կլինեին:

Այսօրվա պայմաններում ճիշտ կլինի, որ դպրոցները մասնագիտացվեն՝ յուրաքանչյուր համայնքում զարգացնելով մեկ մարզաձեւ:

Մարզչի տարիքն այստեղ կապ չունի, ես այս պահին էլ՝ լինելով 81 տարեկան, լավ մարզավիճակում եմ, ի զորու եմ թիմ պահելու, մարզելու և նորից ազգային հավաքականի մրցումներին պատվով ներկայանալու:

Մի՞թե կարևորը դա չէ, մանավանդ, որ այդ մասին, թեպետ ուշացումով, կա նաև օրենսդրական լուծում՝ պրոֆեսիոնալ, կարող ուժերին (անկախ տարիքից), աշխատանքից չազատելու մասին:

Դա 2018 թվականին ազատվեցի մարզչի պաշտոնից: Խնդրեցի ինձ պահել գոնե մարզչի կարգավիճակով՝ հանուն թիմի գոյության ու մեր քաղաքի, մարզի, ինչու ոչ՝ նաև երկրի սպորտային պատվի, բայց խնդրանքս չլսեցին, զուր եղավ:

- Ցավոք, Դուք ճիշտ եք, 2018-ից այս կողմ երկիրը շատ դեպքերում զրկվեց իր պրոֆեսիոնալ, լավագույն մասնագետ կադրերից՝ հաճախ 40-50 տարեկան, դեռ կենսաթոշակի չանցած անձինք, և նրանց փոխարինելու եկան անփորձ, ոչ պրոֆեսիոնալ կադրեր։

Կոտայքի մարզում սպորտը, օրինակ, հանձին գործարար Գագիկ Ծառուկյանի,  ունի  հովանավոր:

Չէի՞ք կամենա, որ մեր մարզն էլ այդպիսի սպորտասեր, սրտացավ հովանավոր ունենար:

Թույլ տվեք իմանալ՝ ինչո՞վ է այսօր զբաղվում սպորտի բնագավառում երբեմնի լեգենդար մարդը:

- Ի՛նչ խոսք, շատ կուզեի, որ մեր մարզն էլ ունենար Գագիկ Ծառուկյանի պես սպորտասեր մարդ։

Ի դեպ, հենց Գագիկ Ծառուկյանի միջոցներով ու նախաձեռնությամբ է կառուցվել Սիսիանի  սպորտդահլիճը, որտեղ տասը տարի է՝ Սիսիանի ու նրա գյուղերի մանուկների ու պատանինների հետ անվճար պարապմունքներ են անցկացվում մի շարք սպորտաձևերից՝ ձյուդո, ծանրամարտ, բռնցքամարտ, բայց նորից այդ երեխաները չեն կարողանում դուրս գալ մեծ սպորտ, հավանաբար՝ պրոֆեսիոնալիզմի և ֆինանսների պակասի պատճառով:

Իսկ երեխաները միշտ ցանկանում են արդյունքներ տեսնել իրենց սիրելի մարզաձևից…

Այժմ Վաղուդիի սեփական հողատարածքում զբաղվում եմ գյուղատնտեսությամբ:

- Դժվար չէ՞ Ձեզ համար այսօր ապրել առանց սպորտի:

- Շատ դժվար է, բայց էլի կասեմ՝ իմ այս տարիքում էլ նորից կաշխատեի թիմերի հետ, հիմա էլ աշխատում եմ՝ պահպանելով սպորտային կեցվածքս:

- Որո՞նք են վոլեյբոլի առանձնահատկությունները, մարդուն ի՞նչ հատկանիշներ են պետք մեծ սպորտ մտնելու համար:

Ձեր սաների մեջ կա՞ն սպորտի ճանաչված վարպետներ, և, արդյոք, պահպանու՞մ եք կապերը նրանց հետ:

- Վոլեյբոլի մեջ շատ կարևոր է բարձր հասակը, գիշեր-ցերեկ պարապելն ու նախընտրած սպորտաձևով աշխատելը, նրա գաղտնիքներին տիրապետելն ու անընդհատ նոր բան սովորելը:

Ունեցել ենք ոչ միայն լավագույն խաղացող աղջիկներ և տղաներ, նաև՝ սպորտի յոթ վարպետ: Նրանք են՝ Մարի Հովհաննիսյանը, Նարե Հովհաննիսյանը, Սոնա Սադեղյանը, որդիս, մյուսները

Բոլորն էլ մեծ փառք ու նվաճումներ են բերել Հայաստանի հավաքականին, դարձել չեմպիոններ՝ մեծ աշխատանքի շնորհիվ:

Առանց աշխատանքի արդյունք չկա, չի էլ կարող լինել:

Իսկ սաներիս հետ, անշուշտ, կապերը պահպանում եմ, հաճախ ենք հեռախոսով խոսում, շնորհավորում իրար՝ այս կամ այն առիթով:

- Պարոն Հակոբյան, եղբայրս՝ նախկին վոլեյբոլիստ Կամո Բաբաջանյանը՝ Գորիսի վոլեյբոլի հավաքականի թիմից, իմանալով, որ պետք է այցելենք Ձեզ և հարցազրույց վարենք, ջերմ բարևներ հղեց մարզիչ, միաժամանակ խաղացող  ընկերոջը՝ Սլավիկին:

Ի դեպ, նրա ձայնում չթաքցրած կարոտ զգացի վոլեյբոլի ու երբեմնի ձեր սպորտային ընդհատված ընկերությանը… Գուցե ափսոսաց, որ հետո զորակոչվել է ԽՍՀՄ բանակ, այնուհետ՝ Սանկտ-Պետերբուրգ՝ մշակույթի և կինեմատոգրաֆիայի  ինստիտուտում սովորելու, և այդպես հեռացել է սպորտից…

Ինչո՞ւ ոմանց համար Դուք Սլավիկ եք, ոմանց համար՝ Աղվան:

- Անչափ շնորհակալ եմ Կամոյին, իհարկե, հիշում եմ նրան՝ Գորիսի վոլեյբոլի թիմից, ում հետ շատ ենք խաղացել, ու ասեմ՝ բավականին լուրջ, պատրաստված թիմ էր, ճանաչված մարզիչ Ռաֆիկ Դադալյանն էր ղեկավարում:

Կամոն էլ ինձ պես բարձրահասակ է, սպորտային մեծ նախասիրությամբ, շարունակելու դեպքում՝ կարող էր մեծ հաջողությունների հասնել:

Ափսոսում եմ, որ Գորիսի վոլեյբոլի թիմն էլ այսօր չկա, շատ լավ խաղացողներ ուներ: Այն ավելի շուտ կազմալուծվեց՝ 1991 թվականից:

Իսկ թե ինչո՞ւ եմ ոմանց համար Սլավիկ, ոմանց համար՝ Աղվան, ասեմ, որ ծննդյան վկայականով Աղվան եմ, մոտիկներիս համար, ում հետ խաղացել կամ շփվել եմ, Սլավիկ:

Դեռ մանկուց այդպես է եղել, այդպես էլ մնում է:

- Ո՞րն է ամենամեծ գնահատականը, որ Ձեզ տվել են…

Չենք հոգնի կրկնել, որ Դուք Սյունիքի սպորտը տասնամյակներ շարունակ աշխարհին ներկայացրած լեգենդար մարդ եք՝ Ձեր անունը սպորտի ֆեդերացիայի հանրագիտարանում գրանցած, և, թվում է, վաղուց պետք է արժանանայիք սպորտի վարպետի կոչման…

Ահա այս փոքրիկ, ցուրտ, մետաղե կառուցվածքով կացարանում տեսնում ենք տասնյակ  մեդալներ, պատվոգրեր, գավաթներ, որոնց հետևում քաղաքի ու Ձեր կյանքն է՝ լի մեծագույն նվաճումներով և անդուլ աշխատանքով:

Չե՞ք կարծում, որ այս անգնահատելի հարստության տեղը կարող էր լինել սպորտի թանգարանը՝  սերունդներին՝ ի տես և ի պահ, իբրև՝ Սիսիան քաղաքի, Սյունիքի մարզի սպորտային փառահեղ կենսագրություն:

- Այո, կարծում եմ, բայց դրանից ի՛նչ օգուտ, եթե այն շարունակություն չունի:

Ինձ համար այս պատերին ամրացված ամեն մի պատվոգիր, մեդալ ու շնորհակալագիր, գավաթ՝ արդեն իսկ մեծ պարգև է:

Ամենամեծ պարգևն իմ վաստակն է, մարդկանց գնահատականն ու ամենօրյա ջերմ բարևները, որ հղում են՝ անունս լսելիս, քաղաքի սպորտային պատիվն է, որ տասնամյակներով բարձր եմ պահել:

Սա մեծ գնահատական է...

Ինչ վերաբերում է սպորտի վարպետ կոչմանը, ասեմ՝  այն ժամանակ, երբ մեր թիմը սպորտային պիկեր էր նվաճում, շատ դժվար էր սպորտի վարպետի կոչման արժանանալը:

Սակայն, ես դարձա սպորտի վարպետության թեկնածու, և դրանից հետո մի երկար ժամանակ հասարակարգի ու նրա կառույցների փլուզման ծանր հետևանքների մեջ էինք. երկրաշարժ, Սումգայիթում, Բաքվում՝ ցեղասպանություն, պատերազմներ...

Իսկ երբ համեմատաբար նորմալ հունի մեջ ընկանք, ես արդեն մտածում էի իմ սաների մասին, նրանց համար էի ճանապարհ հարթում՝ դեպի մեծ սպորտ, սպորտի վարպետութուն…

Սա էլ մեծ պարգև էր:

- Այնուամենայնիվ, կարողացել եք ձևավորել վոլեյբոլի գերդաստան, ինչը նույնպես մեծ պարգև էր մեր հասարակությանը:  

- Այո, կարելի է և այդպես ասել:

- Իբրև՝ սպորտային Սյունիքում լեգենդ-մարդ, ի՞նչ կմաղթեիք մեր հասարակությանը:

- Կմաղթեի՝ մանկապատանեկան տարիքից երեխաները պարտադիր զբաղվեն սպորտով, ուսումնական և մարզական հաստատությունները կրթեն ու դաստիարակեն առողջ սերունդ, դպրոցներում սպորտը դրվեր բարձր հիմքերի վրա:

Եվ ընդհանրապես, անկախ տարիքից ու սեռից, հասարակությունը պետք է լինի առողջ և կոփված:

Ընդունված է ասել՝ առողջ մարմնում՝ առողջ հոգի:

Սա ոչ միայն Սյունիքի հասարակությանն է պետք, այլ նաև՝ ողջ հայ ազգին:

Ինչո՞ւ ժխտել, որ Արցախյան առաջին պատերազմի մեր հաղթանակը մեծ չափով պայմանավորված էր նաև սերնդի կոփվածությամբ ու առողջ լինելով:

Ե՛վ կրթությունն ու դաստիարակությունն էին ամուր հիմքերի վրա…  

Մեզ ուժեղ, ֆիզիկապես և հոգեպես առողջ սերունդ ու հասարակություն է պետք՝ կյանքի բոլոր փորձություններին դիմագրավող:

Դրանից է նաև կախված թե՛ բանակի և թե՝ մեր երկրի հզորացումը:

 

Զրույցը՝ Սուսաննա Բաբաջանյանի

Աշխարհը նման քաոսային և կատաղի շրջան չի տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր. Կիմ Չեն Ըն

22.11.2024 11:51

Վաշինգտոնը հավատարիմ է մնում Կիևին աջակցելու իր ռազմավարությանը՝ չնայած Ռուսաստանի հնարավոր գործողություններին. Սպիտակ տուն

22.11.2024 00:16

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա

21.11.2024 22:15

ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին

21.11.2024 21:48

Հայաստանում կհայտարարվի ձմեռային զորակոչ, կարող են մեկնել նաև կանայք. հայտնի են օրերը

21.11.2024 20:27

Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին ձերբակալելու հրաման է տվել

21.11.2024 20:18

Բելգիացի քաղաքական գործիչները Բաքվից պահանջել են ազատել հայ գերիներին և դուրս գալ ՀՀ տարածքներից

21.11.2024 20:11

Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային համաժողով

21.11.2024 19:11

ԱՄՆ-ն հետաքրքրված չէ հայ-ադրբեջանական խաղաղությամբ․ Ջեֆրի Սաքս

21.11.2024 17:42

Գեղանկարիչ Մարտուն Զաքարյանի ցուցահանդեսը Կապանում

21.11.2024 17:05

Ադրբեջանի և Թուրքիայի ծովային հատուկ ջոկատայինները համատեղ վարժանքներ են անցկացնում

21.11.2024 14:20

Բռնցքամարտի ակումբ` Ռազմիկ Աբելյանի նախաձեռնությամբ

21.11.2024 12:37