Սյունիքը քվեարկեց «Այո»-ի օգտին, իսկ Կապանում, այնուամենայնիվ, մտածելու բան կա

07.12.2015 16:26
2611

ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում, որ տեղի ունեցավ 2015թ. դեկտեմբերի 6-ին, Սյունիքի մարզում գործում էր 153 ընտրական տեղամաս:

Մարզում քվեարկելու իրավունք ուներ 109454 քաղաքացի:

Քվեարկությանը մասնակցեց 66916 հոգի կամ քվեարկության իրավունք ունեցողների 61,14 %-ը:

2138 քվեաթերթիկ համարվեց անվավեր:

«Այո»-ի օգտին քվեարկեց 47926 (71,62 %), «Ոչ»-ի օգտին՝ 16815 (25,13 %) հոգի:

«Այո»-ն հատկապես մեծ աջակցություն ստացավ Քաջարան եւ Ագարակ քաղաքներում (երկու համայնքում էլ՝ 84 %): Քաղաքային այդ համայնքներում մասնակցությունն էլ ակտիվ էր՝ Քաջարանում՝ 84 %, Ագարակում՝ 81,4 %:

«Այո»-ն պատշաճ աջակցություն ստացավ նաեւ Գորիս քաղաքում (72,3 %), Մեղրի քաղաքում (68 %), Սիսիան քաղաքում (58 %) եւ մարզի բազմաթիվ գյուղական համայնքներում:

«Ոչ»-ն առավել մեծ հաջողություն գրանցեց Կապանում: Մարզկենտրոնում բացված 21 ընտրատեղամասից 9-ում բացարձակ հաղթանակ գրանցեց «Ոչ»-ը:

Կապանի 30920 ընտրողից քվեարկությանը մասնակցեց 16126 (52,2 %) ընտրող:

«Այո» քվեարկած քվեաթերթիկների թիվը՝ 8613 (53,4 %), «Ոչ» քվեարկած քվեաթերթիկների թիվը՝ 6960 (43,2 %), անվավեր է համարվել 553 (3,4 %) քվեաթերթիկ:

ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստության եւ անցկացման ամբողջ ընթացքը, անշուշտ, խորը վերլուծության կարիք ունի, եթե, իհարկե, ուզում ենք անկեղծորեն վերլուծել: Սահմանադրության ներկայիս փոփոխությունը դեռեւս քննարկվելու է երկար ժամանակ: Մինչ այդ, սակայն, հարկ ենք համարում մի քանի նկատառում հայտնել համապետական այդ իրադարձության սյունիքյան որոշ դրսեւորումների առնչությամբ:

Կապան քաղաքի արդյունքները վերստին հաստատեցին, որ իշխանությունները, մեղմ ասած, Կապանում խնդիր ունեն, նաեւ մտածելու բան:

Մի ուրիշ դիտարկում էլ. Կապանում գործում են ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի խոշոր կազմակերպություններ: Եվ երկու այդ խոշոր կազմակերպությունը (իբր մեկտեղված ջանքերով) չկարողացան ցանկալի արդյունք արձանագրել մարզկենտրոնում: Ստեղծված իրավիճակն առնվազն երկու պատճառ կարող է ունենալ: Նախ՝ այդ կուսակցություններից առնվազն մեկը չի աշխատել «Այո»-ի օգտին կամ երկուսն էլ վատ են աշխատել: Այնուհետեւ՝ այդ կուսակցությունները, ըստ էության, ավելին չէին էլ կարող անել. այդքան էր նրանց ներուժը:

Ուրիշ պատճառ էլ կար. «Այո»-ի շտաբը, կարելի է ասել, կավե ոտքերով մի կառույց էր՝ կապանյան իրականությունից կտրված, մի քանի տեղական պաշտոնյայի անհոդաբաշխ զեկույցներից գլխապտույտի մեջ ընկած, հանրային տրամադրություններին անհաղորդ:

Ընդհանրապես նախկին շրջանների տարածքն ընդգրկող նմանատիպ շտաբները, ինչպես կյանքն է ցույց տալիս, մեծագույն ավելորդություն եւ անհեթեթություն են ընտրական գործընթացներում: Դրանց գործունեությունն ավելի շատ խաղի տպավորություն է թողնում՝ բեմից դուրս խաղի տպավորություն: Գումարած անտաղանդ դերասաններ եւ անճաշակ կատարումներ: Նրանց վերագրվող ֆունկցիան կարող է եւ մեկ-երկու՝ միջին կարողությամբ անձնավորություն կատարել: Իրական ուժերը պետք է կենտրոնացնել տեղամասերում, որտեղ մարդկանց հետ կենդանի աշխատանք է պահանջվում: Իսկ ոմանք գերադասեցին խաղալ…

Ինչո՞ւ ենք վերջին հանգամանքը կարեւորում: Քվեարկության նախնական արդյունքները ցույց են տալիս, որ մարզկենտրոնի մի շարք տեղամասերում ապահովվել է ընտրողների ե՛ւ ակտիվ մասնակցություն, ե՛ւ պատշաճ «Այո»: Ուրեմն աշխատանքն է պակասել նշված ինը տեղամասում:

Իսկ Կապանում… Իշխանություններն առաջին անգամ չէ, որ բախվում են նման դիմադրության. հիշենք թեկուզեւ 2012թ. նախագահական եւ ՏԻՄ ընտրությունները:

Բայց դրանից չպետք է հուսահատվել: Այդ ամենի մեջ ավելի շատ դրական երանգ կա: Որերորդ անգամ կապանյան քվեարկությունը ցույց է տալիս, որ մարզկենտրոնում եղել է ու կա ազատ կամարտահայտության անվիճելի ու անբեկանելի մթնոլորտ: Դրանով միայն պետք է ուրախանալ: Դրանից պետք է նաեւ դասեր քաղել…

Մի դատապարտելի երեւույթ կա (եւ ոչ միայն Կապանում), որ տարիներ շարունակ ուղեկցում է մեզ գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ: Ընտրությունները, հանրաքվեները, կարծեք, բացառիկ լավ հնարավորություն են ընձեռում պետական շահերով սեփական դեմքը թաքցրած որոշ մարդկանց՝ ցեխոտելու անձնական հակառակորդներին, իրենց համար անցանկալի անձանց: Այս անգամ էլ այդպես եղավ: Հաճախ այնպիսի տպավորություն էինք տեղերում ստանում, որ խնդիրը ոչ թե հանրաքվեի արդյունավետ կազմակերպումն է, այլ ինչ-որ մարդկանց վարկաբեկելը: Եվ այդ «հնարքն» ամբողջ ուժով աշխատում էր ընդդեմ «Այո»-ի, ընդդեմ հանրության համախմբման:

Կամ՝ այդպես էլ չհասկացանք, թե ինչու գործող իշխանությունների հովանու ներքո մեր երկրամասը երեկ թալանած եւ այսօր ասպատակող հայտնի պերսոնաժները բառ անգամ չասացին նույն այդ իշխանությունների կողմից առաջարկված սահմանադրական բարեփոխումների օգտին:

Ապշեցուցիչ էր հայտնի կուսակցության սյունիքյան մարաթոնը… Առաջարկվող փոփոխությունների լավն ու վատը ներկայացնելու, անհասկանալի եւ երկիմաստ հարցերը վերծանելու փոխարեն փորձում էր իր ճաղատ գլխին դնել համապետական այս միջոցառման նախաձեռնողի «դափնին»:

Եվ, այդ բոլորով հանդերձ, Սյունիքն «Այո» ասաց սահմանադրության փոփոխություններին՝ իրեն պատասխանատու համարելով երկրի ներկայի ու ապագայի համար:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Վարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին

04.08.2026 11:24

Մեկնարկել է Սյունիքի մարզի տղամարդկանց շախմատի 26-րդ առաջնությունը

04.08.2026 11:13

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55

«Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան

03.08.2026 11:54