Սյունիքյան ընտրությունների ռեզյումե. ինչ չէր հաջողվել պարսից եւ սելջուկ զորականներին, հաջողվեց Վահե մարզպետին

22.11.2017 14:51
2195

Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներն արտացոլող թվերը, անշուշտ, ինչ-որ բան ասում են:


Բայց այդ թվերից անդին կան մարդկային հարաբերություններ, առօրյա կյանք, իրողություններ, որոնց վրա է սովորաբար վերընձյուղվում իրական իշխանություն ասվածը եւ ոչ թվերի:


Ու եթե այդ տեսակետից ենք մոտենում ընտրությունների արդյունքներին, ապա ակնհայտ է դառնում հետեւյալը՝ Սյունիքում ՏԻՄ ընտրությունների գլխավոր արդյունքը կամ հետեւանքը հանրության մեջ առկա լարվածության ահագնացումն է, հանրության հետագա պառակտումը, միմյանց հակառակ նոր բեւեռների առաջացումը, տեղական ու տարածքային իշխանությունների հանդեպ վստահության շեշտակի նվազումը:


Քաղաքակիրթ ընտրապայքարի նշույլ, թեկնածուների ծրագրերի մրցակցություն չտեսանք:


Բախվեցինք վարչական ռեսուրսի ամենավայրենի դրսեւորումների հետ:


Ընտրական օրենսգրքի մերժելի բազում երեւույթներ գրեթե օրինակացվեցին եւ լեգալ դրսեւորումներ ունեցան:


Քաղաքական կյանքի միաբեւեռություն (որոշ բացառություններով), կուսակցությունների լիակատար բացակայություն, անհայրենիք ու անժողովուրդ իշխանիկների տրտինգ, որոշ տեղամասերում բուն ընտրական գործընթացից ընտրական հանձնաժողովների փաստացի մեկուսացում, համայնքներից մեկում մրցակցի վրա դրսից տղաների հրավիրում, անպայման ինչ-որ թշնամի հնարելու եւ նրա դեմ մարտնչելու մոլուցք, ձախության եւ հուդայության հրավառություն, կավե ոտքերով կուռքերի նոր խմբաքանակի թողարկում, լեռնային ու սահմանամերձ գյուղերի մահվան գործընթացի նոր փուլի մեկնարկ…


Ամենացավալին, սակայն, ինչպես ասացինք, հանրության մեջ թշնամական նոր բեւեռների առաջացումն էր, տեղական ու տարածքային իշխանությունների հանդեպ վստահության դեֆիցիտի խորացումը:


Հայոց պատմությանը շատ թե քիչ տեղյակները գիտեն, թե ինչպես էին ժամանակին պարսից ու սելջուկ զորականները (եւ ոչ միայն նրանք) Հայաստանը ներսից ջլատելու նպատակով մեր ժողովրդի տարբեր խավերի միջեւ ատելություն եւ թշնամանք սերմանում: Բայց ոչ մեկին դարերի ընթացքում վերջնականապես չէր հաջողվում նպատակին հասնել:


Եվ, որքան էլ զարմանալի է, այն, ինչ չէր հաջողվել Հազկերտի, Շապուհի, Կաղ Թեմուրի եւ մյուս նվաճողների զորականներին, հաջողվեց Վահե Հակոբյանին: Հաջողվեց անկախ Հայաստանի մարզերից մեկում՝ Սյունիքում, հաջողվեց հատկապես վերջին երկու ընտրության ընթացքում:

Հաջողվեց բացառապես այն մուտացիայի հետեւանքով, որ Սյունիքի մարզպետի եւ հանրապետության թիվ 1 հանքարդյունաբերական ձեռնարկության ղեկավարի պաշտոնները գործնականում կենտրոնացվեցին մեկ անձնավորության, այն էլ՝ Սյունիքի եւ սյունեցիների հանդեպ մեծագույն ատելությամբ լցված անձնավորության ձեռքում:


Գորիսում հնարավոր էր առնվազն զերծ մնալ մրցակիցների՝ գոտկատեղից ներքեւ միմյանց հարվածելու դաժան մարտավարությունից:


Այո, հնարավոր էր միեւնույն սեղանի շուրջ նստեցնել Գագիկ Առուշանյանին եւ Սամվել Հարությունյանին ու քաղաքակիրթ մրցապայքարի, ոչ թշնամական գործելակերպի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել. բայց դա մարզպետին ձեռնտու տարբերակ չէր:


Կողմերը լավ էլ հասկանում էին, որ իրենք շարունակելու են ապրել միեւնույն քաղաքում, գիտակցում էին, որ որեւէ մեկի իշխանությունը հավերժական չէ, հասկանում էին, որ մարզպետի հայհայը գնացել, վայվայն է մնացել, բայց…


Սիսիանում վերջին տարիներին Լավրենտ Սարգսյանի եւ Աղասի Հակոբջանյանի գերդաստանների միջեւ լարված հարաբերություններ էին, եւ դա գաղտնիք չէր: Այդ պայմաններում անգամ Աղասի Հակոբջանյան քաղաքապետը Լավրենտ Սարգսյանին Սիսիանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց: Ասել է թե՝ լարվածությունը՝ լարվածություն, կյանքը՝ կյանք, բայց ոչ երբեք թշնամանք:


Վերջին մեկ տարում երկու գերդաստանի միջեւ տեւական լարվածությունը (ոչ առանց մարզպետի ջանքի) փոխակերպվեց թշնամանքի՝ այդ զգացումն իրենց հաջորդ սերունդներին փոխանցելու ստույգ միտումով:


Կապանում միմյանցից զզվող, միմյանցից հավերժորեն բամբասող հանրապետականները գոնե ընտրությունների ժամանակ, գոնե վերջին պահին, գոնե ժամանակավորապես համախմբվում էին:

Այս անգամ, սակայն, ոչ միայն չհամախմբվեցին, այլ միմյանց դեմ ելան: Կապանի համայնքի ղեկավարի հանրապետական թեկնածուի դեմ միայն հանրապետականները ոտքի կանգնեցին՝ մարզպետի գլխավորությամբ:


Ստեղծվել էր մի վիճակ (եւ դեռ հարատեւում է), երբ մերձավորը մերձավորին, ընկերն ընկերոջը բարեւելու, իրար հետ հարաբերվելու համար նախ պարզում էին՝ ո՞ր մի թիմից է նա, բա որ հանկարծ մարզպետի մարդիկ տեսնե՞ն, իմանա՞ն…


Ստեղծվել էր մի վիճակ (եւ դեռ հարատեւում է), երբ շարքային մարդիկ անգամ հեռախոսով խոսելիս միմյանց զգուշացնում էին եւ զուսպ խոսելու կոչ անում՝ մեզ լսում են…


Ահա այսպիսի մթնոլորտ էր նախընտրական Սյունիքում, որ դեռ շարունակվում է…


Հաղթողներ եղա՞ն նոյեմբերի 5-ի ընտրությունների արդյունքում: Եղա՛ն, եւ մենք բոլորին շնորհավորեցինք, նաեւ նրանց, որոնց հաղթանակը մեզ հիշեցրեց Պյուռոս զորավարին…


Իսկ պարտվողնե՞ր…


Անշուշտ, ինքը կգնա՝ կորցնելով իր իզն ու թոզը: Մենք կմնանք՝ խնդիր ունենալով նրա կառուցած բարիկադների կազմաքանդումը. ուրիշ ճանապարհ չունենք: Իհարկե, կհաջողենք, անպայման կհաջողենք, բայց դրա համար շատ ջանք եւ ժամանակ կպահանջվի: Ու այդ ժամանակ իրոք որ հաղթող կլինենք բոլորս:


Դժվար ընտրության առջեւ են հատկապես համայնքների ղեկավարները, մարզային չինովնիկները՝ հետեւել մարզպետին ու նրա կույր սպասավո՞րը լինել, թե՞ քայլել բնակչության հետ. ցավոք այդ ճանապարհները չեն մեկտեղվում ու չեն կարող մեկտեղվել, վերջին տարվա անցուդարձն՝ ահավասիկ:


Իսկ դրանից առաջ եւ ընտրություններից հետո չէր խանգարի մեկ անգամ եւս հիշել մեր ամենամեծերից մեկի՝ Ակսել Բակունցի հայտնի պատվիրանը եւ առաջնորդվել դրանով՝ «Աշխարհքս միշտ կմնա, ասա մարդը սեւերես չմնա»:


Կկարողանա՞ն հաղթողները (եւ գործող մյուս համայնքապետերը) զերծ մնալ վրեժխնդրությունից ու քինախնդրությունից, թե՞ կշարունակեն համայնքները բաժանել մերոնքականների եւ ոչ մերոնքականների ու նորից ջուր լցնել մարզպետի՝ «բաժանիր, որ տիրես» գործելակերպին…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41

ԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանը

13.03.2026 14:34