«Սյունյաց երկիր» անունը դարձել է մեր լեռնաշխարհի այցեքարտերից մեկը

27.01.2016 12:13
2169

Համո Սահյանն ասում է. «Ուր կորան կանաչ, կարմիր տարիներս… »: Համարձակվում եմ միայն մեկ անգամ, այն էլ այս անգամ չհամաձայնել խոսքի մեծ վարպետի հետ: Տարիները չեն կորչում, տարիներն ապրում են մարդու նման, հարստացնում մարդուն, ու գնում, ինչպես մարդն է գնում: Այդպես օրերը գումարվեցին իրար, ամիսներ դարձան, ամիսներն էլ՝ տարիներ, եւ այսօր «Սյունյաց երկիր» լրագրի հիմնադիր խմբագիրը 60 տարեկան է:

Մի անգամ ինձ համար բոլորովին նոր միջավայրում գլուխ գովեցի, թե անձամբ ծանոթ եմ Գուսան Աշոտի հետ: Ասացի ավելին, որ նրա հետ լուսանկարներ ունեմ, որ մի քանի անգամ հյուր եմ եղել նրա գորիսյան տանը, վայելել նրա գեղեցկուհի տիկնոջ՝ Արաքսյայի համով ճաշերը, լսել գուսանի նույնքան համով, սրտի հետ խոսող երգերը: Ունկնդիրներս թերահավատորեն ժպտում էին: Նրանց թերահավատության տակ ես ավելի էի կարեւորում իմ դերակատարումը, կարծես գուսանի տաղանդի մեջ ներդրում ունեի: Իսկ հիմա, առանց հետին մտքի, ուղղակի ասում եմ, որ Սամվել Ալեքսանյանի հետ ծանոթ եմ վաղուց՝ 45 տարուց ավելի: Երիտասարդությանս տարիներին, հետագայում եւս ունկս եղել է նրա հոր՝ կյանքի փորձով իմաստնացած, 18 տարեկանում Հայրենական մեծ պատերազմ մեկնած եւ այն 23 տարեկանում՝ 1945 թվականին Մերձբալթիկայում ավարտած Լազարի զրույցներին, իսկ քիմքս՝ զգացել սիրելի Անտիկ մայրիկի կաթով, մայիսյան ոսկեգույն կարագը խնոցու թանի վրայից հավաքելուց հետո թանի կաթոցով ձեռքերի համով-հոտով ուտեստները: Հիմա էլ վայելում եմ իր, իր երեք զավակի եւ ութ թոռան բարեկամությունն ու ընկերությունը:

Հազար տարի կրկնվող խոսք է. մեկը չի կարող բոլորի համար լավ ու սիրելի լինել: Կարծում եմ՝ հասկանալի է, որ այս խոսքերն օգտագործվում են առօրյա զրույցների ժամանակ եւ վերաբերում են մարդկային սովորական հարաբերություններին: Իսկ երբ խոսքը գնում է հասարակական որոշակի դիրք ունեցող մեկի մասին, ինչպիսին մեր պարագայում Սամվել Ալեքսանյանն է, ապա վերեւում ասվածն անցնում է երկրորդ պլան, կարելի է ասել՝ նույնիսկ երկրորդական պլան: Առաջնայինը դառնում է անհատի հասարակական դիրքորոշումն ու հասարակական գործունեությունը: Իսկ «Սյունյաց երկրի» խմբագրի այդ գործունեությունն ավելի քան ակնհայտ է:

Այս տողերը գրելիս նպատակը ոչ միայն հոբելյարին շնորհավորելն է, այլեւ «Սյունյաց երկիր» լրագրի հազարավոր ընթերցողներին նրա խմբագրի հետ ավելի մոտիկից ծանոթացնելը:

Ուրեմն այսպես, 60 տարի առաջ հունվարի 26-ին Հարժիս գյուղում, Լազար Ալեքսանյանի բազմանդամ ընտանիքում ծնվում է առաջին արու զավակը: Նահապետական ավանդույթներով գերդաստանում դա երեւույթ էր, այնքան մեծ երեւույթ, որ չեն սպասել այգը բացվելուն եւ գիշերով աչքալուսանք են տարել մայրական տատին՝ մամիին: Դե նա էլ բարի լուրը տեղ հասցնողին վարձահատույց է եղել օրվա սպասվող ամբողջ հավկիթով:

Դպրոց սկսում է հաճախել գյուղում: Արդեն պատանեկության տարիներին ակնհայտ է դառնում անարդարության, կեղծիքի ու կեղծավորության նկատմամբ նրա անհաշտ բնավորությունը: Դպրոցի տնօրենության հետ կոնֆլիկտի պատճառով տեղափոխվում է Գորիս եւ ավարտում Ակ.Բակունցի անվան միջնակարգը: Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է հայրենի գյուղում՝ միջնակարգ դպրոցի ավագ ջոկատավար, մշակույթի տան տնօրեն, հետագայում՝ Շինուհայրի ռետինե կոշկեղենի գործարանի կոմերիտական կազմակերպության ազատված քարտուղար, ՀԼԿԵՄ Գորիսի շրջկոմի երկրորդ քարտուղար, շրջխորհրդի գործկոմի մշակույթի բաժնի վարիչ, «Զանգեզուր» թերթի խմբագիր: Աշխատանքին զուգահեռ ստացել է բարձրագույն կրթություն՝ պատմաբանի մասնագիտությամբ: Ծառայել է խորհրդային բանակում:

***

Քիչ բան իմացողի բանը հեշտ է: Նրա իմացության շառավիղը փոքր է: Այդ շառավիղով աշխարհի տիրոջ համար ամեն ինչ պարզ է ու հասկանալի, նա պրոբլեմներ չունի, նրա կյանքում անհայտներ չկան: Այլ բան է հակառակ բեւեռում: Այստեղ է, որ մոտենում ես հայտնի իմաստասերի այն խոսքերի ճշմարտությունը հասկանալուն, որ ինչքան շատ բան ես սովորում, այնքան ակնհայտ է դառնում, որ քիչ բան գիտես: Սամվել Ալեքսանյանը հասնելով կյանքի 6-րդ եւ 7-րդ տասնամյակների ճամփաբաժան, գտնվում է կյանքը ճանաչելու այդ փուլում: Մասնավոր եւ մտերմիկ զրույցների ընթացքում հաճախ ենք հորդորում նրան՝ մի քիչ փոխել կայնքի ռիթմը, մեկ-երկու շաբաթով կտրվել աշխատանքից, մեկնել հանգստանալու: Բայց չէ, չի ստացվում: Ամեն ինչից եւ ամենից շատ տեղյակ լինելը, ամեն ինչ իմանալու, ավելին իմանալու, անընդհատ պայքարի մեջ լինելը նրա կենսակերպն է, նրա կյանքի շարժիչ ուժը:

Գորիսի մտավորականությունը, տնտեսական ղեկավարությունն առաջին անգամ նրա հետ ծանոթացան հեռավոր 1977-ին, երբ նրանց առջեւ (կուսակցության Գորիսի շրջկոմի պլենումում) հանդես եկավ նախադեպը չունեցող համարձակ ու սկզբունքային ընդգծված եզրեր ունեցող ելույթով: Ավելի ուշ ստանձնելով «Զանգեզուր» թերթի խմբագրի պաշտոնը, չնայած խորհրդային երկրում գոյություն ունեցող խիստ գրաքննությանը, հնարավորություն ստացավ ամբողջությամբ դրսեւորել իր հոգեւոր ու գործնական կարողությունները: Իհարկե, դրանում որոշակի դերակատարում ունեցավ նաեւ իշխանությունների կողմից այսպես կոչված վերակառուցման շրջանակներում մամուլին տրված կիսատ-պռատ ազատությանը: Բայց ամենամեծ ազդեցությունը Սամվել Ալեքսանյանի վրա որպես մտավորականի եւ որպես թերթի խմբագրի, անշուշտ, թողեց 80-ական թվականներին սկսված եւ անընդհատ վերելք ապրող Ղարաբաղյան անվամբ ազգային-ազատագրական շարժումը, որի կիզակետերից մեկն էլ Ստեփանակերտից եւ մայրաքաղաքից հետո ոչ պատահականորեն դարձել էր Գորիսը: Թերթը դարձավ տարածաշրջանում այդ օրերին տեղի ունեցող իրադարձությունների վավերագրողը, նրա հրապարակումներից շատերը սկզբնաղբյուր էին հանրապետության այլ լրատվամիջոցների համար: Եթե թերթեք «Զանգեզուր» թերթի 90-ականների արխիվը, ապա կհամոզվեք, որ այն խիստ առանձնանում է նմանատիպ շրջանային լրագրերից իր ոճով, թարմությամբ ու սկզբունքայնությամբ: Խմբագրի ձեռագիրն ակնհայտ է: Կոմունիստական կուսակցության ամենուր, ամենատես, ամենասուր աչքի առաջ նա խոսում է այն ժամանակ արգելված շատ թեմաների մասին: Ուղղակի զարմանում ես խմբագրի ուղղամտության, համառության ու համարձակության վրա: Այս հարցում ավելի ծավալվելը, ինչպես այժմ ընդունված է ասել՝ այլ թեմայի շրջանակների մեջ է մտնում: Այնպես որ, բավարարվենք այսքանով:

Ամիսներ առաջ մի հարցազրույցի ժամանակ հեռուստալրագրողը նրան հարցնում է՝ ո՞րն է նրա սիրած քաղաքը, որտե՞ղ կցանկանար ապրել: Պատասխանը միանշանակ է. այնտեղ, որտեղ ապրում եմ: Ասել է թե Սյունյաց երկրի ցանկացած քաղաքում ու ավանում, ցանկացած գյուղում, որովհետեւ այս տարածքի ամեն մի թիզ հողը թանկ է նրա համար: Սամվել Ալեքսանյանը հայրենի եզերքին, նրա քար ու փուշին անմնացորդ նվիրված ու սիրահարված անհատ է: Նա չի կարող ապրել «որտեղ հաց, էնտեղ կաց» սկզբունքով, նա չի կարող շատերի նման հեռվից սիրել հայրենիքը, որովհետեւ հայրենիքը գեղանկար չէ, որի գեղեցկությունն ընկալելու, հասկանալու համար նրան որոշ հեռավորությունից պետք է նայել: Եվ փառք Աստծո, որ մեր մտավորականների մեջ դեռ կան նմանները:

Հայրենական մեծ պատերազմի թեմաններով մի գեղարվեստական կինոնկարում հայտնի երգ կա՝ «Ինչ երիտասարդ էինք… »: Ամեն անգամ այդ երգը լսելիս մի ուրիշ իմաստություն էլ եմ հիշում՝ բոլոր 20 տարեկաններին թվում է, թե կյանքը հավերժական է: Բայց 60 տարիների բարձունքից պարզ երեւում է, որ դա այդպես չէ: Բոլորովին նպատակ չունեմ հիշեցնելու հոբելյարին, որ 60 տարին պատկառելի տարիք է: Ուղղակի ցանկանում եմ փաստել բոլոր նրանց համար, ովքեր կարդալու են այս տողերը, որ Սամվել Ալեքսանյանի ապրած այդ տարիները կշիռ, քաշ ունեցող տարիներ են եղել բոլորիս համար, Սյունյաց աշխարհը սիրողների համար, «Սյունյաց երկիր» ընթերցողների համար:

Համայն հայությունը, աշխարհի առաջադեմ մարդկությունը Զանգեզուր աշխարհը ներկայացնում է իր մեծերով, հող հայրենիին անսահման նվիրված ու այն սիրող մարդկանցով, պատմամշակութային հոյակերտ հուշարձաններով, իր Քաջարանով ու Քարահունջով: Այս փոքրիկ ցուցակը վերջին տարիներին լրացրել է «Սյունյաց երկիր» անունը, ասել է թե՝ լրագիրը դարձել է մեր լեռնաշխարհի այցեքարտերից մեկը:

Ասում են՝ յուրաքանչյուր ոք Աստծո կամոք աշխարհ է գալիս որոշակի առաքելությամբ, աշխարհ է գալիս իրեն վերապահված հետքը թողնելու: Սամվել Ալեքսանյանի թողած հետքը հոծ է, ցայտուն, տեսանելի նույնիսկ նրանց համար, ովքեր չեն ցանկանում այն տեսնել: Խմբագրի առօրյա աշխատանքից զատ նա իր բեղուն գործունեությամբ մոռացության գրկից հանել, ժամանակի փոշին մաքրել ու նորից իր ժողովրդին է վերադարձրել հանիրավի մոռացության մատնված տասնյակ մեծերի անուններ, դրանով էլ իրավունք նվաճել կանգնելու նրանց կողքին:

Ու.Չերչիլն ասում է՝ քաղաքական գործիչը պետք է կարողանա գուշակել, թե ինչ տեղի կունենա վաղը, հետո էլ՝ կարողանա բացատրել, թե ինչու դա տեղի չունեցավ: Սամվել Ալեքսանյանը քաղաքական գործիչ չէ, եւ ոչ էլ նրա խմբագրած լրագիրն ունի հստակ արտահայտված քաղաքական ուղղվածություն: Բայց դա չի խանգարում, որ նա բազում, բազմաթիվ օրինակներ բերի մեր կյանքի այս կամ այն բնագավառում, հանրապետության մակարդակով խոշոր ձեռնարկություններում, կազմակերպություններում տեղ գտած աղաղակող թերությունների մասին, համապատասխան կազմակերպություններից պահանջի միջոցներ ձեռնարկել: Դժբախտաբար կան մարդիկ, ովքեր այդ ելույթները փորձում են բացատրել խմբագրի եւ նման կազմակերպությունների ղեկավարների անձնական ոչ նորմալ հարաբերություններով: Է, չէ, այդպես չէ: Ինչպես ասում է Ս.Խանզադյանի վավերագրական պատմվածքի հայտնի հերոսը՝ «պաստերը համապատասխանում են»: Մտաբերենք Քաջարանի եւ Կապանի կոմբինատների մասին լրագրի ելույթները: Ինչպես ասում են՝ ժամանակն ամեն ինչ իր տեղը դրեց:

«Սյունյաց երկիրն» առաջինն էր, որ ահազանգեց Սյունիքի մարզի բարձրադիր գոտու արոտները վարձավճարով Իրանի Իսլամանական Հանրապետությանը տրամադրելու ծրագրի մասին, իր էջերում տպագրեց դրանք հաստատող փաստաթղթեր, դրանով հարցին տալով հասարակական հնչեղություն ամբողջ հանրապետությունում, որի շնորհիվ էլ կանխվեց հերթական խոշոր կոռուպցիոն գործարքը: Եթե փորձենք նման օրինակներ էլի բերել, ապա ստիպված կլինենք թերթել լրագրի ամբողջ պահոցը, որովհետեւ նրա ցանկացած համարում նմանատիպ մեկ, իսկ երբեմն 2-3 օրինակ կգտնեք:

Համոզված եմ, որ «Սյունյաց երկրի» յուրաքանչյուր համար առանց ընտրության, մինչեւ լրագրի հաջորդ համարի լույս տեսնելն իր ընթերցողների շրջանում քննարկման առարկա է լինում, իսկ թեմատիկ կամ, ինչպես ընդունված է ասել, հոբելյանական համարների մասին խոսելն ավելորդ է: Ես էլ, որպես թերթի հավատարիմ, մշտական ընթերցող, անմասն չեմ նման քննարկումներից, որոնց ընթացքում իմ արտահայտած մտքերից մեկը համարձակվում եմ ներկայացնել հրապարակավ: Խոսքը վերաբերում է լրագրի բնաբանին(ներին), որոնք այդքան խնամքով ընտրում է լրագրի ստեղծագործական խումբը: Լակոնիկ այդ քանի տողում, երբեմն էլ մի քանի խոսքում խտացված է լինում լրագրի տվյալ համարի ամբողջ բովանդակությունը: Կարծիք եմ հայտնում այն մասին, որ տարիներ անց, երբ մեր ազգը նորից վերագտնի (դա անպայման կլինի) գիր ու գրականություն, ընդհանրապես տպագիր խոսքը հարգել ու սիրելու իր աստվածատուր շնորհը, «Սյունյաց երկրի» միայն բնաբանների թեման դառնալու է հատուկ ուսումնասիրության առարկա:

Ցանկացած լրատվամիջոցի խնդիրն է ընթերցողին տեղեկատվություն տրամադրել հասարակական, տնտեսական, քաղաքական, մշակութային եւ մեր կյանքի այլ բնագավառներում տեղի ունեցող կամ ունեցած իրադարձությունների մասին, երբեմն էլ ուղղորդելու նրան, այս կամ այն պրոբլեմատիկ հարցի մասին ձեւավորելու հասարակական կարծիք, բացահայտելու տեղ գտած թերությունները եւ բազում, բազմաթիվ այլ հարցեր:

Բայց, այնուամենայնիվ, մեր կարծիքով լրագրի, մանավանդ անկախ լրագրի, ինչպիսին «Սյունյաց երկիրն» է, առաջնային խնդիրը տեղեկատվության տրամադրումն է: Լրագրի լույս տեսնելով նրա այս դերակատարումը չի ավարտվում. դրանով այն սկսվում է: Այսօրվա թարմ լուրը վաղվա սերունդների համար պատմագիտական փաստ է: Այդ իմաստով կարելի է ասել, որ Սամվել Ալեքսանյանը մեր այսօրվա պատմագիրն է սերունդների համար: Այդ ձեւով կարողանում ենք ծանոթանալ անցած դարի 90-ական թվականների Գորիսի տարածաշրջանի դեպքերին ու անցքերին «Զանգեզուրի» միջոցով, իսկ սկսած 2003 թվականից՝ «Սյունյաց երկրի» միջոցով Սյունիքի իրադարձություններին: Այո, այսօր «Սյունյաց երկրին» հավասար լրագիր հանրապետությունում չկա: Եվ դա ոչ թե նրա համար, որ այլ մարզերում եւ մայրաքաղաքում լույս տեսնող լրագրերի պրոֆեսիոնալ մակարդակն է ցածր, այլ որ մեր լրագրինն է շատ բարձր: Այս փաստով պետք է հպարտանա ոչ միայն լրագրի ստեղծագործական կոլեկտիվը, այլ նաեւ ցանկացած սյունեցի: Այո, ցանկացած:

Ժամանակակից մի ասացվածք կա, որը զգուշացնում է՝ եթե ցանկանում ես մտածածդ գործարքը չկայանա, ապա գործընկեր փնտրիր հեռախոսով: Գուցե շատերի համար սա նորություն է, բայց Սամվել Ալեքսանյանին վաղուց է հայտնի այս ճշմարտությունը: Լրագրի էջերում հաճախ կարելի է հանդիպել պատմագիտական, գրականության, արվեստի, գիտության, մեր կյանքի բազմազան բնագավառներում ճանաչված անհատների ստորագրությամբ գիտական հոդվածների, կարծիքների: Դրանցից շատերը գրվել, ստեղծվել են Սամվել Ալեքսանյանի հորդորներով: Վկայում եմ, որ բազմաթիվ գրական երկերի, գիտական ու պատմական փաստերի, արժեքների մասին գրականագետների, քննադատների, պատմաբանների կարծիքներն իմանալու համար քանի-քանի դուռ է բախել ու բացել Սամվել Ալեքսանյանը, երկար ժամանակ միայն իրեն հատուկ համառությամբ համոզել նրանց ու հասել հաջողության: Արդյունքում հրապարակ են եկել մեծարժեք հրապարակումներ, նույնիսկ մենագրություններ: Բացեք «Սյունյաց երկրի» ցանկացած հատուկ համար եւ ինքներդ կհամոզվեք: Զարմանալին այն է, որ լրագրի հրապարակումով հեղինակներից շատերն իրենց անելիքն ավարտված չեն համարել: Ասել է թե «Սյունյաց երկիրը» իր պարտականությունների մեջ չմտնող մի դերակատարում էլ է ունեցել՝ խթանել է նրանց գիտական միտքը:

Մի առանձին հոդվածի թեմա են լրագրի խմբագրականները: Դրանք գիտական-ստեղծագործական մտքի արդյունք են: Բառի ճիշտ եւ տեղին օգտագործումը միայն գրական-գեղագիտական ստեղծագործության մենաշնորհը չէ: Այս բանը շատ լավ է գիտակցում Սամվել Ալեքսանյանը: Այն երաժշտական նոտայի նման մի բան է՝ ճիշտ տեղում չօգտագործեցիր, կխախտվի ամբողջ հարմոնիան, ասել է թե կվերանա նրա դիտողականությունն ու ազդեցությունը:

Ամեն անգամ լրագրի հոբելյանական համար ստանալիս, դրանց ծանոթանալուց, մասնավորապես խմբագրի հսկայածավալ աշխատանքը տեսնելուց հետո ակամայից մտմտում եմ՝ իսկ եթե աշխատանքը կատարվեր կոնկրետ հենց նշված թեմայով գիտական թեզի պատրաստման վրա՞: Համոզված եմ, որ այսպես մտածողներ էլի կան: Բոլորովին չանտեսելով գիտական թեզ պաշտպանողների ներդրումը հայրենական գիտության զարգացման մեջ՝ մատնացույց եմ անում նաեւ Սամվել Ալեքսանյանի ներդրումը: Գուցե ակնարկս հնչի որպես հուշում կամ հիշեցում Գիտությունների ակադեմիայի, նրա ենթակայության գիտական ինստիտուտների համար, եթե նկատի ունենանք նաեւ այն փաստը, որ լրագրի մեկական օրինակ առաքվում է նաեւ նրանց:

Վերջում, նորից շնորհավորելով Սամվել Ալեքսանյանին ծննդյան 60-ամյակի առթիվ, շնորհավորական խոսք եմ ուղղում նաեւ նրա ղեկավարած փոքրիկ կոլեկտիվին: Հավանաբար նման դեպքերի համար է ասված աստվածաշնչային խոսքը, թե նմանս զնմանին է ճարել: «Սյունյաց երկրի» խմբագրական համույթը հրաշալի մի խումբ է, որն անսահմանորեն նվիրված է իր գործին ու հավատում է նրա ճշմարտացիությունը: Նրանցից յուրաքանչյուրը, ինչպես ժողովրդական խոսքն է բարձրաձայնում, կանգնած է իր խմբագրի թիկունքին: Իսկ խմբագրից էլ իր ընթերցողը սպասում է նոր, թարմ խոսք՝ որպես վաղվա օրվա հույս, որպես թունելի վերջում երեւացող լույս:

ՌԵԴԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Գորիս

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03