«Սյունյաց երկիրը» քիչ առաջ վերադարձավ Սեւ լճից կամ Իշխանա լճից, որը մեզ համար նաեւ Սրբոց սարի ծովակ է կոչվում

15.05.2021 21:00
24943

Այսօր՝ 2021 թ. մայիսի 15-ին, «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը ճանապարհ բռնեց դեպի Սեւ լիճ…

Վերջին օրերին լճի շուրջ տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունները, լճի ուղղությամբ Ադրբեջանի փաստացի ագրեսիան խորը մտահոգություն են առաջացրել Գորիսում եւ տարածաշրջանի գյուղերում, մանավանդ որ անցած երեք-չորս օրվա ընթացքում բազմաթիվ առանցքային հարցեր այդպես էլ իրենց ողջամիտ պատասխանը չեն ստացել:

Ստեղծված իրավիճակի շուրջ անորոշությունն ավելի է խորանում եւ նույնիսկ սպառնալից բնույթ ստանում, երբ լսում ենք մայրաքաղաքի տարբեր հարթակներից հնչող իրարամերժ տեղեկությունները:

Ուստի եւ որոշեցինք անձամբ բարձրանալ լճի տարածք՝ նկատի ունենալով նաեւ մեր քաջատեղյակությունն այդ վայրերին:

Ճանապարհ ընկանք Ակներ գյուղով (եւ ոչ թե Վերիշենով կամ Խոզնավարով):

Գյուղից վերեւ՝ Խաչին օսում կամ Սուրբ Հակոբ սրբավայրում, որ գտնվում է Ակնի ձորի եւ Մթնաձորի միացքում, հանդիպեցինք ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին, Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Խաչատրյանին եւ Նարեկ Ղահրամանյանին, ովքեր նույնպես բարձրանում էին Սեւ լիճ:

Եվ  մենք միասին  նախ հաղթահարեցինք Ձագեձորի լեռը ու շարժվեցինք առաջ: Ակներ գյուղից 20 կմ անցնելուց հետո Սեւ լճի ափին էինք…

Ճանապարհին՝ ժամանակ առ ժամանակ, կանգ էինք առնում Սեւ լճի մատույցներում եւ Մեծ Իշխանասարի արեւելյան ստորոտում գտնվող զինվորական կայաններում. փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ու պատգամավորները հետաքրքրվում էին օպերատիվ  իրավիճակով ու առկա խնդիրներով:

Չէր կարելի չնկատել հայոց զինվորականների վճռականությունը՝ տեր կանգնելու հայոց սրբազան հողին…

Մենք լճի արեւմտյան ափից (լճի աջ մասով) հասանք մինչեւ արեւելյան կամ գուցե հարավ-արեւելյան ափին գտնվող տնակներ (այնտեղ հանդիպեցինք նաեւ Գորիս համայնքի Ակներ գյուղի վարչական ղեկավար Սպարտակ Մինասյանին եւ Վերիշեն գյուղի վարչական ղեկավար Արարատ Օրդյանին, ովքեր էլ փոխվարչապետին ու մարզպետին ներկայացրին լճի շրջակայքում տիրող վիճակի մասին):

Կարող էինք այդտեղից Գորիս վերադառնալ Վերիշեն իջնող ճանապարհով (զինվորականներն այդ ուղին եւս անվտանգ էին համարում), բայց գերադասեցինք հետ դառնալ նույն ճանապարհով:

Ես չգիտեմ, թե մեկ-երկու օր առաջ ինչ վիճակ էր տիրում լճի մերձակայքում, չգիտեմ նաեւ, թե ինչ դրություն  է հիմա տիրում  Խոզնավարից դեպի լիճ բարձրացող ճանապարհի շուրջ, բայց լճի շրջանում (հատկապես արեւմտյան, հարավային եւ հարավ- արեւելյան հատվածներում)  հայոց զինվորականների տիրական ներկայությունն էր…

Մեծ Իշխանասարի գագաթը, ինչպես երեւում էր, ձյունածածկ էր: 2020 թ. հուլիսի 5-ին մեր ստեղծագործական խումբը հենց այդ երթուղով էր բարձրացել Մեծ Իշխանասարի գագաթ՝ Սուրբ Հովհաննես սրբավայր: Տեսականորեն կարելի էր հիմա էլ բարձրանալ այդ լեռնագագաթ՝ նույն երթուղով, որը նույնպես անվտանգ էր՝ զինվորականների հավաստմամբ: Իսկ թե ինչ վիճակ է տիրում Մեծ Իշխանասարի հյուսիսային եւ հյուսիս-արեւելյան մատույցներում՝ տեղեկություն չստացանք…

Եվ, այդուհանդերձ, զարմացանք, թե մեր զինվորականների նման տեղաբաշխվածության պայմաններում ինչպես են թուրք-ազերիները կարողացել բարձրանալ ու դիրքավորվել Քաչալ դաղ կոչվող լեռան գագաթին, որ լճի հարավային կողմը երիզող լեռնագագաթն է (այդ լեռը մեր մատենագիտության մեջ կոչվում է Գլուխ Ձագեձորո):

Հարցը, ըստ երեւույթին, մեկ պատասխան ունի. երբ ազերիները խուժել են մեր տարածք՝ այնտեղ հայոց դիրքապահներ չեն եղել հավանաբար:

Զարմանալի է նաեւ, թե ինչպես են հիմա (եւ որ ճանապարհով) հերթափոխ կատարում ազերիների կողմից զբաղեցված այդ  դիրքերում:

Իհարկե, չէր կարելի չմտահոգվել եւ վրեժով չլցվել՝  տեսնելով Սյունյաց աշխարհի մարգարիտ Սեւ լճի մերձակայքի հեռավոր բարձունքներում կանգնած թուրք-ազերիներին:

Անկեղծորեն՝ այնքան էլ հասկանալի չէր հայոց զորական ուժի՝ չափից ավելի  զսպվածությունը եւ «խոհեմությունը», թե այս օրերի ընթացքում որեւէ կրակոց չի հնչել մեր կողմից:

Բայց եւ գոտեպնդվեցինք՝ տեսնելով մեր տղաների տրամադրությունն ու հաստատակամությունը, նաեւ ադրբեջանցիների դիրքերի խոցելիությունը:

Թե ինչու մերոնք ուժով չեն քշում Սյունիք ներխուժած ոսոխին՝ չենք կարող ասել, սակայն (չլինելով ռազմական ոլորտի փորձագետ) համոզմունք ձեւավորվեց մեզանում՝ ռազմական փոքր օպերացիայի դեպքում անգամ թուրք ասկյարները չեն կարող չնահանջել…

Ահա այսպիսի մտածումներով էլ վերադարձանք Սեւ լճից՝ առայժմ ձեռնպահ մնալով այցն ավելի հանգամանալից  ներկայացնելուց, նկատի ունենալով, որ որոշ տեղեկություններ  կարող են եւ պետական գաղտնիք համարվել:

Վիճակը, միանշանակ, հանդուրժել չի կարելի, լճի մերձակայքի բարձունքներից ժամ առաջ պետք է քշել ագրեսորին, մանավանդ որ Ներքին Խնձորեսկի մատույցներում ընթացող բանակցությունների ձգձգումը մի տեսակ խաղի տպավորություն է թողնում:

Երկրամասից ազերիներին դուրս քշելու գործը, որքանով հասկացանք, կարող է արժանապատվորեն իր վրա վերցնել ու հաղթական հանգրվան հասցնել հայոց ազգային բանակը:

Հ.Գ.

Վերադարձին՝ Մթնաձորի ստորոտում, հանդիպեցինք Ակներ գյուղի անասնապահներին, ովքեր պատրաստվում էին առաջիկա օրերին գյուղի անասունները Մթնաձորից տեղափոխել գյուղի ամառային արոտավայրեր, որ Սեւ լճի մերձակայքում են:

Սամվել Ալեքսանյան

Գագիկ Ծառուկյանը դաշինք չի կազմի, ընտրություններին կմասնակցի ԲՀԿ-ով

10.02.2026 19:00

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել է Բաքու

10.02.2026 18:55

Ռուբեն Վարդանյանը եզրափակիչ ելույթ է ունեցել Բաքվի դատարանում

10.02.2026 18:47

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանն այցելել է «Սիսիան համայնքի ֆուտբոլի դպրոց» ՀՈԱԿ

10.02.2026 18:41

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված քահանայից հավաքի մասնակիցների հայտարարությունը

10.02.2026 18:09

Վենսը պարզաբանել է Հայաստանում ամերիկյան ներդրումների հարցը

10.02.2026 16:38

Հայաստանի վարչապետի հետ քննարկել ենք հայ գերիների հարցը, Բաքվում էլ կքննարկենք․ Վենս

10.02.2026 16:33

Երախտագիտության խոսք

10.02.2026 16:04

Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում

10.02.2026 14:32

Երկար սպասված լուրը. Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան

10.02.2026 12:10

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին

10.02.2026 11:52

«Թրամփի երթուղին» Թուրքիայի երկարաժամկետ ծրագրերի մի մասն է և համապատասխանում է ԱՄՆ-ի շահերին․ Զատուլին

10.02.2026 11:15