Սյունյաց Գրիգոր Բ արքայի անվանակիր սարկոֆագը

17.05.2024 14:55
480

Քարե սարկոֆագներում թաղումները տարածված են ինչպես ուրարտական ու անտիկ (հելլենիստական), այնպես էլ միջնադարի վաղ ու զարգացած շրջափուլերում, ուստի պատահական չէ մասնագետների այն բնորոշումը, թե «Սարկոֆագը Վանի թագավորությունում գոյություն ունեցած թաղման խուցերից մեկն է, որից սկիզբ են առնում հեթանոս և քրիստոնյա հայերի մոտ լայն տարածում գտած և մինչև զարգացած միջնադար գոյատևած միակտուր քարաշեն սարկոֆագները»1: Հայաստանում այսօրինակ թաղումներ հայտնի են Արգիշտիխինիլիից, Վաղարշապատից, Աղցքից, Արուճից, Ջրվեժից, Ողջաբերդից, Զովունիից, Քասաղից, Սիսիանից, Արցախի Գյավուրկալա (անհավատների բերդ) բնակատեղիից և մի շարք այլ հնավայրերից2։ Գտնված կավե ու փայտե սարկոֆագներին զուգահեռ հանդիպող քարե դագաղները արտաքուստ և ներքուստ ուղղանկյունաձև մշակմամբ, երբեմն՝ մարդակերպ (անտրոպոմորֆ) փորվածքով միակտուր երկլանջ սալերով ծածկված քարարկղեր են:

Սիսիան քաղաքի բացօթյա Քարադարանում ցուցադրված է ՀՀ Սյունիքի մարզի Շաքի գյուղից բերված բազալտե մի սարկոֆագ, որն ըստ թանգարանի գույքամատյանի գրառման՝ 1985 թ. շինարարական աշխատանքների ընթացքում պատահականորեն հայտնաբերվել է հիշյալ գյուղի ճանապարհամերձ հատվածից։ Շաքին (հնում՝ Շաքե) պատմական Սյունիքի Ծղուկ գավառի հնագույն բնակավայրերից է, որտեղ պահպանվել են դեռևս մ.թ.ա. II հազարամյակի ամրոցի ու բնակատեղիի մնացորդներ, միջնադարյան գյուղատեղիներ, գերեզմանոց, մատուռ, քարայր-կացարաններ: Գյուղում է գտնվել նաև Շաքիի վանքը, որը XIX դարի վերջին նկարագրել է Երվանդ Լալայանը. «Շաքէոյ վանքը գտնւում է Շաքի գիւղում, որ ընկած է Անգեղակոթ և Ղարաքիլիսա գիւղերի մէջ, Շաքիչայի աջ ափին, մի հարթութեան վրայ... շինուած է մեծ մասամբ տաշած քարից»3։ Ե. Լալայանը բերում է նաև եկեղեցու կառուցման (միգուցե՝ նորոգման) արձանագրությունը. «Դռան ճակատակալ քարի վրայ գրուած է. Շաքու եկեղեցիս շինեցինք թ. ՌՀԵ (1626)»4: Այն, որ հուշարձանը մեզ չի հասել, իր աշխատություններում նկատել է նաև պատմաբան Մորուս Հասրաթյանը՝ նշելով, որ Սիսիանի հին բնակավայրերի նյութական մշակույթի մնացորդներից շատերն արդեն ոչնչացել են, ինչպես օրինակ՝ Շաքիի վանքը և գյուղի հնագույն բազիլիկ եկեղեցին, որը կանգուն էր դեռևս XX դարի սկզբին, ինչպես նաև գերեզմանոցը5։ Տեղանունների բառարանում կարդում ենք, որ 1960 թ. գյուղում հայտնաբերվել է մոտ 3 մ երկարությամբ քարե դամբարան, որի մեջ եղել են մարդու ոսկորներ և մի քարե կացին6: Ենթադրելի է, որ գտածոն սարկոֆագ է (միգուցե՝ քարարկղային դամբարան), ինչը թույլ է տալիս հավաստել, որ այս տեղանքին հատուկ են նմանատիպ թաղումները:

Քննության առարկա սարկոֆագի ընդհանուր երկարությունը 2,18 մ է, լայնությունը՝ մի ծայրում 0,70 մ, մյուսում' 0,65 մ, բարձրությունը՝ գլխամասում 0,48 մ, նեղ մասում՝ 0,44 մ: Նույն կերպ են նաև ներքին չափերը. երկարությունը՝ 1,90 մ, լայնությունը՝ մի ծայրում 0,46 մ, մյուսում՝ 0,40 մ, խորությունը՝ գլխամասում 0,36 մ, նեղ մասում՝ 0,32 մ: Սարկոֆագի ծածկասալը չի պահպանվել, հատակի գրեթե կենտրոնում կա մոտ 5 սմ տրամաչափի անցք, ինչը որոշ ենթադրությունների տեղիք է տալիս։ Հավանական է, որ ավելի ուշ այն օգտագործվել է նաև այլ նպատակներով, օրինակ՝ իբրև գուռ կամ ջրամբար։ Այս առումով ուշագրավ է Ե. Լալայանի հիշյալ նկարագրության հետևյալ հատվածը. «Այս գիւղում գտնուած է մի մեծ քարէ սարկոֆագ (շիրիմ), որ այժմ գործ են ածում որպէս ալիւրի շտեմարան»7: Դժվար է պնդել, որ Սիսիանի թանգարանում ցուցադրվածը Ե. Լալայանի հիշատակած սարկոֆագն է, բայց և այնպես գյուղում նկատելի են այսօրինակ առարկաների երկրորդական կիրառության դեպքեր: Բացառված չէ, որ տվյալ անցքը խնդրո առարկա սարկոֆագի հետագա օգտագործման հետ որևէ կապ չունի, այլ արվել է այն տեղափոխելու համար կամ էլ ունի ինչ-որ պաշտամունքային նշանակություն: Այդպիսին է հնագետներ Հ. Մարտիրոսյանի և Ռ. Թորոսյանի ուսումնասիրած Արգիշտիխինիլիի ուրարտական սարկոֆագը, որի ստորին պատի և հատակի միացման հատվածում ևս առկա է մոտ 4 սմ տրամաչափի միջանցիկ անցք: Նման անցքեր կան նաև տեղի այլ դամբարաններում, Շիրակավանի՝ նույն ժամանակաշրջանի դամբարանի մաս կազմող ժայռաբեկորի ստորին մասում, ինչպես նաև Վաղարշապատի դամբարանադաշտից 1966 թ. հայտնաբերված III-IV դդ. թվագրվող կավե սարկոֆագի՝ դարձյալ նեղ պատի ու հատակի միացման հատվածում: Սրանց առկայությունը հնագետները պայմանավորում են հոգու հետ կապված ժողովրդական հավատալիքներով8: Ավելի վաղ, Ռ. Թորոսյանը հավանական է համարել, որ Վաղարշապատի դամբարանադաշտից հայտնաբերված սարկոֆագի անցքն արվել է այն տեղաշարժելու համար9:

Գծանկ. 1. ա-գ Սարկոֆագի հատակագիծը, երկայնական և լայնական կտրվածքը (չափագրությունը՝ Ս. Աղայանի)

Քարատապանի գլխամասի նեղ նիստը արտաքուստ արձանագիր է: Այս փաստը թույլ է տալիս կարծել, որ սարկոֆագը հողում չի թաղվել, այլ ծածկասալով փակվելուց հետո (որի ելնդավոր մշակմամբ շուրթերը պահպանվել են սարկոֆագի եզրերին) դրվել է ինչ-որ դամբարանային կառույցի մեջ, որպիսին հայտնի է Ջրվեժից (նկ. 4)10: Ըստ ամենայնի, դամբարանային նման թաղումները վերաբերում են բարձրաշխարհիկ անձանց (թագավորներ, իշխաններ, նշանավոր գործիչներ), ինչն ապացուցում է եռատող տապանագիրը.

Մասնագիտական գրականության մեջ ինչպես սարկոֆագի, այնպես էլ տապանագրի մասին մեզ որևէ ստույգ տեղեկություն գտնել չհաջողվեց: Թանգարանի գույքացուցակում նշված է հետևյալը. «Քարե սարկոֆագ-հայատառ արձանագրությամբ՝ «Քաջ Գրիգոր», գտնված է Շաքե գյուղի ճանապարհամերձ հատվածից», իսկ էքսկուրսավարի 2017 թ. տեքստում կարդում ենք, որ այն գտնվել է 1985 թ., ունի դժվարընթեռնելի արձանագրություն, որից նշմարվում են «Քաջ Գրիգոր» և «Շաքոա» անունները:11

Դատելով տառաձևերի հնագրական առանձնահատկություններից՝ տապանագիրն առավել հարազատ է XI­XII դդ.: Նկատենք, որ սկզբնատառ Զ-ի վերնամասը բացակայում է, այսինքն՝ մնացյալ հատվածը փորագրվել է ծածկասալին: Հիշատակագրության համաձայն՝ սարկոֆագը Գրիգոր արքայինն է: Սյունյաց թագավորների գավազանագրքում այս անունով հիշատակված են երկուսը. Գրիգոր Ա՝ որդի Աշոտի (Աշոտիկի, 1051-1072), Գրիգոր Բ՝ որդի Սենեքերիմի (1096՞-1166):

Սյունյաց մետրոպոլիտ, պատմագիր Ստեփանոս Օրբելյանն իր Պատմության ԾԹ. (59) գլխի «Վասն թագաւորացն Սիւնեաց» խորագրի ներքո հիշատակում է նշված երկրամասի գահակալների անուններն ու նրանց օրոք տեղի ունեցած կարևոր իրադարձությունները12: Ըստ վիմագիր ու մատենագիր սկզբնաղբյուրների, Սյունյաց 200-ամյա թագավորության գահակալներն են Սմբատ Ա (970 (987)–998), Վասակ Ա (998–1040), Սմբատ Բ (1040–1051), Սենեքերիմ Ա (1072­ (1094) 1096՞), Հասան Խաչենեցի (1166-1170)13 և Ստ. Օրբելյանի կողմից հիշատակված երկու թագավորները:

Նրանց գահակալման ժամանակագրությունը հստակեցվել է նաև Սյունյաց հոգևոր կենտրոններից Վահանավանքի հնագիտական պեղումների ընթացքում, որոնք իրականացվել են սկսած 1966 թ.՝ վիմագրագետ Գր. Գրիգորյանի ղեկավարությամբ: Ի թիվս տարաբնույթ գտածոների՝ հայտնաբերվել են նաև տարբեր բովանդակության, այդ թվում՝ նշանավոր անձանց անուններով վիմագրեր: Դրանցից են՝ Վահանավանքի հիմնադիր, Բաղքի իշխան Ձագիկի որդի Վահանը, Սյունյաց թագավորներ Սմբատ Բ-ն, Գրիգոր Ա-ն, թագուհիներ Դինարը, Շահանդուխտը, վերջինիս և Սենեքերիմ թագավորի քույր Կատան և այլք14:

Գրիգոր Ա թագավորի տապանաքարը գտնվել է Սմբատ Բ թագավորի շիրիմի կողքին՝ վանքի սյունասրահի արևելյան հատվածի պեղումների ժամանակ: Ուղղանկյուն տապանաքարի վրա հետևյալ քառատող արձանագրությունն է. «ԹՎԱԿԱՆ ՇԻԱ (1072), ԳՐԻԳՈՐ ԹԱԳԱՒՈՐ ՈՐԴԻ ԱՇՈՏԿԱ»15: Այս տապանագիրը բացառում է սարկոֆագի վիմագրում վկայված Գրիգորի նույնացումը Աշոտիկի որդի Գրիգոր Ա թագավորի հետ, ուստի հավանական է Գրիգոր Բ թագավորի անվան հիշատակությունը: Վերջինս Սենեքերիմ թագավորի չորս որդիներից ավագն էր (մյուսների անուններն են՝ Սմբատ, Սևադա, Կյուրիկե), որի մասին պատմագիրը համառոտ տեղեկություններ է հաղորդում: Սյունյաց թագավորության գահը ժառանգելու առնչությամբ կարդում ենք հետևյալը. «Եւ յետ նորա (Սենեքերիմի ­ Ա.Հ.) էառ զտէրութիւն նորա որդի իւր Գրիգոր՝ նուազ եւ ընդաղօտ թագաւորեալ»16: Նույն Պատմության աշխարհաբար տարբերակում հիշյալ հատվածն այսպես է թարգմանված. «Նրանից (Սենեքերիմից - Ա.Հ.) հետո նրա իշխանությունն ստանձնեց իր որդի Գրիգորը՝ թագավորելով քիչ և թույլ»17: Բանն այն է, որ Գրիգոր Բ-ն, թերևս, Սյունյաց այն գահակալն է, որն ամենաերկարն է թագավորել՝ շուրջ վեց տասնամյակ: Չնայած անհավանական թվացող այս ժամանակահատվածին՝ պատմագրի վկայությունը, կարծում ենք, պետք է մեկնաբանել «թույլ» և «անհիշարժան» իմաստներով:

Ինչ վերաբերում է Գրիգոր Բ-ի կյանքի վերջին տարիներին տեղի ունեցած դեպքերին և մահվան տարեթվին, ապա Ստ. Օրբելյանն այդ մասին հիշատակում է իր երկու աշխատություններում: Նախ Պատմության էջերում նշում է, որ սելջուկյան սուլթանության Շամսադդին Ելտկուզ աթաբեկի (1147­1175) տևական ասպատակությունների արդյունքում Սյունյաց աշխարհում տեղի ունեցան ավերածություններ, իսկ 1170 թ. գրավվեց Բաղաբերդը: Սակայն, մինչ այդ. «...ինքն (Գրիգոր Բ թագավորը - Ա.Հ.) եւ եղբայր իւր Սմբատ յառաջ քան զառնուլ բերդին մեռանին ի 615 թուին»18, այսինքն՝ 1166-ին: Նույնը վկայված է նաև Վաղարշապատի Ս. Կաթողիկեին (Մայր տաճար Ս. էջմիածնին) նվիրված քնարական «Ողբ»-ում.

«...Որոց վերջին Սենէքարիմ

Նաև Գրիգոր որդի նորին:

Ապա և զայս ի բաց բարձին

Ի ժամանակս Ելտկուզին

Ազգն անիծեալ և պարսկային,

Որք հրով զաշխարհս տոչորեցին

Ի վեց հարիւր մեր թուականին

Եւ տասնևհինգ յաւելուածին...»19:

Ցավոք, Գրիգոր թագավորի և նրա եղբայր իշխանաց իշխան Սմբատի մահվան մանրամասների, թաղման վայրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ պատմագիրը չի հաղորդում: Դժվար է ասել, թե նրանք ինչ հանգամանքներում են մահացել: Սակայն, անժխտելի է, որ իր տևական գահակալման ընթացքում Գրիգոր Բ-ն մշտապես պայքարել է սելջուկների նվաճողական ոտնձգությունների դեմ՝ ժողովրդին կոչ անելով միաբանվել և չհանձնվել20: Միմյանց հաջորդող պաշարումները կարող էին վերջնականապես հյուծել արդեն տարեց արքային, որով էլ, թերևս, պետք է բացատրել տապանագրում վկայված զտառապեալ բառի առկայությունը՝ «նեղություն», «չարչարանք», «զրկանք կրած» իմաստով:

Գրիգոր Բ-ն, ըստ էության, դարձավ Սյունյաց նախավերջին գահակալը, որին նրա իսկ ցանկությամբ հաջորդեց Խաչենի իշխաններից Հասան Գեռաքարեցին, որը կնության էր առել Գրիգորի դստերը՝ Կատային. «բայց Գրիգորն, որ իշխէր Բաղաց, ետ ածել ի Խաչենոյ իշխանացն մանուկ մի Հասան անուն ի Գեռաքարեցեացն և ետ զդուստր իւր Կատայն նմա ի կնութիւն և կացոյց ժառանգ թագաւորութեան իւրոյ»21: Բացի Կատայից, Գրիգորն ունեցել է մեկ դուստր ևս՝ Շուշիկ անունով, որի անունը հիշատակված է Հովհաննավանքի տապանատան վիմագրերից մեկում. «Ի ԹլՈԻԻՆյ ՈԻԷ (1178), ՈՂՈՐՄՈԻԹլԵԱՄյԲ  ̅ԱՅ, ԵՍ՝ ՇՈԻՇԻԿ, ԴՈԻՍՏՐ ԳՐԻԳՈՐՈ ԹԱԳԱՒՈՐԻՆ ԲԱՂԱՑ, ՀԱԼԱԾԵԱԼ Ի ՄԵՐՄԷ ԳԱԻԱՌԷ ԵԿԻ ՅԱՇԽԱլՐյՀՍ ՀԱՅՈՑ, Ի ՎԱՆՍ ՅՈՀԱՆՈԻ... ԵՏՈԻ ԶԱՋ ՍՐԲՈՅՆ ՍՏԵՓԱՆՈՍԻ Ի ՅՈԻԽՏՍ  ̅ՍԲ՝ ՅԻՇԱՏԱԿ ԻՆՁ...»22:

Գրիգորի մահից հետո Հասան Խաչենեցին թագավորել է նախքան Բաղաբերդի գրավումը, քանի որ. «մինչ զբերդն կամէին առնուլ՝ Հասան կացոյց բերդապահս, և ինքն առեալ զկին իւր և զընտանիս՝ ի գիշերի ել ի բերդէն և անց, գնաց ի գաւառ իւր և ի տուն ի Խաչէն»23: Փաստորեն, Բաղաբերդի գրավումով վերջ դրվեց Սյունյաց թագավորությանը, որի գահակալները «...էր որ անզաւակ մնացին, և էր որ կիսօրեայ փոխեցան, էր որ սպանան և գերեցան եւ մնացեալ էին միայն այս Գրիգոր և Սմբատ, որք այսու օրինակաւ բարձան»24:

Վահանավանքի 1966 թ. պեղումների ժամանակ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու արևելյան սարալանջից գտնվել է Գրիգոր և Սմբատ եղբայրների անվանակիր մի խաչքար՝ հետևյալ արձանագրությամբ. «...ԶԳՐԻԳՈՐ ԵԻ ԶՍՄՊԱՏԻԿ ՅԻՇլԵյԱ  ̅ՔՍ  ̅ԱԾ»25: Վիմագրի առաջին հրատարակիչ Գր. Գրիգորյանը ծանոթագրում է, որ հիշատակված Գրիգորն ու Սմպատիկը Սյունյաց Սենեքերիմ թագավորի որդիներն են, ովքեր իրենց մահկանացուն կնքել են 1166 թ.26: Դատելով արձանագրության բովանդակությունից՝ խաչքարը կերտվել է եղբայրների հիշատակին, ովքեր, ըստ ամենայնի, միասին են վախճանվել: Գր. Գրիգորյանը նախապես հավանական է համարել նրանց՝ Վահանավանքում թաղված լինելու հանգամանքը27, որն այդպես էլ չի հաստատվել տապանագրերի բացակայության պատճառով: Նա նաև արձանագրում է, որ Սյունիքում և, մասնավորապես, Վահանավանքում, մի շարք անձնանուններ ավարտվում են իկ փաղաքշական մասնիկով, ինչպես օրինակ՝ Սմպատիկ, Գրիգորիկ, Վահանիկ, Աշոտիկ28: Հետաքրքիրն այն է, որ խնդրո առարկա տապանագրում ևս Գրիգոր անունը վկայված է Գրիգորի ձևով, որը Գրիգորիկ անվան արտահայտվածներից պետք է լինի, այլ ոչ Գրիգոր անվան սեռական հոլովաձևը:

Այն, որ տապանագրում Գրիգորին թագավորի փոխարեն հիշատակված է «յարքա» տիտղոսով (բառավերջին յ-ն փորագրիչը սկզբում է զետեղել) չպետք է տարակույս հարուցի, քանի որ նմանօրինակ զուգաձևությունները վիմագիր և մատենագիր սկզբնաղբյուրներում բազմաթիվ են: Իբրև օրինակ, հատվածաբար վկայակոչենք հենց Վահանավանքի վիմագրերից երկուսը,որոնցում   Շահանդուխտ թագուհին հիշատակված է մի դեպքում. «...ԴՈԻՍՏՐ ՍԵԻԱԴԱԻ ԱՂՎԱՆԻՑ ԱՐՔԱԻ...»29, մեկ այլ դեպքում՝ «...ԴՈԻՍՏՐ ՍԵԻԱԴԱԻ ԱՂՎԱՆԻՑ ԹԱԳԱՒՈՐԻ...»30:

Ամփոփելով արձանագրենք, որ Սիսիանի թանգարանի Քարադարանում ցուցադրված սարկոֆագն, ըստ արձանագրության, Սյունյաց Գրիգոր Բ արքայինն է (մահ. 1166 թ.): Իհարկե, բացառված չէ, որ հիշատակվածը նշանավոր իշխանական տան ներկայացուցիչ է, որն իրեն պարզապես արքա է կոչում, սակայն, սա քիչ հավանական է: Այնուամենայնիվ, նկատի ունենալով ներքոնշյալ դրույթները, մենք հակված ենք սարկոֆագի վիմագրում վկայված Գրիգորին նույնացնել Սյունյաց արքայի հետ.

ա. Չպետք է պատահական համարել սարկոֆագի՝ բազալտից լինելու հանգամանքը, քանի որ դրանք, սովորաբար, պատրաստում էին տուֆից, որն ավելի հեշտ էր մշակվում: Այս երևույթը որոշակիորեն վկայում է հանգուցյալի ունեցած բարձր դիրքի մասին:

բ. Սարկոֆագի Շաքիից ծագած լինելը չպետք է կասկած հարուցի, քանի որ բնակավայրում վավերացվել են դամբարանային (այդ թվում՝ սարկոֆագային) այլ թաղումներ ևս: Սակայն, կասկածելի է մնում Սյունյաց արքայի՝ Շաքիում թաղվելու պատճառը: Հիշենք, որ Սյունյաց գահակալներից Սմբատ Ա-ն և Վասակ Ա-ն, ըստ Ստ. Օրբելյանի, ամփոփվել են Տաթևի վանքի գավթում, մյուսները՝ Վահանավանքում: Կարելի է միայն ենթադրել, որ Գրիգոր արքայի սարկոֆագով դամբարանը գտնվել է Շաքիի վանքում կամ նրանից ոչ հեռու: Բայց, ցավոք, ոչ այն, ոչ էլ վանական համալիրը մեզ չեն հասել: Հավանական է, որ սկսված սելջուկյան ահագնացող ասպատակություններն են պատճառ հանդիսացել, որ Գրիգոր Բ-ի տապանը չի դրվել ավանդական տապանավայրերում (Տաթև, Վահանավանք), այլ քիչ հայտնի՝ թերևս գաղտնի մի տեղում, որպեսզի թշնամիների ձեռքով աճյունը չանարգվի31:

գ. Սյունյաց Գրիգոր Բ թագավորը գահակալել է առնվազն XII դարասկզբից և ըստ պատմագիր Ստ. Օրբելյանի՝ եղբոր հետ միասին իր մահկանացուն կնքել է 1166 թ.: Ինչպես պատմագրի հիշատակությունը, այնպես էլ արձանագրության հնագրական առանձնահատկությունները հիմք են տալիս սարկոֆագը թվագրել XII դարով:

դ. Տևական գահակալման ընթացքում Գրիգոր թագավորը մշտապես պայքարել է սելջուկ-թուրքերի դեմ, հաճախ նաև՝ հաղթանակելով: Վիմագրում նրան վերագրված զտառապեալ բառի առկայությունը կարելի է մեկնաբանել հենց այդ տեսանկյունից:

ե. Այն, որ արքա տիտղոսով հիշատակվում էին հիմնականում թագավորները, ապացուցվում է վիմագիր ու մատենագիր սկզբնաղբյուրներով:

զ. Գրիգորի անվանաձևը, թերևս, նույն Գրիգորիկն է, քանի որ իկ փաղաքշականով հայտնի էին Սյունյաց աշխարհիկ բարձրաստիճաններից շատերը, ինչպես օրինակ՝ Ձագիկ, Աշոտիկ, Վասակիկ, Գրիգորիկ, Սմպատիկ և այլք:

Ծանոթագրություններ

1. Մարտիրոսյան Հ., Թորոսյան Ռ., Արգիշթիխինիլիի սարկոֆագը, ՊԲՀ, 1986, № 3, էջ 226:

2. Հայաստանի անտիկ ժամանակաշրջանի թաղումների ձևերի նկարագրության առումով յուրօրինակ է պատմական Արտաշատի դամբարանադաշտը, որտեղ հանդիպող հիմնահողային և կարասային թաղումներին զուգահեռ հայտնաբերվել են նաև կավե ու փայտե սարկոֆագներով թաղումներ: Տե՛ս Խաչատրյան Ժ., Արտաշատ II. Անտիկ դամբարանադաշտեր (1971-1977 թթ. պեղումները) (Հնագիտական պեղումները Հայաստանում, հ. 17, Ե., 1981, էջ 31-64): Հայաստանում հայտնաբերված սարկոֆագների և դրանցով ուղեկցվող թաղումների վերաբերյալ տե՛ս նաև Քալանթար Ա., Հին Վաղարշապատի պեղումները (Հայաստան, քարե դարից միջնադար, Երկերի ժողովածու, հ. 4, Ե., 2007, էջ 338-341, 351, նկ. 8, 11): Սահինյան Ալ., Քասաղի բազիլիկայի ճարտարապետությունը, Ե., 1955, էջ 55, Тирацян Г., К вопросу о градостроительной структуре и топографии древнего Валаршапата (ՊԲՀ, 1977, № 2, с. 93-96, рис. 3): Սադոյան Բ., Արուճի վաղմիջնադարյան հուշարձանները (ՊԲՀ, 1985, № 4, էջ 172, նկ. 1-2): Ժամկոչյան Ա., Ջրվեժի վաղմիջնադարյան դամբարանադաշտի պեղումները (ՊԲՀ, 1986, № 1, էջ 220-225, նկ. 2): Պետրոսյան Հ., Խաչատրյան Ժ., Փիլիպոսյան Ա., Հակոբյան Հ., Սաֆարյան Վ., Կիրակոսյան Լ., Արցախի Տիգրանակերտի և շրջակայքի հնագիտական հետազոտության առաջին արդյունքները (Հին Հայաստանի մշակույթը, XIV, Ե., 2008, էջ 190): Միրիջանյան Դ., Հայաստանի վաղմիջնադարյան գերեզմանային կառույցների դասակարգման փորձ, «Հաբիտուս» I. մարդաբանական և հնագիտական ուսումնասիրություններ (Հայաստանի և հարակից երկրների ազգաբանություն և հնագիտություն» միջազգային գիտաժողովի նյութեր, Ե., 2014, էջ 276­281): Մասնագիտական խորհուրդների համար շնորհակալություն ենք հայտնում հնագետ Դ. Միրիջանյանին:

Լոնդոնի Ս. Մարտին եկեղեցու պեղումներով հայտնաբերված սարկոֆագը թվագրված է ուշ հռոմեական (Late Roman) ժամանակաշրջանով, այսինքն՝ մ.թ. 400-500 թթ.: Տե՛ս Barber B., Thomas C., Waston B., Religion in Medieval London: Archaeology and Belief, London, 2013, p. 16.

3. Լալայեան Ե., Սիսիան. Նիւթեր ապագայ ուսումնասիրութեան համար, Նշանաւոր վանքեր (Ազգագրական հանդէս, Գ. գիրք, Թիֆլիս, 1898, № 1, էջ 190-191):

4. Նույն տեղում, էջ 191:

5. Հասրաթյան Մ., Պատմահնագիտական ուսումնասիրություններ, Ե., 1985, էջ 139:

6. Հակոբյան Թ.Խ., Մելիք-Բախշյան Ստ.Տ., Բարսեղյան Հ.Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4, Ե., 1998, էջ 93:

7. Լալայեան Ե., նշվ. աշխ., էջ 191:

8. Մարտիրոսյան Հ., Թորոսյան Ռ., Արգիշթիխինիլիի սարկոֆագը, էջ 221-222:

9. Թորոսյան Ռ., Կրկյաշարյան Ս., Հնագիտական նորույթներ Էջմիածնից (ՊԲՀ, 1971 № 4, էջ 287, նկ. 2):

10. 1958-1962 թթ. հնագետ Ն. Տոկարսկու ղեկավարությամբ պեղումներ են իրականացվել Ջրվեժ գյուղի գերեզմանոցում և Քոսաղբյուր հնավայրում: Գերեզմանոցի տարածքում պեղվել է վաղմիջնադարյան միանավ եկեղեցի և նրա հյուսիսարևելյան կողմում գտնվող կիսագետնափոր թաղածածկ դամբարան՝ վրան աստիճանաձև պատվանդանի վրա կանգնեցված կոթողով: Դամբարանի ներսում հայտնաբերվել է նաև քարե սարկոֆագ (2,18х1,25х0,55-0,63 մ): Տե՛ս Токарский Н.М. Джрвеж II, Вохджаберд. Результаты работ Джрвежской археологической экспедиции 1958-1962 гг., Е., 1964, с. 39. Վիմագրագետ Գ. Սարգսյանի հետ կատարած մեր այցելության ժամանակ, ցավոք, դամբարանը տեսնել չհաջողվեց: Տեղացիների խոսքով, մոտ երկու տասնամյակ առաջ այն հողով լցվել ու ամբողջովին ծածկվել է:

Վաղմիջնադարյան դամբարանային շինության լավագույն օրինակ է նաև Արտավազդ Կամսարականի գերեզմանը Նախիջևանում, որի երկլանջ տապանաքարի արձանագրության վերծանությունը տե՛ս Орбели И. Шесть армянских надписей VII-Х веков (Избранные труды, Е., 1963, с. 409-413), Մանուչարյան Ալ., Քննություն Հայաստանի IV-ХI դարերի շինարարական վկայագրերի, Ե., 1977, էջ 104:

11. Թանգարանում ուսումնասիրություններ անելու և լուսանկարելն ապահովելու համար շնորհակալություն ենք հայտնում ղեկավարությանը՝ ի դեմս տնօրեն Լյուդմիլա Գրիգորյանի:

Թանգարանի հրատարակած «Քարադարան» խորագրով գրքույկում տեղ է գտել նաև այս սարկոֆագի լուսանկարը, որի բացատրագրում նշված են չափերը և այն, որ ունի նաև հայատառ արձանագրություն: Տե՛ս Քարադարան, տեքստերը՝ Պետրոսյան Ծ., լուսանկարները և ձևավորումը՝ Հակոբյան Վ., Սիսիան, 2010, էջ 7:

12. Ստեփանոս Օրբէլեան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թիֆլիս, 1910, էջ 317-321:

13. Գրիգորյան Գր., Սյունիքի թագավորությունը (X-XII դարեր) (ՊԲՀ, 2006, № 2, էջ 144):

14. Պեղումների նախնական արդյունքների մասին տե՛ս Գրիգորյան Գր., Վահանավանքի պեղումների նախնական արդյունքները (1966-1970 թթ.) (ԼՀԳ, 1970, № 10, էջ 81­93), նույնի՝ Վիմագրություններ Վահանավանքի 1970-1978 թթ. պեղումներից (ՊԲՀ, 1980, № 2, էջ 154-165):

15. Գրիգորյան Գր., Վահանավանք. պատմահնագիտական ուսումնասիրություն, Ե., 2007, էջ 58, արձ. 34:

16. Ստեփանոս Օրբէլեան, Պատմութիւն նահանգին Սիսական, էջ 320-321:

17. Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, թարգմանությունը, ներածությունը և ծանոթագրությունները՝ Ա. Ա. Աբրահամյանի, Ե., 1986, էջ 270:

18. Ստեփանոս Օրբէլեան, Պատմութիւն նահանգին Սիսական, էջ 337:

19. Ստեփաննոս Օրպէլեանի Ողբ ի Ս. Կաթուղիկէն, հրատարակեց Կ. Կոստանեանց, Թիֆլիս, 1885, էջ 38:

20. Սենեքերիմ թագավորի չարանենգ սպանությունից հետո (1096 թ.՞) ընդհուպ մինչև Բաղաբերդի գրավումը (1170 թ.) սելջուկները պարբերաբար արշավում էին Սյունյաց երկրամաս, ավերի ու թալանի ենթարկում թագավորության տիրույթները: 1104-1105 թթ. գրավում են Որոտնը, ապա Բղենը, 1126 թ. Հարոն ամիրան կարճ ժամանակով գրավում է Արևիք գավառն (այժմյան Մեղրին) ու Կաքավաբերդը, 1151 թ. սելջուկների ձեռքն են անցնում Շլորուտի, 1157-ին՝ Մեղրիի բերդերը: Այս խառնակ պայմաններում էլ 1166 թ. անսպասելիորեն վախճանվում են Գրիգոր Բ թագավորն ու նրա եղբայր իշխանաց իշխան Սմբատը (տե՛ս Հայ ժողովրդի պատմություն, ՀՍՍՀ ԳԱ, հ. III, Հայաստանը զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանում (IX դ. կեսերից մինչև XIV դ. կեսերը), Ե., 1976, էջ 477-478, Գրիգորյան Գր., Սյունիքը Օրբելյանների օրոք, Ե., 1981, էջ 37-39):

21. Ստեփանոս Օրբէլեան, Պատմութիւն նահանգին Սիսական, էջ 336-337:

22. Ղաֆադարյան Կ., Հովհաննավանքը և նրա արձանագրությունները, Ե., 1948, էջ 77, արձ. 4:

23. Ստեփանոս Օրբէլեան, Պատմութիւն նահանգին Սիսական, էջ 337:

24. Նույն տեղում, էջ 337-338: Սյունյաց թագավորության անկման մասին տե՛ս նաև Հակոբյան Թ. Խ., Սյունիքի թագավորությունը պատմաաշխարհագրական առումով, Ե., 1966, էջ 114-115:

25. Գրիգորյան Գր., Վահանավանք, էջ 42, արձ. 10:

26. Նույն տեղում, էջ 43:

27. Գրիգորյան Գր., Սյունիքը Օրբելյանների օրոք, էջ 41, ծանոթ. 26:

28. Գրիգորյան Գր., Վահանավանք, էջ 43:

29. Գրիգորյան Գր., Վահանավանք, էջ 63, արձ. 37:

30. Նույն տեղում, էջ 71, արձ. 55:

Արսեն Հարությունյան,

պատմական գիտությունների թեկնածու,

«Բանբեր հայագիտության» հայագիտական

միջազգային հանդես, № 1 (16), 2018 թ.

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53