Տանձատափի անձնագիրը

13.07.2014 18:28
2147

Գրախոսականի փոխարեն


 

 

ԳԱԳԻԿ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
ք. Մոսկվա


 

Հաճելի անակնկալ էր, երբ ստացա Սուրեն Վարդանյանի «Հինավուրց Տանձատափ» գիրքը, հեղինակի`«Հին օրերի անկեղծ հիշողություններով…» մակագրությամբ: Չգիտեի, որ աշխատում է այդպիսի գործի վրա: Նախ զարմացա եւ, իհարկե, շատ ուրախացա: Նույն`«հին օրերի անկեղծ հիշողություններով» ձեռքս առա գիրքը, սկսեցի ընթերցել եւ ավարտեցի գրեթե մի շնչով: Այն գեղեցիկ ակնարկ էր աշխարհի թոհուբոհից, մեծ խաչմերուկներից հեռու կուսական մի ձորի աթոռակի վրա ծվարած փոքրիկ, հնամենի գյուղի անցյալի ու ներկայի մասին` շաղախված ժողովրդական ավանդապատումներով, տարբեր սերունդների մարդկանց մասին հիշողություններով ու նորօրյա պատմություններով, պատմական փաստերի ու գրավոր աղբյուրների մեկնաբանություններով, հայրենի բնության, ծննդավայրի նկատմամբ անսահման սիրո, հոգատարության, ցավի, ափսոսանքի ու նվիրումի զգացողությամբ:

Սուրեն Վարդանյանի ուղեկցությամբ 70-ականների սկզբներին տարբեր առիթներով եղել եմ Տանձատափում: Նորից մտովի պատկերացան բնության անձեռակերտ հուշարձաններ Սպիտակ ջուրը, Հարսնաձորն ու Հարսնավազը, Կարմիր քարի քարափն ու Մեծ ձորը, Մեծ գետն ու Մեծ ջրվեժը: Հիշողությունները կրկին ինձ տարան փռերը, իշխանադուստր Շահանդուխտի մատուռը, այդ փոքրիկ գյուղի եկեղեցիները: Երախտիքով հիշեցի Սուրենի մորը` Գայանե Վարդանյանին, որ հացով էր, բարի, հոգատար, միեւնույն ժամանակ պահանջկոտ ու անհաշտ` թերությունների հանդեպ: Գիրքն ընթերցելիս չորս տասնամյակի հեռվից կարծես կրկին իմ առջեւ կանգնել էր երիտասարդ գյուղմասնագետը, ով նոր էր վերադարձել բանակից, դեսանտային էր եղել, աշխատում էր կոմերիտմիության շրջկոմում եւ աշխարհի կողմից մոռացված իր գյուղի մասին պատմում էր ակնածանքով, երախտագիտությամբ, ուզում էր, որ դու էլ իր նման ճանաչես ու սիրես իր ծննդավայրը, նրա մարդկանց, ամեն մի քարն ու ծառը:

Յուրօրինակ ճակատագրով գյուղ է Տանձատափը: Ընդհանրապես Հաբանդ-Սյունիքի վերաբերյալ գրավոր պատմական աղբյուրները շատ քիչ ու սահմանափակ են: Հաճախ եմ մտածել` ի՞նչ կլիներ, եթե հանկարծ գրված կամ պահպանված չլիներ Ստեփանոս Օրբելյանի հայտնի գիրքը` «Սյունիքի պատմությունը»: Այն ոչ միայն վկայագիր է, այլեւ` ծխամատյան, հանրագիտարան, որին առաջինն ենք դիմում ինչ-որ բան ճշտելու կամ հաստատելու համար: Նման երկրորդը չկա, մյուսները լրացումներ են միայն: Եվ քանի որ Տանձատափը միշտ դիտվել է իբրեւ Տաթեւի եկեղեցական համալիրի մաս, սեփականություն, հարկ չի համարվել առանձին գրել ու խոսել նրա մասին: Այստեղ եւս օգնության եկողը Ստ.Օրբելյանն է, որ տալիս է վանքին հարող տարածքների նկարագիրն ու նրանց հետ կապված ավանդապատումները:

Ս. Վարդանյանը, գոյություն ունեցող աղբյուրներին հարազատ, իբրեւ տեղանքին ծանոթ, խոսք ու զրույցներին լավատեղյակ ուսումնասիրող, քայլ առ քայյլ ներկայացնում է բնության այս գողտրիկ անկյան մանրամասները, կարեւոր եզրակացություններ է անում պատմական անցյալի վերծանման, տեղանունների մեկնաբանության ուղղությամբ:

Ամեն անգամ հյուրերին Տաթեւ ուղեկցելիս ոգեւորված պատմում ենք հոգեւոր կենտրոնի, նրա համալսարանի մասին այնպես, կարծես խոսում ենք մի մեծ քաղաքի կամ բնակավայրի մասին: Մեզ ոչ մեկը չի հարցնում, թե այդ սահմանափակ տարածքում ինչպե՞ս է գոյություն ունեցել այդ ամենը: Եվ մենք մոռանում ենք ասել, կամ գուցե չգիտենք, որ Տաթեւի վանական համալիրին ամեն ինչով ապահովել է Տանձատափը, որ այս ոչ մեծ գյուղը եղել է վանքի շտեմարանը, խոհանոցը, ալրաղացը, հացատունը, դարբնոցը, արհեստանոցը, բրուտանոցը: Այս ձորն է վանքին ապահովել մրգով, հատապտուղներով, դեղաբույսերով, տարբեր կանաչիներով, վառելափայտով, փայտածուխով: Արհեստավորների գյուղ է եղել Տանձատափը: Բրուտագործությամբ, դարբնությամբ, կտավագործությամբ, ածխագործությամբ եւ էլի ուրիշ արհեստներով հավանաբար հարյուրավոր տարիներ զբաղվել են առաձին գերդաստաններ, նրանց սերունդները: Այս ամենը Սուրեն Վարդանյանը ներկայացնում է ոգեւորված, համոզված, հյութեղ, կենդանի ու նաեւ տեղ է թողնում, որ շատ հարցերում ինքդ խորհես, եզրակացություններ անես: Ծանոթանալով անդնդախոր ձորի ժայռափեշով անցնող կածանի ծայրին անհայտ ժամանակներում կառուցված ջրաղացին, հարց է ծագում. չէ՞ որ Տանձատափում ջուր կար, եւ կարելի էր ջրաղացը կառուցել ավելի մոտիկ եւ մատչելի տեղ: Սովորական հայկական պատկեր է: Գյուղը լավ տեղ եւս ունեցել է ջրաղաց: Այս մեկը կառուցվել է դառը օրվա համար, թշնամու հարձակման դեպքում անմատչելի տեղանքում ալրաղաց ունենալու նպատակով: Իսկ որպեսզի ջրաղացը պահվի` այն պետք է աշխատի, ահա թե ինչու դարեր ի վեր բանուկ է մնացել «իծաշարուկ» կածանը:

Ես այն կարծիքին եմ, որ աշխարհի բոլոր պատմությունները` քո երկրի, թե` այլ, հին աշխարհի, թե` նոր, սկսվում են սեփական բնակավայրի պատմության իմացությունից, նրա բնությունը ճանաչելուց: Այստեղից է սկսվում նաեւ հայրենիքն ու հայրենասիրությունը: Առիթ եմ ունեցել խնդրել, որ բարձր դասարանցիները շարադրություն գրեն իրենց նախնիների մասին, տխուր արդյունքներ են եղել:

Այսօր, երբ համակարգիչներն ու մյուս էլեկտրոնային սարքերը մատաղ սերդին կտրում են իրականությունից, տանում են վիրտուալ` երեւակայական միջավայր, աստղային պատերազմների, հրեշների ու մարդ-սարդերի աշխարհ, կարեւոր է ստեղծել զուգահեռը ` նրանց իրականության մեջ պահելու ու ճիշտ կողմնորոշելու համար: Կարծում եմ` այդ գործին անփոխարինելի նպաստ կլինի դպրոցական ծրագրերում տեսնել հայրենի գյուղի, քաղաքի պատմության ուսուցումը:

Ս.Վարդանյանի գիրքն ինձ առիթ տվեց խորհելու մի հարցի մասին եւս: Կարելի է ասել, որ Տանձատափը աշխարհի այն երջանիկ բնակավայրերից մեկն է, որ տեղանքի կտրվածության պատճառով առավել քիչ է ենթարկվել ժամանակի ավերածություններին, մնացել հնարավորինս անաղարտ եւ կուսական: Համոզված եմ, որ եթե գյուղը գտնվեր վանքի հակառակ կողմին, մինչեւ Տաթեւ հասնող ճանապարհի վրա` նրանից բան մնացած չէր լինի: Թե Որոտանի կիրճի արեւմտյան թեւից եւ, մասնավորապես, Տանձատափից ինչ կմնա վաղը, եթե սկսեն շահագործել Սեւարանցի հանքերը, հայտնի չէ: Մեծ է վտանգը, որ կարող են անհետանալ նաեւ այս անկրկնելի ու անգնահատելի արժեքները:

Այսօր, Տաթեւի ճոպանուղու առկայության պայմաններում, Սյունիքի եւ մասնավորապես Գորիսի տարածաշրջանի զարգացման հեռանկարային ուղղություններից մեկը տուրիզմն է: Կարծում եմ, որ Գորիսը զբոսաշրջության կենտրոն դարձնելու պետական ծրագրի սահմաններում պետք է առանձնացնել Տաթեւ-Տանձատափ-Բարձրավանն իբրեւ էքստրեմալ տուրիզմի զարգացման հատուկ տարածաշրջան, ստեղծել զարգացման առանձին ծրագիր: Արկածային տուրիզմի այս տեսակը գնալով մեծ թափ է ստանում աշխարհում: Այն ավելի ակտիվ հանգստի ձեւ է դարձել, շատերն են ձգտում մագլցել լեռները, իջնել անդնդախոր ձորերը, զբոսարշավի գնալ ձիերով` դժվարանց կածաններով ու խիտ անտառներով, կատարել լուսանկարչական որս` հազվագյուտ կենդանիների, թռչունների, բույսերի եւ այլն:

Ասում են, որ էքստրեմալ տուրիզմի համար լավ պայմաններ ունեցող երկրներից մեկը Հայաստանն է, իսկ նշված տարածաշրջանը` Տաթեւի ձորը, կարծում եմ անփոխարինելի ու անգնահատելի է: Առավելություններից մեկն այն է, որ այդ գործում կարելի է ընդգրկել տեղի ընտանիքներին` բնակարանների առանձին սենյակներ վերածելով անհրաժեշտ պայմաններ ունեցող հյուրանոցային համարների, որոնց սպասարկումը կապահովեն իրենք` տանտերերը: Հետաքրքիր երթուղիներ ստեղծելու, սպասարկման բարձր մակարդակ ապահովելու դեպքում, այս բիզնեսը կլինի բավական շահութաբեր եւ սոցիալական առումով` արդյունավետ: Աստիճանաբար կյանքի կկոչվեն նաեւ փռերը, ջրաղացը, դարբնոցը, կաշխատեն բրուտներն ու դարբինները, որ Ս. Վարդանյանի մեծ ցանկությունն է գրքի եզրափակիչ խոսքում:

Համոզված եմ, որ Սուրեն Վարդանյանի «Հինավուրց Տանձատափը» ժամանակի ընթացքում սեղանի գիրք է դառնալու ոչ միայն տանձատափցիների, այլեւ` զբոսաշրջությամբ զբաղվող շատ ուղեկցողների, հայրենագետների, պատմաբանների ու նաեւ` շարքային ընթերցողների համար:

Կապանում տեղի կունենա գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի հիշատակին նվիրված ցուցահանդես

02.12.2024 19:43

ԲԴԽ-ն նոր նախագահ ունի

02.12.2024 19:12

Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները երբեք չեն մոռանա այն ավանդը, որը Հովհաննես Բաղրամյանը ներդրել է Հայրենական մեծ պատերազմում մեր ընդհանուր Հաղթանակի համար․ ՌԴ դեսպանատուն

02.12.2024 19:06

Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում այս տարվա նոյեմբեր ամսին ծնվել է 96 երեխա՝ 49 տղա, 47 աղջիկ

02.12.2024 17:24

Յուրիկ Ստեփանյան. մենախոսություն

02.12.2024 16:08

ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի միտումնավոր բացակայությունը երկրի համար դրական հեղինակություն չի ստեղծում. Բելառուսի ԱԽ պետքարտուղար

02.12.2024 15:47

ԳՈՐԻՍՈՒՄ ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԴԱՇՏԸ

02.12.2024 15:38

Վերիշեն բնակավայրում ավարտին են մոտենում ոռոգման նոր ջրագծի կառուցման աշխատանքները

02.12.2024 15:35

Տաթև-Լծեն ճանապարհին իրանական բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է

02.12.2024 15:32

Շիշկերտում չորս ընտանիք է մնացել, ակոռի դարձած Մազրայում՝ մի մենակյաց, իսկ Կեմանց գյուղատեղին այլևս քչերն են հիշում

02.12.2024 15:04

Եթե 1 հայ վերադառնա Ղարաբաղ, ապա 1 ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանցի պատգամավոր

02.12.2024 14:57

Աշանի Սբ. Աստվածածին եկեղեցին

02.12.2024 14:34