Թերթ, որ չդարձավ խոսափող ու «պատկերասրահ»…

09.06.2023 14:11
674

Իմ հիշողության մեջ տակավին թարմ են անցյալ դարի 90-ականների աշնանային այն օրերը, երբ փլուզվում էր խորհրդային կայսրություն կոչված Բաբելոնյան աշտարակը, եւ Արցախյան հուժկու շարժման ոգով էր տրոփում համայն հայության հավաքական սիրտը: Հիշում եմ նաեւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ծնունդը՝ 1990-ի հոկտեմբերի 9-ին լույս տեսած անդրանիկ համարով: Իսկ մինչ այդ այն վեճերն ու խոսակցություններն եմ հիշում, երբ շատերը գերադասում էին տակավին հրատարակվող «Խորհրդային Հայաստանն» անվանափոխել եւ դարձնել ՀՀ նորաստեղծ Գերագույն խորհրդի պաշտոնաթերթ: Այս մոտեցումն ունեցողները շատ էին, նրանց թվում էր նաեւ Հրանտ Մաթեւոսյանը. «Կա թերթ՝ իր պրոֆեսիոնալ աշխատակազմով, խմբագրության համար անհրաժեշտ լիարժեք պայմաններով, էլ ի՞նչ կարիք կա լրացուցիչ ծախսերի: Ինչ վերաբերում է գաղափարախոսությանը, ապա այնտեղ աշխատողներն էլ են մեզ ու ձեզ նման հայ մարդիկ, նույն ազգայինի ջատագով մտահոգ խմբագիր եւ լրագրողներ…»:
Բայց այդպես չէր լինելու՝ հաղթելու էր նորն ստեղծելու տարբերակը: Եվ ստեղծվեց «ՀՀ»-ն՝ երկլեզվյա՝ հայերեն եւ ռուսերեն տարբերակով: Գլխավոր խմբագիր նշանակվեց Այդին Մորիկյանը:Հետագայում՝ 1992 թ. նոյեմբերից «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսերեն տարբերակն առանձնացվեց եւ սկսեց լույս տեսնել որպես առանձին թերթ:
Դժվար էր, իհարկե, նորընծա «ՀՀ»-ի կայացման ճանապարհը: Այդպես է, իհարկե, ցանկացած նորը կյանքի կոչելու պարագայում: Սակայն երջանկահիշատակ առաջին խմբագիրը, որ ունենալով բարձրագույն բանասիրական եւ լրագրողական կրթություն՝ աշխատած լինելով «Երեւանի համալսարան», ապա «Ավանգարդ» թերթերի խմբագրություններում եւ ամբարած պատկառելի փորձ ու հմտություններ, նախեւառաջ ջանաց իր շուրջը համախմբել կայացած լրագրողների: Եվ պետականամետ, ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող գլխավոր խմբագրին հաջողվեց ամուր հիմքերի վրա դնել հանրապետության թիվ մեկ թերթը՝ ներառելով նորանկախ մեր երկրում, ազատատենչ Արցախում, նրա շուրջ եւ աշխարհում տեղի ունեցող անշրջանցելի իրադարձությունները: Արցախյան պատերազմի ծանրագույն շրջանում, երբ հովհարային անջատումներից խավարում խարխափում էինք ազգովի, եղավ շրջան, որ չխաթարելու համար թերթի լուսընծայման պարբերականությունը՝ խմբագրակազմը «տեղափոխվեց» նախագահական եւ իր առաքելությունը շարունակեց այնտեղից: Այս փաստը լավագույնս է վկայում պետական պաշտոնաթերթի դերի, առաքելության եւ անհրաժեշտության մասին: Կարեւորագույն այն թերթի, որը կոչված էր նախեւառաջ վառ պահել ազգային ազատագրական շարժման գաղափարը ժողովրդի սրտում: Այն թերթի, որը, դուրս գալով իշխանական կուլիսային տրամաբանությունից, մնաց հայ ժողովրդին ու նրա ճակատագրին հավատարմության դիրքերում՝ հետխորհրդային շրջանում իրապես նոր մակարդակի հասցնելով նաեւ մշակույթի եւ արվեստի լուսաբանումը: Որովհետեւ մշակույթը, ինչպես գերբն ու հիմնը, արտացոլում է ոչ միայն ժողովրդի անցած ուղին, այլեւ մատնանշում է նրա հեռանկարները, նրա տեղն ու դերը համաշխարհային ընտանիքում:

Վերադառնալով անցյալ՝ անհրաժեշտ է հիշել բոլոր գլխավոր խմբագիրներին, որոնցից յուրաքանյուրը մեկ մոմ հաստատ վառել է նրա կայացման ու հաստատման ճանապարհին՝ Այդին Մորիկյան, Մեսրոպ Հարությունյան, Լիզա Ճաղարյան, Աշոտ Աղաբաբյան, Տիգրան Ֆարմանյան: Բայց ազնվորեն պետք է խոստովանել, որ վերջին գլխավոր խմբագրին՝ Արթուր Ղարագյոզյանին հաջողվեց թերթը մոտեցնել միջազգային չափանիշներին ինչպես դիզայնի, այնպես էլ հանրությանը օբյեկտիվ տեղեկատվություն մատուցելու առումով: Նրա օրոք «ՀՀ»-ն իրապես վերածվեց պետական լրաստվամիջոցի՝ այս բառի բուն իմաստով. ամենօրյայի էջերում հայտնվեցին նաեւ ընդդիմության ներկայացուցիչները: Թերթի հաղթանակներից մեկն էլ այն է, որ ներկուսակցական գզվռտոցը չտեղափոխեց իր էջեր, ուշադրության կենտրոնում պահեց ոչ թե անհատներին, այլ գաղափարներն ու տեսակետները, որոնք իրենց հիմքում առողջ հատիկ ունեն՝ միտված հայոց ապագային: «ՀՀ»-ն չդարձավ ոչ իշխանության, ոչ էլ որեւէ անձի, կուսակցության կամ կազմակերպության խոսափողը, «պատկերասրահը» չդարձավ «առանձնահատուկ» որեւէ մեկի… Շնչեց ազատորեն՝ առանցքում ունենալով երկրին ու ժողովրդին շահեկանորեն ծառայելու համեստ առաքելությունը:

«ՀՀ»-ին վերապահված էր 33 տարվա գործունեություն: Ասել է, թե այն տարեգիրը դարձավ անկախ Հայաստանի ընդամենը առաջին երեք տասնամյակի պատմության: Խմբագրակազմը, որի յուրաքանչյուր անդամ իր գործի պրոֆեսիոնալն է, վաղը, մյուս օրը իր եսը կվերահաստատի այս կամ այն լրատվամիջոցում, կասի իր ասելիքը՝ հավատարիմ մնալով սեփական սկզբունքներին, որոնք ձեւավորվել էին մայր թերթի հայրենաշունչ մթնոլորտում, նաեւ ցորենի հատիկ կդառնա մամուլի դաշտում՝ ծնունդ տալով բազմաթիվ հասկերի…
 

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

…Եվ նորից վերհիշեցի երջանկահիշատակ գրչընկերոջս՝ Այդին Մորիկյանին. նոր էր նշանակվել «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթի խմբագիր: Ես աշխատում էի հոգեւարք ապրող նախկին «Խորհրդային Հայաստան» թերթի մշակույթի բաժնում, որն արդեն անվանափոխվել էր «Հայաստան»-ի: Պատահական հանդիպեցինք Մամուլի շենքի բակում: Հարցրեց թերթի վիճակի մասին: Ասացի, որ «մեռնում է»: Անմիջապես առաջարկեց գալ իր ղեկավարած խմբագրություն եւ անմիջապես անցնել աշխատանքի: Խոստացա, բայց չկարողացա «դավաճանել» առնետավազքից միայնակ մնացած խմբագրիս՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ գնացած պայծառ մարդուն՝ Հենրիկ Աբրահամյանին… Մեկ թե երկու շաբաթ անց կրկին հանդիպեցի Այդինին: «Ո՞ւր կորար,- ասաց,- այսօր էլ բարձրացի ինձ մոտ, վաղվանից հրամանդ կտամ»: Ներողություն խնդրեցի եւ չանդամակցեցի իր կոլեկտիվին…

Այդ օրերից անցնելու էր շուրջ երեսուն տարի, եւ «ՀՀ»-ի խմբագրությունն իմ առջեւ իր դռներն էր բացելու Արթուր Ղարագյոզյան գլխավոր խմբագրի օրոք: Առաջին իսկ օրվանից հարազատ դարձած միջավայր ու մթնոլորտ, սրտամոտ անելիք՝ մշակույթ, այս բնագավառի վաստակաբեռն հայորդիք եւ օտարազգի հայամետ մեծանուն գործիչներ, ովքեր իրենց անանց հետքն են թողել հայոց պատմության դասագրքերում: Եվ ոչ միայն նրանք ու նրանց արարումների մասին: Նաեւ՝ ազգային ու հասարակական գործիչներ, ազգային-ազատագրական հին ու նոր շարժումներում իրենց փառքը կերտած դեմքեր, ազգանվեր հոգեւոր գործիչներ, համաշխարհային գիտությունն իրենց հայտնագործություններով թռիչքների մղած երեւելիներ, որոնցով հպարտանում ու ներկայանում ենք հանուր մարդկությանը: Ջանացել եմ հավուր պատշաճի մեր ընթերցողին ներկայացնել այսօր մեր կողքին ապրող ու ստեղծագործող տաղանդավոր արվեստագետների, մտավորականների, բաց չթողնել  մշակութային առանցքային միջոցառումները՝ ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ, ներկայացումներ, համահայկական նշանակության ձեռնարկումներ: Եվ այս ամենը՝ «ազատ շնչառությամբ», առանց հատուկ «հրահանգների», առանց գրածս նյութերի բառ իսկ խմբագրման:

Ուստի որպես ապերախտություն կարող է ընկալվել, եթե մոռանամ երախտագիտության խոսք ասել մարդկային ամենաբարձր հատկանիշներով իր անձը զարդարած «ՀՀ»-ի պատվարժան ու առինքնող գլխավոր խմբագրին՝ Արթուր Ղարագյոզյանին: Ինչպես կարելի է չհիշատակել նաեւ խմբագրությունում մշտապես տիրող առողջ ու գեղեցիկ այն միջավայրը, որի գլխավոր «մեղավորը» նորից ինքն էր՝ խմբագրության յուրաքանչյուր անդամի ընկերն ու մտերիմը դարձած մեր սիրված, արժանապատիվ խմբագիրը՝ նախանձելի սկզբունքայնությամբ, մարդկանց հետ հարաբերվելու նախանձելի իր արվեստով… Է՛լ ինչ ասել. կարծում եմ՝ ոչինչ: Հուսանք, որ այսուհետ բացվող ամեն առավոտը շագրենու կաշվի նման կծկվող սրբազան մեր հայրենիքի համար ավետաբեր է լինելու:

Հակոբ Սրապյան

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19