Տիգրան Սուչյան. «Հայկական երաժշտությունը շատ հաջող ներդաշնակվում է ջազային երաժշտությանը»

20.07.2023 15:55
641

Կապանի միջազգային երաժշտական փառատոնի օրերին զրույցներ ունեցանք մայրաքաղաքից ժամանած երաժիշտ կատարողների հետ, ցանկացանք նրանց կարծիքն իմանալ փառատոնի մասին:

Ստորև ներկայացնում ենք զրույցը ջազմեն, շեփորահար Տիգրան Սուչյանի հետ:

- Հարգելի Տիգրան, որպես մեր զրույցի նախաբան, կուզեինք, որ ներկայանայիք ընթերցողին:

- Ծնվել եմ  1981 թվականին Երևանում: 1987 թվականից սովորել եմ երաժշտական դպրոցի երգեցողության, ապա շեփորի դասարանում, նվագել եմ «Արաբկիր», այնուհետև՝ «Արարատ» փողային նվագախմբերում: 1998 թվականին ընդունվել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, նույն թվականից նվագում եմ Հայաստանի պետական ջազային նվագախմբում: 1999 թվականից  զուգահեռ նվագել եմ նաև «Armenian Navy Band», 2004 թ.-ից՝ «Կատուներ», 2008 թ.-ից՝ «Նուզ» խմբերում: Համագործակցում եմ հայկական տարբեր երաժշտական խմբերի և երաժիշտների հետ: Արտերկրում՝ Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում մասնակցել եմ միջազգային երաժշտական փառատոների, «Կատուներ» խմբի հետ մասնակցել եմ Մոսկվայի «Ուսադբա» ջազային փառատոնին, Կաննում՝ «Միդեմ» փառատոնին: 2008 թ.-ից նվագում եմ նաև «Ռեինկարնացիա» խմբում, որի հետ մասնակցել եմ Բաթումիի ջազային խմբում, Սերբիայի Կուստենդորֆ քաղաքում կայացած կինո և երաժշտական փառատոներին:

- Ինչպե՞ս հայտնվեցիք այս ծրագրում:

- Սևակ Ավանեսյանի հետ մտերիմ ընկերներ ենք  և տարբեր առիթներով ու ժամանակներում զանազան ծրագրերում համագործակցել ենք: Մասնավորապես անցած ամռանը Ստեփանակերտում կազմակերպեցինք «Զարթոնք» փառատոնը, որից հետո գաղափար հղացավ՝ Կապանում ևս անցկացնել փառատոն՝ Սևակի գլխավորությամբ: Բավականին շփվելուց, խորհրդակցելուց հետո այդ ամենն իրականություն դարձավ:

Ասեմ նաև, որ Արցախում կրթամշակութային արշավներ ենք կազմակերպել, եղել տարբեր քաղաքներում ու գյուղերում: Ձգտում էինք, որ ավելի շատ երիտասարդներ ընդգրկվեն այդ ամենի մեջ:

Պետք է նշեմ նաև՝ Արցախի պետական ջազային խմբի ղեկավարն եմ:

- Ձեր կազմակերպած փառատոնով ի՞նչ եք ուզում Սյունիքին հաղորդել, ներշնչել...

- Իմիջայլոց՝ առաջին անգամ եմ Կապանում, ավելի ստույգ՝ մայիսին եկանք, «հետախուզման» նպատակով՝ Սևակ Ավանեսյանի հետ, կազմակերպական հարցեր լուծելու համար: Շատ սիրեցի Կապանը, այստեղ ինձ լավ եմ զգում, մարդիկ բարյացակամ են, երեխաները՝ հրաշալի: Այս փառատոնն անհրաժեշտ էր կապանցիներին: Շատերը Հայաստան ասելիս մայրաքաղաք Երևանն են հասկանում, ամեն ինչ կենտրոնացել է Երևանում, մարզերը հանիրավի դուրս են մնացել տեսադաշտից: Ուրիշ բնագավառ նկատի չունեմ,  երաժշտության ոլորտը եռում է, արդեն պիտի դուրս գար, ուղղվեր դեպի սահմանամերձ բնակավայրեր, որովհետև մայրաքաղաքից դուրս հաստատապես կան շնորհալի երիտասարդներ, ընդամենն անհրաժեշտ է նրանց աջակցել, ոգևորել, պայմաններ ստեղծել, որ շփվեն մայրաքաղաքի իրենց  հասակակիցների հետ, համոզվեն, որ բարձր արվեստն իրենցից այնքան էլ հեռու չէ, այդ որակներին շատ արագ կարող են հասնել: Նույնն արել ենք Ստեփանակերտում՝ այլ բան է ստացվել, այստեղ՝ մի այլ բան: Խոսքը փառատոնի կազմակերպման մասին է: Երիտասարդներին պիտի ոգեշնչել, «կայծ» տալ, որ նրանք չասեն՝ երաժշտությամբ չեմ կարող տուն պահել: 

- Կուզենայինք իմանալ՝ ե՞րբ են մեզանում սկզբնավորվել ջազային արվեստը, ջազային երաժշտությունը, ի՞նչ նշանավոր դեմքեր ունենք ջազային արվեստում:

- Հայաստանում առաջին ջազային կոլեկտիվը 1938 թվականին կազմավորված Հայաստանի էստրադային նվագախումբն էր (Հայաստանի պետական ջազային նվագախումբը)՝ կոմպոզիտոր և թավջութակահար Արտեմի Այվազյանի  գլխավորությամբ: 1970-ականներից սկսած՝ Հայաստանի ջազային նվագախումբը մեծ ճանաչման արժանացավ Խորհրդային Միությունում: Հայաստանի պետական էստրադային նվագախումբը, Կոնստանտին  Օրբելյանի գլխավորությամբ, առաջինն էր ԽՍՀՄ ջազային նվագախմբերից, որ մեկնեց ԱՄՆ: 1990-ական թվականների սկզբներին, ԽՍՀՄ փլուզման և Ղարաբաղյան պատերազմի ու ծանր տնտեսական ճգնաժամի պատճառով, Կոնստանտին Օրբելյանը չկարողացավ այլևս շարունակել աշխատանքն իր նվագախմբի հետ և մեկնեց Սան Ֆրանցիսկո: 1997 թվականին երիտասարդ երաժիշտներով վերականգնված «Հայաստանի պետական ջազ-նվագախումբ»-ը վերսկսեց իր աշխատանքը՝ կոմպոզիտոր ու դաշնակահար Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ: 

Երգացանկս և կրթությունս ստացել եմ Կոնստանտին Օրբելյանի ստեղծագործությունների ազդեցությամբ: 1997 թվականին ընդունվեցի Հայաստանի պետական ջազ խումբ, որը ղեկավարում էր, ինչպես նշեցի, Արմեն Մարտիրոսյանը:

- Կոնստանտին Օրբելյանը մեր հայրենակիցն է, արմատներով Գորիսի Տաթև գյուղից, ջազի ոլորտում ևս մի հայրենակից ունեինք՝ Ակսել  Բակունց կրտսերը...

- Այո, Ակսել Բակունցը՝ ցավոք երջանկահիշատակ: Նա ջազ քոլեջի տնօրենն է եղել, ավելի վաղ «Սերպանտին» վոկալ-գործիքային անսամբլի ղեկավարն էր:

Կոնստանտին Օրբելյանն իրապես մաեստրո էր, անձամբ եմ զգացել նրա շունչը, նրա ազդեցությունն իմ՝ որպես երաժշտի ձևավորման և կայացման գործում: Երբ նա կանգնեց նվագախմբի առջև, առաջին անգամ զգացի, թե ինչ է լիդերը:

- Ինչպես նշեցիք, Արցախի ջազային խումբն եք ղեկավարում, հիմա շրջափակման մեջ է հայոց հինավուրց երկրամասը, հաջողվո՞ւմ է կապ պահպանել կոլեկտիվի հետ:

- Իմ՝ ղեկավարի կարգավիճակը նույնն է մնացել, փորձում եմ այստեղից հեռավար ղեկավարել խումբը, ձայնագրություններ ենք անում, շուտով այդ նախագծերը կլուսաբանվեն: Ահա այդպես՝ կրթամշակութային ծրագրերով կապվեցի Արցախի հետ: Ուրախալի է, որ արցախցիներն ամուր են կառչած իրենց հողին: Թեպետ անմարդկային դժվարություններին՝ չեն պատրաստվում լքել իրենց հայրենիքը:

- Ազգային և համամարդկային արժեքների մրցակցության պայմաններում կարողանո՞ւմ եք Ձեր ասելիքով, խաղացանկով մեր ազգայինը պահպանել, հայկական երաժշտության ավանդույթները շարունակել:

- Նայած երաժիշտն ի՞նչ է ուզում: Հրապարակի վրա են ազգային և օտարերկրյա ժառանգությունները: Դու ես որոշում՝ որ կողմը գնալ: Ես նախընտրում եմ այդ երկուսը միավորել: Քանզի եթե մնանք ազգային շրջանակի մեջ, մենք «այֆոն» չենք ունենա, ժամանակակից մեքենա չենք վարի: Ասել է թե՝ մենք հարմարվում ենք աշխարհի թելադրած օրենքներին:

Բայց և ամենևին չի նշանակում, որ տրվելով ինչ-որ նորամուծությունների, արևմտյան աշխարհի բարքերին, մենք կորցնում ենք մեր ինքնությունը: Որովհետև մի լեզու կա, որ հասու է բոլորին: Դա երաժշտության լեզուն է: Ամեն երկրի երաժիշտ, կոմպոզիտոր իր երաժշտության, ստեղծագործության մեջ պիտի պահի  ինքնությունը, որպեսզի ճանաչելի դառնա: Հայկական երաժշտությունը շատ հաջող ներդաշնակվում է ջազային երաժշտությանը, կարծես իրար համար ստեղծված լինեն: Թե՛ ռիթմի, թե՛ հարմոնիայի տեսակետից լավ համադրվում են:

- Դուք, ինչպես նաև փառատոնին մասնակից մյուս առաջնակարգ երաժիշտները, կապանցի երեխաների հետ (և ոչ միայն) վարպետաց դասեր եք անցկացրել. Կապանի երաժշտական, հանրակրթական դպրոցների աշակերտներն անհրաժեշտ ներուժ ունե՞ն, պատկերացում կազմո՞ւմ են երաժշտության այս կամ այն տեսակի մասին:

- Իհարկե: Այստեղի մասնագետների հետ նման խոսակցություն եղավ: Կարծիք հնչեց, թե կադրերն են քիչ: Ըստ իս՝ ոչ թե կադրերն են սակավ, թող ինձնից ոմանք չնեղանան, այլ  մատուցումն է սխալ, որովհետև փոքր-ինչ կարծրացած մոտեցում կա դասավանդման մեթոդիկայի առումով: Ճշմարիտն ասած՝ ես էլ եմ խորհրդային դպրոցի  քուրայով անցել, մինչև հիմա իմ միջից դա դուրս չի գալիս, ես էլ բարդույթներ ունեմ, կարծրատիպեր, որ մարդկանց մեջ սերմանում են դպրոցից, չեն թողնում ազատ շնչել: Օրինակ եմ բերում. մի երեխա որոշել է Կոմիտասի ստեղծագործությունը գործիքավորել կամ մի այլ կերպ հնչեցնել: Ինչո՞ւ մեծերը նրան արգելեն, թե դու իրավունք չունես Կոմիտասի ստեղծագործությանը ձեռք տալ: Դրա փոխարեն արդարացի կլիներ ճիշտ ուղղությունը ցույց տալ: Եթե դու երեխային կրթություն չես տալիս, ինքն անում է անճաշակ բան, եթե դու նրան ճիշտ ուղղություն ես ցույց տալիս, ինքը դա անում է ճաշակով․ սա է տրամաբանությունը:

- Կապանում անցկացված միջազգային երաժշտական փառատոնի առնչությամբ ի՞նչն եք ամենից շատ կարևորում:

-  Կապանում ելույթ ունեցան միջազգային համարում ունեցող երաժիշտներ, տասը օր շարունակ հնչեց  դասական երաժշտություն, ինչից գեղագիտական մեծ հաճույք ստացավ հանդիսատեսը: Բայց այս համատեքստում անչափ կարևորում եմ վարպետաց դասերը, որ անցկացրին բարձրակարգ երաժիշտ կատարողները: Փառատոնի եզրափակիչ համերգից առաջ ես էլ էի բեմահարթակում, երբ վարպետաց դասերի ժամանակ աչքի ընկած երեխաներին պարգևներ էին հանձնվում, երևույթը շատ ոգևորիչ էր:

- Հույս կա՞, որ այս փառատոնը շարունակական կլինի:

- Իհարկե, բայց փառատոնը յուրաքանչյուր անգամ նորովի պիտի ներկայանա: Եվ ամեն տարի նոր երիտասարդներ պիտի ներգրավվեն ծրագրում, նրանց ճանապարհ պիտի տալ, լինել նրանց կողքին, ոգևորել, որ գնան ճիշտ ուղիով և սխալներ թույլ չտան:

Զրույցը՝ Վահրամ Օրբելյանի

 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25