Տոկիո-2020. Իմ ֆանատիզմի շնորհիվ է, որ մինչև օրս ատլետիկայում եմ. Լևոն Աղասյան

14.06.2021 17:49
1313

Հայաստանի օլիմպիական հավաքականում շատ քիչ են մարզիկները, որոնք մասնակցել են Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին և կլինեն նաև Տոկիոյում 32-րդ Խաղերին: Նրանցից մեկը ատլետ Լևոն Աղասյանն է: Լևոնն իր կամքի, համառության, անվերապահ նվիրումով դասագրքային օրինակ կարող է լինել նպատակին հասնելու ճանապարհին ոչնչի առաջ կանգ չառնելու համար: Հայաստանում ատլետները դեռևս մարզվում են Խորհրդային Միությունից մնացած բազաներում և մարզահամալիրումներում: Եվ նման պայմաններում գրանցած արդյունքները զարգացնելը գովեստի է արժանի:

«Արմենպրես»-ի հեղինակային «Երազանքի ճանապարհը` Տոկիո-2020» նախագծի հերոսը Հայաստանի ատլետիկայի հավաքականի անդամ, առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանն է:

-Լևոն, եկեք սկսենք ամենասկզբից: Ինչպե՞ս սկսվեց հետաքրքրվածությունը ատլետիկայի նկատմամբ:

-Փոքր տարիքում ցանկություն ունեի հաճախելու ցանկացած մարզաձևի մարզումներին: Զգում էի, որ սպորտի նկատմամբ հակում ունեմ, ինձ առանձնակի դուր էր գալիս մարզվելը: Բայց ամեն ինչ սկսվեց Կապանում, որտեղ մորեղբայրս ինձ տարավ քաղաքային մարզադպրոց, որտեղ  ատլետիկայի խմբակ կար: Մեկ օր մարզվելուց հետո հաջորդ իսկ օրը մասնակցեցի մրցաշարի: Եվ վատ արդյունք չգրանցեցի: Այդ ժամանակ 10 տարեկան էի: Տանը հայրս էլ, մայրս էլ սպորտային անձինք են:

-Արդյո՞ք Կապանում ատլետիկան այլ մակարդակ ունի:

-Մեր բոլոր արդյունքները գալիս են մեր մարզիկների աշխատանքից: Նրանք շատ լավ դպրոց են անցել: Նրանք իրենց մարզիկ լինելու տարիներին մեծ ակտիվությամբ են մարզվել, այն էլ՝ Խորհրդային Միության տարիներին:

 

-Դուք այն քիչ մարզիկներից եք, որոնք մնում են սպորտում՝ անկախ առկա պայմաններից, անկախ անբարենպաստ վիճակից: Ինչո՞ւ:

-Ձեր հարցին կպատասխանեմ երկու տեսանկյունից: Ինձ համար ատլետիկայով մարզվելը մեծագույն հաճույք է: Ես ինձ ավելի լավ եմ զգում մարզվելով, ամեն օր ինքս ինձ հաղթելով: Դժվարությունները, անխոս, շատ են: Երկրորդ տեսանկյունից՝ այն տարիքում, երբ ֆինանսական անկախությունը գլուխ է բարձրացնում, անիմաստ է մնալ ատլետիկայում: Բարդ է նաև այս պայմաններում մարզվելու ընթացքում վնասվածք չստանալը: Ատլետիկայում մնալու իմ շարժառիթն ծայրահեղական է: Իմ ֆանատիզմի շնորհիվ է, որ մինչև օրս աթլետիկայում եմ:

-Տոկիոյի Օլիմպիական խաղերը երկրորդն են ձեր մարզական կարիերայում: Ինչի՞ հետևից եք գնում այս անգամ:

-Տարիների աշխատանքից և մեծ փորձից ելնելով` զգացել, տեսել ու հասկացել եմ` ամեն ինչ որոշվում է մրցման վայրում, հենց այդ պահին, հենց այդ վայրում: Ոչ մի նշանակություն չունի, թե ով ինչ արդյունք է գրանցել: Հիմա պատրաստվում եմ,  հնարավորինս լավ, հնարավորինս  անթերի: Բայց թե ինչպես հանդես կգամ Օլիմպիական խաղերում, հիմա չեմ կարող ասել:

  

 

-Նախորդ խաղերի փորձը ձեզ կօգնի՞ այս Խաղերում, առավել սառը դատողությա՞մբ եք մոտենում այս խաղերին:

-Եթե անկեղծ լինենք, ապա Օլիմպիական խաղերի մրցումային հատվածի և միջազգային մի շարք մրցաշարերի միջև ինձ համար ոչ մի տարբերություն չկա: Գուցե տարօրինակ հնչի, բայց գնում եմ և անում նույնը, ինչ նախորդ ցանկացած մրցաշարում: Բայց հիշում եմ ամեն մի սխալս, և հիմա դրանք թույլ չեմ տա: Ռիոյի Օլիմպիական խաղերին մասնակցությունս հակաօրինակ է. այս խաղերին պետք է առավել բարձր արդյունք ցույց տամ:

-Կորոնավիրուսի համավարակը խառնեց բոլորիս խաղաքարտերը: Հետաձգվեցին նաև Օլիմպիական խաղերը: Ի՞նչ ազդեցություն ունեցավ այն ձեզ վրա:

-Չեմ կարող ասել, որ կորոնավիրուսի համավարակը դրական էր որևէ մարզաձևի վրա: Մի շարք մեծ ու փոքր խնդիրների բախվեցինք այդ ընթացքում: Բայց կոնկրետ ինձ համար միակ դրականն այն էր, որ հանգստացա, կարողացա բուժել վնասվածքներս, որոնք երկար ժամանակ անհանգստացնում էին ինձ:

 

 

-Ատլետիկայի և օլիմպիական ատլետիկայի մրցումների ամենակարևոր բաղադրիչը մարզադաշտումներկա երկրպագուներն են: Նրանք մարզաձևի բաբախող սիրտն են: Այս անգամ նրանք չեն լինելու, ինչպե՞ս եք պատկերացնում այդ ամենը:

-Մարտին, երբ մասնակցում էի Եվրոպայի առաջնությանը, այնտեղ նույնպես երկրպագուները ներկա չէին: Այդ մրցաշարում հասկացա, որ որպես մրցումային լարվածություն չեմ զգացել մարզասերների բացակայությունը: Բայց կան դեպքեր, երբ լարվածությունը դրական է անդրադառնում քեզ վրա, քո արդյունքի վրա: Վերջին հաշվով արդեն փորձ ունեմ առանց երկրպագուների մրցաշարի մասնակցելու, և գուցե դա օգնի Տոկիոյի խաղերում:

-Ո ՞րն է ատլետիկայի, եռացատկի գեղեցկությունը:

-Եռացատկն ատլետիկայի այլ մարզաձևերի շարքում տեխնիկապես ամենադժվար ու բարդ ձևերից մեկն է: Բացի տեխնիկապես լավը լինելուց, ֆիզիկապես էլ բարդ է, շատ բարդ: Ու  երկրպագուները` տեսնելով մարզիկների դժվարությունների միջով անցնող և աճող արդյունքները, հասկանում են, որ գրոսմայստերական արդյունքի ես հասնում աշխատանքի միջոցով: Ատլետիկայում առավել շատ աշխատում ենք սեփական «ես»-ին հաղթելու վրա:

 

-Մի քանի բլից հարց. Արարա՞տ, թե Խուստուփ:

-Խուստուփ (ծիծաղում է, Լևոն Աղասյանը ծնունդով Կապանից է-Հեղ.):

-Մի քանի բառով բնութագրեք, խնդրեմ, Օլիմպիական խաղերը:

-Պայքար, տոն և գույներ:

- Լե՞ռ, թե ծով:

-Լեռ:

-Նարդի՞, թե շախմատ:  

-Շախմատ:

-Սո՞ւրճ, թե թեյ:

-Թեյ:

-Դոլմա՞, թե խորոված:

-Խորոված։

-Պիցցա՞, թե պաղպաղակ:

  

-Պաղպաղակ:

-Գի՞րք, թե ֆիլմ:

-Գիրք:

-Թո՞մը, թե Ջերին:

- Թոմը:

- Շնորհակալ եմ զրույցի համար, հուսով եմ՝ արդեն մեդալներով զրույց կունենանք Տոկիոյում:

 

Նախագծի հեղինակ՝ Վարվառա Հայրապետյան 

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի  

 

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 38 օր։

 

 

Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին

31.01.2026 21:11

Լրացուցիչ քննություն կկազմակերպվի անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակները գրած այն դիմորդների համար, ում թեստը տպագրական խոտանով է եղել․ ԳԹԿ

31.01.2026 21:08

Սուրբ Էջմիածնի զավակ եմ և երբեք իմ ուխտը չեմ դրժելու, ի՞նչ է նշանակում ճամբար փոխել․ Սյունյաց թեմի առաջնորդ

31.01.2026 19:00

«Տաշիր-կար» ֆաբրիկան ներդրումային ծրագրերի շրջանակում շարունակաբար ընդլայնում է իր արտադրական հնարավորությունները

31.01.2026 17:33

Եպիսկոպոսներին մեղադրյալի կարգավիճակով ՔԿ են կանչել, որ Ավստրիայի ժողովը տապալեն. պաշտպան

31.01.2026 17:24

Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով․ Իրանի ԱԳ նախարար

31.01.2026 14:39

Երիտասարդների օրհնության կարգ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

30.01.2026 22:52

5 տարվա ընթացքում 300,000 աշխատատեղ ստեղծելու մասին հարցերին կպատասխանի Նարեկ Կարապետյանը

30.01.2026 22:07

«Ազատությո՛ւն Աշոտ Մինասյանին, Վահագն Չախալյանին և բոլոր քաղբանտարկյալներին». Աբրահամյանը կալանավայրերում տեսակցել է քաղաքական հետապնդումների ենթարկվողներին

30.01.2026 20:03

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Տեր Պսակ քահանա Մկրտչյան

30.01.2026 18:53

Վեհափառի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեց

30.01.2026 18:45

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանից մի խումբ քաղաքացիներ են մտել Հայաստան․ ԱԱԾ-ն ձերբակալել է․ ի՞նչ է կատարվել Մեղրիում

30.01.2026 15:58