Թթի օղու փառատոն Գորիսում

11.09.2014 14:08
4489

Այս միջոցառման մասին նախապես այնքան շատ էր խոսվել լրատվամիջոցներով, որ շատերս էինք անհամբերությամբ սպասում դրան: Խոստացել էին մի քանի տեղ ցուցադրել օղու թորում ռեալ ժամանակի մեջ եւ դրա համտեսի կազմակերպում: Օղու թորումը գորիսեցիներիս համար սովորական կլիներ, բայց քաղաքի հյուրերի համար այն իր մեջ բազմաթիվ էկզոտիկ պահեր կպարունակեր: Ափսոսանքով ենք նշում, որ կազմակերպիչներին ժամանակի սղության պատճառով դա չէր հաջողվել, բայց «անմահական» խմիչքի համտեսումը փառավորապես հաջողվել էր:

Մի փոքրիկ թերության մասին էլ նույնքան փոքրիկ ակնարկ` եւ վերջ:

Անընդհատ խոսում էին մեծաթիվ հյուրերի, հատկապես արտասահմանցի հյուրերի գալստյան մասին: Քաղաքապետարանի աշխատակիցներն այնպես էին հավաստիացրել այդ առթիվ, որ մտածում էինք, թե «ասեղ գցելու» տեղ չի լինելու: Դե մարդ ես, մտածում ես` հանկարծ ոտնատակ չընկնե՞ս: Պարզվեց, որ նման մտավախությունն անտեղի էր: Միջոցառման մասնակիցները, այսինքն` նրանք, ովքեր իրենց ապրանքը, աշխատանքն էին առաջարկում, ավելի քիչ չէին, քան հյուրերը, իսկ արտասահմանցի հյուրեր համարյա չկային: Երբեմն-երբեմն տեղացի մեկ-երկու երիտասարդի ընկերակցությամբ երեւում էին իրենց, իրոք, էկզոտիկ հագուստ-կապուստով, սանրվածքով առանձնացող կամավորները:

Իսկ այժմ՝ հաճելիի մասին:

Զգացվում էր, որ միջոցառմանն առանձնակի հաճույքով ու պատասխանատվությամբ էին նախապատրաստվել հյուրերը Մեղրուց, Կապանից, Սիսիանից: Մեղրեցիներն իրենց մեղրահամ խոսքով առաջարկում էին նույնքան մեղրահամ պտուղներ, դրանց մուրաբաներն ու չրերը: Հաճելի անակնկալ էր նման բովանդակությամբ սեղանի առկայությունը կապանցիների մոտ: Ավելին, կապանցիներն առաջարկում էին իրենց պահածոյի գործարանում եփված մուրաբաները, ջեմերը: Այսինքն` հույս կա, որ անտառի հասած տանձն այսուհետ արջի փայ չի դառնա:

Սիսիանից Վահագն Համբարձումյանը ներկայացրել էր իր ղեկավարած դեկորատիվ խեցեգործության կենտրոնի աշխատանքները, որոնք միանշանակ դրական ընդունվեցին թե՛ գորիսեցիների եւ թե՛ հյուրերի կողմից:

Ինչպես միշտ, այս անգամ էլ առատ սեղաններ էին բացել գյուղական համայնքներից շատերը` Ակները, Հարթաշենը, Հալիձորը, Խնձորեսկը, Ներքին Խնձորեսկը, Քարահունջը…

Միջոցառմանն իրենց բազմաթիվ աշխատանքներն էին ցուցադրել Գորիսի կանանց ռեսուրս կենտրոնը, Գորիսի Գ.Պարոնյանի անվան գեղարվեստի դպրոցի սաները, անհատ ձեռներեցներ Միհրան Միրումյանը, Ալբերտ Միրզոյանը:

Իսկ հիմա՝ գլխավորի` փառատոնի` թթի օղուն նվիրված բաժնի մասին:

Այստեղ արդեն տոն տվողները հիմնականում Գորիսի տարածաշրջանի գյուղական համայնքներն էին, այն համայնքները, որոնք ավանդաբար թթի օղի են ծխել: Նրանք առատ սեղաններ են բացել` լի իրենց ստեղծած բերք ու բարիքով: Հյուրերը հաճույքով էին վայելում անմահական հեղուկը, իսկ վրայից համտեսում զուտ գորիսյան ճաշատեսակներ` ճախաթթու, սիբեխ, ղաուրմա, իսկ դրանց վրայից էլ վայելում սառը թանը: Ակնեցիներն էլ առաջարկում էին գոմշի մածուն` դանակով կտրի՛ր ու կե՛ր:

Հրապարակի տաղավարներից մեկում կազմակերպվել էր մրգաջրերի վաճառք, որը շատ արագորեն սպառվեց:

Թթի օղի թորելու ավանդույթը մեր տարածաշրջանում, ինչպես նաեւ Արցախում գոյություն ունի շատ վաղուց: Այն մեր կենցաղի անբաժանելի մասն է եղել եւ կա: Իսկ հանրապետության այլ շրջաններում նրա ճանաչման գործում մեծագույն դերակատարում ունի մեր մեծ հայրենակից Սերո Խանզադյանը: Թթի օղու «Քարահունջ» անվանումն առաջինը նա է շրջանառության մեջ դրել:

Կար ժամանակ, որ այսպես կոչված «Քարահունջ» օղին մեր տարածաշրջանի այցեքարտն էր, եւ նրա օգնությամբ շատ խրթին հարցեր էին հեշտությամբ լուծվում, ինչպես ասում են, շատ փակ դռներ էին բացվում: Բայց նոր առեւտրային հարաբերությունները շուկան հեղեղեցին տասնյակ, հարյուրավոր հնարավոր անուններ կրող, հաճախ խիստ կասկածելի ծագում ու բաղադրություն ունեցող սպիրտային խմիչքներով, հատկապես օղիով: Էլ չենք խոսում վիսկու, կալվադոսի, ամարետոյի եւ բազմաթիվ օտարալեզու ու օտարահունչ անվամբ խմիչքների մասին: Իսկ դրանց գնե՞րը…

Հիշում ենք մի անեկդոտ, երբ ղարաբաղցին Ռուսաստանից վերադարձած իր ծանոթին հարցնում է, թե նա իր ճամփորդության ընթացքում պեպսի խմած կա՞: Ծանոթը պատասխանում է, թե ինքը չի խմել, բայց իր հորեղբոր տղան տեսել է, թե ինչպես են խմում: Հիմա, ես անձամբ չեմ տեսել, բայց տեսնողներ են եղել, որ մեկ շիշ վիսկին արժե 400 հազար եւ ավելի դրամ: Մեղա, մեղա: Իսկ բոլոր այդ խմիչքները (բացառությամբ կոնյակի եւ շամպայնի) ստանում են շաքարեղեգից, լավագույն դեպքում` խնձորից, սալորից, մի խոսքով՝ մրգից: Այսինքն` եթե համեմատենք մեր թթի օղու հետ, ապա մեր օղին որակի տեսակետից շահեկանորեն տարբերվում է նույնիսկ տասնյակ հազարավոր դրամներ արժեցող այդ խմիչքներից:

Եկել է ժամանակը վերականգնելու թթի օղու վաղեմի փառքը: Հայտնի բան է, որ թե՛ Արցախում եւ թե՛ Սյունիքում թթի օղին ավելի հաճախ օգտագործել եւ օգտագործում են ոչ թե որպես ոգելից խմիչք, այլ որպես դեղամիջոց: Ծննդով արցախցի լրագրող-հրապարակախոս Վանիկ Սանթրյանն անցած դարի 80-ական թվականներին ռուսական հայտնի ամսագրում ընդարձակ հոդված էր հրապարակել «Ինչո՞ւ են ղարաբաղցիները երկարակյաց» վերնագրով, որտեղ նա կոնկրետ հասցեներով նշում էր, որ բոլոր երկարակյացները, անկախ սեռից, մշտապես օգտագործել են թթի օղի` մի թասը լավ է, երկուսը բավ է սկզբունքով: Այսօր էլ ավանդական բժշկության մեջ այն օգտագործվում է որպես բուժամիջոց:

Իսկ ինչո՞ւ է Գորիսի թթի օղին էապես տարբերվում այլ տարածաշրջաններում պատրաստված օղուց:

Հիմա կասեք` թութը թութ է, Գորիսում լինի, թե Հնդստանում: Նույնը չէ՞: Չէ, նույնը չէ: Ահա թե ինչու: Արարատյան դաշտավայրում, Սյունիքի հովտային տարածքներում մայիսի վերջերին թութը սկսում է հասունանալ: Գորիսում դա տեղի է ունենում հունիսի սկզբներին: Հունիսի վերջերին, ամենաշատը հուլիսի սկզբներին հանրապետության ողջ տարածքում ծառի վրա թութ չես տեսնի, չկա: Իսկ Գորիսո՞ւմ: Իսկ Գորիսում կա, չի վերջանում, մերն ուրիշ է: Գորիսում ամենաքաղցր, ամենաբուրումնավետ թութը կարող եք վայելել հուլիսի վերջերին, իսկ սպիտակ թթի` վարդագույնին խփող քաղցրահամ հատիկներ, որոնք ծառի ճյուղից նույնիսկ մատներով դժվար է պոկել, իսկ պոկվելուց հետո էլ իր քաղցրության պատճառով ձեր մատներից էլ դժվար է պոկվում: Այդ ժամանակ Գորիսի ենթաշրջանի գյուղերում թութը թափ են տալիս բեյսբոլի մականի նման հաստ փայտերի միջոցով` դրանցով հնարավորինս ուժեղ խփելով թթենու ճյուղերին: Ասեմ ավելին` սեպտեմբերի կեսերին եկեք Գորիս, եւ ես ձեզ սեւ թթով, որի օղին առանձին թեմա է, կհյուրասիրեմ: Այո, սեւ թութն «աչքի է ընկնում» մայիսի վերջերին եւ վերջանում սեպտեմբերին: Ահա թե ինչու է Գորիսի թթի օղին էապես տարբերվում հանրապետության այլ վայրերի նույն հումքից թորած օղուց:

Ժամանակ առ ժամանակ խոսակցություններ են լսվում Գորիս քաղաքը տուրիզմի կենտրոն դարձնելու մասին` նկատի ունենալով նրա ինքնատիպ ճարտարապետությունը, ազգային սովորույթները, հասկանալի է` պատմամշակութային մյուս արժեքները եւս, որոնց մեջ, անշուշտ, մտնում է նաեւ զուտ գորիսյան խոհանոցը (տաքացրած թան, չորաթանի թանապուր, ճախաթթու եւ, իհարկե, թթի օղին): Բայց մեզանում ամեն լավ բան ոչ թե կամաց-կամաց, այլ շատ արագ վերանում է: Այդ վտանգը կախված է նաեւ թթի օղու վրա:

Օգոստոսի 23-ի փառատոնն ավարտվեց ուշ երեկոյան` երիտասարդական դիսկոտեկով եւ տոնական հրավառությամբ:

Նոր քաղաքապետի ընտրությունից հետո սա ամենամասսայական համաքաղաքային միջոցառումն էր: Առանձին փոքր թերություններ չհաշված, որոնք անխուսափելի են նման դեպքերում, փառատոնը պետք է հաջողված համարել: Կազմակերպիչները հայտարարեցին, որ այս միջոցառումը դառնալու է ավանդական եւ կազմակերպվելու է յուրաքանչյուր տարվա հուլիսի սկզբներին:

ՌԵԴԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34