Ի պատասխան Հայաստանում ուրանի պաշարների շուրջ Ռուսաստանի հետաքրքրության մասին վերջերս հնչած լուրերի` կցանկանայի ներկայացնել դրա հետեւանքների ճշմարիտ եւ իրական պատկերը, որպիսին սպասվում է Հայաստանին, եթե ուրանի հանքարդյունահանումն ու մշակումն իրականություն դառնան: Չնայած հստակ չէ, թե որքան ուրան կա Հայաստանում (խորհրդային բնագետներն այս քանակը ցածր էին գնահատում), այնուամենայնիվ, թվում է` ակտիվ հետաքրքրություն կա Հայաստանում ուրանի արդյունահանում սկսելու շուրջ:
Կարիք չկա ասելու, որ Հայաստանի Կանաչների միությունը, ինչպես նաեւ հանրությունն ընդհանուր առմամբ, դեմ են Հայաստանում ուրանի հանքարդյունահանմանը: Հաշվի առնելով Հայաստանի շատ փոքր չափը եւ տարիք առնող ատոմային էլեկտրակայանը, որը գործում է առանց ճառագայթման արձակման կամ շրջակա միջավայր արտանետումների որեւէ ընդունելի վերահսկողության չափանիշների, ակնհայտ է, որ բացարձակապես ցանկալի չէ ավելացնել երկրի միջուկային ճառագայթման աղտոտվածությանը:
Մյուս կողմից, եկեք վստահանանք, որ հասկանում ենք, որ ուրանի արդյունահանումն ու մշակումը Հայաստանում այն ՉԵՆ դարձնելու «ատոմային էներգիայի խաղաղ շահագործման ամբողջական ցիկլի» տերը, ինչպես փորձում է մեզ համոզել Ատոմային էներգիայի Ռուսաստանի դաշնային գործակալության (Ռոսատոմի) ղեկավար Սերգեյ Կիրիենկոն: Ատոմային վառելիքն ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նպատակներով օգտագործելու համար արդյունահանման եւ մշակման փուլերից հետո, կարիք կա հաջորդիվ ուրանը հարստացնելու: Այսպիսով, Հայաստանն ամեն դեպքում ստիպված է լինելու միջուկային վառելիք ներկրել իր ծերացող ատոմակայանն աշխատեցնելու համար:
Այժմ, քանի որ միջուկային ճառագայթման ուռուցքածին եւ մուտագեն հատկությունները լավ հայտնի են, կցանկանայի համառոտ ամփոփել հենց ուրանի հանքարդյունահանման եւ մշակման ճառագայթմանը հատուկ ձեւերն ու վտանգները:
Ուրանի հանքարդյունահանման վտանգները
Բաց հանքարդյունահանման ժամանակ, երբ հեռացվում է հողածածկույթը, ինչպես նաեւ փակ հանքահանության դեպքում, ոչ հանքաքարային տարածքներում թունելներ փորելիս, արտադրվում է մեծ ծավալով անպետք հանքաքար (հանքանյութ չպարունակող հանքաքար): Այսպես կոչված անպետք հանքաքարի կույտերը, սովորական քարերի համեմատ, ռադիոիզոտոպների ավելացված խտություն են պարունակում: Անպետք հանքաքարի մյուս մասն էլ պարունակում է հանքանյութ, որը չափազանց ցածրորակ է մշակելու համար: Այս բոլոր կույտերը վտանգում են մարդկանց եւ բնությունը, իրենց արձակած ռադոնային գազի եւ տեղումներից առաջացած ջրի արտահոսքի պատճառով, որը պարունակում է ռադիոակտիվ եւ թունավոր նյութեր: Ավելին, հանքն աշխատեցնելու ժամանակ ջուրը դուրս հանելու համար պոմպերով մեծ քանակությամբ աղտոտված ջուր է դուրս մղվում եւ բաց թողնվում գետերն ու լճերը: Երբ հանքը փակվելուց հետո պոմպերը կանգնեցվում են, ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ստորգետնյա եւ վերգետնյա ջրերի աղտոտման վտանգ է առաջանում:
Հանքահանողների վրա փոշին ու ռադոն գազն ազդեցություն են ունենում երեք ճանապարհով.
ռադիումը (ուրանի քայքայումից առաջացող ալֆա ճառագայթող նյութ, որի կիսատրոհման պարբերությունը 1600 տարի է) շնչելու/կուլ տալու, նաեւ ռադոն գազը եւ ռադոնի երկրորդային մասնիկները շնչելու միջոցով, արտաքին ճառագայթման միջոցով (գամմա ճառագայթում ուրանի հանքաքարից, ալֆա ճառագայթում ռադոն գազից եւ այլն), ուրանի հանքանյութի փոշին շնչելու միջոցով:
Օրինակ, ռադիումը ներծծվում է աղիքներ եւ անցնում է ոսկորին, որտեղ կարող է արյան կամ ոսկորների քաղցկեղ առաջացնել: Նաեւ ուրանն ինքնին խիստ ռադիոակտիվ է ու թունավոր:
Ուրանի հանքահանների եւ հանքին ու մշակման վայրերին մոտ ապրող բնակչության առողջության մասին անցյալ ու ներկա արձանագրությունները ցույց են տալիս, որ հանքերի ճառագայթումն ու մշակման պոչանքները քաղցկեղի համաճարակներ են առաջացնում ինչպես հանքերում աշխատողների, այնպես էլ հանքերի ու պոչանքների շրջակա բնակչության մոտ, մասնավորապես կոկորդի, թոքերի, լյարդի ու ոսկորների քաղցկեղ, ինչպես նաեւ լեյկոզ (արյան քաղցկեղ): Օրինակ. «Ինչպես ցույց է տալիս Դաշնային կառավարության` բնիկների հետազոտության առաջատար մարմնի կատարած ուսումնասիրությունը, Ավստրալիայի ամենամեծ ուրանի հանքավայրի մոտ ապրող աբորիգենների մոտ քաղցկեղի դեպքերը գրեթե երկու անգամ գերազանցում են ակնկալված մակարդակը» (Սիդնեյ, Մորնինգ Հերալդ, Morning Herald, 2006թ. նոյեմբերի 23): Մեկ այլ օրինակ. «1940-ականներից 1960-ական թվականներին սովորական գյուղատնտեսական կյանքից Արիզոնայի Քով ընդ Ռեդ Վելլիի (Cove and Red Valley) ուրանի հանքավայր աշխատանքի տեղափոխված 1500 նավախոցի տղամարդկանցից 1112 հանքագործ կամ նրանց ընտանիքները կառավարությունից փոխհատուցում են պահանջել թոքերի քաղցկեղի եւ ճառագայթումից առաջացած այլ հիվանդությունների համար («Միջուկային խելագարություն», Հելեն Քալդիքոթ, Nuclear Madness, by Helen Caldicott): Պետք է նաեւ նկատի ունենալ, որ հանքերում հաճախ տեղի են ունենում արտահոսքեր եւ կանոնների այլ խախտումներ, այնպես որ կարող է նույնիսկ այնպես ստացվել, որ հանքագործները ուրանով աղտոտված ջուր խմեն, ինչպես տեղի է ունեցել Ավստրալիայի Ջաբիլուկա հանքում: Եվ վերջապես, հաշվի առեք ուրանի հանքահանության ժառանգությունը. «Տաջիկստանում ուրանի հանքահանությունից ավելի քան մեկ տասնամյակ անց երկիրն ի վերջո դեմուդեմ է կանգնում իր միջուկային ժառանգությանը: Մասնագետները հաշվում են, որ երկրի հյուսիսում թաղված է շուրջ 55 միլիոն տոննա ուրանի թափոն` առաջացնելով հսկայական էկոլոգիական վտանգ: Թափոններն իրենց վնասակար բնույթը կարող են պահպանել հարյուրավոր տարիներ: Դրանք անվտանգ դարձնելու համար կարիք կա այնպիսի տեխնոլոգիաների, որպիսիք Տաջիկստանն ուղղակի չունի»: (Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտ, Միջին Ասիայի լուսաբանման տեղեկագիր, International War & Peace Reporting (IWPR, London), Reporting Central Asia Bulletin No.394, 2005թ. հուլիս):
Ուրանի մշակման պոչանքների վտանգը
Բաց կամ փակ եղանակով արդյունահանված ուրանի հանքաքարը ջարդվում է եւ ուրանը քաղվում մշակման գործարանում: Սա քիմիական գործարան է, որը կառուցվում է հանքաքարից ուրան դուրս բերելու համար: Մեծամասամբ, որպես քաղման միջոց օգտագործվում է ծծմբաթթուն, սակայն կիրառվում է նաեւ ալկալային քաղման եղանակը: Քաղման ժամանակ հանքաքարից դուրս է բերվում ոչ միայն ուրան, այլեւ մի շարք այլ բաղադրամասեր, ինչպիսիք են մոլիբդենը, վանադիումը, սելենը, երկաթը, կապարը եւ արսենը (մկնդեղը), եւ ուրեմն, քաղումից հետո ուրանը պետք է առանձնացվի ստացված լուծույթից: Մշակումից ստացված վերջնական արդյունքը, որին սովորաբար անվանում են «դեղին թխվածք» (U3O8, խառնուրդների հետ միասին), փաթեթավորվում է եւ տեղափոխվում տակառներով: Ի վերջո, առաջանում է մեծ քանակությամբ ռադիոակտիվ աղտոտված աղբ` պոչանքը, որը պետք է դուրս բերվի: Սովորաբար ուրանի հանքամշակման պոչանքները որպես տիղմ տեղափոխվում-թափվում են հատուկ կույտերում կամ ավազաններում: Առաջացած տիղմի քանակը մոտավորապես նույն կշռով է լինում, ինչ հանքանյութ պարունակող հանքաքարը (այսինքն հանքաքարը, որը պիտի մշակվի): Տիպիկ մասնաբաժնով ստացվում է 0.1% ուրան, իսկ հանքանյութ պարունակող հանքաքարի 99.9%-ը մնում է որպես աղբ/պոչանք:
Բացի դուրս բերված ուրանի մասնաբաժնից, այս տիղմը պարունակում է հանքաքարի մնացած բոլոր բաղկացուցիչները: Քանի որ այնպիսի երկար քայքայվող նյութեր, ինչպիսիք են թորիում-230-ը (գամմա ճառագայթող նյութ` 80,000 տարվա կիսատրոհման պարբերությամբ) եւ ռադիում-226-ը, չեն հեռացվում, այս տիղմը պահպանում է հանքանյութի սկզբնական ռադիոակտիվության 85%-ը: Ուրանի պոչանքներում պարունակվող ռադիոնուկլիդներն արձակում են 20-100 անգամ ավելի գամմա ճառագայթում, քան բնական ստորգետնյա գոյացությունները` հանքավայրի մակերեսին: Պոչանքների ռադիում-226-ը շարունակաբար քայքայվում է ռադոն-222 ռադիոակտիվ գազի, որի քայքայումից առաջացած նյութը շնչելը կարող է թոքերի քաղցկեղ առաջացնել: Ռադոնի որոշակի քանակ շարունակաբար արտահոսում է թափոնակույտից: Ռադոնի արտանետումները մեծ վտանգ են ներկայացնում նույնիսկ ուրանի հանքերի փակումից հետո: Քանի որ ռադոնը արագորեն տարածվում է քամու միջոցով, մեծ թվով մարդիկ հավելյալ ճառագայթման չափաբաժիններ են ստանում: Բացի այդ, ուրանի մշակման պոչանքները, որոնք թափվում են տիղմի կույտերում կամ ավազաններում, ամեն ինչ են՝ բացի անվտանգ լինելուց: Օրինակ, «Հողի մահաբեր փլուզումները կարող են ռադիոակտիվ աղտոտում տարածել հարավային Ղրղըզստանի մեծ մասում: Ղրղըզստանի բնապահպանական պաշտոնյաներն ահազանգում են, որ անակնկալ սողանքները սպառնում են ռադիոակտիվ ճառագայթմամբ թունավորել Ֆերգանայի դաշտավայրի լայնածավալ հատվածներ: Անձրեւների պատճառած սողանքներն ամենամյա պատահարներ են: Սակայն այս տարի սողանքներն անսովոր կերպով ծանր են եղել, դրանց առաջացրած ցեխաշերտերն ավելի են վատթարանում վերջին տասնամյակում իրականացված լեռնալանջերի անտառահատումների պատճառով: Վերլուծաբաններն այժմ վախենում են, որ Մայլուու-Սուու քաղաքի մոտ 30 տարի առաջ մոռացության մատնված ուրանի հանքի թունավոր թափոնները կարող են լվացվել-տարվել ցեխի հեղեղով» (Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտ, International War & Peace Reporting (IWPR), 2003թ. մայիսի 5):
Տեխնիկական սահմանափակումների պատճառով, հանքաքարում առկա ուրանի ամբողջ քանակը հնարավոր չէ դուրս բերել: Ուստի, այս տիղմը պարունակում է նաեւ հանքաքարում ի սկզբանե առկա ուրանի 5-10%-ը:
Բացի այդ, այս տիղմը պարունակում է ծանր մետաղներ եւ այլ վնասակար նյութեր, ինչպիսին օրինակ արսենն է (մկնդեղ), ինչպես նաեւ մշակման գործընթացում օգտագործված քիմիական ռեակտիվներ/հակազդակներ: Ավելին, պոչամբարի բաղադրությունը գտնվում է գեոքիմիական անհավասարակշռության մեջ, ինչը հանգեցնում է շրջակա միջավայրի համար հավելյալ վտանգներ առաջացնող տարբեր ռեակցիաների: Օրինակ, չոր վայրերում թունավոր նյութեր պարունակող աղերը կարող են պոչամբարի մակերեւույթ բարձրանալ, որտեղ կենթարկվեն էռոզիայի: Եթե հանքաքարը հանքային հրաքար (FeS2) է պարունակում, ապա տեղումների եւ թթվածնի հետ շփման դեպքում տիղմի ներսում ձեւավորվում է ծծմբաթթու: Այս թթուն բերում է թունավոր թափոնների, այդ թվում ռադիոիզոտոպերի ինքնաբերաբար քաղման եւ շարունակական արտահոսի: Հարյուր հազարավոր տարիներ անց պոչանքների ռադիոակտիվությունը, ուստի եւ դրանց ռադոնային արձակումը կթուլանան այնքան, որ կսահմանափակվեն միայն մնացորդային ուրանի պարունակությամբ:
Ամփոփում
Հարկ է լիովին բացառել ուրանի հանքահանությունն ու մշակումը Հայաստանում: Ո՛չ ՀՀ կառավարության անդամները, ո՛չ էլ Ազգային ժողովի պատգամավորներն իրավունք չունեն նման որոշում կայացնելու, որը կոտնահարի կյանքի եւ առողջության մարդու հիմնարար իրավունքները եւ կոչնչացնի շրջակա միջավայրը: Ժողովուրդը, մասնավորապես հանքահանման ենթակա շրջանի (այս դեպքում Սյունիքի) բնակիչները, որոնք վճարելու են հանքահանության բարձր գինը, պիտի հնարավորություն ունենան որոշելու` արդյոք արդյունահանե՞լ ուրանը, թե՞ ոչ: Հենց հանքարդյունահանման շրջանների բնակիչներն են, որ զրկվելու են առողջ բնակելի տարածքից եւ գյուղատնտեսությունից ստացվող կայուն կենսամիջոցներից: Տուժելու է նաեւ Հայաստանի բնակչության մնացած մասը` հանքի ռադիոակտիվ փոշու տարածումից, ռադոն գազից եւ ուրանի մշակման պոչամբարներից, երբ տիղմային պոչանքի մակերեսն ավազանում չորանա: Այսպիսով, որոշումների կայացման գործընթացում անպայման պետք է հաշվի առնվի ժողովրդի կամքը:
Առաջարկվող գործողություններ
Կոչ ենք անում Հայաստանի ժողովրդին, բնապահպանական կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին եւ զանգվածային լրատվամիջոցներին՝ բողոքել եւ դիմադրել ուրանի հանքարդյունահանման մասին ՀՀ կառավարության հնարավոր որոշմանը: Նման հանքարդյունահանմանը վերաբերող ցանկացած փորձաքննություն եւ հետազոտություն պետք է անցկացվի անկախ փորձագետների մասնակցությամբ, եւ պետք է ամբողջությամբ հաշվարկվեն մարդկանց ու բնությանը հասցվելիք վնասները:
Կոչ ենք անում հայկական սփյուռքի կառույցներին, արտերկրյա ու միջազգային բնապահպանական կազմակերպություններին՝ ամեն կերպ օժանդակել հայաստանյան քաղաքացիական հասարակությանն ու բնապահպաններին` Հայաստանում ուրանի արդյունահանումն ու մշակումը կանխելու համար:
Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը՝ փոխարենը ներդրումներ կատարել (կամ ներդրողներ գտնել) արեւից եւ քամուց ուժանյութ (էներգիա) ստանալու համար, ինչն ուժանյութի զորեղ եւ կայուն աղբյուր կլինի, երկրում կստեղծի երկարաժամկետ աշխատատեղեր եւ կնպաստի Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը:
ԱՆՆ ԱՆԱՀԻՏ ՇԻՐԻՆԵԱՆ-ՕՐԼԱՆԴՈՆ
Հայաստանի Կանաչների միության ԱՄՆ-ի համակարգող
Անգլերենից հայերեն թարգմանությունը՝ Արփինե Գալֆայանի