Ուրացողը

10.07.2014 16:55
3945

ԱՐՁԱԳԱՆՔ


Հիմա, կարծեք, մոդայի պես մի բան է դարձել Սուրեն Խաչատրյանին հայհոյելը: Ընդ որում` հայհոյում են ոչ թե ինչ-որ երեւույթից դրդված կամ ինչ-որ բացթողում շտկելու անկեղծ միտումով, այլ այդ հայհոյանքի ու քննադատության համապատկերի վրա գործող մարզպետի չեղած առաքինություններն ու կարծեցյալ առավելությունները ցուցադրելու համար: Թեեւ ես ու ինձ պես բազմաթիվ մարդիկ սպասել եւ սպասում են անհամբեր, որ այդ մարտավարության հեղինակները մի օր էլ կսկսեն ասել, թե, այնուամենայնիվ, ինչով էր զբաղված գործող մարզպետը պաշտոնավարման անցած մեկ տարում:

Հայհոյել-քննադատելն էլ, այդ բոլորով հանդերձ, նորմալ երեւույթ է, եթե խոսքն անկեղծ է, փաստարկված է, համոզիչ է, եթե խոսքի հեղինակն այդպես խոսելու եւ հանրությանն ուղղորդելու բարոյական իրավունք ունի:

Ու եթե այդ չափանիշներով ենք մոտենում թիվ 38 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր Արմեն Կարապետյանի հուլիսի 8-ի հարցազրույցին` տպագրված aravot.am-ում, ապա հարցազրույցն ընկալում ենք իբրեւ զառանցանք, իբրեւ տգիտության անզուգական արտահայտություն:

Սկսեմ նրանից, որ Կապանում, պատանեկության տարիներից ի վեր, շատ ընկերներ ու բարեկամներ եմ ունեցել եւ ունեմ, որոնցով հպարտանում եմ: Չգիտեմ ինչու, բայց կապանցի իմ ընկերներն ու բարեկամները երբեք էլ լուրջ չեն վերաբերվել Արմեն Կարապետյանին: Միշտ քմծիծաղով են խոսել (հիմա էլ` նույնպես) նրա մասին: Քանիցս լսել եմ, որ նա հեքիաթային ու անկրկնելի մի ուրացող է, «մոր ծիծ կտրող, աչքի սուրմա թռցնող», որ նա իր մեկ լումայի համար հայրենի քաղաքն ու Հայաստան աշխարհն էլ վաճառքի կհանի, որ նա իր շահերի համար ամենամերձավորին անգամ թիկունքից կխփի, որ նա քծնվելու, սրա-նրա ոտքերի տակ պառկելու ու թավալ տալու` բնության մեջ հազվագյուտ հանդիպող տեսակ է:

2002-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ նրան դերի մեջ մոտիկից տեսնելու դժբախտություն ունեցա: Մենք` ընկերներով, Գագիկ Աթաջանյանին բարոյապես սատարելու համար նախընտրական օրերին հաճախ էինք այցելում Կապան: Լուսահոգի Գագիկ Աթաջանյանը բացարձակ լիդեր էր, անվիճելի հեղինակություն: Բայց հանրապետության ղեկավարությունն ու Սյունիքի մարզպետարանն ամեն ինչ արեցին, որ Գագիկ Աթաջանյանի համոզիչ հաղթանակը բռնազավթվի ու նվիրվի Արմեն Կարապետյանին:

2005-ի աշնանն Արմեն Կարապետյանին կրկին դերի մեջ տեսնելու առիթ ունեցանք: Նա ու Գագիկ Աթաջանյանը դարձյալ պայքարում էին Կապանի քաղաքապետի պաշտոնի համար: Ամբողջ Կապանը նորից համախմբվել էր Գագիկի շուրջը, ամբողջ Կապանը շնչում էր Արմեն Կարապետյանի հանդեպ ունեցած ատելությամբ: Գագիկ Աթաջանյանի ակնհայտ հաղթանակը վերստին (հանրապետության բարձր իշխանությունների անթաքույց միջամտությամբ) շնորհվեց Արմեն Կարապետյանին: Ընտրության արդյունքը բողոքարկվեց Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում: Կեղծիքների ցնցող փաստեր մատնանշվեցին: Բայց դատարանի վճռի ուժով, հակառակ ընտրողների կամքի, Արմեն Կարապետյանը երկրորդ անգամ դարձավ քաղաքապետ:

Ուղիղ երեք տարի անց` 2008-ին, ընկերներով նորից Կապանում էինք: Գագիկ Աթաջանյանը սատարում էր Արտուր Աթայանին: Եվ Արտուր Աթայանը ջախջախիչ ու խայտառակ պարտության մատնեց Արմեն Կարապետյանին: Ու, որքանով տեղյակ եմ, մինչեւ հիմա էլ կապանցիները մեծագույն հարգանք են տածում Արտուր Աթայանի հանդեպ, քանի որ նա կարողացավ Արմեն Կարապետյանին իր տեղը դնել:

Ես ականատես եմ եղել, թե ինչպես է Արմեն Կարապետյանը, դրանից հետո, գրեթե լացակումած ու գետնաքարշ, պաշտպանություն ու հովանավորություն խնդրում Սուրեն Խաչատրյանից: Քանի անգամ է վերջինս նրան դիտողություն արել. «Այդքան մի՛ իջիր, այդքան մի՛ ստորացիր, գոնե հիմա քեզ տղամարդու պես պահիր, մի աշխատանք կտանք»: Եվ տվեց: Արմեն Կարապետյանը, չունենալով որեւէ արժանիք ու գիտելիք, դարձավ մարզպետի խորհրդական կամ օգնական` երբեք էլ որեւէ կոնկրետ գործ չանելով մարզպետարանի աշխատակազմում:

Հատկապես Սուրեն Խաչատրյան-Մաքսիմ Հակոբյան անախորժության ժամանակ նա քստմնելի դեր էր խաղում` կրակի վրա յուղ լցնելով` պարբերաբար Մաքսիմ Հակոբյանի գործունեության մասին սադրիչ տեղեկություններ բերելով մարզպետարան: Քանի-քանի անգամ է Սուրեն Խաչատրյանը նրան կոշտ դիտողություն արել. «Այ տղա, խաբարբզիկությանդ վերջ տուր, ամոթ է»: Բայց նա շարունակել է «դանոսներ» բերել, քանի որ ուրիշ զբաղմունք չուներ, բացի իր նորաստեղծ ռեստորանի խոհանոցի գործերն անձամբ կառավարելուց:

Հիմա կհարցնեք` իսկ ինչպե՞ս այդ մարդը դարձավ Աժ պատգամավոր թիվ 38 ընտրատարածքից: Եթե ասեմ` ինտելեկտի համար, ապա կհռհռաք ինձ վրա: Եթե ասեմ` Կապանին ու Մեղրուն, Հայաստանի Հանրապետությանը նվիրված լինելու համար, ապա ինձ վերջին հայհոյանքը կտաք, քանի որ, ըստ Կապանում տարածված տեղեկությունների, Կապանի ղեկավարներից եւ ոչ մեկն այս երկրից ու Կապանից այնքան չի օգտվել, որքան ինքը:

Մարզպետափոխությունից հետո նա Մաքսիմ Հակոբյանի ուշադրության կենտրոնում հայտնվեց` Սուրեն Խաչատրյանին առաջինն ուրանալու, նախորդ տարիների անցուդարձը շատ արագ մոռանալու եւ Սուրեն Խաչատրյանի մասին առաջինը բամբասանքներ տարածելու եւ հակագորիսյան ընդվզումներ հրահրելու համար:

Արմեն Կարապետյանը մեկ ուրիշ «արժանիք» էլ ուներ. նա Կապանի ու Մեղրու շրջաններում ամենահարմար ու բացառիկ թեկնածուն էր` լինելու անբան ու անդեմ պատգամավոր, ինչն ակամա կբարձրացներ նախորդ պատգամավորի վարկանիշը:

Բայց, ըստ էության, սխալվեցին բոլոր նրանք, ովքեր կարծում էին, թե Արմեն Կարապետյանը հայոց խորհրդարանում կլինի անբան ու անդեմ մի գոյություն: Պատգամավոր նշանակվելուց մի քանի օր անց մայրաքաղաքային մամուլից իմացանք, որ նա շատ արագ հարմարվել է ԱԺ-ի բուֆետին, անգիր գիտի ճաշացանկը եւ, ամեն ինչից առաջ, կանոնավոր օգտվում է այնտեղից: Հետո իմացանք նաեւ (այս մեկը` հեռուստաեթերից ու կայքերից), որ պատգամավոր Արմեն Կարապետյանն ԱԺ նիստերի ժամանակ ամենեւին էլ պարապ չի մնում. նա թղթից «սամոլյոտներ» է սարքում (ինչպես մենք անում էինք մանկապարտեզում) եւ բաց թողնում… ու այդպես կատարում «ընտրյալի» իր պարտականությունները:

Եվ այսպիսի ողորմելի անցյալ ու առավել ողորմելի ներկա ունեցող բախտախնդիրը, ամոթի զգացումը կորցրած, իրեն իրավունք է վերապահում խոսել Սյունիքի մարզի մասին, այն մարզի, որի շալակից չի իջել վերջին քսան տարում, այն մարզի, որն իր համար բուրումնավետ մարգագետին է` սեփական ախորժակը բավարարելու համար: Դա էլ ոչինչ… Ինձ ամենաշատը զարմացնում է այն լրատվամիջոցը, որը դեռեւս լուրջ է ընդունում Արմեն Կարապետյանին եւ անօգուտ փորձեր կատարում հարություն տալու սյունիքյան քաղաքական դաշտի հազար տարվա մեռելին…

Հ.Գ. Բայց Արմեն Կարապետյանն իր հարցազրույցում երբեմն ճիշտ բաներ է ասում նաեւ: Օրինակ, ասում է, թե Սյունիքի մարզում հիմա շատ խաղաղ եւ համերաշխ մթնոլորտ է: Ինչպե՞ս կարելի է առարկել նրան: Եթե երկու տարի առաջ Կապանի կենտրոնում Ռուդիկ Գրիգորյան նախկին դատախազը հրապարակավ ծեծի ենթարկեց նրան` դրանով իսկ կատարելով հայրենանվեր գործ, ապա հիմա ոչ մի քաղաքապետի (ներկա եւ անցյալ) գոնե հրապարակավ չեն ծեծում: Եթե մի քանի տարի առաջ կապանցիները բացատրություն էին պահանջում իշխանություններից, թե ինչպես է Արմեն Կարապետյանը, շրջանցելով օրենքը, ինքն իրեն վաճառել Կապանի երբեմնի պիոներ տան ու երկրագիտական թանգարանի շենքերը, հիմա ոչ ոք չի բողոքում: Եթե մի քանի տարի առաջ կապանցիները բողոքում էին, որ քաղաքապետն ուրիշներից ապօրինաբար խլած բոստանների տարածքում ռեստորան է կառուցում եւ այդ ռեստորանը կառուցում է ռմբակոծված շենքերի կոնստրուկցիաներով, հիմա ոչ ոք այդ մասին չի խոսում: Եթե այն ժամանակ ունեինք թույլ, բայց ոչ ծալը պակաս պատգամավոր ու պատգամավորի ծալը պակաս օգնական, հիմա ունենք: Այնպես որ` հիմա Կապանում համերաշխություն եւ խաղաղություն է թագավորում…

ՅՈՒՐԻ ՋԱՎԱՀԻՐՅԱՆ

Միգրանտների երեխաներին, ովքեր չեն տիրապետում ռուսերենին, դպրոց չեն ընդունի․ Օրենքն ուղարկվել է Պետդումա՝ քվեարկության

09.12.2024 22:26

Կչեղարկեմ ԱՄՆ-ում ծնված օտարերկրացիների քաղաքացիությունը. Թրամփ

09.12.2024 20:37

Կա թշնամանքի էջը շրջելու հնարավորություն. Միրզոյանը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին

09.12.2024 18:40

Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքերի մասին հրապարակումն ուղարկվել է Հակակոռուպցին կոմիտե

09.12.2024 18:34

Պուտինը հայտարարել է՝ Ռուսաստանի հաղթանակը կասկածի տակ չի դրվում

09.12.2024 18:26

Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հետ կապված հարցն ավելի շատ քաղաքական օրակարգում քննարկվող հարց է․ Կիրակոսյան

09.12.2024 16:38

Աշխարհի առաջնորդներից մնացել ենք ես ու Պուտինը. Էրդողան

09.12.2024 15:37

Արևմուտքը բացասաբար է ազդում կովկասյան տարածաշրջանի վրա. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

09.12.2024 11:38

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է հայ-ադրբեջանական սահման

09.12.2024 11:27

Ադրբեջանը ձևափոխում է օկուպացված Արցախի նախագահի նստավայրը (լուսանկարներ)

09.12.2024 11:06

Իրանը տեղյակ է եղել ԱՄՆ-ի և Իսրայելի ծրագրերի մասին․ բոլոր հետախուզական տվյալները փոխանցվել էին Սիրիայի կառավարությանը և բանակին․ Իրանի ԱԳ նախարար

09.12.2024 11:04

Զելենսկին հայտնել է Ուկրաինայի ռազմական կորուստների թիվը

09.12.2024 10:58