Վաստակի գնահատություն եւ շնորհավորանք

27.01.2016 15:07
3540

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի 2016թ. հունվարի 22-ի հրամանով «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը պարգեւատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով:

Պարգեւը հանձնվել է հունվարի 23-ին՝ ՀՀ զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսում՝ Հայոց ազգային բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի առիթով «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների՝ այդ զորամաս կատարած այցելության ընթացքում:

Պարգեւը ՀՀ պաշտպանության նախարարի անունից հանձնել է «Հայոց արծիվներ» կազմակերպության նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը:

Հանդիսավոր արարողությունից հետո 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի՝ գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել ընդունելություն, որի ընթացքում ելույթ է ունեցել նաեւ Ս.Ալեքսանյանը՝ մասնավորապես նշելով. «Շատերն են մեզանում արժանացել եւ արժանանում հայոց արժանապատվության խորհրդանիշ Գարեգին Նժդեհի անվամբ նվիրագործված պարգեւի: Բայց ոչ միշտ է այդ պարգեւը հանձնվում ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկի մարտիկների ու հրամանատարների հպարտ հայացքի ներքո: Իսկ դա սոսկ մեկ անձի վաստակի գնահատություն չէ: Սյունիքի մարզային թերթի խմբագրին այդկերպ գնահատելը, նախեւառաջ, հայոց զինական ուժի հարգանքի արտահայտությունն է Սյունյաց աշխարհի, բոլոր սյունեցիների հանդեպ: Դա հարգանքի արտահայտություն է մեր լրագրողական ընտանիքի հանդեպ: Ինձ համար նշանավոր այս օրը հիշում եմ Մեսրոպ Մաշտոցի պատվիրանը՝ գեղարվեստականացված ու սերունդներին փոխանցված՝ «…. Ես գիր տվի ձեզ, որ լույս ունենաք ձեր տանն ու հոգում: Բայց կմարի լույսը, եթե դուք մոռանաք սուր բռնելու գործը: Սուրն ու գիրը՝ ձեզ պաշտպան»: Մաշտոցյան այդ պատվիրանի կատարման, սրի եւ գրի դաշնության մի յուրօրինակ դրսեւորման օրինակ էր սույն արարողությունը»:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Հարգարժան Սամվել Ալեքսանյան

Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 60-ամյակի առթիվ: Ձեր մեծ ավանդն ու գործունեությունը վկաներն են Ձեր ապրած կյանքի, Ձեր առջեւ դրված նպատակի եւ Ձեր տեսակի: Դուք կարողացաք Ձեզ ընձեռված յուրաքանչյուր հնարավորություն տնօրինել եւ ասելիքն ասել այնպես, որ հասնի հասցեատիրոջը: Դուք այս տարիների ընթացքում ստեղծեցիք մի արժեքավոր թերթ, որը լրահոսի բազմազանության մեջ չզիջեց իր տեղն ու դերը, ավելին, դարձավ Սյունիք աշխարհը իր տեսակով, իր արժեքներով ներկայացնելու այցեքարտ:

Պարոն Ալեքսանյան, Ձեր արած մեծ ու պատասխանատու աշխատանքը դրսեւորեցիք ոչ միայն լրագրողական ոլորտում, այլեւ այսօր ներկայացաք բոլորին որպես պատմաբան: Այդ մասին է վկայում «Սյունյաց երկիր» թերթի հերթական հոբելյանական համարներից մեկը՝ նվիրված մեծ արձակագիր Սերո Խանզադյանի 100-ամյակին: Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություններ եւ արեւշատություն:

Հարգանքով՝ Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունց

Հարգելի պարոն Ալեքսանյան

Մեղրիի քաղաքապետարանի աշխատակազմի եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ: Ցանկանում եմ  ամուր առողջություն, երկարակեցություն, ստեղծագործական անսպառ եռանդ:

Հարգանքով՝  Մեղրու  քաղաքապետ Արշավիր  Հովհաննիսյան

 

Հարգելի Սամվել Ալեքսանյան, սիրելի հոբելյար

Անհավատալի է, բայց փաստ, որ արդեն 60 տարեկան ես: Քո անցած ուղու գրեթե բոլոր փուլերում, եթե նույնիսկ նույն համակարգում չենք աշխատել,  կամ ապրել ու գործել ենք հարյուրավոր, հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա, Սամվել Ալեքսանյան մարդը, քաղաքացին, գործիչը միշտ գտնվել է տեսադաշտում, միշտ ինչ-որ կապ եղել է: Դրանով հանդերձ, ասելիքս ոչ թե շռայլ գովեստներ են քո հոբելյանին, այլ` սրտի խոսք իմ կրտսեր ընկերոջն ու բարեկամին:

Մտքերն ինձ ետ են տանում` 70-ական թվականների սկիզբը, հիշեցնում են մեր ծանոթությունը: 8-րդ դասարանի աշակերտ էիր, ընտրվել էիր դպրոցի կոմերիտական կազմակերպության քարտուղար: Հիշում եմ նաեւ դպրոցական նորընտիր քարտուղարների այդ տարվա ամառային  պարապմունքները, որտեղ քո ակտիվության, հարցադրումների, ելույթների մեջ արդեն ձեւավորվում էր կազմակերպության ապագա լիդեր-ղեկավարը, իր եւ ընկերների կոլեկտիվ գործունեության ռոմանտիկ կազմակերպիչը: Սպասելիքներն արդարացան. Հարժիսի դպրոցական կազմակերպությունը դարձավ լավագույններից եւ օրինակելի: Դրան զուգահեռ աճեց եւ զարգացավ կազմակերպության պատանի ղեկավարը: Դու արդեն տեսադաշտում էիր: Քեզ հավատացին ու վստահեցին: Դեռ նոր էիր սկսել մանկավարժական գործունեությունը հայրենի գյուղի դպրոցում, երբ հրավիրեցին ղեկավարելու շատ պատասխանատու, վերափոխումներ պահանջող, արդիականացման կարիք ունեցող բնագավառ:

Կարող եմ վստահորեն ասել, որ մասշտաբային  խնդիրներ իրականացնելու ունակ ղեկավարի քո կարողություններն ի հայտ են եկել կոմերիտմիության Գորիսի շրջանային կոմիտեի պիոներական եւ դպրոցի կոմերիտական կազմակերպությունների աշխատանքի բնագավառը ղեկավարող քարտուղար աշխատելու տարիներին: Հասարակական գործունեության մեջ քո թրծվածքը դաստիարակել է պատասխանատվության, նվիրումի, ամեն ինչ կարելիության բարձր չափանիշներով իրականացնելու վսեմ հատկություններ, որոնցով այսօր բնութագրվում է քո գործունեությունը:

Չթվարկելով աշխատածդ բոլոր տեղամասերն ու պաշտոնները, հարկ է նշել, որ նրանցից յուրաքանչյուրը հասունացման, ինքնահաստատման, ինքնամաքրման նոր որակներով են օժտել  քեզ, որ այսօր վառ կերպով երեւում է մարզային թերթի գլխավոր խմբագրի շատ պատասխանատու, անկողմնակալություն եւ բարձր գրագիտություն պահանջող պաշտոնում:

Տարբեր առիթներով նշել եմ, որ «Սյունյաց երկիրը» ինձ համար իմ հայրենի երկրի հետ կապի եւ տեղեկատվության գլխավոր աղբյուրներից մեկն է: Ճշմարտությունն այն է, որ թերթի գրագիտությունը, հոդվածների արդիականությունը, մարզի հիմնահարցերի լուսաբանման  խորությունը, բարձրացրած խնդիրներին հետամուտ լինելու կարողությունը,  էլեկտրոնային տարբերակի մատչելիությունն ու դիզայնն այնպիսի մակարդակ ունեն, որ կարող են օրինակ դառնալ հանրապետական շատ պարբերականների համար: Թերթի  յուրօրինակ ձեռագիրը, նրա ինքատիպության գլխավոր գործոններց մեկը տարբեր առիթներով հրատարակվող հատուկ թողարկումներն են: Նրանցից շատերը գիտական բարձրարժեք ուսումնասիրությունների հավաքածուներ են, որոնց իրականացումը պատիվ կբերեր ակադեմիական մակարդակի ինստիտուտների: Երբ խորությամբ զննում ես թերթը, զգում ես, որ ոչինչ հենց այնպես` էջեր լրացնելու համար չի արվում, ամեն ինչ ծնվում է երկունքի, ցավի, պատասխանատվության եւ ուրախության մեջ, որ խմբագրակազմը պրոֆեսիոնալ է, գրագետ, զգոն: Եվ այդ ամենի մեջ երեւում է գլխավոր խմբագիրն իր կազմակերպական ունակություններով, անհանգստությամբ, ոգեւորությամբ, դեռ չծնված համարը երեւակայության մեջ տեսնելու եւ մարտը հաղթական ավարտին հասցնելու կարողությամբ:

Մենք ճանապարհ ենք գնում եւ հիմա, մի պահ նստել, զրուցում ենք…

60 տարին իմաստնության հասակ է:  Հոբելյարին ասվող խոսքը նաեւ սպասելիք, ակնկալիք պետք է ունենա: Ասվածն ընդունիր իբրեւ ջերմ շնորհավորանք: Քո գործունեության մեջ սպասում ենք նոր հրավառություններ: Եղիր առողջ: Թող հաջողություններն ուղեկից լինեն քո ընտանիքին: 

ԳԱԳԻԿ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

Մոսկվա

Մեծարգո՛ պարոն Սամվել Ալեքսանյան

Տեւական ժամանակ է, ինչ գրիչս հարաբերական հանգստի մեջ է: Պատճառներն էական չեն. կարեւորն այն է, որ այսօր այն վերստին փորձելու է բարբառել, լինել ավելի պերճախոս, քան երբեւէ, քանզի լուսավոր առիթով են հնչելու խոսքերս, խոհերս ձայնելու են «ի խորոց սրտի» եւ աներկբա ուղղվելու են իմ լավ բարեկամի, «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագրի՝ Սամվել Ալեքսանյանի հասցեին՝ պայծառ, լուսաշող օրվա՝ ծննդյան 60-ամյակի առիթով:

Անհերքելի ճշմարտություն է, որ ի պաշտոնե ձեր մենաշնորհն է գրել ամեն ինչի ու բոլորի մասին, գրել 365 (6) օր շարունակ, բայց այսօր ձեր թույլտվությամբ փորձելու եմ խախտել ավանդույթն ու… գրել ձեր մասին, հարգելի՛ Ս.Ալեքսանյան:

Մեծ պատիվ է կարծիք հայտնել մի մարդու մասին, ով իր հոգում ամբարած ունի անասելի սեր, բարություն, նվիրում, որոնք էլ անմնացորդ պահ է տալիս ընթերցողի հոգուն՝ վաստակելով նրա անկեղծ սերը, երախտագիտությունը՝ իր համեստ, անդուլ, անխոնջ աշխատանքի շնորհիվ:

Կան մարդիկ, ովքեր աշխարհ են գալիս հատուկ առաքելությամբ, գալիս են՝ իրենց կենսակերպով լրացնելու կյանքի բացերը, բացահայտելու անհայտը, լուսավորելու, հարստացնելու պատմության գրված ու գրվելիք էջերը:

Այդպիսին է «Սյունյաց երկիր» թերթի անխոնջ մշակ Սամվել Ալեքսանյանը, մի մտավորական, ով մտավորական է գեներով, կենսակերպով, ում ուսերին ծանրացած է պատասխանատու, ազգանվեր ու ազգօգուտ գործառույթ՝ մարզը ներկայացնող թերթի խմբագրումը մի ողջ տասնամյակ…

Միշտ զարմացել եմ՝ որն է Ս.Ալեքսանյանի աշխատաոճի հաջողության գրավականն, ու ինքս էլ գտել եմ պատասխանը՝ ուրույն ձեռագիրն ու անմնացորդ նվիրումը, սրտացավությունն ու պատասխանատվությունը սիրած գործի նկատմամբ, գլխավորը երկրորդականից տարբերելու շնորհը, նույնիսկ աննշան թվացող դիպվածները կատարյալ, յուրահատուկ ներկայացնելու տաղանդը, խորագիտությունը, ակնածանքը, սերն ու նվիրումը սիրած լրատվամիջոցի նկատմամբ:

Ու այս ամենի արդյունքում՝ Սյունյաց գողտրիկ ու չքնաղ աշխարհի փառավոր ու կարեւորագույն էջերը վավերագրող, այն սերունդներին անվերապահորեն պահ տվող մնայուն մի արժեք՝ «Սյունյաց երկիր» վերտառությամբ, որն, անշուշտ, մի անսպառ աղբյուր է, որի վճիտ ակունքից ընթերցողների մի ողջ բանակ է անհագ խմում, խմում է ու… չի հագենում:

Օրեցօր հզորացող տեխնիկայի դարում որքան մտավոր ներուժ, եռանդ, ջանք պետք է ներդնել, որպեսզի կարողանաս «ստիպել», համոզել ընթերցողին, որ հատկապես ա՛յս թերթը պետք է ընթերցել, որ ա՛յս լրատվամիջոցն է ամենահոգեհարազատը, որ հենց «Սյունյաց երկիր»-ը կբավարարի հազարավոր «ինչու»-ների պատասխանը, որ…

Նորին մեծություն բնությունն անասելի շռայլ է գտնվել Սամվել Ալեքսանյան մարդու նկատմամբ, քանի որ մեկ մարդու մեջ ամփոփել է ե՛ւ փայլուն պատմաբանին, ե՛ւ արհեստավարժ լրագրողին, ե՛ւ օրինակելի քաղաքացուն, ով զարմանալի դյուրությամբ է կարողանում հաղթահարել այն խոչընդոտներն ու արգելքները, որոնց հանդիպում է «թերթ-զավակի ծննդի» խիստ պատասխանատու գործընթացում: Ինչպիսի՜ կամք, տոկունություն է պետք, որպեսզի թերթի յուրաքանչյուր համար լինի առանձնահատուկ, հետաքրքիր, գրավիչ, անկողմնակալ, ասելիքով լի եւ լույս տեսնի առանց ընդմիջումների:

Մարդուն ճանաչելու համար, անշուշտ, ժամանակ է հարկավոր: Այդ ժամանակը ես ունեցա «Սյունյաց երկիր» թերթին թղթակցելու տարիներին, երբ հանձինս խմբագրակազմի եւ գլխավոր խմբագրի՝ ձեռք բերեցի սրտակից ընկերներ, հոգեհարազատ բարեկամներ… մինչ օրս:

Այսօր էլ չեմ դադարում մեծ սիրով սպասել սիրելի թերթի յուրաքանչյուր համարի լույս ընծայմանն ու զարմանալ՝ որքա՜ն անսահման է «Սյունյաց երկիր» թերթի նկատմամբ սերը, ու ինքս էլ փարատել զարմանքս՝ սիրուց ծնված ամեն ինչ կատարյալ է…

Ճանապարհները նրա համար են, որ անվարան անցնես, առաջ գնաս, բայց անցնելիս հարկ է՝ չմոռանալ մարդուն փոխանցել հոգումդ կուտակված ճշմարիտ արժեքները՝ վեհը, գեղեցիկը, մաքուրը, անպիղծը, անեղծը, անապակը…

Այդպիսի իմաստուն, հաստատուն ճանապարհ է անցել Ս.Ալեքսանյանը, անցել է առճակատելով, մաքառելով, հաղթահարելով անկումները՝ նոր ուղի հարթելով վերելքների համար:

Հարգարժա՛ն Ս.Ալեքսանյան, ձեր կենսագրության մաքրամաքուր էջերը վաղուց միաձույլ են հայ լրագրողական ընտանիքի հարուստ, բեղուն էջերին, վկան՝ բազում արժանի պարգեւներն այդ բնագավառում, թեպետ, կարծում եմ՝ ամենամեծ պարգեւը ընթերցողի անեղծ սերն ու գնահատականն է:

Հարգելի՛ հոբելյար, մարդու կյանքի օրերն անթիվ-անհամար են, որոնք միշտ գալու-գնալու են, բայց կա մեկը, միակը, որի առիթով էլ ուզում եմ շնորհավորել ձեզ ու վստահաբար ասել՝ 60-ամյա բարձունքը, որն անվերապահորեն նվաճել եք, իմաստնության հետ դաշն կնքած տարիների հանրագումար է, որը պեղելիս հասկանում ես, որ զուր չեք ապրել:

Խորին ակնածանքով շնորհավորելով ձեր 60-ամյա հոբելյանը՝ մաղթում եմ արեւշատություն, ստեղծագործական վերելք, ավյուն, եւ տա՛ Աստված, որ Սյունիքի մարզում ձեր գրաված պատասխանատու տեղը երբեւէ թափուր չմնա, ու շարունակվեն «ծնվել» ձեր հոգեւոր զավակները՝ «Սյունյաց երկիր» անվամբ՝ ձեր իսկ ստորագրությամբ՝ գլխավոր խմբագիր՝ Սամվել Ալեքսանյան:

Խորին հարգանքով՝ «Սյունյաց երկիր» թերթի անդավաճան ընթերցող ու բարեկամ՝

ԷՎԵԼԻՆԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Սիսիան

Ժամանակը հենց այնպես չի անցնում մեր կողքով: Ժամանակը յուրաքանչյուր պահ մեր դիմագծին նոր գույն է հաղորդում, կամ` հակառակը: Ու գալիս է պահ, երբ առերեսվում ես ժամանակի հետ. ժամանակն ասես դառնում է քո խոստովանահայրը: Ու ժամանակի մեջ երեւում է քո դեմքը:  Ու ժամանակի մեջ իր դեմքը թաքցնելու պատճառ չունի Սամվել Ալեքսանյանը: Քանզի ժամանակի առջեւ նա պարզճակատ է ու կերտել է մի կենսագրություն, որ հարիր է առաջին հերթին  մարդ արարածին,  հետո խմբագրին, լրագրողին: Եվ կարեւորն այն է, որ այս ամենը նրա մոտ մի ամբողջություն է կազմում:  Ու դրանից ծնվում է հոդվածը հոդվածի հետեւից, խմբագրականը` խմբագրականի հետեւից, լրագրողական հետաքննությունը` իրար հետեւից եւ.. «Սյունյաց երկիր»  թերթը լույս է տեսնում  «հատորներով»: Ահավասիկ Սերո Խանզադյանի 100-ամյակին նվիրված  թերթ-հատորյակը: Ինչքան ջանք է թափել կոլեկտիվը դրա համար, ինչքան «պեղումներ» արել եւ ինչ խորության, դա միայն  իրենք գիտեն: Եվ այդ ամենը` հանուն երկիր Նաիրիի: Որ Երկիր Նաիրիի  յուրաքանչյուր իրադարձություն փոշով չպատվի: Իսկ թերթի էջերում մեր հասարակությանը խորթ երեւույթների  մասին բարձրաձայնելն ինքնանպատակ չէ: Բարձրաձայնելը փայտփորիկի աշխատանք է, որ ծառը միջատները չոչնչացնեն, որ ծառն առողջ մեծանա: Իսկ այդ ծառը երկիր Նաիրին է, մեր տունը…

Սամվել Ալեքսանյանը լրագրողական համայնք մտավ  80-ականների վերջին: Դա այնպիսի ժամանակաշրջան էր, երբ դժվար էր թացն ու չորը զանազանել իրարից: Եկավ մեծ կենսագրություն ունեցող, մեծ կշիռ ունեցող «Զանգեզուր»  թերթի խմբագրություն: Եկավ որպես խմբագիր: Նա գիտեր՝ ուր է գնում, ինչ առաքելությամբ, ինչ ծանր բեռ է լինելու ուսերին, պատասխանատվության ինչպիսի բեռ..

Եկավ ու հագուրդ տվեց լրագրողական մեր «կրքերին», բաց թողեց մեր ձեռքերը, մեծ արտոնություններ տվեց բոլորիս: Ու ես զարմացա:  Հետո, երբ աշխատեցինք միասին, տեսա նրա աշխարհընկալման շառավիղը, էլ... չզարմացա: 

Ու ես  զարմացա, երբ նա մեզ գործուղեց քաղաքի ու տարածաշրջանի «մութ ծալքերը»: Ու երբ տեսա, թե այդ «մութ ծալքերում» ինչեր կան, էլ...չզարմացա: Իսկ դրանց «գաղտնազերծումը» կարեւոր էր Հայաստան աշխարհի համար:

Ժամանակի զիգզագներում Սամվել Ալեքսանյանը կարողացավ տեսնել լույսը եւ գնալ լույսի հետեւից: Ու ես զարմացա, ինչպես է նա զգացել այդ լույսը: Ու երբ ծանոթացա նրա աշխատանքի ոճին, էլ ...չզարմացա: Եվ «Զանգեզուր» թերթը նրա ձեռամբ դարձավ տարածաշրջանի անկախ հասարակական-քաղաքական թերթ:

Հիշում եմ հատկապես հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակաշրջանը: Ոչ մեկս այդ ժամանակ քուն ու հանգիստ չունեինք: Բազարչայի սարեր` անասնապահների մոտ, սահման` ազատամարտիկների մոտ, Արցախ` ըմբոստների մոտ: Եվ միշտ Սամվել Ալեքսանյանը մեզ հետ էր, մեր կողքին:

Աշխարհի կենտրոնն  անցյալ դարի 90-ական թվականներին  ասես դարձել էր «Զանգեզուր» թերթի խմբագրությունը: Հիշում եմ Հայաստանի առաջին տանկային բրիգադի տղաներին, Գյումրու ոստիկանների ջոկատին, մյուսներին: Նրանք եկել էին խմբագրություն, հանդիպել մեզ հետ, հետո գնացել սահմանները: Թերթն ասես նրանց հաջողության թալիսմանը լիներ: Թալիսման էր նաեւ Քոլատակի ջոկատի, կոռնիձորցի քաջազունների, Շուռնուխի հերոսական պաշտպանների, բոլորի համար, ովքեր ոտքի էին կանգնել պաշտպանելու հող հայրենին: Եվ  այդ հերոսներին դու էիր կապել խմբագրության հետ: Եվ այդ մարդիկ դարձան մեր հոդվածների հերոսները: Եվ այսօր թերթում  ամփոփված է  մի ողջ տարածաշրջանի պատմություն, մի գեղեցիկ կենսագրություն: Մենք իրավունք չունենք նրանցից որեւէ մեկի անունը բաց թողնելու` ասում էիր դու: Գալիք սերնդի եւ այդ մարդկանց  հանդեպ մեր պարտքը դա է, որ պետք է պատվով կատարենք:

Միասին շատ ու շատ իրադարձությունների միջով անցանք: Միասին արտասվեցինք ազատամարտիկի զոհվելու առթիվ, հուզվեցինք, միասին ուռա բացականչեցինք, երբ մերոնք նոր գյուղ  էին ազատագրում:

Տարիներ, տարիներ… Հիմա 60 տարեկան ես, մեր սիրելի խմբագիր: Չէ, ծանր չէ 60-ը: Ծանր կլիներ, եթե արած-դրած չունենայիր: Իսկ դու այնքա՜ն արած-դրած ունես: Քո տարիներն ուսերիդ երբեք ծանրություն չեն անի: Քո տարիների մեջ, քո կենսագրության մեջ ամփոփված է նաեւ գորիսեցու կենսագրությունը:

Շնորհավոր ծննդյանդ օրը:

Չգիտեմ, դու հավատո՞ւմ ես հորոսկոպին, թե՞ ոչ: Ես հավատում եմ: Կապկի տարին քեզ մեծ հաջողություններ է բերելու: Գնա հաջողությանդ ընդառաջ, վերցրու այդ հաջողությունը, քանզի այդ հաջողությունը միայն քոնը չէ:

ԱԼՎԱՐԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Գորիս

Մարդու տարիքը նման է մի բարձր լեռան, որ ինչ-որ բարձունքի հասնելիս մարդ ակամայից հետ է նայում, թե ուր է հասել, որտեղ է ինքը, ինչ հետագիծ է թողել:

Իմ լավ բարեկամ Սամվել Լազրի՛, հիմա դուք հասել եք Ձեր կյանքի 60-ամյա բարձունքին: Կյանք, որի եղելության կայացման այդ տարիները վավերացնում են նաեւ երկու կարեւորագույն ու խոսուն փաստ՝ ծննդյան վկայականն ու հարուստ, բազմաբովանդակ կենսագրությունը: Առաջին հայացքից թվում է, թե վեց տասնամյակը բավականին պատկառելի տարիք է, մինչդեռ դա բնավ Ձեզ չի վերաբերում, որովհետեւ կան Ձեզ ավելի երիտասարդ ներկայացնող ոչ պակաս համառ փաստեր՝ անդուլ աշխատասիրություն, անսպառ եռանդ, համարձակություն, պատասխանատվության բարձր զգացում, սկզբունքայնության, կամքի ու հավատարմության որդեգրած սկզբունքներ: Ով չի հավատում՝ թող փորձի շփվել Ձեզ հետ եւ կհասկանա, որ անտարբեր, իմիջիայլոց աշխատանքը, դժվարությունից երկնչելը Ձեր գործելաոճը չէ, կամ թող թերթի Ձեր հարազատ «զավակի»՝ «Սյունյաց երկրի» էջերը, որտեղ դրսեւորվում են Ձեր պրպտուն մտքի խորաթափանցությունը, սուր գրչի վարպետությունը, երբեք չկրկնվելու, ժամանակի շունչը զգալու եւ մեր պատմության տարեգրության փայլուն իմացությունը:

Հին  իմաստուններից մեկը մարդու տարիքը նմանեցրել է լավ երաժշտության, որի մեծագույն հմայքը վայելում են հետագիծ թողած, անաղարտ խղճով ապրած մարդիկ: Այդպիսին եք նաեւ Դուք: Ես՝ որպես Ձեր վաղեմի ընկերներից մեկը, ում ճանաչում եմ երեք տասնյակից ավելի տարիներ, սիրով շնորհավորում եմ Ձեր հոբելյանը եւ մաղթում, որ այսուհետ էլ Ձեր՝ ի վերուստ տրված ժամանակն ապրեք հոգում ամբարված տաք արեւով ու շարունակեք լույսով ու լավատեսությամբ ջերմացնել շրջապատը եւ առողջ ու վստահ քայլերով նոր տասնամյակներ գրանցելով, հաղթահարեք նորանոր բարձունքներ:

ՍԻՐՈւՆ  ՍԱՐԳՍՅԱՆ

Մեղրի

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19

Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ

25.12.2024 12:40

Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

25.12.2024 11:21

Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

25.12.2024 10:14

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10