Վերջին խելքի ժամանակը կամ ելք ճգնաժամից

11.05.2022 12:54
1097

Մովսես Խորենացին մեզ հիշում է որպես «փոքր ածու», բայց ինչպե՞ս եղավ, որ այդ «փոքր ածու»-ն 2021 թ. հունիսի ընտրություններին ասպարեզ հանեց ՀՀ վարչապետի 25 թեկնածու, որոնցից 13-ը հազիվ հաղթահարեցին զրո տոկոսի շեմը, իսկ 6-ը՝ 1 տոկոսի: Սա խորքում նշանակում է փոխադարձ անվստահություն, ինչն էլ, ահա, հասցրել է քաղաքական ուժերի ջլատման, տրոհման, մասնատման ու հակադրման: Սա արդեն եղավ ոչ թե «փոքր ածու», առաջադրված թեկնածու, այլ՝ կատարածու, համարյա թե՝ ծաղրածու: Ուրեմն՝ 25 կուսակցություն ու դաշինք, մեկը մյուսին չվստահելով, ավելին՝ վարկաբեկելով, մրցապայքարի են ելել՝ Հայաստանը փրկելու: Խե´ղճ Հայաստան:

Մինչդեռ բնականոնն այն պետք է լիներ, որ այդ 25-ի փոխարեն ընտրություններին մասնակցեին 3, առավելագույնը՝ 5 քաղաքկան ուժ: Իսկ այդպես չէր, որովհետև մեր անխոհեմ գործելաոճով քաղաքականությունն այսօր իջեցրել ենք փողոցի աստիճանի, այն մտել է յուրաքանչյուր ընտանիք, տուն ու համայնք և պառակտել բոլորին, հանել իրար դեմ, ինչի պատճառով յուրաքանչյուր ոք ուզում է դառնալ քաղաքական դեմք, անգամ՝ քաղաքական գործիչ ու առաջնորդ:

Այսպես չի լինի, որովհետև ոչ մի կերպ չի բխում գլխավորից, որն ազգային շահն է:

Մոտ երկու մլն վեց հարյուր հազար ընտրողից ընտրություններին մասնակցել է շուրջ մեկ մլն հարյուր յոթ հազարը՝ կեսից մի քիչ պակաս, որը վատ ցուցանիշ չէ, և վերստին խոսում է ոչ միայն մեր պարտաճանաչության, այլև մեր քաղաքականացվածության մասին: Քաղաքականացված ասածը նույնն է, ինչ էլեկտրահարվածը…

Արտահերթ ընտրությունները տեղի ունեցան պատերազմում կրած պարտության հետևանքով: Դա ծանր հետևանք է, ոչ թե արդյունք, իսկ պատճառն ուրիշ տեղ է: Այդ իսկ նկատառումով հարցը որոշակի պետք է դնել՝ ինչո՞ւ պարտվեցինք:

Պարտվեցինք՝ որովհետև հեռացանք ազգային արժեքներից, և եղան «գործիչներ» ու «լրագրողներ», ովքեր ծաղրեցին ազգային շահը, բուն հայկականությունը: Ընդսմին՝ անցալ տարի այս ժամանակ հանրային քննարկման էին ներկայացված դպրոցական դասագրքերի չափորոշիչները: Եվ հարվածն առաջին հերթին իջավ հանրակրթական դպրոցում դասավանդվող հայագիտական առարկաների վրա՝ հայ գրականություն, հայոց պատմություն, հայ եկեղեցու պատմություն: Ինչո՞ւ, որովհետև այդ առարկաները կրում և փոխանցում են ազգային հիշողություն, որը փորձում են ջնջել: Մաթեմատիկան, ֆիզիկան, քիմիան ամեն տեղ նույնն են, այլ բան է դասավանդման որակն ու նյութական հագեցվածությունը: Բայց հայ գրականությունը և հայոց պատմությունն այն առարկաներն են, որոնք հայ աշակերտի մեջ դաստիարակում են ազգային ինքնություն: Դա է պատճառը, որ օտար երկրների հայկական դպրոցներում, օրինակ՝ Վրաստանում, հայոց պատմություն առարկան չեն դասավանդում: Պատմական հիշողությունից զուրկ մարդը հայտնվում է մտավոր անկշռելիության մեջ: Նախարարի և փոխնախարարի մակարդակով մերոնք ևս փորձեցին ջնջել՝ անգիտանալով պարզ ճշմարտությունը: Եվ ի՞նչ էին հրամցնում դրա փոխարեն՝ հիշողության կորուստ, մանկուրտություն, հենց այն՝ ինչը պետք է հասցներ ամոթալի պարտության: Ահա դրանից հետո հասկանալի դարձավ նախարարին ավելի վաղ ներկայացված առաջարկի մերժումը: Առաջարկությունը՝ Երևանում բացել արևմտահայերենով ուսուցմամբ հանրակրթական դպրոց: Նախարարի պատասխանը՝ «կդառնա գետտո»: Մինչդեռ Սիրիայից, Լիբանանից, Իրաքից հայրենիքում հաստատվել փորձող հայերին դա կգրավեր, կմնային և ոչ թե կհեռանային: Եվ հետո, էլ որտե՞ղ, եթե ոչ հայրենիքում պետք է տեր կանգնենք մարմրող գրական արևմտահայերենին: Հարկ եղած դեպքում հիշում ու հիշեցնում ենք, որ ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ արևմտահայերենը մեռնող լեզուների շարքում է: Արևմտահայաստանը կորցնելուց հետո հիմա էլ արևմտահայերենի՞ն հրաժեշտ տանք: Ո՞վ պետք է մեր ցավին դարման անի, եթե ոչ մենք՝ այդ հարստության իրավատերերը, որ Սահմանադրությամբ հայտարարում ենք՝ Հայաստանում պետական լեզուն գրական հայերենն է: Իսկ գրական հայերենն ունի երկու ճյուղ՝ գրական արևելահայերեն և գրական արևմտահայերեն:

Այս հարցերի մասին մտահոգվելու փոխարեն ժողովրդի ուշադրութունը շեղեցին՝ տղամարդ դարձած կնոջ մասին ֆիլմ ցուցադրելով և հպարտանալով, որ ծախքերը իրենք են հոգացել: Իսկ շատ չանցած՝ «Հանրապետություն» մետրոյի կայարանի բացօթյա հրապարակում «բեմադրեցին» ինչ-որ սեռաճարակ «Հուզանք ու զանգ»: Կարծես Հայաստանն ամեն հարց լուծել էր, մնում էր սեռական շեղումներ ունեցող մի քանիսի հաճույքն օրինականացնելու հարցերը լուծել: Սեռական շեղում ունեցող հիվանդն ավելի մտահոգության առարկա է դարձել, քան սոցիալական, առողջապահական, կրթական շեղումներ ունեցող շատերը:

Հայրենիքը տոկուն զինվորի պահանջ ուներ և ունի, իսկ սրանք՝ «Հուզանք ու զանգ»: Այս գրքի հեղինակ Ազատ Վշտունուն դեռ ժամանակին՝ 1923 թվին են ասել՝ «Հուզանքդ չուզանք» (չենք ուզում): Այս և այս կարգի ձախորդությունները ցանկացան ներկայացնել որպես երևույթ, ամոթ է ասել՝ հեղափոխության նվաճում: Բայց ազնիվ մասնագիտական դիմադրությունը կանխեց հետագա ավերածությունները: Այս ամենից հետո հրապարակավ պահանջվեց ԿԳՄՍ նախարարի հրաժարականը, և նա, դիմադրելով հանդերձ, պաշտոնանկ արվեց: Նոր նախարարը դասագրքերի չափորոշիչների հարցում փորձում է մեղմել աղմուկը՝ պահպանելով ընդունված արժեհամակարգը, բայց և փորձարկման կարգով մարզերում շրջանառության մեջ է դրել նաև մերժված ծրագրի նմուշները:

Մեր պատմաքաղաքական իրավիճակի բերումով մենք այն ժողովուրդը չենք, որ մեզանից օտարենք դարերով ստեղծված և ստուգված արժեքները, այլ կերպ՝ ձեռք բարձրացնենք մեր մշակույթի վրա: Մշակույթը ոգեղեն բանակ է: Եվ այս 44-օրյա պատերազմում պարտվեցինք, որովհետև զբաղված էինք ժողովրդի ոգեզրկությամբ, հոգեկերտվածքի ավերումով: Ազգային ոգու անկումը դարձավ պարտություն պատերազմի դաշտում: Մի բան, որ Արցախի ազատագրման տարիներին այլ էր՝ ոգի´ն հաղթեց: Այն ոգին, որ կերտել էին Թումանյանն ու Կոմիտասը, Թամանյանն ու Սարյանը, Չարենցն ու Խաչատրյանը, Շիրազը, Սահյանն ու Սևակը:

Եվ հետո՝ այո´, մեր կյանքում արմատավորվել են բազմաթիվ հոռի բարքեր, որոնք պետք է արմատախիլ անենք, դրա համար պետք է վերացնել հոռածին միջավայրը, հարաբերությունների անբարո դրվածքը: Բայց դա չի նշանակում, թե կացնի հարված պետք է իջեցնել Արցախն ազատագրած հերոսների գլխին: Այն, որ այդ հերոսները նաև հոռացան՝ ակնհայտ է, բայց դրա համար կա օրինականության պահանջ, որին ենթակա են բոլորը: Նպատակը պետք է լինի, ոչ թե մարդուն փչացնելն ու ոչնչացնելը, նրա հանդեպ ծաղրուծանակը հանդիսանքի վերածելը, այլ նրան օրենքով և օրինականությամբ վերահսկելը, որպեսզի ամեն ինչ չհասնի բաձիթողիության ու սանձարձակության:

Նույն կերպ գործարար մարդկանց հանդեպ ևս վերաբերմունքը պետք է լինի նպաստող և օրինական: Չար նախանձն այստեղ անելիք չունի: Մի լավ գործարարը երկրին նույնքան անհրաժեշտ է, որքան մի լավ գրողը:

Այն հասարակությունը, որն իր ազգային հերոսի վրա ձեռք է բարձրացնում, այլևս հերոս չի ունենա: Իրար ճիշտ հասկանանք՝ ազատագրական պատերազմի հերոսին պետք է արժանին մատուցել, հանցագործին՝ պատժել:

Եվ կամ՝ ի՞նչ է նշանակում՝ վիրավորել Վերափառ հայրապետին, երբ նա, անկախ մարդկային թուլություններից, մեր հավատի խորհրդանշանն է: Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանը լցված է ազգուրաց ամեն տեսակի աղանդներով, որոնք դեմ են բանակին, ազգային արժեքներին, հայկականությանը և օտար ծառայությունների գործակալներ են: Նման դեպքում հայոց եկեղեցին եղել և մնում է հոգևոր պատվար և այն պետք է պահպանել ու պաշտպանել:

Ոգի՛ն պարտվեց, որովհետև հաղթեց սուտը, կեղծիքը, խաբեությունը, որ հասել է պետական հռետորաբանության աստիճանի: Իր վարչապետ եղած տարիներին Տիգրան Սարգսյանը հայտարարում էր, որ Հյուսիս-հարավ ճանապարհը պատրաստ կլինի 2017-2018 թթ., Մեղրիում կկառուցվի նավթամշակման ձեռնարկություն, Հայաստանը երկաթգծով կկապվի Իրանի հետ: Ո՞ւր է… Ինչո՞ւ Տիգրան Սարգսյանը և նրա նման հռետորաբան ղեկավարները պատասխան չեն տալիս: Մեր աչքի առաջ չէ՞ր, որ Արծրուն Հովհաննիսյանը պաշտպանության բանակի անունից սուտ տեղեկատվություն էր հաղորդում պատերազմի մասին՝ խոսում դիրքային անկապ տեղաշարժերից: Այնքան ստեց, որ վերջին օրը ամոթից կորավ տեսադաշտից: Մինչդեռ աշխարհի հայությունն իրական լուրերի էր սպասում: Մեր աչքի առաջ չէ՞ր, որ Երևանի գլխավոր ճարտարապետ, երգիչ Մեսչյանը, մետրոյի Աջափնյակի գիծը գործարկելու, Նորքի երկրորդ զանգվածը ճոպանուղիով կենտրոնին կապելու «շատ իրական» ծրագրերից էր խոսում: Խոսեց, խաբեց և աննկատ հեռացավ ասպարեզից: 

Իսկ մեր դիվանագիտությունն ասես քնած լինի: Այսքան ժամանակ՝ 1988-ից սկսած՝ արդեն 33 տարի, աշխարհին չկարողացանք համոզել, որ Արցախը Հայաստան է, իսկ ՌԴ նախագահ Պուտինն առանց նրբերանգների՝ ուղղակի հայտատրարեց. «Ղարաբաը Ադրբեջան է»: Այսքանից հետո ի՞նչ բարեկամության մասին է խոսքը: Մինչդեռ այդ բարեկամությունը մեզ խիստ անհրաժեշտ է: Լենինից մինչև Պուտին, ներառյալ Ստալինն ու խորհրդային քաղաքականությունը, ի վնաս Հայաստանի միշտ աշխատել են Թուրքիայի ու Ադրբեջանի օգտին:

Ռուս խաղաղապահների ներկայությունը, որ վերջին պահի, բայց նախապես ծրագրված գործողություն էր, որքանով ունի զսպիչ դեր, նույնքանով էլ ապահովում է Ռուսաստանի շահը, որովհետև իր ներկայությունը Այսրկովկասում կորցնելով՝ կկորցնի ամբողջ Հարավային Կովկասը: Ռուսաստանի երկդիմի քաղաքականությունը՝ Հայաստանը մեր դաշնակիցն է, Ադրբեջանը՝ բարեկամը, Թուրքիան՝ ռազմատնտեսական գործընկերը՝ ուղղված է Հայաստանի դեմ և պետք է վերանայվի:

Պատմությունն առաջ է նայում, պատմագրությունը՝ ետ: Պատմաբանները, տողատակի հարյուրավոր ծանոթագրություններով, բարեխղճորեն իրենց գործը կանեն, իսկ պատմությունը պետք է ժողովուրդը կերտի պետության միջոցով:          

Եվ այսպես՝ մեզ հայտնի է՝ թե որտեղի՞ց ենք գալիս և ո՞վ ենք մենք: Բայց մեզ՝ հայտնի չէ, թե ո՞ւր ենք գնում: Տեսական պատրանքները բախվում են մի ուժի, որը կոչվում է պետության կառուցում, ուժեղ տնտեսություն, ազգային համախմբում, բարձր գիտություն ու մշակույթ, մրցունակ կրթություն, միաբան հոգեկերտվածք, որոնք պետք է կարողանալ ստեղծել: Այդ նախադրյալների առկայությամբ է, որ առաջնային են դառնում ռազմական ուժը և ճկուն դիվանագիտությունը: Ռազմական ուժի առումով միշտ ուժեղից ուժեղը կա: Այնպես որ՝ գոնե վերջին պատերազմի փորձով սա պետք է նկատի ունենալ: Չմոռանանք՝ Թուրքիայի մի ոտքն այսօր Սիրիայում ու Լիբիայում է, մյուս ոտքը՝ Աֆղանստանում ու Միջին Ասիայում: Իսկ Ադրբեջանը Թուրքիայի մասն է կամ՝ հավելվածը: Մեր աչքի առջև Եվրոպան ծափահարում է Թուրքիային և հերթական 3 միլիարդը հատկացնում՝ իբր սիրիացի փախստականներին պատսպարելու համար: Իսկ Ադրբեջանին ԱՄՆ-ը սատարում է՝ որպես հակաիրանական և իսրայելամետ գործոն:

Ուժի դիրքից մենք հարևանների հետ խոսել չենք կարող, մնում է՝ դիվանագիտությունը: Իսկ դիվանագիտական հաղթանակը միշտ այնտեղ է, որտեղ ուժն է: Այստեղ մնում է միայն մի բաց պատուհան, որը տվյալ երկրի ազգային շահն է: Որպես շահառու՝ Այսրկովկասում հանդես է գալիս Ռուսաստանը, բայց որը, Լենինից սկսած, մեզ միշտ խաբում է: Ահա այս գորդյան հանգույցը պետք է լուծի դիվանագիտությունը, որպեսզի Հայաստանը դուրս բերի ապահով ու բարենպաստ հանգրվան:

Թե չէ՝ այսպես աջից ու ձախից, վերից ու վարից Հայաստանն անընդհատ մասնատելով՝ մենք դատապարտված ենք վերացման:

Ժողովրդական խոսքն ասում է՝ հայի վերջին խելքը իմը լիներ: Չմոռանանք՝ դարավոր ոսոխը մտել է մեր սահմանը, ամրանում է այնտեղ:

Վերջին խելքի ժամանակն է: 

***

Պարտությունն ամենամեծ ճգնաժամն է, որ համատարած ընդգրկում է բոլոր բնագավառները և, առաջին հերթին, յուրաքանրյուրի ազգային ինքնագիտակցությունը՝ ի՞նչ կատարվեց, ինչո՞ւ այդպես եղավ:

Համազգային ճգնաժամ է բոլոր բաղադրիչներով՝ քաղաքական, տնտեսական, գիտական, կրթական, առողջապահական, կադրային, հումանիտար… և այս ամենը մեծ հաշվով իր մեջ ներառնող մի ոգեկերտիչ բնագավառի, որ կոչվում է մշակույթ: Մշակութային ճգնաժամից էլ սկիզբ է առնում վերջնական անկումը, որովհետև մեռնում է ոգին՝ ազգային գոյի հիմքն ու նախահիմքը: Իսկ ոգու անպարտության դեպքում դժվարությունները հաղթահարելի են, որ հուշում է «Ելից գիրքը»:

Մշակույթն իր մեջ ընդգրկում է արվեստի բոլոր բնագավառները՝ և՛ ժամանակային, և՛ տարածական, և՛ համադրական: Իսկ արվեստների մայրը գրականությունն է:

Գրքեր տպագրվում են, բայց չեն դառնում հոգևոր համախմբման նախադրյալ: Լավ գրքերն անգամ լավագույն դեպքում մտավոր մի փոքր շրջանակի սեփականություն են: Անկախության առաջին տարիներին ընտանեկան հպարտություն համարվող գրադարանների գրքերը շատերը թափեցին փողոց, որ նշանակում էր՝ այլևս պետք չեն: Հաջորդեց ուղեղների լվացումը: Ընթերցողն հեռացավ գրականությունից նաև այն պատճառով, որ «անկախ» և «ազատ» գեղարվեստը աստիճանաբար կորցրեց իր առաջատար դերն ու նշանակությունը, դադարեց հանրային մտքի վրա ներգործող առաջատար ուժ լինելուց: Իսկ ինքնանպատակ արվեստը սոսկ զբաղմունք է, «պարապ վախտի խաղալիք»: Դատարկվեցին թատերասրահներն ու երաժշտասրահները. լավագույն դեպքում՝ դեպքից դեպք հանդիսականի նվազ ներկայություն: Կինոարտադրությունը վերացավ և այսօր հեռուստաալիքները, մեկը մյուսի ետևից, կրկնում են խորհրդային տարիներին «Հայֆիլմի» թողարկումները:

Ամենակարևորը՝ վերացավ մշակութային միջավայրը, և հայտնվեցինք հոգևոր անապատում: Ոմանք սկսեցին քարկոծել ազգային արժեքները և քարոզեցին հոգևոր ու մտավոր ապականություն: Մտահոգ մարդն ինքն իրեն ասաց ու բարձրաձայն կրկնեց՝ դեպի ո՞ւր, Հայաստա՛ն…

Դեպի ԼԳԲՏ-ի քարո՞զ, դեպի «Հուզանք ու զա՞նգ», դեպի «Հայ գրականություն» դասագրքի վրայից «Հայ» բառի վտարո՞ւմ: Որոշակի ուղղորդումով ապազգայնացման այս ծրագիրրն էլ կոտրեց հայոց ոգին, ինչին հաջորդեց ամոթալի ու խայտառակ պարտությունը: 1988 թվականի հոգևոր վերելքը, Արցախի ազատագրումը դեռևս պահպանում էր ազգային ինքնության, պետականության կայացման, ժողովրդի համախմբման-միավորման տեսլականը: Պարտությունը պատրանքաթափ արեց բոլորին, խորացավ հիասթափությունը և հերթական անգամ թափ առավ արտագաղթի ալիքը…

 Դատարկվում է Երկիր Նաիրին:

Այսպես դեպի ո՞ւր, Հայաստա՛ն:

Մի՞թե Հայրենիք ասածն, իրոք, այդքան վատն է, որ յուրաքանչյուր հեռացողի ետևից բազումք ասում են՝ գնաց փրկվեց, և միայն սակավք են ցավով հառաչում՝ ափսո՜ս…

Գնաց փրկվեց, որ ետադարձ իմաստով նշանակում է՝ մնացողները դատապարտված են: Դատապարտված են ինչի՞՝ ազգային պատկանելությա՞նը, որ հայ են ծնվել և ոչ թե տունգուս, և հայ արժեքների պահապա՞ն են, թե՞ դատապարտված են իշխանություններին, որ անկախության 30 տարիներին Հայաստանը չկարողացան դուրս բերել զարգացման ճանապարհ, իսկ եղած տնտեսական համակարգն էլ քանդեցին:

Ո՞րն է ելքը «Այս խորշակյալ, անդուռ Արարատյան դաշտում» (Եղիշե Չարենց):

Եկել է հերթական հերոսացման պահը, երբ համաշխարհային բաց ու հարաճուն մրցակցության մեջ պետք է հպարտանանք մեր ազգային պատկանելությամբ, մեր ազգային արժեքներով, մեր չքնաղ հայրենիքով և պայքարենք նրա համար:

Խորացած ճգնաժամը ելք է որոնում. Դժգոհությունը հայտնելու համար ընդդիմադիրները դուրս են գալիս փողոց՝ երթեր, ցույցեր, ճառեր, ինչ որ բան փոխելու հույս, ոմանք նույն այդ հույսով նոր տեսլականներ են քարոզում, բայց կյանքը չի փոխվում. հուսահատ նաիրցու դեմքին լույսի շող չի ճառագում, միայն՝ դժգոհություն, բողոք, վիրավորանք, անբավարարվածություն…

Ամենօրյա լուրերը սև են՝ տարածքային կորուստներ, գերեվարումներ, սահմանային միջադեպեր, ձերբակալություններ, դատավարություններ, դատարկ խոստումներ, 2050 թվականի անհիմն տեսլական ու տեսիլներ, պետական մենաշնորհ դարձած ստախոսություն… Այս ամենը լսել և այս ամենին դիմանալը հեշտ չէ, և սկսվում է խոր հիասթափությանը հաջորդող անտարբերությունը: Մանավանդ որ թագավարակով հիվանդացածների թիվն օրավուր աճում է, և շատանում են մահերը: Այս ցուցանիշով տոկոսային հարաբերությամբ մենք հո աշախարհում ամենաառաջիններից ենք, այսինքն՝ ամենաետիններից մեկը: Անձնական ապահովությունը վտանգվելու հետ մեկտեղ մարդը փոխվում է:

Վտանգված է ազգայինը, պետականը, ավելանում է նաև անձնականը՝ առողջականը:

Երբեք ամեն ինչ այսքան ճգնաժամային չի եղել: Ելք են որոնում բոլորը:

Բայց ելքը հայրենիքից փախուստը չէ, այլ մնալն ու ապահովության համար պայքարելը: Փախուստը ազգային կերպարի վերջնական կորուստն է մեկ-երկու սերունդի ընթացքում, որ նշանակում է՝ հազարամյակների ընթացքում ամեն տեսակի փորձություններից փրկած, սերնդից սերունդ փոխանցած ազգային տեսակի կորուստ, որ նույն դասալքությունն է, այսինքն՝ դավաճանությունը: Սա մեղադրանք չէ, այլ ինքնագիտակցության գալու կոչ: Այս ի՞նչ եք անում, հայե՛ր: Իսկ գիտե՞ք արդյոք, որ արտագաղթը խթանող թուրքական ծրագիր կա, որ իրականացվում է ուրիշ երկրներում գործող կազմակերպությունների միջոցով:

Ուրեմն՝ դեպի ելք:

Իսկ ո՞րն է ելքը՝ առաջին հերթին ազգային ինքնագիտակցությունն ու համախմբումն ազգային արժեքների շուրջ, որպեսզի հայոց հունդը չցրվի աշխարհի բացերում և օտար դաշտերում չկորչի, ինչը և պիտի տա դարավոր հարցի պատասխանը՝ ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում…   

Նորից դառնանք մեզ և նորից մտաբերենք, թե ո՞վ ենք մենք: Մենք նախապատմական ժամանակներից եկող հնդևրոպական ծագում ունեցող ժողովուրդ ենք: Որպես Թորգամա Տուն, Հայոց Գունդ մեր գրանցումն ունենք Աստվածաշնչում, իսկ դրախտի չորս գետերն անցնում էին մեր հայրենիքի տարածքներով, որտեղից էլ՝ ոգեշունչ խոսքը՝ «Հայաստա՛ն, երկի՛ր դրախտավայր, // Դու մարդկայնո ցեղիս օրրան» (Հովհան Վանանդեցի): Մեր Զարմայր Նահապետը մասնակցել է Տրոյական պատերազմին: Մենք ստեղծել ենք մեր պետությունները՝ Արարատի Երկիր, Երվանդունիներ, Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ, Արծրունիներ, Կիլիկիա… Հետո պետականության բացակայությանը փոխարինած դարերի խավարն է, որ փորձեց «լուծել հյուլեն մեր արյան» (Եղիշե Չարենց): Բայց ազգային գաղափարախոսությունը նորոգեց ու ոտքի կանգնեցրեց ժողովրդին, որ ցեղասպանության ու պատերազմների միջով անցնելով, վերականգնեց իր պետականությունը: Մենք այսօր պետականության տեր ենք, որը պիտի փայփայենք, ամեն ինչ անենք չկորցնելու համար: Իսկ դրա համար մեզ անհրաժեշտ է ազգային առողջ գիտակցություն, որի գլխավոր բաղադրիչներն ազգային արժեքներն են և, առաջին հերթին, հայ մշակութային ժառանգությունը:

Եվ ահա, մշակութային ոլորտում ճգնաժամից ելք որոնելու նպատակով ստեղծվում է նոր հիմնադրամ, որն էլ պետք է հրատարակի իր ամսագիրը: Նշանակությունն այն է, որ մշակույթը պետք է դառնա ազգային ոգեհառնումի պատգամախոս, դեսպան և նպաստի մեր ոգեկերտվածքի պահպանմանն ու առաջընթացին:

Շատ են համաշխարհայնացման մարտահրավերները, մշտապես լարված են աշխարհի քաղաքական հարաբերությունները, բայց մենք պարտավոր ենք դիմագրավել, որպեսզի ոտքի կոխան չդառնանք: Մեծ գերտերություններին, որոնք որոշում են աշխարհի բախտը, պետք են ոչ թե ինքնիշխան, զարգացող ամուր պետություններ, այլ պետություններ, որոնք ընդամենը մարտավարական և ռազմավարական նշանակության տարածքներ են, այլ կերպ՝ սպառման շուկա, ճանապարհներ և ռազմական հենակետեր: Այստեղ է, որ իր ձայնը պետք է հնչեցնի դիվանագիտությունը, որը չունենք: Դիվանագիտությունը արտաքին աշխարհի համար, մշակույթը՝ ներքին և արտաքին:

Եվ այսպես՝ մշակույթով ելք ճգնաժամից: Հնարավո՞ր է: Հնարավոր է այնքանով, որքանով կգործի մշակութային ինքնագիտակցությունը, որի նախապայմանը բարձր մշակույթն է որպես միաբանության միջոց: Ինքնանպատակ մշակույթ, ինքնանպատակ արվեստ գոյություն չունի, իսկ նպատակը արդիականության թելադրանքով պայմանավորված գեղեցկության հայտնաբերումն է, որ ննջում է բառի, հնչյունի, գույնի, պարի մի շարժումի ներսում:

Բարձր մշակույթ, որ նշանակում է գրագետ և բարձրաշխարհիկ հայոց լեզու և ոչ թե համատարած գռեհկաբանություն: Պետական սահմանների նման այսօր ամենից ավելի վտանգված ու վթարված է հայոց լեզուն՝ գրական հայերենը, որ անգամ հեռուստաեթերում դարձել է շուկայի լեզու: Սա ևս ազգային բարձրագույն արժեքը՝ մայրենի լեզուն, նվաստացնելու, նսեմացնելու, ժողովրդի աչքից գցելու և օտարախտի մղելու միջոց է:

Ընկել է արվեստի գլխավոր հարցադրումը՝ մանավանդ այսօր ի՞նչ է ասում, ի՞նչ պատգամներ է հղում: Կրկնում եմ՝ ինքնանպատակ արվեստ չի եղել և չի լինելու: Իսկ եթե համոզեն, թե կլինի, ուրեմն արվեստ չէ, այլ տնայնագործություն, կեղծիք՝ թթված մածուն, որ ներկայացնում են որպես սերուցք: Դրա համար պետք է բարձր արվեստով կրթված ճաշակ, որպեսզի իսկականը տարբերի անիսկականից: Իսկ մեր շուրջը համատարած ռաբիս է: Բարձր արվեստը արվեստագետի պատասխանատվությունն է պետականություն ստեղծելու, պահպանելու, կառուցելու և զարգացնելու գործում: Հապա մի փորձեք V դարից ջնջել Մաշտոցի, Խորենացու և Ոսկեդարի մյուս ոսկե տղաների անունները. եթե փորձեք, դարը երկրաշարժի կենթարկվի, կխարխլվի ու կավերվի: Հապա փորձեք XVIII-XIX դարերից ջնջել Մխիթարյանների, Աբովյանի, Նալբանդյանի, Րաֆֆու անունները՝ կզրկվենք պետականություն վերակերտած ազգային գաղափարախոսությունից, կհայտնվենք դարերի խավարի մեջ,  որտեղ օտարներից միայն ոգու լույս են հայցում: Նույն կերպ XX դարում հայրենիք ու պետություն կերտող անուններ են Թումանյանը, Կոմիտասը, Սարյանը, Թամանյանը, Տերյանը, Չարենցը, Խաչատրյանը և հայրենի մյուս հանճարները:

Այսօր, ահա, արվեստի այս ոգեգոյացման ժամանակն է՝ նոր պահանջների թելադրանքով, որ ներկայացնում են Հայոց աշխարհը, Հայ մարդը և Մեծ աշխարհը: Բարձր մշակույթը կնպաստի վերականգնելու հայ ժողովրդի ոգին, հայ լինելու, հայ ապրելու արժանապատվությունը:

 

Չմոռանանք՝ «Մշակույթը բանակ է» (Հակոբ Օշական):

26. X. – 31- X. 2021

Դավիթ Գասպարյան

Բանասիրական գիտություններ դոկտոր, պրոֆեսոր  

 

 

 

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25