ՎԻԳԵՆ ԼԱԼԱԶԱՐՅԱՆ. «Սյունեցին պետք է առողջ, ուժեղ եւ աննկուն լինի` իր լեռների պես...»

22.11.2013 16:07
8514

«ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ ՄԱԼԱԹԻԱ» ԲԿ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՅՑԸ ՍՅՈՒՆԻՔ


«Նատալի ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնը «Մալաթիա» հիվանդանոցի իրավահաջորդն է, որ հիմնադրվել է 1965 թվականին եւ մինչ այսօր ապահովում է բարձրակարգ ստացիոնար եւ ամբուլատոր-պոլիկլինիկական սպասարկում Մալաթիա-Սեբաստիա համայնքի եւ ՀՀ ամբողջ բնակչության համար:

Հիվանդանոցը, որում նախկինում գործում էր չորս բաժանմունք, 2010թ. դեկտեմբերին դառնալով «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի մաս` վերածվեց ժամանակակից, բարձր տեխնոլոգիական բժշկական կենտրոնի, որտեղ ամեն օր պրոֆեսիոնալ բուժանձնակազմն իրականացնում է բուժական եւ ախտորոշիչ օգնություն:

Ժամանակակից լաբորատոր եւ ախտորոշիչ սարքավորումները, ինչպես նաեւ բուժանձնակազմի պրոֆեսիոնալիզմը հնարավորություն են տալիս բժշկական կենտրոնը դասել հանրապետության առաջատար եւ լավագույն բժշկական կենտրոնների շարքում:

Այսօր բժշկական կենտրոնում գործում են անհետաձգելի բուժօգնություն, շտապ օգնություն, դիագնոստիկայի բաժանմունք եւ լաբորատորիա, կանանց կոնսուլտացիա, ծննդօգնություն եւ գինեկոլոգիա, սրտաբանական, առիթմոլոգիական կենտրոն, հեմոդիալիզ, անեսթեզիոլոգիա եւ վերակենդանացում, ընդհանուր եւ անոթային վիրաբուժություն, լապարասկոպիկ եւ դիմածնոտային վիրաբուժություն, վնասվածքաբանություն, ուրոլոգիայի կլինիկա եւ բժշկական ապահովագրություն ծառայությունները:

Սակայն բժշկական կենտրոնը չի սահմանափակվում եղած ծառայություններով. մոտ ապագայում կընդլայնվի դրանց թիվը, բնակչությանը կմատուցվեն բժշկական համալիր ծառայություններ, նաեւ այնպիսիք, որոնք մինչ այժմ անհասանելի են եղել:

ԲԿ-ն առաջիկայում կհամալրվի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայով, նորագույն սարքավորումների շնորհիվ կընդլայնվի ներանոթային վիրաբուժությունը, կգործի արհեստական եւ արտամարմնային բեղմնավորման էկոլաբորատորիան, արտերկրի (հիմնականում` Գերմանիայի) կլինիկաների հետ ստեղծված համագործակցումները նոր եւ առավել ամուր ու արդյունավետ հուն կընկնեն:

«Նատալի ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնի առաջնային ծառայությունների մեջ են մտնում եւ արդեն ավանդույթ են դարձել «Բաց դռների օր» ծրագրի շրջանակներում անվճար խորհրդատվական, ախտորոշիչ եւ բուժական այցելությունները հանրապետության տարբեր քաղաքներ, բնակչության անվճար ընդունելությունների կազմակերպումը տեղերում, նրանց հիվանդությունների ախտորոշումը, բուժզննումները, համապատասխան բուժումներ նշանակելն ու նեղ մասնագիտական օգնությունների կազմակերպումը, անհրաժեշտության դեպքերում` ուղեգրեր տալը :

Օրերս բժշկական կենտրոնի շուրջ քսան մասնագետ դարձյալ անվճար խորհրդատվական, ախտորոշիչ եւ բուժական ծառայությամբ Սյունիքի մարզում էր` Կապան, Քաջարան, Գորիս եւ Սիսիան քաղաքներում: 

Յուրաքանչյուր քաղաքում մեկօրյա այցելության ժամանակ կենտրոնի մասնագետները հասցրեցին ախտորոշել եւ բուժզննել շուրջ 700 հիվանդի, որի ընթացքում ոչ միայն բացահայտեցին հիվանդությունները, նաեւ տեղերում բուժական ծառայություններ իրականացրին:

…Սիսիան քաղաքում բնակիչների ընդունելության պիկ ժամ էր, երբ հանդիպեցինք «Նատալի ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնի սրտաբան Վիգեն Լալազարյանի հետ:

Պատահական չէր հենց սրտաբան-թերապեւտի հետ կարճատեւ զրույցի ընտրությունը. Վիգեն Լալազարյանը Սյունիքի մարզում, սյունեցու հետ աշխատանքային փորձ եւ կենսագրություն ունի: Տարիներ շարունակ աշխատելով Աղիտուի հոսպիտալում` երիտասարդ սրտաբան-թերապեւտը ոչ միայն հասցրել է հարյուրավոր հիվանդների ախտորոշել եւ բուժել, այլեւ վաստակել սյունեցիների վստահությունը, նրանց անկեղծ սերն ու հարգանքը, դարձել շատերի համար թանկ եւ հարազատ մարդ:

Օգտվելով կարճատեւ դադարից, մի քիչ էլ չարաշահելով Վիգեն Լալազարյանի աշխատանքային թեժ պահը` հասցրինք սիրելի բժշկին մի քանի հարցեր ուղղել:

– Բժիշկ Լալազարյան, նախ, չափազանց ուրախ ենք Ձեզ նորից Սյունիքի մարզում տեսնելու համար եւ ամենակարեւորը` այս մարդասիրական առաքելությամբ:

Ձեր այցի ընթացքում ինչպիսի՞ գերակշռող, այսպես ասած, երիտասարդացած հիվանդություններ եք հայտնաբերել Սյունիքի մարզում, եւ ի՞նչ բժշկական օգնություններ են ցուցաբերվել ձեր մասնագետների կողմից:

Կենտրոնի կողմից հերթական անգամ իրականացրած «Բաց դռների օր» ծրագրի շրջանակներում ի՞նչ հիվանդությունների գծով մասնագետներ են այս անգամ այցելել Սյունիքի մարզ, եւ ինչպիսի՞ ախտորոշիչ, բուժզննման սարքավորումների պատրաստվածությամբ:

– Սյունիքի մարզը քիչ է տարբերվում հանրապետությունում այսօր գերակշռող հիվանդությունների տեսքով: Ցավոք, մեր այցելած քաղաքներում եւ մեզ ներկայացած բնակիչների մոտ նույն պատկերն է. բնակչությունը լուրջ հիվանդ է եւ հիվանդ է` տարբեր հիվանդություններով: Ախտորոշել ենք բազմաթիվ հիվանդություններ, սկսած սիրտ-անոթայինից մինչեւ ուրոլոգիական, թերապեւտիկ, գինեկոլոգիական եւ նյարդաբանական: Բոլոր քաղաքներում էլ գերակշռել են սիրտ-անոթային, առիթմոլոգիական, հիպերտոնիկ եւ ուրոլոգիական հիվանդությունները, որոնք վերջին տարիներին խիստ «երիտասարդացել» են:

Սրտի ցավով եմ ասում, որ մեր շրջանների հիվանդանոցները լիարժեք հագեցված չեն համապատասխան ժամանակակից սարքավորումներով, արդիական լաբորատորիաներով եւ դիագնոստիկ կաբինետներով, որպեսզի մարզի հիվանդները կարողանան լիարժեք ախտորոշվել, տեղերում ստանալ անհրաժեշտ բուժօգնություն եւ նեղ մասնագիտական բուժումներ, բժշկական այլ միջամտություններ:

Այս առումով, թեպետ դարձյալ լիարժեք չէ բնակչության ախտորոշումն ու բուժզննումը, մեր այցելությունները փոքր-ինչ թեթեւացնում են շրջանների հիվանդանոցների հոգսը, օգնում բնակիչների մի հատվածին` հիվանդությունների ճիշտ ախտորոշման, բուժզննման, երբեմն էլ տեղերում բուժօգնություն իրականացնելու գործում: 

Մեր այցելությունները մարզի ընդհանուր բնակչությանը շատ մեծ բան տալ` ժամանակի եւ լիարժեք սարքավորումների առումով, չեն կարող, սակայն մեր խնդիրն իրագործած ենք համարում, եթե կարողանում ենք ծայրահեղ վիճակում գտնվող թեկուզ մեկ հիվանդի օգնել, վերադարձնել կյանք եւ նորմալ կենսակերպ: Իսկ այդպիսի դեպքեր մեր պրակտիկայում շատ են լինում` թե ախտորոշում-բուժմամբ, թե տեղում` վիրաբուժական միջամտությամբ, թե խորհրդատվությամբ եւ թե նեղ մասնագիտական հետագա բժշկական ծառայություններով:

Սյունիքի մարզ հերթական մեր առաքելությանը մասնակցում է «Նատալի ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնի քսան լավագույն մասնագետ` բացի ակնաբուժականից, բոլոր հիվանդությունների գծով: Կենտրոնից մարզ ենք բերել էխոսոնոգրաֆիան, լաբորատորիան, որոնց միջոցով իրականացված մեր բուժստուգումները դարձյալ բացառիկ եւ կարեւոր են` բոլոր առումներով:

Բնականաբար, մենք չէինք կարող այլ սարքավորումներ բերել, բայց եթե դրանցով զննվելու եւ համապատասխան բժշկական միջամտությունների կարիք է ունենում հիվանդը, մենք նրան տալիս ենք ուղեգիր` մասնագիտացված հիվանդանոցում բուժվելու:

– Բժիշկ Լալազարյան, Ձեր կարծիքով ինչու՞ են Սյունիքի մարզում գերակշռում սիրտ-անոթային, առիթմոլոգիական եւ ուրոլոգիական հիվանդությունները, ինչո՞վ են հիմնականում պայմանավորված դրանք:Արդյո՞ք տագնապալի է իրավիճակը, եւ նման դեպքերում ինչպե՞ս վարվի հիվանդ մարդը, ով, մեղմ ասած, փոքր ինչ ուշացրել է…

– Նշված հիվանդությունները, ասացի, բնորոշ-գերակշռող են ողջ հանրապետությունում, բայց Սյունիքի մարզը կարծես բնակչության թվի համեմատ նկատելի գերազանցում է: Մեր կարծիքով այդ հիվանդությունների հիմնական գործոնը սոցիալական պայմաններն են, սթրեսները:

Մարզում ուրոլոգիական հիվանդությունների տարածվածության լրացուցիչ գործոն կարող են լինել ջրի մեջ յոդի պակասը, բաց հանքավայրերի շահագործումն ու էկոլոգիայի աղտոտվածության անթույլատրելի չափերը:

Առհասարակ յուրաքանչյուր հիվանդության խորացման, հետագա բարդացման համար շատ մեծ գործոն է նաեւ հիվանդի կողմից ժամանակին չհետազոտվելն ու առաջին կանխարգելիչ բուժօգնություն չստանալը, որը դարձյալ պայմանավորվում է բնակչության սոցիալական վիճակով: Մարդիկ անտարբեր են դարձել իրենց առողջության ու կյանքի նկատմամբ: Հազիվ, ինչպես ասում են, ծերը ծերին են հասցնում, եւ ժամանակ ու միջոց չեն մնում` սեփական առողջապահության համար: Սակայն դա ամենեւին էլ արդարացնող հանգամանք չէ. կանխարգելիչ բուժումները սովորաբար մի քանի տասնյակ անգամ ավելի էժան եւ անհամեմատ ավելի քիչ ժամանակատար են, քան հետագայում խորացած, բարդացած հիվանդության ախտորոշումն ու բուժումը:

Առողջության պահպանումը պետք է ամրապնդվի մեր հասարակության հոգեբանության մեջ, դառնա առաջատար, մշակույթ եւ կենսակերպ:

Ես կուզենայի ուղղակի յուրաքանչյուր մարդու, այս պարագայում` իմ սիրելի սյունեցիներին խնդրել, որ որեւէ հիվանդություն իրենց մոտ նկատվելու դեպքում` ժամանակին հետազոտվեն, չթողեն, որ այն բարդանա, վերածվի դրանից բխող այլ հիվանդությունների եւ հետագայում արդեն շատ դժվար կամ գրեթե անհնարին դառնա նրա ախտորոշումն ու բուժումը:

Չէի ցանկանա ահաբեկող թվերով խոսել, բայց իրավիճակը, որքանով մենք առնչվեցինք, բավականին տագնապալի է եւ լուրջ: Պատկերացրեք. մենք ընդունելությունների ժամանակ հազիվ կարողանում ենք ծանոթանալ, ախտորոշել եւ բուժզննում անցկացնել տվյալ քաղաքի 100-200 բնակչի, բայց իրականում որքան ավելի մեծ տոկոս են կազմում ընդունելության չներկայացածները, որքան ավելի շատ կարող են լինել սկսված եւ անարգել զարգացումներով ընթացող չհետազոտված հիվանդությունները:

Ի՞նչ կարող եմ ասել մարդուն, որն արդեն նկատել է որեւէ հիվանդագին վիճակ իր օրգանիզմում, որեւէ հիվանդության առկայություն, եւ ինչպես ասում եք` փոքր-ինչ ուշացրել է: Ամենակարեւորը` չկորցնել երբեք հույսը, անմիջապես դիմել բժշկի օգնությանը եւ հավատալ, որ ամեն ինչ լավ կլինի:
Իսկ ընդհանրապես, հիվանդության բարդացումից խուսափելու լավագույն եղանակը ժամանակին հետազոտվելն ու կանխարգելիչ բուժումներ ընդունելն է, առողջ ապրելակերպ վարելը, զերծ մնալը հիվանդությունը խորացնող միջոցներից` ծխախոտամոլություն, ալկոհոլ, հնարավորինս ինքն իրեն հեռու պահելը սթրեսային իրավիճակներից:

Հիվանդ թե առողջ մարդն առհասարակ պետք է կարողանա փոքր-ինչ ավելի հանգիստ նայել իրականությանը, չկորցնել հումորի զգացումը, իրենից վանել չունեւորի խուճապը, ինչ-որ բան չհասցնելու, չկարողանալու տագնապը:

Հավատացեք, ամեն իմաստ միայն հարստության, փողի, նյութի ու շքեղության մեջ չէ, կան շատ ավելի կարեւոր եւ գեղեցիկ արժեքներ, որոնցով հարուստ է մարդը, եւ որոնցից կարող է զուրկ լինել ունեւոր մարդը:

– Այս այցելությունների ժամանակ ձեր մասնագետների կողմից հիվանդին օգնության ինչպիսի՞ հրատապ դեպքեր են գրանցվել…

Կարող եք ՞ առանձնահատուկ նշել սյունիքյան այցի ձեր լավագույն մասնագետներին:
Ինչպե՞ս եք գնահատում տեղական բժիշկների գործունեությունը. արդյո՞ք հիվանդությունների այդչափ տարածումը նաեւ մեր հիվանդանոցների պասիվ եւ անարդյունավետ գործունեության արդյունք չէ:

– Հրատապ դեպքեր իրոք եղել են: Կապանում, օրինակ, ընդունելության ժամանակ հիվանդն ունեցել է անոթային տրոմբոզ: Մեր վիրաբույժ Գալուստ Բարեղյանը շտապ վիրահատական միջամտություն է կատարել` անհրաժեշտ ցուցումներով, փրկել հիվանդի կյանքը: Նման դեպքերում մեկ րոպեն անգամ կարող է ճակատագրական լինել հիվանդի համար:

Շտապ օգնություններ են ցուցաբերվել տարբեր հիվանդների, որոնք ունեցել են առիթմոլոգիական, հիպերտոնիայի եւ այլ խնդիրներ: Սրտի իշեմիկ հիվանդության համար ուղեգրեր ենք տվել մի շարք հիվանդների, իրականացրել ուրոլոգիական, թերապեւտիկ, գինեկոլոգիական խորհրդատվական ծառայություններ:

Չեմ կարող մեր մասնագետներից որեւէ մեկին կամ մի քանիսին առանձնացնել, որովհետեւ բոլորն էլ այս օրերի ընթացքում դրսեւորել են բժշկի բարձր պատասխանատվություն, պրոֆեսիոնալիզմ եւ իրականում բոլորն էլ, անկախ տարիքից, կենտրոնի ճանաչված, կայացած եւ իրենց գործում մասնագիտացված բժիշկներ են:

Կազմակերպիչը կենտրոնի հասարակության հետ կապերի պատասխանատու Լուսինե Պետրոսյանն է, ում առաքելությունը ոչ պակաս կարեւոր եւ առաջնային է:

Ինչ վերաբերում է տեղական բժիշկներին, պետք է ասել` փառք ու պատիվ նրանց: Նախ, բավականին պրոֆեսիոնալ բժիշկներ կան տեղերում, որոնք, ցավոք, արդիական բուժսարքավորումների ձեւաչափի մեջ չեն աշխատում: Սակայն, այդ պայմաններում նույնիսկ նրանք մնում են իրենց բարձունքի վրա եւ հնարավոր ամեն ինչ անում հիվանդին սպասարկելու, ախտորոշելու եւ բուժելու ուղղությամբ: Սա ես ասում եմ ամենայն անկեղծությամբ եւ համոզվածությամբ` Սյունիքի գրեթե բոլոր քաղաքների բժիշկների մասին: 

Բոլորովին այլ խնդիր է շրջանների հիվանդանոցներում թանկարժեք եւ ժամանակակից սարքավորումներ չունենալը, որոնցով էլ պայմանավորված է որոշ հիվանդությունների վաղ ախտորոշման ու բուժման անհնարինությունը: Այդ ցավալի հանգամանքը տեղական բժիշկների մեղքը չէ, եւ ես համոզված եմ, որ եթե այդ հարցն այստեղ էլ լուծված լիներ` մեր այցերի եւ ուղեգրերի կարիք ամենեւին չէին լինի: Կլինեին միայն ցանկալի եւ անհրաժեշտ համագործակցումներ` ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ արտերկրի հիվանդանոցների ու մասնագետների հետ :

– Պարբերաբար կազմակերպված ձեր այցելություն-ընդունելությունները մարզեր ի՞նչ կարեւոր հետեւություն եւ խորհուրդ տվեցին ձեզ:

– Ամենակարեւորը, որ հասկացանք, մեր այցելությունների խիստ կարեւորությունն ու անհրաժեշտությունն էին. տեղական բժիշկները ծանոթանում են մեր աշխատանքին, մոտիկից համագործակցում մեզ հետ: Մեր առաքելությունը կողքից նրանց փոքր-ինչ օգնելն է, բայց հիմնական բեռը դարձյալ մնում է նրանց ուսերին:

Հետեւությունը եւ տեղերում բարձրորակ բժշկության կազմակերպման ելքը մեկն է` մարզերում պետք է ուժեղացվեն հիվանդանոցները` ե՛ւ մասնագետներով, նորանոր կադրերի համալրմամբ, մասնագիտական անընդմեջ կատարելագործմամբ, ե՛ւ արդիական բուժսարքավորումներով ու դեղորայքով:

Իսկ քանի որ Սյունիքի մարզը մայրաքաղաքից բավականին հեռու տարածաշրջան է, ուրեմն, առավել քան կարիք կա Սյունիքում տեղական հիվանդանոցների, տեղական բուժսպասարկման ամրապնդման ու զարգացման:

Այս առումով Գորիսում սրտաբանական հիվանդանոցի ստեղծումը հսկայական դեր եւ նշանակություն ունի: Այն կոչված է սպասարկելու ինչպես ողջ տարածաշրջանին, այնպես էլ Արցախի բնակչությանը: Սուր ինֆարկտով հիվանդն այլեւս կարիք չունի թանկ ժամանակ կորցնելու` մայրաքաղաք հասնելու համար: Շատ կարճ ժամանակամիջոցում սրտային լուրջ խնդիրներ ունեցող հիվանդը ստանում է անհրաժեշտ եւ բարձրորակ բուժօգնություն հենց տեղում:

– Ի՞նչ մաղթանք եւ խոսք ունեք` ուղղված սյունեցիներին եւ ի՞նչ ակնկալիք մեր իշխանական մարմիններից:

– Իմ սիրելի սյունեցիներին, ովքեր ինձ համար ընտանիքի անդամի պես թանկ ու հարազատ են, ամբողջ սրտով մաղթում եմ առողջություն, թող իրենց լավ պահպանեն ու չհիվանդանան, հակառակ դեպքում` անմիջապես կանխարգելեն եւ բուժվեն: Հավատացեք, երբ մեր բժշկական կենտրոն է դիմում որեւէ սյունեցի, ձգտում եմ ամեն ինչով օգտակար լինել, բայց, միեւնույն է, սիրտս ցավում է հիվանդ սյունեցի տեսնելիս…

Սյունեցին պետք է առողջ, ուժեղ եւ աննկուն լինի` իր լեռների պես: Սյունիքը մեր երկրի համար միշտ էլ քաջերի ոստան է եղել, կարեւորագույն եւ հզոր դարպաս: 

Միակ ակնկալիքս պետական մարմիններից այն է, որ շուտափույթ ստեղծվի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար բժշկական պարտադիր պետական ապահովագրություն, հնարավորինս շուտ մեր երկրի քաղաքացին պաշտպանված եւ ապահովագրված լինի անցանկալի հիվանդություններից եւ անվճար բուժումներ ստանա անհրաժեշտության դեպքում: Իսկ դա հնարավոր կլինի միայն բժշկական ապահովագրական համակարգի նորմալ գործարկման դեպքում:

Կուզենայի, որ պետական մարմիններն առավել ուշադիր եւ հոգատար լինեին առողջապահական հաստատությունների խնդիրների ու հոգսերի, բժիշկների նկատմամբ: Ամեն ինչ չէ, որ կարելի է լուծել առողջապահության նախարարության մակարդակով, շատ հաճախ տարածքային, համայնքային իշխանությունների դերը կարող է շատ ավելի սրտացավ եւ արդյունավետ լինել:

– Շնորհակալություն, բարի ծառայություն ձեզ. չէ՞ որ սա էլ է ծառայություն եւ ամենեւին` ոչ պակաս կարեւոր:

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19

Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ

25.12.2024 12:40

Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

25.12.2024 11:21

Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

25.12.2024 10:14

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10