Հոկտեմբերի 30-ի տոնական օրը բարձրակետին հասավ հին Գորիսի Գյունեյ թաղում՝ առասպելական Լաստի ստորոտում․․․
Հազարամյակներ շարունակ հայ մարդուն ուղեկցած և երկրային մեր հոգսերը Բարձրյալին փոխանցող լեռնագագաթներն ու Լաստի արևմտահայաց լանջերը ողողվեցին լույսով, երբ արդեն վրա էր հասել մութը։
Մինչ այդ հարյուրավոր գորիսեցիներ և հյուրեր վայելում էին հրաշալիորեն կազմակերպված համերգը։
Անշուշտ, հետաքրքիր էր երգարվեստի նշանավոր ներկայացուցիչներ Շուշան Պետրոսյանին, Գայա Արզումանյանին, Արփիին, Սոնա Ռուբենյանին և Գարիկ Պապոյանին տեսնել ժայռերի ծոցում պատրաստված բեմահարթակին։ Բայց առավել նկատելի ու գնահատելի էր, անգամ հուզիչ, երգացանկը, որով նրանք ներկայացան գորիսեցիներին։
Համարների մեծ մասում, կարծեք, ոգեկոչվում էր Արցախյան հերոսամարտերում մարտիրոսված հայոց քաջերի հիշատակը, որոնց տեղը, անկասկած, Ավարայրի ու Սարդարապատի նահատակների կողքին է։
Իսկ Գայա Արզումանյանի կատարումները՝ «Կարոտում եմ քեզ, Արցախ», «Այայի երկիր, Արցախ», նաև Շուշան Պետրոսյանի կատարումը՝ «Անունս Արցախ է» նորովի ու յուրովի բորբոքեցին (առանց այդ էլ չսպիացած) մեր ցավն ու կարոտն առ հայոց Արցախ։
Դավաճանված, ուրացված Արցախը, իհարկե, ամեն մի ողջամիտ հայի ցավն է։ Այդ վերքը, սակայն, մի ուրիշ խորություն ունի Սյունիքում․ մեր երկրամասն ու Արցախը դարեր շարունակ մեկ միասնական ամբողջություն են եղել՝ և՛ պաշտպանական առումով, և՛ ժողովրդագրությամբ, և՛ կենցաղով ու բարբառով, ավանդույթներով։ Ուստի և՝ Արցախի կորուստը սյունեցին իր պապենական օջախի, հայրենի տան կորուստ է համարում։
Ահա, թե ինչու էր տոնական Գորիսի բազմաթիվ անկյուններում փողփողում Արցախի Հանրապետության դրոշը։
Համերգային ծրագրին հետաքրքիր երանգներ հաղորդեցին տեղի համույթներն ու անհատ կատարարողները՝ «Մեծ Հայք» պարային ստուդիա (գեղ․ ղեկավար՝ Համլետ Իսախանյան, պարուսույց՝ Կարինե Վարդանյան), «Վահե Մելքումյան» պարային ստուդիա (գեղ․ ղեկավար՝ Վահե Մելքումյան), «Լիլի Նարինյան» պարային ստուդիա (գեղ․ ղեկավար՝ Լիլի Նարինյան), ինչպես և Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի վոկալ բաժնի աշակերտուհի Մոնիկա Մալինցյան՝ երկու երգով, Աշոտ Սաթյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբ (խմբավար՝ Նարեկ Մկրտունց)՝ երեք համարով։
Իսկ համերգը սկսվելուց առաջ Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանն օրհնության աղոթք բարձրացրեց առ Աստված՝ տարածաշրջանի բնակչության համար։
***
Տոնական օրվա եզրափակիչ մասի համար այդ վայրի ընտրությունը մի քանի պատճառ և խորհուրդ ուներ․․․
Այդտեղ է պահպանվում Ձագեձոր բերդի ենթադրյալ տարածքում եղած անտիկ թատրոնի սրահը՝ փորված ժայռերի մեջ՝ ամֆիթատրոնի նման։
Տեղանքի արևելյան մասում Լաստ լեռն է վեր խոյանում, որի հյուսիսահայաց կողմում՝ երկնահաս գագաթների վրա է գտնվել (ըստ վարկածներից մեկի) Ձագեձորի կամ Հաբանդի բերդը։
Տեղանքի չորս բոլորը նշանավոր սրբավայրեր են՝ Սուրբ Մարտիրոսը, Հին եկեղեցին, Մելիքների եկեղեցին, Սուրբ Հռիփսիմեն, Նըհատակի լեռը, Խաչի աղբյուրը․․․
Ասել է՝ այդ վայրը մեր բնօրրանի անցյալն ու ներկան շաղկապող նվիրական տեղերից է, Գորիսի հավերժական ընթացքի խորհրդանիշներից մեկը։
Այդ տարածքում էլ Գորիսի երկրագիտական թանգարանը, Ակսել Բակունցի տուն–թանգարանը, Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցը, ինչպես և բազմաթիվ անհատներ տոնական օրը կազմակերպել էին գորիսյան ազգագրական կոլորիտն արտացոլող ցուցահանդես։ Ներկայացվել էին հնագիտական ու ազգագրական, նաև կիրառական արվեստի, կերպարվեստի, խեցեգործության ու կարպետագործության, արծաթագործության ու փայտագործության ցուցանմուշներ։
Նույն այդ վայրում գորիսեցիները կազմակերպել էին ավանդական հյուրասիրություն՝ ըստ համայնքի բնակավայրերի ու նախադպրոցական ուսումնական հաստատությունների։
Տաղավարներում գորիսյան ավանդական համադամ կերակուրներ էին, մրգեր ու մրգանույշներ, բաղարջի տեսակներ․․․
Մենք մոտեցանք գրեթե բոլոր տաղավարներին ու սեղաններին, բայց կանգ առանք Հարթաշենի ու Քարահունջի տաղավարներում և այդ գյուղերի վարչական ղեկավարներ Արմեն Խաչատրյանի ու Լուսինե Ավետյանի առաջարկությամբ ճաշակեցինք հարիսա, ղափամա, շփոթ, մեղր, փոխինձից պատրաստված ուտեստներ և, իհարկե, հանրահայտ «Քարահունջ» օղի։
***
Տոնակատարության եզրափակիչ մասին նախորդել էին քաղաքի Թումանյան և դեպի հին Գորիս ձգվող փողոցների, ինչպես և «Վիենի պուրակ»–ի բացման արարողությունները։
1.5 կմ երկարությամբ Թումանյան փողոցը հիմնանորոգվել է 220 մլն դրամ գումարով՝ ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրով։ Հիմնանորոգումն իրականացրել է «Տեխնախշին» ՍՊԸ–ն (ղեկավար՝ Արթուր Ավետիսյան)։
«Վիենի պուրակ»–ի հիմնանորոգումը Գորիսի պատմական կենտրոնի վերականգնման ծրագրի մի մասն էր (ծրագրի ընդհանուր արժեքը՝ 1.4 մլրդ դրամ)։ Ծրագիրն իրականացրել է հանրապետությունում ճանաչված շինարար Ղուկաս Գրիգորյանի գլխավորած «Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊ ընկերությունը։ Աշխատանքները կատարվել է ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» միջոցներով:
Ի դեպ, Գորիսի «բրենդներից» մեկը՝ «Գորիսի բուլվարը», որ կառուցվել էր 1949 թվականին, 2000-ականների սկզբին վերանվանվել էր «Վիենի պուրակ», ավելի ուշ այնտեղ տեղադրվել էր Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի հիշատակի խաչքարը:
Այդ պուրակի տեղում էր 1897 թ․ կառուցվել Ռուսաց ժամը՝ Սուրբ Նիկողայոս անվամբ, որը, ամենայն հավանականությամբ, քանդվեց 1926-ին։
Սաթյան–Նժդեհ փողոցների խաչմերուկից մինչև հին Գորիս ձգվող 2.2 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգել է «Գրիգորյանշին» ՍՊԸ–ն (ղեկավար՝ Մ․ Գրիգորյան)։ Ծրագրի արժեքը՝ 405 մլն դրամ։ Այդ աշխատանքը նույնպես իրականացվել է ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրով։
Ժայռերի լուսավորումը, որին անդրադարձանք խոսքի սկզբում, իրականացվել է ԵՄ–ի և Գորիսի համայնքապետարանի համատեղ ծրագրով (արժեքը՝ մոտ 60 մլն դրամ)։
Ներկայումս «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ–ի հետ քննարկվում է ժայռերի լուսավորման հետագա ծախսերի խնդիրը։
Ըստ Գորիսի համայնքապետարանի քաղաքշինության և կոմունալ տնտեսության բաժնի պետ (գլխավոր ճարտարապետ) Գարեգին Փարսյանի՝ Թումանյան և հին Գորիս ձգվող ճանապարհների հիմնանորոգումը կատարվել է Գորիսի համայնքապետարանի համաներդրմամբ՝ յուրաքանչյուր ծրագրի արժեքի 40 տոկոսի չափով։
Նշված ենթակառույցների բացման արարողություններն ուղեկցվում էին երաժշտական կատարումներով։
«Վիենի պուրակ»-ում, օրինակ, «Երգիր կյանքը» երգի երաժշտության ներքո պարում էին Գորիսի ֆրանսախոսների մշակութային կենտրոնի սաները (գեղ․ ղեկավար՝ Վահե Մելքումյան)։
Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի սաներից կազմված երգչախումբն էլ (խմբավար՝ Հասմիկ Սաթունց) կատարեց «Քեզ համար, Հայաստան» երգը, որը նաև արվեստի այդ դպրոցի հիմնն է։
Հին Գորիս տանող փողոցի բացումն էլ կատարվեց Աշոտ Սաթյանի անվան երաժշտական դպրոցի դհոլահարների համույթի կատարումների ներքո (գեղ․ ղեկավար՝ Հարութ Առուստամյան)։
***
Գորիսյան տոնի ուշարժան դրվագներից մեկն էլ, ինչպես ասացինք, Լաստ սարի արևմտահայաց լանջերի և մերձակա ժայռերի լուսավորումն էր, որն այսուհետ գորիսյան իրականության մի մասը կլինի։
Մեր լեռնաշխարհի բազմաթիվ բնակավայրեր իրենց սրբազան լեռն ունեն։
Գորիսի սրբազան լեռն էլ Լաստն է, որի հետ կապված բազում ավանդազրույցներ կան, նաև չափածո ու արձակ ստեղծագործություններ։
Ավանդազրույցներից մեկը մեզ է փոխանցել Սերո Խանզադյան մեծ հայը, որը հիշեցինք տոնական օրը․ «Ձեր այս լեռան Լաստ անունն առնչվում է Նոյի լաստ-տապանի հետ», - ասել է Րաֆֆին 1881 թվականին` գորիսեցիների հետ զրուցելիս: Այդ մասին վկայում է Սերո Խանզադյանը «Յախշի ապոր պատմածը» հուշագրության մեջ («Գրական թերթ», 21 մարտի 1986թ.): Գրողին 1932 թվականին պատմել է Ուհանին Բաբուն Յախշի ապերը, ով Գորիսում զրուցել է Րաֆֆու հետ եւ նրան հյուրասիրել մածնով ու ջաղացբաղարճով: Սերո Խանզադյանի եւ Յախշի ապոր զրույցին ներկա է եղել Սիլդարին Աթանեսը: Լաստ սարի մասին նույն ավանդազրույցը Սերո Խանզադյանին պատմել է նաեւ բրուտ Թանգունց Գալուստ ապերը՝ ծնված 1855 թվականին, ով նույնպես Գորիսում հանդիպել է Րաֆֆուն»:
***
Տոնական օրը Գորիս էին ժամանել բազմաթիվ հյուրեր ոչ միայն Սյունիքի մարզի տարբեր վայրերից, այլև արտերկրից։
Համեմատաբար մեծ պատվիրակություն էր եկել Ֆրանսիայից, որը գլխավորում էր ՀՀ–ում ֆրանսիացի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին , Վիենի քաղաքապետ Թիերի Կովակսին, Սեն Շամոնի քաղաքապետ Ակսել Դյուգուան, Մորնանի քաղաքապետ Ռենո Ֆոֆեին, Բրոնի փոխքաղաքապետ Մարտին Շարեյրին և ուրիշներ։
Գորիսեցիների ուրախությունը կիսում էին Կապանում ՌԴ ԱԳ նախարարության առաջատար խմբի ներկայացուցիչներ Իգոր Տիտովն ու Դմիտրի Կրասնովը։
Գորիսեցիներին, համայնքային իշխանությանն ու համայնքապետ Առուշ Առուշանյանին շնորհավորելու էին եկել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Մեղրու համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը, Սիսիանի համայնքապետ Հովսեփ Առաքելյանը, Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը, Տաթևի համայնքապետ Սամվել Լալայանը։
***
Անշուշտ, Գորիսի տոնը կայացավ, ընդ որում՝ կայացավ ամենաբարձր մակարդակով ու կազմակերպվածությամբ։ Եվ քանիցս լսեցինք գորիսեցիների շնորհակալական խոսքը՝ ուղղված համայնքապետ Առուշ Առուշանյանին, համայնքապետարանի աշխատակազմին, վերոնշյալ վերանորոգումներն իրականացրած շինարարական կազմակերպություններին, երաժշտական համույթներին և անհատ կատարողներին՝ քաղաքին նման տոն պարգևելու համար։
Երբեմնի ճանապարհային ակտիվ հանգույց և տնտեսական, կրթամշակութային ու հոգևոր կենտրոն Գորիսը 2020 թ․ նոյեմբերի 9-ից և մասնավորապես այդ տարվա դեկտեմբերի 18-ից ու Ադրբեջանի հետագա ագրեսիվ գործողություններից հետո դարձել է քաղաք–փակուղի՝ դրանից բխող տխուր հետևանքներով ու խնդիրներով։
Պատահական չէ, որ ներկայումս, քան երբևէ, հույժ արդիական է դարձել մեծ գորիսեցու՝ Հայոց մեծ գուսանի պատգամը, որ հնչեց նաև տոնական արարողություններում.
«Աշկ ենք պացալ, շափաղ առալ
էս ծյորան,
Սեր ենք առալ, շափաղ առալ
էս ծյորան,
Սաս սասի տանք, սրտեր
պանանք կուրունքվա տըես,
Հազար սրտի խաղ եմ կապալ
էս ծյորան:
Հըռանանք վըեչ մըեր նախշարար
էս ծյորան»։
Սամվել Ալեքսանյան
Լուսանկարները՝ Մարիամ Լազարյանի