Զորաց քարեր. աստղադիտարա՞ն, թե՞ դամբանադաշտ, պարիսպ...

15.08.2017 08:50
1777

Պարզ սկիզբ

Զորաց քարերի պահապան տնօրեն Աշոտ Ավագյանի հետ այս շոգին-կրակին բանավիճեցինք. գիշերվա վատ երազ էինք մեր տաղանդավոր ընկերոջ համար: Երեւի նրան էլ հանելուկ մնաց, թե որտեղից հանկարծակի բուսանք եւ սկսեցինք 7,5-10 հազար տարի առաջվա բազար անել: Անկեղծ ասած, Աշոտը բացառիկ համբերատար հերոս է. քանի տարի է արդեն՝ դիմանում է ամայի տարածքի քարերի մեջ, որ աշխատավայր է կոչվում՝ առանց աշխատասենյակի, մի կանգնելու տեղ էլ չունի, մի ծածկ, որ շոգից ու ցրտից պաշտպանվի: Հաստատ մենք մի օր էլ չէինք դիմանա: Առաջին հայացքից խենթանալու անիմաստ բան է թվում: Դեռ կողքից էլ մեկը գա եւ նոր տողից հարցուփորձ անի:


Եթե ամեն ինչ ասելով է, ես էլ ասում եմ՝ այս անցքերից տիեզերքի հետ հաղորդակցվել են հոգիները եւ կարեւոր բաներ ասել ապրողներին: Տո, վազն անցեք է… Սա մեղուների բույն է եղել… դամբանադաշտ… Պարիսպ է եղել, այլմոլորակայինների տիեզերակայան, ծով է եղել, քարերի անցքերն էլ՝ խարսխատեղ նավերի, ձկնորսների համար…


Ինչպես ասում են, Աշոտ ջան, դիմացիր, լրագրողի ճանկ ես ընկել:


Ասա՝ նկարիչ ես, ի՞նչ գործ ունեիր էս մեռած քարերի հետ: Մյուս կողմից էլ՝ հենց արվեստագետն է, որ կարող է հասկանալ նրանց, նրա ճակատի գիրն է քարերին գամվելն ու լեգենդներից շղթայվելը:

Երեւի այս քարերի անցքերից են լեգենդի վարժեցված մեղուները եկել եւ Աշոտի հոգին շղթայել...

Կամ, ով գիտե, գուցե Աշոտը մի նոր գալակտիկա է հայտնաբերել եւ ուզում է թաքուն մեզանից գլուխն ազատել…Մտածում ես… Բայց որ Աշոտն իրականում ուժ է ստանում այս տարածքից, կասկած չկա:

Կարծում եմ, ոչ մի գիտնական իրենից լավ չգիտի, թե իրականում ինչ է կատարվում այստեղ, երբ ինքն ու քարերը մնում են դեմ առ դեմ, մենակ:

Աշոտն է այս զորեղ քարերի հետ ամեն օր նստում-վեր կենում, զրուցում, միայն նա կիմանա սրանց դարդն ու գերբնական ուժը…

Ինչպես տեսաք՝ թվարկեցինք ամեն վարկած, բայց ոչ՝ աստղադիտարանի, որովհետեւ ֆիզիկոս-ճարտարագետ Պարիս Հերունուց հետո, ով հիմնել եւ երկար տարիներ ղեկավարել է ռադիոֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտը, հայտնվել են դոկտոր-պրոֆեսոր, հնագետ, միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի անդամ, պատմամշակութային արգելոցների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությունների ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխնօրեն Աշոտ Փիլիպոսյանը եւ նրան հետեւող արշավի հնագետներ, ովքեր կատարված որոշակի պեղումներից հետո պնդում են, որ վայրը եղել է դամբանադաշտ, եւ այդ ուղղությամբ պատրաստվում են նոր պեղումներ կատարել:

Հարգարժան հնագետին մենք դեռ կհանդիպենք եւ ավելի մանրամասն կզրուցենք այդ մասին: Այսպես՝ հեռվից, չենք կարող հասկանալ, թե ինչու հնագետն իր նախնական պեղումների արդյունքները չի հրապարակել էլեկտրոնային տարբերակով, ինչո՞ւ համաձայն չէ Պարիս Հերունու վարկածի հետ:

Իսկ հիմա Զորաց քարեր արգելոցի վարիչ, գեղանկարիչ Աշոտ Ավագյանն է, ով վստահ է, որ հնավայրին ՊՈԱԿ-ի (պետական ոչ առեւտրային կազմակերպության) մասնաճյուղի կարգավիճակ տալը խիստ անհրաժեշտ էր. հանգամանորեն այն կպեղվի, կուսումնասիրվի, անհրաժեշտ բարելավումներ կարվեն, արդյունքում՝ կավելանա զբոսաշրջիկների հոսքը, վայրը կլինի բարեհարմար՝ իր ենթակառուցվածքներով:

Հետագայում էլ, ով գիտե, գուցե զբոսաշրջիկներից եկած քիչ ու միչ հասույթը կարողանա ծառայել միջավայրի ավելի բարելավմանը, հնավայրը դառնա զբոսաշրջության իսկական քաղաքակիրթ կենտրոն:

- Սուրճ էլ կլինի՞, Աշոտ…


- Անպայման, առաջինը սրճարանն է կառուցվելու:


- Դե, փառք Աստծո, ուրեմն ամեն ինչ կարգին է:


Պատմական անդրադարձ

Իսկ հիմա՝ Աշոտի հետ զրույցը սկսելուց առաջ, մի փոքրիկ պատմական անդրադարձ կատարենք Զորաց քարեր պատմամշակութային հնավայրին:


Ինչպես գիտենք, Պարիս Հերունու կողմից նրան տրվել է նոր՝ երկրորդ անուն՝ Քարահունջ:


Թող ինձ ների մեծ գիտնականի հոգին, բայց ես, անձամբ, կարծում եմ, դրա կարիքը չկար. իր պատմական անվանումը շատ ավելի հզոր եւ խոսուն է: Բայց, իհարկե, մեծ գիտնականին հակառակվելն այնքան էլ հեշտ գործ չէ, եւ ՀՀ կառավարությունն էլ 2004 թվականին, հիմք ընդունելով այս նոր փոփոխությունն ու Հերունու պնդումը, ընդունեց այն ու վայրը վերանվանվեց Քարահունջի աստղադիտարան:


Եվ այսպես, ես կշարունակեմ հին անվանումով՝ մի քիչ էլ օգտվելով գոյություն ունեցող աղբյուրներից. Զորաց քարեր հնագույն մեգալիթյան համալիրը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտակայքում:


Երկու հարյուրից ավելի ուղղահայաց կանգնած, մինչեւ 3 մետր բարձրություն ունեցող քարերը, որոնց անվանենք մենհիրներ, զբաղեցնում են 3 հեկտարից ավելի տարածք:


Քարերի կեսից ավելին ունեն անցքեր, որոնց տրամագիծը կազմում է 5-7 սմ: Այդ քարերը կազմում են տարբեր տրամագծեր ունեցող երկու շրջան, որոնց անվանենք զրահներ: Զորաց քարերը պատմության գաղտնիքներից է, որը երկար տարիներ վիճահարույց հարց է գիտնականների շրջանում:

Ենթադրություններ էին արվում, որ մ. թ.ա. 3-րդ, 2-րդ հազարամյակներում վայրը պաշտամունքային նշանակություն ուներ: Պատմաբանները ենթադրում են, որ մենհիրներով շրջապատված քարերը քարե պատեր եւ կտուր ունեցող գերեզմանաթմբի ավերակներն են: Ի հաստատումն վարկածի, որ Զորաց քարեր համալիրը հնագույն աստղադիտարան է, 1994-1997թթ. ֆիզիկոս, ակադեմիկոս Պարիս Հերունու ղեկավարությամբ 4 գիտահետազոտական արշավ է կազմակերպվել:


Հետազոտությունների շրջանակներում, որոնք անցկացվում էին արեւակայության եւ գիշերահավասարի օրերին, արշավի մասնակիցները չափում էին տեղանքի մագնիսական շեղումը, աշխարհագրական կոորդինատները եւ հուշարձանի չափերը: Բարդ հաշվարկումների եւ անցքերով երկնային լուսատուների շարժման բազմաթիվ դիտումների արդյունքում Հերունին առաջ քաշեց իր վարկածը, այն, որ Քարահունջի աստղադիտարանը (ինչպես ինքն անվանեց այն) ավելի քան 7500 տարեկան է:

Հերունին նույնիսկ զուգահեռ է անցկացնում անգլիական Սթոունհենջի (3020-2910 մ.թ.ա.) եւ հայկական Քարահունջի՝ Զորաց քարերի միջեւ: Գոյություն ունի նաեւ երրորդ` միստիկական տեսակետ, աշխարհի տարբեր վայրերում մեգալիթյան կառույցների, այդ թվում Զորաց քարերի գոյության վերաբերյալ. այն, որ դրանք գտնվում են երկրակեղեւի բեկման վայրերում, որոնք օժտված են էլեկտրամագնիսական դաշտի բարձր ինտենսիվությամբ:


Ըստ այդ տեսակետի՝ հենց այդ կառույցների միջոցով էլ Երկիրը ստանում է տիեզերական էներգիա եւ ահա, այդ ուժի քարերի համալիրը, պարզվում է, տեղակայված է երկրագնդի էներգետիկորեն ամենազորեղ վայրերից մեկում:


Առիթից օգտվելով՝ զուտ անձնական տեսակետ հայտնեմ. կարծում եմ, Սյունյաց աշխարհն էլ սնվում է այս տարածքի առանձնահատուկ էներգետիկ ուժից:


Կա նաեւ այսպիսի տեսակետ. ոմանք ենթադրում են, որ «զորաց» բառը իմաստային կապ ունի «զոհ» արմատի հետ, ինչը հնարավոր է դարձնում բացատրել Զորաց քարեր անվանումը՝ որպես «զոհաբերությունների վայր»:


Ժողովուրդը համալիրն անվանել է Դիք-դիք քարեր, բայց տվյալ շրջանակներում «դիք» բառը ոչ մի առնչություն չունի «վեր ցցված» իմաստի հետ: «Դիք» բառաձեւը հնդեվրոպական արմատ ունի եւ «աստվածներ» է նշանակում: Այսպիսով, ժողովրդական անվանումը կարելի է թարգմանել որպես «աստվածների քարեր»:


Ինչ վերաբերում է Քարահունջ անվանը, այն հիմնականում բացատրվում է որպես «քարերի ձայն» կամ «հնչող քարեր» նշանակությամբ:


Զրույց Աշոտի հետ
Իսկ հիմա, պատմական այս ողջ իմացությունն առած՝ զրուցենք արգելոցի վարիչ Աշոտ Ավագյանի հետ:
Ծնվել է 1958 թվականին Սիսիանում, ավարտել է Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը, ամուսնացած է, ունի երկու զավակ, երկու թոռ:


Հայտնի է իր գեղանկարչական աշխատանքներով, պետական մրցանակի է արժանացել իր ամենալավ գործերից մեկի՝ Մատենադարանի նոր մասնաշենքի դահլիճի որմնանկարի համար:


Երկար տարիներ աշխատել է Սիսիանի գեղարվեստի դպրոցում, իսկ 2011-ից Զորաց քարեր արգելոցի վարիչն է, շարունակում է նկարել, զբաղվել իր արվեստով:


Միշտ էլ սիրել է իր քաղաքի սարերը, քարերը, հենց սրանք էլ պահել են իրեն այստեղ: 70-ականներից ի վեր կապված է եղել Զորաց քարերի առեղծվածի հետ, համարում է, որ գտել է տիեզերքի կենտրոնը եւ դա, իմ ենթադրությամբ՝ հենց Զորաց քարերն է:


Հրաշալի մարդ եւ ընկեր, տաղանդավոր գեղանկարիչ է՝ իր անսպասելի փշերով, հումորով ու պարզությամբ, համեստությամբ, ինչն արդեն խոսում է նրա տաղանդի եւ արժանիքների մասին:

Հայտնությունների եւ երեւակայության աշխարհում հավերժ գերեվարված է, եւ գերության վայրը, ինչպես հասկացա, դարձյալ Զորաց քարերն է:


Իսկ Աշոտի հետ զրույցն անմիջական ստացվեց, չինովնիկական կաղապարներից զերծ. դե, պարզ է, արվեստագետի իր պարզ բնույթից է գալիս, մի տարիքի, մի սերնդի մարդիկ ենք, իրար գիտենք, մի տնից չենք՝ մի հալի ենք, այսպես ասած:


Այնպես որ, պարզ մարդուն՝ պարզ հարցեր, առանց մեծադղորդ մասնիկների:


Շոգ է, կձգտենք քիչ խոսել, մանավանդ որ առջեւում նոր պեղումներ են սպասվում, սպասվում է գիտնական, հնագետ Աշոտ Փիլիպոսյանի հետ հանդիպում, զրույց:


- Աշոտ, ե՞րբ է Զորաց քարեր հնավայրին տրվել պետական կարգավիճակ:

ՊՈԱԿ-ի մասնաճյուղ դառնալուց հետո փոխվե՞լ է վերաբերմունքը նրա նկատմամբ:
Ինչպիսի՞ ակնկալիքներ կան:


- Պետական կարգավիճակ տրվել է 2009 թվականին, որից հետո հնավայրը դարձել է մշակույթի նախարարության պատմամշակութային թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի մասնաճյուղ:


Վերաբերմունքը զգալի է փոխվել, պեղումներ են կատարվել, շուտով նոր պեղումներ կկատարվեն, ցանկապատվել է տարածքը: Գալիք տարվա մեջ նախագիծ կա, ըստ որի՝ կսկսեն ավտոկայանատեղիի, ծառայողական շենքի, թանգարանի, սրճարանի կառուցման աշխատանքները՝ իրենց ենթակառույցներով:


- Աշոտ, եթե չեմ սխալվում՝ Զորաց քարերի հնագույն քաղաքակրթությանը ձեռնոց ես նետել՝ ոչ այդքան մեծ հեռավորության վրա քարերի մի նոր հուշարձան ստեղծելով ճամփեզրին:

Ո՞րն է նպատակը, արդյո՞ք մարդիկ, հատկապես՝ անծանոթները, այն չեն շփոթի Զորաց քարերի հետ եւ այլեւս չեն ցանկանա տեսնել իրական թանգարան-բնակատեղին:

Խոստովանեմ, նմանությունը մեծ է, որտեղի՞ց ես գտել այդ քարերը:


- Գիտե՞ք, պետք է կրթել մարդկանց: Նախ, այնտեղ ցուցանակ է դրված, որը ցույց է տալիս էպիկենտրոնը: Բոլորի ձեռքից չե՞մ բռնելու եւ բերեմ Զորաց քարեր հնավայր, թող նայեն ցուցանակին:


Այստեղ բերող ճանապարհի կողքի տարածքը, որն իմն է, հարմարեցրել եմ նոր հուշարձանի համար, որոշել եմ ժամանակակից արվեստի լեզվով ասած՝ լանդշաֆտի արվեստ ստեղծել, մեգալիթների եւ արդի ժայռապատկերների մշակույթները համադրել:


Նպատակ ունեմ հետագայում՝ որքան միջոցներս կթույլատրեն, քանդակների պարկ ստեղծել: Կան արդեն մի քանի քանդակներ այսօրվա հայտնի քանդակագործների աշխատանքներից: Այն իր ձեւի եւ տեսակի մեջ կդառնա մի նոր հուշարձան, եւ վաղն էլ այն կնվիրեմ պետությանը:


- Քո անունի՞ց:


- Չէ, չէ, ի՞նչ անուն, ոչ մի անուն, ուղղակի նվիրելու եմ:


- Իսկ քարե՞րը… Որտեղից ես գտել այդ քարերը, այդքան նման Զորաց քարերին:


- Քարի նմանը ո՞րն է, որն էլ վերցնես՝ քար է:


Ծիծաղում ենք. հա էլի, իրոք, քարերն այդ առանձնահատկությունն ունեն. բոլորն էլ քար են: Բա էլ ինչու՞ են որոշ մարդկանց ասում ՝ քար. նմանվում են քարի:


Աշոտը շարունակում է.


- Սիսիանի քարհանքից եմ առել, կտրել ու բերել այստեղ: Լինելով գեղանկարիչ՝ նաեւ մի քիչ էլ քանդակագործ եւ ճարտարապետ եմ, ունեմ ձեւի, չափի, տեղադրման մշակույթի զգացողություն եւ փորձ:


- Աշոտ, կուզե՞ս անցնենք գիտական ոլորտ՝ այնպես, թեթեւակի:

Ի՞նչ կասեիր. ճի՞շտ է, որ հնագետ Աշոտ Փիլիպոսյանը Զորաց քարերի մասին լուրջ հակադարձել է պարիսյան ընդունված կարծիքին:

Որքան մեզ հայտնի է, այս առումով գիտական վերջին խոսքը Պարիս Հերունին է ասել:


- Իմ բնագավառը չէ, բայց կարծում եմ վերջին խոսքը դեռ ասված չէ, հարցը շարունակում է վիճահարույց մնալ: Երեք տարի առաջ դոկտոր-պրոֆեսոր, հնագետ Աշոտ Փիլիպոսյանը պեղումներ է կատարել, դրանք դեռ ընթացքի մեջ են, եւ այս տարի նախատեսվում է նորից պեղումներ կատարել: Այս անգամ դրանք տեւական կլինեն:


- Իսկ հնագետ Փիլիպոսյանի պեղումների արդյունքները հրապարակվե՞լ են, կարո՞ղ ենք ծանոթանալ, կարդալ:


- Աշխատանքներն ընթացքի մեջ են, ընդամենը դամբարանն ու զրահն ենք մաքրել, այնպես չէ, որ ինչ-որ բան վերջնականապես գրվեր: Միայն՝ վերջնական պեղումներից հետո:


- Աշոտ, տեղանքին լավ ծանոթ մարդ ես, Սիսիանի բնակիչ, հնավայրի երկարամյա տնօրեն եւ արվեստագետ, ինչպիսի՞նն է քո կարծիքը: Հետաքրքիր է լսել:


- Կարծիքս այն է, որ Զորաց քարերն ի սկզբանե պարիսպ է եղել: Այդպիսի ճարտարապետություն գոյություն ունի, այս մասին մանրամասն գրված է նաեւ հանրագիտարանում:


1970 թվականից, ըստ էության, այստեղ եմ, տասը եւ ավելի վարկած գիտեմ, մեկն այն է, որ ձիավորաց դաշտ է եղել, մյուսը՝ աստղադիտարան, արեւի տաճար, համալսարան, մեղուները բազմացնելու տեղ, այլմոլորակայինների էներգակիր կայանատեղի՝ մի գալակտիկայից մյուսը թռչելու, էներգիա հավաքելու համար եւ այլն:


Կա նաեւ պաշտոնական գիտական տեսակետ, ըստ որի՝ բրոնզե դարաշրջանի դամբանադաշտ է եղել: Ես ավելի շատ հակված եմ գիտական այս տեսակետին:


- Աշոտ, ստացվում է, որ դու, պարզ ասած՝ գերեզմանատան պահա՞կ ես…


Ծիծաղում ենք, Աշոտը շատ բան տեսածի, գրեթե Սոկրատի ժպիտով է արձագանքում.
- Պահակ եմ, բա ի՞նչ եմ:


- Հերունին այդ կարծիքին չէր, Աշոտ, նա աստղադիտարանի վարկածն էր առաջ քաշում, ինչն ավելի հավանական է:

Չէ՞ որ կա նաեւ զուգահեռ անգլիական Սթոունհենջի հետ, դա ինչո՞վ է պայմանավորված, պատահակա՞ն է, որ նման քարեր հայտնաբերվել են նաեւ Անգլիայում:


- Չեմ կարող ասել: Բոլոր վարկածներն էլ գեղեցիկ եւ հավաստի են հնչում, մնում է գտնել ճիշտը, ինչ էլ լինի՝ դրանից հնավայրի էությունը չի փոխվում, այն դարձյալ մնում է հնագույն մարդկանց կենցաղն ու մշակույթը, քաղաքակրթությունը վկայող մասունք-վավերագիր:


Անձամբ ինձ շատ է դուր եկել մեղուների վարկածը, այն, որ առաջինն այս բնակատեղիի մարդիկ են ընտելացրել մեղվին, այդ անցքերով ուղարկել են նրանց, գնացել են նեկտար հավաքել ու հետ եկել:


- Այո, շատ գեղեցիկ լեգենդ է, ես էլ շատ սիրեցի:


- Բոլորն էլ գեղեցիկ են, մնում է ամենահամոզիչն ի հայտ բերել:


- Նորից գալիս ենք զրույցի սկզբին. եւ ո՞րն է այն՝ ամենահամոզիչը:


- Ես ձեզ ուրիշ բան ասեմ. Սյունիքի տարածքով սփռված են այսպիսի շատ ու նաեւ անցքավոր քարերի խմբեր: Բոլորը հո չե՞ն կարող աստղադիտարան կոչվել: Կարող եմ նույնիսկ ձեզ տանել եւ ցույց տալ Հարժիսի, Բիչանակի, Նորավանի, Ույծի, Վերիշենի եւ այլ տարածքում եղած նմանատիպ քարերը: Ես չեմ կարող ասել, թե նրանցից յուրաքանչյուրն ի՞նչ նպատակով է ստեղծվել, բայց որ կան, դա փաստ է:


Սամվել Ալեքսանյան,-  Չպետք է դրանք նույնացնել, կոնկրետ մի քանիսը Պարտավ-Դվին միջնադարյան ճանապարհի սյունիքյան ճյուղն են ցույց տալիս՝ գալով Նախիջեւանից եւ Բռնակոթից, մյուսները ժամանակի ընթացքում ծռվել են, թեքվել են, հողի տակ է մնացել ինչ-որ բան:

Համաձայն չեմ դամբանադաշտի եւ մյուս վարկածներին: Զորաց քարերը եղել է աստղադիտարան, ինչի ճիշտ նմանակը կա նաեւ Սթոունհենջում. ի դեպ, Պարիս Հերունու վարկածին դեռեւս ոչ ոք հիմնավորապես չի հակադարձել:

Հայաստանում Զորաց քարերի պես երկրորդը չունենք, սա բացառիկ հուշարձան է:


- Ես չեմ համարձակվի այնպիսի բան ասել, որը դեռ ապացուցված չէ վերջնական եւ հիմնովին պեղումներով: Միայն լուրջ պեղումները կարող են ճշմարտությունն ասել: Բայց եւ այնպես՝ հակված եմ պարսպի կարծիքին:


Հաստատ սա պարսպապատ է, որը շարվածքի նախատիպ է, միդիս ոճի մեջ: Այս ոճը մինչ այսօր էլ օգտագործվում է, այն բարձրացնում են, երկզրահանի պարսպի ձեւ տալիս:


Չեմ ուզում այնպիսի բան ասել, որ հետո աշխատի իմ դեմ:


Վստահ սա կասեմ՝ երեք փաստի առկայություն միայն կարող են հավաստի կարծիք ստեղծել հնության մասին. մեկը՝ սովորույթը, եթե պահպանվել է նրա հետքը, մյուսը՝ գրավոր աղբյուրները, բանավորն էլ հավաստի չէ: Երրորդը՝ հնագիտական նյութը, այդ թվում՝ վիմական արձանագրությունները, որոնք այստեղ բացակայում են, գրավոր հիշատակություն չկա ոչ մի գիտական աղբյուրի մեջ՝ ո՛չ Ալիշանի, ո՛չ Օրբելյանի եւ մյուսների գործերում:


Էլի եմ ասում՝ մինչեւ պեղումները չավարտվեն, կամ գոնե ընթացքի մեջ չլինեն, հենց այնպես ինչ-որ բան ասելը ճիշտ չէ:


Ի՞նչ կարող ես իմանալ, թե այդ ժամանակաշրջանի եւ տարածքի մարդիկ ինչպիսի՞ հավատալիքներ են ունեցել, տոտե՞մ են, ո՞վ են, ի՞նչ են, պետք է պեղել եւ պարզել:


Ինչ վերաբերում է Քարահունջ երկրորդ անվանը, դրան էլ դեմ եմ, հենց այնպես անուն չեն դնում, մանավանդ, որ նա արդեն պատմական հավաստի անուն ուներ:


Սամվել Ալեքսանյան, - Վստա՞հ եք, որ Զորաց քարերի մասին ոչ մի հիշատակում չկա վիմական արձանագրություններում:


- Այո, ազգագրագետ Երվանդ Լալայանը 1886 թվականին առաջին անգամ եկել է այստեղ եւ այս հուշարձանի մասին ընդամենը հիշատակել իր հրապարակումներում, որից հետո՝ Լիսիցյանը, Հասրաթյանը, դարձյալ ոչ մի հիշատակություն: Թուրքացված տեղանուններին են անդրադարձել, կատարել թարգմանություններ:


Կարծում եմ, ամենաճիշտը Զորաց քարերի անվան՝ Լիսիցյանի տարբերակն է. Երիվարաց դաշտ, որն է՝ ձիավորների դաշտ:


- Աշոտ, արտերկրից եկող այցելուների համար ունե՞ք թարգմանիչ, գիդ եւ՝ առաջիկա ծրագրերի մասին:


- Կա պետական ծրագիր՝ հուշարձանի հետ կապված, նախագիծ է արվել մի շարք կառույցների եւ ենթակառույցների շինարարության համար: Եթե չեմ սխալվում, գումարն արդեն նախատեսված է համաշխարհային բանկի կողմից, հաջորդ տարվանից կսկսվեն շինարարական աշխատանքները:


Իսկ գիտական մասով ավելի հանգամանորեն կարող եք զրուցել հնագետ Փիլիպոսյանի հետ, ով օգոստոսի 15-ին կլինի այստեղ:
                                                          
Պարզից էլ պարզ էր. տաղանդավոր գեղանկարիչ, հնավայրի վարիչ Աշոտ Ավագյանի զահլեն տարանք այս շոգ-կրակին, մեր գիտահետազոտական-միտահետազոտական հարցերով ու տվայտանքներով:
Սպասենք հնագետ Աշոտ Փիլիպոսյանին…


Հ.Գ.1 Հեռաձայնելով հնագետ, դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանին՝ նա հայտնեց, որ օգոստոսի 15-ին կայցելի Զորաց քարեր հնավայր եւ հենց այստեղ էլ կպատասխանի մեզ հետաքրքրող հարցերին:


Միաժամանակ, հնագետը պնդեց, որ Զորաց քարերի կապը Սթոունհենջի հետ զուտ կառուցվածքային է եւ ոչ՝ բովանդակային:


Հ.Գ.2 Պարզվեց՝ իտալացի Ռոբերտոն՝ Միլան քաղաքից, ֆրանսերեն քիչ-միչ կարողանում է խոսել, ես նրա հետ հաղորդակցվեցի իմ դպրոցական՝ լիովին չմոռացած ֆրանսերենով:


Հարցրի՝ դուք գիտե՞ք, թե որտեղ եք եկել:


Պատասխանեց՝ ույի, ույի, ես եկել եմ Հայաստան:


Ձեռքով ցույց եմ տալիս՝ քարերը՝ սե քու պիեր, այս ի՞նչ քարեր են….


Նորից քարերին է նայում.


- Այստեղ ապրել են հայերը՝ իսի, իսի… այստեղ, այստեղ…


Ցույց եմ տալիս անցքերը՝ իսի՞…


- Ոչ, ոչ, նոն…


Ստիպված եմ պարզեցնել հարցս.


- Այս ի՞նչ անցքեր են… թղուզ, թղուզ… քիել սե թղուզ….


Շվարում, մոտենում է անցքին, նայում անցքից…. ծիծաղում է՝


- Ույի ույի…. ղեգաղդե, ղեգաղդե…


Ցույց է տալիս երկինքը՝ լօ սիել, լօ սիել…


Հոգիս դուրս եկավ, մինչեւ տեղ հասցրի միտքս՝ դե իհարկե, երկնքին, երկնքին… Իտալացին իր սեփական առողջ ինտուիցիայով հայտնագործություն արեց…. եթե անցք է, ուրեմն նայելու տեղ է…


Իսկ հարեւան քոչվորը մի այսպիսի կես կտոր քար ունենար, հազար գիդ ու թարգմանիչ կպահեր, պետությունն անմիջապես գործի կանցներ… Աշխարհի լեզուներով շքեղ գրքեր, բրոշյուրներ կհրատարակեր, բոլոր դռները կծեծեր կես ակնթարթում... Իսկ մե՞նք՝ այս հարյուր տարում… Այն պահից, երբ Լալայանը եկել եւ գտել է այս քարախումբը… Ընդամենը մի պահակ, ինչպես գեղանկարիչ վարիչն է իրեն համարում՝ չնչին, թոշակի կարգի աշխատավարձով… Թողել ենք տուրիստի ֆայմին, թե ինչ կմտածի, երբ անցք կտեսնի քարերին…


Ե՞ս եմ տուրիստը, էդ անցքերը համարում եմ պարան գցելու եւ զոհաբերվող անասունին, գուցե եւ՝ մարդուն կապելու տեղ…

ՍՈւՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Մեր բոլոր կարողություններն ի սպաս դնենք Արցախի հայության իրավունքների պաշտպանությանը

03.11.2024 00:35

Իրանի ազգային անվտանգության խորհուրդը որոշել է պատասխանել Իսրայելին

02.11.2024 22:20

Կաղնուտի հիմնախնդիրները՝ պատգամավորի ուշադրության կենտրոնում

02.11.2024 20:16

Նոյեմբերի 3-ին տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում

02.11.2024 17:35

ՃՏՊ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին․ կան տուժածներ

02.11.2024 15:19

Իրանը լուրջ հարված կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին. Իրանի հոգևոր առաջնորդ

02.11.2024 14:46

Դեկտեմբերի 1-ից կգործի Վաղատուրի նախակրթարանը

02.11.2024 12:57

Ծանրորդ Միլենա Խաչատրյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների փոխչեմպիոն

01.11.2024 22:26

Այն, ինչ անում է Ադրբեջանը Ստեփանակերտում, մշակութային զտում է. Ստեփանակերտի քաղաքապետը ահազանգում է

01.11.2024 22:23

Մեզ արժանապատիվ խաղաղություն է պետք

01.11.2024 22:06

1967 թվականի այս օրը Արցախում տեղադրվեց «Մե՛նք ենք մեր լեռները» հուշարձանը

01.11.2024 21:39

Մեզ սպասվում է համեմատաբար սառը և բավարար տեղումներով նոյեմբեր. Սուրենյան

01.11.2024 19:57