Գրողների փոխհարաբերությունների բացահայտման հետ կապված հարցերը հետաքրքիր ու կարևոր գրականագիտական թեմաներ են: Այս ասպարեզում կատարված որոնումների և ուսումնասիրությունների շնորհիվ պարզվում են նրանց աշխարհայացքի, կենսափիլիսոփայության, գեղագիտության տարբեր կողմերի, նախասիրությունների, գրական ճաշակի մի շարք առանձնահատկությունները, նաև նոր կողմերով հարստանում, փոխլրացվում են կենսագրական նյութերը:
Որոշակի հետաքրքրություն են ներկայացնում նաև գրական ու կենսական առնչությունների ու արժևորումների այն դրվագները, որոնք միավորում են մեր հայրենակից մեծանուն գրողներ Ակսել Բակունցին և Սերո Խանզադյանին:
Բակունցից հետո գրիչ վերցնել և ինքնահատուկ ոճ ու նյութ բերել գրականություն, այնքան էլ հեշտ գործ չէր: Եվ ոչ միայն այն պատճառով, որ նույն հող ու ջրի, նույն միջավայրի ծնունդ էին, այլև գրական ավանդույթի յուրացման տեսանկյունից՝ որպես նոր արժեքների ստեղծման հիմք: Փաստ է`որքան խորությամբ է գրողը յուրացնում նախորդ գրական փորձը, այնքան ինքնատիպ ու բարձրաժեք են նրա ստեղծագործությունները: Սերո Խանզադյանն այն գրողն էր, ով ըստ ամենայնի գիտակցում էր դա և ճիշտ յուրացրեց բակունցյան ավանդույթի սնուցիչ երակը՝ հարստացնելով իր ստեղծագործական աշխարհը: Պատահական չէ, որ 1960-80-ականների մի շարք արձակագիրների, այնպես էլ Սերո Խանզադյանի գեղարվեստական աշխարհի ձևավորման գործում առանձնահատուկ տեղ ունեցավ Ակսել Բակունցը, որի հանդեպ հենց սկզբից էլ մեծ պաշտամունք ուներ, գիտակցում էր նրա հսկայական դերը հայ արձակի զարգացման գործում՝ նրան համարելով իր մեծ ուսուցիչը:
Բակունցն ամբողջ կյանքում ուղեկցել է Խանզադյանին, եղել նրա հետ՝ ոչ միան մանկության, պատանեկության շրջանի տպավորություններում, այլև ստեղծագործական ներշնչանքներում ու որոնումներում. Խանզադյանը Բակունցի եղերական կորստի ցավի անմիջական կրողն էր, գրական մասունքները փրկելու նախանձախնդիրն ու գրական փառքը վերականգնելու առաջամարտիկը։
Ինչպես հիշում է․ Բակունցի հետ
Բակունցյան առաջին տպավորությունները գալիս են վաղ մանկությունից: «Մի երեկո մայրս հավաքեց մեզ իր գլխին ու կարդաց Բակունց Թիվեսին Ստեփան դայուն տղայի՝ Ալեքսանդրի գրածը: - Բա չէ՞- ասաց հայրս, - արևը կծեմ, տես ինչ լավ էլ սկսել է…»։ Այդպես սկիզբ առավ նաև Բակունցի խոսքի հմայքը Խանզադյանի համար՝ «ողջ գիշեր չքնելով, մնալով Վանդունց Բադու, նրա որդու հետ» և հետո ամբողջ կյանքում՝ այդ կերպարները ստեղծողի հետ․․․
Մանկության հուշապատկեր՝ «Դպրոցի բակում շարք ենք կանգնել… Մեր ուսուցիչն ասում է․
- Խելոք կացեք, գնում ենք մեր համագյուղացի գրող Ակսել Բակունցին դիմավորելու:
-Գրողը հինչա՞, -հարցնում է ընկերս՝ Ջավահիրին Սուրենը՝ ինձ նման գեղջուկ մի պատանի:
-Գրողը Բակունց Ստեփան դայուն տղան ա,- բացատրում է յոթերորդ դասարանի մեծ եղբայրս՝ Սուրենը: - Էն որ մեր Վանդունց Բադու պատմությունն ա գրել: Գրողն էն ա, մեծ մարդ ա»:
Շորին ձորում ցեխի մեջ խրված մեքենա, կապույտ կեպիով, մոխարգույն վերարկուով անծանոթ երիտասարդ, նրա հողոտ, երկար մատներից ստացած նախնական տպավորություն, որ ունեցավ Խանզադյանը․ «Երևում էր՝ վաղուց են խրվել ցեխի մեջ և լավ տանջվել են»,- մտածեց։ - Այնինչ իրենց պատկերացրած գրողը «ալաֆռանգի» շորերով պիտի որ լինի․․․ «Ինչ իմանայի,- գրում է Խանզադյանը, - որ թխպոտ այդ օրը Շորին ձորում ավտոմոբիլի սառը կողին կպած հողոտ, չանգռվածքով այդ երկար մատներն են ստեղծել «Մթնաձորը», «Ծիրանի տափը», հյուսել կախարդական «Աքարում» գործը, Մինա Բիբու քնքուշ պոեմը»։
Հաջոդրում են 1928 թվականի աշնան հուշազրույցները՝ կապված Բակունցի՝ Գորիս բերած խնձորենիների հետ. «Ակսելը Ռուսեթի խնձորենիներ է բերել, վեր կաց»: - Հայրն է։ «Շտապելով դուրս ենք գալիս տնից»։ Հորդում են տպավորությունները՝ «Ես կլանված նայում եմ նրան: Նույն վերարկուն է հագին, նույն կեպին է շվաք գցել լայն, բարձր ճակատին: … Նա զգուշությամբ վերցնում է բարալիկ, հազիվ մեկ-երկու ճյուղ ունեցող շիվերը ու բացատրում դրանց խասիաթը: Բացատրում է գրողի քնքշանքով և ագրոնոմի հմտությամբ»: «Հայրս փոսեր է փորում, խնամքով տնկում Ակսելի բերած ծառերը»։ « -Հե՜յ գիտի հա, -ասում էր հայրս, - մարդ էլ էսքան բան իմանա՞: Սողոմոն Իմաստունն է մեր Ակսելը, երանի՜ Ստեփան դայուն»:
Իսկ Ստեփան դային և Սերո Խանզադյանի հայրը հարևաններ էին: «Երեկոները Բոխճի բիբին, Ստեփան դային, հայրս, մայրս և էլի հարևաններ հավաքվում, նստոտում էին քարի նստարաններին, զրուցում։ Բոլորի, նույնիսկ տղամարդկանց վրա իշխում էր Ակսել մայրը: Նրա ասածը օրենք էր, անառարկելի: Երբեմն ասում էր՝ «Ես Խուրշուդին Աթունի աղջիկն եմ հա՜․․․» ։ «Ակսելի երևալը մեր քաղաքում տոն էր, - գրում է Խանզադյանը, - մեր տանը՝ կրկնակի»:
Բակունցի ու Խանզադյանի գորիսյան հպանցիկ հանդիպումներում կա մի հետաքրքիր դրվագ, որը կապվում է Ասլամազյան քույրերի հետ: 1935 թվականի ամռանը Գորիս էին եկել նկարչուհիներ Մարիամ ու Երանուհի Ասլամազյանները՝ լեռնաշխարհի գեղեցկությունները վրձնելու և հենց այդ ժամանակ էլ ծանոթացել էին Ակսել Բակունցի հետ, և հյուսվել էր նրանց մտերմությունը: Խանզադյանը հիշում է, որ այդ նույն օրերին Գորիսում Բակունցին փողոցում հանդիպել է նկարչուհիների հետ, և Բակունցը իրեն հարցրել է, թե որ կողմով է հեշտ բարձրանալ Լաստի խութը՝ Խաչին աղբյուրո՞վ, թե՞ Խուռուփի ձորով։ Խանզադյանը հուշել է ավելի հեշտ ճամփան։ «Ես մի ծառի տակից հետևում էի, թե ինչպես են նրանք բարձրանում իմ ցույց տված ճանապարհով: Երբ հասան լեռան գլուխը, ինձ թվաց, թե աստվածներ են իջել Օլիմպոսից», -գրում է Խանզադյանը: Ուշագրավ մի մանրամասն էլ է հաղորդում․ 40 տարի անց մի հավաքույթում հանդիպելով Մարիամ Ասլամազյանին և մտաբերելով այդ օրը՝ խնդրել, հորդորել է նրան իր հուշերը գրել Բակունցի մասին: Հավանաբար հենց այդ հորդորից հետո է անվանի նկարչուհին հյուսել իր սրտառուչ հուշապատումը Ակսելի հետ ծանոթության, ջերմ բարեկամության մասին, որը նախ հրապարակվել է «Գրական թերթում», ապա նաև զետեղվել Մարիամ Ասլամազյանի «Կյանքի դավթարը» գրքում՝ ռուսերեն:
Մարիամ Ասլամազյանը, ի դեպ, իր հուշապատումի ձեռագիրը ուղարկել է Բակունցի տուն-թանգարան, որը արխիվային արժեքավոր վավերագիր է։
1935 թվականի այդ օրերին էր, երբ Գորիսում Շիրվանզադեի մահվան լուրն առնելով՝ «Բակունցը թևին սև ժապավեն կապեց», -հիշում է Խանզադյանը:
Մի օր Խանզադյանին Բակունցը հարցրել է, թե ծանո՞թ է արդյոք Ստեփանոս Օրբելյանի պատմությանը և հորդորել. «Աշխատիր լավ իմանալ մեր ժողովրդի պատմությունը: Իմացիր, հայոց պատմության ժամանակագրությունը վիթխարի հարստություն է և բոլորովին չի օգտագործված գեղարվեստական գրականության մեջ: Գորղը պետք է հայտնաբերի, մարսի այդ հարուստ խրոնիկան»: Բակունցի գրողական այս խորհուրդն ընկած է Խանզադյանի գեղարվեստական պատմահայեցության ձևավորման հիմքում: Հարցազրույցներից մեկում էլ բանաձևել է՝ «Պատմական անցյալի ամեն մի հատիկը հարկավոր է իմանալ, իբրև թանկ վկայություն: Րաֆֆու «Սամվելն» այդպիսի մի հատիկից է ծնվել..․»։
Հիշում է, որ սևակնած մի օր հայրը տագնապով տուն եկավ, փլվեց թախտին, ահուդողով ասաց, թե Ակսելին բռնել են․ «Տուններս քանդվեց, գրքերը թաքցրու, քաղաքում տնետուն ընկած նրա գրքերը հավաքում վառում են…»։ Հիշում է Ակսելի հոր մղկտոցը՝ թե երանի տղաս չոբան լիներ, տանը մնացած լիներ, որ էդ օրին չհասներ: Այդ օրից հետո «մեր հարևաններն այլևս չէին հավաքվում, չէին նստում ծառի տակ՝ քարերի վրա… Դժբախտ քարեր…», -գրում է Խանզադյանը։ Մի քանի տարի անց իր հորն էլ պիտի տանեին, և ինքը մի հինգ-վեց հարևանի հետ Բակունցի հոր՝ Ստեփան դայու դագաղն ուսերին պիտի տանեին գերեզմանատուն: Համարձակություն էր պետք «ժողովրդի թշնամու» հոր թաղման մասնակիցն անգամ դառնալու…
Կենսական անկյունադարձերից մեկի ժամանակ Խանզադյանը Շինուհայր գյուղում ծանոթանում է Վարվառա Չիվիջյանի՝ Բակունցի կնոջ հետ։ Վերջինս ուսուցիչ էր աշխատում տեղի դպրոցում։ Կարճ շփում, վախվորած հարցախույզ՝ «Ակսելից լուր կա՞: - Նահատակները չեն վերադառնում։ - Ուրեմն Ակսելը չկա՞: - Հիմա ուսուցիչներ կգան: Ասելիքդ կարճի՛ր։ Վարվառային նույնպես Խանզադյանը հորդորում է հավաքել Ակսելից մնացած նշխարները, մասունքները, ինչ փրկվել է: «Հավաքեցեք, խնդրում եմ: Այսօր չէ, վաղը Ակսելը շառաչով կմտնի մեր կյանքի մեջ, նա կարդարացվի, նրա անունը փառքով կպսակվի…»։
Բակունցի կնոջ հետ Խանզադյանը հաճախ է հանդիպել և ամեն անգամ նրան ստիպել, խնդրել, աղաչել է իր հուշերը գրել Ակսելի մասին: «Շատ բան կա գրելու՝ Խարկովից մինչև վերջին սև օրը, - ասում էր Վարվառան,- բայց չեմ կարողանում: Հենց որ գրիչ եմ վերցնում ձեռքս, աչքերս շաղվում են, սիրտս գնում է…, նրա կենդանի կերպարը կանգնում է աչքերիս առաջ: Չեմ կարողանում…»։ Խանզադյանը հարցրել է Վարվառային, թե ավարտե՞լ էր արդյոք Բակունցը «Կարմրաքար» վեպը։ «Ավարտել էր, վերջը գրեց 1931-ին: Տառապում էր, վերևներից ճնշում էին, իրենց կամքը թելադրում»: Պատմել է նաև, թե ինչպես է կարողացել թաքցնել «Կարմրաքարի» ձեռագիրը, երբ եկել են Ակսելին ձերբակալելու, և հաջորդ օրը թաքուն տվել էր Վահանին՝ Բակունցի եղբորը, ով ձեռագիրն ուղարկել էր Թիֆլիս՝ կնոջ ազգականներին, որ պահեն: Այդտեղ էլ ձեռագիրը կորել է…
«Մի օր էլ, երբ մենք տիկին Վարվառային վշտաբեկ հանձնում էինք հողին, -գրում է Խանզադյանը,- ես լաց եղա այն մեծ կարոտի ու սիրո համար, այն նշխար հիշողությունների համար, որ տիկին Վարվառան իր հետ տարավ գերեզման»:
Խանզադյանը նաև սրտակից բարեկամություն է ունեցել Բակունցի գիտնական դարձած որդու՝ Սևադայի, եղբոր՝ Վահան Բակունցի հետ: Հարազատ ու սիրելի ընտանիքի հետ շփումները շարունակվել են, և Խանզադյանը միշտ կենսունակ է պահել հավատը, որ Բակունցի գրական փառքի ժամանակը կգա, և նա կարդարացվի: «Պատերազմից տուն եկա: Գնացի Բոխճի բիբու ձեռքը համբուրեցի: - Չեմ մեռնի, մինչև Սանթրուս չտեսնեմ: Սևադաս մեծացել է: Վարվառաս տուն եկել: Կգա նաև Սանթրիս»: 1956 թվականին, երբ Բակունցն արդեն արդարացվել էր, Երևանում վախճանվեց Բոխճի բիբին․ դագաղում նրա կծքի վրա դրված էր Սանթրու մեծադիր նկարը․ «Մայրիկը նկարը գրկած է փակել աչքերը: Նրան տարանք Գորիսում թաղեցինք»:
«1964 թվական։ Ամառ: Եկել ենք Գորսիում բացել Ակսել Բակունցի հուշարձանը: Մեզ հետ է նաև Վարվառան. « - Սերո, - ասում է, մի՞թե այս ամենը իրականություն է: Մի՞թե երազ չէ»: Հիշողության հանգրվանները գրողին տանում են Ցուրտ աղբյուր, որ նաև Ակսելի սիրած տեղերից էր։ Ահա Ցուրտ աղբյուրից՝ վերից նայում է Գորիսին․ «Ակսելը տուն է եկել՝ իր քաղաքի կրծքում կիսանդրի-արձան դարձած բաբախում է նա: ․․․«Օղորմի Ակսելի հոգուն: Նա մեր լեռների նախշն է»:
Սկսվել էր Բակունցի ժամանակը, Խանզադյանը շատ անելիք ուներ, ազդեցիկ դեմք էր Խորհրդային Միությունում, գրական հեղինակավոր ներկայություն:
Բակունցին ու նրա ընտանիքին վերաբերող հուշապատկերներ կան նաև Սերո Խանզադյանի «Հորս հետ և առանց հորս» ինքնակենսագրական վեպում, Բակունցի «Կյորեսի» շարունակությունը համարվող «Մատյան եղելությանց» վիպակում։
Հիշում է Ճել Ավան Բիձան․․․
Սերո Խանզադյանն ինքը, ինչպես Բակունցը, Գորիս-Կյորեսն էր, Սյունիք-Զանգեզուրն էր՝ ամբողջացած ու ոգեղենացած: Գորիսի պատմության, բառ ու բանի, ավանդույթների կենդանի կրողն էր: Իր լեռնաշխարհի մարդկանց, նրանց հոգեբանությունը, սովորույթներն ու բարքերը գրականություն բերողն ու սրտի էջ դարձնողն էր, ինչը մինչ այդ արել էր Բակունցը: Պատահական չեն նրանց գրական համակարգերի միջև առկա ընդհանրությունները՝ ժողովրդական կենսազգացության անմիջականություն, անկեղծություն, միջավայրին համապատասխան բնական լեզու, փոքր ձևի մեջ ազգային ու համամարդկային մեծ բովանդակություն և այլն։ Կերպարաստեղծման, լեզվամտածողության, աշխարհայացքային ակնառու ընդհանրություններ կան «Կյորես» և «Մատյան եղելությանց» վիպակներում։ Ինչպես Բակունցը «Կյորեսում», այնպես էլ Խանզադյանը «Մատյանում» քայլ առ քայլ բացահայտում է գավառական քաղաքի կենսավարությունը և դրա խորապատկերին ներկայացնում քաղաքի յուրատեսակ խորհրդանիշները դարձած մարդկանց: Գորիսի բնակիչներին Խանզադյանը կերպավորում է Ճել Ավան բիձայի միջոցով, որի «հուշերի կծիկից» դուրս չեն մնում նաև Բակունց Ստեփանն ու նրա որդին՝ Ալեքսանը։
Անձամբ էր ճանաչում Ճել Ավան բիձան Ակսել Բակունցին, ով «եկավ, հարություն տվեց հող ու առասպել դարձած Գուրջու Օբուն, կենդանացրեց ավերակ Աքարը, ձմեռն էլ ալպյան մանուշակի բույր տվեց հին քարանձավներին, տաք անձրևի խշշոցի պես իր խոսքերը շաղ տվեց մարդկանց հոգու սև ցելերի վրա: Ու ամեն անգամ նրան հանդիպելիս Գրաբար Գաբրիելը ժայթքում էր ի խորոց սրտի.
- Արևդ շա՜տ, Ալեքսա՛ն, էս ի՜նչ նշխար-մեռոն տվիր մեզ»։
Նուրբ հոգի ուներ Ճել Ավան բիձան ու իրիկնահացից հետո ծալապատիկ նստում էր թախտին ու որդիներից մեկին հորդորում մի բան կարդալ Ալեքսանից: Շունչը պահած լսում էր, «հեռանում է իր փողոցների փոշիներից, խրվում Մթնաձորի մամռոտ ծերպերը: … Տունը լցվում է հանդ ու հացի բույրերով: Աշխարհը քաղցրանում է: Մերկ ու ահռելի ժայռերը դառնում են մարդ արարած, և լույս է կաթում Դրնգանի խորխորատներում»։
Ճել Ավան բիձան հիշում էր Դիլան դայուն, Սոնային, ու թվում էր` «ջահելանում է ինքը և ջահելանում է տան պուճախում ճախարակ մանող, միշտ հիվանդ իր պառավը, դառնում խշխշան հարս Սոնան` շիկնած երեսով, չթե զգեստով` ուրցի հոտը ծոցերում»։
Կապույտ աչք-ծիծաղով տղա էր Ալեքսանը ու ամեն հանդիպելիս հարցնում էր.
- Բարի լույս, Ավա՛ն բիձա: Էլի՞ մաքրում ես:
- Էլի՛: Մարդը կա` ապականությունը հետը: Ի՞նչ կա-չկա:
- Հե՜չ: Կաքավաբերդի գլխին ամպ է նստում»
Ու ամեն անգամ Ավան բիձան, երբ աշխարհից մի պահ վերանալու, գեղեցիկին հաղորդակցվելու, աշխարհը մաքուր-մաքուր տեսնելու պահանջ էր զգում, դիմում էր որդիներին.
- Մի մեր Ալեքսանի գրքից մի բան կարդացեք:
Բակունցի եղերական մահից հետո մահանում է նրա հայրը` Ստեփանը, որի դագաղը «միայն ութ հոգով վերցրին ու տարան հանգստարան: Միայն ութ հոգով, դրանց հետ ինքը` Ճել Ավան բիձան, Փոստատար Նիկոլը, Գաղթական Սարգիսը… Գերեզմանի ճանապարհը հոտոտելով գալիս էր Հիմնարկ Ղևոնը` ականջը ածելի…»։
Ու նոր ցավ է ապրում բազմաթիվ ցավեր տեսած ծերունին. «Հոր գերեզմանը կա, տղայինը` ոչ»: Հետո վառեցին Ալեքսանի գրքերը, «Սոնային ու Դիլան Դայուն, Գյուրջի Օբու նշխարները…»:
Մինչև կյանքի վերջը Ավան բիձան սուրբ նշխարի պես պահում է հին կարասում «խաշիլի ու ձավարի ցորենի մեջ» ահասարսուռ 37-ին թաքցրած գիրքը: Երբեմն-երբեմն «գիշերային լռության մեջ Ճել Ավան բիձան կարասից հանում էր Ալեքսանի գիրքը, շուռումուռ տալիս կոշտացած ձեռքերով, հոտ քաշում: Հո չի՞ բորբոսնել, մգլել: Չէ, կարասում չոր ցորեն է: Ցորենն աշխարհ է պահում, այս գիրքն էլ: Ափսո՜ս, կարդալ չգիտի, թե չէ նկուղի լույսը կվառի ու կկարդա՜… Կկարդա, մինչև աշխարհի վերջը, մինչև իրեն էլ տանեն թաղելու…»։
Խոսում են թանգարանային վավերագրերը...
Բակունցի գրաշխարհի հանդեպ ունեցած ջերմեռանդ պաշտամունքը Խանզադյանը պահեց ողջ կյանքի ընթացքում: Տուն-թանգարանի արխիվում պահվող և հիմնական ցուցադրության մաս կազմող որոշ արժեքավոր վավերագեր դրա վկայությունն են:
Մեծ է եղել Խանզադյանի դերը Բակունցի տուն-թանգարանի հիմնադրման գործում․ նա կանգնած է այդ երախտառատ գործի ակունքներում: Ինքն էլ անձամբ մասնակցել է թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի է ունեցել 1970 թվականի սեպտեմբերի 16-ին, և մեծարման խոսք է ասել Բակունցի մասին: Խանզադյանը մշտապես գործնական հոգածություն ու նվիրվածություն է ցուցաբերել թանգարանը Բակունցյան մասուքներով համալրերու, հարստացնելու նվիրական գործին: Ֆոնդերում պահպանվում են Խանզադյանի գրքերը, իր իսկ նվիրաբերած լուսանկարները՝ ինքնագիր ընծայագրերով: Իր գրքերից մեկը՝ «3 տարի 291 օր» վեպի ռուսերեն հրատարակությունը 1984 թվականին նվիրել է թանգարանին՝ հետևյալ մակագրությամբ՝ «Մեծ Ակսել Բակունցի տուն-թանգարանին՝ Աշակերտի խոնարհությամբ: Սերո Խանզադյան»: Տպավորիչ են լուսանկարների ընծայագրերը՝ «Իմ մեծ ուսուցիչ Ակսել Բակունցի տուն-թանգարանին: 23.2.74», կամ՝ «Իմ պաշտամունք Ակսել Բակունցի սրբազան տուն-թանգարանին: Սերո Խանզադյան: 74թ.»: Պահպանվում են Սերո Խանզադյանի մի քանի նամակները՝ հասցեագրված տուն-թանգարանի հիմնադիր տնօրեն Քաջիկ Միքայելյանին, որոնք, որպես կանոն, վերաբերում են թանգարանի համար որևէ օգտակար գործ անելուն։ Խանզադյանն էլ այն նվիրյալների շարքում է, որոնց ջանքերով Բակունցի սրբազան օջախը հարստացել է արժեքավոր ցուցանմուշներով և բակունցագիտության զարգացման համար անհրաժեշտ վավերագրերով: Գրական կապերի մեջ ճանաչելով մարդկանց, որոնք երբևէ շփվել են Բակունցի հետ, Խանզադյանը հորդորել է հուշեր գրել նրա մասին, իրենց ձեռքի տակ եղած մասունքները՝ լուսանկարներ, նամակներ, այլ վավերագրեր, նվիրաբերել թանգարանին։ Այսպես, 1973 թվականի մի նամակում՝ հասցեագրված Քաջիկ Միքայելյանին, Խանզադյանը գրում է․ «Ախպերս, իմ հայրենի քաղաքն է գալիս գրող Ռուբեն Լուսինյանը, եղել է Բակունցի մտերիմներից, հուշեր է գրում մեր մեծ հայրենակցի մասին: Նաև նամակներ ունի Բակունցից»: Հորդորում է Քաջիկին՝ «Լավ ընդունիր, օգնիր և օգտագործիր»: Ողջ լեր՝ Սերո Խանզադյան։ 20.06.73թ․:
Արխիվում պահվում է նույն Ռուբեն Լուսինյանի մեքենագիր հուշապատումը Բակունցի մասին՝ թվագրված նույն թվականի օգոստոսի 1-ին: «Ես բովանդակ հոգով լցվում եմ և՛ հպարտությամբ, և՛ երախտագիտությամբ, որ նրա հետ նստել եմ սեղանի շուրջ, բաժակ եմ բարձրացրել, սեղմել եմ այդ սլացիկ, իմաստուն հայացքով մարդու ձեռքը: Լսել եմ նրա հոգեբուխ հայրենի երգերը, նրա ձայնը Երևանում, Թբիլիսիում, Մահարու, Մկրտիչ Արմենի և ուրիշ ժամանակակիցների ընկերակցությամբ»: Այնուհետև ցույց է տվել լրագրի խունացած մի պատառիկ, որտեղ գրված է, որ ինքը հակահեղափոխական Բակունցի հոգեորդին է՝ նույնպես նացիոնալիստ ու հակահեղափոխական: Եվ շարունակում․ «Այն հեռու խառնակ օրերում սա բավական էր, որ Բակունցի և նրա համախոհների ստեղծագործությունները դնեին կապանքի տակ, և ֆիզիկական ոչնչացման ու կալանքի ենթարկեին նրանց: Ես տուժել եմ, եղել եմ հեռավոր աքսորում, երկար տարիներ անասելի տառապանքներով անցել եմ իմ ոդիսականը: Բայց սա էական չէ, սա չնչին մի տուրք է, աննշան մի պատիժ մեր մեծ ազգային գրողի ողբերգական կորստի համեմատ: … Ես ակնածանքով գլուխ եմ խոնարհում նրա պայծառ հիշատակի առջև: Ռ.Լուսինյան»:
Մի ուշագրավ պատմություն էլ կապվում է Բակունցի՝ թանգարանում ցուցադրվող ժողովածուներից մեկի՝ ուկրաիներեն թարգմանության հետ, որը լույս է տեսել 1974 թվականին Կիևի «Դնիպրո» հրատարակչատանը: Գիրքն ունի տպավորիչ ընծայական և հետաքրքրիր ստեղծագործական պատմություն: Ընծայագրի հեղինակը Սերո Խանզադյանն է՝ «Ես երջանիկ եմ, որ Մեծ Բակունցի գրական հրաշքը հասցրել եմ ուկրաինական մեծ ժողովրդին: Սերո Խանզադյան: 16.07.74թ., Գորիս»: Հատընտիրը վերնագրված է «Ալպիական մանուշակ», թարգմանիչը Արամ Մանուկյանն է, առաջաբանի հեղինակը՝ Սերո Խանզադյանը: Ինչպես է Խանզադյանը Բակունցի գրական հրաշքը հասցրել ուկրաինական ժողովրդին, իմանում ենք թանգարանի արխիվում պահվող ռուսերեն մեքենագիր մի վավերագրից, որի հեղինակը գրքի թարգմանիչ, ուկրաինահայ հայտնի մտավորական Արամ Մանուկյանն է: Վերջինս նամակում ներկայացնում է ժողովածուի ստեղծման ընթացքը, պատմում Բակունցի գրաշխարհը ճիշտ զգալու և ճիշտ թարգմանելու իր տևական մտավախության մասին, որը փարատել է Սերո Խանզադյանը և օգնել ժողովածուի լույս աշխարհ գալուն:
Արամ Մանուկյանը գրում է, որ երկար տարիներ զբաղվելով հայ գրողների ստեղծագործությունների թարգմանությամբ, իրեն չէր լքում անհագ ցանկությունը՝ թարգմանելու նաև Ակսել Բակունցին: Այդ ցանկությունը գալիս էր խոր սիրուց ու հարազատությունից նրա ստեղծած կերպարների նկատմամբ, որոնք դարձել էին իրեն թանկ ու հարազատ մարդիկ: «Երկու տարի շարունակ չէի համարձակվում մոտենալ Բակունցի նրբագույն գրական աշխարհին՝ այն մտահոգությամբ, թե՞ արդյոք կարող եմ ուկրաինացի ընթերցողին փոխանցել Բակունցի ոգին, նրա չքնաղ լեզուն՝ չվնասելով այն: Կասկածելով իմ ուժերի վրա, որ այդ ամենը հնարավոր է, ամեն դեպքում հանձն առա թարգմանության գործը՝ ստանալով Սերո Խանզադյանի քաջալերիչ նամակը, ով լսել էր իմ մտադրության մասին և ողջունում ու պատրատակամություն էր հայտնում օգնել ինձ»։
Այնուհետև Արամ Մանուկյանը գրում է, որ երբեք չի եղել Զանգեզուրում, բայց Բակունցի տաղանդը՝ փոխանցել բնաշխարհի գույներն ու մարդկային բնավարությունները, այնքան ուժեղ ու թափանցող է, որ ինքը, կարդալով Բակունցի ստեղծագործությունները, հազարավոր կիլոմետրերից էլ տեսնում է Հայաստանը:
Պատմվածքների թարգմանության ընթացքը տևել է 4 տարի: «Այդ ամբողջ ժամանակ ես ապրել եմ Բակունցի կերպարների մտածումների ու զգացմունքների հետ: Շատ անգամ եմ երկմտել՝ արդյո՞ք ուկրաինացի ընթերցողը կկարողանա՞ հասկանալ լեռնաշխարհի հասարակ մարդկանց կյանքն ու ապրումները, բայց ինչքան եղավ իմ գոհունակությունը, երբ աշխատանքի ավարտին «Դնիպրո» հրատարակչության խմբագրի աչքերում արցունքներ տեսա: Դա գնահատականն էր այն բանի, որ թարգմանելիս Բակունցին չէի վնասել, և նա հասկանալի ու հարազատ դարձավ ուկրաինացի ժողովրդին: Այն փաստը, որ 30000 տպաքանակով լույս տեսած «Ալպիական մանուշակ» ժողովածուն 3 ամսվա ընթացքում արդեն սպառվել էր, արդեն իսկ վկայում է, որ ուկրաինացի ընթերցողը սիրել և ընդունել է Բակունցի ստեղծագործություննները»:
Արամ Մանուկյանի նամակին կցված է ժողովածուի համար Խանզադյանի գրած ծավալուն առաջաբանի հայերեն ձեռագիրը՝ «Սև ցելերի սերմնացանը» վերնագրով՝ թվագրված 11.4.72: Խանզադյանը վերնագրի ներքո ծանուցում է, որ առաջաբանը գրված է Բակունցի նովելների ժողովածուի ուկրաինական «Դնիպրո» հրատարակչության համար: Այն նույնպես ուկրաիներեն է թարգմանել Արամ Մանուկյանը: Գնահատողական այս եզակի անդրադարձը Բակունցի գրական արվեստին, որի ձեռագիրը պահվում է տուն-թանգարանի արխիվում, հայերեն չի տպագրվել: Խանզադյանը նշում է, որ ավելի հարմար վերնագիր չի գտել Ակսել Բակունցի նովելների այս ժողովածուի առաջաբանի համար, քան հենց իր՝ Բակունցի մի գեղեցիկ պատմվածքի վերնագիրը՝ «Սև ցելերի սերմնացանը»: «Անհիշելի ժամանակներից մեզանում՝ հայերիս մոտ, սերմ գցողը, սերմնացանը կես-աստված էր համարվում և պաշտամունք էր: Սերմնացանը, բնության պես, կյանքի հարատևման արարողն է՝ հացի արարող, որի ձեռքերը միշտ տաք էին ցորենի սերմի ջերմությունից և անսահման բարի: Բակունցը բարի սերմնացան էր, մեր հին ու հարուստ հայ գրականության մեջ՝ սեպագիր գրավոր հուշարձաններից սկսած մինչև մեր օրերը: Սերմնացան, որի գոգը փոքր էր, բայց որի մի ցանածը հազար դարձավ, որի գրական արտը միշտ էլ հացով ու ոսկեղենիկ խշշոցով այժմ էլ հիացնում է մեզ՝ թե՛ նրա ժամանակակիցներին և թե՛ նրանից հետո եկած սերնդին»: Իր հարգանքի ու հիացմունքի ջերմ զգացումներն արտահայտելուց հետո Խանզադյանը գրականագետի խորաթափանցությամբ մատնանշում է Բակունցի ստեղծագործության էական գծերը, այն արժեքները, որոնցով հարստացրել է հայ գրականությունը: «Եթե գրողը հայտնագործում է մարդկային հոգու մի անհայտ գոյությունը, ապա նա՝ այդ գրողը, արդեն կատարյալ է, - գրում է Խանզադյանը։ - Բայց երբ գրողը մարդկային կյանքի մի ողջ աշխարհ է հայտնագործում, դա արդեն մեծ է, իր տեսակի արարիչ։ Այստեղ արդեն արվեստը, գրական արվեստը դառնում է արևի լույս, հզոր լույս, որ թափանցում է նույնիսկ անթափանցելին»։ Հավաստում է՝ «Իր գրական հրաշքով Ակսել Բակունցը բոլորովին մի նոր աշխարհ հայտնագործեց աշխարհի մեջ, որ կար, ապրում էր ուրույն կերպ ու կյանքով, սակայն ոչ ոք գրեթե չէր նկատել»։ Առաջին հերթին Խանզադյանը շեշտում է Բակունցի ստեղծագործության ժողովրդական արմատները, ընդգծում այն իրողությունը, որ նրա արձակը գլխավորապես բարձրացել է ժողովրդական նյութի վրա՝ ներառելով հայ ժողովրդի հինավուրց մտածողությունը, նրա ազգային խառնվածքի կարևոր երանգները: «Քարերի երկիր է Հայաստանը։ Հողը քար է՝ մագաղաթի մատյանների նման սուրբ նշխար։ Մեզանում հողը սիրելը ևս հեռու է հողապաշտությունից, պարզապես հողը մեզանում մարդկայնացվում է։ Համսունյան վերացական փիլիսոփայությունը չէ Բակունցի մոտ՝ հողը սիրելու, պաշտելու առաքելությունը, այլ մարդ ու հող միևնույն էությունն են»։
Խանզադյանի գնահատումներում թեև ակնհայտ է զգացական տարրը, սակայն գրողն իրեն հատուկ խորամտությամբ Բակունցի ստեղծագործության վերաբերյալ անում է կարևոր և արժեքավոր ընդհանրացումներ, տալիս սեղմ ու դիպուկ գնահատականներ։
Առաջաբանն ավարտվում է անմնացորդ հավատով, որ «բոլոր նոր ժամանակների հետ Բակունցը նորոգվելու է և նորոգելու իր տաղանդի հզորությամբ»։ «Ես, իբրև նրա համեստ աշակերտներից մեկը, լիուլի հպարտանում եմ, որ ահա նրա գեղեցիկ նովելներից մի փունջ հրատարակվում է մեզ համար շատ հոգեհարազատ ուկրաիներեն լեզվով, սիրելի Ուկրաինայում,- գրում է Խանզադյանը՝ համոզված որ Դնեպրի ափերին էլ Բակունցը շատ բարեկամներ կգտնի։
Առաջաբանն ավարտվում է իր ինքնատիպ հետգրությամբ․ «Եթե աշխարհում լինի մի դժբախտ պահ և բոլոր գրադարաններն ու գրքերը վառվեն հրդեհից (վատ բան եմ մտածում, չլինի՛), ապա եթե ինձ ասեն, թե կարող ես մի գիրք փրկել, միայն մի գիրք, ապա ես կվերցնեմ Ակսել Բակունցի «Մթնաձորը», միայն դա, միայն դա»։ Այս միտքը ևս գալիս է լրացնելու այն անսասան համոզմունքը, որ Խանզադյանի համար Բակունցը գրական մեծություն էր։
Ամփոփենք․ Բակունցի ու Խանզադյանի միջև գրական ու մարդկային վերոհիշյալ առնչությունների, արժևորումների, արխիվային նոր վավերագրերի բացահայտումն ու մեկնաբանությունը գրապատմական ուշագրավ իրողություններ են, որոնք ևս մեկ անգամ վկայում են Խանզադյանի՝ բացառիկ մտավորականի, մարդու, գրողի դերը ժամանակի գրական ու հասարակական անցուդարձերում, մշակութային բարձր արժեքների հանրահռչակման գործում:
ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ