«Ապրել այնպես, որ հայրենի հողը երբեք չզգա քո ծանրությունը». սա Սպարտակ Հակոբյանի սկզբունք-նշանաբանն է

01.02.2017 10:31
4673

    Այս մոլորակում ամեն մարդ իր մտածելակերպն ունի երեւույթների, իրադարձությունների նկատմամբ: Եվ այդ մտածելակերպը մարդու գենի արտահայտություն է դառնում, մարդու տեսակի դրսեւորում եւ հայտարար:

    Եվ մտածելակերպն այդ դառնում է մարդու անցնելիք ճանապարհի ուղեցույց-կողմնացույցը: Եվ Սպարտակ Հակոբյան մարդու համար այդ մտածելակերպը ձեւավորվել է վաղուց, եւ «պրոցեսն» այդ սկսվել է մանկության տարիներից, երբ նա զբաղվում էր ինքնադաստիարակմամբ եւ ինքնակրթությամբ: Դա էլ իր պատճառն ուներ: Նրանց ընտանիքը ծանրաբեռ էր: Վեց եղբայր ու երեք քույր: Ասել է թե՝ մեծ ընտանիք: Սպարտակը տան փոքրն էր: Թվում էր, թե ամենաանհոգ, երես տված երեխան պիտի լիներ, սակայն... Հայրը շուտ կյանքից հեռացավ, տարիներ անց նաեւ մայրը... Արդեն կանխորոշված էր. Սպարտակը պիտի գյուղում մնար: Երեւանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտը եւ ասպիրանտուրան ավարտեց, գյուղ վերադարձավ: Սկզբում աշխատեց գյուղխորհրդում՝ հաշվապահ, հետո կոլտնտեսությունում՝ գլխավոր զոոտեխնիկ, կուսակցական կազմակերպության քարտուղար...

    ….Արցախը պոռթկաց, ոտքի ելավ: Ադրբեջանցին վայրագությամբ պատասխանեց արցախցու ազնիվ պոռթկմանը: Իսկ Կոռնիձորն Արցախի թիկունքում է, այնքան մոտ, որ գյուղի սպիտակափրփուր լավաշի բույրն Արցախ էր հասնում, արցախցին գիտեր, թե այդ օրը կոռնիձորցին ինչ է ուտում-խմում: Նույնն էլ կոռնիձորցին…

    Գյուղի խաղաղ արշալույսները ռմբակոծությամբ էին ազերիները լցնում:  Հարկավոր էր ազերուն զսպաշապիկ հագցնել: Եվ Սպարտակ Հակոբյանը նույնպես խրամատներում էր: Կոռնիձորը հաճախ էր հրետակոծվում: Գյուղում ավերածություններ, վիրավորներ, զոհեր եղան: Թշնամու արկը չխնայեց կնոջը: Սյուզին փոքր էր: Սպարտակն ամուսնացավ, տեղափոխվեց Գորիս եւ տիկնոջ՝ Ժաննայի հետ վերականգնեց ընտանիքի բնականոն ընթացքը: Հացի ընդունման ձեռնարկության տնօրենն էր: Այն ժամանակ ձեռնարկությունը գտնվում էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում: Երբ եկեղեցին վերաօծվեց ու դարձավ գործող, ձեռնարկության շենքը քանդեցին: Իսկ ձեռնարկությունն անհրաժեշտ էր Գորիսին ու տարածաշրջանի գյուղերին: 1997 թ. հիմնեց «Հայկ-Ժոս» ՍՊ ընկերությունը՝ ընկերոջ` Ժորա Ալեքսանյանի հետ: Ցորեն արտադրող գյուղացին այլեւս հոգս չուներ: Նա արդեն կարող էր հանգիստ հոգով հաց արարել: Եվ Սպարտակ Հակոբյան մարդը հոգով ու էությամբ դարձավ հաց արարող մարդու հենարանը:

    Երբ ցորենով լի մեքենաները կանգնում են ձեռնարկության բակում, Սպարտակ Հակոբյանի հոգին ուրախությամբ ծառս է լինում. ուրեմն գյուղացին կարողացել է բերք աճեցնել, իսկ դա նշանակում է, որ նա կհոգա իր հոգսերը, երեխան դպրոց կգնա, գյուղացին չի կուչուռի հոգսերի տակ…
    Սպարտակ Հակոբյանը նաեւ ցորենի արտադրությամբ է զբաղվում. այսօր 700 հա վար ու ցանք է անում, արտ հնձում:

    - Գործին անթերի տիրապետում եմ, գիտեմ՝ որ հողատարածքում ինչպիսի ագրոտեխնիկական միջոցառումներ են պետք, եւ երբ դրանք պետք է կիրառել: Իսկ դրա հիմքն այն է, որ երկար տարիներ ուսումնասիրել եմ տարբեր տարածքների բնակլիմայական պայմանները: Եվ գործի մեջ դնելով աշխատանքային իմ փորձը, գյուղատնտեսական գիտելիքներս, կարողանում եմ միշտ էլ բարձր բերք ստանալ: Եվ փառք Աստծո, երբեք հողն ինձ հուսախաբ չի արել, միշտ էլ բերքահավաքի արդյունքներից գոհ եմ եղել:

    Գյուղատնտեսությամբ զբաղվելն ինձ համար հոբի է: Ես չեմ կարող ձեռքերս ծալած նստել: Պետք է աշխատեմ, բարիք ստանամ: Բարիք արարելու այբուբենը սովորեցնում եմ շատերին: Ինչքան շատ լինեն հաց արտադրողները, այնքան երկիրը հարուստ կլինի, կփոքրանա երկրի կախվածությունն ուրիշ պետություններից: Իսկ ցորենը միշտ էլ աշխարհի հիմքն է, չէ՞ որ ցորենն է նաեւ քաղաքականություն թելադրում: Ի դեպ, քաղաքականությամբ չեմ զբաղվել եւ չեմ էլ զբաղվի: Հայրենասիրությունը քաղաքականությամբ զբաղվելու մեջ չէ, հայրենասիրությունն ինձ համար այլ որակներ ունի, ինձ համար հայրենասիրությունը գյուղատնտեսությամբ զբաղվելն է: Ջայլամի քաղաքականություն երբեք չեմ վարել: Ուղիղ, շիտակ եմ նայում ամեն ինչին: Քննադատությունն ընդունում եմ, եթե այն առողջ է: Ասում են՝ ճշմարտությունը միշտ դառն է լինում: Բայց այն կարող է քեզ օգնել ճակատամարտի ժամանակ: Ճակատամարտը միայն ռազմի դաշտում չի մղվում, այն մղվում է ամենուր` տարբեր ուղղվածությամբ եւ իմաստով, տարբեր հարթություններում: Իսկ մարտն այնպես պետք է մղես, որ ե՛ւ դու շահես, ե՛ւ հասարակությունը: Միակողմանի երջանկություն, ուրախություն չի լինում: Երբ հարեւանդ սոված է, դու ո՞նց կարող ես հանգիստ վայելել քո ունեցվածքը: Միայն խոսելով երկիր չես պահի, բանակ չես կարող պահել: Պետք է տնտեսությունը զարգացնել. իսկ այդ ֆոնին բոլորն աշխատատեղ կունենան, նորմալ ընտանիք կպահեն: Եվ ամեն ինչ անում եմ, որ մեր ձեռնարկության ռիթմը չխախտվի: Ես դա չեմ անում իմ անձնական շահի համար, ես դարձյալ գյուղացու մասին եմ մտածում, այստեղ աշխատող մարդկանց մասին: Չէ՞ որ նրանց զավակներն են այսօր պահում Հայաստան աշխարհը:

    Եվ Սպարտակ Հակոբյան մարդը, որ ապրում է իր սեփական, հալալ քրտինքով, մարդու հոգու հարստության մասին իր փիլիսոփայությունն ունի:

    - Եթե մարդու հոգին հարուստ եղավ, նա գլուխը բարձին հանգիստ կդնի, հանգիստ կքնի: Ու նրա զավակները ժամանակի հոլովույթում առանց երերալու առաջ կգնան` որպես հենարան ունենալով ծնողների արած-դրածը Հայաստան աշխարհի համար: Ամենամեծ հանձնաժողովը, ամենաարդար դատավորը ժողովուրդն է: Նրա տված գնահատականն աքսիոմ է:

    Եվ Սպարտակ Հակոբյանի մասին որպես մարդ դրվատանքով-հիացմունքով են արտահայտվում նրան ճանաչողները: Դա նաեւ նրա հայրենի Կոռնիձոր գյուղում: Թեեւ Սպարտակն ապրում է Գորիսում, սակայն նա մտքերով, հոգով միշտ Կոռնիձորում է, իր մանկության, պատանեկության օրրանում, իր սիրո օրրանում: Թե կոռնիձորցու ընտանիքում ինչ-որ բան այնպես չէ, նա հոգով զգում է եւ չի սպասում, որ դիմեն իրեն: Անմիջապես շտապում է գյուղ: Իսկ թե Սպարտակը, կամ, ինչպես կոռնիձորցիներն են նրան սիրով անվանում՝ Պատոն, գյուղում է, ուրեմն, ամեն ինչ լավ է լինելու, լավը հաղթելու է: Նրա մուտքը գյուղ ուրախություն է առաջացնում, նրան միշտ սպասում են: Հանձին Սպարտակի, կոռնիձորցին իր թիկունքում տաք շունչ է զգում, ուսին` մտերմիկ ու հարազատ մարդու ձեռքի հպում: Եվ գյուղում նրա նախաձեռնությամբ, աջակցությամբ նաեւ սոցիալական շատ հարցեր են լուծում ստացել:

    Անձնական բարձր որակների շնորհիվ Սպարտակը կարողացել է գյուղում ստեղծել առողջ մտածելակերպ, հանդուրժողականություն, կամեցողություն: Երբ սկսվեց 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմը, Կոռնիձորից բազմաթիվ կամավորներ մեկնեցին ռազմի դաշտ: Եվ օրինաչափ է դա. կոռնիձորցին լավ գիտի խաղաղության գինը, նա պատերազմ է տեսել: Իսկ Սպարտակ Հակոբյանն այդ օրերին նյութապես օգնեց բանակին` ցուցաբերելով 5 միլիոն դրամի չափով օգնություն: Իսկ օգնությունն այդ տարբեր դրսեւորումներ ուներ...

    - Ես չեմ կարող բանակի մասին խոսել ու նայել դիմացինիս աչքերին, եթե որդիս չծառայի բանակում: Ստացած դաստիարակության շնորհիվ Հայկ որդիս հայոց բանակի արժանավոր զինվորներից է:

    Բոլոր ժամանակներում էլ Սպարտակին լավ պաշտոններ են առաջարկել, սակայն մնացել է իր համոզմունքին` այս աշխարհում ամեն ինչ անցողիկ է, հատկապես պաշտոնը, իսկ տնտեսությունն ուրիշ է, այն երկրի զարկերակն է: Նա իրեն գյուղատնտեսության ոլորտում լավ է զգում, դա նրա տարերքն է: Եվ այդ տարերքից հյուսվում է նրա կենսագրությունը, կենսագրություն, որ նրա երեք երեխայի` Սյուզիի, Դանիելի, Հայկի համար դաս-դասագիրք է, ու նրանք միշտ բարին ու լավը կցանեն:

    «Հայկ-Ժոս» ՍՊ ընկերությունը կշիռ ունի Գորիսում ու տարածաշրջանի գյուղերում:

    - Փորձում ենք ձեռնարկության շնորհիվ հավասարարակշռված պահել հացի գնագոյացման գործընթացը, - ասում է Սպարտակը, - շատ մարդիկ սոցիալապես ծանր վիճակում են, այնպես ենք անում, որ հացը մատչելի լինի նրանց, որ հացի գները թռիչք չգործեն:  Գյուղատնտեսությունը երկրի համար ռազմավարական նշանակություն ունի: Նրա զարգացման համար անընդհատ պետք է նորանոր պայմաններ ստեղծել: Մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, ուր ոչ մի բան ապահովագրված չէ, յուրաքանչյուր պահ կարող են անցանկալի անակնկալներ լինել: Դրա համար մենք պետք է պատրաստ լինենք ժամանակի մարտահրավերներին, ունենանք այսպես կոչված «բ» պլան, ու գյուղատնտեսությունն այնպես զարգացնենք, որ ժամանակի մարտահրավերները մեր կողքով անցնեն ու ցավ չպատճառեն: Դրա համար էլ պիտի թեւ-թիկունք լինենք գյուղացուն: Իսկ գյուղացին նրա համար նաեւ կոռնիձորցին է, ում Արցախյան պատերազմի օրերին սատարել է նաեւ խրամատից` օգնության ձեռք մեկնելով պատերազմի օրերին ժամանակավորապես Վերիշենում ու Նորավանում ապաստանածներին: Ձեռք է մեկնել, որ Կորնիձորը միշտ նրանց համար ջերմ օջախ լինի, հայրական տուն ու ծննդավայր, որ լինի մեծ սիրո տուն:
    Ժամանակները գալիս ու գնում են: Մարդիկ` նույնպես, պաշտոնները` եւս: Մնայունը միայն մարդու համբավն է, անունը: «Ապրել այնպես, որ հողը երբեք չզգա քո ծանրությունը». Սեւակի այս խոսքը դարձել է Սպարտակ Հակոբյանի սկզբունք-նշանաբանը: Ու հայրենի հողի վրա նա քայլում է բաց ճակատ, վաստակած մարդու ինքնաբավությամբ, եւ 2016թ. սեպտեմբերի 21-ին՝ հայոց անկախ պետության հռչակման 25-րդ տարեդարձի առթիվ ստացած «Երախտագիտության» մեդալն այդ ամենի գնահատականն է:

    ԱԼՎԱՐԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ

    Խմբագրության կողմից

    Փետրվարի 1-ին լրացավ Սպարտակ Հակոբյանի ծննդյան 60-ամյակը:

    Սիրելի Սպարտակ

    Հարգելի պարոն Հակոբյան

    «Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմը շնորհավորում է Ձեզ՝ հոբելյանի առթիվ, ցանկանում քաջառողջություն, երկար տարիների կյանք, անձնական երջանկություն: Վստահ ենք, որ դեռ շատ տարիներ Ձեզ տեսնելու ենք ստեղծարար աշխատանքի, արարումի ճանապարհին: Իսկ որպես մարդ, որպես ընկեր ու քաղաքացի, համոզված ենք, լինելու եք ընօրինակման արժանի եւ մեր լեռնաշխարհի մարդ արարածին բնորոշ լավագույն որակների կրողը:

    Ալվարդ Մեսրոպյանի ակնարկն ընթերցելուց հետո որերորդ անգամ համոզվեցինք, որ մեր հոգեւոր պետի՝ Ակսել Բակունցի այս մի բանաձեւում-մարգարեությունը նույնպես գրված է բոլոր ժամանակների համար. «Աշխարհքս միշտ կմնա, ասա մարդը սեւերես չմնա… »:

    Ծնունդդ շնորհավոր:

    Հանդիպում Գորիսի Ակսել Բակունցի անվան ավագ դպրոցում

    15.03.2025 16:31

    Քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, կայունություն չի լինի. Ալիև

    15.03.2025 12:36

    Զգուշացնում եմ ՀՀ իշխանություններին և հատկապես Նիկոլ Փաշինյանին` միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում դատի ենք տալու ՀՀ իշխանություններին․ Բեգլարյան

    15.03.2025 10:47

    Կուրսկի շրջանում ուկրաինացի զինվորականների հանձնվելու դեպքում մենք երաշխավորում ենք նրանց կյանքն ու արժանապատիվ վերաբերմունքը․ Պուտինը պատասխանել է Թրամփի խնդրանքին

    14.03.2025 21:44

    Երեկվանից հրդեհ է Շամբից դեպի հյուսիս եւ արեւելք ընկած գիհենու անտառներում

    14.03.2025 20:28

    Փաշինյանը Պուտինին ասել է, որ կմասնակցի մայիսին Մոսկվայում կայանալիք հաղթանակի շքերթին

    14.03.2025 19:41

    Եկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ժամանակը. Մարկո Ռուբիո

    14.03.2025 19:37

    Դպրոցները մարզպետարանների ձեռքից «կվերցնեն»

    14.03.2025 18:39

    Սպասվում է Իրանի ԱԳ նախարարի այց Հայաստան

    14.03.2025 17:05

    Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին

    14.03.2025 16:48

    Փաշինյանի խաղաղությունը՝ կապիտուլյացիայի վարպետաց դաս. Վարդան Օսկանյան

    14.03.2025 16:02

    Կոմիտաս Վարդապետը եվ ռուսական մշակույթը

    14.03.2025 14:53