Այցելություն Սյունյաց աշխարհի Բղեն գավառի սրբավայրեր, որոնց պսակը Նորավանքն է

28.12.2019 14:47
2887

    Մեր ուխտագնացության հերթական հասցեն Բղեն գավառի սրբավայրերն էին:

    Մինչ այդ (մի քանի տարի առաջ) ծրագրել էինք «Սյունյաց երկրի» հատուկ համար նվիրել գավառի գլխավոր սրբավայրին՝ Նորավանքին: Եվ ճանաչված լուսանկարիչ Մելիք Բաղդասարյանի հետ լուսանկարչական ծավալուն աշխատանք էինք կատարել` աջակցությամբ գյուղի վարչական ղեկավար Օնիկ Ավագյանի:

    Հատուկ համարի թողարկումը, սակայն, հետաձգվեց:

    «Ուխտագնացություն Սյունիք» ծրագիրը հաճելի առիթ էր երիցս այցելելու Բղեն գավառի սրբավայրեր եւ նոր հայացք ձգելու դրանցից յուրաքանչյուրին:

    Այցը տեղի ունեցավ 2019 թ. դեկտեմբերի 21-ին՝ ուղեկցությամբ Բարձրավան գյուղի դպրոցի տնօրեն Էդիկ Հովհաննիսյանի, ում մեր երախտագիտությունն ենք հայտնում:


    Բղեն (Բղենո) գավառը

    Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմության» մեջ նշված գավառացանկում Բղեն գավառը տեղ չի գտել, ինչին բացատրություն է տվել ինքը՝ պատմիչը՝ ներկայացնելով Սյունիքի գավառները. «Բայց ունի ուրիշ շատ գավառներ էլ, որոնք չհիշատակեցինք: Կան գավառներ, որոնց անունները փոխված են, ուրիշներն էլ այլ եւ այլ գավառների են բաժանված» (նշված աշխ. էջ 70):

    Այդուհանդերձ՝ Սյունյաց տան պատմիչն այդ գավառի զբաղեցրած տարածքի մասին որոշակի տեղեկություն է հաղորդել, որն անվիճելի պետք է լինի:

    Դատելով պատմիչի հաղորդած տեղեկություններից` Բղեն (Բղեան) գավառը գտնվում է Տաթեւից դեպի հարավ-արեւելք ընկած տարածքում, Որոտան գետի աջ կողմում (այժմյան Բարձրավան գյուղի շրջակայքը):

    Երբեմն Տաթեւն էլ մտել է Բղեն գավառի մեջ:

    Օրբելյանը կողմնորոշող մի փաստ էլ է բերում՝ խոսելով Նորավանքի կառուցման մասին՝ «Ապա գալով Կատարի վանքի հակառակ կողմը…» (նշված աշխ. էջ 221):

    Իսկ այդ վանքի տեղադրման հարցը քննարկվել է նշված աշխատության ծանոթագրություններում (ծանոթագրություն 719) եւ Թ. Հակոբյանի «Սյունիքի թագավորությունը» աշխատության մեջ:

    Եվ ուրեմն` ըստ ներկայումս իշխող կարծիքի՝ Բղեն (Բղենո) գավառը զբաղեցրել է Գորիսի տարածաշրջանի Բարձրավան գյուղի շրջակայքը (Որոտան գետի աջ ափը):

    Այդ գավառում են գտնվել Նորավանքը, Բղենո բերդը:

    Բղեն գավառի աշխարհագրական դիրքի վերաբերյալ սխալ տեղեկություններ է հայտնել Ղեւոնդ Ալիշանը:

    Գավառի վերաբերյալ ոչ հստակ եւ իմիջիայլոց ձեւակերպումներ են տեղ գտել «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանի» 1-ին հատորում:

    Սյունիքի պատմական աշխարհագրությանը փոքր-ինչ քաջատեղյակ մարդն անգամ կհաստատի, որ բառարանի ձեւակերպում-բացատրությունը որեւէ դարաշրջանի ու որեւէ քարտեզի վրա չի կարող տեղ գտնել. «Հավանաբար կազմում էր Բաղք-Աճանանի եւ Ծղուկ-Այլախի սահմանամերձ շրջանը», ինչը տրամաբանության մեջ չի տեղավորվում:

    Բղեն գավառի գլխավոր բնակավայրը հիմա Բարձրավան գյուղն է

    Գյուղը մատենագիտության մեջ հիշատակվում է 12-րդ դարից եւ անվանվել է Երիցաթումբ, Քյուրդիկ (վերջին անունը հավանաբար ծագում է Սյունյաց իշխան Քուրդոյից, ով երկրամաասում իշխել է տասնութ տարի):

    Ռուսական 10-վերստանոց քարտեզում Բարձրավան գյուղը նշված է այսպես՝ Րեցաթումբ (Րեսաթումբ), որը մեր խոսակցականում դարձել է Ռուսթումբ` տեղիք տալով արհեստածին մեկնաբանությունների։

    Ըստ Սերո Խանզադյանի՝ գյուղը երիզող երեք բլրից է առաջացել Երիցաթումբ անունը:

    Ահա նրա խոսքը. «Բարձրավանը հարթ տեղ է՝ խոր անդունդի եզրին: Տները նոր են՝ մանր, ցրված: 1931 թ. ապրիլի 28-ի մեծ երկրաշարժից գյուղը փլվել է: Ժայռերի վրայի շատ տներ նետվել են անդունդ: Գյուղը վերաշինել են, Երիցաթումբ անունը Բարձրավան դարձրել: Իզու՜ր: Կարծել են, թե երեց-քահանա անունից է, այնինչ երից-երեք զարմանալի կլոր ու կանաչ թումբ-բլուրներից է՝ Երցաթումբ:

    Այս գյուղի բնակիչները եկել են ձորի մյուս կողմի Շընհեր (Շինուհայր) գյուղից»:

    Գյուղը Բարձրավան անունը ստացել է 1940-ին:

    Սերո Խանզադյանին գյուղի տարեցները պատմել են, որ այս վայրում Ստեփանոս պատմիչի հիշատակած Քարոտան կամ Քարատնիք գյուղն  է եղել, նաեւ որ ավերվել ու քարերի տակ է մնացել 1658-ի երկրաշարժի ժամանակ:


    Ուխտագնացության առաջին կանգառը՝ Որոտան

    Գորիսի տարածաշրջանի Որոտան գյուղն է:

    Սերո Խանզադյանի կարծիքով՝ Ստեփանոս Օրբելյանի վկայակոչած Շաթիթաղ գյուղն է:Հետագայում թուրք-ազերիները գյուղին տվել են Շահվերդի, Շահվերդլար, Շախվերդի Ուշագի, Շահվերդիլար եւ այլ անուններ։

    Գյուղը գտնվում է Գորիս-Կապան ճանապարհին՝ Որոտան գետի աջ ափին, երբեմնի Շահվերդլարի կամրջի մոտ (կամուրջը կառուցվել է 19-րդ դարի վերջին քառորդում):

    1940-ի վեջին գյուղն ապաբնակեցվել  է, իսկ 1960-ականներին գյուղի տարածքում կառուցվել է Տաթեւհէկի ավանը (որոշ ազերիներ կրկին վերադարձել են այդտեղ եւ բնակվել մինչեւ 1989 թ.):

    Թուրք-ազերիների բնակության տարիներին գյուղի հնամենի եկեղեցին ավերվել է, սակայն ժողովրդի հիշողության մեջ պահպանվել է նրա տեղը եւ այդ վայրի հանդեպ պատկառանքը:

    Ու այդ վայրում հիմա կամարակապ մի սրբատեղի է շինվել, որտեղ շաբաթ եւ կիրակի օրերին կարելի է տեսնել Որոտան գյուղի հավատավոր բնակիչներին:

    Գյուղն արեւելքից երիզող բլրի վրա մի քանի տարի առաջ կանգնեցվել է երկաթե խաչ, որը գիշերները պարուրվում է լույսով:


    Երկրորդ կանգառը՝ Մազրա գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

    Որոտան գյուղի սրբավայրից հետո շարունակեցինք մեր ուխտագնացությունը:

    Գնացինք Գորիս-Կապան ավտոմայրուղով:

    Առջեւում Թասի լեռնանցքն էր:

    43 ոլորան ունեցող այդ զառիվերի գրեթե վերջնամասում մի մեծ հարթություն կա, այդտեղ է գտնվել հայկական Թաս գյուղը:

    Այդ գյուղի անվամբ էլ կոչվում է լեռնանցքը՝ Թասի լեռնանցք:

    Տարածքում կան անարձանագիր գերեզմանաքարեր:

    Ըստ ավանդազրույցի՝ Թասի բնակիչները գյուղը լքել են այնտեղ շատ օձեր լինելու պատճառով:

    Լեռնանցքի վերջին ոլորանից անմիջապես հետո՝ ավտոմայրուղուց շրջվում ենք դեպի արեւելք: Եվ մոտ 2 կմ դաշտային ճանապարհ անցնելուց հետո հայտնվում ենք Մազրա գյուղի ավերակներում (չշփոթել Սիսիանի եւ Կապանի տարածաշրջանների համանուն գյուղերի հետ):

     Ավերակված գյուղի կենտրոնում՝ բարձունքի վրա, Սուրբ Հռիփսիմե եկեղեցին է՝ կառուցված (ըստ բանավոր զրույցների) 17-րդ դարում:

    Ըստ 1781 թ. հարկացուցակի՝ հայկական այդ գյուղը Տաթեւի վանքին տալիս էր 1600 դահեկան պտղի հարկ:

    Գյուղը 19-րդ դարավերջին բնակեցվել է թուրք-ազերիներով:

    1920-ականներին Հայաստան-Ադրբեջան սահմանների վերաձեւման հետեւանքով գյուղը հայտնվել է Ադրբեջանի Կուբաթլիի շրջանի վարչական տարածքում:

    Արցախյան պատերազմի տարիներին գյուղն ազատագրվել է:

    Սուրբ Հռիփսիմեն կանգուն է: Սակայն ավերված է եկեղեցու բեմը, ջարդված են մերձակայքում գտնվող խաչքարերը:

    Եկեղեցու արեւմտյան պատից նոր-նոր փորձում են դուռ բացել, որը, հույս ունենք, պատկան մարմինները կդադարեցնեն:


    Երրորդ կանգառը՝ Շուռնուխ, որտեղ երկաթե խաչ է կանգնեցվել

    Մատենագիտության մեջ գյուղն անվանվում է նաեւ Շոռնոխո, Շոռնուխ, Շոռնուխա, Շորնուխո եւ այլն:

    Գտնվում է Գորիս-Կապան ավտոմայրուղու վրա, անտառապատ, գեղատեսիլ լեռնալանջին:

    Ադրբեջանցիներով բնակեցվել է 1930-ին՝ պատմական Շոռնոխո ավերակ գյուղի տեղում, որ մտնում էր Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Բաղք-Քաշունիք գավառի մեջ, եւ նրա ավերման ժամանակը հայտնի չէ:

    19-րդ դարավերջին այդտեղ ավերակներ կային, նաեւ եկեղեցու ավերակներ:

    1989-ից գյուղում այլեւս ադրբեջանցիներ   չկան:

    Գյուղը վերաբնակեցվել է հայերով:

    Գյուղի կենտրոնի փոքր բլրակի վրա վերջերս կանգնեցվել է երկաթե խաչ, որի լուսավորված վիճակը, գիշերային խավարի մեջ, երեւում է տարբեր կողմերից:


    Չորրորդ կանգառը՝ Մաճ գյուղի եկեղեցի

    Գյուղի ավերակները գտնվում են Բարձրավան գյուղից մոտ 6 կմ հարավ-արեւմուտք՝ Կապանի տարածաշրջանի Տանձավեր գյուղից 2-3 կմ հյուսիս-արեւելք, Կատար լեռան ստորոտում, անտառապատ ձորահովտում:

    Հիշատակում է Ստեփանոս Օրբելյանը՝ Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Բաղք-Քաշունիք գավառում:

    867 թ. Սյունիքի տեր Վասակ իշխանի դուստր Քուպղիդուխտն իր սեփական այս գյուղը` շրջակա հող ու ջրով, նվիրել է Տաթեւի վանքին:

    Ըստ հին հարկացուցակի (13-րդ դար)` վանքին տալիս էր 7 միավոր հարկ:

    Պահպանվում են շինությունների ավերակները, գերեզմանատունը, եկեղեցին, որի անունը չկարողացանք ճշտել:

    1939 թվականից հետո գյուղը լքվել է:

    Մինչ այդ (19-րդ դարում) գյուղում ժամանակավորապես բնակվել են ազերի-թուրքեր, ովքեր գյուղից հեռացվել են 1918-20 թթ.:


    Հինգերորդ կանգառը՝ Պաշարաջրի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

    Ավերակ Պաշարաջուր գյուղը նաեւ կոչվել է Բաշարաջուր, Բաշիրաջուր եւ այլն:

    Գտնվում է Բարձրավան գյուղից 2 կմ հյուսիս-արեւելք՝ անտառներով շրջապատված լեռնաբացատում, շրջակայքի նկատմամբ ունի իշխող դիրք:

    20-րդ դարասկզբին գյուղը բնակեցվել է թուրք-ազերիներով, ովքեր 1949-53 թթ. տեղափոխվել են Ադրբեջան:

    Գյուղն այնուհետեւ դարձել է Բարձրավանի ձմեռանոց:

    Կանգուն է գյուղի քառանկյունի եկեղեցին՝ հավանաբար կառուցված 17-18-րդ դարերում:

    Նշմարվում են տների հետքերը:

    Եկեղեցուց մի փոքր արեւելք եռահարկ քարանձավն է:

    Եկեղեցու շրջակայքի տապանաքարերի վրա հանդիպեցինք բացառիկ նախշաքանդակների:

    Սարավանդը, որտեղ գտնվում է Պաշարաջուրը, մատենագիտության մեջ հիշատակվում է «Պաշարաջրի սարավանդ» անվամբ:


    Վեցերորդ կանգառը՝ Բարձրավանի գյուղամիջի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

    Ըստ հնագետ Սեդրակ Բարխուդարյանի՝ վերակառուցված է 19-րդ դարում. սրա կտուրին կանգնեցված է մի այլ տեղից վերցրած խաչքար՝ 14-րդ դարի արձանագրությամբ:

    Այլ աղբյուրների վկայությամբ՝ գյուղամիջի եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում եւ վերակառուցվել 19-րդ դարում:

    Եկեղեցին կանգուն է:

    Մեկ ուրիշ աղբյուրի համաձայն՝ Սուրբ Հռիփսիմեի բակում եղել է հազվադեպ տապանաքարերով գերեզմանատուն 11-րդ դարից, ինչը վկայում է այդտեղ հին բնակավայր լինելու մասին:

    Սերո Խանզադյանն ավելի ստույգ է արտահայտվում՝  «Գյուղամիջի եկեղեցին կառուցված է 1866 թվին: Շինել են հնի հիմքերի վրա, պատերի մեջ խաչքարեր կան…»: 

     

    Յոթերորդ կանգառ՝ Քրատակի Սուրբ Մինաս եկեղեցի

    Գտնվում է Բարձրավանից դեպի Որոտան իջնող ձորալանջին` մոտ 2 կմ գյուղից հեռու:

    Եկեղեցին շինված է կոփածո քարերով եւ թաղակապ է. միայն ներսից՝ բեմի կամարը սրբատաշ քարերով է շինված:

    Եկեղեցու բակում կան մի քանի խաչքարեր (որոնցից մեկը՝ խոշոր) եւ ժայռաբեկորներ, որոնցից մի քանիսի վրա կան արձանագրություններ:

    Բարձրավանցիները սրբավայրին նաեւ Քրըտակի եղցի են ասում:

    Սերո Խանզադյանն ընթերցել է որոշ արձանագրություններ. բեմի կամարին՝ ՉՀ. ՄՍ, որ 1321 թվականն է:

    Դրսում՝ մի քարի վրա՝ Թվ. ՉԺ (1261 թ.):

     

    Հերթական կանգառը՝ Ծծախաչ կամ Կաթնաղբյուր

    Քրատակի Սուրբ Մինաս եկեղեցուց մոտ 200 մետր արեւելք՝ լեռան լանջին է գտնվում ոչ սովորական անվամբ այդ ուխտատեղին:

    Էդիկ Հովհաննիսյանը մեզ ներկայացնում է՝ «Արտաքուստ մայրական կուրծք է»՝ անձեռակերտ, որից (մի քանի տեղից) հավերժորեն ջուր է ծորում:

    Իսկ խա՞չը: 

    Ըստ Էդիկ Հովհաննիսյանի՝ կա երկու վարկած. «մայրական կրծքի խորքում» խաչքար է եղել, որ դարերի ընթացքում ծածկվել է հողով՝ թողնելով միայն հուշ:

    Երկրորդ վարկածի համաձայն՝ մայրական կուրծքը սրբություն է՝ խաչին հավասարազոր, ինչի համար էլ ստացել է այդ անվանումը:

    Ուխտավայրի արմատները, ըստ էության, ավելի խորն են եւ հասնում են մինչեւ հազարամյակների խորքեր:

    Ուխտավայրի հիմքում Արամազդի դուստր Անահիտի՝ պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության աստվածուհու պաշտամունքն է, որը հետագայում վերագրվել է Մարիամ աստվածամորը:

    Ուխտավայրի խորհրդավորությունը կարելի է հասկանալ՝  նաեւ մեր դյուցազնավեպն ընթերցելով. Սանասարի ու Բաղդասարի մայրը հղիանում է ջրից, ինչը հանդիպում ենք «Սասնա ծռեր» էպոսի մի քանի պատումներում:

    Էպոսում հիշատակվում է նաեւ Կաթնաղբյուրը, որի ջուրը խմում են եւ զորանում:

    …Բարձրավանի Ծծախաչը կամ Կաթնաղբյուրը դարեր շարունակ իրեն է ձգել կանանց, ովքեր մայրանալու խնդիր են ունեցել, ովքեր նորածնին մայրական կաթով սնելու դժվարությունների են հանդիպել:


    Չկայացած կանգառներ՝ մեզանից անկախ պատճառներով

    Բղենո գավառի հարավային գյուղերի սրբավայրեր այցելելու մեր մտադրությունն անկատար մնաց. դրանց մերձակայքի անտառների մի մասը  դեռեւս ականազերծված չէ, ինչի համար էլ ռիսկի չդիմեցինք:

    Նոր Առաջաձորում, որքանով տեղյակ ենք սրբավայրեր չկան:

    Դա Գորիս-Կապան խճուղուց աջ` անտառաշատ վայրում, լեռնալանջին գտնվող գյուղ է:

    Բնակիչները ժամանակին եկել են Կապանի շրջանի Առաջաձոր գյուղից:

    Գյուղը լքվել է 1960-ականներին:

    Աղբուլաղ. գտնվում է Որոտանի աջակողմյան վտակ Քաշունի գետից ձախ` անտառապատ լեռնալանջի վրա:

    20-րդ դարասկզբին են ազերի-թուրքերը Կուբաթլիի տարածքից եկել այդ գյուղ:

    Աղբուլաղ է կոչվել գյուղից հյուսիս-արեւելք գտնվող համանուն աղբյուրի անունով:

    Գյուղից մոտ 1 կմ հարավ-արեւելք Ալչալու (Շլորուտ) ավերակ գյուղատեղին է, որտեղ կան եկեղեցու ավերակներ (այդ Շլորուտը չպետք է շփոթել Կապանի տարածաշրջանի Շլորուտ ամրոցի եւ համանուն գյուղի հետ):

    Գյուղի մոտ է գտնվում Կալանը դար ամրոցը (գյուղից մոտ 3 կմ հարավ-արեւելք` մի լեռան գագաթին):

    Պահպանվել են անմշակ խոշոր քարերով շինված պարսպի եւ նրա բուրգերի ավերակները, կրաշաղախ պատերով շինվածքներ:

    Ականատեսներն ամրոցի մերձակայքում բազմաթիվ խաչքարեր են տեսել:   

    Շամսուզ, որ կոչվում է նաեւ Շահար Մովսես, Շամսըզ, Շհար Մովսես:

    Գտնվում է Որոտան գետի աջակողմյան Քաշունի վտակի ձախ կողմում` լեռնալանջի վրա, որի հյուսիսային կողմն անտառապատ է:

    1960-ականներին ապաբնակեցվել է:

    Ավանդության համաձայն՝ այդտեղ ինչ-որ ժամանակ քաղաք է եղել (շահար, շհար):

    Ղուրդղուլաղ, որ կոչվում է նաեւ Գուրդ գուլաղ, Գուրթ կալա, Կուրթկուլաղ, Չիչակլու, Չիչակլու ղարա, Քյուրդ-ղալա…

    Գտնվում է Որոտանի աջակողմյան Քաշունի վտակի ձախափնյա անտառապատ հովտում:

    Գյուղից 5-6 կմ հարավ-արեւելք՝ անտառի մեջ, կա կիսավեր եկեղեցի:

     

    Եւ ահա Բղեն գավառի սրտում ենք՝ Նորավանքում

    Գտնվում է Բարձրավանից դեպի արեւելք՝ 3-4 կմ հեռու:

    Գորիս-Կապան մայրուղուց՝ Բարձրավանի խաչմերուկից թեքվում ենք աջ (արեւմուտք):

    Գտնվում է լեռնային բազուկի ծայրին, երեք կողմը շրջապատված է խոր եւ անտառապատ ձորերով:

    Այդ վայրը տեղացիները կոչում են Ջհաննամ դարասի-Դժոխաձոր:


    ***

    Սյունյաց աշխարհի 48 վանքից այդ մեկը՝ Բղենո Նորավանքը, բացառիկ տեղ է զբաղեցնում ոչ միայն Սյունիքի, այլեւ հայոց աշխարհի սրբավայրերի շարքում:

    Բղենո Նորավանքը, սակայն, յուրահատուկ ճակատագիր է ունեցել:

    Դարեր շարունակ անհայտ էր վանքի տեղը, պատմիչներն անորոշ եւ իրարամերժ տեղեկություններ են հաղորդել դրա գտնվելու վայրի մասին:

    Եվ միայն 1932 թվականին եղավ Բղենո Նորավանքի վերահայտնությունը:

    Եվ այդ վերահայտնությունը, վերին պարգեւումով, եղավ հայոց մեծերից մեկի՝ Ակսել Բակունցի կողմից:

    Նա է իմանում վանքի տեղի մասին եւ տեղեկացնում հնագետ Սեդրակ Բարխուդարյանին, ինչից հետո՝ 1934-ին, հնագետը, գիտական արշավախմբի հետ, ուսումնասիրում եւ մանրամասն ներկայացնում է սրբավայր-հուշարձանախումբը:

                                                                        ***

    Բղենո Նորավանքն այն սրբավայրերից է, որի փառքը միայն անցյալին չէ, որ պատկանում է, այլ ավելի շատ ներկային ու ապագային:

    Եվ դա՝ շնորհիվ «Էջմիածնի ավետարանի» կամ «Փղոսկրե ավետարանի», որը եզակի կանթեղ է քրիստոնեական վարդապետությամբ հայոց տունը լուսավոր պահելու գործում, որը, հիրավի, Ավետարանների թագուհին է քրիստոնյա աշխարհում:

    Ճակատագրի կամոք եւ դարեր շարունակ Ավետարանի գրչության վայրը սխալմամբ համարվել է Էջմիածինը՝ անտեսելով (չիմանալով) գրչության իրական վայրի անունը, որ Բղենո Նորավանքն է:

    Հայ գրչության եւ մանրանկարչության այս հուշարձանն ընդօրինակել է Հովհաննես Գրիչը՝ 989-ին, Բղենո Նորավանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցում, պատվիրատու՝ Ստեփանոս քահանա:

    Ավետարանը ներկայումս գտնվում է Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում (ձեռագիր N2374):

    Բաղկացած է գեղեցիկ երկաթագրով գրված չորս ավետարանից:

    Բացառիկ է Ավետարանի մանրանկարների դերը:

    «էջմիածնի ավետարանի» ուսումնասիրությամբ զբաղվել են շատ գիտնականներ՝ Ա. Ուվարով, Վ. Ստասով, Ն. Կոնդակով, Յո. Ստրժիգովսկի, Գ. Վայցման, Ֆ. Մակլեր, Ս. Տեր-Ներսեսյան, Նիկողայոս Ադոնց եւ ուրիշներ:

                                                                ***

    Անկարելի է չհիշել վանքի երախտավորներից մի քանիսին ու հարյուրամյակների հեռվից չխոնարհվել նրանց հիշատակի առջեւ:

    Երախտավորների շարքում առաջինը, անշուշտ, Ստեփանոս նախաշինողն է՝ քահանայական աստիճանի կոչված, ով հիմնադիրն է Բղենո Նորավանքի:

    Ստեփանոսը Սիսական տոհմից էր:

    Բղենո Նորավանքի առաջին եկեղեցին կառուցվել է Հրահատ իշխանի օժանդակությամբ:

    Ստեփանոսի եւ Հրահատի հիմնադրած եկեղեցու նավակատիքին, որ տեղի ունեցավ 936 թ., մասնակցել է Սյունյաց եպիսկոպոս Տեր-Հակոբը, ով էլ օծել է Աստծո այդ տաճարը:

    Արդարացի կլիներ Ստեփանոս նախաշինողի հետ մեկտեղ հիշել նաեւ Գրիգորի (Գեորգիի) եւ Հովհաննեսի անունները, թեեւ նրանք գործեցին Նախաշինողից մոտ 100 տարի հետո:

    Հենց նրանք 1062-ին կառուցեցին վանքի երկրորդ եկեղեցին (կամ վերաշինեցին արդեն կառուցվածը):

    Եվ կառուցեցին, ինչպես պատմիչն է վկայում, շատ գեղեցիկ հորինվածքով:

    Վանքի երախտավորների ցանկում ոսկե տառերով են գրված Հովհաննես Գրիչի՝ «Էջմիածնի ավետարանի» հեղինակի եւ պատվիրատու Ստեփանոս քահանայի անունները:

    Պարտավոր ենք հիշել նաեւ Սյունիքի թագավոր Գրիգոր Ա-ին, ով թագավորել է 1051-72թթ. եւ հովանավորել Նորավանքում կատարվող աշխատանքները (Գրիգոր Ա թագավորը թաղված է Վահանավանքում, նրա դեմքը վերականգնել է պրոֆեսոր Ճաղարյանը):


                                                        ***

    Բղենո Նորավանքը հայ ճարտարապետության մեջ արտակարգ տեղ է գրավում նաեւ իր բարձրարվեստ քանդակներով:

    Շատերն են անդրադարձել այդ պատկերաքանդակներին, բայց մեջ բերենք միայն փոքրիկ հատված Ստեփանոս Մնացականյանի «Հայկական աշխարհիկ պատկերաքանդակները IX-XIV դարերում» գրքից։

    Ահա՝ «Աղթամարից հետո Բղենո Նորավանքն այն միակ հուշարձանն է, որ այնքան հարուստ է պատկերաքանդակներով:

    Ուսումնասիրությունը կասկած չի թողնում, որ այստեղ ի սկզբանե պատկերված են եղել Քրիստոսի կյանքի հիմնական դրվագները (մեզ հասած ութ պատկերաքանդակից վեցում առկա է Քրիստոսը)»:



                                                 Վերջաբան


    Ուխտագնացության այդ օրը մեզ պարգեւեց անջնջելի տպավորություններ (բայց ոչ միայն հաճելի):

    Կարելի է ասել՝ քարերի տակ ու քերծերի մեջ քնած դարերն էին արթնացել այդ օրը:

    Սրբավայրերի մասին արդեն ասացինք…

    Յուրահատուկ էր նաեւ Բարձրավանի ձորից (Որոտանի կիրճի մի մասն է) ստացած տպավորությունը:

    Ձորը սկսում է գյուղի հարթության պռնկից եւ 40-50 աստիճան թեքությամբ ձգվում մինչեւ Որոտան գետը:

    Ձորը լայնությամբ ձգվում է դեպի Օվենի անտառը:

    Ճշմարիտ է ասված՝ եթե ուզում ես ամբողջովին հասկանալ Որոտանի կիրճի վեհությունը, ահեղությունը, անառիկությունը, հեքիաթայնությունը, նաեւ գրավչությունն ու անզուգական հմայքը, պետք է այնտեղ իջնել Բարձրավանից:

    Առանց չափազանցության` այնտեղ ամեն ինչ՝ քարերը, ծառերը, կածաններին չոքած դարավոր ընկուզենիները մարդայնացած են, այնտեղ կարելի է զրուցել դարերի հետ, այնտեղ կարելի է զրուցել Բարձրյալի հետ:

    Լեռան շուրթից սկսած քարերի մի անսովոր հեղեղ է՝ սառած հեղեղ, Համո Սահյանի խոսքերով՝ «Քարե՛ մրրիկ է ու քարե բուք է, Քարե՛ բողոք է ու քարե բերդ…»:

    Էդիկ Հովհաննիսյանը նախնիներից լսածն է փոխանցում՝ քարերի այդ հեղեղը 1658-ի, ինչպես եւ 1931-ի ահեղ երկրաշարժի հետեւանք են (վերջին երկրաշարժից գյուղում 47 մարդ է զոհվել):

    Այդ երկրաշարժերն ավերել ու տակնուվրա են արել ամեն ինչ, անգամ լեռան անմիջական ստորոտում գտնվող Քարոտան կամ Քարատնիք գյուղը թողել են քարերի տակ (դա՝ 1658-ի երկրաշարժի ժամանակ): Ու, այդուհանդերձ, ահեղ երկրաշարժերը չեն վնասել ո՛չ Սուրբ Մինաս եկեղեցուն, ո՛չ քիչ հեռվում գտնվող Սյունյաց մեծ անապատի եկեղեցուն, որ բարձունքից «իջել» եւ անվնաս հանգրվանել է նոր տեղում ու կանգուն է մինչեւ հիմա:

    Ժայռերի զառիթափով՝ մեքենայով, մոտ 1 կմ իջնելուց հետո, ճանապարհը շարունակեցինք ոտքով՝ կածաններով:

    Ծառերի տակ, նաեւ կածաններին տերեւների գորգեր էին: Բայց դրանք երփներանգությամբ «վառվող» տերեւներ չեն այլեւս: Դրանք հիմա քամու հետ նույնիսկ չեն վիճում, աստղերի ու արեւի հետ զրույցի չեն բռնվում (մանավանդ որ ձորի այդ մասը ձմռանը գրեթե արեւ չի տեսնում):

    Չորացած, խորշոմած այդ տերեւները ձյուն են աղերսում, մի բուռ ձմեռ, որի նշանները չեն երեւում, թեեւ դեկտեմբեր ամիսն ավարտին է մոտենում:

    Միայն հեռվում երեւացող Արամազդն է, որ սպիտակ շապիկ է հագել եւ գլուխն աստղերին հենել:

    Ի վերջո ձորից սկսեցինք բարձրանալ Բարձրավան գյուղ. ընդամենը երեք աշակերտ ունեցող դպրոցի, գյուղի  փակված-խոնարհված-փակվող տասնյակ տների, մայրուղուց գյուղ ձգվող ճանապարհի խայտառակ վիճակի, գանձագողերի ամենակարող եւ ամենահաս ձեռքով վիրավորված-վերքոտված սրբավայրերի մռայլ պատկերը խտացնում են մարդու ոտքի կարոտ կածանները, որով բարձրանում ենք… 

    Վերստին եւ ակամայից հիշում ենք Սյունյաց տան մեծ բանաստեղծի խոսքը, որ ճշգրիտ արտացոլանքն է այն պատկերների, որին ականատես եղանք.

    Ի՞նչ է ասում ճամփորդներին

    Հալված-մաշված այս կածանը,

    Ժամանակին հազար ու մի

    Քայլեր հաշված այս կածանը,

    Անցող-դարձող քարավանի

    Ծանր ու դանդաղ ոտքերի տակ

    Մեջքը կոտրած, կուրծքը պատռած,

    Հոգնած-տանջված այս կածանը,

    Մեծ աշխարհի մեծաժխոր

    Ճանապարհից հեռու քաշված,

    Հիսուսի պես, ապառաժի

    Կողին խաչված այս կածանը…

     

    Սամվել Ալեքսանյան


    На изображении может находиться: небо, гора, на улице и природа

    На изображении может находиться: небо, облако, на улице и природа

    На изображении может находиться: гора, растение, небо, дерево, на улице и природа

    На изображении может находиться: небо и на улице

    На изображении может находиться: мост, дерево, растение, на улице и природа

    На изображении может находиться: 4 человека, люди стоят, дерево, растение, на улице и природа

    На изображении может находиться: небо, на улице и природа

    На изображении может находиться: 4 человека, люди стоят и на улице

     

    На изображении может находиться: небо, гора, на улице и природа

     

    На изображении может находиться: дерево, растение, небо, мост, на улице и природа

    На изображении может находиться: на улице и природа

    На изображении может находиться: дерево, растение, на улице и природа

    Нет описания фото.

    На изображении может находиться: 1 человек, в помещении

    На изображении может находиться: в помещении

    На изображении может находиться: растение и на улице

    На изображении может находиться: небо, трава, гора, на улице и природа

    На изображении может находиться: в помещении

    На изображении может находиться: ночь, растение и на улице

    На изображении может находиться: на улице

    На изображении может находиться: на улице

    На изображении может находиться: растение, на улице и в помещении

     

    На изображении может находиться: на улице

    На изображении может находиться: растение и на улице

    На изображении может находиться: растение и на улице

    На изображении может находиться: растение, ночь и на улице

    На изображении может находиться: растение, дерево и на улице

    На изображении может находиться: растение и на улице

    На изображении может находиться: на улице

    На изображении может находиться: растение, дерево и на улице



































     

    Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածում կկառուցվի 17 կամուրջ, 2 թունել, 5 փոխհատում

    17.04.2025 17:31

    Հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները․ մանրամասներ

    17.04.2025 17:22

    Լավրովն ու Արաղչին քննարկելու են իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ

    17.04.2025 17:16

    Ամեն շաբաթ կրկնում ենք՝ Պուտին-Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները շարունակում են ակտուալ մնալ. պատրաստ ենք հաշտեցման առանցքային հարցերում աջակցել ադրբեջանցի և հայ գործընկերներին. Զախարովա

    17.04.2025 17:13

    Այսօր Հայաստանում սկսվել է հեղափոխություն. Նիկոլ Փաշինյան

    17.04.2025 16:31

    Սահմանադրական փոփոխությամբ կպահպանվի Արցախի նախագահի ինստիտուտը․ պատգամավոր

    17.04.2025 16:27

    ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ

    17.04.2025 15:17

    Թուրքիային և Ադրբեջանին զիջումների գնալու Փաշինյանի նկատվող թուլությունն ու պատրաստակամությունը Թեհրանում մտավախություն է առաջացրել․ Amwaj. media

    17.04.2025 12:04

    Արցախի պահպանության կոմիտեն արձագանքել է Փաշինյանին

    17.04.2025 11:54

    Խաչիկ Ասրյանի կոշտ արձագանքը՝ Սամվել Կարապետյանին վիրավորած Ստյոպիկ Սաֆարյանին

    17.04.2025 11:48

    «Անտերության մեջ ենք, մենք ենք իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրում»․ գիշերը Ադրբեջանն ավելի ինտենսիվ է կրակել

    17.04.2025 10:52

    Սիսիանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

    17.04.2025 10:30