«ԲԱՆԱԿԻ ՏՂԱՆ»  ԳԻՐՔՆ ԱՄԲՈՂՋԱՑՆՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ ԱՐՄԵՆԱԿ ՈՒՐՖԱՆՅԱՆԻ ԿԵՐՊԱՐԸ

09.10.2020 14:24
1310


«Հայրենիք» հասկացությունն ունի աշխարհագրական եւ հոգեւոր իմաստ: Աշխարհագրական իմաստով՝ հայրենիքն այն տարածքն է, որը պատմականորեն պատկանում է տվյալ հավաքականությանը, իսկ հոգեւոր տեսակետից՝ այն բնատարածքն է, որ տվյալ ազգի կամ էթնիկ հանրույթի անհատներն ընկալում են որպես իրենց ազգային կամ էթնիկ ինքնության անքակտելի մաս: Այս իմաստով՝ ազգը եւ հայրենիքն անբաժանելի ամբողջություն են: Հայրենիքն աղերսվում է հայրերի՝ նախնիների հետ. այդ առումով ունի նաեւ զգայական ենթատեքստ. ենթադրում է մայր հայրենիքի հանդեպ հատուկ, սրբազան զգացմունք, որը զուգակցվում է սիրո, պարտքի գիտակցմանը, նվիրվածությանը եւ հայրենասիրությանը: Հայրենիքը փոխանցվում է սերնդեսերունդ: Հայրենիքը սրբություն է: «Հայրենիք», «պետություն», «ծննդավայր» հասկացություններն ունեն տարբեր բովանդակություններ: Որեւէ ազգի կամ էթնոսի անդամը կարող է ծնվել ու ապրել իր հայրենիքից դուրս՝ այլ տարածքում, լինել ոչ իր հայրենի պետության քաղաքացին: Այդուհանդերձ, նրա հայրենիքն իր նախահայրերի բնօրրանն է: Այս գիտակցության աղավաղումը հանգեցնում է ազգային-էթնիկ ինքնագիտակցության երկփեղկմանը, որն էլ անխուսափելիորեն տանում է ուծացման եւ ձուլման օտար հավաքականությունների մեջ: Դարերի ընթացքում Հայոց աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու ու արտաքին թշնամուց պաշտպանվելու համար:
Մեր օրերի հերոսների շարքին է դասվում Ապրիլյան պատերազմի մասնակից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող, կապիտան, 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած արցախաադրբեջանական պատերազմի մասնակից Արմենակ Ուրֆանյանը: Նրա մասին գրվել ու գրվում եւ գրվելու են բազմաթիվ մենագրություններ, հուշեր, նկարահանվել են բազմաթիվ հաղորդումներ` ներկայացնելու նրա սխրանքն ու հերոսական ուղին: 
Վերջերս իմացա, որ Արցախում լույս է տեսել «Բանակի տղան» գիրքը: Գրքի հեղինակն է երիտասարդ գրող, «Վարդանանք» թերթի գլխավոր խմբագիր Վովա Արզումանյանը:
Համավարակի սահմանափակումներով պայմանավորված` գրքի շնորհանդես դեռեւս չի լինելու, հեղինակի խոսքով` մեծ միջոցառում է լինելու Հայոց բանակի ու Արմենակի ծննդյան օրը, որի ընթացքում կազմակերպվելու է նաեւ գրքի շնորհանդեսը։ Մինչդեռ` սույն թվականի սեպտեմբերի 8-ին «Տեսակետ» մամուլի ակումբում տեղի ունեցավ ասուլիս, որտեղ պետք է մասնակցեր նաեւ հերոսի մայրը՝ Համեստ Ներսիսյան-Ուրֆանյանը, սակայն առողջական խնդիրների պատճառով չկարողացավ ներկա լինել։ Շնորհանդեսին մասնակցում էր գրքի հեղինակը՝ Վովա Արզումանյանը: 
Բացելով շնորհանդեսը` «Տեսակետ» մամուլի ակումբի նախագահը շնորհակալություն հայտնեց գրքի հեղինակին ու բոլորին՝ ասուլիսին ներկա գտնվելու համար: Նա նշեց, որ սա հեղինակի հրատարակած երրորդ գիրքն է, առաջին երկուսը բանաստեղծական ժողովածուներ են:
Խոսելով գրքի մասին` հեղինակն ասաց. «Գիրքը վերնագրել եմ «Բանակի տղան», քանի որ նա մոր հետ խոսելիս մի անգամ ասել էր. «Մամ, ես էլ քո տղան չեմ, ես բանակի տղան եմ», - ասուլիսի ժամանակ հայտնեց Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանին նվիրված գրքի հեղինակ Վովա Արզումանյանը: Նրա խոսքով` երբ Արմենակը զոհվեց՝ դարձավ հայրենապաշտության չափանիշ իր համար ու, չնայած հերոսներին չեն տարանջատում, որոշեց նրա մասին գիրք գրել: 
Գիրքը լույս է տեսել Արցախի անկախության օրը, երբ Արցախի Հանրապետության նախագահի հրամանով նա արժանացավ Արցախի հերոսի կոչման: 
«Բոլորն էլ մեծ խանդավառություն են ապրում, որ նրա հերոսությունն արժեւորվեց պետական մակարդակով»,- նկատեց գրքի հեղինակը:
Երիտասարդ գրողը տեղեկացրեց, որ գրքում Արցախի վերաբերյալ պատմվածքներ են, ինչպես նաեւ նրա մարտական ընկերների հետ հարցազրույցներ: Գեղարվեստական գործում ընդգրկված են նաեւ Ուրֆանյանի մոր հուշերը: Դրանցից մեկից ընթերցողը տեղեկանում է, որ պատերազմի նախօրեին` ապրիլի 1-ին, Ուրֆանյանը զանգահարել է մորը եւ հումորի օրվա կապակցությամբ ասել, թե «չեպե» է արել եւ իրեն զորացրում են բանակից: Հեղինակը գրքում գրել է, որ նրան չզորացրեցին, այլ կյանքը նրան զորացրեց: Ըստ Արզումանյանի` ներկայացված պատմությունները եւ հարցազրույցները պարզ են, ու դրանց գեղարվեստական երանգ չի տրվել: Գրքի էջերում Արմենակն է` իր հերոսական կերպարով։ Նրան նվիրված հեղինակի էսսեները եւ էտյուդները նույնպես ներառված են գրքում։
Գրքում կան նաեւ Արմենակ Ուրֆանյանին նվիրված բանաստեղծություններ:
«Բանակի տղան» տպագրվել է «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով ու չի վաճառվելու, այլ բաժանվելու է Արցախի եւ Հայաստանի տարբեր զորամասերում ու դպրոցներում:
Գիրքը նախատեսված է հայրենասեր եւ արժեքներ գնահատող ընթերցողների համար: Այսպիսով՝ գիրքն ամբողջացնում է Արմենակ Ուրֆանյանի կյանքը:
Հարցազրույցների մեծ մասն անցկացվել են նրա մարտական ընկերների հետ, նաեւ ներկայացված են հատվածներ Արմենակի հրամանատարների հուշերից: 
Գրքի հեղինակի հետ հարցազրույցը` ստորեւ:
- Հարգելի Վովա, նախեւառաջ թույլ տվեք շնորհավորել Արմենակ Ուրֆանյանին նվիրված գիրքը հրատարակվելու առիթով, որի հեղինակը Դուք եք:
-Շատ շնորհակալություն:
-Ինչպե՞ս ծնվեց Արմենակ Ուրֆանյանին նվիրված գիրք ստեղծելու գաղափարը:
-Քանի որ Արցախում եմ ապրում ու այդտեղի զավակ եմ, իմ հարգանքի տուրքն եմ մատուցում մեր հերոսներին, ու ոչ մեկին չեմ առանձնացնում: Պարզապես ուզում էի, որ Արմենակի սխրանքն արժանվույն գնահատվի, եւ դա արեց Արցախի նախագահը՝ նրան շնորհելով Արցախի հերոսի բարձրագույն կոչում: Եվ ուրախ եմ ու պարտավորված, որ Արցախի հերոսի կոչումը կրող հերոսի մասին եմ գիրք գրել: 
2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ամեն ինչ փոխեց: Եվ Արմենակն ինձ համար դարձավ հայրենապաշտության չափանիշ, եւ այդպես էլ որոշեցի նրան նվիրված գիրք գրել, քանի որ նա լեգենդար հրամանատար էր ու լեգենդար մարդ` նախեւառաջ:
-Արդյո՞ք երբեւէ հանդիպել եք Արմենակ Ուրֆանյանին, ի՞նչ հետաքրքիր դեպք կպատմեք նրա կյանքից։
-Ցավոք, Արմենակի հետ կենդանի շփում չեմ ունեցել, նրան հանդիպել ենք երեքով` ես, երկինքը եւ գրիչը: Եվ այդպես էլ ծնվեց գիրքը` նրա հետ խոսելով, նրա նկարներին նայելով, հայացքի մեջ ժպիտ որոնելով, ամեն պատմածի հետ վերապրելով ու իսկապես նրա հերոսական կերպարի մեջ հոգեպես լուսավորվելով։ Նրա լեգենդար զինվորական կեցվածքն ինձ ուղեկցեց բոլոր հանդիպումներում…
 - Մի քանի բառով բնութագրեք գիրքը եւ գրքի վերնագիրը:
- Գրքում տեղ են գտել հարցազրույցներ, իմ հեղինակային էսսեները, էտյուդներ, պատմվածքներ, որտեղ Արմենակի մոր զգացմունքներն են եւ իմ ապրելու ու արարելու կամքը` նրա արյունով սրբացված հողում։ Ես իմ խոսքով փորձել եմ ամբողջացնել ու ստեղծել Արմենակի կերպարը, որ նրան չճանաչողները ճանաչեն ու նրա հոգու անդորրությունը չզգացող մարդիկ զգան:
Ինչ վերաբերում է վերնագրին, ապա այն առնչվում է նրա խոսքերին, երբ մի օր մորն ասաց. «Ես քո տղան չեմ, ես բանակի տղան եմ»:
- Ներկայացնելո՞ւ եք գիրքը զորամասերում, արդյո՞ք կազմակերպվելու է գրքի շնորհանդես։
- Այո, գիրքը մեծ տարածում կգտնի, որովհետեւ մինչեւ հրատարակելն էլ շատ էր մարդկանց հետաքրքրվածությունը։ Գրքի շնորհանդեսը կլինի… Ամեն ինչ` իր ժամանակին։ Գիրքը կտարածվի նաեւ զորամասերում։
- Պատրաստվո՞ւմ եք այն թարգմանել այլ լեզուներով:
- Միանշանակ, այդպիսի միտք ունեմ, եւ, կարծում եմ, դա այնքան էլ չի ուշանա, չնայած լայնածավալ աշխատանք է պահանջվում ու պատասխանատվություն։
- Ժամանակը նոր Արմենակներ կծնի՞...
-Արմենակն արդեն Արցախի հերոս է։ Կարծում եմ` նրա սխրանքի մասին սերունդները շատ կխոսեն։ Արմենակներ, անշուշտ կծնվեն, բայց երազում եմ, որ խաղաղություն լինի մեր երկրում…
-Արմենակը, եթե կենդանի լիներ, նախեւառաջ ի՞նչ կասեիք։
 -Արմենակը միշտ ապրում է... «Արմեն, էս դու ինչ հզոր ես , ախպերս...»։ Անցյալով խոսել չի ստացվում, կներեք։
 -Օգոստոսի 30-ին Դուք դիրքեր այցելեցիք` Արմեն Ուրֆանյանի մայրիկի` տիկին Համեստի հետ։ Ինչպիսի՞ օր անցկացրիք։
 -Օգոստոսի 30-ը կարելի է համարել պատմական օր Ուրֆանյանների ընտանիքի համար, քանի որ լեգենդար կապիտան Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու հաջորդ օրը մայրն է այցելել առաջնագիծ, որտեղ էլ հերոսացել է Արմենակը։ Լրագրողներիս եւ զինվորականների ուղեկցությամբ մարտական դիրքերում շրջելուց հետո Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը` տիկին Համեստն անկեղծացավ. «Կարծես որդիս այստեղ լինի, ես զգում եմ նրա ներկայությունը։ Բայց մի կողմից էլ չեմ հավատում, որ նա էլ չկա»։ Զինվորները հյուրերին սուրճ հյուրասիրեցին, իսկ տիկին Համեստն իր մայրական խորհուրդները հղեց։ Ամեն մի զինվորի հայացքում կյանք կար` հայրենասիրությամբ լեցուն։ Քանի որ դիրքում հերոսացել են մեր տղաները, նրանք սրբությամբ են մոտենում ամեն ինչին։ Կարծես մի միտք է հետապնդում, որ հայրենի հողը միշտ սրբությամբ պետք է պահել ու պաշտպանել։ Նրանք ընկան հայրենիքի համար... 

 

Գարիկ Ավետիսյան

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01

Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել նրանց տնտեսական զարգացման համար

24.12.2024 11:57