Բանաստեղծ Գագիկ Դավթյանը 70 տարեկան է

12.05.2017 10:39
1634

Ծնվել է 1947թ. ապրիլի 4-ին, Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում:

Ավարտել է  Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Մասնագիտությամբ չի աշխատել: Հայրենի գյուղում անցել է մանկավարժական աշխատանքի, ընտրվել է ՀԼԿԵՄ Ղափանի շրջկոմի երկրորդ քարտուղար, որտեղից որպես սպա զորակոչվել Սովետական բանակ, ապա եղել է ՀԿԿ Ղափանի շրջկոմի հրահանգիչ, բաժնի վարիչ, «Խորհրդային Հայաստան» եւ «Հայաստանի Հանրապետութիւն» թերթերի Զանգեզուրի գոտու սեփական թղթակիցը: 1996թ. հիմնադրել է Սյունիքի մարզպետարանի «Սյունիք» պաշտոնաթերթը, եղել նրա անփոփոխ գլխավոր խմբագիրը՝ մինչեւ լուծարումը:

Հեղինակ է բանաստեղծությունների տասնյակ գրքերի, այդ թվում՝ ֆրանսերեն, լեհերեն, ռուսերեն, վրացերեն եւ բուլղարերեն թարգմանությամբ: Նրա շատ ստեղծագործություններ ընդգրկված են հայ պոեզիայի անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, սլովակերեն, լեհերեն, սերբերեն, ուկրաիներեն անթոլոգիաներում, ինչպես նաեւ թարգմանվել եւ տպագրվել են ռումիներեն, պարսկերեն,  ղազախերեն եւ այլ լեզուներով;

Բանաստեղծի ստեղծագործական կենսագրության անբաժանելի մասն է թարգմանչական գործունեությունը:        

Միջազգային եւ հայրենական մի շարք հեղինակավոր մրցանակների դափնեկիր է:

Գագիկ Դավթյանը Հայաստանի գրողների միության նախագահության անդամ է, Բուլղարիայի անկախ գրողների միության եւ Վրաստանի գրողների ստեղծագործական միության Պատվավոր անդամ:

Նա Կապան քաղաքի պատվավոր քաղաքացի է:

Երկեր

* ՈՐՊԵՍ ԼՈՒՅՍ ՈՒ ԽԻՂՃ
(բանաստեղծություններ, պոեմներ, Երեւան,2017)
* ՀՈԳՈՒ ՇԱՎԻՂՆԵՐՈՎ
(բանաստեղծություններ՝ բուլղարերեն, Պլեվեն, 2017)
* ՎԱՐՔ ԲԱԲԻԿԻ
(պոեմ, Երեւան, 2015)
* ԱՍՏԱՆԴԱԿԱՆ ՍԻՐՏԸ
(բանաստեղծություններ՝ լեհերեն, Վարշավա, 2015)
* ԱՆՀՆԱՐԻՆ ԶՐՈՒՅՑ
(բանաստեղծություններ՝ հայերեն - ֆրանսերեն, Փարիզ, 2015)
* ԲԱՑ ՆԱՄԱԿ
(բանաստեղծություններ, վրացերեն. Թբիլիսի, 2013)
* ԱՆՎԵՐՋ ՍԿԻԶԲ
(բանաստեղծություններ եւ պոեմներ, Երեւան, 2007)
* ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԺԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ
(բանաստեղծություններ. ռուսերեն, Մոսկվա, 1989)
* ԱՐԵՎՆ ՈՒ ՄԵՆՔ
(բանաստեղծություններ, վրացերեն, Թբիլիսի, 1988)
* ՎԵՐԱԴԱՐՁ
(բանաստեղծություններ եւ պոեմներ, Երեւան, 1987)
* ԵՐԱԶՆԵՐԻ ԵՐԿԻՆՔ
(բանաստեղծություններ, Երեւան, 1983)
* ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
(բանաստեղծություններ, Երեւան. 1980)

Թարգմանություններ

* ՎՐԱՑԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ
(անթոլոգիա, Երևան, 2017)
* ՈՐՊԵՍ ՁԵՌՔՍԵՂՄՈՒՄ
(Լեհական պոեզիայի անթոլոգիա, լեհերեն – հայերեն, Երեւան, 2016)
* Գուրամ Օդիշարիա ՉՈՒՂԱՐԿՎԱԾ ՆԱՄԱԿՆԵՐԻՑ
(բանաստեղծություններ, պոեմներ, Երեւան, 2016)
* Աթանաս Վանչեւ դը Թրասի ԱՐԵՎԱՅԻՆ ԵՐԳԵՐ
(բանաստեղծություններ, ֆրանսերեն-հայերեն, Փարիզ, 2015)
* Դարիուշ Տոմաշ Լեբյոդա ՀԱՎԱՏՈՎ ՆԱՅԻՐ ԱՐԱՐԱՏԻՆ
(բանաստեղծություններ, Երեւան, 2015),
* Կալինա Իզաբելա Զիոլա ՍԱՌՈՒՅՑԻ ՊԵՍ ՓԽՐՈՒՆ
(բանաստեղծություններ, Երեւան, 2015)
* Միխայիլ Լերմոնտով ԱՆԼՎԱ  ՌՈՒՍԻԱ, ՄՆԱՍ ԲԱՐՈՎ
(բանաստեղծություններ, ռուսերեն-հայերեն, Երեւան, 2014)
* Ռոման Կիսյով ՀԱՄԲԱՐՁՈՒՄ  
(բանաստեղծություններ, բուլղարերեն-հայերեն-ռուսերեն, Ստեփանակերտ, 2014)
* Լյուբիցա Միլետիչ ԱՐԱՐԱՏԻ ՀՈՂՄԵՐԸ  
(բանաստեղծություններ, սերբերեն-հայերեն, Երեւան. 2013)
* Լյուբիցա Միլետիչ ՆԵՐԻՐ, ՀՐԵՇՏԱԿ  
(բանաստեղծություններ, Ստեփանակերտ, 2013)
* ՈՒՂԵԿԻՑՆԵՐՍ ՔԱՐԹԼՈՍԻ ՏՆԻՑ  
(Էջեր վրացական պոեզիայից, Երեւան, 2012)
* Ռաբինդրանաթ Թագոր ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԻՑ ԱՆԴԻՆ
(բանաստեղծություններ, Երեւան, 2011)
* Մաղվալա Գոնաշվիլի ԱՐԵՎԻ ԱՐՑՈՒՆՔԸ
(բանաստեղծություններ, Երեւան, 2009)
* ՎՐԱՍՏԱՆ – XXI ԴԱՐ
(Վրացական պոեզիայի անթոլոգիա, Երեւան, 2007)
* Էլմեր Դիկտոնիուս ԵՐԿՐԱՅԻՆ ՔՆՔՇՈՒԹՅՈՒՆ
(բանաստեղծություններ, Երեւան, 2007)
* Ռաբինդրանաթ Թագոր ՓՇՐԱՆՔՆԵՐ, ԳՐԵՐ, ԿԱՅԾԵՐ
(բանաստեղծություններ, Երեւան, 2007)
* ՍԻՐՈ ԺԱՌԱՆԳՈՐԴՆԵՐ
(Վրացական պոեզիայի անթոլոգիա, Երեւան, 1988)
* Էլմեր Դիկտոնիուս ԵՐԿՐԱՅԻՆ ՔՆՔՇՈՒԹՅՈՒՆ
(բանաստեղծություններ, Երևան, 1984)
* Ռաբինդրանաթ Թագոր ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴԸ
(բանաստեղծություններ, Երեւան, 1982)
* Տասոս Լիվադիտիս ԿԱՆՏԱՏ ԵՐԵՔ ՄԻԼԻԱՐԴ ՁԱՅՆԻ ՀԱՄԱՐ
(բանաստեղծություններ, պոեմներ, Երեւան, 1971)
Մրցանակներ, պարգեւներ
* Բուլղարիայի անկախ ԳՄ ՊԱՏՎՈ ՄԵԴԱԼ (2017)
* Պոեզիայի եւ արվեստի «ՀՈՄԵՐ» եվրոպական մեդալ (2016)
* Լեհաստանի ԳՄ Կլեմենս ՅԱՆԻՑԿՈՒ անվան «ՅԱՆԻՑԻՈՒՍ» միջազգային մրցանակ (2015)
* ԱՄՆ «ՀՐԱՆՏ ԵՎ ՄԱՆՈՒՇԱԿ ՍԻՄՈՆՅԱՆՆԵՐ» գրական հիմնադրամի մրցանակ (2015)
* ՀՀ մշակույթի նախարարության ՈՍԿԵ ՄԵԴԱԼ (2014)
* Ռուսաստանի ԳՄ  ՄԻԽԱՅԻԼ ԼԵՐՄՈՆՏՈՎ մեդալ (2014)
* Պոեզիայի Արցախյան միջազգային փառատոնի մրցանակ (2014)
* Համավրացական Ռուսթավելի ընկերության ԴԱՎԻԹ ԳՈՒՐԱՄԻՇՎԻԼՈՒ անվան միջազգային մրցանակ (2013)
* Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի եւ ՀԳՄ  ԿԱՆԹԵՂ  միջազգային մրցանակ (2012)
* Վրաստանի ԳՄ ԻՎԱՆԵ ՄԱՉԱԲԵԼՈՒ անվան միջազգային մրցանակ (2007)
* ՀԳՄ ԳՐԱԿԱՆ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ մեդալ (2007)
* Վրաստանի կառավարության ՎԼԱԴԻՄԻՐ ՄԱՅԱԿՈՎՍԿՈՒ անվան միջազգային մրցանակ (1985)

***

Ֆելիքս  ԲԱԽՉԻՆՅԱՆ

ԵՌԱՄԵԾԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ

Ահա ինքնայրումի, ինքնանվիրումի պատրաստակամություն, ձգտում` ոչ միայն հայրենի երկիրն, այլեւ Երկիր մոլորակը կայուն, համաչափ ու ճիշտ ուղու վրա պահելու համար: Եվ այդ ամենը բանաստեղծական խառնվածքով, շնորհով, ներշնչումով...

Գագիկ Դավթյանը կյանքի թե՛ նրբագույն ոգին, թե՛ պրկված ջիղն զգացող բանաստեղծ է, տիեզերքի ոգեղեն ընկալումների հետ կյանքի իրատեսական, շոշափելի ապրումների երգիչ:

Ասվածի բյուրեղացումը նրա «աչքերի լսողություն» արտահայտության մեջ է: Շրջապատի նկատմամբ համակ ուշադրությունը վերաճել է զգացումների այնպիսի լարվածության, ուր նույն կենտրոնում են մնացել նրանք` տեսողությունն ու լսողությունը: Միասին բխել են աղբյուրի նույն ակից, իրար մեջ կորցրել իրար, կրկին գտել ու միախառնվել: 

«Ձեզ` իմ աչքերի լսողությունը». Ուրիշ ինչի՞ մասին կարող է խոսել այսպիսի արտահայտությունը, որ, դառնալով բանաստեղծական մի ողջ շարքի վերնագիր, բացում է Գագիկ Դավթյանի դիմագիծը որպես ինքնանվիրումի բանաստեղծի:

Ներիր ինձ,
Երկիր,
եւ քո երկրային մեծահոգությամբ
վերքերիդ առաջ երկյուղածությամբ
ինձ խոնարհվելու
արժանի արա…
Վերքերդ ես եմ բուժելու, Երկիր…

Ինքնանվիրումի ճանապարհը հենց այնպես, օդից չեն բռնում, ու անմտությունը երջանկության տեղ ընդունելով` վայելում Աստծո տված օրը: Ինքնանվիրումի ճանապարհը բռնողները ճշմարիտ ապրելու արժեքներով կուռ ու շիտակ դավանանք են ունենում, եւ հստակորեն գծված ուղենիշ:

Գագիկ Դավթյանի ուղենիշը տրվել է նրան «Այն գիշեր», որը, վերածվելով խոր ապրումներ ընդհանրացնող բանաստեղծության վերնագրի, իր ներքո բացում է ճշմարիտ ապրելաձեւի եռամեծար խորհուրդը.

Եկավ,
ու երեւի, ինչպես հեքիաթներում,
ինձ երեք բան ասաց.-

Եռամեծար երեք խորհուրդներից առաջինը սին պատրանքների, անիմաստ փնտրտուքների  մերժումն է: Չէ՞ որ դրանով չես կարող ճանաչել այն, ինչն սպասում է`  քեզ հետ պայքարի մեջ մտնելու համար: Այս խորհուրդը բանաստեղծական ներշնչանքով տոգորված եւ կայուն ու առողջ դատողությամբ Գագիկ Դավթյանին ներկայանում է ասելիքի բանաստեղծական հետևյալ  շապիկով. չթրջել ծխախոտը ջրում, նրանից գոյացած հյութը խմելու համար:

Երկրորդ խորհուրդը մարդկային պատասխանատվությունը խորապես գիտակցելու, տալիք-առնելիքը սեփական անձի տիրույթներում կշռելու, որոշակի դարձնելու մասին է.

Ասաց,
հանգիստ եղիր,
հոր հանցանքի համար
զավակը մեղք չունի…

Եռամեծար խորհուրդներից երրորդը այն է, ինչը դեռ վաղուց ժողովրդական իմաստնությունը փորձում է միատեղել մարդ անհատի հետ. «Հանիր գլխարկդ ու զրուցիր նրա հետ»:

Սեփական գլխարկի փոխարեն Գագիկ Դավթյանի ներքին ձայնն է, որ հիշեցնում, պարտադրում է յուրաքանչյուր օրվա ավարտի հետ հաշվետու լինել սեփական հոգու եւ խղճի առջեւ: Հաշվետու լինել`

Թե այդ անցնող օրը
քանի անգամ ընկար դու քո աչքից…

Ահա Գագիկ Դավթյանի եռամեծար ներաշխարհը, որով սկսվում եւ անցնում է նրա բանաստեղծական ճանապարհը:

Ականջն զգաստության կոչող խորհրդաձայներին, եւ անգամ աչքերը եւս լսողություն դարձրած բանաստեղծը փորձում է պահել կյանքի ներդաշնակությունը, որի համար պատրաստ է ինքնանվիրումի:

Մտնելով պոեզիայի անապակ մաքրություն սիրող աշխարհը` Գագիկ Դավթյանը չի կարող անկեղծ չլինել ինքն իր հետ, չի կարող չտեսնել ողջ խառնաշփոթությունն ու չխոստովանել, չհայտարարել, որ «թագավորն իսկապես մերկ է»: Այդ հոգեբանությամբ է բանաստեղծը տեսնում ու ազդարարում.

…Տեսողությունից զրկված արծիվը
գետնին սողում է,
փիղը լողում է,
ձուկը ճչում է,
կրիան թռչում է,
մուկը հաչում է,
ձուն կչկչում է…

Այսպիսին է պոետական խառնվածքն ընդհանրապես: Ճշմարիտ բանաստեղծները չեն վախենում լաբիրինթոսներից: Նրանք մտնում են այնտեղ` իրենց ոգեղեն ներշնչանքներով մթության վրա լույսեր տարածելու համար, որպեսզի դյուրին լինի գտնել ելքի ճանապարհը: Լաբիրինթներից չի վախենում նաեւ Գագիկ Դավթյանը: Նա շարունակում է իր ճանապարհը` բարձրաձայնելով իր ապրումները.

…սկիզբն եմ գտնում,
վերջը կորչում է,
վերջը գտնում եմ,
սկիզբն է կորչում:

Այնուամենայնիվ, կա ստեղծագործ անհատներին տրված մենաշնորհը` մեդալի հակառակ երեսը, կամ ներսով դուրսը տեսնելու կարողությունը.

Լուսնյակի լույսը խաղաղ է այնքան,
որքան աշխույժ է մեղվապարսերի
բզզոցը`
ծաղկած ծառերի շուրջը…
Կամ`
Ողորկ ու փայլուն
տախտակների մեջ անշունչ կահույքի
ծառերն են ննջում…

Այդպես, երբ աչքը լսողություն է դարձել, եւ լսողությունը` աչք, երբ ներսը դուրսն է տեսնում, եւ դուրսը ներսում է, չի կարող չսկսվել բանաստեղծի մենախոսությունը, որովհետեւ  ճիշտը` գլխարկը հանելն ու նրա հետ զրուցելն է, ինչպես խորհուրդ է տալիս ժողովրդական իմաստնությունը:

Գագիկ Դավթյանի դեպքում եւս, ականջը նույնն է սրտի հետ, սիրտը` հոգու հետ, հոգին ինքն է, իր էությունը: Իսկ «Մենախոսությունը» կյանքի բանաստեղծական արձագանքն է: Հայտնի ճշմարտություն է, որ կյանքը կարող է թե քաղցր լինել, եւ թե` դառը: Գագիկ Դավթյանը խոսում է դառնության մեջ եղող քաղցրության մասին: Այն մասին, որ տառապանքի համը կարող է քաղցր լինել այնքան, որ նրանից զրկվելը մահվան կարող է հավասարվել:

Եվ ապրում ես դու,
ապրում ես, որպես
արկի մի բեկոր անձավում սրտիս,
ու թե չես ուզում դու ինձ սպանել,
թող որ այն մնա,
մի փորձիր հանել…

Բանաստեղծ Գագիկ Դավթյանի գրչի տակ կարող են այսպիսի գեղեցիկ խորություն ունենալ նույնիսկ հուսախաբությունը, կյանքի հարվածը, սիրո ապտակը.

Մեր երազների գունավոր ու սին
ստվերներն անխոս
ծանրորեն սողում
ու ծվարում են մեզանից լքված
մեր խեղճ սենյակի
խեղճ անկյուններում…

Նայում ես` տառապանք է, խո՜ր տառապանք, բայց եւ քաղցր է տառապանքի համը, որովհետեւ նրա մեջ բարոյական արժեքների ճանաչումը կա.

Վերցրու ինչ կուզես,
քաղցր հուշերի դառնությունն ինձ թող…

Բարոյական արժեքների պահպանության համար գրված Գագիկ Դավթյանի բանաստեղծական տողը նահանջի տեղ չունի: Այն սկսվել ու առաջ է ընթացել քայլ առ քայլ, հաստատուն, կամային որակներով, ասելիքի պատասխանատվությամբ: Նահանջի տեղ չունի, նախեւառաջ, որովհետև թիկունքում հայրենի եզերքն է եղել` «լեռնակերտ բերդապարիսպը», որ բարի լուր ավետող զանգերի ղողանջի պես պաշտելի անուն ունի` Զանգեզուր:

Աղազարյանը վերջնական որոշեց Փաշինյանին մերժել. մանդատը վայր չի դնի

02.12.2024 22:01

Կապանում տեղի կունենա գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի հիշատակին նվիրված ցուցահանդես

02.12.2024 19:43

ԲԴԽ-ն նոր նախագահ ունի

02.12.2024 19:12

Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները երբեք չեն մոռանա այն ավանդը, որը Հովհաննես Բաղրամյանը ներդրել է Հայրենական մեծ պատերազմում մեր ընդհանուր Հաղթանակի համար․ ՌԴ դեսպանատուն

02.12.2024 19:06

Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում այս տարվա նոյեմբեր ամսին ծնվել է 96 երեխա՝ 49 տղա, 47 աղջիկ

02.12.2024 17:24

Յուրիկ Ստեփանյան. մենախոսություն

02.12.2024 16:08

ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի միտումնավոր բացակայությունը երկրի համար դրական հեղինակություն չի ստեղծում. Բելառուսի ԱԽ պետքարտուղար

02.12.2024 15:47

ԳՈՐԻՍՈՒՄ ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԴԱՇՏԸ

02.12.2024 15:38

Վերիշեն բնակավայրում ավարտին են մոտենում ոռոգման նոր ջրագծի կառուցման աշխատանքները

02.12.2024 15:35

Տաթև-Լծեն ճանապարհին իրանական բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է

02.12.2024 15:32

Շիշկերտում չորս ընտանիք է մնացել, ակոռի դարձած Մազրայում՝ մի մենակյաց, իսկ Կեմանց գյուղատեղին այլևս քչերն են հիշում

02.12.2024 15:04

Եթե 1 հայ վերադառնա Ղարաբաղ, ապա 1 ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանցի պատգամավոր

02.12.2024 14:57