Ե՛վ ավարտական քննություն, ե՛ւ դասական երաժշտություն

10.07.2013 20:30
4582

Կապանի արվեստի պետական քոլեջում պետական-ավարտական քննությունները հետեւում մնացին: Այս ուստարում կրթօջախն ավարտեց 29 շրջանավարտ՝ քոլեջում դասավանդվող համարյա բոլոր մասնագիտությունների գծով, բացի գեղանկարչությունից: Քննություններից մի քանի օր առաջ (մայիսի 31-ին) տեղի ունեցավ քոլեջի ուսանողների հաշվետու համերգը, իսկ հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում կազմակերպվել էր «Դիզայն» եւ «Գեղանկարչություն» բաժինների սովորողների աշխատանքների ցուցահանդես, որում ներկայացված էին դիզայներական եւ գեղանկարչական աշխատանքներ: Ե՛վ հաշվետու համերգը, ե՛ւ ցուցահանդեսը որոշակի պատկերացում տվեցին անցած ուստարում նրանց ձեռքբերումների մասին: Բայց այս անգամ «Սյունյաց երկրին» հետաքրքրում էր, թե ինչպես անցան պետական-ավարտական քննությունները, ինչ պատրաստականություն ունեին քննվողները: Այս եւ խնդրո առարկային առնչվող այլ հարցերի շուրջ զրուցեցինք քոլեջի պետական որակավորման հանձնաժողովի նախագահներ ՀՀ ժողովրդական արտիստուհի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Անժելա Աթաբեկյանի եւ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոնսերվատորիայի պրոֆեսոր Սերգեյ Քեչեկի հետ: Ինչպես նաեւ քննություններին վերաբերող որոշ նկատառումներ խնդրեցինք հայտնել քոլեջի տնօրեն Լիաննա Հակոբյանին:

Սերգեյ Քեչեկ: Այս անգամ ինձ մոտ քննություն է հանձնել «Դաշնամուր» մասնագիտության՝ երեք, «Երգեցողություն»՝ երկու, «Խմբավարություն»՝ երեք շրջանավարտ: Համեմատաբար լավ տպավորություն թողեցին դաշնակահարները: Այդ դասարանում տեղի է ունեցել մանկավարժների սերնդափոխություն, երիտասարդ դասավանդողների նվիրված աշխատանքը տվել է իր պտուղները: Ութ շրջանավարտից աչքի ընկավ «Դաշնամուր» մասնագիտացման շրջանավարտ Աշխեն Բաբալարյանը (դասատու՝ Մարինա Նահապետյան), ով երեք պետական քննությունից ստացավ ինը, կամ, որ միեւնույն է, «գերազանց» գնահատական: Քանի որ քոլեջն ավարտեց գերազանցության դիպլոմով, մենք նրան երաշխավորագիր տվեցինք միանգամից կոնսերվատորիայի երկրորդ կուրս ընդունվելու համար, իհարկե, հանձնելով որոշ առարկաների տարբերություններ: Կուզեի առանձնապես նշել դասախոսական անձնակազմի ներդրած ջանքերը միջին ընդունակություններով օժտված ուսանողներին լավ արդյունքի հասցնելու ուղղությամբ: Հենց նոր ավարտվեց «Խմբավարություն» բաժնի ուսանողների քննությունը: Այս անգամ մտահոգիչ էր նրանց պատրաստվածության մակարդակը: Դա երկու գործոնով է պայմանավորված. նախ՝ ընտրության հնարավորությունը նվազագույն է, երկրորդ՝ այդ բաժին ընդունվում են դիմորդներ՝ առանց երաժշտական կրթության, եւ նրանք երաժշտական տարրական գիտելիքներ եւ հմտություններ նոր-նոր են ստանում քոլեջում, եւ չափազանց դժվար է նրանց ուսումնառության չորս տարում պատշաճ մակարդակի հասցնել: Մտահոգիչ է նաեւ դիմորդների թվաքանակի տարեցտարի նվազումը: 1999թ. պարբերաբար մասնակցում եմ այս կրթօջախի պետական-ավարտական քննություններին: Նախկինում ուսումնարանը 20 դաշնակահար էր ավարտում, այժմ՝ երեք: Շատ ցավալի փաստ: Այս խնդրում իր խոսքը պիտի ասի մշակույթի նախարարությունը՝ հորդորելով իր ենթակայության տակ գտնվող երաժշտական, արվեստի եւ գեղարվեստի դպրոցների տնօրեններին ճիշտ կողմնորոշելու առավել շնորհալի շրջանավարտներին՝ ուսումը շարունակելու միջնակարգ-մասնագիտական կրթօջախներում, քանզի դրանով իսկ լուծվում է նաեւ այդ դպրոցները հետագայում կադրերով ապահովելու հիմնախնդիրը:

Անժելա Աթաբեկյան: Ցանկանում եմ ընդգծել քոլեջի ղեկավարության՝ ի դեմս տնօրեն Լիաննա Հակոբյանի եւ փոխտնօրեն Աշոտ Խաչատրյանի համատեղ, փոխադարձ հարգանքի մթնոլորտում տարվող աշխատանքը: Նրանք հնարավորինս ջանում են կազմակերպել ուսումնական ակտիվ գործընթաց, նպատակաուղղում մարզի շնորհալի երիտասարդությանը մասնագիտական կրթություն ստանալու համար: Ի՞նչն է ուշագրավ այս քոլեջում. բարձր կարգապահությունը: Գրավիչն այն է, որ դժվարին մեր ժամանակներում այսքան հետեւողական պահպանվում են կարգ ու կանոնը, հարգանքն ու սերը միմյանց հանդեպ: Քննությունները պատշաճ մակարդակով անցան, ոչ տնավարի, եթե քննություն է, ուրեմն քննություն է: 1984 թվականից կապված եմ Կապանի հետ: Երբեմն հարցնում են, թե չե՞մ հոգնում այստեղ պարբերաբար գնալ-գալով, պատասխանում եմ՝ արվեստը թույլ չի տալիս հոգնել: Սա աստվածահաճո մասնագիտություն է, – եթե կարելի է այդպես ձեւակերպել երեւույթը: Երբ երիտասարդին կարողանում ես գտնել եւ հայտնաբերել նրա պոտենցիալ հնարավորությունները եւ նախանշում այն ուղին, որով կարող է այդ ներուժը ծառայեցնել նպատակին, հոգնելու մասին խոսք անգամ չի կարող լինել: Այս անգամվա պետական-ավարտական քննություններին փողային եւ ժողգործիքների բաժինների շրջանավարտներին ունկնդրեցի: Չէի ասի, թե փայլուն կատարումներ էին, բայց բոլորից առանձնացավ Շաքե Թարվերդյանը: Դասատուն Թամարա Հայրումյանն է: Ե՛վ տիրապետում է կատարողական տեխնիկային, ե՛ւ բարդ ստեղծագործություններ է նվագում: Անկեղծ ասած՝ ցանկանում էի նրա անհատական համերգը կազմակերպել իր հայրենի Սիսիանում, բայց ավարտական քննությունները խանգարեցին: Հուսով եմ՝ մի օր իմ մտահղացումն իրականություն կդառնա: Խորհրդային տարիներին այստեղի երաժշտական դպրոցներում, ուսումնարանում մրցույթներ ու ստուգատեսներ էի անցկացնում, զգում էի, որ այս կողմերում շնորհալի, ուսման ծարավ երեխաներ կան: Բայց եկան նոր ժամանակներ, փոխվեց նաեւ արժեքային համակարգը: Այսօր քոլեջի շրջանավարտը մտածում է՝ մի տեղ աշխատանք գտնի, մի կերպ գոյատեւի, սա է հուսահատեցնողը: Նաեւ այն, որ ուսման վարձը բարձր լինելու պատճառով շնորհալի երիտասարդը չի կարողանում շարունակել ուսումը, բարձրագույն կրթություն ստանալ:

Լիաննա Հակոբյան: Շատ ցանկալի էր, որ մեր շրջանավարտներն այս քննություններին ավելի բարձր կրթական ու կատարողական մակարդակ ապահովեին: Մենք շատ ենք հեռացել նախկինում նշանակված «գերազանց» գնահատականներից: Հիշում եմ՝ երկու, երեք, չորս տասնամյակ առաջ պետական քննություններին ուսանողներն ինչ ստեղծագործություններ էին կատարում եւ կատարողական ինչ արվեստով: Նրանք պատրաստի երաժիշտներ էին արդեն: Հետընթացը մի քանի պատճառ ունի: Դա, նախեւառաջ, մեր քաղաքում մշակութային միջավայրի պակասով է պայմանավորված: Եթե քոլեջում սովորողը չի հաղորդակցվում Հայաստանի լավագույն երաժիշտների կատարումներին, դասականների ստեղծագործություններին, նա աճ չի կարող ունենալ: Գոնե լավ է, որ դպրոցականի ֆիլհարմոնիան համերգներ է կազմակերպում մեր քաղաքում: Ահա վեցերորդ տարին է, Արամ Խաչատրյանի անվան տրիոն համերգով հանդես է գալիս քոլեջի դահլիճի բեմահարթակում, սերտ կապ ենք հաստատել Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի կոլեկտիվի հետ: Արամ Խաչատրյանի տրիոն նաեւ մի հիմնադրամի շրջանակում է գործում, որ նպատակ ունի ոչ միայն պրոպագանդելու դասական երաժշտություն, այլեւ երկրորդ կյանք պարգեւել երաժշտական «մեռնող» գործիքներին: Ահավասիկ, Սյունիքի մարզում միակ թավջութակահարը քոլեջի փոխտնօրեն Աշոտ Խաչատրյանն է, 2012-13 ուստարում քոլեջ մի թավջութակահար է ընդունվել: Պետական-ավարտական քննությունների առումով որակավորման հանձնաժողովի նախագահներն անդրադարձան հիմնականում երաժշտարվեստի ոլորտին առնչվող քննությունների արդյունքներին: Կուզեի ավելացնել, որ քոլեջի «Դիզայն» բաժինն ավարտեցին 12-ը, որից հինգը հավակնում է ուսումը շարունակել բուհում: Այդ բաժինն ավարտողների մեջ գերազանցությամբ սովորող չկար, բայց շրջանավարտները հետաքրքրական դիպլոմային աշխատանքներ էին ներկայացրել, հիմնականում ազգային տարազներ՝ հայկական, ճապոնական, հնդկական, հունական, բելառուսական, նաեւ գոբելեններ՝ տարբեր թեմաներով: Ի դեպ, Կապանի արվեստի պետական քոլեջի շրջանավարտների մեջ կան այնպիսիք, որ «Դիզայն» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն են ստացել՝ ավարտելով գեղարվեստի ակադեմիան, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը: Որպես կրթօջախի ձեռքբերում կնշեմ փողային նվագախմբի եւ ժողովրդական նվագարանների անսամբլի ստեղծումը, որին ձեռնամուխ եղավ քոլեջի կոլեկտիվը եւ իրականացրեց իր մտահղացումները: Այս երկուսը հանդես են գալիս Կապանի քաղաքապետարանի հովանու ներքո: Մնում է օժանդակություն եւ հոգատարություն դրսեւորել, նաեւ բարերարների կողմից, որ երաժշտական այդ կոլեկտիվները չկանգնեն փլուզման վտանգի առջեւ: Այս համատեքստում նշելի է քոլեջի ուսանողների, նաեւ Կապանի արվեստի եւ N2 երաժշտական դպրոցների սաների համատեղ մասնակցությունը երաժշտական բեմադրությունների «Հազարան բլբուլ» մանկապատանեկան երկրորդ մրցույթ-փառատոնին: Քոլեջը մասնակցել է Մաքսիմ Դունաեւսկու «Մեկ օր Մերի Պոպինսի հետ» մյուզիքլով: Թատերական գործիչների միությունը քոլեջի «Երգչախմբավարություն» մասնագիտության ուսանողուհի Լաուրա Սարգսյանին շնորհել է «Լավագույն դերակատարուհի» մրցանակ՝ Մերի Պոպինսի դերակատարման համար:

Կրթօջախի տնօրենի նշած Կապանում մշակութային միջավայրի ձեւավորմանը փորձում է մասնակցել արվեստի պետական քոլեջը, մանավանդ հետեւողականորեն առաջ է տանում մասնավորապես դասական երաժշտության պրոպագանդման իր առաքելությունը: Քոլեջի մեծ դահլիճում մայիսին տեղի ունեցան մի շարք ուշագրավ համերգներ: Ամեն ինչ ըստ ժամանակագրության. ամսի 3-ին մենահամերգով հանդես եկավ քոլեջի դասախոս, դաշնակահարուհի Լիաննա Ստեփանյանը՝ վարպետությամբ հնչեցնելով հայ, ռուս եւ արեւմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Մայիսի 11-ին արդեն ՀՀ ժողովրդական արտիստուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Սվետլանա Նավասարդյանի մասնակցությամբ դաշնամուրային երաժշտության հաղորդակից եղավ հանդիսականը: Իսկ մայիսի 22-ին բեմահարթակը տրամադրվել էր Արամ Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոյին՝ Արմինե Գրիգորյան, դաշնամուր (Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանի տնօրեն, միջազգային մրցույթների դափնեկիր), Կարեն Քոչարյան, ջութակ (միջազգային մրցույթի դափնեկիր), Կարեն Շահգալդյան (միջազգային մրցույթի դափնեկիր), թավջութակ: Մեծ կոմպոզիտորի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգին հնչեցին Ա.Խաչատրյանի եւ արեւմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Քոլեջի կազմակերպած միջոցառումներից հիշատակելի է անվանի քանոնահարուհի ՀՀ ժողովրդական արտիստուհի Անժելա Աթաբեկյանի 75-ամյակին նվիրված հանդիսությունը՝ հոբելյարի մասնակցությամբ: Բարեմաղթանքի խոսքերի եւ ելույթների հետ մեկտեղ քոլեջի դասախոսները եւ սաները հանդես եկան երաժշտական կատարումներով:

Այս օրերին քոլեջի լսարաններում՝ հնչյունները, իսկ միջանցքներում աշխուժությունն է մարել, եւ անդորր է: Բայց այդ ամենը երեւութական է: Այժմ կրթօջախը նախապատրաստվում է ընդունելության քննություններին, եւ կրթօջախի տնօրինությունը մարզի քաղաքներում` Մեղրի, Ագարակ, Քաջարան, Կապանի գյուղական համայնքներում համերգներ եւ ցուցահանդեսներ է կազմակերպել, որտեղ հանդես են եկել քոլեջի դասավանդողները եւ սովորողները: «Մեկ ժամ արվեստի հետ» խորհրդանշական խորագիրը կրող այդ միջոցառումները մասնագիտական կողմնորոշմանն էին միտված նախեւառաջ: Այդպես ջանում են եւ սեր արթնացնել ժողովրդական ու դասական երաժշտության հանդեպ, եւ կրթօջախի համար սովորողների համակազմի խնդիր լուծել:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա բոլոր կառույցները ենթակա են լուծարման. Զախարովա

25.12.2024 19:42

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19

Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ

25.12.2024 12:40

Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

25.12.2024 11:21

Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

25.12.2024 10:14

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21