Հունվարի 30-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության աշխատակազմին ներկայացրեց կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Թունյանին: Կենտրոնի նախկին տնօրեն Սաշա Խաչատրյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:
Պաշտոնակալության, առաջիկա ծրագրերի, ակնկալիքների մասին է զրույցը Գորիսի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, բժշկական գիտությունների թեկնածու, վիրաբույժ Գագիկ Թունյանի հետ:
- Պարո՛ն Թունյան, համառոտ ներկայացրեք Ձեր կենսագրությունը:
- Ծնվել եմ 1971թ. Գորիսում, գերազանցությամբ ավարտել Բակունցի անվան միջնակարգ դպրոցը, 1989թ. ընդունվել ՌԴ Ռժեւսկի պետական բժշկական ակադեմիա: Մինչ այդ մեկ տարի աշխատել եմ Գորիսի թիվ 1 շինտրեստում՝ բանվոր: Ասեմ՝ աշխատանքային գործունեությանս այդ ինը ամիսը շատ եմ կարեւորում, քանի որ այդ ընթացքում միայն հասկացա, որ եթե ուզում ես բժիշկ դառնալ, պետք է շատ կարդաս, այլապես ողջ կյանքի ընթացքում պետք է ցեխ անես: 1995թ. գերազանցությամբ ավարտել եմ բժշկական ակադեմիան, որից հետո որպես վիրաբույժ՝ նեղ որակավորմամբ, վերադարձել եմ հայրենի քաղաք, մեկ տարի աշխատել այն ժամանակ Յոլյանի անվան շրջանային հիվանդանոցում: Դրանից հետո կրկին մեկնել եմ ՌԴ, առկա ուսուցմամբ սովորել նույն ակադեմիայի ուռուցքաբանության ամբիոնի ասպիրանտուրայում: Միեւնույն ժամանակ 1998 թվականից այդ ամբիոնում աշխատել եմ ասիստենտ, դասախոս: 2000թ. պաշտպանել եմ թեկնածուական թեզ՝ «Ստամոքսի չարորակ ուռուցքների եւ դրանց վիրահատական բուժման արդյունավետության նոր մեթոդների ներդրում, կիրառում ու մշակում» թեմայով: 2001թ. կնոջս՝ մասնագիտությամբ բժիշկ-նեոնատոլոգ, եւ առաջնեկիս՝ Տիգրանի հետ վերադարձել եմ Գորիս ու աշխատանքի անցել Գորիսի հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում՝ օրդինատոր: 2009 թվականից տեղափոխվել եմ մայրաքաղաք եւ անցել ռազմաբժշկական ծառայության ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքում՝ ավագ օրդինատոր եւ ուռուցքաբանության կոորդինատոր: 2014թ. նշանակվել եմ «Մեդլայն» բժշկական կենտրոնի տնօրեն, 2016թ.՝ ՀՀ ոստիկանության Ավանի կենտրոնական հոսպիտալի վիրաբուժական ծառայության պետ, իսկ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի 2017թ. հունվարի 26-ի հրամանով՝ «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
- Չնայած դեռ վաղ է որոշակի ծրագրերից խոսել, բայց կարո՞ղ եք ներկայացնել դրանց ընդհանուր դրույթները:
- Իրականում բազում ծրագրեր ունենք, որոնց մի մասը սաղմնային վիճակում է, մյուս մասը՝ գրչին հանձնված, քննարկման փուլում, բայց քանի դեռ հստակ որոշումներ չկան, վաղ է դրանց մասին խոսելը:
Նախ՝ պետք է առանձնացնեմ Գորիս վերադառնալուս մի քանի պատճառները: Իմ վերադարձի մեխը հայրենի քաղաքս է, ծննդավայրս: 12 տարի ապրել եմ Մոսկվայում, եղել Գերցենի անվան գիտահետազոտական, Կազանի ռեգիոնալ, Ուդմուրտիայի կենտրոնական օնկոլոգիական կենտրոններում, մի խոսքով` աշխարհի առաջատար կլինիկաներում, որտեղ աշխատելը շատերի երազանքն է, ու բավարարվել այդքանով, ինչպես ասում են՝ ,,увидеть Париж и умереть,,: Բայց իմ նպատակը մշտապես եղել է հայրենիքիս, մեր ժողովրդին ծառայելը, այդ է պատճառը, որ այստեղից երկու անգամ հեռացել, բայց նորից վերադարձել եմ: Երկրորդ պատճառը բխում է առաջինից, այսինքն` իմ ցանկությունն ու նպատակները համընկան մարզի նոր ղեկավարության պահանջներին ու կարգախոսներին` կապված մեր ազգաբնակչությանը ցուցաբերվող բուժօգնության, բուժսպասարկման որակի բարձրացման, տեղում բուժում ստանալու հստակ քաղաքականության հետ: Առհասարակ մեր բնակչության շրջանում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներից ելնելով` մեծացել է անվստահությունը տեղի հիվանդանոցների բուժանձնակազմի հանդեպ, եւ մեր խնդիրներից է վերականգնել այդ հավատը: Երրորդ պատճառը ներքին վստահությունն է, որ ես մենակ չեմ. եթե ինձ առաջարկեին ղեկավարել մարզի որեւէ այլ քաղաքի բժշկական կենտրոն, գուցեեւ հրաժարվեի, քանի որ այստեղ` իմ ծննդավայրում, ինձ հարմարավետ եմ զգում, ճանաչում եմ տեղի բնակչությանը, կարճ ասած` իմ տանն եմ, որն ինձ համար եղել է այս հիվանդանոցը, եւ որտեղ ինը տարի աշխատել եմ: Հաջորդ պատճառն առկա ներուժը, ոգին ու ցանկությունն են, որ տեսնում եմ այս կոլեկտիվում: Ցավոք, հատկապես վերջին տարիներին կադրերի լուրջ արտահոսք է եղել, որից ժամանակին անմասն չենք մնացել ես ու կինս: Այժմ վերադառնալու հնարավորություն է ընձեռվել, եկել են նոր ժամանակներ, մեր առջեւ դրվել նոր մարտահրավերներ, կազմվել ոգեւորիչ ծրագրեր, որոնք պետք է ի կատար ածվեն: Իսկ նպատակը մեկն է` բնակչությանը տեղում ցուցաբերել ճիշտ, ադեկվատ ու բարձրորակ բուժօգնություն: Մարզպետ Վահե Հակոբյանի ցանկությունն ու պահանջն էլ այն է, որ մարզում բուժօգնությունը չկազմակերպվի կարապը, խեցգետինը եւ գայլաձուկը սկզբունքով, որովհետեւ թիմային աշխատանքի արդյունքում է միայն հնարավոր հիվանդին ամենածանր վիճակից դուրս բերել:
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե սոցիալական ծանր կացության մեջ գտնվող մարդկանց համար որքան դժվար է բուժօգնություն ստանալու համար մայրաքաղաք հասնել: Առնվազն աբսուրդի է հավասար այս իրավիճակը, երբ սոնոգրաֆիա, գլխի շերտագրություն, լապարասկոպիկ որեւէ միջամտություն անելու, օնկոլոգիական կոնսուլտացիա ստանալու կամ թեկուզ մատից փուշ հանելու համար մարդիկ պետք է հասնեն մայրաքաղաք: Այնպես որ՝ մեր ծրագրի առաջնային դրույթը տեղում պատշաճ բուժօգնություն կազմակերպելն է, կադրերի ներհոսք ապահովելը եւ ապացուցողական բժշկության վերականգնումը, որ վաղուց արդեն մարզում մոռացության է մատնվել: Հստակ ծրագրեր կազմելուց հետո կիրազեկենք բնակչությանը, որ «փչացած հեռախոսի» նման չպետք է տեղեկատվություն ստանա, այլ` հստակ ու ճշգրիտ:
- Գորիսում Դուք հայտնի եք որպես հմուտ վիրաբույժ: Մարդկանց հավանաբար հետաքրքրում է հարցը, թե արդյո՞ք կկարողանաք վարչական աշխատանքը համատեղել վիրահատական գործունեության հետ:
- Գագիկ Թունյանին նախեւառաջ ճանաչում են որպես վիրաբույժ: Խոստովանեմ, որ ես հանգստանում եմ վիրահատարանում: Դեռ չի եղել դեպք, որ ղեկավար աշխատանքի ծանր լուծը տանելիս տուժի հիվանդը կամ հակառակը՝ հիվանդով զբաղվելով՝ տուժի վարչատնտեսական իմ գործառույթը: Հուսով եմ՝ Գորիսի բժշկական կենտրոնը նույնպես այդ առումով բացառություն չի լինի: Իմ կատարած աշխատանքի գնահատականը ես չէ, որ պետք է տամ: Միայն վերադաս մարմիններն են իրավասու մեր կատարած աշխատանքի որակը գնահատել. կստացվի այդ աշխատանքը, կշարունակենք, չի ստացվի, ուրեմն կընտրենք այն ուղին, որով ընթանալիս մեր գործունեությունն առավել արդյունավետ կլինի:
- Դուք նշեցիք որ ժամանակին կենտրոնից բժշկական լավագույն կադրերի արտահոսք է տեղի ունեցել: Ինչպե՞ս եք պատրաստվում իրականացնել կադրերի համալրումը՝ լավագույններին վերադարձնելո՞վ, թե՞ մասնագիտական հմտությունները հաշվի առնելով այլ բժիշկներ հրավիրելով:
- Նախ՝ մեր թիվ մեկ խնդիրներից է պարզել, թե հիվանդանոցի որ ոլորտներն են թիրախային, մեր կադրային ռեզերվը բավարա՞ր է արդյոք անհրաժեշտ բուժսպասարկում իրականացնելու համար: Գիտե՞ք՝ երբեմն գանձը գտնվում է մեզ մոտ, բայց մենք դրա տեղը չգիտենք. ինքն արծաթ է, բայց այնքան չի մշակվել, որ փոշին ծածկել է եւ այն նմանվում է քարի կտորի, այսինքն՝ հնարավորություն պետք է տալ նախեւառաջ առկա կադրերին: Անկեղծ ասած, դեռ չեմ հասցրել ծանոթանալ նրանց հետ, բայց մեր ծրագրերի մի մասի իրականացումը պայմանավորում ենք նախեւառաջ ունեցած կադրերի ներուժով, անհրաժեշտության դեպքում նրանց մասնագիտական որակները շատ կարճ ժամանակամիջոցում էլ ավելի բարձրացնելով: Ցավոք, ժամանակի ընթացքում մարզի տարբեր բժշկական կենտրոններից լավագույն կադրերն են հեռացել: Իհարկե, մեր նշանառության տակ ունենք տարբեր պատճառներով կենտրոնից հեռացած բժշկական կադրերին, բայց վերադարձը պետք է միմիայն ինքնակամ ու նրանց ցանկությամբ լինի. այստեղ կամավոր-պարտադիր սկզբունքը չի կարող գործել: Հուսով եմ՝ իմ օրինակը շատերին կոգեւորի. շատ լավ կլինի, եթե ժամանակին հանրության շրջանում բարի համբավ վայելող բժիշկները ցանկություն հայտնեն վերադառնալ: Մի խոսքով՝ կադրերի համալրման տարբեր սկզբունքներով կառաջնորդվենք՝ լավագույնների վերադարձ՝ ցանկությամբ պայմանավորված, նրանց համար համապատասխան պայմաններ ստեղծելով, եւ նոր անուններ, ինչու չէ՝ նաեւ երիտասարդներ: Ի վերջո, ամենաճիշտ գնահատականը ժողովուրդն է տալիս՝ ելնելով ցուցաբերած ճիշտ բուժօգնությունից, սպասարկման որակից: Իհարկե, չարախոսներ էլ կլինեն. չէ՞ որ ,,Семья без уродов не бывает,,:
- Ինչպե՞ս ընդունեց հիվանդանոցի աշխատակազմը Ձեր նշանակումը:
- Ավելի ճիշտ կլինի այդ հարցը տալ աշխատակիցներին: Կարող եմ ասել, որ երեկ դահլիճ մտնելիս կոլեգաներիս ոգեւորիչ ծափահարություններից քիչ մը հուզվեցի: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու մեկ որոշմամբ կրկին վերադարձա հայրենի քաղաք, հարազատ կոլեկտիվ ու միջավայր, ինչի համար շնորհակալ եմ թե՛ ղեկավարությանը, թե՛ նախախնամությանը: Սա պարտավորվածության ծանր բեռ է, եւ պետք է արդարացնեմ թե՛ ժողովրդի, թե՛ կոլեկտիվի, թե՛ ղեկավարության սպասելիքները:
- Ի՞նչ ակնկալիք ունեք կոլեկտիվից:
- Համոզված եմ՝ Գորիսի բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը՝ սկսած պահակից մինչեւ փոխտնօրեն, հավատում է եւ պարտավոր է հավատալ, որ այս նշանակումը նախեւառաջ անհրաժեշտ է հենց իրենց: Հիվանդանոցում կատարած առաջին իսկ շրջայցից ոգեւորություն նկատեցի աշխատակիցների շրջանում: Վստահ եմ՝ համատեղ ուժերով կստացվի հաղթահարել բոլոր դժվարությունները, ավելի բարձր մակարդակի հասցնել կենտրոնի բուժսպասարկումը: Լեթարգիկ քուն մտած աշխատակիցները հնարավորինս շուտ պետք է արթնանան: Պատկերավոր ասած, հունվարի 30-ից մարզպետ Վահե Հակոբյանը շոգեքարշի շարժվելու մեկնարկը տվել է. չեմ ասի, որ միանգամից 100 կմ/ժամ արագությամբ կընթանանք, բայց դանդաղ ու հաստատուն կշարժվենք առաջ: Նրանք, ովքեր պատրաստ են մեզ հետ առաջ շարժվելու, ովքեր ցանկություն ունեն այս թիմում աշխատելու, սովորելու կամ արդեն ունեցած գիտելիքները կատարելագործելու, թող նստեն շոգեքարշ: Ովքեր չեն հասցնի մեր ընթացքին, կբարձրացնենք, ովքեր կփորձեն դուրս թռչել, որ հավասար է ինքնասպանության, մեկ կամ երկու անգամ կկանխենք, ովքեր մեր հիվանդանոցի պատերի գույները չհավանեն, չենք հակադրվի: Կամքն իրենցն է, կողջունենք նրանց, ովքեր ըմռնումով կմոտենան մեր պահանջներին եւ կաջակցեն մեր նպատակի իրագործմանը, որ մեկն է՝ եղած հզոր ներուժն օգտագործելով ու աստիճանաբար կատարելագործվելով՝ ծառայել ժողովրդին:
Հարցազրույցը՝ ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ