Գևորգ Փարսյանի խոսքը Կապանի տոնին նվիրված համաքաղաքային հանդիսությունում

21.08.2023 10:35
552

Օգոստոսի 19-ին՝ Կապանի տոնին նվիրված համաքաղաքային հանդիսությունում, ելույթ է ունեցել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։ Նա ողջունել է ներկաներին, այնուհետև ներկայացրել իր խոսքը, որի տեքստը ներկայացնում ենք ստորև։

***

Այսօր տոն է Սյունյաց աշխարհի հնամենի կենտրոնում՝ Կապանում, հերթական անգամ նշում ենք քաղաքի՝ արդեն ավանդական դարձած տոնը:

Այդ կապակցությամբ իմ ջերմ ողջույններն եմ հղում ամենքիդ, ի դեմս ձեզ՝ բոլոր կապանցիներին՝ մաղթելով անձնական երջանկություն և հաջողություններ:

***

Այսօրվա տոնը, որի կարգախոսն է՝ «Քեզանում են մեր ակունքները՝ Կապան», հստակ նպատակ ունի: Ուզում ենք հետադարձ հայացք ձգել դարերով չափվող մեր ճանապարհին և նախնյաց փորձով ու պատմության դասերով ավելի զորավոր ու հաստատուն դարձնել մեր ներկա ընթացքն ու անցնելիք ճանապարհը:

Հազարամյակներ առաջ էր, երբ Հայկ Նահապետի սերնդից մեկը՝ Բաղակ անունով, հիմք դրեց Բաղաբերդին ու Բաղաց գավառին, որի ստորոտում էլ հիմնադրվեց մեր քաղաքը, որին՝ ամրության և անառիկության պատճառով, Կապան անունը տրվեց...

Լինելով Սյունյաց աշխարհի քաղաքական, տնտեսական և վարչական նշանավոր կենտրոններից մեկը՝ Կապանը դարեր շարունակ եղավ հայոց պետականության, հայոց ինքնության հուսալի հենարանը՝ ունենալով իր ծաղկման ու անկման ժամանակները, քանիցս ավերվելով և կրկին շենանալով ու բազմիցս դառնալով հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի դրոշակակիրը: 10-12-րդ դարերում Սյունիքի կամ Բաղաց թագավորության մայրաքաղաքն էր: Քաղաքն իր նոր ծնունդն ապրեց 20-րդ հարյուրամյակի սկզբին: 1930 թ. սեպտեմբերի 9-ից մինչև 1995 թ. դեկտեմբերի 5-ը Ղափանը համանուն շրջանի վարչական կենտրոնն էր, այնուհետև Սյունիքի մարզկենտրոնը: Հայկական ՍՍՌ Գերագույն Սովետի նախագահության 1938 թ. հոկտեմբերի 1-ի հրամանագրով Ղափան բանվորական ավանը փոխակերպվեց քաղաքի, իսկ 1963 թ. հունվարի 12-ից դասվեց հանրապետական կատեգորիայի քաղաքների շարքը: 1991 թ. Ղափանին վերադարձվեց իր պատմական անունը՝ Կապան:

Այդ ամենը հիշելով հանդերձ՝ մենք ոչ թե անցյալով ապրող ու անցյալով մխիթարվող ենք, այլ ներկայով ապրող ու արարող ժողովուրդ: Դրա վկայությունը Կապանի ներկա ընթացքն է: Անընդհատ նորացող ու շենացող քաղաք, նորանոր նախաձեռնություններ ու ձեռնարկումներ, հոգևոր-մշակութային հարուստ առօրյա...

Կապանն այսօր Հայաստանի Հանրապետության տնտեսության, շինարարական արդյունաբերության խոշոր կենտրոններից է և հաղորդակցության ուղիների կարևոր հանգույց:

Տարածաշրջանը շարունակում է մնալ հանրապետության լեռնահանքային արդյունաբերության գլխավոր կենտրոնը:

Հաճելի է նշել, որ բոլոր այդ ոլորտների ու համայնքային իշխանության միջև կա պատշաճ համագործակցություն՝ հանուն Կապանի հետագա առաջընթացի:

Կապանը մեր երկրի հոգևոր-մշակութային կյանքի նշանավոր հանգրվաններից է և հայ ժողովրդին ներկայացել ու ներկայանում է կրթական-մշակութային ուրույն նկարագրով:

***

Շատ-շատերը, ովքեր այցելում են Կապան և ծանոթանում քաղաքին ու առնչվում մարդկանց՝ առանձնահատուկ ակնածանքով են կապվում մեր քաղաքի ու նրա բնակիչների հետ և, առանց չափազանցության, սիրահարվում Կապանին:

Եվ ողջամիտ հարց է ծագում՝ ո՞րն է, ի վերջո, դարերի ճանապարհ անցած, ալեհեր մեր քաղաքի հավերժ երիտասարդ ու գեղեցիկ, հմայիչ ու գրավիչ մնալու գաղտնիքը:

Բացեմ գաղտնիքը. հավերժ գեղեցիկ ու երիտասարդ մնալու հիմնական գրավականը հենց կապանցիներն են՝ իրենց վեհանձնությամբ,  հյուրասիրությամբ ու մարդկայնությամբ, արարումի ոգով, հող ու ջրի հանդեպ անսահման նվիրվածությամբ, հայոց պետականությանը մինչև վերջ նեցուկ լինելու պատրաստակամությամբ:

Հոգեբաններից մեկը տարիներ առաջ ուսումնասիրել էր կապանցու բնավորությունը և վերը նշված հատկանիշներին ավելացրել՝ ընկերասիրություն, բարեհոգություն, համբերություն և հանդուրժողականություն, սիրալիր և կոռեկտ լինելու հակվածություն, համարձակություն, անմիջականություն, վերլուծող միտք...

Ուստի և տոնական այս օրն անկեղծ ու սրտաբուխ գնահատանքս եմ ուղղում հայրենակիցներիս՝ իմ կապանցիներին:

Մեր քաղաքի գրավչության գաղտնիքներից մեկն էլ բացահայտել է հայ մեծ բանաստեղծը՝ Ավետիք Իսահակյանը, ով 1939-ին այցելել էր Կապան: Նկատի ուներ մեր անզուգական բնաշխարհը՝ «Բնությունն այստեղ գործադրել է իր ստեղծագործական բոլոր խոլական, հուռթի կարողությունները, իր խենթությունները, իր հուժկությունը, իր անհուն սահմաններով երևակայությունը՝ խորություններ ու բարձրություններ, վիթխարի սարեր, ժայռեր, ձորեր, քարե փոթորկումներ, մրրկումներ, ալեկոծումներ: Անսպասելի անդունդներ, վիհեր… Ձոր ձորի մեջ, ձորեր ձորերի մեջ, սար սարի մեջ, սարեր սարերի վրա, անդունդներ անդունդների մեջ, ժայռեր, քերծեր, ժայռեղեն թռիչքներ, ժայռեր երկնքի մեջ… Գետեր, վիժումներ, ջրվեժներ, փոթորիկներ… Եթե համրը ընկնի այս խոլական վայրը, սքանչացումից, զարհուրանքից, վեհությունից, մեծությունից այնպես կփոթորկվի հոգին, որ տարերային թափով պիտի պոռթկա դուրս, պիտի դրսևորվի, արտահայտվի, եթե ոչ՝ կմեռնի. անհրաժեշտորեն պիտի խոսի և լեզու կառնի: Չի կարող լռել, հոգին բերնից կթռչի, պիտի անպատճառ խոսի»:

***

Կապանի պատմության վերջին 1600 տարին շաղախված է քրիստոնեական լույսով, հավատքով՝ առ Աստված: Բայց այդ հավատքն անցյալին չի պատկանում: Այդ հավատքը թանձրանում, շոշափելի դրսևորումներ է ունենում մեր ներկա ընթացքում, մեր գործերում, նաև այս տոնակատարությամբ: Դրա համար է ասված՝ Երիցվանքը, Վահանավանքը, Բեխի անապատը, մյուս սրբավայրերն ու մատուռները երբեք էլ հուշարձան չեն եղել կապանցիների համար, այլ հավատքի կենդանի վկաներ, հոգու արթնության և ծաղկման արտահայտություն, որ թառամել չգիտի... Այդպես է ապրել ու ապրում կապանցին:

***

Այսօրվա տոնը առիթ է ևս մեկ անգամ ու նորովի ոգեկոչելու մեր մեծ ուխտը՝ արժանապատիվ տերը լինելու մեր բնօրրան Կապանին:

Մենք չենք մոռանում մեր նախնիների հերոսական վարքը...

Հիշում ենք Հայկ Նահապետի սերունդներին՝ Սյունիներին, Ձագիկյան իշխանական տոհմին, Համտունյաններին, մեր մելիքական տներին, որոնք դարեր շարունակ արժանապատվորեն տեր են եղել հայոց ինքնությանը և անառիկ ու աննվաճ պահել այս երկրամասը:

Մենք չենք մոռանում, որ Կապանն է եղել՝ Հալիձոր ամրոցով, մեր գահերեց զորավարի՝ առասպելացած Դավիթ Բեկի ազատագրական պայքարի կենտրոնը 18-րդ դարասկզբին:

Չենք մոռանում, որ Գարեգին Նժդեհը վեհաշուք Խուստուփից է հռչակել իր  գլխավոր կարգախոսներից մեկը՝ «Իմ հոգին զույգ հենարան ունի՝ Աստված և Հայրենիք»:

Այնտեղից էր Լեռնահայաստանի սպարապետն իր հիացմունքն արտահայտում կապանցիների վերաբերյալ. «Ղափանցիներ ենք մենք, և դա նշանակում է, որ կյանքից ավելի ուժեղ գիտենք սիրել մեր հայրենի հողը... Զորավիգ ունենալով Աստծուն ու մեր ընտիր ռազմիկների՝ Դավիթ Բեկի ու Թորոս իշխանի հայրենանվեր ու վրիժակ հոգիները՝ ղափանցիներ ենք մենք՝ միշտ հաղթող ու անպարտ»:

Հիշում և հպարտանում ենք Կապանա տան մեծ զավակ Պողոս Տեր-Դավթյանով և հայ ազատամարտի կապանցի մյուս նվիրյալներով, ովքեր իրենց սխրանքով ու կյանքով պաշտպանեցին Հայաստանի առաջին հանրապետությունը, Սյունիք-Զանգեզուրի ազատությունն ու անվտանգությունը:

Հիշում ենք մեր համայնքի բոլոր նշանավորներին ու արժանավորներին, ովքեր հպարտություն բերեցին հայ ժողովրդին՝ սուրբ Մովսես Խոտանանցի, Արամ Մանուկյան և ուրիշներ...

***

Կապանա տունը նորովի սրբացավ՝ 44-օրյա պատերազմում ունեցած իր հիսուն զավակի նահատակությամբ ու արյամբ:

Նրանք ճակատ էին մեկնում գիտակցումով, որ հնարավոր է և չվերադառնան: Գիտակցում էին, բայց և գնում ...

Նշանավոր այս օրը կրկին խոնարհվում եմ նրանց հիշատակի առջև, աղոթում նրանց հոգու հանգստության համար:

Տեղին եմ համարում նշել՝ մեր հերոս տղաների նահատակությունն իմաստավորված է եղել: Իրենց երիտասարդ կյանքով նրանք տեր կանգնեցին հայ ժողովրդի պատվին ու արժանապատվությանը: Նաև մեզ՝ ողջերիս պարտավորեցրին՝ հայրենատեր լինել, շեն ու բարգավաճ պահել բնօրրան Կապանը, շարունակել նախնյաց ավանդույթները: Եվ ուրեմն՝ մեր ապրած կյանքով, մեր գործերով պարտավոր ենք հավատարիմ մնալ մեր նահատակ եղբայրների ընտրած ճանապարհին ու հավատամքին...

***

Կապանը ժողովուրդների բարեկամության իսկական օրրան է, որով նույնպես հպարտանում ենք:

Հենց այսօր՝ քիչ առաջ, Կապան համայնքի և Մոսկվա քաղաքի հարավային վարչական շրջանի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց: Դա, համոզված եմ, նոր աստիճանի կբարձրացնի հայ-ռուսական բարեկամությունը մեր համայնքում:

Մոսկվայի պատվիրակությունն այս պահին դահլիճում է, ես կրկին ողջունում եմ պատվիրակության բոլոր անդամներին և մեր նորածագ համագործակցությանը հաջողություններ մաղթում:

Վերջին երկու տարում Կապանում միանգամայն նոր դրսևորում ստացավ հայ-իրանական բարեկամությունը: Դրան նպաստեց Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսարանի բացումը: Կարող եմ փաստել՝ կապանյան հողի վրա օր-օրի ավելի է զարգանում մեր երկու ժողովրդի բարեկամությունն ու գործակցությունը: Արդեն բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել՝ հյուպատոսարանի հետ համագործակցության շնորհիվ, իսկ համատեղ որոշ նախանշումներ իրականացման ճանապարհին են:

Ուզում եմ հայտարարել սկիզբ առնող մի նոր համագործակցության մասին, որի հիմքում հայ-ֆրանսիական բարեկամությունն է. խոսքը Ֆրանսիայի Սենտ-Էտիեն քաղաքի  մասին է, որը, կարելի է ասել, ձևավորման փուլում է:

Կապանը քույր քաղաքներ ունի Բելառուսում՝ Բորիսով (2008 թվականից), Չինաստանում՝ Նինգպոն (2016 թվականից), ԱՄՆ-ում՝ Գլենդել (2002 թվականից):

Քույր քաղաքների հետ բարեկամությունը խորանալու միտում ունի. դա մեր անկեղծ ձգտումն է:

***

 

Հարգելի ներկաներ

Մենք՝ չափազանց համառոտությամբ, հաղորդվեցինք Կապանի անցած մոտ 16-դարյա ուղուն, որը մեզ օրինական հպարտություն է բերում:

Փորձեցինք գտնել այն կապը, որ կա ալեհեր պատմության և արդիականության միջև, մեր ապրած օրերի միջև:

Մեր ակունքներին հենվելով՝ փորձեցինք հայացքներս առավելապես ուղղել ներկային ու անցնելիք ճանապարհին:

Եվ ի՞նչ հետևություն՝ այդ ամենից:

Կարծում եմ՝ հետևությունն էլ պարզորոշ է՝ մեր հավատամքի առանցքում շարունակելու են լինել Լույսը, Սերը, Հույսը, Հավատը, Արժանապատվությունը, Հայրենատիրությունը, քանի որ հենց այդ արժեքների միահյուսմամբ է ապահովվել Կապանի երթը դարերի միջով:

Կատարելու ենք մեզ բաժին հասած ժամանակի գլխավոր հրամայականը՝ պահպանել ու զորացնել հայոց պետությունը: Եվ յուրաքանչյուրս՝ մեր տեղում ու մեր գործերով, ձգտելու ենք Կապանը սերունդներին փոխանցել առավել վեհատես, քան ունենք այսօր:

Թո՛ղ բարի լինի քո երթը դարերում, Կապա՛ն:

Թո՛ղ այսպես երիտասարդ, այսպես գեղեցիկ ու հպարտ լինի քո ներկայությունը Սյունյաց աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում:

Շնորհավոր տո՛նդ, Հայաստանի հարավային մայրաքաղաք Կապան:

 

 

 

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01

Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել նրանց տնտեսական զարգացման համար

24.12.2024 11:57

Խոսք հիշատակի

24.12.2024 10:29

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31