Գեւորգ Փարսյանը պատասխանել է «Ֆրանս-Արմենի» պարբերականի հարցերին

25.01.2021 17:02
5413

Հունվարի 19-ին Կապանում էին ֆրանսիական «Ֆրանս-Արմենի» ամսաթերթի ներկայացուցիչները` լրագրող Վահե Տեր-Մինասյան, լուսանկարիչ Քրիստոֆ Պետիտ-Տեսսոն, ովքեր եղան սահմանամերձ գյուղերում, զրուցեցին գյուղաբնակների հետ, ծանոթացան նրանց կյանքի պայմաններին ու կենցաղին, անվտանգության խնդիրներին եւ այլն։ Օրվա առաջին կեսին նրանք հարցազրույց ունեցան Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի հետ, որին մասնակցում էին «Սյունյաց երկրի» լրագրողները։ Զրույցի շարադրանքը` ստորեւ։
- Պարոն Փարսյան, նախ շնորհակալ ենք Ձեզ հետ զրուցելու, համայնքի հիմնախնդիրներին ծանոթանալու հնարավորություն ընձեռելու համար, ի սկզբանե կուզեինք իմանալ, թե անվտանգության ի՞նչ երաշխիքներ են ստեղծված Սյունիքի մարզկենտրոնի համար։
- Մեր բնագիծը մենք կառուցել էինք ու նաեւ սահմանի անվտանգությունն ու պահպանությունն իրականացրել էինք Կապան համայնքի վարչական սահմաններից բավականին առաջ, Կապանի օդանավակայանից ութ կիլոմետր  առաջ` այդպիսով անվտանգության գոտի ստեղծելով։ Իսկ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետում նշված էր, որ կոնկրետ այդ օրվա եւ այդ ժամվա դրությամբ կողմերն կանգ են առնում այնտեղ, որտեղ նրանք գտնվում են։
Ըստ իս, սա հայտարարության դրական եւ կարեւոր կետերից էր, որովհետեւ կոնկրետ Կապան համայնքի համար դրանով ապահովվում էր նախեւառաջ մարզկենտրոնի անվտանգությունը, քանի որ հակառակորդը գտնվում էր բավականին հեռու։ Բայցեւայնպես, նոյեմբերի 9-ից հետո սպասում էինք նոր էսկալացիաներ, իրավիճակի նոր սրացումներ, որոնք, բարեբախտաբար, չեղան, սակայն դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարության հրամանը եղավ, ըստ որի զինված ուժերը նոյեմբերի 9-ին զբաղեցրած բնագծերից հետ պիտի նահանջեն։ Այդպես էլ եղավ, եւ այսօր ունենք այն պատկերը, ըստ որի` թշնամին գտնվում է Կապան քաղաքից մի քանի  հարյուր մետր հեռավորության վրա, նույնիսկ կան բնակավայրեր, որոնց հեռավորությունը  հակառակորդից մի քանի տասնյակ մետր է։ Այսօրվա դրությամբ` մի շարք բնակավայրեր տանող ճանապարհներ, տնտեսական ենթակառուցվածքներ թշնամու մշտական դիտարկման ներքո են։
- Կարելի ՞ է կոնկրետ թիվ ասել Ձեր նշածի վերաբերյալ։
- Կարող ենք հաշվել, բայց թվերի առումով կարող ենք սխալվել։
- Խոսքը տասնյակ, հարյո՞ւր, թե՞ հազարի մասին է։
- Ճանապարհների առումով տասնյակների մասին է խոսքը, դիտարկվող տների թիվն անցնում է հարյուրից, տարբեր ձեռնարկությունների, կազմակերպությունների վերաբերմամբ տասնյակներ, այսինքն` տարբեր ենթակառուցվածքները տարբեր թվեր են ներկայացնում։ Ինչպես արդեն նշեցի, առկա են ճանապարհային հանգույցների խնդիրներ, որովհետեւ «Գուգլ» համակարգով դիտարկելիս մեր ճանապարհային որոշ հատվածներ անցնում են թշնամու սահմաններից ներս։ Եվ ստացվել է այնպես, որ այդ հատվածներ մեր բնակիչներն անցնում են թշնամու հայացքի ներքո։ Յուրաքանչյուր պահ մեր բնակչության համար նոր խնդիրներ կարող են ծագել։ Քանզի նույն տխուր պատկերը 1990-ականներին է եղել, երբ տասնյակ տարիներ ի վեր իբր բարեկամություն անելով` դարձանք հակառակորդ երկրներ ու ժողովուրդներ։ Եվ այդ հակամարտության հետեւանքով թշնամու կողմից եղան մարդկանց առեւանգումներ, սպանություններ, անասնագողություններ, մարդկանց սեփական գույքի նկատմամբ ոտնձգություններ, հափշտակություններ եւ այլն։ Այդ ամենի շարունակությունը եղավ երկու երկրների միջեւ պատերազմը։ Իմ մտավախությունն այն է, որ չի բացառվում, որ որոշ ժամանակ հետո 1990-ականների սկզբի իրադարձությունները կրկնվեն։
- Ի դեպ, շաբաթներ ի վեր կառավարությունը ձեռնպահ էր մնում այդ միջադեպերին խառնվելուն, Դուք խնդիրներ դրեցի՞ք կառավարության, նախարարությունների առջեւ, եւ ի՞նչ արձագանքներ եղան։
- Նոր-նոր կառավարությունը կենդանության նշաններ է ցույց տալիս, սկսել են հետաքրքրվել տարածաշրջանով, փորձում են հասկանալ խնդիրները, ու դեռ խոսակցությունների մակարդակում խոստանում են խնդիրները լուծել։ Սպասենք ու հուսանք, որ այդ խոստումներն ի վերջո իրականություն կդառնան, կվերածվեն կոնկրետ գործերի։
- Վերջին սահմանորոշման աշխատանքների ժամանակ օգտագործվեցին տարբեր տարիների հրատարակված քարտեզներ, ինչպե՞ս ֆիքսվեց շփման գիծը, մեզ համար, օրինակ, դժվար է հասկանալ։
- Այսօրվա դրությամբ` սահմանների տեղորոշումը իրականացվում է 1970-ական թվականների քարտեզներով։ Ինչո՞ւ այդ թվականների, ինձ էլ շատ հետաքրքիր էր այդ հարցը. ինչու ոչ 1980-ական թվականների կամ ոչ 20-ականների։ Ինձ հավաստիացրեցին, որ 1970-ական թվականների քարտեզներով սահմանորոշումը Հայաստանի համար լավագույն տարբերակն է։ Իսկ ինչո՞ւ լավագույն տարբերակը, որովհետեւ եթե առաջնորդվեինք այլ քարտեզներով, ապա խնդիրներ կունենայինք Հայաստանի մյուս հատվածներում` Տավուշի, Գեղարքունիքի մարզերում եւ այլն։ Ստացվում է այնպես, որ 1970-ական թվականների  հրատարակված քարտեզներով տուժում է Սյունիքի մարզը։ Բայց ընդհանուր առմամբ` ինձ այնպես ներկայացրեցին, որ այդ քարտեզներով սահմանորոշելիս Հայաստանն առավել շահում է, քան այլ տարիներին հրատարակված քարտեզներով։
- Իսկ որքա՞ն է տուժել մարզը, ինչքա՞ն է պատճառված վնասը, դրա տնտեսական հետեւանքները, հաշվարկներն արվա՞ծ են։
-  Տակավին թվաբանական հաշվարկներ արված չեն։ Առայժմ արձանագրել ենք այն փաստը, որ պատերազմը լուրջ հետեւանքներ է ունեցել մարզի գյուղատնտեսության վրա։ Անասնագլխաքանակի կորուստներ ունեցանք, ինչպես նաեւ հողատարածքների, որ մարզի գյուղացիներն օգտագործում էին թե՛ բանջարաբոստանային եւ հացահատիկային մշակաբույսեր արտադրելու, թե՛ որպես արոտավայրեր ու խոտհարքներ օգտագործելու նպատակով։ Նաեւ անտառային զանգվածներ կրճատվեցին, քանզի գյուղաբնակները լուրջ եկամուտներ են ստանում անտառահատման աշխատանքներից։
- Իսկ փոխհատուցումներ եղե՞լ են։
- Ոչ, առայժմ վաղ է խոսել փոխհատուցումների մասին։ Այսօրվա դրությամբ փոխհատուցում եղել է այն մարդկանց վերաբերմամբ, ովքեր իրենց անշարժ գույքն են կորցրել մարտական գործողությունների հետեւանքով, այս մասով է փոխհատուցում եղել։
- Իսկ Կապանին հարակից Կուբաթլիի եւ Զանգելանի հայ բնակչությունն օթեւանե՞լ է Ձեր համայնքում։
- Դարձյալ թվերով չեմ կարող հարցին պատասխանել, բայց պիտի ասեմ, որ թե՛ Կուբաթլիից, թե՛ Զանգելանից բնակիչների մի մասը մեր համայնքում է օթեւանել, ավելի ստույգ` Զանգելանից հիմնականում տեղափոխվել են Կապան, Կուբաթլիից` Գորիս։ Ինչպես նշեցի, այդ մարդկանց կառավարության կողմից էական, շոշափելի օգնություն դեռեւս չի ցուցաբերվել, միայն նրանց սննդով ենք ապահովում, բայց իրականում այդ մարդիկ ոչինչ չունեն, զրկվել են ամեն ինչից։ Մեր առաջնահերթ խնդիրն այդ մարդկանց կացարանով ապահովվելն է, ինչի հետ կապված մի ծրագիր եմ մշակել. համայնքի սահմանամերձ գյուղերում ձեռք բերել տներ` տեղափոխվածներին վերաբնակեցնելու նպատակով։ Նախ նրանց կապահովենք կացարանով, դրանով նաեւ կբնակեցնենք, կամրացնենք սահմանամերձ գյուղերը։
- Պատերազմի ընթացքում հանրապետության վարչապետը կոչ էր արել կազմակերպել ինքնապաշտպանական ջոկատներ, հիմա գոյություն ունե՞ն այդ ջոկատները։
- Դեկտեմբերի 25-ին հերթափոխ տեղի ունեցավ, եւ բոլոր անձինք, ովքեր ինքնապաշտպանությանը մասնակցում էին, անցան քաղաքացիական կյանքի։
- Ինչպես հայտնի է, հունվարի 11-ին ստորագրվեց եռակողմ նոր հայտարարություն` Պուտին-Փաշինյան-Ալիեւ, որը ներառում է նաեւ հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, որ տարբեր խոսակցությունների տեղիք տվեց, ինչպե՞ս եք վերաբերվում դրանց։
- Եթե ճիշտ ասենք, այդ խնդրի վերաբերմամբ կոնկրետություններ չկան, ասում են Մեղրիով Նախիջեւանը եւ Ադրբեջանը  տրանսպորտային կապ պիտի ունենան։ Եթե տրանսպորտային միջոցների ապաշրջափակումը նպաստելու է մեր երկրի տնտեսության բարգավաճմանը, երկու ձեռքով կողմ եմ, եթե սպառնալու է մեր երկրի անվտանգությանը, միանշանակ դեմ եմ։ Ընդհանրապես բոլոր նրբությունները պիտի հաշվի առնվեն բանակցությունների ընթացքում։
- Իսկ կառավարությունը Ձեր կարծիքը կհարցնի՞:
- Եթե Կապանին վերաբերող հարց լինի, միանշանակ պիտի հարցնեն մեր կարծիքը։
- Իսկ հաճախակի՞ եք առնչվում Սյունիքի մյուս համայնքների` Քաջարանի, Մեղրու եւ այլն Ձեր գործընկերների հետ, կուսակցական գործոնը չի՞ խանգարում։
- Անկուսակցական եմ եւ երբեւէ չեմ անդամակցել որեւէ կուսակցության։ Ինչ վերաբերում է Սյունիքի մյուս համայնքների ղեկավարների հետ հարաբերվելուն, ասեմ, որ մենք ոչ միայն գործընկերներ ենք, այլեւ պարզապես ընկերներ։ Մեր հարաբերությունները տնտեսության շրջանակում են, նրանք էլ այս պահին անկուսակցական են, եւ այդ ընկերության շնորհիվ մեկս մյուսի համայնքների խնդիրներին քաջատեղյակ ենք։ Եվ յուրաքանչյուր առիթի դեպքում իրար աջակից ենք լինում։
- Մարզում, այդ թվում` Կապան համայնքի համար դժվարություններ են ծագել ճանապարհների առումով։ Քայլեր արվո՞ւմ են այլընտրանքային ճանապարհներ ունենալու կամ եղածը նորոգելու ուղղությամբ։ Այս համատեքստում չգիտեմ, թե որքան իրական է Հյուսիս-հարավ ճանապարհը, որի կառուցումը սկսվել է տարիներ առաջ։
- Խոսքը Հյուսիս- հարավ ճանապարհի չորրորդ տրանշին է վերաբերում, որ կազմում է 60 կիլոմետր` Լեռնաձոր գյուղից մինչեւ Սիսիան, եւ պիտի անցնի կամուրջներով ու թունելներով։ Այդ չորրորդ տրանշի նախագծանախահաշվային փաստաթղթերն արդեն պատրաստ են եւ կազմում են մոտ մեկ միլիարդ դոլար։ Քանզի ճանապարհն անցնում է աշխարհագրական բարդ ռելիեֆով։ Եթե այդ ճանապարհն իրականություն դառնա, այլ ճանապարհային խնդիր չենք ունենա` մասնավորապես Որոտանի հետ կապված։
Այլընտրանքային ճանապարհ է Աղվանի-Տաթեւ ճանապարհը, բայց Տաթեւից մինչեւ Սատանի կամուրջ ճանապարհահատվածի կտրուկ ոլորանները մեծ բեռնատարները դժվարությամբ կհաղթահարեն։ Սա է խնդիրը։
- Նման բան հնարավո՞ր է, որ ադրբեջանցիները հայտնվեն մարզի տարածքում, որքանո՞վ եք պատրաստ մարդկանց հնարավոր տեղաշարժին, մանավանդ այն մարդկանց, որ ժամանակին այստեղից գնացել են, նախկինում այստեղ են ապրել։
- Այսօրվա դրությամբ անթույլատրելի է այն փաստը, որ ադրբեջանցիները կարող են հատել սահմանը։ Եթե խոսքն առանց վիզայի (մուտքի թույլտվություն) մասին է, երկու երկրների միջեւ պիտի լինեն դիվանագիտական հարաբերություններ, որը տեսանելի ապագայում անհնար է։
- Նաեւ դիվանագետները խոսում էին այն մասին, որ փախստականները վերադառնան իրենց նախկին բնակավայրերը։
- Ես նման բան բացառում եմ, որ իրենք կարող են գալ եւ ապրել այնտեղ, որտեղ ժամանակին բնակվել են։ Մենք բազում խնդիրներ ունենք հարեւան երկրի հետ։ Դա, նախեւառաջ, գերիների հարցն է, որն առայժմ չի լուծվում։ Եթե Ադրբեջանը խոսում է երկարատեւ խաղաղության, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին, դա նշանակում է հարաբերություններ ստեղծել։ Տակավին լուծված չէ Արցախի կարգավիճակի հարցը, այս ամենը պիտի հստակեցվի, նոր խոսենք մեր հարաբերությունների մասին։ Նախ պետք է վստահության մթնոլորտ ստեղծել։ Դեկլարատիվ հայտարարություններ են հնչում, թե երկու կողմի տեղահանվածները պիտի վերադառնան իրենց օջախները, ինչը հնարավոր չէ առանց վստահության մթնոլորտի վերականգնման։
- Խոսեցինք գերիների մասին, բայց խնդրահարույց է մնում անհետ կորածների հիմնահարցը։
- Ձեզ թվերով ներկայացնեմ` ունենք 11 անհետ կորած կապանցի, երեկ հայտնի դարձավ, որ այդ 11-ից մեկը գերիների ցանկում է։ Մարտական գործողությունների ժամանակ զոհվել է 41 հոգի, բացի այդ մի զոհ էլ եղել է քաղաքացիական անձանց թվից`  Դավիթբեկ գյուղում, մի ժամկետային զինվոր զոհվել է հետպատերազմյան շրջանում` զինամթերքի պայթյունից։ Որոնողական աշխատանքները շարունակվում են, որքանով գիտեմ` ռազմագերիների առումով օրեցօր ցուցակները թարմացվում են։
- Մեղրու, Գորիսի համայնքներում տարածքային խնդիրներ կան, իսկ Կապանո՞ւմ։
- Կապանում էլ կան, մոտ 50 հեկտար հողատարածք Կապանում, որի տերերն ունեն սեփականության վկայականներ, անցնում է ադրբեջանական սահմաններից ներս։ Խախտվում են մոտ 130 սեփականատիրոջ իրավունքները, այսինքն` տարածքային խնդիրներ մեզ մոտ էլ կան։
- Դուք այս ընթացքում ադրբեջանցիների հետ շփվե՞լ եք անձամբ։
- Այո, դեպքն այդպես է պատահել. ադրբեջանցիները դուրս են եկել Մ-17 միջպետական ճանապարհի բանուկ մասի վրա (դա Կապան-Ծավ ճանապարհն է)։ Այդտեղ եւս որոշ հատվածներ GPS-ային տեղորոշմամբ մտնում են Ադրբեջանի սահմանից ներս։ Դուրս էին եկել, կանգնել ճանապարհի երթեւեկելի հատվածում, այդ պահին այդտեղ էի, զայրույթս հազիվ զսպելով ասացի, որ իրենք այդտեղ գտնվելու իրավունք չունեն։ Ասացին, որ իրենց սահմանին են կանգնել, բայցեւայնպես շուտափույթ հեռացան…

Զրույցը գրի առավ Վահրամ Օրբելյանը


 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25