Գորիսի պետական համալսարանում. փոթորիկ՝ ոչնչից

16.06.2018 18:26
2025

Վերջին օրերին Գորիսի պետական համալսարանը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում, ընդ որում՝ աղմուկի հիմքում բուհական կյանքի համար առտնին մի դիպված է:

2010 թվականից համալսարանում իրականացվում է հայագիտական մի հետաքրքիր թեմայի ուսումնասիրություն՝ «Սյունիքի հոգեւոր եւ նյութական ժառանգությունը»:

Նախաձեռնության հեղինակը Սյունիքի այդ օրերի մարզպետ Սուրեն Խաչատրյանն էր եւ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Եւ այդ ժամանակվանից Գորիսի պետական համալսարանում իրականացվում է հետաքրքիր ու պահանջված այդ ծրագիրը:

Թեմայի գիտական ղեկավարը յոթ տարի եղել է իրավաբանական գիտությունների թեկնածու Մարտին Զիլֆուղարյանը, մեկ տարի՝ բանասիրական գիտությունների թեկնածու Մհեր Քումունցը:

Թեմայի վերաբերյալ ամեն տարի, սահմանված կարգով, հայտ է ներկայացվում գիտության պետական կոմիտե, եւ հավանության արժանանալուց հետո ուժի մեջ է մտնում: Ծրագրված աշխատանքն իրականացնելու համար տարեկան մոտ 11 մլն դրամ է հատկացվում պետական բյուջեից: Աշխատանքներն իրականացվում է մի քանի հոգով:

Հայտը հավանության արժանանալուց հետո պայմանագիր է կնքվում ծրագրի ղեկավարի հետ, ով, ի պաշտոնե, Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտյուշա Ղուկասյանն է:

Սակայն հայտը գիտության պետական կոմիտե ներկայացնելուց առաջ պետք է հավանության արժանանա, ավելի ճիշտ՝ երաշխավորվի Գորիսի պետական համալսարանի գիտական խորհրդի կողմից: Իսկ եթե լինում են մեկից ավելի հայտեր, ապա դրանք համեմատվում են ու լավագույնին նախապատվություն տալիս:

Եվ որպեսզի թեմայի ուսումնասիրությունը շարունակվի նաեւ 2019-ին, ապա այն պետք է տեղ գտնի գալիք տարվա պետական բյուջեում, ինչը նշանակում է, որ Գորիսի պետական համալսարանը մինչեւ ս.թ. հունիսի 15-ը պետք է առաջարկված երկու հայտից մեկը՝ երաշխավորությամբ, ներկայացներ գիտության պետական կոմիտե:

Գորիսի պետական համալսարանի գիտական խորհրդի՝ հունիսի 14-ին հրավիրված նիստը, ի թիվս այլ հարցերի, պետք է քննարկեր նաեւ այդ հարցը ու պատասխան տար, թե երկու հայտից ո՞ր մեկն է ուղարկում գիտության պետական կոմիտե, ինչի համար էլ օրակարգում այսպիսի հարց էր դրվել՝ «2019թ. պետական բյուջեից ֆինանսավորում ստանալու նպատակով ԿԳՆ գիտության պետական կոմիտե ներկայացվելիք գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի ու զարգացման ծրագրի ներկայացրած հայտերը քննարկելու եւ ընդունելու մասին» (զեկուցող՝ Ռազմիկ Վարդանյան):

Հունիսի 14-ին գիտխորհրդում հարցի քննարկումը ձախողվել էր. դրան անդրադարձել է մայրաքաղաքային լրատավամիջոցներից մեկը, ուստի եւ այդ օրվա զարգացումներին նորից չենք անդրադառնա, մանավանդ որ նշված հրապարակումը ներկայացվել է նաեւ syuniacyerkir.am կայքում:

Հունիսի 15-ին շարունակվել է գիտխորհրդի՝ նախօրեին ընդհատված նիստը:

Գիտխորհրդի 28 անդամից մասնակցում էին քսանը: Նիստը վարում էր համալսարանի ռեկտոր Արտյուշա Ղուկասյանը, ով համառոտ ներկայացրեց հարցի նախապատմությունը, նախօրեին ընդհատված նիստի վերաբերյալ թերթային հրապարակումը, որում արծարծված հարցերից ոչ բոլորի հետ էին համակարծիք գիտխորհրդի անդամները: Եւ, այնուհանդերձ, ռեկտորը համերաշխության, գործնական աշխատանքի, անձնական խնդիրներից ու հետաքրքրություններից վեր կանգնելու, ներկայացված հայտերի գիտական մակարդակն ուշադրության կենտրոնում պահելու հորդոր հղեց ներկաներին:

Հաճելի էր նկատել, որ գիտխորհրդի նիստի օրակարգում խոսքը միայն «Սյունիքի հոգեւոր եւ նյութական ժառանգությունը» թեմայի մասին չէր:

Գորիսի պետական համալսարանը գիտության պետական կոմիտեի 2019թ. ծրագրում ներգրավվելու այլ մտադրություններ եւս ունի: Հունիսի 15-ի նիստում, օրինակ, հավանության արժանացավ երեք թեմա.  ա) դեղաբույսերից ստացված թուրմերի հակաօքսիդիչ հատկությունների ուսումնասիրում. ուռուցքաբանութան համար կարեւոր նշանակություն ունեցող այդ թեմայի հայտատուն քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռազմիկ Վարդանյանն է, բ) թռչող սարքերի եւ ռոբոտների նախագծում, ղեկավարում (հայտատու՝ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտյուշա Ղուկասյան), գ) տարածաշրջանի ջրերի էկոլոգիական վիճակի հետազոտում (հայտատու՝ Շուշան Շալունց, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ):

Այնուհետեւ քննարկվեց հայագիտությանն առնչվող թեմայի վերաբերյալ ներկայացված երկու հայտի ճակատագիրը: Մեկի հեղինակը Մարտին Զիլֆուղարյանն է, մյուսինը՝ Մհեր Քումունցը:

Երկու հայտից մեկին պետք է նախապատվություն տրվեր եւ ներկայացվեր գիտության պետական կոմիտե: Երկուսը միաժամանակ ներկայացնել հնարավոր չէր, քանզի նրանց վերնագրերը բառացիորեն կրկնում են միմյանց, գրեթե նույնն են թեմայում ընդգրկված գիտաշխատողները, որոնց մի մասը, ի դեպ, տեղյակ չէր նույնիսկ, որ միաժամնակ ընդգրկված է երկու հայտի մեջ :

Համալսարանի ղեկավարը մինչ քննարկումն առաջարկել էր երկու հայտատուին՝ միավորվել եւ առավել կենսունակ դարձնել ծրագիրը, ավելի ստույգ դարձնել ակնկալվող արդյունքը, ընդ որում՝ հայտերի հեղինակներից մեկը կլիներ թեմայի գիտական ղեկավար, մյուսը՝ ղեկավարի տեղակալ: Ողջամիտ այդ առաջարկությունը նույնպես մերժվեց. հայտերի գիտական ղեկավարները պատրաստակամություն չհայտնեցին  աշխատելու իրար հետ:

Մի հանգամանք եւս. երկու հայտը  գիտխորհրդում քննարկելուց առաջ պետք է քննարկվեր Ռազմիկ Վարդանյանի գլխավորած հանձնաժողովում (Գորիսի պետական համալսարանի գիտական խորհրդին առընթեր  մրցութային, ուսումնամեթոդական եւ գիտական հարցերի մշտական հանձնաժողով): Հենց այդ հանձնաժողովն էլ առաջնայնություն պետք է տար հայտերից մեկին:

Ցավոք հարգելի պրոֆեսորի, պատկառելի գիտնականի գլխավորած հանջնաժողովը չի կատարել պարզագույն այդ խնդիրը՝ չարտահայտելով դիրքորոշում, հարցը չուսումնասիրված, չգնահատված, չփորձաքննված եւ հում վիճակում տեղափոխելով գիտական խորհուրդ: Ահա եւ հանձնաժողովի որոշումը, որը, ներող եղեք, անհեթեթության դասական նմուշ է՝ «….Ներկայացված երկու հայտի շուրջ ծավալված բանավեճի արդյունքում հանձնաժողովը կոնկրետ որոշում չի կայացրել՝ 2010 թվականից ծրագրի գործող ղեկավար Մ. Զիլֆուղարյանի եւ նույն թեմայով հայտ ներկայացրած, ԳՊՀ աշխատակից Մ. Քումունցի վեճի ու անհամաձայնության պատճառով: Հայտերը չեն դրվել քվեարկության: Հարցը թողնվել է գիտական խորհրդի քննարկմանը»:

Եւ ուրեմն՝ ոչնչից փոթորիկ չէր բարձրանա, կրքերի անիմաստ բորբոքում տեղի չէր ունենա, գործը չէր տուժի, եթե համապատասխան հանձնաժողովը չխուսանավեր, չխուսափեր պատասխանատվությունից եւ գնահատական տար հայտերին:

Ըստ էության հարցի քննարկումն ի սկզբանե տեղափոխվել է անձնական հարաբերությունների ոլորտ. Մարտի՞ն, թե՞ Մհեր, փոխարենը պատասխանեին մեկ այլ հարցի՝ հայտերից ո՞ր մեկն է ավելի լավը, գիտականորեն հիմնավորվածը:

Գրեթե նույն մոտեցումը նկատեցինք գիտխորհրդի որոշ անդամների մոտ: Օրնակ, Գորիսի պատմության ճանաչված մասնագետ Սերգեյ Հախվերդյանն անկեղծորեն բարձրաձայնեց՝ «Ես չեմ մասնակցի քվեարկությանը, որպեսզի որեւէ մեկին դեմ չքվեարկեմ»: Ու չմասնակցեց …

Ռազմիկ Վարդանյանի եւ մյուս հանձնաժողովականների պաշտոնական բացատրությունը, թե հանձնաժողովում համապատասխան մասնագետներ չեն եղել, ինչի համար էլ հնարավոր չի եղել թացը չորից ջոկել, որեւէ քննադատության չի դիմանում:

Հանձնաժողովը կարող էր եւ իրավունք ուներ կազմավորել մասնագիտական ինչ-որ խումբ եւ նրա օգնությամբ որոշել՝ որն է առավել հաջողված հայտը:

Ավելին ասենք՝ տպավորություն ստացանք, որ հանձնաժողովի անդամներից, ինչպես եւ գիտխորհրդի անդամներից ոմանք ծանոթ չեն հայտերի բովանդակությանը: Ասել է թե՝ հարցը գիտխորհուրդ է բերվել այնպես, որ բանավեճը, տարաձայնություններն անխուսափելի լինեն…

Իհարկե, հնչեցին նաեւ բազմաթիվ ողջամիտ ելույթներ, առաջարկություններ (Արտյուշա Ղուկասյան, Մալիկ Թելունց, Աշոտ Մարտիրոսյան), բայց առաջարկություններից ոչ մեկն հավանության չարժանացավ:

Սուսաննա Պետրոսյան ուսանողուհին ուշագրավ դիտարկում արեց՝ «Տարիներ շարունակ թեման ղեկավարել է Մարտին Զիլֆուղարյանը, բայց ոչ մի անգամ դժգոհություն չի հայտնվել նրա գործունեության վերաբերյալ, իսկ հիմա փորձում ենք նրան զրկել ծրագիրը շարունակելու հնարավորությունից»:

Մեկ ուրիշն էլ, թե՝ «Թող նոր եւ թարմ ուժեր ընդգրկվեն ծրագրում»:

Մամուլի վերոնշյալ հրապարակման մի նկատառում հաշվի առնելով՝ կարծիքներ հայտնվեցին երկու հայտատուի կրթության առնչությամբ՝ որքանո՞վ է նրանց կրթությունը համապատասխանում հայագիտական այդ թեմայի ուսումնասիրումը ղեկավարելու առաքելությանը, Մարտին Զիլֆուղարյանն իրավագետ է, Մհեր Քումունցը՝ հայոց լեզվի եւ գրականության բանասեր, թուրքագետ:

Գիտխորհրդի անդամները, ի վերջո, դա խոչընդոտող հանգամանք չհամարեցին:

Գիտական առումով հիմնավորված ու շահեկան էր  Արտյուշա Ղուկասյանի առաջարկությունը, որ կարելի է նույնիսկ խնդրի սողոմոնյան լուծման տարբերակ համարել. երկու հայտը միավորել եւ մեկ ուժեղ հայտ կազմել ու թիմը բաժանել երկու ենթախմբի՝ երկու գիտական ղեկավարով, որը եւ կխթաներ առողջ մրցակցությունն ու երաշխիքներ կապահովեր լավագույն արդյունքների համար:

Սակայն այդ առաջարկությունը նույնպես (դարձյալ երկու հայտատուի անհամաձայնության պատճառով) չընդունվեց:

Գիտխորհուրդն ի վերջո այլ եզրակացության եկավ. ներկայացված երկու հայտն ուղղարկել ՀՀ ԳԱԱ՝ փորձագիտական քննության, որից հետո լավագույն հայտն ուղարկել գիտության պետական կոմիտե:

Մոտ երեք ժամ տեւած բանավեճի ընթացքում, որքան էլ տարօրինակ է, պատշաճ խոսք չհնչեց հայտերի գիտական բովանդակության մասին, թեեւ քանիցս առաջարկություններ հնչեցին՝ հարցի քննարկումը տեղափոխելու անհրաժեշտ հուն:

Բանավեճի առանցքում, ըստ էության, երկու անձնավորության՝ Մարտին Զիլֆուղարյանի եւ Մհեր Քումունցի մրցակցությունն էր:

Մեկ ուրիշ նկատառում էլ. եթե թեմայի նախկին ղեկավարից հրաժարվելու անհրաժեշտություն է առաջացել, ապա կարելի էր նախապես մրցույթ հայտարարել, եւ Սյունիքի մարզում կգտնվեին ուրիշ մարդիկ եւս, ովքեր նույնպես հայտ կներկայացնեին:

Եվս մեկ դիտարկում. կարծում ենք արժեր մասնագիտական ակտիվ խոսակցություն ծավալել թեմայի ուղղությամբ ութ տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին, թեեւ ռեկտորն իր խոսքում գոհություն հայտնեց կատարված աշխատանքների վերաբերյալ: Համալսարանի գիտական քարտուղար Թեհմինա Մարությանն էլ դրականորեն գնահատեց տարիների ընթացքում կատարված աշխատանքը:

Ինչպես նշեցինք, գիտխորհրդի նիստի աշխատանքը սկսելիս Արտյուշա Ղուկասյանը ներկաներին համերաշխության, ինչպես եւ խնդիրը գիտական քննարկման տիրույթից դուրս չբերելու կոչ արեց: Սակայն կրքերը հանդարտեցնել ոչ միշտ հաջողվեց: Եւ այդ ամենի համապատկերի վրա դրվատելի էր ռեկտորի զսպվածությունը, բարեկիրթ խոսքը, համբերատարությունը, խնդիրն անձնական տիրույթից գիտական տիրույթ տեղափոխելու ջանքերը: Մեկ հարց, այդուհանդերձ, մնաց թերորոշ՝ կկարողանա՞ Արտյուշա Ղուկասյանը հայտերի ներկայացման համար վերջնաժամկետ սահմանված հունիսի 15-ից հետո վիճահարույց հայտը ներկայացնել գիտության պետական կոմիտե, ինչի առիթով քանիցս անհանգստություն  հայտնեց:

Օրակարգային հարցերը քննարկելուց հետո հայտարարությամբ հանդես եկավ համալսարանի արհկոմի նախագահ Համլետ Հովսեփյանը. խոսքն այն մասին էր, թե ինչու արհկոմի նախագահը համալսարանի գիտխորհրդի կազմից դուրս է բերվել: Այդ հարցով նա դիմեց նաեւ «Սյունյաց երկրին», որին թերթը կանդրադառնա առանձին:

Հ.Գ. 1

Գիտխորհրդի հունիսի 14-ի նիստը ձախողվելու առիթով Գորիսի պետական համալսարանի ռեկտորը նամակ է հղել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին, որի մեջ նշվում է. «Խնդրում եմ Ձեզ տալ պարզաբանում, թե համայնքապետարանի մամուլի խոսնակ Իրինա Յոլյանը, հրավիրված չլինելով եւ չունենալով համապատասխան փաստաթուղթ, ի՞նչ իրավասությամբ է ս.թ. հունիսի 14-ին՝ ժամը 15-ին, տեսանկարահանողի ուղեկցությամբ ներկայացել Գորիսի պետական համալսարանի նիստերի սրահ՝ գիտխորհրդի նիստը տեսանկարահանելու եւ լուսաբանելու կանխատրամադրվածությամբ: Արդյո՞ք նա համայնքապետարանի հանձնարարականով է ներկայացել. եթե այո, ապա ի՞նչ նպատակ է հետապնդել նրա գործուղումը ԳՊՀ, եւ ինչու՞ այդ մասին նախապես մեզ տեղյակ չեք պահել: Եթե անձնական նախաձեռնությամբ է ներկայացել, ապա խնդրում եմ պարզաբանել, թե ի՞նչ մոտիվներ է նա ունեցել: Նման այց ԳՊՀ նիստերին, առանց համապատասխան հիմնավորումների, տեղի է ունենում երկրորդ անգամ»:      

Հ.Գ. 2

«Սյունյաց երկրի» խմբագրակազմը պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, մասնակցել Մարտին Զիլֆուղարյանի եւ Մհեր Քումունցի հայտերի գիտական փորձաքննությանը:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19