Գործարկվել է Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհը՝ որակով եւ բարեհարմարությամբ աչքի ընկնող

16.12.2024 15:28
315

Արցախյան 44-օրյա պատերազմից, ավելի ստույգ՝ 2021 թ. նոյեմբերի 11-ից Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսային եւ սահմանային վերահսկողություն սահմանելուց հետո, Սյունիքի հարավային տարածաշրջանների հետ տրանսպորտային հաղորդակցությունը սկսեց իրականացվել Շինուհայրի խաչմերուկ-Տաթեւ-Կապան ավտոճանապարհով:

Դրանից հետո, իհարկե, ավարտվեց Տաթեւ-Աղվանի (ավելի վաղ մեկնարկած) ճանապարհի շինարարությունը, կառուցվեց Աղվանի-Վերին Խոտանան-Կապան ճանապարհը, սակայն....

Վերին Խոտանանի գյուղամիջով անցնող ճանապարհահատվածը, մասնավորապես Սուրբ Աստվածածին եկեղեցու մերձակայքի կտրուկ վերելք-ոլորանը, անընդհատ խոչընդոտներ էր հարուցում, ձմռան ամիսներին՝ հատկապես: Գյուղի մատույցներում ժամանակ առ ժամանակ կարելի էր տեսնել ընթացքը դադարեցրած մեքենաների շարասյուներ՝ երբեմն կիլոմետրերով ձգվող: Գյուղամիջի հատվածն առանձնապես դժվարությամբ էին հաղթահարում երկար ու ծանրաքաշ, նաեւ կցորդիչով մեքենաները՝ ժամերով փակելով մայրուղին՝ մինչեւ օգնության հասնող կլիներ:

Ստեղծված վիճակը հրամայական էր դարձրել Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհի կառուցումը, որն էլ ընթացք ստացավ:

2022-ի տարեսկզբից մեկնարկած հողային աշխատանքները մոտ մեկ տարի անց հիմնականում ավարտվել էին:

Այդ ժամանակվանից էլ շրջանցող ճանապարհի կառուցումը նոր փուլ թեւակոխեց, որը ստանձնեց «Ապառաժ» ՍՊ ընկերությունը՝ գլխավորությամբ Դավիթ Ավետիսյանի:

Եվ ահա՝ 2024-ի ձմեռնամուտին, գործարկվել է Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհը՝ այդքան սպասված ու պահանջված....

Մինչեւ ճանապարհի մասին որոշ տեղեկություններ ներկայացնելը՝ կուզենայինք վերստին նշել, որ պատասխանատու այդ նախագիծն իրականացնող «Ապառաժ» ՍՊ ընկերությունն արդեն իսկ ճանաչում եւ բարի համբավ ունի Սյունիքում...

Հինգ տարի եւ ճանապարհաշինական բազմաթիվ հասցեներ. Մ2 միջպետական ճանապարհի Շուռնուխ գյուղով անցնող հատվածի, Արծվանիկից Կարմրաքար ձգվող 5,1 կմ երկարությամբ ճանապարհի, Վարդավանք-Ագարակ 13,1 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգում: Միեւնույն ժամանակ՝ սուբվենցիոն ծրագրերով տարբեր շինաշխատանքներ Կապան եւ Քաջարան համայնքներում: Իսկ ընթացիկ տարում՝ Լեռնաձոր գյուղից Փուխրուտ եւ Կաթնառատ ընկած ճանապարհի հիմնական մասի վերակառուցում, որի շարունակությունն ակնկալվում է 2025-ին:

Այսպիսի հետագիծ ունեցող ընկերությանն էլ վստահվել էր Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհի կառուցումը:

Օրեր առաջ «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբն այդ ճանապարհին էր: Մեզ ընկերակցում էին «Ապառաժ»-ի կոմերցիոն տնօրեն, ընկերության ասֆալտ արտադրող գործարանի պատասխանատու Դավիթ Դանիելյանը, ընկերության Սյունիքի ստորաբաժանման ղեկավար Գարիկ Հովհաննիսյանը եւ, իհարկե, տեղամասի պետ Ասատուր Այվազյանը:

Չենք կարող չասել՝ տպավորված ենք, կահավորումից եւ գծանշումներից հետո կառույցն ամբողջական տեսքի է եկել:

Ճանապարհն ունի 10 կմ 940 մ երկարություն, ուղիղ տեղամասում լայնությունը՝ 6,6 մ, կորերի վրա (կորի շառավղից կախված) երբեմն՝ մինչեւ 11 մետր, կողնակների լայնությունը՝ 1.5 մետր:

Վարորդների լեզվով ասած՝ երթեւեկելիս տեսադաշտը լիովին բաց է, վազանցի կամ կողանցի դեպքում խնդիրներ չեն առաջանում, ասել է՝ անվտանգ երթեւեկության համար բոլոր պայմանները ստեղծված են:

Նորակառույցն անցնում է 1200-1500 մ բարձրությամբ տարածքով, ուստի եւ ճանապարհի սառցակալումն ու մառախուղը նվազ հավանական են, ոլորաններն ու շրջադարձներն էլ ավելի քիչ, քան մինչ այդ գործող ճանապարհին:

Առավելագույն երկայնական թեքությունը կազմում է 90 պրոմիլ, որ նույնն է՝ 9 %, ինչը համապատասխանում է տվյալ կարգի ճանապարհներին ներկայացվող նորմատիվներին:

Երկու տեղ գազատար խողովակը հատում է ճանապարհը, ինչին  նույնպես խելամիտ ու անվտանգ լուծում է տրվել:

Ճանապարհի երկարությամբ, որոշ տեղերում, «գաբիոններ» (քարե պատնեշներ) են կառուցվել, որ հնարավոր հեղեղներն ու հորդառատ անձրեւները չվնասեն ճամփեզրերը: Մանավանդ որ՝ ճանապարհը երկու տեղ հատում է Քաշունի գետակի հունը, որոշ տեղերում՝ անցնում հունին զուգահեռ: Իսկ ճանապարհի ու գետակի խաչվող տեղերում կառուցվել են «կուլվերտներ»:

Նորակառույց ճանապարհն այսպես բնութագրեց տեղամասի պետ Ասատուր Այվազյանը՝ «Նոր կառուցված ճանապարհն ավելի երկար է մյուս ճանապարհից, բայց երկայնական թեքություններն անհամեմատ մեղմ են, իսկ կորերի շառավիղները՝ մեծ։ Լայնական թեքությունները (վիրաժները) կառուցված են նախագծանախահաշվային փաստաթղթերին համապատասխան։ Այս է վարորդների գոհունակության և ավելի դյուրին երթևեկելու պատճառը։

Վարորդներին թվում է, թե շրջանցիկ  ճանապարհն ավելի կարճ է, քանի որ ժամանակի առումով անհամեմատ ավելի շուտ են անցնում»։

Շինարարության ընթացքում նախագծային որոշ փոփոխություններ են եղել, ինչը բնական պիտի համարել, քանզի աշխատանքների ընթացքում ի հայտ էին գալիս հանգամանքներ, որոնք նախագծելիս նկատելի չեն եղել կամ հաշվի չեն առնվել:

Մեր լեռնաշխարհում հաճախ սողանքային գոտիներ են ի հայտ գալիս ճանապարհներին, որոնք հավելյալ խնդիրներ են առաջացնում: Ասատուր Այվազյանի տեղեկատվությամբ՝ ճանապարհի 8,6 կմ հատվածում գերջրահագեցած գրունտային հատված կար։ Ուստի եւ կատարվել են կանխարգելիչ աշխատանքներ, արդյունքում՝ առայժմ կասեցվել է երեւույթը, բայց, ինչպես ասում են, բնության գործերն անքննելի են:

Կառուցվող յուրաքանչյուր ճանապարհի որակական գլխավոր չափանիշներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը, ասֆալտի որակն է: Այդ առումով Դավիթ Դանիելյանը տեղեկացնում է, որ Կապանի նախկին երկաթբետոնե կառուցվածքների գործարանի տարածքում գործում է ընկերության՝ իտալական արտադրության՝ ժամում 90 տոննա արտադրողականությամբ ասֆալտ արտադրող գործարանը:

Ասֆալտի որակը, ըստ զրուցակցի, միշտ առաջնային է եղել ընկերությունում: Որպես կանոն, ասֆալտի նմուշները Երեւան փորձաքննության ուղարկելուց առաջ ստուգվում են նաեւ ընկերության լաբորատորիայում, որպեսզի որակի հարցում խնդիրներ չառաջանան:

Եվ կառուցված ճանապարհի ասֆալտի ընդհանուր շերտի հաստությունը 16 սմ է (6սմ+6սմ+4սմ): Ասֆալտի տակ էլ քարերով ամրացված գրունտն է, ինչը ճանապարհին լրացուցիչ հուսալիություն է հաղորդում:

Նորակառույց ճանապարհի հետ «ծանոթությունն» ավարտեցինք այնտեղ, որտեղ նոր բացված ճանապարհը հատվում է Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհի հետ:

Կառուցված ճանապարհը  երեք տարի երաշխիքային ժամկետ ունի, ասել է թե՝ որակի հետ ինչ-ինչ խնդիրներ առաջանալու դեպքում ընկերությունն ինքը պետք է շտկումներ անի սեփական ուժերով, թեև շինարարները վստահ են իրենց կատարած աշխատանքների որակի վրա:

Բայց ահա նորակառույցի ձմեռային սպասարկումը կիրականացնի «Կապանի ՃՇՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:

Ավելորդ չենք համարում նշել՝ ճանապարհն անցնում է գեղատեսիլ վայրով, հատկապես գարնանը, ամռանն ու աշնանն այդ վայրերով երթեւեկելն ուղղակի հաճույք կպատճառի երթեւեկողներին: Ի դեպ, ճանապարհից տեսանելի են Վանանդա բերդի ավերակները, բերդ,  որը, ըստ Սյունիքի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի, գավառի «անսասան ու հաստատուն ամրոցներից էր»:

Մեզ մնում է շնորհավորանքի եւ գնահատանքի անկեղծ խոսքեր հղել ընկերության տնօրեն Դավիթ Ավետիսյանին եւ ընկերության բոլոր շինարարներին՝ Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհի կառուցումը լավագույնս իրականացնելու եւ գործարկման հանձնելու կապակցությամբ:

Վահրամ Օրբելյան

 

 

 

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31

Պահեստային տարածքի վարձակալության մրցույթ

20.12.2024 20:13

Մեղրիի փոքր թաղի վերածնունդը` պատմության եւ զբոսաշրջության նոր շունչ

20.12.2024 19:13

Ուկրաինան այլևս թույլ չի տա ռուսական գազի տարանցումն իր տարածքով. Զելենսկի

20.12.2024 18:06

Հարցազրույց Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» ստուդիայի ղեկավար Լիլիթ Վարդումյանի հետ

20.12.2024 17:09

Բաքուն ապօրինաբար կալանքի տակ պահվող 15 արցախցու մեղադրում է քրեական գործի 2,548 դրվագով

20.12.2024 16:10

Փայտահրագրային գեղանկարչության երախտավորը՝ Սերժ Բաղդասարյան

20.12.2024 15:48