Հանքագործների քաղաքը` պարուրված տոնական տրամադրությամբ

30.08.2014 11:41
4085

1958թ. օգոստոսի 21-ին Հայկական ՍՍՌ Գերագույն սովետի նախագահության հրամանագրով Քաջարան քաղաքատիպ ավանը դասվեց ՀՍՍՌ շրջանային ենթակայության քաղաքների շարքը:

Օգոստոսի 21-ին Հայաստանի Հանրապետության հարավային դարպասներից մեկը` Քաջարան քաղաքը, տոնեց իր հերթական տարեդարձը` Քաջարանին քաղաքի կարգավիճակ շնորհելու 56-ամյակը: Քաջարանցիների համար արդեն ավանդույթ դարձած այդ օրն ինչ-որ առումով նաեւ համայն հայության տոնն է դարձել: Ստեղծվելով ու զարգանալով Զանգեզուրի պղնձամոլիդենային կոմբինատի կայացմանն ու առաջընթացին համընթաց` Քաջարանը դարձավ այն եզակի համայնքներից մեկը, որն այսօր հպարտանում է նախեւառաջ իր բնակիչների զբաղվածության ապահովմամբ: Քաջարանցիների եւ, ինչու չէ, սյունեցիների համառ ու նվիրական աշխատանքի շնորհիվ ձեռնարկությունն իր արժանապատիվ դիրքը գրավեց համաշխարհային լեռնահանքային արդյունաբերության մեջ: Այսօր գրեթե անհնարին է պատկերացնել քաղաքն առանց ձեռնարկության եւ ձեռնարկությունն առանց քաղաքի: Եվ դրանում եւս մեկ անգամ համոզվեցինք քաղաքի օրվա տոնակատարության ողջ ընթացքում:

Տոնախմբությունը սկսվեց Վերին Հանդի Սուրբ Աստվածածին եկեղեցուց` Քաջարանին քաղաքի կարգավիճակ շնորհելու 56-ամյակին նվիրված պատարագով:

Տոնակատարությունը շարունակվեց Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրում, որ կառուցվել է 1993-1994թթ.: Հիշեցնենք, որ իր կյանքը հայրենիքի զոհասեղանին է դրել 40 քաջարանցի: «ԶՊՄԿ» ՓԲԸ նորանշանակ ղեկավարությունը` Նիլ Ստիվենսոնը, վարչական տնօրեն Վահե Հակոբյանը, գլխավոր տնօրենի առաջին տեղակալներ Նարեկ Ամբարյանն ու Աշոտ Մարգարյանը, Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը, ՀՀ զինված ուժերի 1-ին եւ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարները եւ հյուրերը հարգանքի տուրք մատուցեցին զոհված ազատամարտիկների հիշատակին: Քաջարանի հոգեւոր հովիվ տեր Շիրակ Խանոյանը հոգեհանգստի պատարագ մատուցեց:

Ավանդական ծաղկեդրումից հետո տոնակատարության ջահը տեղափոխվեց Քաջարանի N1 եւ N2 միջնակարգ դպրոցներ, որտեղ կազմակերպվել էր բակային ճամբարների փակման արարողությունը: Երեխաները կատարեցին Քաջարանի հիմնը, ներկայացրին գեղեցիկ երաժշտական համարներ` իրենց ուրախ ձայնը լսելի դարձնելով ողջ քաղաքում: Ճամբարականների ուրախ տրամադրությունն ու անհոգ ժպիտները վկայում էին, որ Քաջարանում հավատում են իրենց վաղվա օրվան:

Նախքան տոնակատարության հետագա ընթացքը ներկայացնելը մի փոքր անդրադառնանք այս տարվա բակային ճամբարների կազմակերպման նախապատմությանը:

Արդեն երեք տարի է՝ Քաջարանում ամառային արձակուրդի ընթացքում կազմակերպվում է բակային ճամբար քաղաքապետարանի նախաձեռնությամբ եւ ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ: Տարեցտարի ավելանում է ճամբար այցելող երեխաների թիվը: Այս տարի հուլիսի 14-ին սկսվեց առաջին հերթափոխը N1 եւ N2 բակային ճամբարներում: N1 բակային ճամբարը, որ ուներ «Ուրախ գնացք» անվանումը (Քաջարանի N1 միջնակարգ դպրոց), առաջին հերթափոխին ընդգրկեց 132 ճամբարական, երկրորդ հերթափոխին` 165, երրորդին` 173: Ջոկատավարները նշանակվել են հիմնականում երիտասարդներ` նպատակ ունենալով նրանց առօրյան եւս հետաքրքիր դարձնել: Ճամբարում ընդգրկվել էին 2001-2008թթ. ծնված երեխաներ ինչպես Քաջարանից, այնպես էլ Կապանից, Երեւանից: Այս տարվա առանձնահատկություններից մեկն էլ այն էր, որ ճամբար էին հաճախում երեխաներ, ովքեր առաջին անգամ պիտի դպրոց հաճախեն: Նշենք, որ յուրաքանչյուր հերթափոխ տեւում էր ինը օր, հինգ օր ընդմիջում էր տրվում` հաջորդ հերթափոխը կազմակերպելու համար:

N1 բակային ճամբարի ավագ ջոկատավար Արմեն Հակոբյանի խոսքերով. «Ճամբարին երեխաները մասնակցում էին մեծագույն սիրով ու պատասխանատվությամբ: Աշխատում էինք նրանց համար ապահովել հագեցած ու հետաքրքիր առօրյա` առաջնորդվելով հստակ կանոնակարգով` նախավարժանք, ազատ ժամ, տողան-հաշվառում, ջոկատային պարապմունքներ, լող, մարզական միջոցառումներ, ուրախ ժամանց եւ, իհարկե, էքսկուրսիաներ դեպի Քաջարանի տարածաշրջանի տեսարժան վայրեր: Միայն մի խնդիր ունեինք, այն, որ ջոկատային պարապմունքները կազմակերպվում էին դպրոցի դասասենյակներում եւ ասֆալտի վրա, որ այս տարվա շոգ ամառվա պայմաններում շատ դժվար էր անցկացնել: Խորհրդային տարիների ճամբարը կարոտով ենք հիշում. պետք է լինի առանձին, քաղաքից դուրս մանկապատանեկան համալիր, որտեղ երեխան կկարողանա ինքնուրույն ծրագրել իր օրը»:

N2 բակային ճամբարը` «Երազանքի թռիչքներ» (Քաջարանի N2 միջնակարգ դպրոց), առաջին հերթափոխին հավաքել էր 125 երեխա, երկրորդ հերթափոխին` 140, երրորդին` 146: Ինչպես առաջին բակային ճամբարում, այնպես էլ այստեղ ընդգրկվել էին նույն տարիքային խմբի երեխաները: Առօրյան այստեղ նույնպես անցնում էր խիստ կանոնակարգով, միայն այն տարբերությամբ, որ այս տարի կազմակերպել էին ներկայացումներ, կինոդիտումներ, հայտարարել հումորի օր, անցկացրել երգի մրցույթ, սովորեցրել պար բեմադրել եւ այլն: Ավագ ջոկատավար Լարիսա Ստեփանյանը, շնորհավորելով քաջարանցիներին, մասնավորապես նշեց. «Պատահական չէ, որ մեր քաղաքը կոչվում է Քաջարան, այսինքն` քաջերի ամրոց: Ուզում եմ, որ մեր քաղաքում բոլորը երջանիկ ու անհոգ ապրեն, մշտապես լինեն տեղական ինքնակառավարման մարմինների եւ ԶՊՄԿ-ի ուշադրության կենտրոնում: Միաժամանակ ցանկանում եմ, որ ճամբարը կազմակերպվի բնության գրկում, փառք Աստծո, հրաշալի բնություն ունենք»:

Նշենք, որ ճամբարականներն այցելել են «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Նիլ Ստիվենսոնին` իրենց անկեղծ շնորհակալությունը հայտնելու ճամբարի գործունեությունը ֆինանսավորելու եւ իրենց աջակցելու համար:

Այնուհետեւ տոնի մասնակիցները շարժվեցին դեպի հրապարակ` դիտելու զինվորական շքերթը: Քաղաքի կենտրոնական փողոցի ողջ երկայնքով փռվել էին սեղաններ՝ ավանդական եւ ժամանակակից ձեւավորմամբ: Ազգային ուտելիքների բույրը տարածվել էր շրջակայքում, եւ մարդիկ, մոտենալով սեղաններին, ճաշակում էին դրանք ու բաժակ բարձրացնելով՝ միմյանց շնորհավորում տոնի կապակցությամբ:

Այնուհետեւ ՀՀ զինված ուժերի 4-րդ բանակային զորամիավորման զինվորները շքերթով, որին ակտիվորեն մասնակցեցին նաեւ ճամբարի սաները, իջան հրապարակ: Մասնակիցները նաեւ ծանոթացան որոշ զինատեսակների, որ հետաքրքրական էր հատկապես երեխաների համար: Շքերթի կարեւորությունն այն էր, որ, ինչպես նշեց քաղաքապետը, Քաջարանի լեռնագործի քայլերի ձայնին միացավ նաեւ զինվորի հատու քայլքը, որ հիշեցնի աշխարհին իր կայուն ու ամուր լինելու մասին, երկարացնի կոմբինատի աշխատանքի ընթացքը:

«Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ մարզահամալիրում քաջարանցիներին սպասվում էր մայրաքաղաքից ժամանած երգիչ-երգչուհիների մասնակցությամբ աննախադեպ համերգ:

Մինչ տոնական համերգը ելույթով հանդես եկան Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը, Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը, Քաջարանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Շիրակ քահանա Խանոյանը: Միջոցառմանը ներկա էին նաեւ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, Քաջարանի կոմբինատի ղեկավարները: Վարդան Գեւորգյանը շնորհավորական խոսքում մասնավորապես նշեց. «Իմ անկեղծ շնորհավորանքն եմ հղում քաջարանցիներին, բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Քաջարան քաղաքի կայացման ու բարգավաճման գործում: Շնորհավորում եմ քաջարանցու զարկերակին՝ ԶՊՄԿ-ին, որ միշտ կենդանի է պահում քաջարանցու ոգին: Այսօր քաջարանցու համար հիշողություն են դարձել սոցիալական խնդիրները, նա աշխարհին ներկայանում է տարածաշրջանի բարեկեցիկ ու հարգանքի արժանի կենցաղով: Սիրելի՛ քաջարանցիներ, ուզում եմ, որ մենք լինենք արժանապատիվ հետնորդները մեր պապերի ու ստեղծագործ հայ ժողովրդի»:

Փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը ներկայացրեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի շնորհավորական ուղերձը, իսկ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանի օրհնության խոսքը քաջարանցիներին մատուցեց Քաջարանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Շիրակ քահանա Խանոյանը: Տեր Մակար վարդապետ Հակոբյանի խոսքում մասնավորապես ասվում էր. «Այսօր տոն է Սյունյաց աշխարհում, որ իր մեջ ներառել է ամբողջ աշխարհը, այն Սյունյաց աշխարհում, որ իր իսկ սկզբնավորման օրվանից մշտապես անցել է խանդավառ, երկար ճանապարհ, ունեցել փորձառու անձինք, ովքեր կերտել են այս իրականությունը, որով ուրախանում ենք ոչ միայն մենք, այլեւ մեր կողքին կանգնած հյուրերը: Մենք միասնաբար, ուս ուսի տված կերտել ենք այս օրը եւ այօրվա ուրախալի օրը եկել ենք աստվածային, երկնային օրհնությունները խնդրելու Բարձրյալից: Թող այս ժողովուրդը ծնի, սնի այնպիսի զավակներ, ովքեր կարող են ապահովել վաղվա օրը, այն առատ ու խաղաղ վիճակը, որով պիտի այս ժողովուրդը ստեղծագործի եւ այս ստեղծագործությամբ նորանոր ծնունդներ նշի»:

Մեզանում արդեն ավանդույթ է դարձել տոնակատարությունների ժամանակ հատկապես գերատեսչական մեդալների հանձնումը: Այդ օրն էլ անմասն չմնաց ավանդույթից, եւ Քաջարան քաղաքի օրվա կապակցությամբ 1992-94թթ. Արցախյան պատերազմի մասնակիցներից 25 հոգի պարգեւատրվեց Քաջարանի քաղաքապետարանի «Արցախյան ազատամարտ» ոսկե մեդալով: Մինչ այդ քաղաքի 56-ամյակի եւ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի 63-ամյակի կապակցությամբ անցկացվել էր պատանիների եւ երիտասարդների ֆուտբոլի բակային առաջնություն, որի արդյունքները նույնպես ամփոփվեցին: Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը, փոխքաղաքապետ Կարեն Թադեւոսյանը եւ «ԶՊՄԿ» ՓԲԸ վարչական տնօրեն Վահե Հակոբյանը մրցանակային տեղեր գրաված թիմերին հանձնեցին մեդալներ, դրամական պարգեւներ, հուշանվերներ: Քաղաքապետարանի փոխանցիկ գավաթը հանձնվեց առաջին տեղ գրաված «Լեռնագործ» թիմին:

Տոնական բարձր տրամադրությամբ ամբողջ քաղաքը մասնակցեց համերգին, որին հաջորդեց հրավառությունը: Երկնակամարում թեւածող լույսերը եւս մեկ անգամ հիշեցրին աշխարհին, որ այստեղ` Սյունյաց բարձրավանդակի գողտրիկ անկյունում, իր կայուն առաջընթացն է ապրում Քաջարան քաղաքը` ստեղծելով հզոր ներուժ հայոց պետության համար:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06