Հայաստանի 1-ին հանրապետության ծննդյան օրն է. հերոսական ժամանակներ, որ ողբերգական ավարտ ունեցան

28.05.2023 09:33
1848

1918 թ. տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի և Զանգեզուրի՝ թուրքի համար անհասանելի դարձած իրողության շնորհիվ ստեղծվեց Հայաստանի 1-ին հանրապետությունը:

Դա մայիսի 28-ին էր...

Առաջին հանրապետության ծնունդն օրհնեց Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը (Տփղիսեցին):

Հուլիսի 24-ին հրապարակվեց ՀՀ անդրանիկ կառավարության կազմը՝ վարչապետ Հովհաննես Քաջազնունու (Իգիթխանյանի) գլխավորությամբ: Հետագայում ՀՀ կառավարությունը գլխավորեցին Ալեքսանդր Խատիսյանը, Համազասպ (Համո) Օհանջանյանը, Սիմոն Վրացյանը:

Հուլիսին Հայաստանի ազգային դրոշը ընդունվեց եռագույնը (կարմիր, կապույտ, նարնջագույն):

Օգոստոսի 1-ին տեղի ունեցավ Հայաստանի խորհրդի անդրանիկ նիստը:

1918 թ. դեկտեմբերի 5-ին սկսվեց հայ-վրացական պատերազմը: Հայկական բանակը Դրոյի գլխավորությամբ կարճ ժամանակամիջոցում ծանր հարված հասցրեց Վրաստանին, որի զորքերը մտել էին Լոռի:

1920 թ. հունվարի 19-ին Անտանտի գերագույն խորհուրդը ճանաչեց Հայաստանի անկախությունը:

1920 թ. հուլիսին ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի զինանշանը, որը հեղինակել էին Ալեքսանդր Թամանյանը և Հակոբ Կոջոյանը: Օրհներգը ընդունվեց Միքայել Նալբանդյանի «Մեր հայրենիք» բանաստեղծության  և Բարսեղ Կանաչյանի երաժշտության հիման վրա:

1920 թ. սեպտեմբերի 23-ին սկսվեց հայ-թուրքական պատերազմը: ՀՀ վրա հարձակված թուրքական բանակի հարվածային ուժը Քյազիմ Կարաբեքիրի 15-րդ կորպուսն էր՝ 30 հազար զինվորով:

1920 թ. հոկտեմբերի 30-ին թուրքը գրավեց հայոց Կարսը՝ գերելով մոտ 3 հազար զինվոր, իսկ զոհվածների թիվը հասնում էր 6 հազարի:

1920 թ. նոյեմբերի 18-ին կնքվեց զինադադարի համաձայնագիր, որի պայմանները խիստ ծանր էին Հայաստանի համար:

1920 թ. նոյեմբերի 24-ին Ալեքսանդրապոլում սկսվեցին հայ-թուրքական հաշտության բանակցություններ, որոնք ավարտվեցին դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, այն բանից հետո, երբ Հայաստանն արդեն խորհրդայնացել էր, իսկ ՀՀ կառավարությունը հրաժարվել էր իշխանությունից։ Ալեքսանդրապոլի պայմանագրով Թուրքիային էր անցնում 1914 թ. դրությամբ Արևելյան Հայաստանի մեջ մտնող ավելի քան 20.000 կմ² տարածք՝ Կարսը, Սարիղամիշը, Կաղզվանը, Արդահանը, Օլթին, Սուրմալուի գավառը։ Փաստորեն հայ-թուրքական սահմանն անցնելու էր Ախուրյան և Արաքս գետերի հունով։ Իսկ Նախիջևանի, Շարուրի և Շահթախթի շրջանները ժամանակավորապես հանձնվում էին Թուրքիային, մինչև որ այնտեղ կանցկացվեր հանրաքվե, որին Հայաստանը չպետք է մասնակցեր։

1920 թ. նոյեմբերի 29-ին խորհրդային բանակը և Բաքվում կազմավորված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն, որի նախագահն էր բոլշևիկ Սարգիս Կասյանը, մտան Իջևան, որտեղ հայտարարեցին դաշնակցական կառավարության տապալման և Հայաստանի խորհրդայնացման մասին։

1920 թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվեց համաձայնագիր։ Դրանով Հայաստանը հռչակվում էր խորհրդային սոցիալիստական հանրապետություն, իշխանությունն անցնում էր ժամանակավոր ռազմահեղափոխական կոմիտեին։

1920 թ. դեկտեմբերին ձերբակալվեց ՀՀ բանակի 1.000-ից ավելի սպա, այդ թվում՝ Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը և ուրիշներ, որոնց ոտքով քշեցին Ալավերդի՝ ճանապարհին նրանցից ոմանց սպանելով, բոլորին ծաղր ու ծանակի ենթարկելով։ Ապա ձերբակալվածներին ուղարկեցին Բաքվի և Ռուսաստանի բանտեր։ 1921 թ. փետրվարին Դիլիջանի շրջանում գնդակահարվեցին Սարդարապատի ճակատամարտի մեծ թվով հերոսներ, այդ թվում՝ Դանիել Բեկ-Փիրումյանը։ Նրա եղբայր Պողոս (Պավել) Բեկ-Փիրումյանը, չդիմանալով կտտանքներին ու նվաստացումներին, ինքնասպանություն գործեց։

Հայաստանի առաջին հանրապետությունն իր շարունակությունն ունեցավ Սյունիքում…

1920 թ. դեկտեմբերի 25-ին Տաթևի վանքում հրավիրվեց համազանգեզուրյան առաջին համագումարը։ Որոշվեց Սյունիքը կամ Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն՝ մինչև պարզ կդառնար Հայաստանի Հանրապետությանը միանալու հնարավորությունը։ Նորաստեղծ Սյունիքի կամ Զանգեզուրի հանրապետության Սպարապետ, Սյունյաց Սպարապետ, այսինքն՝ ռազմական ուժերի գերագույն գլխավոր հրամանատար դարձավ Գարեգին Նժդեհը։ Նժդեհը, փաստորեն, հանդիսանում էր նաև Սյունիքի (Զանգեզուրի) հանրապետության քաղաքական բարձրագույն ղեկավարը։ 1921 թ. ապրիլի 27-ին, այսինքն՝ Երևանի անկումից, փաստորեն բոլշևիկների կողմից Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն ու կենտրոնական շրջանները վերագրավելուց հետո՝ դարձյալ Տաթևի վանքում, կայացավ համազանգեզուրյան երկրորդ համագումարը, որը երկրամասը կոչեց Լեռնահայաստան։ Սպարապետ Նժդեհը պաշտոնապես դարձավ վարչապետ և պարգևատրվեց «Խուստուփյան արծիվ» շքանշանով։ Համագումարի կազմը (95 մարդ) հայտարարվեց Լեռնահայաստանի պառլամենտ։ Լեռնահայաստանը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն՝ Սիմոն Վրացյանի վարչապետությամբ։ Նման անվանումն ուղղակի հակադրվում էր Խորհրդային Հայաստանին և մարտահրավեր էր նետում նրան։

1921-ի ապրիլից սկսած՝ Հայրենիքի փրկության կոմիտեի գլխավորությամբ, Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը հարկադրված էր նահանջել Երևանից և Արարատյան դաշտից դեպի Սյունիք՝ Պարսկաստանի Ատրպատական նահանգ անցնելու համար։

Այդ օրերին, 12 հազար գաղթականության (այդ թվում՝ 4 հազար զորքի) նահանջի պայմաններում, Սյունիքը շարունակեց իր հաղթական կռիվները և հռչակեց Լեռնահայաստանի Հանրապետությանը` Սպարապետ Նժդեհի վարչապետությամբ։ Հունիսի 1-ին, Սյունիք անցած Հայաստանի Հանրապետութեան կառավարության նախաձեռնությամբ, Լեռնահայաստանը հայտարարվեց Հայաստանի Հանրապետություն` Սիմոն Վրացյանին նշանակելով վարչապետ (Նժդեհը մնաց իբրև Սպարապետ)։ Բայց Վրաստանն ու Հայաստանը փաստորեն ընկել էին բոլշևիկյան տիրապետութեան տակ։ Պարենն ու հացահատիկը սպառվել էին, և Լեռնահայաստանի կառավարական ու ռազմական ղեկավար մարմինները դժվարություն ունեին պաշտպանելու անգամ Սյունիքի հայությանը։ Այդ պայմաններում, հաշվի առնելով, որ խորհրդայնացված Հայաստանի բոլշևիկյան ղեկավարությունն իր 1921 հունիսի հռչակագրով Սյունիքը պաշտոնապես կցել էր մայր երկրին` հուլիսին Լեռնահայաստանն իր կարգին տեղի տվեց խորհրդայնացման առջև։

Ռուսական և նրանց ենթակա հայկական խորհրդային ուժերը պատրաստվում էին վճռական մարտական գործողությունների։ Ռուսական ուժերը (Կովկասյան առանձին բանակն արևելքից՝ Ադրբեջանից, և կարմիր բանակի Երևանյան խմբավորումն արևմուտքից) 1921 թվականի հունիս-հուլիսին զարգացրին ռազմական գործողությունները Զանգեզուրի պաշտպանների դեմ։ Այնուամենայնիվ՝ հայ-ռուսական ուժերի հարաբերակցությունը չափազանց տարբեր էր՝ հօգուտ Ռուսաստանի։

12 հուլիսի 1921 թ.-ին տեղի ունեցավ Լեռնահայաստանի անկումը և Գարեգին Նժդեհի անցումը Պարսկաստան։ 1921 թ հուլիս 12-ին Հայաստանի Հանրապետության ազատ ու անկախ վերջին տարածքն ու միջնաբերդը` Լեռնահայաստանը ևս ընկավ ռուսական կարմիր բանակի տիրապետության տակ։

Հուլիսի կեսերին Գարեգին Նժդեհը փոքրաթիվ մասնակիցներով թողեց Սյունիքի և Հայաստանի սահմանները՝ հայտարարելով, որ եթե Սյունիքը չմնա Հայաստանին, ինքը կվերադառնա պայքարը շարունակելու համար։

Գրավիկ Բաբայանի բանաստեղծությունների աշխարհում

05.03.2026 11:50

Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումը որոշիչ դեր կխաղան Միջին միջանցքի ապագայի համար․ Վրաստանի ԱԳ նախարար

05.03.2026 11:36

Բորիկ Մինասյանը 70 տարեկան է․ շնորհավորում ենք

05.03.2026 11:23

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է․ հարգանք նրա հիշատակին

05.03.2026 10:39

Մինչև 300.000 դրամը չգերազանցող ակտը վարչական վերաքննիչ դատարանը չի քննի. Գալյան

04.03.2026 22:47

Իրանի նախագահը դիմել է հարևան ու բարեկամ երկրների ղեկավարներին

04.03.2026 22:33

Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության տակ վերցնել նոր տարածքներ․Արման Թաթոյան

04.03.2026 20:54

Ոչ բանտերը, ոչ էջերի սահմանափակումները, ի զորու չեն լռեցնել մեր ձայնը․ Նարեկ Կարապետյան

04.03.2026 19:09

Թաթոյանը արբանյակային լուսանկարներով փաստում է Վարդենիսի և Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական առաջխաղացումը․ Տաթևիկ Հայրապետյան

04.03.2026 18:32

Սյունիքյան մտահոգություններ, որոնց պատասխանն ակնկալում ենք ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից

04.03.2026 18:11

Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարացվեց

04.03.2026 16:52

Հունիսից մենք կառողջացնենք առողջապահական համակարգը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

04.03.2026 14:50