Հետհեղափոխական հանելուկ Քաջարանում. ինչպե՞ս եղավ, որ մեկ տարում 9 մլրդ կամ 18 մլրդ հարկ վճարող ընկերությունը 2018-ին վճարեց 41 մլրդ դրամ

23.02.2019 14:38
1218

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է հանրապետության 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը եւ նրանց կողմից 2018 թ. հարկային տարվա ընթացքում վճարած հարկերի չափը:

«Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերությունը, ըստ այդ փաստաթղթի, վճարել է 41,047 մլրդ դրամ:

Հրաշալի ցուցանիշ է, բայց…

Նույն ընկերությունը 2017-ին վճարել է 18, 670 մլրդ դրամ:

Նույն ընկերությունը 2016-ին վճարել է 9,121 մլրդ դրամ:

Եվ պարզագույն հարց է ծագում այդ թվերը համադրելիս՝ ինչպե՞ս եղավ, որ մեկ տարում ընկերությունը վճարեց 41 մլրդ դրամ:

Հարցը տեսականորեն կարող է ունենալ մի քանի պատճառաբանություն:

Օրինակ, հանքաքարի արդյունահանման ծավալների կտրուկ աճ 2018-ին կամ գունավոր  մետաղների գների շեշտակի բարձրացում 2018-ին կամ…

Արձանագրենք սակայն, որ 2018-ին հանքաքարի արդյունահանման ծավալների աճ Քաջարանում չի եղել:

Հանքաքարի արդյունահանման ծավալների աճ այնտեղ եղել է (ե՛ւ օրինական ճանապարհով, ե՛ւ ոչ օրինական ճանապարհով) 2014-ից սկսած:

Այսպես՝ դեռեւս 2007-ին էր ԶՊՄԿ-ին տրվել տարեկան մինչեւ 12,5 մլն տոննա հանքաքարի արդյունահանման իրավունք:

Մինչդեռ, ըստ Հայկական բնապահպանական ճակատի՝ 2014-16 թվականներին, շրջանցելով լիցենզիան, տարեկան արդյունահանվել է 17-19 մլն տոննա հանքաքար, ինչի վերաբերյալ ՀԲՃ-ն  տեղեկացրել է ՀՀ բնապահպանության նախարարությանը:

2016-ի դեկտեմբերին ԶՊՄԿ-ին տրվել է նոր լիցենզիա՝ տարեկան մինչեւ 22 մլն տոննա հանքաքար արդյունահանելու իրավունքով:

Մինչդեռ, ըստ ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Միքայել Մելքումյանի (տեսանյութն առայսօր շրջանառվում է համացանցում)՝ կոմբինատը կրկին շրջանցել է լիցենզիան եւ տարեկան արդյունահանել մինչեւ  40 մլն տոննա հանքաքար:

Հետագայում Քաջարանի ղեկավարները հայտարարեցին, թե դատարանում կվիճարկեն այդ թվի հավաստիությունը, բայց այդպես էլ 40 մլն-ի վարկածը ոչ ոք հիմնավորապես չհամարձակվեց հերքել:

Դատելով վերը շարադրվածից, Հայաստանում ոչ ոք չգիտի, թե Զանգեզուրի ՊՄԿ-ն իրականում տարեկան որքան հանքաքար է արդյունահանում: Եվ այդ ամենը՝ սկսած 2014-ից:

Դա նշանակում է նաեւ, որ հանքաքարի արդյունահանման ծավալի աճ կոմբինատում արձանագրվել է մինչեւ 2018 թվականը:

Դա նշանակում է նաեւ, որ 2018-ին պետությանը վճարված հարկերի մեծության նման կտրուկ աճի համար չէր կարող հիմք հանդիսանալ հանքաքարի արդյունահանման ծավալների փոփոխությունը:

Ինչպես նշեցինք, 2018-ին պետությանը վճարվող հարկերի  չափի նման կտրուկ փոփոխության համար կարող էր օբյեկտիվ պատճառ լինել նաեւ գունավոր մետաղների (հատկապես պղնձի եւ մոլիբդենի) գների  կտրուկ աճը միջազգային շուկայում:

Մինչդեռ, ինչպես ցույց են տալիս պղնձի եւ մոլիբդենի 2018 թ. բորսայական գները, այդ մետաղների գների աճ (վճարված հարկի մեծությանը համապատասխան) չի գրանցվել 2017-ի համեմատությամբ:

Ուրիշ ի՞նչ հանգամանքի արդյունքում կարող էր Քաջարանը մեկ տարում 23 մլրդ դրամով ավելացնել պետությանը վճարվող հարկերի մեծությունը:

Տեսականորեն կարող էր լինել մեկ այլ հանգամանք եւս. կոմբինատը նախորդ տարիներին (ելնելով շուկայական ոչ բարենպաստ պայմաններից) կուտակել է պղնձի եւ մոլիբդենի խտանյույթեր  ու դրանք իրացրել  2018-ին:

Մինչդեռ, պետական վիճակագրական տվյալներում եւ կոմբինատի եղած-չեղած հաշվետվություններում նման փաստարկի եւս չհանդիպեցինք:

Եվ ուրեմն՝ այդ ինչպե՞ս եղավ, որ մեկ տարում 9 մլրդ դրամ կամ 18 մլրդ դրամ հարկ վճարող ընկերությունը 2018-ին վճարեց 41 մլրդ դրամ:

Չէ, ի սեր Աստծո, մենք չենք ասում, որ 41 միլիարդը ստվերը մասամբ ջրի երես հանելու արդյունք է:

Բայց որպեսզի հայ հանրությունը հասկանա, թե ինչի արդյունքում Քաջարանը մեկ տարում ունեցավ պետությանը վճարված հարկերի նման աճ, պետք է հավատ ներշնչող  պարզաբանում տրվի երկրի պատկան մարմինների կողմից, ինչին եւ սպասում ենք:

Որպեսզի ընթերցողը լիովին ըմբռնի խնդրո առարկայի առանձնահատկությունները, հիշեցնենք, որ 2018 թ. հեղափոխական աշխարհացունց օրերին էր (ապրիլ-մայիս-հունիս ամիսներ), որ  Զանգեզուրի ՊՄԿ-ն միանգամից 20,5 մլրդ դրամով (նույն տարվա առաջին եռամսյակի համեմատությամբ) ավել հարկ վճարեց պետությանը:

Հետագայում այդ ցուցանիշը նորից իջավ եւ դարձավ մոտ 8 եւ 9 մլրդ դրամ մեկ եռամսյակում (խոսքը 2018 թ. երրորդ եւ չորրորդ եռամսյակների մասին է):

Նշված թվերը համադրելիս  նորանոր հարցեր են առաջանում. այդ ինչի՞ շնորհիվ էր, որ հեղափոխության օրերին շռնդալից (առաջին եռամսյակի համեմատությամբ 5 անգամ) բարձրացավ պետությանը վճարվող հարկերի ընդհանուր գումարը:

Այդ ինչի՞ հետեւանքով հետագայում՝ երրորդ եւ չորրորդ եռամսյակներում վճարվող հարկերի ցուցանիշը նորից վայրէջք ապրեց:

Որպեսզի կոմբինատի հարկային վարքագիծը  (2014-ից ի վեր) ավելի ամբողջանա, մեկ փաստարկ եւս:

Մաքսիմ Հակոբյանը 2007 թ. լիցենզիայով, երբ տարեկան արդյունահանվում էր մինչեւ 12,5 մլն տոննա հանքաքար, պետությանը տարեկան վճարում էր  մինչեւ 37 մլրդ դրամ (2013թ.), իսկ  2012-ին՝ 31,673 մլրդ դրամ:

2014-ին, երբ փոխվեց կոմբինատի ղեկավարությունը, կտրուկ փոփոխություններ եղան նաեւ կոմբինատի հարկային վարքագծում:

Օրինակ, 2016 թվականին կոմբինատը պետությանը վճարեց 9,121 մլրդ դրամ՝ նախորդ 2015-ից 18 մլրդ դրամ պակաս, 2013-ի համեմատ՝ 28 մլրդ դրամ  պակաս:

Ի՞նչն է զարմանալի. հարկերի չափի նման կտրուկ նահանջի համապատկերի վրա գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովին շնորհվեց  «Անանիա Շիրակացի» մեդալ, իսկ գլխավոր տնօրենի տեղակալ Վահե Ա. Հակոբյանը նշանակվեց  Սյունիքի մարզպետ:

Վերահաստատենք քիչ առաջ արված պնդումը՝ միգուցե այդ ամենը բնական եւ օրինաչափ զարգացումների՞ արդյունք է:

Այդ դեպքում ինչո՞ւ մանրամասն եւ հասկանալի  լեզվով հանրությանը  չներկայացնել,  թե ինչու եւ ինչպես 37 մլրդ դրամը դարձավ 9 մլրդ դրամ, իսկ 9 միլիարդը՝  41 միլիարդ:

Վերահաստատենք նախկինում քանիցս հնչած միտքը՝ նախորդ իշխանությունները տարբեր պատճառներով չէին կարող վերծանել քաջարանյան առեղծվածներից այդ մեկը եւս:

Նախկինները չկան այլեւս:

Հիմա նոր իշխանություն է, որն անգամ հանրակրթական դպրոցներում բացահայտվող մի քանի տասնյակ հազար դրամի չարաշահումների դեպքում քրեական հետապնդում  է իրականացնում:

Հետեւաբար՝ ակնկալում ենք, որ  Քաջարանի կոմբինատի 2014-18 թթ. հարկային վարքագիծը կվերծանվի ու կներկայացվի հանրությանը. դա կլինի հեղափոխության երրորդ  կոնկրետ քայլը Սյունիքում՝ 2018 թ. հունիսի 8-ի մարզպետափոխությունից եւ հանքերի իրական սեփականատերերին բացահայտելուն միտված օրինագիծը մշակելուց հետո:

Մի հիշեցում էլ մեր  վաղեմի բարեկամ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանում իրականացվող հեղափոխական գործընթացների անկեղծության բարոմետրը (եւ միակ բարոմետրը) Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հանդեպ նոր իշխանության վերաբերմունքն է. համենայնդեպս այդկերպ են մտածում տասնյակ հազարավոր սյունեցիներ:

Սամվել Ալեքսանյան

                                          

 

               

Ռոբերտ Ղուկասյանը մասնակցել է մարզում առաջին անգամ կազմակերպված «Սյունյաց թևեր» սպորտային-տեղեկատվական փառատոնին

03.11.2024 22:46

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում. տեսանյութ

03.11.2024 21:43

Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

03.11.2024 20:25

Ադրբեջանն ու Իրանը համատեղ զnրավարժnւթյnւններ են անցկացնում Կասպից ծովում

03.11.2024 13:26

Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա Կաթողիկոսի հետ. վերահաստատել է իր աջակցությունը Արցախի հայերին

03.11.2024 11:59

Մեր բոլոր կարողություններն ի սպաս դնենք Արցախի հայության իրավունքների պաշտպանությանը

03.11.2024 00:35

Իրանի ազգային անվտանգության խորհուրդը որոշել է պատասխանել Իսրայելին

02.11.2024 22:20

Կաղնուտի հիմնախնդիրները՝ պատգամավորի ուշադրության կենտրոնում

02.11.2024 20:16

Նոյեմբերի 3-ին տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում

02.11.2024 17:35

ՃՏՊ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին․ կան տուժածներ

02.11.2024 15:19

Իրանը լուրջ հարված կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին. Իրանի հոգևոր առաջնորդ

02.11.2024 14:46

Դեկտեմբերի 1-ից կգործի Վաղատուրի նախակրթարանը

02.11.2024 12:57