Կապանը տոնեց քաղաքի կարգավիճակ ստանալու 79-րդ տարեդարձը

23.10.2017 17:00
1809

Հոկտեմբերի 21-ին Կապանը տոնեց քաղաքի կարգավիճակ ստանալու 79-րդ տարեդարձը: Տոնական օրը նշանավորվեց կապանցի Սիմոնյանների ընտանիքում ապրիլին ծնված եռյակի մկրտությամբ, մարզական եւ մշակութային տարբեր միջոցառումներով:


Օրվա մեկնարկը տրվեց Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում փոքրիկ Սերյոժայի, Կարմելայի եւ Սառայի մկրտությամբ (կնքահայր՝ Կապան համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյան): Արարողությունից հետո եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը, շնորհավորելով տոնի առթիվ, օրհնության խոսք հղեց ներկաներին:


Բաղաբուրջի եւ Գարեգին Նժդեհի հուշահամալիրներում ծաղկադրում կատարվեց՝ ի հիշատակ մեր ինքնությունը պահպանած, անկախությունը կերտած հայորդիների: Բաղաբուրջի  հուշահամալիրում «Երկրապահ կամավորականների միություն» վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից ՀՀ անկախության 26-ամյակի եւ «Կապանի օր» տոնի առթիվ ԵԿՄ մեդալներ հանձնվեցին համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանին, մի շարք այլ անձանց, պատանի երկրապահներին, վերջիններիցս ոմանց էլ՝ պատվոգրեր:


Ավանդական դարձած կրոսավազքի եւ հեծանվավազքի մրցումներին մեծ ոգեւորությամբ էին սպասում հատկապես դպրոցահասակ երեխաները: Ողջունելի էր նրանց կազմում ավելի մեծահասակների մասնակցությունը: 150 հոգի կրոսավազքում, 100 հոգի հեծանվավազքում չափեցին իրենց ուժերը, արդյունքում բոլոր 250 հոգին էլ «Վորլդ վիժն» տարածքային զարգացման ծրագրի կողմից արժանացան նվերների: Մրցույթում աղջիկների եւ տղաների խմբերում 1-ին, 2-րդ եւ 3-րդ մրցանակային տեղ զբաղեցրած մասնակիցները համայնքապետարանից ստացան հավաստագրեր եւ մարզահագուստ, իսկ հեծանվավազքում 1-ին տեղ զբաղեցրածները՝ նաեւ հեծանիվ:


Աշոտ Հայրապետյանը քաղաքի տարեցների հետ կտրեց ավանդական տորթը, որը պատրաստել էր քաղաքապետին կից երիտասարդական խորհուրդը: Այն բաժանվեց ներկաներին, տարբեր թաղամասերում եւ հատուկ կարիքներով ու սոցիալական ուղղվածությամբ կրթական եւ այլ հաստատությունների շահառուներին:


Տոնական օրվա երկրորդ կեսը նշանավորվեց ՀՀ ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցի հուշատախտակի բացմամբ, Կապանի արվեստի մանկական դպրոցի նորամուտով, Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճի ճեմասրահում Շ.Մովսիսյանի անվան պատմության թանգարանի պատրաստած «Հին ու նոր Կապան» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցադրությամբ, տոնական համերգով, իսկ երեկոն՝ հրավառությամբ:


Թումանյան 18 հասցեում գտնվող շենքում, որտեղ 1959-62թթ. ապրել է բոլորիս շատ սիրելի դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցը, բացվեց նրա հուշատախտակը (հեղինակ՝ Լորիկ Մինասյան): Բացմանը ելույթի խոսքով հանդես եկան Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գաբրիելյանը, բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանը, Կապանի պատվավոր քաղաքացի Սվետլանա Գեւորգյանը, թատրոնի տնօրեն Կամո Արզումանյանը, համայնքապետ Աշոտ Հայրապետյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանը: Վերջինս նախ շնորհակալություն հայտնեց Կապանի քաղաքապետարանի այս նախաձեռնությունն իրականություն դարձնելու համար: Նա իր խոսքում մասնավորապես նշեց. «Մեր սերունդը բախտավոր է՝ ի դեմս Գալյայի, եթե ուրիշ ոչինչ չլինի, բավական է ասել՝ դերասանուհի, ով նկարահանվել է Մհեր Մկրտչյանի, Սոս Սարգսյանի, Խորեն Աբրահամյանի, Արմեն Ջիգարխանյանի հետ: Հիմա, դժբախտաբար, գրեթե բոլոր թատրոններում չենք կարող մատնացույց անել մեկին, թե ինչպես է քայլում, ինչպես է ծխում, ինչպես է փռշտում… Դժբախտաբար, հիմա մի քիչ ամայության շրջան է թատրոններում, բայց, վստահ եմ, որ հայ մայրերի արգանդը չի չորացել, կգա ժամանակ, որ նորից հայ թատրոնը կծնի մեծեր»: Հուշատախտակի բացման պատիվը տրվեց Գալյա Նովենցի եւ Երվանդ Ղազանչյանի թոռնուհուն՝ Մարիամին, ով նույնպես դերասանուհի է, եւ ծոռնուհուն՝ Նարեին:


Տոնակատարության հաջորդ կանգառը հիմնանորոգված Կապանի արվեստի մանկական դպրոցն էր, որտեղ հյուրերին պարային համարով ողջունեցին դպրոցի դասատուներն ու սաները: Դրանից հետո դպրոցի տնօրեն Մարինա Նահապետյանն իր խոսքով շնորհակալություն հայտնեց Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին, Կապանի համայնքապետարանին, «Նորոգշին» ՍՊԸ-ին, բոլոր այն մարդկանց, ովքեր նպաստեցին դպրոցի հիմնանորոգման աշխատանքներին, ուսուցիչներին ու սաներին: Նա նշեց, որ դպրոցն իր աշխատանքները կսկսի իրականացնել նորովի, այն հավատով, որ «կրթության որակը բարձրացնելու ենք եւս մի քանի աստիճան, ու մեր աշակերտները նոր եռանդով շարունակելու են փայլել հանրապետական եւ միջազգային հարթակներում»: Շնորհավորանքի խոսքով հանդես եկան Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հաստատությունների օժանդակության վարչության պետ Արամ Գրիգորյանը, Սվետլանա Գեւորգյանը, Աշոտ Հայրապետյանը, իսկ կարմիր ժապավենը կտրեցին դպրոցի երկարամյա տնօրեն Սեյրան Գրիգորյանը, Արամ Գրիգորյանը եւ Մարինա Նահապետյանը: Շրջելով վերանորոգված դպրոցում, ծանոթանալով կատարված աշխատանքներին՝ ներկաները դահլիճում հնարավորություն ունեցան վայելել ուսուցիչների մասնակցությամբ ցերեկույթի հաճելի ակնթարթները: Շնորհավորանքի խոսք ասաց նաեւ բանաստեղծուհի Մարի Առաքելյանը՝ ներկայացնելով Կապանին նվիրված եւս մեկ ստեղծագործություն:  


Մինչ Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճ մտնելը միջոցառման ներկաները ճեմասրահում հնարավորություն ունին լուսանկարների միջոցով տեսնել հին ու նոր Կապանը:


«Երկրիս քարե սրտում քաղաք» խորագրով տոնական համերգի ընթացքում շնորհավորական ուղերձներ հնչեցրին Կապանի համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանը, բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանը, Երվանդ եւ Հակոբ Ղազանչյանները: ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը փոխանցեց ԵԿՄ վարչության անդամ Վարդան Պետրոսյանը, օրհնության խոսք հնչեցրեց Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգեւոր հովիվ, արժանապատիվ տեր Վահան քահանա Հեբոյանը:  Ի դեպ, թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը թատերական գործիչների միության նախագծերին, մասնավորապես «Թատերական Սյունիք-2017» փառատոնին աջակցություն ցուցաբերելու համար ոսկե մեդալով պարգեւատրեց Կապանի համայնքապետ Աշոտ Հայրապետյանին:


Պաշտոնական ելույթներին հաջորդեց տոնական համերգը՝ մշակույթի կենտրոնի պարային համույթների եւ անհատ կատարողների երաժշտական համարներով, որոնցից որոշները հնչում էին առաջին անգամ:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50

Բաքուն կրկնում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է

04.08.2026 12:37

Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք

04.08.2026 12:34

Բարձրակարգ բուժսպասարկում՝ գյուղական համայնքներում

04.08.2026 11:51

Վարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին

04.08.2026 11:24

Մեկնարկել է Սյունիքի մարզի տղամարդկանց շախմատի 26-րդ առաջնությունը

04.08.2026 11:13

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58