Կորուսյալ հերոսը

11.12.2015 16:09
1563

Խորհրդային Միության հերոսների ցանկում, որոնց սխրանքը կապված է Գոմելշչինայի հետ, այդ մարդու անունը նախկինում չէր հիշատակվում: Այնպես էին դասավորվել պատերազմի հանգամանքները, որ իր վերջին թռիչքը կատարելով բելառուսական Լոեւից, կապիտան Սամսոն Մկրտումյանն իր ինքնաթիռն իջեցրեց ուկրաինական Նովոնիկոլաեւկա ավանում:


Երկինքը Դնեպրի վրա

1943 թվական: Լոեւ: Երկու շաբաթ առաջ Դնեպրի ջուրը եռում էր գնդակներից եւ արկերից, իսկ բարձրադիր աջ ափին դաժանագույն մարտեր էին ծավալվել: Այդ հատվածում Բելառուսական ռազմաճակատի զորքերը հանկարծակի առաջ նետումով անցան Դնեպրը եւ հաղթահարելով թշնամու համառ դիմադրությունը, սկսեցին գրոհը զարգացնել դեպի Ռեչիցա եւ Գոմել: Գետանցման վրա օդային տարածությունը պահպանում էին խորհրդային 16-րդ ավիացիոն բանակի կործանիչները: Կործանիչները եւ «Իլ-2» ահեղ գրոհային ինքնաթիռներն օդից խորտակիչ հարվածներ էին հասցնում թշնամու դիրքերին, որի տանկերն ու հետեւակը փորձում էին հակահարձակման անցնել: Բայց եւ Կարմիր բանակն այստեղ ծանր կորուստներ ունեցավ: Գրոհայինների խմբի առջեւից գնում էին հրամանատարները, կոմունիստները, Խորհրդային Միության հերոսները: Խիզախության համար հերոսի Ոսկե աստղով պարգեւատրված 40 սպա ու զինվոր հավերժ ննջում են լոեւյան հողում:

1943 թվականի նոյեմբերի 1-ին Լոեւի մոտ գտնվող դաշտային օդանավակայանից օդ բարձրացավ հերթական գրոհայինը՝ իրանի վրա կարմիր աստղեր: Նրա օդաչուն, ում համազգեստի վրա ոսկե մեդալ էր, Խորհրդային Մության հերոս, կապիտան Սամսոն Մկրտումյանն էր: Օդաչուի թիկունքում ճակատային դժվարին ուղի էր ընկած, Հյուսիսային Կովկասի լեռների եւ ուկրաինական տափաստանների վրա մղված կատաղի մարտեր: Իսկ առաջին անգամ նա օդ բարձրացավ տասը տարի առաջ Ստալինգրադում…

Կոմերիտականներ են, կամավորներ

Սամսոնը ծնվել է 1910 թվականին Զանգեզուրի Բռնակոթ գյուղում: Հողի սակավությունը ճնշում էր մինչհեղափոխական Հայաստանի գյուղացիական ընտանիքների կյանքը, այնպես, ինչպես ծանր ժայռերն անդրկովկասյան պտղաբեր հովիտներին: Շուտով սկսվեց իմպերիալիստական պատերազմը: Իսկ դրա հետ մեկտեղ ռուսահայաստանում երեւացին գաղթականներ, նրանք, ում բախտ էր վիճակվել փրկվել հայոց ահավոր ցեղասպանությունից, որ օսմանյան կայսրությունում կազմակերպել էին երիտթուրքերի ազգայնական հանցախմբերը, ոստիկանությունն ու բանակը: Այդ ժամանակ ոչ ոք չգիտեր, որ դա ազգային հողի վրա կազմակերպված՝ 20-րդ դարի առաջին զանգվածային սպանդն է եւ պիտի նախորդեր նացիստական ու այլ ցեղասպանություններին, որոնցով այնքան հարուստ էր 20-րդ դարը:

Մանկական տարիներից Սամսոնը ստիպված էր իր եւ ընտանիքի համար հաց վաստակել բատրակական ոչ դյուրին աշխատանքով: Խորհրդային Հայաստանում երիտասարդության առջեւ նոր հեռանկարներ էին բացվել, եւ Սամսոնն ավարտեց գյուղական դպրոցը, իսկ հետո ընդունվեց երկաթուղային տեխնիկում: Նա՝ ակտիվ կոմերիտականը, դարձավ կոմունիստական երիտասարդական կազմակերպության քարտուղար: 20-ականների կոմերիտմիությունը հազիվ թե նման էր իր ավելի բյուրոկրատական-ձեւական ուշ տեսակին: Երիտասարդական բջիջներում եռում էին կյանքն ու էներգիան, կատաղի, ինչպես ջրերը կովկասյան լեռնային գետերում… Իմիջիայլոց այդ հակասական ժամանակներն ունեին իրականության այլ կողմ. հայկական ազգային դաշնակների դեմ արշավը սահուն կերպով վերաճեց պայքարի «Միջազգային տրոցկիզմի դեմ» եւ այդպես շարունակ: 1928թ. Սամսոն Մկրտումյանը տեղափոխվեց Բաքու, որտեղ նրա եղբայրն էր ապրում: Այստեղ Սամսոնն աշխատում էր նավթարդյունաբերությունում: Բաքուն ինտերնացիոնալ քաղաք էր, ինչպես եւ նավթագործների կազմը: Նոբելի նախկին ձեռնարկություններում համերաշխ աշխատում էին հայերը, ռուսները, ադրբեջանցիները, նույնիսկ ծագումով իրանցիներ: Իսկ ահա վերջերս ցարական ոստիկանությունը եւ կիսաֆեոդալական վերնախավն այստեղ ազգամիջյան ջարդեր էին կազմակերպում: Մկրտումյանն ընտրվում է նավթարդյունաբերության կոմերիտմիության կոմիտեի քարտուղար, իսկ հետո Բաքվի ԼԿԵՄ շրջկոմի քարտուղար:

1933 թվական… Գերմանիայում իշխանության եկավ Ադոլֆ Հիտլերի նացիոնալ-սոցիալիստական կուսակցությունը: Ամենուր ֆաշիստամետ խմբավորումներն սկսում են նետվել իշխանության, Հայաստանի հարեւան Թուրքիայից մինչեւ հեռավոր Մերձբալթիկա: Պատերազմը մոտենում է ԽՍՀՄ-ի սահմաններին, եւ հազարավոր երիտասարդներ կամավոր մեկնում են ամրապնդելու Կարմիր բանակը: 1933-ին Սամսոնն ընդունվում է Ստալինգրադի զինվորական ավիացիոն օդաչուական դպրոցը, որն ավարտում է երկու տարի անց: Նրա ուսադիրներին արդեն շողշողում են կրտսեր լեյտենանտի աստղերը: Սակայն կարմիր օդային նավատորմը վերազինվում էր նոր մարտական մեքենաներով, 1935 թվականին Մկրտումյանը նորից դառնում է կուրսանտ, այս անգամ Բորիսոգլեբսկու ավիացիոն օդաչուական դպրոցում, որտեղ սովորեցնում են բարձրագույն պիլոստաժի վարժություններ: Երկրի ամենահնագույն օդաչուական ուսումնարաններից մեկում մշակված «տակառները», «մահվան օղակները» կտրուկ շրջադարձերը (վիրաժ) եւ խոյընթացները ոչ մեկ անգամ հետագայում Սամսոնին պետք եկան ռազմաճակատում: 1936 թվականից նա շարային օդաչու էր: 1939-1940 թվականներին նա մասնակցեց խորհրդաֆիննական պատերազմին: Խորհրդային ռմբակոծիչները հզոր բետոնաջարդ ռումբերով օգնեցին կոտրել «Մաներհեյմյան գիծը»:

«Չէ՞ որ դրանք մեր սարերն են… »

Նացիստական Գերմանիայի՝ Խորհրդային Միության վրա հարձակվելու նախօրեին 138-րդ արագընթաց ռմբակոծիչ ավիագունդը, որում Սամսոն Մկրտումյանը ծառայում էր որպես էսկադրիլիայի հրամանատարի քաղգծով տեղակալ, կանգնած էր Բելի Ցերկովում: Պատերազմի առաջին օրերից օդաչուներն արագընթաց ռմբակոծիչներով ռմբահարում էին վերմախտի հարձակման անցած շարասյուները՝ ջանալով կանգնեցնել նրանց առաջխաղացումը դեպի արեւելք: Եվ չնայած 1941 թվականի ամռանը կրած մեր ծանր պարտություններին եւ կորուստներին՝ գերմանական կայծակնային պատերազմը, այնուամենայնիվ, ձախողվեց: Իրենց հիանալի դրսեւորելով Իսպանիայի դեմ պատերազմում՝ արագընթաց ռմբակոծիչները, որ արագությամբ գերազանցում էին շատ կործանիչների, Հայրենական պատերազմի սկզբում արդեն հնացել էին: Զրկված լինելով հուսալի զրահից եւ արդյունավետ պաշտպանական սպառազինությունից, արագընթաց ռմբակոծիչները հաճախ խոցվում էին զենիթային կրակից եւ գերմանական նոր Մ109 կործանիչներից: Սակայն շուտով Մկրտումյանի զորամասը վերազինվեց «Իլ-2» հզոր գրոհային ինքնաթիռներով եւ վերանվանվեց 805-րդ գրոհային ավիագունդ:

1942թ. աշուն, Գրոզնու երկինքը: Մկրտումյանը գրոհայինների «ութնյակով» նկատում է «յունկերսների» խմբին: Վառելիքը սպառվում էր, բայց կապիտանն առանց տատանվելու հրաման է արձակում. «Գրոհել»: Գերմանական երկու գիշակեր թռչունները խփված են եւ քարի պես ընկնում են՝ իրենց հետեւից թողնելով սեւ, խիտ ծխի զանգված: Մյուս «յունկերսները» ցրվում են: 1942թ. նոյեմբերի 6-ին էսկադրիլիան թռչում է՝ գրոհելու գերմանական տանկերի վրա Գիզել աուլի շրջանում: Բայց այդտեղ էսկադրիլիայի վրա հարձակվում են գերմանական վեց մեսսերներ: Մկրտումյանը հրաման է տալիս ողջ անձնակազմին հեռանալ, իսկ ինքը մնաց՝ նրանց առաջը փակելու: Հմուտ օդաչուի ձեռքերում ինքնաթիռը վերածվում է մանրեւող կործանիչի: Բայց գերմանացիները շատ էին, իսկ մեսսերներից մեկն աստիճանաբար մոտենում է: Սամսոնն արագ մանեւրում է՝ հեռանալով թշնամու գրոհի գծից: Իսկ ահա խորհրդային գրոհայինի կրակահերթը խփում է «ֆրիցին»: «Մեսսերշմիտ»-ը ընկնում է, սակայն մյուս գերմանական կործանիչները կրակով հարվածում են խորհրդային կործանիչին: Թշնամու գնդակները դիպչում են Մկրտումյանի գլխին եւ թիկունքին: Արյունով լցվում է դեմքը, աջ ձեռքը չի շարժվում: Բայց խորհրդային օդաչուն չի հանձնվում, վերջին ուժերով նա ինքնաթիռը ղեկավարում է՝ գնալով դեպի վայրէջք: Ներքեւում ժայռեր են, բայց չէ՞ որ հայ օդաչուն ծնվել է սարերում… Աչքերում ամեն ինչ պղտորվում է արյան կորստից, սակայն Մկրտումյանը գտնում է մի հրապարակ լեռան կողքին եւ այնտեղ իջեցնում իր «իլյուշինը»: Դուրս գալով խցիկից՝ սողում է մի կողմի վրա: Ինքնաթիռը պայթում է: Սամսոն Մկրտումյանն ինքնագիտակցության է գալիս հոսպիտալի հիվանդասենյակում: Բժիշկները վեց վերք են հաշվում նրա մարմնի վրա:

1942թ. դեկտեմբերի 13-ին կապիտան Մկրտումյանին շնորհվում է Խորհրդային Միության հերոսի կոչում:

Վերջին թռիչքը

Բուժվելուց հետո խիզախ օդաչուին գործուղում են Մոսկվա ուսման, ռազմաճակատ նա վերադառնում է արդեն որպես գրոհային ավիացիայի գնդի հրամանատարի տեղակալ: Ծանր մարտեր եղան Կրասնոդարի, Նովոռոսիյսկի, Խարկովի, Չերկասիի, Կիեւի երկնքում: Սամսոնի հաշվին 219 մարտական թռիչք էր, որոնց ընթացքում ոչնչացվել են թշնամու տասը ինքնաթիռ եւ 140 տանկ, հարյուրավոր ավտոմեքենաներ եւ հակառակորդի բազում կենդանի ուժեր:

Եվ ահա 1943 թվականի նոյեմբերի 1-ին «Իլ-2»-ը, որ ղեկավարում էր կապիտան Սամսոն Մկրտումյանը, մեկնարկեց Դնեպրի բելառուսական ափից: Բայց տուն այլեւս չվերադարձավ…

Միայն վերջերս հնարավոր եղավ պարզել այդ թռիչքի մի քանի հանգամանքներ: Ականատեսների պատմածով՝ նոյեմբերի 1-ին Նովոնիկոլաեւկայի վրա, որ գտնվում է Դնեպրոպետրովսկի մարզի Վերխնեդնեպրովսկյան շրջանում, խուզող թռիչքով հայտնվեց խորհրդային ինքնաթիռ: Անվստահորեն տարուբերվելով՝ ինքնաթիռն իջավ ավանի ծայրամասում: Երբ խցիկը բացեցին, օդաչուն արդեն մահացած էր: Ինքնաթիռը խոցված էր տարբեր տեղերից, պտուտակի մի թեւը կտրված էր: Զոհվածի արտահագուստի գրպանից հանեցին թռիչքային ժետոնը՝ կապիտան Սամսոն Մովսեսի Մկրտումյան, Խորհրդային Միության հերոս: Շուտով տեղ հասած ներքժողկոմատի սպան տեղեկանք պատրաստեց իր ղեկավարության համար: Իսկ զոհված օդաչուին հուղարկավորեցին եղբայրական գերեզմանում՝ կարմիրբանակայինների հետ, ովքեր դրանից առաջ զոհվել էին Նովոնիկոլաեւկայի ազատագրության համար…

Սակայն Խորհրդային Միության հերոս Սամսոն Մկրտումյանի վերջին թռիչքի բոլոր հանգամանքները դեռեւս պարզված չեն: Պարզ չէ անգամ, թե ինչու է նա հայտնվել իր թռչելու վայրից՝ Դնեպրոպետրովսկի մարզից, այդքան հեռու, Լոեւից 500 կմ-ի վրա: «Իլ-2»-ի թռիչքի հեռավորությունը հնարավորություն էր տալիս կատարել ու նման չվերթեր իրականացնել, բայց միայն մի ուղղությամբ: Հայտնի չէ նաեւ, թե ինչ առաջադրանքով կապիտան Մկրտումյանն օդ բարձրացավ Լոյեւից 1943 թվականի նոյեմբերի 1-ին: Հնարավոր է, նա պետք է որեւէ հաղորդագրություն փոխանցեր Ուկրաինական ռազմաճակատի որեւէ շտաբի: Կամ, ընդհակառակը, որեւէ սպայի կամ գեներալի հասցրել էր Բելառուսական ռազմաճակատ եւ հետ էր վերադառնում իր չորրորդ ավիացիոն բանակը: Մկրտումյանի ինքնաթիռի խցիկում հրաձիգ չկար, հնարավոր է, այդ պատճառով փորձառու օդաչուն խոցվեց: Ինչպե՞ս կարող է գրոհայինի պտուտակի մի թեւը կոտրված Խորհրդային Միության հերոսը մտնել իր վերջին մարտի մեջ եւ կատարել խոյահարում, դրանք առայժմ բոլորը ենթադրություններ են:

Անվիճարկելի փաստ է այն, որ Կարմիր բանակի կապիտան, Խորհրդային Միության հերոս, Հայաստանում ծնված Սամսոն Մկրտումյանն իր կյանքը տվել է Բելառուսիայի ազատագրության համար: Խորհրդային Միության հերոս, գոմելցի Եվգենի Բիրբրաերը հանգչում է Բորոդաեւկա գյուղի, նույն այդ Վերխնեդնեպրովսկի շրջանում գտնվող, եղբայրական գերեզմանում եւ զոհվել է Ուկրաինայի ազատագրության մարտերում: Թուրքական լծից Հայաստանի եւ Բուլղարիայի ազատագրության համար 1877-1878թթ. պատերազմում ընկած ռուսական բանակի զինվորների անունները դրոշմված են 160-րդ աբխազական հետեւակային գնդի զոհվածների բրոնզաձույլ պատին, որ Գոմելում է գտնվում:

Ազատության համար համատեղ պայքարում թափված արյունն ամրացնում էր Խորհրդային Միության ժողովուրդների բարեկամությունը: Եվ եթե ինչ-որ մեկի մեջ այսօր ցանկություն առաջանա երկպառակություն սերմանել մեր մեջ, ընկած հերոսները եւ նրանց պայծառ հիշատակը կկանգնեն նրա ճանապարհին:

Հ.Գ.
Խորհրդային Միության հերոս, կապիտան Սամսոն Մկրտումյանի զոհվելու հանգամանքները հնարավոր եղավ պարզել Հայաստանի եւ Բելառուսի պատմաբաններ եւ հասարակական գործիչներ Արմեն Խեչոյանի, Կլիմենտ Հարությունյանի եւ Սերգեյ Կրաուլեի ջանքերի շնորհիվ:

ՅՈւՐԻ ԳԼՈւՇԱԿՈՎ

Ռուսերենից թարգմանությունը՝ Վահրամ Օրբելյանի
«Վեչերնի գոմել», 28 հոկտեմբերի 2015թ.

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25