Կրթօջախը նախապատրաստվում է հոբելյանին, իսկ սերնդափոխության խնդիրը սուր է դրված

01.10.2014 18:46
2426

Կապանի արվեստի պետական քոլեջում ավանդույթ է ձեւավորվել. նոր ուստարվա անդրանիկ օրը` սեպտեմբերի 1-ին, առաջին կուրսեցիները կնքվում են Կապանի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում (իհարկե, ովքեր մինչ այդ չեն կնքվել): Այս անգամ կնքահայրը Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն էր, ով էլ արարողությունից հետո շնորհավորեց առաջին կուրսեցիներին եւ հաջողություններ մաղթեց: Այս ուստարում կրթօջախ ընդունվեց 37 դիմորդ` երկուական հոգի «Փողային գործիքներ», «ժողովրդական գործիքներ», «Երգեցողություն», «Երգչախմբավարություն», երեք դիմորդ` «Դերասանական արվեստ», վեցը` «Պարարվեստ», քսանը` «Դիզայն» մասնագիտացումների գծով: Դիմորդ չլինելու պատճառով ընդունելության քննություններ չեն կայացել «Դաշնամուր» եւ «Լարային գործիքներ» մասնագիտությունների գծով: Ընդ որում` դաշնամուրը բրենդային մասնագիտություն է կրթօջախի համար: Պատահել է, որ այդ մասնագիտացման գծով կրթօջախը մի ուստարում քսանից ավելի շրջանավարտ է տվել: Ինչպես ասում են` առատ նյութ խորհրդածության համար: Նորաթուխ ուսանողներին հաջողություններ ցանկանալով քառամյա ուսումնառության ընթացքում` տեսնենք, թե ինչ հաջողություններ են գրանցվել նոր մասնագետների պատրաստման գործում:

2013-14 ուստարում քոլեջն ունեցավ 27 շրջանավարտ (համեմատության համար ասենք, որ անցյալ ուստարում 29 ուսանող ավարտեց կրթօջախը, առավելապես «Դիզայն» (9) եւ «Փողային գործիքներ» (5) մասնագիտությունների գծով: Ինչպես նշեց քոլեջի տնօրեն Լիաննա Հակոբյանը, իր պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ ունեցան շրջանավարտ «Երաժշտության տեսություն» մասնագիտության գծով (Տիգրան Գեւորգյան, դասախոս` Լեւոն Գեւորգյան): Տեւական ընդմիջումից հետո քոլեջը շրջանավարտներ ունեցավ նաեւ «Լարային գործիքներ» մասնագիտացման ջութակի դասարանում, ովքեր այս տարի ընդունվել են Երեւանի պետական կոնսերվատորիա: Ուսումնական տարում առաջին շրջանավարտները եղան նորաբաց «Պարարվեստ» մասնագիտության գծով: Ինչպես ակներեւ դարձավ տնօրենի հետ մեր զրույցից, կրթօջախում սովորողների սերնդափոխության խնդիրը սուր է դրված: Այժմ քոլեջում մեկական թավջութակահար եւ ջութակահար է սովորում: Հուսադրողն այն է, որ քոլեջի շրջանավարտներից լավագույններն ուսումը շարունակում են բուհերում, այդ թվում` 2013-14 ուստարվա քսանյոթ շրջանավարտից` չորսը: Տխրեցնողն այն է, որ որոշ օժտված շրջանավարտներ, ովքեր սոցիալապես անապահով ընտանիքներից են, հնարավորություն չեն ունենում բարձրագույն կրթություն ստանալ, եւ այդպիսի օրինակները քիչ չեն: Բացի այդ էլ կարծես մարել է հետաքրքրությունը դասական երաժշտության եւ ժողովրդական գործիքների հանդեպ:

Պետական որակավորման հանձնաժողովների նախագահներն էլ, ամեն տարի մասնակցելով ավարտական քննություններին, դրանց արդյունքների մասին հաշվետվություններում արձանագրում են տխուր փաստը, որ տարեցտարի նվազում է քոլեջի դիմորդների թիվը: Բացի դրանից` նեղանում է նաեւ նրանց աշխարհագրությունը, հիմնականում Կապանից, Քաջարանից եւ դրանց մերձակա գյուղերից են: Երաժշտական մասնագիտությունների գծով դիմորդների սակավությունը քոլեջում բացատրում են մարզում եւ Կապանում դասական երաժշտարվեստի միջավայրի բացակայությամբ, մարզային փառատոներ ու մրցույթներ չկազմակերպելով (որտեղ ի հայտ են գալիս շնորհալի պատանիներն ու աղջիկները), մասնագիտական դպրոցների, ծնողների կողմից լավագույն շրջանավարտների կողմնորոշման պակասի, ինչպես նաեւ քոլեջի շրջանավարտների աշխատատեղերի հիմնախնդրով: Դա նաեւ այսօրվա կրթող մասնագետ-ուսուցչի նկատմամբ պետության հոգածության պակասի, մասնավորապես, աշխատանքի ցածր վարձատրության հետեւանք է: «Երաժշտական եւ արվեստի դպրոցները քոլեջին դիմորդներով պետք է ապահովեն, մենք էլ իրենց դասավանդող կադրերով, երկկողմանի կապը միշտ պիտի գործի: Մասնագիտական դպրոցներում եւ քոլեջում աշխատող դասատուներն ու դասախոսները հիրավի մեծ նվիրյալներ են, իրենց գործի էնտուզիաստներ, – ասում է Լիաննա Հակոբյանը եւ հավելում, – գեղեցիկի մի ամրոց է Կապանի արվեստի պետական քոլեջը, որ կարիք ունի սիրո, փայփայանքի եւ հոգածության»:

Պրոպագանդելով դասական երաժշտություն

Պահպանելով տարիներ ի վեր ձեւավորված բարի ավանդույթը՝ այս տարի եւս արվեստի պետական քոլեջը սյունեցուն հասանելի դարձրեց դասական երաժշտարվեստը եւ գեղարվեստը՝ կազմակերպելով համերգներ եւ ցուցահանդեսներ: Դրանք իրականացվում են ուսումնական ողջ տարվա ընթացքում, բայց մայիս-հունիսին ավելի հաճախադեպ են լինում: Ըստ տնօրեն Լիաննա Հակոբյանի` Կապանում պակասում է մշակութային միջավայրը, եւ բացը լրացնելուն են միտված այդ միջոցառումները: Բացի դրանից` Կապանը, ինչպես կարծիք հայտնեց մեր զրուցակիցը, հրամայական պահանջ ունի ցուցասրահ ունենալ, որտեղ անհատական ցուցահանդեսներ կկազմակերպվեն, թե չէ, ասենք, կապանցի գեղանկարիչների աշխատանքներին ծանոթացնելու համար քոլեջի սովորողներին տանում են նրանց արվեստանոցներ:

Հունիսին քոլեջի երգեհոնային դահլիճում դասական երաժշտության համերգների շարք կայացավ: Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Կապանի արվեստի պետական քոլեջի համագործակցությամբ տեղի է ունեցել կոնսերվատորիայի պրոֆեսոր Սերգեյ Քեչեկի դասարանի ուսանողների՝ Անուշ Բաբալարյանի (Կապանի արվեստի պետական քոլեջի շրջանավարտ), Ադրինե Կարասեֆերյանի, Դավիթ Բախշիյանի եւ քոլեջի սովորողների՝ միջազգային մրցույթի դափնեկիր Մերի Պետրոսյանի, նույն մրցույթի դիպլոմակիր Արկադի Անդրեասյանի դաշնամուրային երաժշտության համատեղ համերգը, որը համընկավ Արամ Խաչատրյանի ծննդյան օրվան եւ նվիրվեց մեծանուն կոմպոզիտորի հիշատակին: Հունիսի 10-ին քոլեջի երգեհոնային դահլիճի բեմահարթակը տրամադրվել էր ՀՀ կոմպոզիտորների միության երիտասարդ կոմպոզիտորներին: Ի շարս այլ կատարումների՝ ելույթ ունեցավ Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանը, ով դասական ստեղծագործություններ հնչեցրեց կապանցիներին մինչ այդ անհայտ գործիքով՝ տերմեն-վոքսով (երաժշտությունը հնչում է առանց գործիքին հպվելու, ձեռքերի շարժումներով): Հունիսի 17-ին քոլեջի երգեհոնային դահլիճում ուսումնական տարվա ձեռքբերումներն ամփոփեց հաշվետու համերգ-ցուցահանդեսը: Վերջինում ներկայացված էին կրթօջախի գեղարվեստի մասնագիտությունների ուսանողների աշխատանքները: Դաշնամուրային երաժշտության եւս մի համերգ կայացավ հունիսի 20-ին արվեստի պետական քոլեջի երկրորդ կուրսի ուսանող Արկադի Անդրեասյանի եւ դասախոս Լիաննա Ստեփանյանի մասնակցությամբ: Նախատեսված էր նաեւ Կոմիտասի անվան լարային քառյակի համերգը, բայց այն չկայացավ հովանավորների բացակայության պատճառով: Ինչպես կարելի է նկատել, դասական երաժշտության պրոպագանդմանը միտված համերգներն այս անգամ կայացել են հիմնականում կրթօջախի դասախոսների եւ սովորողների ուժերով: Անսանք Լիաննա Հակոբյանի խոսքին. «Կարծում եմ դասական երաժշտության պրոպագանդման գործը քոլեջում ստացվում է: Ինչպե՞ս: Մեքենա ենք գտնում, մեկնում համերգների: Իսկ Կապանում դասական երաժշտության համերգներ կազմակերպվում են միայն աշնանը եւ գարնանը: Ցավում եմ, որ մեր դահլիճը եւ ուսումնական մասնաշենքը չեն ջեռուցվում: Յոթ-ութ տարի է, ինչ լոկալ ջեռուցման համակարգի խնդիրը լուծված է, բայց… համերգային դահլիճը չենք կարողանում ձմռանն օգտագործել: Հրաշալի ակուստիկա ունի դահլիճը, ով մի անգամ ելույթ է ունեցել, ցանկություն է հայտնում հաջորդ անգամ եւս գալ եւ ելույթ ունենալ: Բայց հնարավորություն չունեմ հրավիրելու: Հովանավորների օժանդակությունը պիտի լինի: Դպրոցականի ֆիլհարմոնիան Կապանում աշնանը գործեց, գարնանը՝ ոչ, որովհետեւ անհրաժեշտ գումարը չկարողացանք փոխանցել: Մեր դասախոսների եւ սովորողների ուժերով ենք փորձում քոլեջում ինչ-որ բան կազմակերպել»:

Հաջողություններ հոբելյանի նախաշեմին

2013-2014 ուստարին արգասաբեր էր Կապանի արվեստի պետական քոլեջի համար: Կրթօջախի ուսանողները մասնակցություն են ունեցել Գյումրու «Վերածնունդ» միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնին: «Դաշնամուր» մասնագիտացման առաջին կուրսի ուսանողուհի Մերի Պետրոսյանը (դասախոս՝ Մարինա Նահապետյան) արժանացել է դափնեկրի կոչման եւ երկրորդ մրցանակի, իսկ երկրորդ կուրսի ուսանող Արկադի Անդրեասյանը (դասախոս՝ Լիաննա Ստեփանյան)՝ պատվավոր դիպլոմակրի կոչման:

Երկարատեւ ընդմիջումից հետո նոր հաջողություն է գրանցվել նաեւ «Փողային գործիքներ» մասնագիտացման գծով: Քոլեջի ֆլեյտայի դասարանի առաջին կուրսի ուսանողուհի Լիա Գրիգորյանը (դասախոս՝ Արթուր Մովսիսյան) մասնակցություն է ունեցել «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների միջազգային չորրորդ փառատոնին՝ արժանանալով դիպլոմակրի կոչման եւ սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ ելույթ ունեցավ Գյումրիում կայացած գալա համերգին:

Ավանդական է դարձել քոլեջի ուսանողների մասնակցությունը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում պրոֆեսոր Արմեն Բուդաղյանի կազմակերպած ուսանողական գիտաժողովներին: Այս ուսումնական տարում քոլեջի չորրորդ կուրսի ուսանողներ Անուշ Հարությունյանը («Դաշնամուր» մասնագիտացում) եւ Տիգրան Գեւորգյանը («Երաժշտության տեսություն» մասնագիտություն՝ դասախոս՝ Լեւոն Գեւորգյան), եւս մասնակցեցին գիտաժողովին՝ արժանանալով խրախուսանքի:

Ավանդական են դարձել նաեւ մասնագիտական դասընթացների, մեթոդամանկավարժական ընթերցումների եւ վարպետաց դասերի անցկացումը ՀՀ կրթության եւ գիտության, ինչպես նաեւ մշակույթի նախարարությունների մասնագետների կողմից: Այս ուստարում քոլեջի մի խումբ դասախոսներ մասնակցել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից Կապանում կազմակերպված մասնագիտական դասընթացներին: «Մշակութային կրթության աջակցություն» հիմնադրամի մասնագետներ, Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսորներ Սերգեյ Քեչեկի, Անահիտ Ներսիսյանի (դաշնամուր), Անժելա Աթաբեկյանի (քանոն), Սուսաննա Մարտիրոսյանի (երգեցողություն), դասախոս Նոննա Ոսկանյանի (երաժշտության տեսություն), ջութակահարներ Տիգրան Տոհրամաջյանի, Նորա Այվազյանի եւ այլոց կողմից քոլեջում անց են կացվել մեթոդամանկավարժական ընթերցումներ եւ վարպետաց դասեր, որոնք բարերար ազդեցություն են թողել դասախոսների եւ ուսանողների մասնագիտական ու կատարողական ունակությունների զարգացման վրա:

Ուսումնական գործընթացին զուգահեռ անցկացվել են բազմաբնույթ միջոցառումներ: Հուշարձանների պահպանության միջազգային օրը «Երգեցողություն» մասնագիտության ուսանողները եւ երկսեռ երգչախումբը հոգեւոր ստեղծագործությունների եւ շարականների կատարումով հանդես են եկել միջնադարյան հոգեւոր եւ պատմամշակութային կոթող Վահանավանքի վանական համալիրում:

«Գեղանկարչություն» եւ «Դիզայն» մասնագիտությունների ուսումնական պրակտիկան անցկացնելու նպատակով «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ ընկերության աջակցությամբ կազմակերպվել է եռօրյա այց մայրաքաղաքի մի շարք պատմամշակութային օջախներ՝ Մարտիրոս Սարյանի, Սերգեյ Փարաջանովի, Արամ Խաչատրյանի, Պարույր Սեւակի տուն-թանգարաններ, Հայաստանի պետական պատկերասրահ, օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն, ինչպես նաեւ Էջմիածին, Խոր Վիրապ, Ամաղու Նորավանք եւ Զորաց քարեր:

Այս այցելությունը հնարավորություն է տվել ուսանողներին ծանոթանալ պատմամշակութային հուշարձաններին, մշակույթի օջախներին, ձեռք բերել մասնագիտական հմտություններ, ընդլայնել մտահորիզոնը, ձեւավորել գեղագիտական ճաշակ, սոցիալապես անապահով ուսանողներին՝ առաջին անգամ լինել Երեւանում եւ չխամրող տպավորություններով վերադառնալ Կապան:

2015-ին լրանում է քոլեջի հիմնադրման 50-ամյակը, հոբելյանին քոլեջի կոլեկտիվը նախապատրաստվում է ամենայն պատասխանատվությամբ: 2014-15 ուսումնական տարում, կրթօջախի 50-ամյակի շրջանակում, նախատեսվում են բազմաբնույթ միջոցառումներ, հանդիպումներ, համերգ-ցուցահանդեսներ Կապանում, Սյունիքի մարզում եւ մայրաքաղաք Երեւանում, տոնակատարությունների շարքը կեզրափակվի երգեհոնային դահլիճում կայանալիք հոբելյանական հանդիսությամբ:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31