Մահս չեմ հոգար, այլ գործս, որ կիսատ մնաց…

07.12.2017 15:27
1415

Զորավար Անդրանիկի մահվան 90-րդ տարելիցի առթիվ


Զորավար Անդրանիկի կյանքի եւ գործունեության բոլոր էտապները, բոլոր փուլերը կարեւոր ու ուսանելի են երիտասարդ սերունդների դաստիարակության համար։


Անդրանիկը տարագրության մեջ էլ ամեն օր ու ամեն ժամ ապրում էր հայրենիքի հույսերով, հոգսերով, կարոտով ու տագնապներով։ Դառն, միապաղաղ եւ հուսահատեցնող էր Զորավարի համար կյանքն արտասահմանում ու նրան միակ մխիթարություն պարգեւողն իր զինվորներն էին, որոնցից անբաժան եղավ մինչեւ կյանքի ավարտը։


Տարագրության մեջ նա որոշեց հաստատվել ԱՄՆ-ում եւ բնակության վայր ընտրեց Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքը, որի չոր ու արեւոտ եղանակը շատ նպաստավոր էր։ 1922 թվականի կեսերից հետո Զորավարը վերջնականապես հաստատվեց Ֆրեզնոյում։ Ֆրեզնո քաղաքի եւ ամբողջ Կալիֆորնիայի հայությունը ջերմությամբ դիմավորեց ու շրջապատեց նրան։ Սփյուռքահայ մեծանուն գրող Վիլիամ Սարոյանը, ով այդ ժամանակ ընդամենը 14 տարեկան պատանի էր, հետագայում վերհիշում է այսպես. «Կը թվեր, թե Կալիֆորնիո ողջ հայութիւնը քաղաքի կայարանը հաւաքված էր՝ անոր ժամանման օրը» («Էջեր գրականութեան եւ արվեստի», Պեյրութ, 1965 թ., էջ 119)։ Զորավարի Կալիֆորնիա ժամանումը տեղի հայության բոլոր շերտերի կողմից ընդունվեց եւ ընկալվեց որպես արժանավայել ու պատմահիշատակ իրադարձություն։ Սակայն առաջին իսկ օրերին Զորավարի առողջական վիճակը տկարանում է եւ մոտ երկու ամիս բուժում ընդունում անկողնում։ Այդ ընթացքում Ֆրեզնոյում հայերից կազմավորվել էր մի կոմիտե՝ Օզանյանների վարձած բնակարանն ամեն ինչով կահավորելու եւ իբրեւ հարսանեկան նվեր նրանց հանձնելու համար։ Նվարդը, ում հետ Անդրանիկն ամուսնացել էր 1922 թվականին (հարսանյաց հանդեսը կայացել էր նույն թվականի մայիսի 15-ին՝ Փարիզի հայկական եկեղեցում), այս առիթով հետեւյալն է արձանագրում. «Երբ մենք գացինք մեր տունը, անակընկալի եկանք. տունը շատ գեղեցիկ կահավորված էր ամեն պիտույքներով, բոլոր նվիրողները հոն հավաքված էին, որոնք ծափերով դիմավորեցին մեզ։ Կրնա՞ք երեւակայել մեր ուրախությունը եւ հուզումը» (Երեկոյան Երեւան, 26 փետրվարի, 1990թ.)։ Ամերիկահայությունը ջանքեր ու միջոցներ չէր խնայում էրգրի առասպելից ծնված Զորավարի առօրյա-ամենօրյա կյանքը գեղեցիկ, հագեցած ու բովանդակալից դարձնելու համար։ Սակայն, միեւնույնն է, Զորավարն իր համար խորթ ու տարօրինակ այդ միջավայրում առանձնապես լավ չէր զգում։ Հանգստավետ, փափուկ ու անդորր կյանքն ամենեւին նրա սրտով չէր։ Սասնո լեռների հերոսը խեղճացել ու դառնացել էր ամերիկյան հանգստավետ, բարեկեցիկ ու առեւտրական միջավայրից։ Դա նրա երազած կյանքը չէր բնավ։


Պետք է նշել, որ Ամերիկա մեկնելուց ընդամենը մի քանի ամիս առաջ՝ 1922թ. գարնանն Անդրանիկը նորից մտադրվել էր իջնել պատերազմի դաշտ՝ մասնակցություն բերելու ընթացող թուրք-հունական պատերազմին։ Ընդդեմ բարբարոս թուրքի՝ հունական մարտնչող զորաբանակին աջակցելու նպատակով Զորավարը մտադիր էր սկսելու հայոց կամավորական մի նոր շարժում։ Այդ նպատակով 1922թ. մայիսի 8-ին գրեց եւ Սփյուռքի պարբերականներում հրապարակեց «Արթնացիր» խորհրդանշական վերնագրով կոչ-դիմում։ Նրանում ասված էր հետևյալը. «Հայ ժողովուրդ, ի՞նչ կմտածես, այսօր քո արժանապատուութիւնդ վերականգնելու առիթն է։ Մինչեւ երբ քո դիպլօմաթները մուրացկանի դեր պիտի կատարեն։ Եթե կուզես ապրիլ՝ ահա վերջին առիթը։ Օգնէ դու Արեւելքի քիստոնեայ Մեծ եղբորդ որպեսզի ան ալ քեզ օգնէ. Լինել ու չլինելու մեջ ես։ Եթե անտարբեր մնաս՝ կորստեան անդունդն է առջեւդ։ Մի դաւաճանիր մէկ միլիոն նահատակներուդ» (ՀՀ ազգային արխիվ, ֆ.370, ց.2,գ.69, թ.1)։ Անդրանկի այս կոչը, որը նաեւ որպես թռուցիկ է հրապարակվել, բուռն արձագանքների արժանացավ։ Շատերը զգուշացան հայության համար հնարավոր մի նոր ողբերգության պատուհասումից։ Հենց այդպիսի զգուշավոր դիրք բռնեցին գաղութահայության եւ Հայ առաքելական եկեղեցու պատասխանատու գործիչները։ 1922 թ. մայիսի 16-ին Կ.Պոլսի հայոց պատրիարքը Զորավարին գրած նամակում նշում է, որ միայն զգացումներով կարելի չէ այս ազգն առաջնորդել փրկութեան եւ որ «կամավորական նոր շարժում մը մեզի պիտի արժէ թանկագին կեանքերու կորուստ մը՝ առանց հաստատուն երաշխավորութիւն մը ընծայելու արդիւնքին ապահովութեան մասին»։ Այս զգուշավոր կեցվածքը միանգամայն հասկանալի ու բնական էր, քանի որ արեւմտահայության ցեղասպանության օրերից անցել էր ընդամենը մի քանի տարի, եւ հայությունը նոր փորձությունների պատրաստ չէր։ Պատրիարքը խնդրում է Զորավարին հետաձգել զորական նոր շարժումը՝ մինչեւ պատեհ առիթը կներկայանա։ Զորավարը, իհարկե, ունկնդիր ու հնազանդ եղավ պատրիարքի եւ ազգային իշխանությունների հորդորներին ու կամավորական նոր շարժումը չկայացավ։


Հետագայում եւս, ընդհուպ մինչեւ մահը, Անդրանիկը միշտ ու մշտապես հարմար առիթի էր սպասում իր զինվորներով վերստին Արեւմտյան Հայաստան անցնելու եւ կիսատ թողած գործը շարունակելու համար։ Սակայն, ավաղ, ճակատագիրն այլեւս նման պատեհություն չընձեռեց։

Աշխարհն այլեւս այլ էր դարձել։ Ցեղասպանություն իրագործած երկիրը՝ Թուրքիան, իր բիրտ ուժի շնորհիվ աշխարհին պարտադրել էր ընդունել եղած իրողությունները։ Զորավար Անդրանիկն առաջացած տարիքի, սրվող հիվանդությունների, օբյեկտիվ ու սուբյեկտիվ այլ հանգամանքների առկայության պայմաններում այլեւս անկարող էր որեւէ բան փոխել հայոց ճակատագրի ընթացքի մեջ։ Ավելին, նույն ինքը՝ նորին մեծություն ճակատագիրն ուղղորդումներ էր մտցնելու Անդրանիկի կյանքի ընթացքի մեջ։ Նրան այլեւս սակավ ժամանակ էր մնացել ապրելու համար։


Հետզհետե տկարացող առողջական վիճակը Զորավարին ստիպում էր մտորել կյանքի մնացած հատվածն առավել հանգիստ ու խաղաղ անցկացնելու մասին։ Նրա հոգում բուռն ցանկություն էր առաջացել թողնել Ամերիկան եւ ընդմիշտ մեկնել Հայաստան։ Այդ մասին անթաքույց կերպով հայտնել էր բարեկամներին ու զինակիցներին։ Հայոց հողը մագնիսական հզոր ուժով կանչում էր Զորավարին։ Արդյո՞ք դա հնարավոր էր, չէ՞ որ այնտեղ հաստատված խորհրդային վարչակարգն ուներ իր յուրահատուկ սկզբունքներն ու տրամաբանությունը։ Մոսկվայից ուղղորդված ճնշումներով Խորհրդային Հայաստանի կառավարությունը չէր կարող հաշտ նայել եւ քաջալերող պահվածք ունենալ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի հերոսների հանդեպ։ Ահա թե ինչու Անդրանիկի վերադարձը հայրենիք չէր կարող իրականություն դառնալ, չնայած այն հանգամանքին, որ Զորավարը երբեք վատ չէր արտահայտվել խորհրդային իշխանությունների հասցեին։


Դառն ու սրտակեղեք հուշերով, էրգրի կորստի տագնապներով եւ նահատակ հայության ծանր վշտերով Զորավարն այրվում, տանջվում էր օրնիբուն։ Հոգին եւ մարմինն այլեւս դժվարությամբ էին պայքարում հին ու նոր հիվանդությունների դեմ։


1927 թվականը եղավ Զորավարի կյանքի վերջին, ամենավերջին տարին։ Դեռեւս երիտասարդ տարիներից Անդրանիկը տառապում էր ուժեղ հոդացավերով, իսկ 1920-ական թթ. դրան գումարվել էին սրտի անբավարար աշխատանքի հաճախակի դրսեւորումները։ Զորավարը քաջ գիտակցում էր, թե օրեցօր, ամսեամիս ու տարեցտարի որքան է տկարանում առողջական վիճակը, թուլանում են հոգեկան ու ֆիզիկական ուժերը։ Սրտի ծանր տագնապները նրան օրերով գցում էին անկողին։


1927 թ. հուլիսի վերջին Զորավարը նորից սրտի ուժգին տագնապ ունեցավ, որի պատճառով 15 օր անցկացրեց հիվանդանոցում։ Ամերիկյան բժիշկները խորհուրդ էին տվել հիվանդին բուժման տանել Կալիֆորնիայի Սակրամենտո քաղաքի մերձակայքում գտնվող Չիքո հանքային ջրերի բուժավայրը։


1927թ. օգոստոսի 29-ին Զորավարը տիկնոջ՝ Նվարդի ուղեկցությամբ մեկնեց Չիքո հանքային ջրերի բուժավայրը, որտեղ պետք է լոգանքներ ընդուներ։ Դեռ նոր էին տեղավորվել բուժավայրի հյուրանոցում, երբ անսպասելի հյուր ունեցան։ Զորավարին տեսակցության էր եկել հին օրերի ընկերը՝ Սմբատ Բորոյանը (Մախլուտո)։ Հանդիպումը չափից ավելի ջերմ էր եւ հուզիչ։ Զինակից ընկերներն այնքան շատ բան ունեին վերհիշելու եւ լիցքավորվելու հին օրերի բոցավառ հիշողություններով։ Մախլուտոյի հետ այս հանդիպումը վերջինը եղավ Զորավարի համար։ Հաջորդ օրը կտրուկ վատացավ նրա առողջական վիճակը։ Հանքային ջրում լոգանք ընդունելիս Զորավարը սրտի ծանր տագնապ ունեցավ։ Բժիշկներն ու բուժող անձնակազմն իրար խառնվեցին, սակայն անկարող եղան որեւէ բան փոխել։ Զորավարը հոգեվարքը տարավ փափուկ անկողնում։ Նա բախտավորություն չունեցավ մեռնելու Արեւմտյան Հայաստանի բարձրիկ լեռներում, ինչպես իր զինակից ընկերներից շատերը։ Իր փառքին մոտ լեգենդար հայդուկապետեր Արաբոն, Աղբյուր Սերոբը, Գեւորգ Չաուշը զոհվեցին կռվի դաշտում՝ մահաբեր գնդակների տարափի ներքո։

Անդրանիկը մեռավ ամերիկյան մայրցամաքում՝ Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստաններից հեռու, շատ հեռու։ Սակայն բնավ ոչ հայությունից եւ հայկականից հեռու։ Զորավարի մահվան լուրը հոգեկան ալեկոծումներ ու ցնցումներ առաջ բերեց ոչ միայն ամերիկահայության, այլեւ աշխարհասփյուռ հայության բոլոր հատվածներում։ Նրա մահվան լուրը կայծակնահար թռավ գաղութից-գաղութ, քաղաքից-քաղաք՝ հայ եւ օտար պարբերականներով, պաշտոնական ու սովորական հեռագրերով, նամակներով, հեռաձայնով։ Տարագիր հայությունը երբեք այսպիսի ցավ ու տագնապ չէր ապրել։ Անդրանիկի մահը մեկ անգամ վկայեց, որ նրա անունը դարձել է համազգային, համահայկական անմար եւ անփոխարինելի խորհրդանիշ։ Այդ են վկայում նաեւ հարյուրավոր այն ցավակցական հեռագրերը, որոնք հղվում էին աշխարհի բոլոր ծայրերից՝ ուղղված Անդրանիկի այրուն՝ Նվարդին։ Հեռագրեր էին ստացվում նաեւ օտարազգի քաղաքացիներից ու պաշտոնական անձանցից։ Նշանավոր հայագետ Արշակ Չոպանյանի հեռագիրը Փարիզից այդ ամենի խտացումը կարծես լիներ. «Ամբողջ ազգ մը ձեզ հետ կը ողբայ իր մէկ հատիկ Անդրանիկը»։ Այո, Անդրանիկի պես անհատն ընդամենը մեկը կարող էր լինել յուրաքանչյուր ազգի համար։


Անվանի մտավորական, բանաստեղծ Վահան Թեքեյանը թերթերից մեկում արձանագրեց հետեւյալը.

«Անդրանիկը մեռած չէ եւ երբեք չի մեռնելու։ Նա մնալու է հավերժ՝ իբրեւ կեանքի ներշնչող ու ոգեւորող ներկայութիւն»։


Անտարակույս էր, որ մահը լոկ ֆիզիկապես է ընդհատել Անդրանիկի ներկայությունը, սակայն հոգեւոր ու բարոյական չափումներով նա շարունակելու էր լինել հայության մեջ եւ հայության կողքին։ Կահիրեում լույս տեսնող «Հուսաբեր» թերթում անվանի գրականագետ, հանրային գործիչ Նիկոլ Աղբալյանը գրում էր, որ Անդրանիկն անիշխանական խառնվածք ուներ եւ ըմբոստ էր ամեն իշխանության դեմ՝ լիներ հայրենի, թե՝ օտար, քանզի նա հնազանդվում էր ոչ թե իրավունքին, այլ բարոյական հեղինակության։


Հայ զորավարի հիշատակին բազմաթիվ հոդվածներ եւ այլեւայլ նյութեր լույս տեսան նաեւ օտարերկրյա՝ բուլղարական, հունական, ֆրանսիական, բրիտանական երկրների պարբերականներում։ Զորավարի մահվանն արձագանքեց նաեւ թուրքական մամուլը՝ իհարկե, չարակամորեն ու չարախինդ կերպով։ Թուրքական «Սոն Սաաթ» թերթն այդ առիթով հետեւյալ կերպ էր արձագանքում. «Այս հողերի վրա այլեւս ոչ մի Անդրանիկ չպիտի ծնվի, եթե ծնվի էլ՝ չպիտի մեծանա, եթե մեծանա՝ չպիտի լեռ բարձրանա, եթե լեռ էլ բարձրանա՝ չպիտի կարողանա սուրը քաշել, եթե քաշի՝ իր կուրծքը մխելով անձնասպան լինելու համար միայն պիտի քաշի»։


Որքան հեռատես ու ճշմարիտ էր Զորավար Անդրանիկը, երբ մահվանից ժամեր առաջ դիմելով տիկնոջը բացականչել էր. «Նուարդ, մահուանս համար չեմ ցավիր, կը ցավիմ, թե որքան ուրախ պիտի ըլլան թուրքերը։ Ախ, եթէ անգամ մըն ալ պատեհութիւն ունենայի… Մահս չեմ հոգար, այլ գործս, որ կիսատ մնաց…»։


Անդրանիկը կնոջը նաեւ հետեւյալն էր պատգամել. «Մարմինս օտար հողի վրա չթողուս…

Անպայման Հայաստան փոխադրէք։ Եթէ զիս հայրենիք չընդունին, գոնե ձեռքիս ցուցամատը կտրել կուտաս եւ հոն կղրկես, տեղ մը թող թաղեն։ Այս մատս շատ աշխատած է հայրենիքի համար եւ շատ հոգնած է։ Թող հայենի հողին մէջ հանգստանայ։ Իսկ եթէ ատ ալ մերժուի եւ կարելի չըլլայ փափագս իրագործել, մարմինս Պուլկարիա՝ Վառնա տարեք եւ թաղէցէք քրոջս՝ Նազելիի գերեզմանին քով»։


Խորհրդային Միությունում իշխանության ղեկին գտնվող ստալինյան վարչակարգը որեւէ կերպ չարձագանքեց հայ մեծանուն զորավարի մահվան լուրին եւ բնականաբար չէր արտոնելու նրա հուղարկավորությունը Խորհրդային Հայաստանում։


Անդրանիկի մյուս փափագը՝ թաղվել Մշո Առաքելոց վանքում, եւս չէր կարող իրականություն դառնալ, քանի որ Արեւմտյան Հայաստանն այլեւս գերի էր թուրքական բիրտ լծին։ Զորավարի հուղարկավորությունը կայացավ 1927թ. հոկտեմբերի 7-ին, Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։ Սփյուռքահայությունը բոլոր կարելիությունները գործի էր դրել, որպեսզի ազգային մեծ հերոսի թաղումը տեղի ունենա պատվի եւ արժանապատվության բոլոր չափանիշներով։ Սգո թափորին մասնակից էին շուրջ 15.000 հայ եւ օտարազգի մարդիկ։ Թափորի հետեւից շարժվում էին շուրջ 1500 ավտոմեքենաներ։ Նրա նախկին զինվորները պատվո պահակ էին կանգնել ամբողջ արարողության ընթացքում։ Զինվորական նվագախումբը հնչեցնում էր Շոպենի մահերգի մեղեդիները։ Զորավարի մահվան կապակցությամբ բազմամարդ սգահանդեսներ կատարվեցին հայահոծ քաղաքներում՝ Նյու-Յորքում, Լիոնում, Չիկագոյում, Բուխարեստում, Փարիզում, Լոս-Անջելեսում, Կահիրեում, Կալկաթայում, Բոստոնում, Մարսելում, Սան-Ֆրանցիսկոյում, Ֆիլիպեում եւ այլուր։


Չորս ամիս անց Անդրանիկի այրին Սան-ֆրանցիսկոյի ֆրանսիական հյուպատոսի միջոցով դիմեց Ֆրանսիայի կառավարությանը՝ Զորավարի մարմինն այդ երկիր փոխադրելու եւ Փարիզում թաղելու վերաբերյալ։ Ընդամենը չորս օր անց Վաշինգտոնի ֆրանսիական դեսպանությունը պատասխանեց, որ իր երկրի կառավարությունը սիրով արտոնել է հայ զորավարի մարմինը փոխադրել Փարիզ եւ հուղարկավորել Պեր-Լաշեզ գերեզմանատանը։


1928թ. հունվարին Փարիզում տեղի ունեցավ Զորավարի մարմնի՝ համազգային չափանիշներով երկրորդ մեծ հուղարկավորությունը։ Զորավարի հրաժեշտի արարողությանը ներկա էր ողջ ֆրանսահայությունը, նաեւ բազմաթիվ մարդիկ եվրոպական այլ երկրներից։ Պաշտոնեական արարողությանը ներկա էին Ֆրանսիայի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունների, Փարիզի քաղաքապետարանի պատվիրակությւունները եւ բազմաթիվ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Պեր-Լաշեզ գերեզմանատանը հնչեցին բազմաթիվ ելույթներ հայերեն եւ ֆրանսերեն լեզուներով, խոսք ասացին հայ հասարակական ու քաղաքական մտքի երեւելի ներկայացուցիչները։


Իր մահից յոթանասուներեք տարի անց միայն Զորավար Անդրանիկը վերադարձավ հայրենիք՝ իր վերջնական հանգրվանը գտնելով հերոս նահատակների բարձունքում՝ Եռաբլուր պանթեոնում։

Արմեն Կարապետյան
պատմական գիտությունների թեկնածու,
հրապարակագիր

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01