Մեղրի՝ օրհնյալ եզերք՝ նվիրագործված ձայնապետ ու ձայների արքա Կոմիտասի հուշով

23.06.2022 16:06
5189

Մեղրեցիները հնուց ի վեր մեծ հակում են ունեցել  երգարվեստի և երաժշտության նկատմամբ: Այս տեսակետից Մեղրու մշակութային կյանքում մեծ դեր են խաղացել պատմական գողթնեցիները: (Ի դեպ, Նաղաշ Հովնաթանը լինելով մեղրեցու փեսա, հաճախ է Մեղրի եկել, իսկ հետագայում այդ կապը պահել է որդին՝ Հակոբը):

Հովնաթանյան գերդաստանի մտերմիկ կապն ու բարեկամությունը 17-18-րդ դարերում դրական դեր են խաղացել Մեղրու ոչ միայն երգարվեստի, այլ նաև կերպարվեստի կյանքում:

Ովքեր գեթ մեկ անգամ եղել են պատմական Ագուլիս քաղաքի եկեղեցիներում, հաստատապես կհավաստեն տարեց մեղրեցիների ասածն այն մասին, որ Հովնաթանյանին են պատկանում  Մեղրու եկեղեցիների որմնանկաները նույնպես:

Մեղրեցիների հիշողության մեջ սերնդեսերունդ պահպանվել է գողտրիկ մի պատմություն այն մասին, թե 1908թ. Մեղրիում ինչպես են ընդունել Մեծն Կոմիտասին, ով Գողթն գավառով եկել էր Մեղրի, որտեղից էլ Տաթևի  վանք պիտի գնար՝ Վեհափառի որոշ հանձնարարականներ կատարելու:

Ագուլիսեցի պատմիչ Ազարիա Մահտեսն իր ձեռագիր հիշատակարանում նշել է. «Պատմական Հայաստանի Գողթն գավառի Ցղնա գյուղից էին Կոմիտասի նախնիները: 18-րդ դարում գաղթել էին  Քյոթահիա՝ Կատինա, ուր էլ 1869-ին ծնվել է Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը: Կոմիտասը բուռն ցանկություն ուներ լինելու իր նախնյաց սրբազան վայրերում և ահա 1908-ին հանգրվանում է Ցղնայում: Սոսիներով, սառնորակ աղբյուրներով, առատ թթվածնով հարուստ  գյուղը հմայում է նրան: Այցելում է գերեզմաններ, մտնում գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, մոմեր վառում, հետո նստում եկեղեցու բակի թթենու տակ դրված սալատակ քարին և երգում իր «Մոկաց Միրզան»: Նրան է մոտենում հայկական հին տարազով մի ծեր կին, շոյում  նրա գլուխը, հետո հեկեկոցով լաց լինում՝ իմանալով «անծանոթ հյուրի» ով լինելը»:

Հենց այս գյուղից Օրդուբաթով Մեղրի է գալիս հանճարեղ երգահանը...

Սրանից 30-40 տարի առաջ՝ Մեղրու հրապարակի մերձակայքում ապրող Վահան Դավթի Խաթունյանը խանդավառությամբ էր պատմում այն մասին, թե Կոմիտասին ինչպիսի ջերմությամբ են ընդունել մեղրեցիները ճիշտ նույն թվականին և մեծ բավականություն պատճառել նրան՝ նրա իսկ հրաշք-երգերը կատարելով:

Հայաստանի ԳԱ հիմնադիր անդամներից Մանուկ Աբեղյանը, ով պատմական Գողթն գավառի  Աստապատ գյուղից էր, ակնածանքով է գրել Կոմիտասի ու նրա նախնյաց մասին և հուշագրությամբ տեղեկացրել, որ խենթ ջերմությամբ են նրան ընդունել Գողթն և Արևիք (Մեղրի) գավառների բնակիչները 1908թվականին:

Մեղրիում մինչև 1900-ական թվականները գործել է եկեղեցական երգչախումբ, որի ղեկավարն է եղել Վերին Ագուլիսից եկած Թևատրոս Վարդապետյանը: Թե ով է եղել Թևատրոս Վարդապետյանը, գրեթե ոչինչ հայտնի չէ:

1911-12թթ. եկեղեցուց անջատ գործել է քառաձայն երգչախումբը, որը ղեկավարել է Պողոս Բոռուլյանը: Երգչախմբում հետագայում ընդգրկվել են և հրաշալի ձայն են ունեցել Վարշամ Փարսադանյանը, Բարդուղ Տոշյանը, Ավետիս Ազարյանը, Մաթևոս Վաչյանը, Մկրտիչ Աղավելյանը, Սամոսա Դանիելյանը, Իգնատիա Մելիք-Մկրտչյանը:

«Նրանք կոմիտասյան երգերի կրքոտ սիրահարներ էին», - պատմում էր տարեց բժիշկ, Մեղրիում շատ հարգված Սերգո Պետրովիչը (Խոնդյանը):

Սերգո Պետրովիչի պատմածից (այդպես էին Մեղրիում նրան կոչում) բառացիորեն բերում եմ մի հատված՝ «Մեղրու շրջանի Կարճևան գյուղացի Վաղարշակ Տեր-Վահանյանը, ով 1932-1935թթ. Մոսկվայի Կրեմլի պալատում Ֆինանսների մինիստրն էր և անձամբ ստորագրում էր սովետական «червонец» դրամի վրա, 1934 թվականին գալիս է Մեղրի և մի խումբ երիտասարդների հետ լինում Լիճքվազ կոչվող հանդամասում՝  հանգստանալու նպատակով: Զրույցի ժամանակ հանկարծ լսվում է Կոմիտասի «Սիրտս նման է էն փլած տներ» երգը և ծիծաղում՝ ասելով. «Հնարամիտ տղաներ, էդ ինչպե՞ս եք Կոմիտասի ձայնապնակն այստեղ միացրել»: Տղաներից մեկն ընդհատելով նրան, ասում է, թե երգողը մեղրեցի Աստղիկ Խոնդյանն է:

Վահանյանը, փոքր-ինչ շփոթվելուց հետո, ժպտալով ասում է. «Ես անսահման ուրախ եմ և երջանիկ, որ իմ ծննդավայրում արքայավայել ապրում, շնչում է Կոմիտասը»:

«Մեղրիում հրաշալի ջութակ էին նվագում Դրո և Միսակ Վարդանյանները, թառ՝ Գուրգեն Չարչյանը, լավ համբավ և հեղինակություն ուներ նաև շեփորահարների խումբը», -ոգևորությամբ պատմում էր տարեց Վահան Խաթունյանը:

1880-ական թվականներից Մեղրիում օգտագործել են սաքսաֆոն գործիքը: Այն առաջին անգամ Մեղրի են բերել Հարությունյանները:

Ձայնասփյուռ էլ օգտագործել է դպրոցի հոգաբարձու և դեղագործ  Գևորգ Իսրայելյանը, ով այն բերել էր Փարիզից:

Մեղրեցիներն իրենց կուլտուրայի մասին խոսելիս հպարտությամբ էին նշում, որ 1895-1896թթ., երբ Հայաստանի գրեթե շատ վայրերում չէին տեսել դաշնամուր գործիքը, իրենք բախտ ունեին օգտագործելու այն:

Մեղրեցի հարգարժան Աղանի որդին՝ Մկրտիչ Վաչյանը, ամուսնացել էր ագուլիսցի Եղիսաբեթի հետ: Վաչյանների ընտանիքին մոտ մարդիկ, մոտ 25-30 հոգի, Մեղրուց ուղևորվում են Ագուլիս՝ օժիտ-դաշնամուրը բերելու նպատակով:

Նրանցից էին՝ Աղան և Լևոն Փարսադանյանները, Հովհաննես Թումանյանը, Թևատրոս Մկրտչյանը, Հովհաննես Սեթյանը և այլք:

Զարմանալին այն է, որ օժիտի տերը՝ տիկին Եղիսաբեթը, նվագել չի իմացել: Դաշնամուրն օգտագործել են Եվրոպայում ուսանող մեղրեցի երիտասարդները, երբ արձակուրդի օրերին վերադարձել են Մեղրի: Նրանք շատ հաճախ տեղացիների հետ հավաքվել  են Վաչյանների տանը, նվագել, պարել, զվարճացել: Հետագայում դաշնամուրն օգտագործել են մասնագիտական առումով:

Կուլտուրական բարձր մակարդակով են կազմակերպվել Մեղրիում բոլոր տոները: Սիրով են երգել գողթան երգերը:

Ճարտարապետական հետաքրքիր ոճով են կառուցվել Մեղրու եկեղեցիները, հին տները՝ կամարաձև դարպասներով ու պատուհաններով, պատերի մեջ կառուցված փայտյա նախշավոր պահարաններով:

Մեղրին իր պատմամշակութային արժեքներով ուսումնասիրության կարիք ունի. այն փոքրիկ Հայաստան է Հայաստանի մեջ:

Հ.Գ. «Սյունյաց երկրի» բարեկամ, ճանաչված մանկավարժ, լուսահոգի Լիլիկ Պողոսյանի հեղինակած այս հոդվածը հրապարակվում է առաջին անգամ:

Հարգանք Լիլիկ Պողոսյանի հիշատակին, ով գեղեցիկ այս պատմությունը փոխանցել է սերունդներին:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24