Մենք սգակից ենք նրա համար վշտացողներին

16.12.2014 14:10
3140

  ՆԵՐԲՈՂՅԱՆ  

Երբեք չէինք մտածել, որ օրերից մի օր դամբանական կամ հրաժեշտի խոսք պիտի  ասենք Գոհար Իսախանյանի մասին, քանզի հեռանալու ժամանակը չէր, մայրամուտի ժամանակը չէր. նա ապրում էր բուռն կյանքով ու ճանապարհ ուներ անցնելու:


Երբեք չէինք պատկերացրել, որ նրա վերջին ու անառավոտ գիշերը լինելու է 2014թ. դեկտեմբերին` կյանքի 47-րդ տարում. չէ՞ որ ֆիզիկապես առողջ էր, առույգ, կենսուրախ, արարելու ձգտումով լեցուն:

Մինչդեռ… Դեկտեմբերի 15-ի առավոտյան «Սյունյաց երկրի» խմբագրատունն անհանգիստ խռովքի մեջ էր ընկել. վշտագին սուգը պատել էր բոլորին. գիշերը հանկարծամահ էր եղել մեր սիրելի ու պատվելի Գոհար Իսախանյանը:

Նրա վաղաժամ կորուստը, ինչպես որ ակնհայտ դարձավ մահվանից ժամեր անց, մեծ ցավ էր պատճառել ոչ միայն հարազատներին ու մերձավորներին, այլեւ մարզկենտրոնի հանրությանը:
Գոհար Իսախանյանի կորուստը, անտարակույս, Սյունիքի մարզի լրագրողական ընտանիքի կորուստն է նաեւ:

Երեւանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմության եւ իրավունքի բաժինը 1991-ին ավարտելուց հետո, մանկավարժությանը զուգահեռ, աստիճանաբար իր հաստատուն տեղն էր գտել Կապանի լրատվական դաշտում. 1993-96թթ. աշխատել է Կապանի հեռուստատեսության, ապա` տեղի «Սլացք» թերթի խմբագիր:

1996թ. օգոստոսից մինչեւ կյանքի վերջը «Արմենպրես» ՓԲ ընկերության Սյունիքի մարզի թղթակիցն էր: Ինքն էր տասնութ տարի շարունակ, ամենայն պատասխանատվությամբ ու բծախնդրությամբ, հանրապետական լսարանին ներկայացնում Սյունիքի մարզի անցուդարձը:

2007թ. սեպտեմբերից համատեղությամբ աշխատել է «Սյունյաց երկրի» խմբագրությունում` լրագրող ու համակարգչային օպերատոր: Եվ երբ 2008-ի նոյեմբերին տեղափոխվեց այլ աշխատանքի, շարունակեց ջերմ հարաբերությունը թերթի խմբագրակազմի հետ: Բարեկամությունն այնքան անկեղծ էր ու փոխադարձ, որ խմբագրությունը նրա համար յուրօրինակ հերանց տուն էր, որտեղ ինքը միշտ սպասված  անձնավորություն էր:

Գոհար Իսախանյանի մարդկային ու մասնագիտական կարողություններն առավել ցայտուն դրսեւորվեցին Կապանի քաղաքապետարանում, որտեղ 2012թ. նոյեմբերից համայնքի ղեկավարի մամուլի քարտուղարն էր:

Նա կարողացավ ստեղծել մամուլի քարտուղարի ընդունելի կերպար` ուրույն ոճով` զերծ նախապաշարումներից, դոգմաներից ու կանխակալ մոտեցումներից:

Հակասական ու դժվարին մեր օրերում կարողացավ դառնալ կամուրջ Կապանի քաղաքապետարանի եւ Կապանում գործող լրատվամիջոցների միջեւ:

Կարողացավ ներկայացնել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը` չվնասելով ազատ խոսքին ու թափանցիկ գործելակերպին:

Հասցրեց նաեւ ավանդույթներ ձեւավորել. բնագավառին վերաբերող տոների առիթով նախաձեռնում էր մարզկենտրոնի լրատվամիջոցների ներկայացուցիչների հավաք-հանդիպում, որը, առանց չափազանցության, ամեն անգամ անկեղծության ու բարեկամության յուրօրինակ դասի էր վերածվում: Վերջին նման հավաք-հանդիպումը Հայ մամուլի օրվա կապակցությամբ էր:

Նա լրագրողների սյունիքյան համքարության այն փաղանգի սակավ ներկայացուցիչներից էր, ըստ որի` խոսքը ոռոգում է մարդկանց հոգիները, իսկ ժուռնալիստիկան ու սիրողական գործելակերպն անհամատեղելի են: Այդ հավատամքով էլ ձգտում էր նպաստել լրատվամիջոցների գործունեությանը:
Եվ ապրում էր մաքուր հոգով, արթուն խղճով, հավասարակշռված պահվածքով, լավատեսությամբ` ներիշխանական եւ մերձիշխանական մանր խաղերին անհաղորդ:

Ու նման բազում արժանիքներ եւ հատկանիշներ, գործեր ու նախաձեռնություններ…

Ավա՜ղ, այլեւս մեզ հետ չի լինի Գոհար Իսախանյանը:

Միջոցառումների ժամանակ, լրագրողական հանդիպումներում, հավաքներում բոլոր յուրայինները կլինեն, բայց ինքը չի լինի, աչք կածենք եւ չենք տեսնի նրան, իսկ եթե կանչենք, չի լսի նա մեզ…

Չհասցրեց նույնիսկ իր վերջին հառաչը լսելի դարձնել, քանզի մահը հանկարծակի վրա հասավ:
Չհասցրեց ո՛չ իր առնելիքն առնել, ո՛չ էլ իր տալիքը տալ. լեռան գագաթը դեռ շատ էր հեռու:
Հեռացավ չասված խոսքերով ու չապրված սերերով, ծիածանաթեւ երազներով ու չիրականացված ծրագրերով:

Հեռացավ` ոչ միայն իր մերձավորներին, այլեւ իր բազում ընկեր-ընկերուհիներին արցունքի մեջ թողնելով:

Մնաց միայն անունը, որ կապրի մեր սրտերում ու հուշերում, եւ կմխիթարվենք իրողությամբ, որ մարդկային բազում շնորհներով օժտված եւ լուսավոր կերպար էր, որ Կապանի հանրության մեջ պատշաճ հեղինակություն եւ հարգանք էր վայելում:

Մեր իմաստուններից մեկն է ավանդել` ովքեր իրենց կյանքն ապրել են արդար ճշմարտությամբ` նրանց մահն ու վախճանը տեղի կունենա հավիտենական հիշատակումով: Ահա ինչու Գոհար Իսախանյանի մասին մեր ներբողյանը գրում ենք Սյունիքի մերօրյա պատմությունը դարերին փոխանցող «Սյունյաց երկրում»:

Իսկ նրա ծնողներին` տեր Ռեչիկ եւ տիկին Մարիետա Իսախանյաններին` ծայրագույն ու ցավագին այս աղետին, անպատմելի այս վշտին դիմանալու ուժ եւ կորով ենք ցանկանում, քանզի այդպես, միայն այդպես կարելի է վառ պահել Գոհարի հիշատակը: Չէ՞ որ ինքը բազում երազներ ուներ` պատանեկության ակոսից դեռ դուրս չեկած, չէ՞ որ նոր-նոր հունդեր պիտի սերմաներ եւ հունձքի ելներ իր հասուն կյանքի արեւոտ հովիտներում:

Համոզված ենք` բացվող հավիտենության եւ երկնային թագավորության մեջ ինքն իրենից չի երկնչելու, ինքն իրենից եւ ուրիշներից չի ամաչելու, քանի որ ճշմարտությամբ եւ արդարությամբ է ապրել: Եվ մեր տեր Հիսուս Քրիստոսի հրեշտակները նրան դիմավորելու են այնպես, ինչպես վայել է երկրային կյանքում պարկեշտություն, բարություն, շիտակություն, անկեղծություն, առաքինություն դավանած ու արփենի ցոլքով ապրած հողեղենին:

Թո՛ղ օրհնյալ լինի նրա հիշատակը:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
16 դեկտեմբերի 2014թ.

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00