Մեծարվեց գյուղատնտեսության ոլորտի նվիրյալը

28.03.2017 16:30
2641

Սիսիանում մարտի 27-ին մեծարման երեկո էր կազմակերպվել՝ նվիրված Ռաֆիկ Ստեփանյանի ծննդյան 80-ամյակին: Նրա կյանքի մոտ 65 տարին անցել է գյուղատնտեսության բնագավառում, որից 30 տարին՝ կոլտնտեսության նախագահ եւ խորհրդային տնտեսության տնօրեն:

Գյուղացու ընտանիքում աչք բացած մանուկը չորս տարեկան էր, երբ հայրը մեկնեց Հայրենական մեծ պատերազմ: Հայրենիքի պաշտպանը 1943-ին զոհվեց Սեւաստոպոլի ազատագրության ժամանակ: Իսկ Ռաֆիկ Ստեփանյանը վաղ տարիքից ճաշակել է անհայրության դառը պտուղը, ընտանիքի հոգսը թեթեւացնելու նպատակով աշխատել կոլտնտեսությունում, կատարել զանազան աշխատանքներ՝ վեսկու հոտաղ, ավտոմեքենա բեռնաթափող, նախրապան եւ այլն: Միջնակարգ կրթություն ստանալուց հետո ընդունվել եւ ավարտել է Գորիսի գյուղատնտեսական տեխնիկումի դաշտավարական բաժինը: Հայրենի գյուղում աշխատել է գյուղատնտես, այգեգործական բրիգադի բրիգադավար: Աշխատանքին զուգընթաց սովորել եւ ավարտել է Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտի հեռակա ագրոնոմիկական բաժինը: Եղել է հայրենի Գետաթաղի կոլտնտեսության նախագահ, այնուհետեւ Սիսիանի շրջկենտրոնի սերմնաբուծական տնտեսության տնօրեն, որը չորս տեղամաս ուներ՝ Սիսիան, Ուզ (այժմ՝ Ույծ), Ղզլջուղ (այժմ՝ Իշխանասար) եւ Աշոտավան: Նրա վաստակն ու նվիրվածությունն աննկատ չեն մնացել: 1973-ին Գետաթաղի կոլտնտեսությունն արժանացել է ՀԱՄԽ-ի փոխանցիկ դրոշի, իսկ Ռաֆիկ Ստեփանյանը պարգեւատրվել է պետական բարձր պարգեւով՝ «Պատվո նշան» շքանշանով: 1983-ին երկրորդ անգամ է արժանացել «Պատվո նշան» շքանշանի: 1999-ից մինչեւ այժմ Ռաֆիկ Ստեփանյանն աշխատում է «Սյունիքի գյուղատնտեսության աջակցման մարզային կենտրոն» ՓԲԸ-ում՝ գյուղատնտեսության գծով խորհրդատու:

Անմիջական մթնոլորտում անցած միջոցառման ժամանակ Ռաֆիկ Ստեփանյանի վաստակը արժեւորեցին եւ տարեդարձի առթիվ շնորհավորեցին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, բարեմաղթանքի խոսքերի հետ մեկտեղ, նրա կյանքից հետաքրքրական դրվագներ ներկայացրին Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը, Հենզել Առաքելյանը, հոբելյարի եղբորորդի, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Ստեփանյանը, Քաջիկ Խաչատրյանը, Սյունիքի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի գործադիր տնօրեն Արմիկ Բակունցը, այլ անձինք:

Գյուղատնտեսության ոլորտում ներդրած ավանդի համար եւ ծննդյան 80-ամյակի առթիվ Ռաֆիկ Ստեփանյանը պարգեւատրվեց ՀՀ Սյունիքի մարզպետի շնորհակալագրով: Նրան հանձնվեց նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալ: Միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ հոբելյարը՝ երախտագիտություն հայտնելով մեծարման երեկոն նախաձեռնողներին:

Միջոցառման ընթացքում ճեպազրույցներ ունեցանք մարդկանց հետ, ովքեր մոտիկից շփվել, աշխատել են Ռաֆիկ Ստեփանյանի հետ:

Հենզել Առաքելյան

Ռաֆիկը կազմակերպական ունակություններով օժտված ղեկավարներից էր: Նրա այդ որակները հատկապես դրսեւորվեցին այն ժամանակ, երբ ադրբեջանցիները հեռանում էին Սիսիանի շրջանից: Այդ ժամանակ Սիսիանի խորհրդային տնտեսությանը միացված էր այժմյան Իշխանասարը, որ Ղզլջուղ էր կոչվում եւ բնակեցված էր ադրբեջանցիներով: Անասնապահությունը հիմնականում կենտրոնացված էր այդ տեղամասում: Միանգամից տասնյակ անասնապահներ, կթվորներ հեռացան շրջանից, բայց ինքը կարողացավ գործը հմտորեն կազմակերպել, նույնիսկ Երեւանից մարդիկ հրավիրեց Սիսիան, կարողացավ անասնագլխաքանակը ոչ միայն պահպանել, այլեւ անասնպահական մթերքների արտադրության ռիթմը չընդհատվեց: Պահանջկոտ էր նախ իր նկատմամբ, պատասխանատվության բարձր զգացում ուներ աշխատանքի նկատմամբ եւ բավականին խստապահանջ էր աշխատողների հանդեպ: Սիրում էր կարգապահությունը, հարգում էին իրեն, ինքն էլ ուշադիր էր մարդկանց եւ շրջապատի հանդեպ: Աշխատել է Գետաթաղի կոլտնտեսության նախագահ եւ Սիսիանի խորհտնտեսության տնօրեն: Չեմ հիշում մի դեպք, երբ արտադրության ծավալները կրճատվելու պատճառով Ստեփանյան Ռաֆիկի հարցը քննարկվեր շրջկոմի բյուրոյում: Եթե նրան հրավիրել են շրջանային կոմիտե, ուրեմն կար խրախուսման կամ պարգեւատրման հարց: Սիսիանի շրջանի լավագույն տնտեսական ղեկավարներից մեկն էր: Նրան գնահատում են այն մարդիկ, ովքեր հետը աշխատել են, շարքային ընտանիքից սերված, դժվարություններ տեսած անձնավորություն էր: Կեցցեն նրանք, ովքեր այսօր մեծարման այս միջոցառումը կազմակերպել են, նաեւ շնորհակալություն մարզպետարանին, որ գնահատել են հողի մարդուն, արժեւորում են այն մարդկանց, ովքեր այսօր ասպարեզում չեն, բայց անցած տարիներին շատ բան են արել Սիսիանի շրջանի գյուղտնտեսության զարգացման համար:

Գագիկ Խաչատրյան

Իմ աշխատանքային գործունեությունը սկսել եմ կոմերիտմիության շրջկոմից, այն ժամանակ Ռաֆիկ Ստեփանյանը Սիսիանի խորհտնտեսության տնօրենն էր, այնուհետեւ տեղափոխվել եմ ՀԿԿ Սիսիանի շրջկոմ, եւ մեր աշխատանքը շփման եզրեր ուներ, ես աշխատում էի որպես կուրատոր, կցված եմ եղել նրա տնտեսությանը: Շաղատի կոլտնտեսության ղեկը 1986 թվականին ստանձնելուցս հետո, որպես ղեկավարներ հաճախակի ենք իրար հետ շփվել: Ստեփանյանը թե՛ Գետաթաղի կոլտնտեսությունը, թե՛ Սիսիանի խորհտնտեսությունը ղեկավարելիս առանձնանում էր որպես գյուղատնտեսական արտադրության հմուտ կազմակերպիչ: Փառքով ու պատվով կարողացավ իր պարտականությունները կատարել: Բավականին աշխատանքային փորձ է կուտակել, եւ այսօր էլ իր փորձը փոխանցում է գյուղացիական տնտեսությամբ զբաղվողներին, նրանց օգտակար լինում խորհուրդներով եւ առաջարկներով: Այս միջոցառումն օրինակ պիտի դառնա ողջ մարզի համար: Այսուհետ աշխատելու ենք վաստակ ունեցողներին մեծարել, պատվել, եւ այդ ավանդույթը պիտի շարունակենք ու մեծարենք տարբեր բնագավառներում աչքի ընկած մարդկանց:

Դորվարդ Ստեփանյան (Ռաֆիկ Ստեփանյանի կինը)

Ամուսինս շատ նվիրված աշխատող է եղել, ընտանիքի հոգատար հայր, լավ ամուսին, հավատարիմ ընկեր: Աշխատանքն առաջին տեղում է եղել նրա համար, հանրային աշխատանքը շատ-շատ բարձր է գնահատել անձնականից, այդ ոգով էլ դաստիարակել է երեխաներին: Շատ նվիրված էր երեխաներին, այժմ էլ այդ նվիրվածությունը փոխանցվել է թոռներին:

 

 

 

 

 

Տիգրան Վասիլյան

1987 թվականից մինչեւ կոլեկտիվ տնտեսության լուծարումն աշխատել եմ Լեռնաշենի կոլտնտեսության նախագահ եւ այդ տարիներին բախտ է վիճակվել շփվել Ռաֆիկ Ստեփանյանի հետ, շատ բան սովորել նրանից: Չափազանց կարգապահ անձնավորություն էր, աշխատանքի մեջ՝ բծախնդիր, խստապահանջ, բայց նաեւ բարի եւ ներող: Հիշում եմ, որ ժամանակ առ ժամանակ խրախուսանքների եւ պարգեւատրումների էր արժանանում, դա նաեւ երիտասարդներիս էր ոգեւորում: Գյուղատնտեսությունն իր բարդություններն ունի, մանավանդ, 1980-ականների կեսերին այդ դժվարությունները գլուխ էին բարձրացրել, բայց աշխատանքները հմուտ կազմակերպելով՝ կարողանում էր հաղթահարել դրանք: Մինչեւ կոլտնտեսությունների լուծարումը նա կարողացավ ոգեւորությամբ կատարել իր պարտականությունները: Իսկ դրանից հետո որպես գյուղատնտեսության գծով խորհրդատու իր փորձն ու գիտելիքները փոխանցել է սկսնակ հողագործներին, բանջարաբույծներին, այգեգործներին, անասնապահներին՝ միշտ մնալով հարգված եւ սպասված անձնավորություն:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25