Մտորումներ Համո Սահյանի ծննդյան 100-ամյակի տոնակատարության շուրջ

11.09.2014 14:37
3554

ԻՐԱԿԱՆՆ ՈՒ ԿԵՂԾԸ

ՇՉՈՐՍ ԴԱՎԹՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր, «Համո Սահյան ԳՄԿ» ՀԿ նախագահ

Համաշխարհային գրականության մեծերից մեկը (Մ.Գորկի) ասել է, թե իսկական բանաստեղծություն կարդալիս օրը տոն է դառնում, մյուս մեծն էլ (Ֆետ), երբ իսկական բանաստեղծություն էր կարդացել, ասել էր՝ այստեղ մարդ է այրվել:

Ինչու են Համո Սահյանի բանաստեղծությունները նվաճում մարդկանց սրտերը, որովհետեւ դրանք գրված են ինքնայրումով եւ հավակնում են ամեն օր մարդկանց համար տոն դառնալ:

Որ Համո Սահյանն ազգի սիրված բանաստեղծն է, մեկ անգամ եւս համոզվում ենք նրա 100-ամյակի միջոցառումների անցկացման ընթացքում:

Այս տարի նորից փնտրված գիրք դարձավ նրա «Ինձ բացակա չդնեք» ժողովածուն, որ հրատարակվեց չորրորդ անգամ: Հոբելյանական միջոցառումների մեջ առանձնացան Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի շենքում անցկացված երեկոն (ռեժիսոր՝ Արամ Սուքիասյան), Արցախում կազմակերպված ասմունքողների մրցույթը (300 հոգու մասնակցությամբ) եւ եզրափակիչ երեկոն: Լավագույն հաղորդումներ հնչեցին հեռուստաէկրանից («Երկիր մեդիա», «Շողակաթ» եւ ուրիշներ), պետպատվերով լույս տեսան մեծ բանաստեղծի քառահատորյակի վերջին երեք գրքերը, նաեւ՝ «60 եւ մեկ հայրեն» փոքրածավալ պատկերագիրքը: Ավարտվեց Լոր գյուղում բանաստեղծի տուն-թանգարանի վերակառուցումը: Հոբելյանական միջոցառումներ անցկացվեցին հանրապետության քաղաքներում եւ գյուղերում, ուսումնական հաստատություններում, նաեւ Սիսիան քաղաքում:

Համեմատաբար պասիվ դիրք ընդունեց հանրապետական մամուլը: Բացառություն էր միայն «Սյունյաց երկիր» պարբերականը, որի հոբելյանական համարն աննախադեպ երեւույթ պետք է համարել մեր ժամանակների մամուլի տարեգրությունում: Թերթը փորձել էր մեծ քնարերգուին ներկայացնել որպես բանաստեղծ-դասական, որպես խորախորհուրդ մտածող եւ որպես խոշոր անհատականություն, եւ դա նրան հաջողվել էր: Այլ խնդիր է, երբ որոշ հոդվածների հեղինակները ձգտել էին ոչ թե Համո Սահյանին ներկայացնել, այլ թույլ էին տվել անճշտություններ, դեպքերի աղավաղումներ եւ այլն: Այդ, ինչպես նաեւ ԶԼՄ-ներում հրապարակված նույնանման նյութերի մասին հնարավոր չէ խոսք չասել:

Մեծ բանաստեղծի գործունեության որեւէ բնագավառի մասին դատողություններ անելու համար պետք է լրջորեն խորհել, որովհետեւ մեծությունը գնահատելն այնքան էլ հեշտ աշխատանք չէ, նաեւ դրա համար վաստակած իրավունք պետք է ունենալ: Մի՞թե բանաստեղծի ժամանակակիցը լինելը կամ նրա հետ ունեցած մեկ-երկու հանդիպումներն իրավունք են տալիս ցանկացած ձեւով դատողություններ եւ եզրակացություններ կատարել: Եթե խոսք ունեն ասելու, թող այդ խոսքն ամենից առաջ վերաբերի նրա գործերին, այն երեւույթին, թե ինչն է իրենց կապում Համո Սահյան ֆենոմենի հետ: Բանը հասել է նրան, որ իր հարազատները, ոչինչ չգտնելով, չեղած դեպքեր են հնարում, դառնում զավեշտապատումների հեղինակներ, հայտնվում ծիծաղաշարժ վիճակում: Մեկն էլ Համոյի եւ տողերիս հեղինակի լուսանկարն ուղարկել էր համացանց՝ գրելով, թե բանաստեղծի կողքինն իր հայրն է: Երեւանի դպրոցներից մեկում էլ իմ լուսանկարը ներկայացվել էր որպես Համո Սահյանի երիտասարդ տարիների կադր:

Այդ երեւույթներին կարեւորություն չտալով՝ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Համո Սահյանի 100-ամյակին ներկայանալու համար պետք էր լինել առնվազն երեք հարթության վրա:

ա) Ի՞նչ աջակցություն է բերվել մեծ բանաստեղծի ստեղծագործությունների տպագրությանը: Չէ՞ որ նրա գրքերի միջոցով է հնարավոր հասնել մեր գլխավոր նպատակին՝ ամեն հայի հոգում մի Համո Սահյան ապրեցնելուն: Իսկ այդ գործում արդեն մեկ տասնամյակ է, որ հսկայական ներդրում են կատարում Մաքսիմ Հակոբյանը (Քաջարան), Արմեն եւ Արամ Ստեփանյանները (մոսկվայաբնակ դարբասցիներ), Ղուկաս Բունիաթյանը («Չանախ» ՍՊԸ-ի տնօրեն), Սուրեն Խաչատրյանը (Սյունիքի նախկին մարզպետ), Արմեն Դարբինյանը (Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր) եւ էլի շատերը:

Բանաստեղծի մահվանից հետո նրանց աջակցությամբ տպագրվել են մի քանի տասնյակ ժողովածուներ, մենագրություններ, պատկերագրքեր, օրացույցներ եւ այլն:

բ) Ի՞նչ աշխատանք է տարվել մեծ բանաստեղծի ստեղծագործությունների գիտական արժեւորման բնագավառում: Այսինքն ինչ քայլերով է առաջ գնում սահյանագիտությունը:

Վերջին տարիներին պաշտպանվել է երեք թեկնածուական եւ մեկ դոկտորական թեզ: Ուշագրավ մենագրություն է դրել ընթերցողի սեղանին գիտությունների դոկտոր Դավիթ Գասպարյանը: Տպագրվել են «Համո Սահյան. բանաստեղծը, մտածողը, մարդը», «Համո Սահյան, գրողի, խոսքի, խղճի կշիռը» ժողովածուները, նախադեպը չունեցող «Համո Սահյան» հանրագիտարանը, լույս են տեսել 100-ից ավելի գիտական հոդվածներ, ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ՌԴ-ում եւ Սփյուռքում: Գրական անդաստանում Համո Սահյանին ներկայացնելու ասպարեզում մեծ վաստակ են ներդրել գրականագետ, «Նորք» հանդեսի գլխավոր խմբագիր Ֆելիքս Մելոյանը եւ արձակագիր Ռուբեն Հովսեփյանը: Խորախորհուրդ գրականագիտական հրապարակումների հեղինակ է Համո Սահյանի գրական վաստակի ամենաազնիվ գնահատող, նրա քնարերգության մեկնաբան, գիտությունների դոկտոր Կիմ Աղաբեկյանը:

գ) Ի՞նչ է արվել մեծ բանաստեղծի հիշատակի հավերժացման ասպարեզում:

Սահմանվել են «Համո Սահյան» ոսկե հուշամեդալ եւ «Համո Սահյան-100» հոբելյանական ոսկե մեդալ, որոնցով պարգեւատրվում են վերոհիշյալ երկու բնագավառում վաստակ ունեցած անհատները:

Սիսիանում 2004թ. կանգնեցվել է բանաստեղծի հուշարձանը, Երեւանի Կասյան 3 շենքի եւ Սիսիանի առանձնատան պատերին փակցվել են հուշատախտակներ (քանդակագործներ՝ Գետիկ Բաղդասարյան, Արա Շիրազ): Նկարահանվել են հեռուստաֆիլմեր (ռեժիսորներ՝ Ջուլիետ Կաժոյան, Նաիրա Խաչատրյան): Մինչեւ տարեվերջ պատրաստ կլինի եւս մի քանի ֆիլմ: Կձեւավորվի Լոր գյուղի տուն-թանգարանը: Աշխատանքներ են տարվում Երեւան քաղաքում մեծ քնարերգուի հուշարձանի կանգնեցման ուղղությամբ:

Մնացածը, անկեղծ ասած, անիմաստ մարզանքներ են: Ինչպե՞ս բացատրել, օրինակ, որ Սիսիանի մշակույթի տանը կազմակերպված միջոցառմանը Երեւանից իրենց մասնակցությունն էին բերել մի քանի տասնյակ հոգի, սակայն ընդամենը չորս օր հետո Կոմիտասի այգու պանթեոնում անցկացված հոգեհանգստյան արարողությանը նրանցից մասնակցում էր 4-5 մարդ: 450կմ կտրել էին, սակայն զլացել էին պանթեոն գալ, երեւի նրա համար, որ այնտեղ միամիտ ունկնդիրներով շրջապատված ամբիոն եւ ճաշկերույթի սեղաններ չկային:

Մի հետաքրքիր դեպքի մանրամասն: «Վիվա-Սել ՄՏՍ»-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանին դիմել էինք աջակցելու Համո Սահյանի 100-ամյակի հետ կապված որեւէ ծրագրի: Կարեւորն այն չէ, թե մեր խնդրանքը պիտի ընթացք ստանար կամ մերժվեր, կարեւորն այն էր, որ ամեն օր հեռուստաէկրանին երեւալու մոլուցքով տարված այդ կիսահայն աղավաղել էր մեծ բանաստեղծի անուն-ազգանունը: Մի անգամ մեկը պիտի նրան բացատրի, թե այդ գումարները, որոնք երբեմն բարեգործության անվան տակ ծախսվում են, որտեղից, ում փողերից է գոյանում: Հո՞ղ են մշակում, մթերքնե՞ր են արտադրում, այգինե՞ր են տնկում, շենքե՞ր են կառուցում: Ժողովրդից առնում ու բարերար են ձեւանում: Համո Սահյանը ժամանակին նմանների մասին գրել է. «Մեր ինչքը առնում ծախում մեզ վրա, հետո մեզ էլ են մեզ վրա ծախում»:

Համո Սահյանի հիշատակի հավերժացման ջատագովները սովորաբար չեն աղմկում: Բանաստեղծի որդին՝ Նաիրին, քանի անգամ է հայտարարել, որ ինքն ընդամենը Սահյանի որդին է, եւ փառք Աստծո, որ մնացած հարցերով զբաղվող կազմակերպություն եւ համապատասխան անհատներ կան: Լավրենտ Սարգսյանը, ով ժամանակին նորոգել է բանաստեղծի պապենական տունը, Սիսիանում հուշարձան կանգնեցրել, Վաղատնիի ծիրանի այգում տնակ է կառուցել բանաստեղծի համար, հիմա էլ վերանորոգել է այդ տնակը, երկրորդ հարկը թանգարան դարձրել, հսկայական այգին թարմացրել, տեղն էլ կոչել «Սահյանաձոր»: Մշտապես հյուրեր է ընդունում, ծանոթացնում թանգարանի նյութերին:

Ի դեպ, Լոր գյուղի թանգարանի մասին: Չգիտես ինչու, լորեցիներին թվում է, թե այնտեղ պիտի հավաքել ինչ-որ նմուշներ՝ հնոտիներ, կուժ-կուլա, չուխա-տրեխ, խալի-կարպետ եւ գավառական մտածողության արգասիք այլ պարագաներ: Մինչդեռ այն պետք է համապատասխանի 21-րդ դարի թանգարանային մակարդակներին: Այսինքն՝ ցուցադրական նյութեր Համո Սահյանի կյանքի ու գրական գործունեության մասին, տեսանյութեր, համակարգչային մեծ հագեցվածություն ունեցող տեսաձայնադարաններ, ձեռագրերի պահոց, լուսանկարների հավաքածու, արվեստի գործեր (դիմանկար, քանդակ եւ այլն): Այցելուն պետք է թանգարանից դուրս գա լիովին տեղեկացված մեծ քնարերգուի ֆենոմենի մասին: Պետք է փակել նաեւ մի քանի պոռոտախոսների բերանը, ովքեր գյուղ եկած այցելուներին, հենց այնպես, իբրեւ թե իմիջիայլոց, ասում են, թե բանաստեղծն իրենց գյուղի համար քիչ բան է արել: Իհարկե, նրանք այդ ասելով չեն մտածում, թե Լորում մետրո, օպերայի թատրոն, օդանավակայան, մարզադաշտ պիտի կառուցեին, ուղղակի ըստ նրանց՝ Լորում պիտի այնպիսի պայմաններ ստեղծվեին, որ իրենք ոչինչ չանեին, բայց լիության մեջ ապրեին, քանի որ այնտեղ մեծ բանաստեղծ է ծնվել: Մինչդեռ պետք է աչքները բացեն եւ տեսնեն, որ ընդամենը 350 բնակիչ ունեցող գյուղը շրջկենտրոնի հետ կապող 30կմ ճանապարհ ունի, երկհարկանի դպրոց (որ վերջերս 65 միլիոն դրամով կապիտալ վերանորոգվել է), ակումբ, անասնապահական համալիր եւ այլն: Ժամանակին Սիսիանի 36 բնակավայրից ամենաքիչ գյուղատնտեսական մթերքներ արտադրող Լորը մշտապես ուշադրության կենտրոնում է եղել: Խորհրդային վերջին տարիներին հենց Համո Սահյանի միջամտությամբ զիջեցինք պետությունից վերցված ժամկետանց վարկերը (մոտ կես միլիոն ռուբլի):

Մեծ բանաստեղծ Համո Սահյանը, որ կանխագուշակման աստվածային շնորհով էր օժտված, ապագայի շատ երեւույթների ճշգրիտ գնահատականներ է տվել, մասնավորապես իր արվեստի մասին խոսք ասելու փորձեր անողներին պատվիրել է.

Հող ու ջուր չեմ ուզում ձեզնից,
Երեսիս հողով մի տվեք,
Ճյուղերս մի տարեք շուկա,
Ծաղիկս փողով մի տվեք:
Ստվերս քաշեք ձեզ վրա,
Նստեցեք, հով անեմ շոգին,
Մրգերս քաղեցեք մեկ-մեկ,
Տնկողիս ողորմի տվեք:

Վերջապես, ինչ նպատակով են անցկացվում մեծերի հոբելյանները: Նրանց վաստակի արժեւորման, վերագնահատման, նրանց մեծությունն ընդգծելու ահագնացմամբ, եւ քանի որ սահյանական տարին չի ավարտվել, պետք է շարունակենք իրականացնել այն ծրագրերը, որոնք նշված էին վերոհիշյալ երեք կետում: Չէ՞ որ Սահյանի անմահ ստեղծագործություններում կարող ենք գտնել հային ու Հայաստանին, ծնողներին, մեր բնաշխարհին նվիրված սքանչելի երգեր, փնտրենք արցունքով լվացված սերեր, ստանանք մեզ հուզող հարցերի պատասխաններ, սքանչանանք նրա անկրկնելի հայրեններով ու հացաբույր գործերով եւ մշտապես ականջի օղ ունենանք նրա պատվիրանը. «Ինձ երգիս մեջ փնտրեք միայն, ես ուրիշ տեղ չկամ»:

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34