Ներքին Հանդի ենթաշրջանը դեռեւս Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ ռազմական գործողությունների թատերաբեմ էր: Ադրբեջանական հրոսակները նույնիսկ հաջողել էին մի քանի օրով կամ ժամով խուժել ենթաշրջանի որոշ գյուղեր: Բայց, ի վերջո, նրանք դուրս էին շպրտվել եւ հետապնդվել…
2020-ի 44-օրյա պատերազմի օրերին նույնպես այդ ենթաշրջանը մերձճակատային էր դարձել:
Ենթաշրջանում եւ մասնավորապես Ներքին Հանդի ուղղությամբ հակամարտող կողմերի ուժերի հավասարակշռությունը խախտվեց 2020-ի դեկտեմբերի 18-ից հետո, երբ Սյունիքի պաշտպանության առաջապահ դիրքերը հանձնեցինք թշնամուն:
Ադրբեջանցիներն ավելի ոգեւորվեցին: Եվ 2022-ի մարտ-ապրիլին նրանց զորքերը (Ներքին Հանդի ուղղությամբ) ներխուժեցին Սյունիքի տարածք ու անմիջապես սկսեցին ճանապարհների եւ ինժեներական այլ կառույցների շինարարություն:
Տեղի ունեցածի վերաբերյալ (այդ օրերին) ՀՀ ՊՆ կողմից տարածվեց, այսպես կոչված, բացատրություն, թե ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումն ու գյուղի դիմացի բարձունքներում տեղակայումը կատարվել է 2020-ի նոյեմբերի 9-ից հետո՝ հետպատերազմյան շրջանում: Այնուհետեւ պաշտոնական տեղեկատվություն տարածվեց, թե նշված տարածքում ադրբեջանական զինյալների շարժը լիարժեք վերահսկելի է, իսկ առաջխաղացման որեւէ փորձ կհանգեցնի պատասխան գործողությունների: Սակայն…
Հետադարձ հայացք ձգելով իրադարձությունների զարգացման խրոնիկային՝ առնվազն երկու եզրակացության ենք հանգում. նախ՝ մեզանում չի եղել Ներքին Հանդի ենթաշրջանի ռազմավարական բացառիկ դերի հստակ գիտակցում եւ դրան համահունչ վերաբերմունք:
Փոխարենը՝ ադրբեջանցիները կարեւորել են Կապանի տարածաշրջանի հարավարեւելյան ծայրամասում, հանրապետության բնական սոսիների եզակի պուրակի մոտակայքում, Բասուտա (Ծավ) գետի ձախ կողմում գտնվող գյուղի ռազմավարական դերն ու նշանակությունը՝ իրականացնելով տարածքի իշխող բարձունքները զավթելուն միտված հետեւողական քաղաքականություն, որի հերթական եւ ողբերգական դրսեւորմանն ականատես եղանք 2022-ի սեպտեմբերի 13-15-ի եռօրյա պատերազմում:
Այս անգամ, ըստ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հայտարարության, ադրբեջանցիները Ներքին Հանդի ուղղությամբ խորացան մոտ 1,5 կմ:
Միայն տեղում լինելուց կարելի է հասկանալ մեկուկես կիլոմետրի իրական մասշտաբներն ու հետեւանքները …
***
Հոկտեմբերի 14-ին մեր ստեղծագործական խումբը (ընկերակցությամբ Արցախյան պատերազմների ակտիվ մասնակից ու հրամանատար, ճանաչված զինվորական Լեոնիդ Գրիգորյանի) Ներքին Հանդում էր…
Դեռեւս մարտին սկիզբ առած ճանապարհաշինական աշխատանքները՝ մերձակա լեռան բարձունքներից դեպի Բասուտա գետի հովիտ, միանգամայն նոր ու անճանաչելի են դարձրել տարածաշրջանը: Սեպտեմբերյան ագրեսիայից հետո նոր ճանապարհների եւ նոր հենակետերի կառուցումը (ադրբեջանցիների կողմից) կրկին թափ է առել, ընդ որում՝ գյուղի արեւելյան, հարավային եւ հարավարեւմտյան ուղղություններով աշխատանքները, ինչպես գյուղացիներն են վկայում, կատարվում են մեզանից բռնազավթված տեխնիկայով:
Մի խոսքով՝ գյուղից հարավ ընկած լեռնալանջերում իրենք են, որոշ տեղերում էլ՝ դիրքավորվել են գյուղին շատ մոտ գտնվող բարձունքներում…
Եվ այդ ամենն այն պայմաններում, երբ աշխարհի խոշոր տերությունները պահանջում են Ադրբեջանից՝ զորքերը դուրս բերել Հայաստանի բռնազավթված տարածքներից:
Ու որքան էլ ջանաս՝ չես կարող վանել տարակույսները. եթե մինչեւ տարեվերջ (ըստ պաշտոնական հայտարարությունների) պետք է նոր-նոր սահմանազատում եւ սահմանագծում կատարվի, ապա ի՞նչ տրամաբանությամբ է թշնամական երկիրը՝ օրեր առաջ ինքնիշխան Հայաստանի բռնազավթված հողերում, աշխատանքներ իրականացնում, ի՞նչ տրամաբանությամբ է պաշտպանական ենթակառուցվածքներ հիմնում:
Ստացվում է, որ մեր դիվանագիտությունն ու սահմանում տեղի ունեցող իրադարձությունները հեռավոր աղերս անգամ չունեն միմյանց հետ:
***
Ներքին Հանդում հիմա նոր իրավիճակ է…
Թշնամին դիրքավորվել է գյուղի անմիջական մերձակայքում, ինչն անհնար է դարձրել գյուղի արոտավայրերի մեծ մասի օգտագործումը, գյուղին հարակից անտառներ մտնելը: Ռիսկային է դարձել անգամ գյուղի գերեզմանատուն այցելելը…
Իրավիճակը սրվելու դեպքում թշնամին կարող է դիմացի բարձունքներից կրակի տակ առնել ոչ միայն Ներքին Հանդի, այլեւ մերձակա գյուղերի տրանսպորտային հաղորդակցության ուղիները:
Ներկայացնենք գյուղացիներից երկուսի նկատառումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Սերյոժա Ադամյան. «Պատերազմական գիշերներին ոտքի վրա էինք, վիրավորներով էինք զբաղված…
Գյուղի բոլոր տղամարդիկ այստեղ են, Հանդի կապանաբնակ ջահելները նույնպես եկել են: Գյուղում են ԵԿՄ ստորաբաժանումները. շատ լավ պաշտպանություն են իրականացնում եւ մեզ ոգեշնչում: Եթե սեպտեմբերի 12-13-ին իրենք այստեղ լինեին՝ այդքան դիրք չէինք կորցնի եւ այդքան զոհ չէինք տա:
Բասուտայի աջ եւ ձախ մասը մեր վերահսկողության ներքո է: Գերեզմանի արեւմտյան եզրով թուրքը ճանապարհ է կառուցում՝ մեզանից բռնազավթած տեխնիկայով: Գերեզման գնալու հնարավորություն չկա…
Գյուղի երեխաները Ծավում են. այնտեղ՝ մեր ուսուցիչներով, պարապմունքներ են անցկացվում: Կանայք Ծավում են կամ Կապանում:
Ելքը՝ քանի դեռ գյուղի մերձակա բարձունքները հետ չենք վերցրել, գյուղը չի կարող ապագա ունենալ: Իսկ եթե Ներքին Հանդը չլինի (Աստված մի արասցե)՝ չի լինի Ծավի ամբողջ ենթաշրջանը»:
Արմենակ Գասպարյան. «Ծանր էր սեպտեմբերի լույս 13-ի գիշերը: Ճիշտ է, գյուղի վրա ոչ մի փամփուշտ չի ընկել, բայց մերձակա դիրքերում ծանր մարտեր էին, մենք էլ վիրավորներով էինք զբաղվում եւ անում ամեն ինչ, որ տղաների կյանքը հնարավորինս փրկենք…
Իսկ հիմա՝ թուրքն իմ այգում է, որտեղ 10-15 տոննա բերք ունեմ, հինգ հարյուր մրգատու ծառ:
Գյուղում մի քանի խոշոր եղջերավոր անասուն է մնացել, վախենում ենք արոտ դուրս բերել՝ ականի վրա են պայթում կամ թուրքի ձեռքն ընկնում:
ԵԿՄ-ի քաջ տղերքի շնորհիվ է, որ գյուղը կանգուն է, եթե իրենք չլինեին՝ մենք այստեղ չէինք լինի:
Ոտքի վրա են գյուղի տղամարդիկ, զենք են վերցրել բոլոր նրանք, ովքեր ի վիճակի են:
Ստեղծված իրավիճակում գյուղը պետք է ուշադրության կենտրոնում լինի՝ ոչ թե խոսքով, այլ կոնկրետ գործերով: Գոնե Կապանի հետ երթուղային տրանսպորտը գործարկեին»:
***
Ծանրագույն այս իրավիճակում, այդուհանդերձ, այնքա՜ն իրողություններ կան, որ ոգեւորիչ են, հուսաբեր…
Հայրենատիրության ոգին, հայրենանվիրումի ոգին է թեւածում երկու-երեք կողմից թշնամական դիրքերով այլեւս շրջափակված գյուղում…
Գյուղի բոլոր տղամարդիկ տեղում են՝ իրենց բնօրրանին մինչեւ վերջ տեր կանգնելու վճռականությամբ. խեղճության, հուսալքության, նահանջի ոչ մի նշան…
Երկրապահ կամավորականների միության ջոկատները… Սպարապետ Վազգեն Սարգսյանից ու Մանվել Գրիգորյանից հետո, ԵԿՄ ստորաբաժանումները (Սասուն Միքայելյանի գլխավորությամբ), կարծեք, զարթոնք են ապրում եւ տեղացիներին հույս ներշնչում: Ի՜նչ տղերք են՝ չհոգնող, չհիասթափվող, չկոտրվող… Ի՜նչ դուստրեր են՝ հայոց ազնվական ու փառահեղ կանանց օրինակով զենք վերցրած ու առաջնագծում կանգնած…
Մի փոքր քաջալերանք եւ գրագետ սպաների ներկայություն, եւ մեր տղերքը, հայ զինվորը սարեր շուռ կտան, հազար տարվա մեջ մազաչափ անգամ չփոխված եւ մարդակեր թուրքին իր տեղը կդնեն…
Ներքին Հանդում եւ մերձակա գյուղերում արդեն լեգենդ է հյուսվում կապանցի Հրոյի մասին, քաջարանցի Դավիթի մասին. մոտ օրերս անպայման կգնանք եւ կգտնենք նրանց:
Կոստո մականվամբ հրեղեն հրամանատարի մասին են պատմում…
Իսկ ամենահուզիչը՝ երկու-երեք ամսվա զինծառայողը՝ Կապանի զորամասից, 15 օր շարունակ, թշնամու վերահսկողության ներքո անցած անտառում, աներեւակայելի ջանքեր գործադրելուց հետո է Ներքին Հանդ հասել՝ կողմնորոշվելով հեռվում՝ բարձունքներից մեկի վրա գտնվող Խաչով: Բայց մինչ այդ, 12 օր շարունակ, շալակն է առել իր մարտական ընկերոջը՝ ծանր վիճակում գտնվող, սնվելով եւ վիրավոր ընկերոջը սնելով անտառային հատապտուղներով: Ցավոք, ընկերը զոհվել է, եւ նրա մարմինը թաքցրել է մի նկատելի տեղում՝ հետագայում դուրս բերելու ակնկալիքով, իսկ ինքը շարունակել մաքառումը՝ դուրս գալու եւ մեզ հասնելու համար (Հանդի բնակիչները գիտեն այն վայրը, որտեղ թաքցվել է հայ զինվոր-նահատակի մարմինը):
Անպայման գտնելու ենք այդ զինվորին՝ մերօրյա հերոսին, իսկական հերոսին եւ ներկայացնելու ենք հանրությանը՝ հպարտանալու, որ հայի իսկական տեսակը, ինչ փորձությունների էլ ենթարկվի, մնալու է հավատարիմ նախնյաց ավանդույթներին:
Ահա այսպիսի հերոսական դրվագներ էլ են եղել 2022-ի սեպտեմբերյան եռօրյա պատերազմում:
***
Ներքին Հանդ կատարած այցի ընթացքում պատահաբար հանդիպեցինք ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանին. զրուցում էր գյուղի բնակիչների հետ, ծանոթանում բնակավայրի հետպատերազմյան մտահոգություններին:
Մեր առաջարկությամբ այցելեցինք նաեւ Սոսիների պուրակ, որտեղ՝ Բասուտա գետի ափին, հիշեցինք մեծն Ակսել Բակունցին, որի ձեռամբ Բասուտան եւ Մթնաձորը հավերժորեն տեղ են գտել մեր գրականության արեւոտ անդաստանում:
Բայց մեր զրույցի կենտրոնում, բնականաբար, Ներքին Հանդի վիճակն էր եւ թուրքերի վերջին ագրեսիայից հետո ծագած խնդիրները:
-Գլխավոր հոգսը, իհարկե, գյուղի անվտանգության ապահովումն է, դրանով է պայմանավորված գյուղի լինելիությունը: Առանց այդ խնդրի լուծման խոսք չի կարող լինել մարդու իրավունքների պաշտպանության մասին: Մարդիկ չեն կարողանում այցելել գյուղի գերեզմանատուն, չեն կարողանում իրենց դաշտերն ու այգիներն օգտագործել: Երեխաներն ու կանայք տեղահանված են: Նաեւ ընթացիկ հարցեր կան, որոնց պետք է արագ լուծում տալ՝ մարզկենտրոնի հետ տրանսպորտային կանոնավոր երթուղու վերականգնում, խմելու ջրի հարցի լուծում,-ասաց Քրիստինե Գրիգորյանը:
Իսկ երբ պատրաստվում էինք հետդարձի ճանապարհը բռնել, հյուրասեր հանդեցիները մեզ տուն էին հրավիրում…
Մենք խոստացանք գյուղում իսկապես սուփրա-սեղան բացել, երբ մերձակա բարձունքներն ազատագրված կլինեն ոսոխի գերությունից, երբ հայ զինվորի թաքցված մարմինը դուրս բերված կլինի գերությունից եւ հողին հանձնված, երբ գտած կլինենք անհետ կորածներին…
Սամվել Ալեքսանյան