Նորամուտ՝ Ագարակի արվեստի դպրոցում

09.10.2015 15:23
2382

Մեր օրերում դժվար է այցելել մի հաստատություն, որտեղ խնդիրներ չլինեն՝ կապված հատկապես շենքային պայմանների, կահավորանքի, համապատասխան կադրերի հետ:

Գրեթե կեսդարյա պատմություն ունեցող Ագարակի արվեստի դպրոցի շենքը հիմնանորոգվել է Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի, որ վերանվանվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, միջոցներով, գույքը ձեռք է բերվել «Մեղրի-Ագարակ» հիմնադրամի միջոցներով, իսկ շենքի հարակից տարածքը բարեկարգվել եւ լուսավորվել է համայնքապետարանի ֆոնդային բյուջեով: Հիշեցնենք, որ սա ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից էր:

Շրջելով շենքի ողջ տարածքով՝ ականատես եղանք լուսավոր ու կահավորված, երաժշտական նոր գործիքներով, համապատասխան գույքով համալրված դասասենյակների. արվեստի աշխարհ մուտք գործելու նախապայմանն արդեն իրականություն է: Եվ ինչպես Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը նշեց նորամուտի առթիվ. «Կարծում եմ՝ ձեր կոլեկտիվն իր աշխատանքով արդեն ապացուցել է, որ արժանի է այսպիսի բարեկարգ դպրոց ունենալու, բայց, ինչպես ասում են, կատարելությունը սահման չունի, այժմ ձեր հերթն է նոր բարձունքներ նվաճելու: Մաղթում եմ բոլորիդ անձնական մեծ երջանկություն, ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ: Ցանկանում եմ, որ ամեն մի ագարակցի հպարտանա մեր արվեստի դպրոցի եւ նրա սաների հաջողություններով»:

Աշխատանքային այցով Ագարակում էր նաեւ «Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմը, եւ խմբագիր Սամվել Ալեքսանյանը, շնորհավորելով ներկաներին նորամուտի առթիվ, հոգեւոր դաշտի հրամանատարներին՝ ուսուցիչներին, մաղթեց հաջողություն, հաճելի տրամադրություն, որպեսզի կարողանան շենքին վայել սերունդ դաստիարակել:

Արվեստի դպրոցի տնօրեն Հասմիկ Մարկոսյանը խոստացավ, որ դպրոցը լիարժեք կգործի որպես գեղագիտական դաստիարակության օջախ, որ բարեկարգված պայմանները լրացուցիչ խթան կհանդիսանան աշակերտների գիտելիքների կատարելագործման համար, եւ միջազգային փառատոներն անխուսափելի կլինեն:

Մ.Զաքարյանի համոզմամբ՝ երազանքները վեր են ածվում պլանների եւ իրագործվում, ինչպես մի ժամանակ արվեստի դպրոցի հիմնանորոգումն էր երազանք, այնպես էլ քաղաքում մարզական համալիր ունենալն է այսօր երազանք, որ անպայման իրականություն կդառնա: Համայնքապետը նշեց նաեւ, որ ֆոնդային բյուջեից հնարավոր եղավ ներդրում կատարել շնորհիվ համայնքի բնակիչների՝ հարկերի ու տուրքերի հանդեպ ունեցած կարգապահության: «Համայնքապետարանի ֆինանսական կարգապահությունն ինքնանպատակ չէ: Ձեր վճարած ամեն լուման նպատակային է ծախսվում, հասարակության զարգացվածության չափանիշներից է բնակիչների ֆինանսական կարգապահությունը», - նշեց քաղաքապետը:

Նա առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, որի հետեւողականության շնորհիվ ծրագիրն իրականություն դարձավ: Ինչպես նաեւ երախտագիտություն հայտնեց Ագարակի միջնակարգ դպրոցի տնօրեն Էռնա Բարխուդարյանին՝ երեք տարի շարունակ դպրոցում դասեր կազմակերպելու նպատակով ժամանակավոր դասասենյակներ տրամադրելու համար:

Դպրոցն ու կոլեկտիվը

2015-16 ուստարին Ագարակի արվեստի դպրոցը դիմավորեց 202 աշակերտով՝ ընդունելով 60 երեխա՝ նախորդ տարվա 48-ի փոխարեն: «Մեծ հետաքրքրություն է նկատվում հատկապես պարի բաժնի հանդեպ: Նորաբաց դիզայնի բաժին նույնպես դիմողները շատ էին, բայց ուսուցչի ֆիզարձակուրդ գնալու պատճառով ժամանակավորապես փակել ենք բաժինը», - նշեց տնօրեն Հասմիկ Մարկոսյանը:

Դպրոցում գործում են հետեւյալ բաժինները՝ դաշնամուրային, լարային, փողային, ազգային նվագարաններ, վոկալի, պարի, կերպարվեստի, կիրառական արվեստի (անցյալ ուստարվանից): Տնօրենի տեղեկացմամբ՝ մոտ 90 աշակերտ հաճախում է պարի, զուգահեռաբար նաեւ մասնակցում է սոլֆեջիոյի ու դաշնամուրի դասերին:

Այս տարի դպրոցի դասատուներից Զոյա Գեւորգյանն անցավ վաստակած  հանգստի: «Ամեն ինչ իր վերջակետ ունի: Ճիշտ է, ֆիզիկապես դպրոցում չեմ, բայց հոգով մշտապես իմ հարազատ կրթօջախի հետ եմ, ապրում եմ նրա հաջողություններով եւ խնդիրներով: Երիտասարդ կադրերին խորհուրդ եմ տալիս սիրել երեխաներին, համբերատար լինել, ինքնակրթությամբ զբաղվել, անընդհատ պրպտել, նորը գտնել եւ իրենց գիտելիքի ողջ պաշարը փոխանցել աշակերտին: Շատ հանգիստ եմ հեռանում դպրոցից,  բայց այն զգացողությունն ունեմ, որ ինչ-որ բան կիսատ եմ թողել. դե սա, կարծում եմ, բնորոշ է բոլոր ուսուցիչներին, քանզի նրանք ողջ կյանքում պիտի ուսուցանեն», -  առանձնակի խանդավառությամբ նշեց վաստակաշատ մանկավարժը:

Ուսուցիչն իրեն լիարժեք չի զգում, եթե իրենից հետո չի թողնում գործի շարունակողներ: Այդ առումով Զոյա Գեւորգյանն իր առաքելությունն ավարտել է, քանի որ այսօր արվեստի դպրոցում դասավանդում են իր աշակերտները: Ինչպես նաեւ հպարտորեն նշում է, որ իր աշակերտները կա՛մ բժիշկ են դարձել, կա՛մ երաժիշտներ:

35 տարվա մանկավարժական փորձ ունեցող քանոնի դասատու Անահիտ Սարգսյանը նշեց, որ մի պահ կար, որ արվեստի հանդեպ կարծես հետաքրքրությունը մարել էր, բայց հիմա աստիճանաբար արթնանում է: «Երեւի պայմանավորված է մարդկանց սոցիալական վիճակի համեմատաբար բարելավմամբ», - եզրակացնում է Ա.Սարգսյանը:

Դաշնակահար Անահիտ Աղաջանյանը երբեւիցե չի փոշմանել իր ընտրած մասնագիտության համար՝ ավելին՝ ասում է, որ եթե երկրորդ անգամ ծնվեր, անպայման նույն մասնագիտությունը կընտրեր: «Ներկայիս սերունդն ավելի ճարպիկ է, ակտիվ, անկաշկանդ, աչքաբաց, զարգացած, միայն թե շատ տեղեկատվությունը շեղում է նրանց ուշադրությունը», - նշեց դասատուն:

32 տարվա փորձ ունեցող Գոհար Հովսեփյանն այն կարծիքին է, որ տարիների հեռավորությունից նայելով՝ դաշնամուրային բաժնի հանդեպ հետաքրքրությունը նվազել է: Ինչ վերաբերում է երաժշտականի դասատուների խնդիրներին, ապա հիմնականն աշխատավարձի, կարելի է ասել, նվազագույն լինելն է, իսկ «դա ողջ հանրապետության մասշտաբով է»:

Տնօրենից տեղեկացանք ուսուցիչների ժամաքանակի եւ աշխատավարձի մասին: Նա նշեց. «Ձգտում ենք դասատուների ժամաբաշխում կատարելիս հավասարակշռություն պահպանել, դե իսկ աշխատավարձն էլ բոլոր տեղերում նույնն է՝ հանրապետությունում ընդունված նվազագույն աշխատավարձի շեմը պահպանվում է, ժամերի ավելացման դեպքում ավելին են ստանում»:

Անցյալ ուսումնական տարվանից բացված կիրառական արվեստի բաժնի դասատու Հասմիկ Հարությունյանը նոր բաժնի մասին հետեւյալը տեղեկացրեց. «Կիրառական արվեստն արհեստի եւ արվեստի որոշ ճյուղերի սինթեզն է: Այդ համադրությունից ծնվում են յուրահատուկ գործեր: Դեռեւս շատ չեն այդ բաժին ընդունված երեխաները, բայց աստիճանաբար ավելանում են, քանի որ արվեստի այս ճյուղի հանդեպ հետաքրքրությունը մեզանում մեծանում է»:

Հաճելիորեն նկատեցինք, որ դպրոցում գերակշռում են երիտասարդ կադրերը, ովքեր սիրում են իրենց աշխատանքը, հաճույքով դասավանդում եւ ձգտում ունեն ավելիին հասնելու (խմբ.՝ համենայն դեպս առաջին հայացքից նման տպավորություն ստացանք):

Էստրադային վոկալի երիտասարդ դասատու Ռաֆայելլա Մկրտչյանը դասավանդել է նաեւ մայրաքաղաքի երաժշտական դպրոցներից մեկում եւ բացարձակ տարբերություն չի տեսնում փոքր եւ մեծ քաղաքների երեխաների ընդունակությունների, արվեստի հանդեպ ունեցած հետաքրքրության առումով: «Հուսով եմ՝ իմ աշխատանքի արդյունքում կկարողանամ բացահայտել տաղանդավոր երեխաների, ովքեր մեծ հաջողությունների կհասնեն», - նշեց Ռ.Մկրտչյանը:

Փոքրիկների ազատամտությունը, սեփական կարծիքն արտահայտելու կարողությունը, ամեն հարցի շուրջ իրենց դիրքորոշումն անկաշկանդ արտահայտելու ունակությունը նրանց հետ աշխատելու ընթացքում ավելի մեծ պատասխանատվություն են պահանջում:

Դպրոցի ձեռքբերումները

«Երբ տնօրեն ընտրվեցի, արգելեցի ինչ-որ մեկին համոզել արվեստի դպրոց հաճախելու համար, քանի որ, ինչպես փորձն է ցույց տալիս, այդ երեխաները կիսատ են թողնում ուսումը: Ընդհակառակը, դպրոց ընդունվելը մրցութային դարձրի եւ պիտի խոստովանեմ, որ այն իր արդյունքը տվեց. արգելվածին ավելի շատ են ձգտում, - նշեց տնօրենը եւ հավելեց, - քաղաքում այլընտրանք չկա, եւ, բնական է, որ բոլորը մեզ են դիմում»:

Երեք տարի տեւած շինարարությունը չխանգարեց, սակայն, որոշակի հաջողություններ գրանցելու առումով: Ընդհակառակը, ինչպես տնօրենը նշեց, հաջողություններ գրանցեցին հենց այդ ժամանակահատվածում: Մասնավորապես շվիի 5-րդ դասարանի աշակերտ Դավիթ Ասատրյանը, Գյումրիում մասնակցելով «Վերածնունդ» միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնին, արժանացավ ժյուրիի համակրանքին, իսկ դաշնակահար Լիլիթ Խաչատրյանը հաջողությամբ մասնակցեց Առնո Բաբաջանյանի անվան պատանի եւ երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոնին: Դպրոցի երգչախումբը մասնակցել է մշակույթի նախարարությանը կից գեղարվեստական կենտրոնի կազմակերպած փառատոնին եւ հաջողությամբ ելույթ ունենալով՝ հնարավորություն ձեռք բերել համերգային ծրագրով մեկնել արտասահմանյան որեւէ երկիր: Դպրոցի «Արփի» պարային համույթը հրավեր է ստացել մեկնելու Իրանի Իսլամական Հանրապետության հայկական համայնք:

Ֆինանսական խնդիրներ դպրոցը չունի, աշխատավարձը ժամանակին ստանում են, բացի դրանից՝ քաղաքապետն ամեն հարցում աջակցում է հաստատությանը: «Մեր քաղաքապետը գովազդի կարիք չունի, եթե պատկերավոր ասեմ, նա Ագարակի ֆանատն է, ով ապրում է այս քաղաքով, նրա հոգսերով՝ նրա բարօրության համար ոչինչ չխնայելով», - ոգեւորությամբ նշեց տնօրենը:

Արվեստի հանդեպ սեր առաջացնելու, դպրոցի աշխատանքները պրոպագանդելու նպատակով տարեկան առնվազն երկու անգամ ուսուցիչների մասնակցությամբ համերգ է կազմակերպվում. հանդիսատեսի դերում աշակերտներն ու ծնողներն են: Հաճախակի են կազմակերպում բաց դասեր, արվեստի վերաբերյալ կինոդիտումներ, մասնակցում մայրաքաղաքից այցելած խմբերի համերգներին: Մայրաքաղաքից հեռավորությունը կրճատելու համար Երեւան այցելելիս երեխաներին պարտադիր տանում են տուն-թանգարաններ, մշակութային այլ օջախներ:

Այնուամենայնիվ, մնում ենք այն կարծիքին, որ արվեստի որեւէ ճյուղի հետ առնչություն ունեցող մարդն առանձնանում է հասարակության մեջ՝ իր գեղագիտական ճաշակով, հարուստ ներաշխարհով, ինչու չէ, նաեւ շրջապատի երեւույթներն արագ ընկալելու կարողությամբ: Քաղաքում եւ դպրոցում անցկացվող միջոցառումներին մշտապես մասնակցում են դպրոցի սաները, որ լրացուցիչ հպարտանալու առիթ է տալիս թե՛ ծնողներին, թե՛ ուսուցիչներին:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25