Ողբում եմ քեզ՝ Սյունիք. թուրքը հնարովի ռազմատուգանքի փոխարեն տարածքդ է ուզում, իսկ իշխանավորներդ ջուրը բերաններն են առել, խորհրդարանականդ էլ մտահոգված է, որ ոստիկանների հավելավճարն է ուշացել

23.11.2020 12:51
20848

Նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայի փաստաթղթով, ապա եւ դրանից հետո ակնհայտ դարձավ, որ դարերով Սյունիքի գլխին կուտակված սեւ ամպերը նոր արհավիրքներ ու նոր անակնկալներ են խոստանում մեր երկրամասին եւ, իհարկե, հայոց պետականությանն առհասարակ…
Տեղի են ունենում գործընթացներ, որոնք ամենամղձավանջային երազներում անգամ հնարավոր չէր երբեւէ պատկերացնել:
Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հայտարարության տխրահռչակ 9-րդ կետին արդեն տեղյակ ենք (Սյունիքի տարածքով՝ երկու ուղղությամբ, այդ թվում՝ Մեղրու տարածքով, Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանի հետ կապող միջանցքների մասին է խոսքը):
Տեղյակ ենք ԱԱԾ վերջին տնօրեն Միքայել Համբարձումյանի հայտարարությանը, թե թուրք-ադրբեջանական զորքերը հնարավոր է խուժեին Սյունիք, եթե ռուսական կողմը ժամանակին գործնական քայլեր չձեռնարկեր:
Տեղյակ ենք, որ ներկայումս Սյունիքի ե՛ւ արեւելյան, ե՛ւ արեւմտյան սահմանների երկարությամբ թուրք-ադրբեջանական զորքեր են կուտակվում նախադեպը չունեցող չափերով՝ ստույգ սպառնալիքներ ստեղծելով մեր լեռնաշխարհի անվտանգության համար:
Հիմա էլ… Ոմն Կոչին Ահունդզադե, ով Մարդու իրավունքների միջազգային կոմիտեի Ադրբեջանի ներկայացուցիչն է, ի լուր աշխարհի զառանցում է՝ եթե Հայաստանը 50 մլրդ դոլարի հասնող կոնտրիբուցիան (ռազմատուրքը կամ ռազմատուգանքը) չկարողանա վճարել, ապա կարող է դրա փոխարեն Զանգեզուր-Սյունիքը փոխանցել Ադրբեջանին:
Ահա եւ այսպիսի իրողություններ…
Ընթերցողին հիշեցնենք, թե ինչ 50 մլրդ դոլարի մասին է բարբաջում թուրքը. երկու տարի առաջ էր Ադրբեջանի կառավարությունը սկսկել «հաշվարկել» հայերի կողմից «օկուպացված» տարածքներում պատճառված վնասներն ու «ստացել» նման մի թիվ:
Եվ հիմա՝ Հայաստանի կապիտուլյացիայից հետո, թուրքը հատուցման խնդրի է առաջ քաշում, այն էլ` հենց այդպես, պահանջատիրոջ կեցվածք ընդունած:
Երկու տարվա ընթացքում, ցավոք, հայկական կողմը մոգոնված այդ «հաշվարկին» չարձագանքեց պետական մակարդակով:
Չփորձեցինք այդ «հաշվարկի» իրավական ու փաստական սնանկությունը ցուցանել:
Չփորձեցինք մեր կրած վնասների հիման վրա հակընդդեմ հաշվարկ ներկայացնել:
Չփորձեցինք հիշեցնել միջազգային նախադեպերը, որոնց համաձայն ռազմատուգանք վճարում է պատերազմ սանձազերծած կողմը, իսկ Արցախյան վերջին երեք պատերազմը (առնվազն) նախաձեռնել են թուրք-ազերիները:
Ստեղծված իրավիճակը ստիպում է մի քանի հարց ուղղել ռազմատուգանքի բարբաջով ոգեւորված թուրքերին. իսկ դուք հաշվե՞լ եք, թե քանի տրիլիոն դոլար արժե բոլոր այն հայերի կյանքը, որ խլվեց շուն Աբդուլ Համիդի ժամանակներից մինչեւ մարդակեր Թալեաթ, մինչեւ 1920-ականներ (եթե, իհարկե, մարդկային կյանքը կարելի է գումարով չափել):
Հաշվե՞լ եք, թե ինչ արժեն ցեղասպանության ենթարկված միլիոնավոր հայերի ունեցվածքը, բանկային խնայողությունները, որ գողացել եք:
Հաշվե՞լ եք, թե ինչ արժեն Երկիր Նաիրի հայրենիքը, Նախիջեւան հայրենիքը, դաշտային Ղարաբաղ հայրենիքը, որ զավթել եք բնիկ հայերից:
Հաշվե՞լ եք, թե ինչ արժեն Երկիր Նաիրիի, ինչպես եւ Նախիջեւանի՝ դարերի խորքից եկող հայոց սրբավայրերը, մեր նախնիների գերեզմանները, որ պղծեցիք: 
Քանի՞ մլրդ դոլար արժեն հազարամյա հայոց շեներն ու մեր ազգային սրբությունները, որ պղծեցիք Արցախում 20-րդ դարի դարասկզբին եւ հետո…
Ի վերջո Թուրքիան, Ադրբեջանը չե՞ն պատրաստվում հատուցել միայն վերջին հարյուր տարում հայ ժողովրդին պատճառված այդ վնասները:
Մի հարց էլ մեր պետական ու ազգային պատասխանատուներին՝ արդյո՞ք Հայաստանի 3-րդ հանրապետությունը չի պատրաստվում (գոնե ուշացումով) այդ ամենի համար (միջազգային ատյանների միջոցով) հատուցման պահանջ ներկայացնել Ադրբեջանին եւ Թուրքիային:
Հիմա` ենթադրյալ ռազմատուգանքը տարածքով, այն էլ՝ Սյունիքի մարզով հատուցելու ցնորամտության մասին:
Նախ փաստենք՝ ադրբեջանցի չինովնիկի շուրթերով թուրքը որերորդ անգամ չի թաքցնում Սյունիքը զավթելու իր վաղեմի երազանքը:
Վերհիշենք, թե միայն վերջին երկու-երեք տասնամյակում քանի-քանի անգամ ենք այդ զառացանքը լսել Էլչիբեյից, Իլհամից եւ մյուսներից:
Այնպես որ՝ չպետք է զարմանալ այն ամենից, ինչ հնչեց Սյունիքի տարածքի առնչությամբ:
Չպիտի զարմանալ նաեւ, որ Հայաստանի գործող կառավարությունում, Ազգային ժողովում չգտնվեց մեկը, որ հակադարձի հերթական թուրքի հերթական ցնդաբանությանը:
Նաեւ չպիտի զարմանալ, որ Սյունիքի իշխանավորները, տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմինները, Ազգային ժողովի սյունեցի պատգամավորները ջուրը բերաններն են առել եւ չեն արձագանքում Սյունիքի շուրջ բացահայտորեն տեղի ունեցող առեւտրին:
Բայց ոչինչ, գլուխները քարը, թող չարձագանքեն, թող լռած էլ մնան, երեւի դա իրենց համար երկրորդական հարց է, երեւի իրենք այլ կարեւոր մտահոգություններ ունեն: Ցավոք, նրանք երբեմն-երբեմն խոսում են, որը լռելուց բազմապատիկ անգամ արգահատելի է ու վտանգավոր։
Այն ժամանակ, երբ Ադրբեջանի ներկայացուցիչը Սյունիքի հանդեպ հավակնությունն էր հանրայնացնում, ԱԺ սյունեցի պատգամավորներից մեկը, ՀՀ վարչապետին ուղղված հարցով, փորձում էր ճշտել գերկարեւոր եւ խիստ ազգային մեկ այլ հարցի պատասխան՝ ոստիկանները ե՞րբ կստանան վերջին ամսվա հավելավճարը:
Տխուր է… Եվ, այդուհանդերձ, ավելորդ ենք համարում այդ պատգամավոր կոչվածին հակադարձել, քանզի իշխանավորի տվյալ տեսակի մասին Պատմահայրն է ժամանակին գրել հանրահայտ «Ողբում». ավելի լավ հնարավոր չէ ասել:
Երկու խոսք թուրք-ադրբեջանցիների սյունիքյան նկրտումի մասին:
Նախ՝ Սյունիքը հայրենիք է մեզ համար եւ առհասարակ հայ մարդու համար, իսկ հայրենիքը վաճառքի չի հանվում, քանզի գին չունի: Բնության մեջ չկա եւ չի կարող լինել մեկ այլ արժեք, որ կարելի լինի կշռել հայրենիքի, հայրենի բնօրրանի հետ:
Պարզագույն այդ ճշմարտությունը տասնյակ հազարավոր սյունեցիների դիրքորոշումն է եւ կուզենայինք, որ լսելի դառնար ամեն մի թուրք-ազերի ստահակի:
Այնուհետեւ՝ Սյունիքն այն երկրամասն է, որ հազարամյակներ շարունակ եղել ու մնում է իբրեւ վեմ քար հայոց պետականության, հայոց ինքնիշխանության համար: Եվ կա դարերի քարմաղով անցած ու ստուգված, նաեւ փորձությունների քուրայում թրծված անբեկանելի, անսակարկելի մի ճշմարտություն՝ առանց Սյունիքի չի կարող Հայաստան լինել, ինչը (գոնե ուշացումով) պետք է գիտակցի ամեն մի հայ:
Եվ ուրեմն՝ վտանգել Սյունիքը, նշանակում է խաչ քաշել Հայոց պետականության վրա, Հայոց գալիքի վրա:
Ու եթե ինչ-որ մեկը մեզանում դեռեւս չի գիտակցում Սյունիքի հանդեպ թուրքական նկրտումի վտանգավորությունը, ուրեմն բազմապատիկ անգամ մտահոգվելու կարիք ունենք ազգովի:
Այդ բոլորով հանդերձ՝ վերը նշված մարտահրավերներից, վտանգներից, սպառնալիքներից չեն կարող հառաչանքներ ու արցունքներ ծագել Սյունիքում:
Ընդհակառակը՝ հազարավոր արժանապատիվ սյունեցիների մեջ հայրենի երկրամասի հանդեպ տիրոջ զգացումը, հայոց պետության եւ պետականության հանդեպ պատասխանատվությունն է այս իրավիճակում վերստին ու նոր ուժգնությամբ հառնում:
Չէ, մարզի իշխանավորներին եւ ԱԺ սյունեցի պատգամավորներին այլեւս ասելիք չունենք. ըստ էության մենք Սյունիք հայրենիքի մասին տարբեր ընկալումներ ունենք, մենք արժեքային տարբեր տիրույթներում ենք:
Եվ ուրեմն, ի լրումն մեր վերջին հրապարակումներում արտահայտած նկատառումների, եւս մեկ կետ ենք ավելացնում Սյունիքի փրկության ճանապարհային քարտեզում:
Մենք` հազարավոր սյունեցիների անունից, կոչ ենք անում դեռեւս գործող Ազգային ժողովի պատգամավորներին (անկախ կուսակցական պատկանելությունից), ովքեր դեռեւս չեն կորցրել ազգային արժանապատվությունն ու ողջամտությունը, ովքեր դեռեւս գիտակցում են հայոց պետականության համար իրենց պատասխանատվության բաժինը, անհապաղ նախաձեռնել Ազգային ժողովի արտահերթ նիստ եւ քննարկել Սյունիքին սպառնացող մարտահրավերներն ու մշակել անվտանգության ռեալ միջոցառումներ, ապա հռչակել պետական երաշխիքներ ե՛ւ թուրքերի վերոհիշյալ բարբաջանքի, ե՛ւ եռակողմ հայտարարության 9-րդ կետի կապակցությամբ: Այո, միայն պետական երաշխիքներ, քանզի ոչ ոք Հայաստանում չի կարող բացառել մի նոր նոյեմբերի 9-ի կրկնություն, երբ կստորագրվի Սյունիքին առնչվող մի նոր սեւ թուղթ:
Անկեղծորեն, առանց սեթեւեթանքի պետք է, ի վերջո, պատասխանել լրջագույն հարցին` Հայաստան պետությունն ի վիճակի՞ է ապահովել Սյունիքի անվտանգությունը, եթե Աստված մի արասցե, Թուրքիան եւ Ադրբեջանը չկարողանան զսպել իրենց ոգեւորությունն ու ախորժակը։
Ահա այսպիսի խնդրանք-հորդորով էլ դիմում ենք խորհրդարանական երկիր Հայաստանի խորհրդարանին:
Հ.Գ. 1
Ի գիտություն պետական այն այրերի, ովքեր միգուցե կզբաղվեն թուրքերի ներկայացրած 50 մլրդ դոլարի հասնող, հորինված ռազմատուգանքի բարբաջին հակադրվելու խնդրով:
Երբ 1996 թ. կազմավորվեց Սյունիքի մարզպետարանը, առաջին մարզպետ Սուրեն Աբրահամյանը խնդիր դրեց նախեւառաջ հաշվարկել Ադրբեջանի կողմից Սյունիքին պատճառված վնասը: Եվ պարզվեց, որ միայն մեր երկրամասին (Ադրբեջանի կողմից) 1990-1994 թթ. պատճառվել է մոտ 10 մլրդ դոլարի վնաս: Այդ հաշվարկը` մանրակրկիտ հիմքերով, պիտի որ պահպանված լինի մարզպետարանում:
Եվ դա՝ միայն նյութական վնասի մասով:
Մեկ այլ ու չափազանց կարեւոր հարց է մարդկային կյանքերի կորուստը. միայն Արցախյան առաջին պատեազմում մարզից զոհվել է 500-ից ավելի հայորդի, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, որոնցից յուրաքանչյուրի կյանքը որեւէ փողային պատկերացմամբ հնարավոր չէ կշռել:
Հ.Գ. 2
Իսկ նրանք, ովքեր փորձում են զուգահեռներ անցկացնել թուրքերի ցնորամտության եւ Երկրորդ աշխարհամարտի հետեւանքով Գերմանիայից պահանջված ռազմատուգանքի ու դրա հիմքերի, հիմնավորումների միջեւ, ապա չարաչար սխալվում են:
Անպայման ծանոթացեք Պոտսդամի կոնֆերանսի նյութերին (1945 թ.) եւ կհամոզվեք, որ այնտեղ ստորագրված հատուկ համաձայնագիրը՝ ռազմատուգանքի վերաբերյալ, բոլորովին այլ հիմքեր ու հիմնավորումներ ունի:
Բայց եթե, այդուհանդերձ, Պոտսդամի կոնֆերանսն ու ստորագրված համաձայնագիրն են ոմանք ուզում նախադեպ ընդունել, ապա չպետք է մոռանալ այդ կոնֆերանսի մյուս հռչակումները նույնպես՝ պատերազմը սանձազերծողներն անպայմանորեն ենթարկվում են ամենախիստ պատասխանատվության, պատասխանատվության են ենթարկվում արգելված զենք կիրառելու եւ խաղաղ բնակիչներին կյանքից զրկելու մեջ մեղադրվողները:
Հ.Գ. 3
Վերջում՝ փոքրիկ քաղվածք Մովսես Խորենացու «Ողբից»:
… Ողբում եմ քեզ, Հայոց աշխարհ…, որովհետեւ վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը:
Ժողովրդականները՝ ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասագործ, ժառանգությունից խուսափող:
Իշխանները՝ ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, աշխարհ ավերող, աղտեղասեր…

Սամվել Ալեքսանյան
23 նոյեմբերի 2020 թ.

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34