Ո՞ր կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) կմասնակցեն ԱԺ ընտրություններին

01.02.2017 16:56
2249

 Գործող Ընտրական օրենսգիրքը Հայաստանի Հանրապետության ԱԺ պատգամավորի թեկնածուներ առաջադրելու իրավունքը վերապահում է կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին:

Կուսակցությունների դաշինքները կարող են կազմավորվել առնվազն երկու կուսակցության կողմից: Կուսակցությունը կարող է ընդգրկվել միայն մեկ դաշինքի կազմում:

Նախընտրական այս օրերին թիվ 1 քաղաքական հարցը, առանց չափազանցության, կուսակցությունների դաշինքների ձեւավորումն է: Ասել է թե՝ ո՞ր կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) կմասնակցեն ապրիլի 2-ի ընտրություններին:

Արդեն իսկ հայտնի է, որ ձեւավորվել է «Ելք» դաշինքը՝ մասնակցությամբ «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» կուսակցությունների:

Հայտնի է նաեւ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին միեւնույն դաշինքով են մասնակցելու «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունները:

ԱԺ ընտրություններին համատեղ մասնակցելու հուշագիր կստորագրեն «Ծառուկյան» դաշինքին միացող քաղաքական ուժերի ղեկավարները: Դաշինքին, ըստ մայրաքաղաքային մամուլի կանխատեսումների, կմիանան Սոցիալ-դեմոկրատ հնչակյան, Հայաստանի ռամկավար ազատական, Հայոց համազգային շարժում, Բարգավաճ Հայաստան կուսակցությունները, «Միասնություն» շարժումը…

Առաջիկա օրերին ականատես կլինենք նոր դաշինքների ձեւավորմանը (կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացնեն փետրվարի 6-16-ը՝ մինչեւ 18:00):

Մի քանի կուսակցություն էլ ընտրություններին կմասնակցի միայնակ (առանց դաշինքների), թեեւ բոլորն էլ (դատելով նրանց հայտարարություններից) բաց են եւ պատրաստ են համագործակցել քաղաքական ուժերի եւ միավորումների, հասարակական կառույցների եւ անհատների հետ, ովքեր կիսում են տվյալ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) մտահոգություններն ու տեսակետները:

Կարող են լինել նաեւ քողարկված դաշինքներ: Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է ընձեռում կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) համապետական ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկել նաեւ այդ կուսակցության (դաշինքի անդամ կուսակցություններից որեւէ մեկի) անդամ չհանդիսացող անձանց, որոնց թիվը չի կարող գերազանցել համապետական ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը:

Այդուհանդերձ՝ այսօր արդեն ակնհայտ են դաշինքների ձեւավորմանը բնորոշ որոշ միտումներ եւ սկզբունքներ:

Առաջին ուշագրավ հանգամանքը, որ ողջունելի է, քաղաքական միավորումների կրճատումն է կամ խոշորացումը: Իրոք որ, կուսակցապետության ճանապարհ բռնած Հայաստանի անթիվ-անհամար կուսակցությունների շարքում (մոտ 70 միավոր) դասական ասված կուսակցությունների թիվը 2-3-ից չի անցնում: Որոշ կուսակցություններ էլ պարզապես շփոթված երեւույթ են, ակնհայտ թյուրիմացություն:

Քիչ չեն մարդիկ, որքան էլ տարօրինակ է, որ միանգամից անդամագրվում են մի քանի կուսակցության: Պատահական չէ, որ նախընտրական այս օրերին կուսակցությունները միմյանց հաշվին «համալրում» են իրենց շարքերը՝ մոռանալով, որ ավելի ծիծաղելի ու ողորմելի են դառնում:

Զարմանալի չէ նաեւ, որ այս կամ այն կուսակցության երեկվա դրոշակակիրը դառնում է տվյալ կուսակցության կատաղի քննադատ (դա բնորոշ է ոչ միայն նոմենկլատուրային աշխատողների հավաքածու կուսակցություններին):

Կուսակցությունների դաշինքների ձեւավորումը չի կատարվում գաղափարական, ծրագրային նույնության, արյունակցության հենքի վրա, որը նույնպես ակնհայտ իրողություն է: Այդ երեւույթն էլ չպետք է արտառոց համարել, քանզի մեզանում լուրջ ծրագրերի, գաղափարախոսությունների երաշտը շարունակվում է:

Քաղաքական-գաղափարախոսական դաշտն արեւմտամետների ու ռուսամետների բաժանելը նույնպես կեղծ կատեգորիաների շարքից է. առաջնայինը, ըստ էության, պատեհապաշտությունն է, կոմֆորտը եւ կոնյունկտուրան:

Որոշ դաշինքներ էլ կլինեն պլուտոկրատիայի պարզագույն դրսեւորումներ:

Կուսակցությունների դաշինքների ձեւավորման գործընթացը ցույց է տալիս նաեւ, որ մեզանում գրեթե վերացել են իշխանական կուսակցություն, ընդդիմադիր կուսակցություն եզրույթները: Իշխանամետների գերակշիռ մասն իշխանամետ է բացառապես պաշտոնի բերումով եւ սեփական ունեցվածքի ու դիրքի անձեռնմխելիությունն ապահովելու մղումով: Ընդդիմադիրների գերակշիռ մասն էլ ընդդիմադիր է իբր չնկատված, չգնահատված լինելու եւ չարդարացված ակնկալիքների պատճառով:

Հայրենիքը, Հայաստանը, ազգային խնդիրները ոչ միշտ տեղ ունեն այդ ամենի մեջ: Այդ հասկացողությունների ընկալումներն էլ յուրովի են կուսակցությունների եւ նրանց դաշինքների մոտ:

Իբրեւ վերջաբան խոստովանենք՝ Ազգային ժողովում տեղ ունենալու համար արդեն իսկ մղվող պայքարում որոշիչ է լինելու հանգամանքը, թե որ կուսակցություները եւ կուսակցությունների դաշինքներն են մասնակցում ընտրություններին: Ոչ պակաս կարեւոր է լինելու այն, թե ովքեր են գլխավորում այս կամ այն կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համապետական ցուցակը:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24