Օրակարգում կրթության որակի բարելավման հարցերն են

22.11.2019 15:24
783

Հարցազրույց «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Կապանի մասնաճյուղի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արթուր Կոստանդյանի հետ։

- Պարոն Կոստանդյան, մեր զրույցը սկսենք մի անսովոր հարցով. ո՞րն է այսօր մասնաճյուղի ամենանեղ օղակը, այսօր ի՞նչն է Ձեզ ամենաշատը մտահոգում, երբ մտնում եք մասնաճյուղի դռներից ներս։

- Որպես մասնաճյուղի տնօրեն եւ դասախոս, բնական է, որ ինձ ամենաշատը մտահոգում է որակյալ կրթության ապահովումը եւ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի շարունակական զարգացումը, որը հստակ շարադրված է ինչպես իմ նախընտրական ծրագրում, այնպես էլ մասնաճյուղի ներկայիս ռազմավարական պլանում: Դա մի շարք խնդիրների համալիր լուծում է, եւ հնարավոր չէ առանձնացնել ինչ-որ կոնկրետ մեկը:

Իսկ հրատապ լուծում պահանջող խնդիրներից կարելի է առանձնացնել, ինչպես անվանեցիք` նեղ օղակ. ես կնշեմ, օրինակ, ՀՀ-ում 2020թ. հունվարի 1-ից նախատեսվող նվազագույն աշխատավարձի սահմանաչափի բարձրացումից բխող` բոլոր աշխատակիցների աշխատավարձը բարձրացնելու անխուսափելի պահանջը, որը չափազանց դրական երեւույթ է աշխատողների, բայց լուրջ մարտահրավեր` համեստ ֆինանսական կարողություն ունեցող մեր մասնաճյուղի համար: Այդ խնդրի լուծման համար փորձում ենք առանց ցնցումների ելքեր գտնել:  Նույնիսկ այս պայմաններում  նախատեսվում է նաեւ,  արդեն ավանդույթ դարձած, 13-րդ աշխատավարձը: Առաջիկայում, հավանաբար, կիրականացվի պլանավորված կառուցվածքային փոփոխություն, որը հնարավորություն կընձեռի տնտեսել վարչատնտեսական ծախսերը եւ դրանք նպատակաուղղել աշխատավարձերի բարձրացմանը: Գուցե ճիշտ կլիներ, որ ավելացվեր մասնաճյուղերին տրվող բյուջետային միջոցները, կամ էլ մասնաճյուղը ստիպված կլինի դիտարկելու ուսման վարձավճարների բարձրացման հարցը: Ինչպես նաեւ, ցանկալի կլիներ, մասնաճյուղի զարգացման որոշ հարցերում մարզի պղնձամոլիբդենային կոմբինատների աջակցությունը, որ մասնաճյուղը հնարավորություն ունենար տնտեսված ֆինանսական միջոցները նպատակաուղղել աշխատավարձերի բարձրացմանը: Օրինակ, ՓԲԸ՝ արեւային էլեկտրակայանի տեղադրման առաջարկ-խնդրանքով:

- Մասնաճյուղի անվանումը նաեւ «հիմնադրամ» բառն է ընդգրկում։ Կբացատրեի՞ք, թե ինչ հիմնադրամի մասին է խոսքը։

- Խոսքը ՀԱՊՀ հիմնադրամի մասին է, որը ՀՀ կառավարության որոշմամբ է հիմադրվել եւ անդամություն չունեցող ոչ առեւտրային կազմակերպություն է:  Հիմնադրամի մասին սպառիչ տեղեկատվություն կարող եք ստանալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքից,  «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքից եւ այլ  համապատասխան օրենքներից, ինչպես նաեւ ՀԱՊՀ  ու ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի  կանոնադրություններից: Հիմնադրամը հնարավորություն է տալիս ավելի լայն տնտեսական գործունեություն ծավալել: ՊՈԱԿ-ներից հիմնադրամ վերակազմակերպելու գործընթացը շարունակվում է հայաստանյան բուհերում, օրինակ, ներկայումս այդ գործընթացի մեջ է «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ը:

- Այս օրերին մամուլում, տարբեր հարթակներում քննության առարկա դարձավ հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումը բուհերում ոչ պարտադիր դարձնելու` կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի նախաձեռնությունը։ Ձեր տեսակետը կուզենայինք իմանալ խնդրո առարկայի առնչությամբ։

- Նախ նշենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը քննարկելու համար օրենքի աշխատանքային տարբերակը սահմանված կարգով հղել է բոլոր շահագրգիռ կազմակերպություններին` քննարկելու համար: Փաստորեն բոլոր նշված կազմակերպություններին հնարավորություն էր ընձեռված ներկայացնեկու իրենց առաջարկներն ու դիտողությունները: Մասնավորապես՝ ՀԱՊՀ-ն  նախարարություն է ներկայացրել զգալի թվով առաջարկությունների փաթեթ:

Իսկ ինչ վերաբերում է բուհերում նշված առարկաների ուսուցմանը, ապա, իմ կարծիքով, պարտադրանքով չէ, որ հայի համար պետք է կարեւորվեն հայոց լեզուն, գրականությունը եւ հայոց պատմությունը:  Բուհերն ունեն լայն ինքնավարություն եւ իրենք են հաստատում իրենց ուսումնական պլանները, չեմ կարծում, որ այդ դասընթացները բուհական համակարգից ընդհանրապես դուրս կմնան:

- Խոսակցություններ են շրջանառվում ձեր մասնաճյուղում մագիստրոսական կրթություն ստանալու հնարավորության, հենակետային դպրոց ստեղծելու մասին։ Որքանո՞վ է իրական այդ ամենը։ Այդ մասին Դուք եք բարձրաձայնել երկու տարի առաջ` մեր թերթին տված հարցազրույցում։

- Ձեր նշած երկու խնդիրն էլ հեշտ եւ արագ լուծվողներից չեն: Դրանք կապված են իրավական, ֆինանսական եւ այլ հարցերի լուծման հետ: Ինչպես նախկինում, այնպես էլ այս երկու տարիներին մշտապես շարունակվել են նշված ուղղություններով տարվող աշխատանքները: Հարցի լուծումն  իրատեսական է, եւ ՀԱՊՀ ղեկավարությունն ու մենք ձգտում ենք հնարավորինս շուտ լուծում տալ այդ  հարցերին:

- Նոր ուսումնական տարում առաջին անգամ քանի՞ հոգի նստեցին ուսանողական նստարաններին եւ ո՞ր մասնագիտությունների գծով։ Կա՞ն փոփոխություններ ուսուցանվող մասնագիտությունների առումով։ Կարելի՞ է համեմատություններ անցկացնել նախորդ ուստարվա հետ։

- Մասնագիտությունների առումով փոփոխություն չի եղել, ընդունելություն է կազմակերպվել առկա եւ հեռակա ուսուցմամբ վեց մասնագիտությունով՝ «Տնտեսագիտություն» (առկա եւ հեռակա), «Տեղեկատվական համակարգեր» (առկա եւ հեռակա), «Լեռնային գործ եւ օգտակար հանածոների արդյունահանում» (առկա եւ հեռակա), «Մետալուրգիա» (առկա եւ հեռակա), «Արդյունաբերական եւ քաղաքացիական շինարարություն» (հեռակա) եւ «Օգտակար հանածոների հարստացում» (հեռակա): Նշենք, որ հեռակա ուսուցմամբ երկու մասնագիտության գծով («Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Արդյունաբերական եւ քաղաքացիական շինարարություն»), ցավոք, խմբեր չեն ձեւավորվել. արդյունքում առկա ուսուցմամբ 44 դիմորդից ունեցանք 40 ուսանող,  իսկ հեռակա ուսուցմամբ 103 դիմորդից՝ 35 ուսանող:

- Կուզեինք, որ ներկայացնեիք դասախոսական համակազմը, ովքե՞ր են այսօր դասավանդում մասնաճյուղի ուսանողությանը, քանի՞ դոկտոր, պրոֆեսոր, գիտության թեկնածու։ Կա՞ն արդյոք հրավիրված դասախոսներ մայրաքաղաքից։

- Ներկայումս ուսումնական գործընթացում ներգրավված են գիտությունների երկու դոկտոր, պրոֆեսոր,  11 գիտությունների թեկնածու, դոցենտ  եւ ասիստենտ,  չորս ասիստենտ  եւ 22 դասախոս:  Ինչպես միշտ, կապը մայր բուհի հետ սերտ է, անհրաժեշտության դեպքում հրավիրում ենք դասախոսներ, կազմակերպում՝ օնլայն դասեր: Ունենք հրավիրված մասնագետներ նաեւ «ԶՊՄԿ» եւ «Չաարատ-Կապան» փակ բաժնետիրական ընկերություններից։

- Ուսման վարձավճարների հարցում կա՞ն փոփոխություններ, թե՞ նույնն են մնացել։

- ՎարձավՃարները մնացել են անփոփոխ: Առկա ուսուցման համակարգում ուսման վարձերը 390 հազար եւ 450 հազար  ՀՀ դրամ են, իսկ հեռակա ուսուցման համակարգում՝ 312 հազար եւ 360 հազար ՀՀ դրամ: 

- Բուհերի` ընդունելության քննություններին վերաբերող հայտարարությունների մեջ միշտ կա այսպիսի ձեւակերպում` գործում է զեղչերի ճկուն համակարգ. այդպիսին գործո՞ւմ է ձեր մասնաճյուղում։

- Այո, մեզ մոտ էլ գործում է  զեղչերի ճկուն համակարգ: Բերեմ համեմատություն. 2015թ. մասնաճյուղի շուրջ 58 ուսանող (71դիմում) օգտվել է զեղչային համակարգից, որի արդյունքում զեղչված գումարի չափը կազմել է մոտ 4 մլն դրամ, իսկ 2019թ. զեղչից օգտվել է շուրջ 118 ուսանող (178 դիմում), եւ զեղչված գումարի չափը կազմել է մոտ 13 մլն դրամ: Արդյունքում ուսման զեղչից օգտվող ուսանողների թիվն ավելացել է 2 անգամ, իսկ զեղչված գումարի չափը՝ մոտ 3 անգամ:

Նշեմ, որ մասնաճյուղի ուսանողների վարձավճարներ են փոխհատուցում նաեւ այլ կազմակերպություններ՝ օրինակ, նախորդ ուսումնական տարում ուսանողների ուսման վարձ են փոխհատուցել ՀՀ-ում հայ կրթական հիմնարկության մասնաճյուղը, «Չաարատ Կապան» ՓԲ ընկերությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը,  Հայ օգնության հիմնադրամը եւ այլ կազմակերպություններ:

- Մասնաճյուղն ընդգրկվա՞ծ է միջազգային դրամաշնորհային որեւէ ծրագրում։

- Քանի որ մասնաճյուղն իրավունք չունի ինքնուրույն մասնակցելու  միջազգային դրամաշնորհային ծրագրերի մրցույթներին, ուստի հույս ունենք, որ առաջիկայում, ՀԱՊՀ-ում համապատասխան ծրագրերի առկայության դեպքում, մասնաճյուղը եւս կընդգրկվի միջազգային դրամաշնորհային ծրագրերում: 

- Ինչպիսի՞ն է համագործակցությունը մարզի հանքարդյունաբերական ձեռնարկությունների հետ։ Որքանո՞վ են ձեր շրջանավարտներն ընդգրկված նրանց գործունեության մեջ, մասնաճյուղի շրջանավարտը կարողանո՞ւմ է իր ստացած մասնագիտությամբ աշխատանքի տեղավորվել։

- Մասնաճյուղը համագործակցում է մարզի երեք խոշոր հանքարդյունաբերական ձեռնարկության՝ «ԶՊՄԿ» ՓԲ, «Չաարատ-Կապան» ՓԲ եւ «ԱՊՄԿ» ՓԲ ընկերությունների հետ՝ հիմնականում ուսանողների պրակտիկաների կազմակերպման գծով: Որոշակի համատեղ ծրագրեր ենք իրականացրել մասնագետների վերապատրաստման եւ դասախոսների ստաժավորման առումներով: Սակայն որակյալ ճարտարագիտական կադրերի պատրաստման համար անհրաժեշտ է ավելի խորացնել համագործակցությունը` դարձնելով այն փոխշահավետ: Այդպիսի համագործակցության վառ օրինակներ են շուրջ 15 տարվա համագործակցությունը  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի երեւանյան կրթահամալիրի եւ «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի միջեւ  «Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի եւ երեւանյան հիվանդանոցների միջեւ տասնամյակներ շարունակվող համագործակցությունը, որը, համապատասխան մասնագիտություններով կրթության որակի բարելավման հարցում, տվել է շոշափելի արդյունքներ: Եթե հնարավոր լիներ մարզի կոմբինատների հետ համագործակցությունը հասցնել նման մակարդակի, մասնավորապես՝ համատեղ կազմակերպել ուսանողների ուսուցումը, որն էլ կնպաստեր ուսանողների սովորելու մոտիվացիայի բարձրացմանը. ինչ խոսք, դա շատ արդյունավետ կլիներ եւ′ մասնաճյուղի, եւ′ կոմբինատների համար:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ այս ձեւաչափով երկխոսություն սկսելու առաջարկ ներկայացնել մեր գործընկերներին եւ հույսով սպասում՝ գործատու-գործընկերների դրական արձագանքին:

Գուցե բուհերի եւ գործատուների համագործակցության հարցը պահանջում է նաեւ օրենսդրական նախաձեռնությո՞ւն՝ համագործակցության պարտադիր պահանջով: 

Իսկ շրջանավարտների ստացած մասնագիտությամբ աշխատանքի տեղավորվելու վերաբերյալ Ձեր հարցի առնչությամբ հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ մասնաճյուղի շրջանավարտերի 50%-ից ավելին աշխատում են այդ ձեռնարկություններում՝ զբաղեցնելով նաեւ ղեկավար պաշտոններ: Նշենք, որ շրջանավարտների գերակշռող մասն աշխատում է մասնաճյուղում ստացած մասնագիտությամբ:

 

Զրույցը` Վահրամ Օրբելյանի

Վրաստանի տուրիստական կազմակերպությունն իր էջից հեռացրել է Լոռու մարզին վերաբերող աղմկահարուց գրառումը, որով կիսվել էր Զուրաբիշվիլին

05.11.2024 00:30

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դիրքորոշումը՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ

04.11.2024 21:36

Վրաստանի նախագահի հերթական խառնակչությունը՝ հեռանալուց առաջ․ Վահե Սարգսյան

04.11.2024 20:34

Զուրաբիշվիլին մի շարք հայկական հուշարձաններ ներկայացրել է իբր թե «պատմական Վրաստանի» մաս

04.11.2024 20:06

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի COP29-ին

04.11.2024 19:44

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով

04.11.2024 15:39

ԿԽՄԿ աշխատակիցները հերթական անգամ տեսակցել են Բաքվում պահվող հայ գերիներին

04.11.2024 15:30

Վաղը Մոսկվայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերը կհանձնի Պուտինին

04.11.2024 14:51

Սահմանադուռ և սահմանապահ Ագարակ քաղաքը 75 տարեկան է

04.11.2024 13:17

Գորիսում առաջին անգամ անցկացվեց պատանիների բռնցքամարտի միջազգային մրցաշար

04.11.2024 12:20

Ռոբերտ Ղուկասյանը մասնակցել է մարզում առաջին անգամ կազմակերպված «Սյունյաց թևեր» սպորտային-տեղեկատվական փառատոնին

03.11.2024 22:46

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում. տեսանյութ

03.11.2024 21:43